Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի

  • 12/02/2017

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին քրիստոնեական դավանանք է, ամբողջովին նվիրված Նոր Կտակարանի ուսմունքին, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի ծննդի, կյանքի, խաչելության և հարության վրա: Հավատքն առ Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետության էությունն է: Եկեղեցու անդամները հավատում են, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, աշխարհի Փրկիչը, խոստացված Մեսիան, որն ապրել է, մահացել և հարություն առել, և Միջնորդն է Աստծո և իր զավակների միջև: Եկեղեցու անդամները սիրում և փառաբանում են Քրիստոսին և փորձում են մեծարել Նրան՝ ապրելով բարի և առաքինի կյանքով: Սա արտահայտված է ազնվության, բարոյականության, աշխատասիրության, ամուր միավորված ընտանիքների և ուրիշներին ծառայելու սկզբունքների եռանդուն կենսագործման մեջ:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին հաճախ ակնարկում են որպես «Մորմոններ»: Սա մականուն է, որը տրվում է, որովհետև նրանք Մորմոնի Գիրքն ընդունում են որպես Աստվածաշնչին հավասարազոր Սուրբ Գիրք: Ինչևէ, Եկեղեցին որպես հաստատություն ակնարկելիս խրախուսվում է օգտագործել նրա պաշտոնական անվանումը՝ «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» կամ «Հիսուս Քրիստոսի Եկեղեցի» անունը: Անդամներին ակնարկելիս, խրախուսվում են «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ» կամ «Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ» արտահայտությունները:
Անդամները հավատում են, որ Հիսուս Քրիստոսի սկզբնական եկեղեցին, իր լիակատար իշխանության հետ միասին, կորել էր երկրից առաջին առաքյալների մահից կարճ ժամանակ անց: Նրանց մահից հետո, մնացած հավատացյալ հետևորդները պայքարել են կենդանի մնալու համար զարհուրելի ճնշման պայմաններում: Նրանց հաստատուն հավատքի շնորհիվ քրիստոնեությունը պահպանվեց և մ.թ. երկրորդ դարի վերջին դարձավ Հին աշխարհի իշխող կրոնը: Այնուամենայնիվ, առանց Տասներկու Առաքյալների Խորհրդի իշխանության և ղեկավարության, մարդիկ սկսեցին հետևել այլ աղբյուրների՝ դավանաբանական ըմբռնման համար, և որպես արդյունք, շատ պարզ և արժեքավոր ճշմարտություններ կորսվեցին: Դարերի ընթացքում Առաքյալների իշխանության պակասի պատճառով, սկզբնական եկեղեցին մասնատվեց զանազան բազմաթիվ ճյուղերի:
Հիսուս Քրիստոսի եկեղեցին երկրի վրա վերականգնվել է տասնիներորդ դարի առաջին կեսին, նախնական Եկեղեցու իշխանության, արարողությունների և կազմակերպության հետ միասին՝ ներառյալ կենդանի Մարգարեն և առաքյալները: Ժամանակի մեջ Հիսուս Քրիստոսի նախնական եկեղեցուց տարբերելու համար, վերականգնված եկեղեցին անվանվել է «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»: «Սրբեր» բառն օգտագործվում է իր սկզբնական, աստվածաշնչային իմաստով, մատնանշելով եկեղեցու անդամներին, ովքեր աշխատում են հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին իրենց ամենօրյա կյանքում:
Եկեղեցու ամենաճանաչված հատկանիշներից մեկը նրա ուժեղ շեշտադրումն է ընտանեկան կյանքի և բարձր բարոյական սկզբունքների վրա: Այն նաև մեծապես հարգվում է իր առողջության օրենքի համար, որը ներառում է հրաժարում ոգեխմիչքից, ծխախոտից, սուրճից, թեյից և թմրանյութերից:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները օրինապահ և հավատարիմ քաղաքացիներ են: Նրանք ենթարկվում են օրենքին, մասնակցում և աջակցում են իշխանության բոլոր մակարդակների գործերին, քվեարկում են ընտրություններում և ծառայում են իրենց ազգերի զինված ուժերում:

ՄՈՐՄՈՆԻ ԳԻՐՔԸ (ԵՎՍ ՄԵԿ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՍԻՆ)

Հիսուս Քրիստոսի եկեղեցու վերականգնման կենտրոնական իրադարձությունը Մորմոնի Գրքի հայտնվելը և հրապարակումն էր: Դա մի սրբազան սուրբ գիրք է և Աստվածաշնչի ընկերակիցը:
Գրքի անունը գալիս է Մորմոն մարգարեից, որը համառոտագրել է հիշատակարանների ավելի վաղ պահապանների արձանագրությունները և իր մահից կարճ ժամանակ առաջ հիշատակարանները վստահել իր որդի Մորոնիին: Քանի որ իր ժողովուրդը վերջին պատերազմում կանգնած էր բնաջնջման առջև, Մորոնին ավելացրեց իր կյանքի ժամանակամիջոցի իրադարձությունների մասին սեփական հաշվետվությունը, իսկ այնուհետև թաղեց սուրբ պատմությունը մի բլրի վրա, որտեղ այն մնաց չհայտնագործված 14 դարերի ընթացքում, մինչև նա հանձնեց այն Ջոզեֆ Սմիթին՝ թարգմանելու:

ՏԱՃԱՐՆԵՐ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ

Անդամները խոր հավատք ունեն ընտանիքի հավիտենական բնույթի նկատմամբ, ուստի վերաբերվում են տաճարներին հատուկ ակնածանքով և հարգանքով: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարները նախատեսված չեն կանոնավոր շաբաթական երկրպագությունների համար: Դրանք կառուցված են յուրահատուկ, ընտանիքի վրա կենտրոնացված արարողությունների համար, որոնք նախատեսված են ընտանիքի անդամներին որպես հավերժական միավոր միացնելու համար: Վերջին Օրերի Սրբերի կողմից ընտանիքի կարևորության շեշտումը ոչ մի տեղ ավելի վառ ձևով չի արտահայտվում, քան տաճարում:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին գնահատում է քաղաքացիական ամուսնությունների արժեքավորությունը, և դիտում է դրանք, որպես օրինական և բարոյական պարտավորեցնող պայմանագրեր, կողմերի մահկանացու կյանքի ընթացքում: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հայտարարում է, որ ամուսնությունը և ընտանիքը կարող է շարունակվել հանդերձյալ կյանքում, երբ զույգերն իրենց ամուսնությունները և ընտանիքները կնքում են հավերժության համար: Նման հատուկ ամուսնությունները պետք է կատարվեն սուրբ տաճարում, հատուկ լիազորված քահանայության կրողների կողմից: Նրանք նաև հավատում են, որ կնքման արարողությունների վավերականության համար ամուսինները պետք է բացարձակ նվիրվածություն հանդես բերեն մեկը մյուսի հանդեպ իրենց ամուսնության ողջ ընթացքում և ծառայության ու նվիրվածության կյանք վարեն:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Եկեղեցու անդամները հավատում են, որ սրբազան և կարևոր տաճարային օրհնությունները ոչ միայն նրանց համար են, ովքեր այժմ ապրում են, այլ նաև մահացածների համար՝ նրանց փոխարեն արարողություններին մասնակցելու դեպքում: Ընտանիքի ապրող անդամները հաճախ գործում են որպես իրենց ննջեցյալներին փոխարինողներ, հույսով, որ տաճարային այդ օրհնությունները կընդունվեն նրանց կողմից, ում համար դրանք արվում են: Քանի որ ընտանիքի հանգուցյալ անդամների ինքնությունը հաստատել է պետք տաճարային աշխատանքը կատարելուց առաջ, անդամները խրախուսվում են եռանդուն ձևով տեղեկություններ փնտրել իրենց նախնիների մասին:
Որպես հանգուցյալ նախնիների համար տաճարային այս աշխատանքի անբաժանելի բաղադրիչ, Եկեղեցին գործածում է աշխարհում ամենամեծ ծագումնաբանական գրադարանը՝ Ընտանեկան պատմության գրադարանը ՙՏաճարի հրապարակի՚ մոտ, Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի կենտրոնում: Այսօր հարյուր միլիոնավոր մանրաժապավենային արձանագրություններ են առկա անվճար հանրային հետազոտությունների համար: Անձնական գաղտնիությունը ապահովելու և տվյալները ոչ ճիշտ նպատակներով օգտագործումից խուսափելու նպատակով, հավաքածուն կենտրոնանում է գլխավորապես հանգուցյալ անձերի տվյալների վրա (նախքան 1920թ.): Բոլոր արձանագրությունները ձեռք են բերվել օրինական ճանապարհով տարբեր կառավարությունների և տեղական իշխանությունների հավանությամբ և գործակցությամբ, որոնց իրավասության ներքո են գտնվում արձանագրությունները: Ընտանեկան պատմության կենտրոնները աշխարհում սփռված են շատ տեղերում, և Եկեղեցին նաև շահագործում է համակարգչային ցանցի Ընտանեկան պատմության ամենամեծ կայքը հետևյալ հասցեով՝ www.familysearch.org:

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԼ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԵՎ ԴԱՎԱՆԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մեկ այլ հիմնարար համոզմունք ամփոփված է հավատո հանգանակի տասնմեկերորդ կետում: Այն ասում է. ՙՄենք ընդունում ենք ամենազոր Աստծուն երկրպագելու մեր արտոնությունը, համաձայն մեր խղճի թելադրանքի, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ում, ինչպես և որտեղ կկամենան՚:
Անդամները խորապես հարգում են բարոյական ազատությանը՝ յուրաքանչյուր անհատի ընտրելու իրավունքը, թե ինչին հավատալ և ինչը կիրառել: Չնայած իր անկախությանը և որոշ տարբերվող համոզմունքներին, Եկեղեցին բարյացակամ է մյուս եկեղեցիների և կրոնների հանդեպ:

ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՆՈՒՅԹԸ

Մոտենալով իր երկրային ծառայության ավարտին, Տեր Հիսուս Քրիստոսը պատգամեց իր աշակերտներին. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նորանց մկրտելով Հօր, Որդու ևւ Սուրբ Հոգու անունովը» (Մատթէոս ԻԸ.19): Հարությունից հետո իր առաքյալներին այցելություններից մեկի ընթացքում, Հիսուսը վերահաստատեց, որ նրանք պետք է «իր վկաները լինեն Երուսաղեմում, ողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև երկրագնդի բոլոր ծայրերը» (տե՛ս Գործք Ա.8): Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար, աստվածաշնչային այդ հանձնարարությունը սրբազան պարտավորություն է դնում Եկեղեցու անդամների վրա՝ վկայել բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների և ժողովուրդների մեջ:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները գալիս են շատ երկրներից և մշակույթներից: Ոմանք նշանակվում են ծառայելու իրենց հարազատ երկրում, մյուսները ծառայում են իրենց հայրենի երկրից հեռու: Եկեղեցու միսիոներների մեծ մասը երիտասարդ տղամարդիկ և կանայք են, 19–26 տարեկանի սահմաններում, թեև զգալի թվով ավելի տարեց զույգեր նույնպես ծառայում են միսիայում: Ներկայումս 50000-ից ավելի միսիոներներ ծառայում են ավելի քան 330 աշխարհասփյուռ միսիաներում: Բոլոր միսիոներները ծառայում են առանց վճարի: Նրանց մեծ մասը ծախսում է սեփական խնայողությունները և ընտանիքի տված օժանդակությունը, աջակցելու համար իրենց՝ 18 ամսից մինչև երկու տարի տևող միսիոներական ժամանակամիջոցի ընթացքում:
Միսիոներները սովորեցնում են և՛ Աստվածաշնչից, և՛ Մորմոնի գրքից: Վերջինս համարվում է Աստվածաշնչին ընկերակից սուրբ գրքի մի հատոր: Երկուսն էլ վկայում են Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին:

ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եկեղեցու առաջին միսիոներները Հայաստան են եկել 19-րդ դարի վերջին: Պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում հիմնվել են Եկեղեցու ճյուղեր, որոնք գործել են մինչև Առաջին Աշխարհամարտի սկիզբը: 1991-ին միսիոներները կրկին եկան Հայաստան: Պաշտոնապես Եկեղեցին Հայաստանում ճանաչվել է 1994 թվականի դեկտեմբերի 22-ին: Այժմ Հայաստանում կա ավելի քան 2000 անդամ, որոնք հավաքվում են մի քանի ծխերում: Յուրաքանչյուր ծուխ «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Հայաստանի Կրոնական Համայնքի» մասն է: Եկեղեցու ծխեր կան Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Աշտարակում, Արարատում, Չարենցավանում, Ալավերդիում և այլ բնակավայրերում: 1998-ից սկսած Եկեղեցին եռանդուն կերպով ներգրավված է եղել մարդասիրական աշխատանքներում ողջ Հայաստանով «ՎՕՍ բարեգործություններ» կազմակերպության միջոցով: Երկրին օգնություն է հատկացվել սնունդի, հագուստի, հիգիենիկ պարագաների տեսքով, ինչպես նաև օժանդակություն է ապահովվել առողջապահության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հայաստանի կրոնական համայնքի» գրասենյակ՝
ՀՀ, Երևան 0051
Վրացական փող. 5
Հեռ. +374 (10) 239337
Ֆաքս. +374 (10) 253210

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ձեռք բերել նաև Եկեղեցու ինտերնետային էջից՝ www.lds.org կամ Եկեղեցու Արևելյան Եվրոպայի Տարածքի Հասարակական գործերի գրասենյակից: Հեռախոս՝ +7 (495) 363 25 73: