Պատմական գիտությունների թեկնածու: 2006թ. ավարտել է ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան: 2007թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ առաքելական եկեղեցու բարենորոգչական շարժումը 1901-1906 թթ. (կրոնագիտական վերլուծություն)» թեմայով: Հեղինակ է ավելի քան 20 գիտական հոդվածների: 2003 թ. ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է
Պատմության որևէ շրջափուլում սոցիալական որևէ խմբի կամ կառույցի համակարգում ձեռնարկված արմատական նորարարությունը կամ տեսական ու գործնական համահարթեցումը օբյեկտիվորեն առաջ է բերել գաղափարական հակառակորդների կամ մոլեռանդ թշնամիների, որոնք շահերի դիվերսիֆիկացման արդյունքում գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փորձել են իրենց վերաբերմունքը դրսևորել տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Նշվածն առավել վառ է երևում կրոնական կազմակերպություններում, երբ օտարածին կամ նոր տարրերը հակադրություն են առաջացրել հնին սովոր և հարմարվողական որևէ հնարավորությունից զուրկ մարդկանց մոտ: Այն կրոնական կազմակերպության անդամների միջև մշտապես հանգեցրել է բախումների` ձևավորելով հարմարվող և հարմարումը մերժող մարդկանց առանձին խմբեր, որոնց միջև հետագա հարաբերությունների պահպանումն ու փոխազդեցությունները դարձել են անհնար կամ թշնամական: Կրոնական կազմակերպությունների ներքին կյանքում տեղ գտած նմանատիպ զարգացումները նոր որակ են ձեռք բերել պետական իշխանության միջամտության պարագայում, որն էլ, կախված ժամանակաշրջանից ու կոնկրետ որոշում կայացնող անձերի գաղափարական ու անձնական կողմնորոշումներից, ծնունդ է տվել յուրայինների և օտարների: Յուրայիններն իրենց համարել են ավանդական, հին, հայրերի ժառանգությանը հավատարիմ ու ազգային արմատների պահապան, իսկ նույն դրական որակների ճիշտ հակառակ` բացասական որակները վերագրել օտարներին` պառակտողներ, արկածախնդիրներ, իշխանամոլներ և այլն: Հանուն ճշմարտության պետք է նշենք, որ չնայած ամեն մի նորարություն կամ բարեփոխություն չի կարելի առաջընթաց քայլ համարել, այնուամենայնիվ հաշվարկված և համակարգին բնորոշ տարրերի գործառնության առանձնահատկությունները հաշվարկած նորարարություններն ի վիճակի են հղանալ որոշակի մտավոր պատրաստվածություն, նախաձեռնություն ու կամք ունեցող անհատներ, որոնք ոչ միշտ են համարժեք գնահատականների արժանացել պատմությունը գրի առնող գրիչների կողմից:
Տեղեկատվական քաղաքակրթության օրեցօր հզորացող մամլիչի ներքո ազգային խնդիրն ինքնության պահպանության համատեքստում օրակարգային նշանակություն է ձեռք բերում: Հետաքրքիր են հատկապես ուսումնասիրություններն ինքնության պահպանությանը նպաստող գործոնների դասակարգման տեսանկյունից, որտեղ հայ տեսակի մասին խոսելիս , անշուշտ , նշվում են կրոնի դերի մասին պատկերացումները: Այս առումով չենք ցանկանում քննարկել, թե հայ հանրույթի համար կրոնի ո±ր ձևն առավել նպաստավոր կլիներ տեսակի պահպանության հարցը լուծելու համար: Կարծում ենք` խնդիրը տվյալ պարագայում առավել սուբյեկտիվ է` կապված ելակետերի նպատակային ընտրության հարցի հետ:
Ասածս առավել հիմնավոր ներկայացնելու համար անդրադառնամ հայկական մի փոքր կրոնական խմբի, որի գոյության մասին որոշ հատվածական ուսումնասիրություններ կատարվել են միայն Միացյալ Նահանգներում: Խոսքը հայ մոլոկանների մասին է:
17-18-րդ դարերում ռուս հասարակական կյանքում ի հայտ եկած սոցիալ-քաղաքական հակասությունները հանգեցրին ռուսական ուղղափառությունից ևս մեկ կրոնական խմբի անջատմանը, որը պատմությանը հայտնի դարձավ հոգևոր քրիստոնյաներ անվամբ: Այս պառակտումը կրոնական ձևում բողոք էր իշխող ֆեոդալական և եկեղեցական կարգերի նկատմամբ: Ուղղափառ հավատքը հռչակելով ավտորիտար` նրանք առաջ քաշեցին մաքուր հավատքի դավանանք` հոգով և ճշմարտությամբ: Հոգևոր քրիստոնյաներին յուրահատուկ էին եկեղեցու ու եկեղեցական նվիրապետության, ուղղափառ դոգմաների, խորհուրդների, սրբապատկերների, սրբերի մերժումը, ինչպես նաև Սուրբ Հոգու բնակեցումը հասարակ մարդկանց մեջ, հոգևոր մկրտությունը և այլն: Հոգևոր քրիստոնյաները հոգևոր հռչակեցին ողջ շրջապատող աշխարհը, դատապարտեցին ճոխությունը և խրախուսեցին ասկետիկ կյանքը:
Հոգևոր քրիստոնյաների տարատեսակներից են հոգեմարտները (Духоборы) , որոնց անվանումն առաջացել է 18-րդ դարում «Հոգու և ճշմարտության համար մարտնչելու» նրանց գաղափարախոսական հիմնադրույթից: Հոգեմարտները մերժում էին Աստվածաշունչը` որպես հոգևոր գիրք ընդունելով «Կենդանի գիրքը» կամ «Կյանքի գիրքը», որը երգերի մի ժողովածու էր: Նրանք Քրիստոսին ընդունում էին որպես սովորական մարդու, որի մեջ առանձնակի ուժով միահյուսված էին աստվածային ոգին և միտքը: Միաժամանակ նրանք աստվածացնում էին իրենց համայնքի ղեկավարներին` համարելով, որ նրանց մեջ է բնակվում Քրիստոսի հոգին: Հավատում էին հոգու անմահությանը, դրախտն ու դժոխքը համարում բարի և չար գործերի խորհրդանշական արտահայտությունը և այլն:
18-19-րդ դարերում կրոնական խմբավորումը ենթարկվեց բազմաթիվ հալածանքների, որի պատճառով շատերը բռնագաղթեցին Տավրիկական նահանգ, այնտեղից էլ Անդրկովկաս: Հոգևոր քրիստոնյաները մեծ մասամբ ապրում են Ռուսաստանում, սակայն որոշ մասը բնակվում է Կանադայում, Ուկրաինայում, Հարավային Կովկասում և այլուր: 1991 թ. Ռոստովի մարզի Ցելինա քաղաքում տեղի ունեցավ նրանց միավորիչ հավաքը, որից հետո նրանց նորաստեղծ կազմակերպությունը կոչվեց «Ռուսաստանի հոգեմարտների միություն»:
XVIII դ. Ռուս ուղղափառ եկեղեցու ազդեցիկ անջատողական հոսանքներից մեկն էլ մոլոկաններն էին: Մոլոկանների հոսանքը ձևավորվել է XVIII դ. 60-ական թվականներին` անջատվելով հոգևոր քրիստոնյաների (դուխոբորների) համայնքից:
Առաջին հայացքից թվում է, թե Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատված, ռուսական էթնիկ տարրին բնորոշ մոլոկանություն կոչվող հոսանքը որևէ ընդհանրություն չի կարող ունենալ հայ ինքնության հիմնախնդիրների քննարկման համատեքստում: Սակայն փաստերն ապացուցում են ճիշտ հակառակը:
Ցարական կայսրության կրոնական քաղաքականության հետևանքով 1800-ականների սկզբից մոլոկանները վերաբնակվեցին Կովկասում` կայսրության հարավային սահմանի երկայնքով հիմք դնելով ռուսական գաղթօջախների: Նույն շրջանում էլ նրանցից շատերը բնակություն հաստատեցին Կարսի մարզում: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո ցարական իշխանությունը Կարսի մարզում ստվարացրեց ռուսական տարբեր կրոնական խմբերի ներկայությունը, որոնցից էին հատկապես մոլոկանները, դուխոբորները, շաբաթականները (սուբոտնիկի), մենոնիտները, լյութերականները, բապտիստները և այլն:
1900-ականներին (հատկապես 1905-1912 թթ. ընկած շրջանում) մոտ 3000 մոլոկաններ և Կովկասում նրանց միացած այլ հայեր զինվորական ծառայությունից խուսափելու և աշխատանք գտնելու հույսով արտագաղթեցին ԱՄՆ: Լոս Անջելեսի արևելյան կողմում գտնվող Ֆլեթս թաղամասում, այլ մոլոկանների գյուղերի մոտակայքում նրանք հիմնադրեցին հայ-մոլոկանական եկեղեցին` պահպանելով հայ ինքնությունը բնորոշող լեզվամշակութային տարրերը և մոլոկանության ծիսապաշտամունքը: Համայնքի անդամները հաճախ իրենց հավաքները կազմակերպում են հայ մոլոկաններից որևէ մեկի տանը, որն ընդունված սովորություն է մոլոկանության մեջ:
1926 թ. Կարսում և Արդահանում մնացած մոլոկաններից շատերին Ռոստովի Սալսկի տափաստան կոչվող վայրում ազատ հողատարածք առաջարկվեց ռուսական իշխանությունների կողմից, որի հետևանքով էլ բոլոր ռուս դուխոբորները և մոլոկանների 90 տոկոսն արտագաղթեցին Ռուսաստան: Ռոստովի շրջանում մոլոկանները և դուխոբորները վերաբնակեցվեցին մոտ 34 գյուղերում, որոնցից շատերն անվանվեցին իրենց թողած բնակավայրերի անունով: Ներկայումս այնտեղ ապրում են մոտ հազար մոլոկաններ:
1930-ականներին Թուրքիայում սկսված ազգայնական շարժումը թուրքական անուններ պարտադրեց բոլոր երեք հիմնական մոլոկանների գյուղերին` դրանք անվանելով Յալինչաիր, Աթչիլար և Չալկավուր: Ռուսական իշխանությունները, իրենց հերթին շարունակելով ցարիզմի ժամանակ արտաքսված ռուսներին ներգաղթեցնելու ծրագիրը, 1962 թ. Թուրքիայում մնացած մոլոկաններին շահագրգռելով հայրենիքում տներով ապահովելու ծրագրով, նրանց մեծ մասին բնակեցրին Ստավրոպոլի շրջանում և աշխատանքով ապահովեցին կոլտնտեսություններում:
Այնուամենայնիվ, արդեն իսկ փաստ է, որ հայ մոլոկաններ եղել են ու գոյություն ունեն, և նրանցից շատերն ապրել են Կարսի շրջանի Կարա-կալա (նշանակում է «Սև ամրոց») գյուղում: Հետաքրքրական է, որ նրանց պատմական հիշողությունը թարմ է մնացել մինչ օրս, քանզի նույնիսկ Լոս Անջելեսում բնակվելուց հետո նրանք իրենց բնակավայրը կոչում էին Կարա-կալա կամ Կրիկ-կալա: Հստակ տեղեկություններ չունենք, թե երբ են հայերը բնակվել Կարա-կալայում, կամ թե երբ են ռուսներն իրենց ռազմական հենակետը կառուցել այս գյուղում, կամ թե այն արդյոք կառուցվել է նոր վայրում, թե նախկինում բնակեցված է եղել: Ամենահավաստի տեղեկատվությունը տվել է Սիրական Կալոյանը իր «Շիրակի հայերի ներգաղթն ԱՄՆ» գրքում: Նա գրում է, որ Կարա-կալան 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո հիմնադրված արդիական գյուղ է, գեղեցիկ շինություններով և լայն փողոցներով: Նախքան Կարա-կալա տեղափոխվելը հայերը բնակվել են Գեզեաչխլարում (առավել հստակ արտասանությունը և տեղադրությունը հայտնի չէ) և իրենց բողոքական հավատքի համար պարբերաբար հալածանքների են ենթարկվել համագյուղացիների կողմից: Այս մասին հետաքրքիր ավանդություն է գրի առել Մ. Մուշեղյանը քահանա Փերումյանի պատմածներից` նշելով, որ այս գյուղի խուլիգանները հետապնդում, վիրավորում և հայհոյում էին բողոքականներին, պղծում նրանց դիակները` նորաթաղներին հանելով և ծառերից կախելով: Այդ պատճառով նրանք բողոք-նամակով դիմում են Նիկոլայ II-ին, որն էլ առաջարկում է նրանց տեղափոխվել ռուսական ռազմական հենակետի տարածք: Հարցի այդպիսի լուծման շնորհիվ էլ բողոքականները բնակություն են հաստատում Կարա-կալայում: Պահպանվել է բավական հեռվից արված մի լուսանկար, որտեղ գյուղացիները սև և սպիտակ շորերով կանգնած են իրենց բարաքների առջև: Տեսակետ կա, որ սպիտակ հագուստով մարդիկ հայ մոլոկաններն են, իսկ սև հագուստովը` այլազգի մոլոկանները: Այս լուսանկարն այսօր այն հիմքերից մեկն է, որով գաղթած մոլոկանների սերունդները Թուրքիա կատարած այցելության ընթացքում ցանկանում են ճշգրտել գյուղի տեղանքը: Բանն այն է, որ գյուղի տեղանքը բլրապատ է, և այդ բլուրներն էլ այսօր հիմնական կողմնորոշիչն են , քանի որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գյուղում մնացած բնակչությունը վտարվեց, իսկ գյուղն էլ ամբողջությամբ հավասարեցվեց հողին:
Չնայած սրան` շրջակայքում բնակվող գյուղացիներն այսօր էլ հիշում են, որ տվյալ տարածքում ոչ վաղ անցյալում գոյություն են ունեցել ռուսական ռազմական հենակետ և գյուղ: Կարա-կալայի մասին հիշատակություն է պահպանվել, թե ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից երկու տարի անց Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա, և գյուղը մեկընդմիշտ ջնջվեց երկրի երեսից: Ջոն Բերկոֆը գրում է, որ 1917 թ. թուրքական բանակը հայկական տարածքներով անցնելիս անպատմելի դաժան արարքներ կատարեց հայերի նկատմամբ, ներառյալ` Կարա-Կալայի հայ բնակչության:
Հայտնի է նաև, որ 20-րդ դարասկզբի մի ձմռան Կարսի մարզի հայ մեծամեծները հավաք էին կազմակերպել Նովո-Միխայլովկա գյուղում, որտեղ ներկա են եղել տասը համայնքների ներկայացուցիչներ, ներառյալ` Կարա-կալա գյուղի հայ համայնքը` ի դեմս ռուս մոլոկան համայնքներում մեծ հեղինակություն վայելող հայազգի Արզուման Իվանիչ Օհանեսյանի: Պատմում են , որ Կարսի մարզում ապրող հայ և ռուս մոլոկանները որոշել են մեծ վրան կանգնեցնել և եռօրյա ծոմից հետո միասին նշել Ս. Զատիկի արարողությունը` ամրացնելով ներքին միասնությունը և հետևելով Ս. Հոգու կողմից տրվող պատգամներին:
Այս առումով հետաքրքրական են հայ մոլոկանների սերունդներից Ջոյս Քեոսաբաբյան-Բիվինի` Թուրքիայում կատարված ուսումնասիրությունները, ըստ որոնց` իր գերդաստանի արմատները փնտրելիս, նա պարզել է, որ Կարսը Թուրքիային հանձնելուց հետո հայ մոլոկանների որոշ մասը ինքնապահպանության մղումով թուրքացրել է իր ազգանունը: Վերջին մոլոկանները, ըստ նրա, Կարսի մարզը լքել են 1962-64 թթ.:
Կարա-կալայի հետ կապված տեղեկությունների համար պարտական ենք Ջ. Քեոսաբաբյան-Բիվինին, որը մի քանի անգամ այցելել է Կարսի մարզ և բանավոր ավանդազրույցներից պարզել, որ այն հայկական բողոքական գյուղ է, որտեղ բնակվել են հայ մոլոկաններ և հայ բողոքականներ: Նրա պապ Զոհրաբ Քեոսաբաբյանը ունեցել է Հովհաննես անունով եղբայր ու Աննա անունով քույր,որն ամուսնացել է Վասիլ Արտյոմովիչ անունով ռուս մոլոկանի հետ: Հետագայում Զոհրաբը և Հովհաննեսը տեղափոխվում են ԱՄՆ, որտեղից նամակագրական կապ են պահպանել իրենց հոր` Հակոբի և երեխաների` Ալեքսի, Վասիլի, Մանյայի, Կատյայի, Ուլջաշայի և Իվանի հետ: Նամակներից պարզ է դառնում, որ Հակոբ Քեոսաբաբյանն ապրել է Կարա-կալայում, հետագայում` Վորոնցովկայում, Դուբովկայում և Չակմաքում (հետագայում` թուրք. Չալկավուր): ԱՄՆ ուղարկված նամակների վրա Մանյան հետադարձ հասցեում նշել է Դագալա ազգանունը: Դա բացատրվում է նրանով, որ ռուսական իշխանության շրջանում նամակները չէին ուղարկվում Կարսի գյուղեր, այլ միայն` շրջկենտրոն, որի պատճառով էլ նշվել է Կարսում ապրող որևէ բարեկամ կամ ծանոթ ընտանիքի հասցեն:
Ջոյս Քեոսաբաբյանը որոշել է նշված հասցեով նամակ ուղարկել և զարմանալի է, որ նրան հաջողվել է նամակագրական կապ հաստատել իր հորաքույր Աննայի թոռ Տատյանայի որդու հետ: Նա գրում է, թե իրենք մինչև օրս ապրում են նույն գյուղում (ենթադրաբար դա Վորոնցովկան է), որը թուրքերենով կոչվում է Ինցեսու: Այցելելով Կարս և Ինցեսու` Ջոյսը հանդիպել է այրի Տատյանային ու նրա ընտանիքին, որն իսլամ էր ընդունել թուրքի հետ ամուսնանալու համար: Պարզվել է, որ Տատյանան կապ է պահպանում իր եղբայրների և քույրերի հետ, որոնք ապրում են Թբիլիսիում, Մոսկվայում, Անկարայում և Ստավրոպոլում:
Այս ամենից բացի, Կարա-կալայի հետ կապված են նաև մի շարք հետաքրքիր ավանդազրույցներ: Ըստ դրանցից մեկի` 1855 թ. տասնմեկամյա մի երեխա տեսիլք է ունենում, որ թուրքերը կազմակերպելու են հայերի կոտորածներ, և դրանից խույս տալու համար հայերը պետք է արտագաղթեն այդ տարածքից: Հետագայում այդ մարգարեությունը կրկնվում է 1900 թ., որից հետո հայ և ռուս մոլոկաններն արտագաղթում են Կարսի մարզից: «Մարգարե» տղայի անունը Դեմոս Շաքարյան էր, որի ընտանիքն սկզբնական շրջանում բնակություն է հաստատում Նյու Յորքում, հետո` Լոս Անջելեսում: Այստեղ էլ Շաքարյան ընտանիքն ԱՄՆ-ում հայ մոլոկանների մեջ դառնում է ամենահայտնին` իր կուտակած ֆինանսական կարողությունների և համախմբող դերի շնորհիվ: Ահա թուրքական ջարդերից խուսափելու այսպիսի մարգարեական դիպվածով են հայ մոլոկաններից շատերը բացատրում իրենց արտագաղթը Կարա-կալայից, չնայած որ մինչ օրս նրանք պախարակվում են հայերին սպառնացող վտանգից խույս տալու, մյուսներին չզգուշացնելու և հայրենակիցներին դավաճանելու համար:
Հայ մոլոկաններից ամենահայտնի դարձած Շաքարյան ընտանիքը ձեռք բերեց մի փոքրիկ կաթնագործական ֆերմա Կալիֆոռնիայի Դաունեյ բնակավայրում, որտեղ էլ Դեմոս Շաքարյանը գրեց «Երկրի ամենաերջանիկ մարդիկ» գիրքը (համահեղինակությամբ Ջոն և Ելիզաբեթ Շերիլների) և ստեղծեց կրոնական կազմակերպություն Full Gospel Business Men’s Fellowship International անվամբ: Դեմոսի ընտանիքը բաժանվեց սկզբնական հայ-մոլոկանական եկեղեցուց և Լոս Անջելեսի արևելյան կողմից տեղափոխվեց Լա Հաբրա բարձունքները: Շաքարյան ընտանիքը կարողացավ խույս տալ մոլոկաննների մեջ բավական հայտնի Եֆիմ Կլուբնիկինի և Կարա-կալա հաճախ այցելող մոլոկանների քարոզներից: Դեմոս Շաքարյանի հիմնած կազմակերպությունը այսօր գործառնում է մոտ 150 երկրներում: Փոքրիկ մատուռներում, եկեղեցիներում մարդիկ հավաքվում են, ընթրում կամ ճաշում միասին և անձնապես շփվում միմյանց հետ: Կազմակերպության հիմքում ընկած էր Դեմոսին եկած տեսիլքը, համաձայն որի` Աստված պատվիրել է նրան ստեղծել կազմակերպություն, որտեղ մարդկանց հնարավորություն կտրվի հոգևոր շփման մեջ լինել իրար հետ:
Մեր ունեցած տեղեկություններով` Լոս Անջելես արտագաղթած մոլոկաններից շատերը վերջին մի քանի տասնամյակում տեղափոխվել են Ավստրալիա, որտեղ նրանց են միացել Հայաստանից արտագաղթած այլ մոլոկաններ: Մոտ 50-60 ռուս և հայ մոլոկան ընտանիքներ ապրում են հիմնականում Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում, որտեղ հիմնել են իրենց պաշտամունքային տունը, պահպանում են մոլոկանության ծիսապաշտամունքն ու դավանաբանությունը և հիմնականում պատկանում են պրիգուններ ու մաքսիմիստներ ճյուղերին:
Ինչպես արդեն նշել ենք, առաջին մոլոկանները հաստատվեցին Լոս Անջելեսի Ֆլեթս թաղամասում: Մինչև աղոթատուն ձեռք բերելը մոլոկան մյուս համայնքների նման նրանք ծեսը իրենց տներում էին անցկացնում: Անա անունով արագընթաց մայրուղու կառուցման ժամանակ քանդվեց հայ մոլոկանների եկեղեցին, որը պատճառ դարձավ շատ ընտանիքների տեղափոխման և փոխադարձ կապերի խզման: Երկրորդ հայ մոլոկանական եկեղեցին տեղակայված է Լոս Անջելեսի արևելյան կողմում` Գուդրիչ փողոցում: 1970-ական թթ. հայ մոլոկանները լյութերականներից գնեցին իրենց երրորդ աղոթատունը Լա Հեբրա փողոցում` առանց արտաքին փոփոխություններ կատարելու:
Սակայն պետք է նշել, որ մոլոկան հայերի կրոնական տրանսֆորմացիան դեռևս շարունակվում է: Լոս Անջելեսի Ասուզա փողոցում գտնվող նրանց հավաքատեղիի հայ պրիգուն մոլոկանները փոխել են իրենց ինքնությունը` դառնալով հայ պենտեկոստալներ կամ հիսունականներ: Չնայած իրենց պաշտամունքում նրանք պահպանում են մոլոկանությունից մնացած հիմնական ծիսապաշտամունքային տարրերը (հիմնական տոները և սննդի հետ կապված կանոնները), այնուամենայնիվ, աստվածաբանության մեջ Մ. Ռուդոմյոտկինի գաղափարների շեշտադրումից անցում է կատարվել հիսունականության վարդապետական սկզբունքներին: Այս մետամորֆոզը բացատրելի է նաև նրանով, որ ծիսապաշտամունքային հարցերում թռչկոտելիս Ս. Հոգով լցվելու` պրիգունների հավատամքը սերտ առնչություններ կարող է ունենալ պենտեկոստալ եկեղեցու հիմնական ծեսի և տարբերակիչ առանձնահատկության` լեզուներով խոսելու (գլոսոլալիա) երևույթի հետ, որն էլ, ի դեպ, նոր եզրակացությունների տեղիք է տվել, որոնց կանդրադառնանք ստորև:
Հայտնի է, որ հոգեգալստական եկեղեցին հիմնվել և իր գործունեությունը ծավալել է 20-րդ դարասկզբից սկսած: Հաշվի առնելով այն փաստը, որ լեզուներով խոսելու էքստատիկ ծեսը և դրա հետ կապված պաշտամունքային համակարգը բնորոշ են թե՛ պենտեկոստալներին և թե՛ մոլոկան պրիգուններին, վերջիններիցս շատերը փորձում էին «հիմնավորել», որ գլոսոլալիան Ամերիկայի Միացյալ Նահանգներ է ներթափանցել մոլոկան համայնքի կողմից: 1998 թ. սեպտեմբերի 22-ին «Ամառ» կոչվող շաբաթաթերթում (Հատ. XVII, թիվ 3, էջ 9) Ջորջ Սամարինը գրում է. §Ես մոլոկան եմ: Առաջին մոլոկանները Լոս Անջելես են ժամանել Էլիս կղզուց 1904 թ: Մենք դարեր շարունակ տեսանելի կերպով ցույց ենք տվել Սուրբ Հոգու գործողությունը մեր մեջ և խոսել լեզուներով ու բժշկել մարդկանց: Ուստի, ինչպես է հնարավոր 1906 թ. լինել առաջինը, որ խոսում է լեզուներով Լոս Անջելեսում»: Այս հոդվածն ուղղված էր պենտեկոստալ եկեղեցու հիմնվել է 1906 թ. Ասուզա փողոցի 312 հասցեում) ներկայացուցիչներին: Այս եկեղեցին գործել է երեք տարի, որի ընթացքում բազմաթիվ մարդիկ, ներառյալ` մոլոկանները, մկրտվեցին Ս. Հոգու շնորհներով: Ջոն Բերկոֆի «Մոլոկանները Ամերիկայում» գրքում (էջ 101-102) նկարագրվում է, թե ինչպես հայտնի մոլոկան քարոզիչ Ֆիլիպ Միխայիլովիչ Շուբինի 27 տարվա քարոզախոսության և իր մեծ հեղինակության շնորհիվ կարողացան որոշակիորեն կանխարգելել մոլոկանների հավատափոխությունը: Ռուսական գրականության և մոլոկանների ներգաղթի պատմության հրաշալի իմացությունը օգնում էր նրան ակտիվ կրթալուսավորչական գործունեություն ծավալել ընդդեմ բապտիստների, պենտեկոստալների և այլ բողոքական հարանվանությունների ոտնձգությունների: 1930-ական թթ. ձախողվեցին մոլոկաններին ռուս ուղղափառությանը կոնվերտացնելու փորձերը:
ԱՄՆ-ում մոլոկանների կյանքի մասին կարևոր տեղեկություններ է տալիս Ասուզա փողոցում գտնվող եկեղեցու թերթը` «Առաքելական հավատքը»: Այն թողարկվում էր 1906թ. սեպտեմբերից 50000 տպաքանակով, այն դեպքում, երբ Լոս Անջելեսի բնակչությունը ընդամենը 250000 էր: Առաջին իսկ համարում հաղորդվում էր այն մասին, որ «Առաքելական հավատքի միսիոներության» անդամները խոսել են Ֆլեթսում ապրող մոլոկան եկեղեցու անդամների հետ և նրանց հրավիրել իրենց եկեղեցի: 1907 թ. ապրիլին «Առաքելական հավատքը» (թիվ 7) գրում է Ֆլեթսում բնակվող հայ և ռուս մոլոկանների մասին. «Լոս Անջելեսում ապրող ռուսները և հայերը մկրտություն են փնտրում: Հայերը հանդիպումների համար պենտեկոստալ տուն ունեն Վիկտոր փողոցում: Նրանցից ոմանք մկրտվել են Սուրբ Հոգով»:
Կարծում ենք` Ս. Հոգով մկրտվելու և լեզուներով խոսելու մեջ առաջինը լինելու համար մղվող պայքարը ինքնության պահպանության նպատակ էր հետապնդում, քանի որ իրենց թերթի միջոցով պենտեկոստալիստները փորձում էին համոզել մոլոկաններին իրենց նույնությունը և , դրանով հանդերձ, նրանց ներգրավել իրենց համայնքում[2]: Օբյեկտիվության սկզբունքներից ելնելով` պետք է նշենք, որ լեզուներով խոսելու երևույթը ԱՄՆ-ում առկա էր մինչ մոլոկանների ժամանումը: Դեռևս 1896 թ. Հյուսիսային Կարոլինայում և 1901 թ. Կանզասում արձանագրվել էին լեզուներով խոսելու փաստեր, իսկ Ասուզա փողոցում գտնվող հավաքատեղին համարվում էր «արդի պենտեկոստալիզմի ծննդավայրը»:
Փաստը, սակայն, այն է, որ Ասուզա փողոցում գտնվող եկեղեցի այցելելուց հետո հայ մոլոկաններից շատերը վերջնականապես փոխեցին իրենց կրոնական ինքնությունը` հայ մոլոկանությունը փոխելով հայ պենտեկոստալիզմի: Չնայած նրանք պահպանում են մոլոկանության ավանդույթները իրենց պաշտամունքում, այնուամենայնիվ նրանց աստվածաբանությունն սկսեց առավել մեծ շեշտադրում անել Հիսուսի ուսուցման վրա (ինչպես ընդունված է պենտեկոստալ վարդապետության մեջ), քան Հիսուսի անձի ու Մաքսիմ Ռուդոմյոտկինի (որի գիրքը Աստվածաշնչից հետո ամենամեծ հեղինակությունն էր վայելում մոլոկանների մեջ) ուսուցման վրա: Փոխակերպված հայ մոլոկանների եկեղեցին այսօր գտնվում է Հասիենդայի բարձունքներում, Հասիենդայի փողոցի արևմտյան կողմում:
Ցավոք, վերջին տարիներին նկատելի է մի իրողություն. մոլոկանությունից հիսունականության փոխակերպված եկեղեցին իր անվանումից հեռացրել է «հայ» բառը` իրենց ձևակերպմամբ առավել ընկերային և գրավիչ մթնոլորտ ստեղծելու համար: Չնայած դրան, նրանք ծիսակատարությունից առաջ երգում են մի քանի հին երգեր (հիմնականում սաղմոսներ), որոնց հաջորդում են ամերիկյան երգեցողությունը և հիմները: Մինչ օրս նրանք շարունակում են նշել մաքսիմիստներին ու պրիգուններին բնորոշ բոլոր տոները:
* * *
[1]Մոլոկանների հիմնադիրը տամբովցի Սիմոն Ուկլեինն է: Նրա հոգևոր ուսուցիչը հոգևոր քրիստոնյաների առաջնորդներից մեկը՝ Պոբիրոխինն է եղել: Աղանդի անվան ստուգաբանման հարցում կան տարաձայնություններ: Ոմանք «մոլոկան» անունը բխեցնում են Մալոչնայա գետի անունից, երկրորդները կարծում են` այդ անունը հերձվածը ստացել է պասի ժամանակ կաթ օգտագործելուց, իսկ ըստ հեղինակների երրորդ խումբի` աղանդն այդ անունն ստացել է Աստվածաշնչում հիշատակված «հոգևոր կաթից»:
1768թ. Սիմոն Ուկլեինը իր «70 առաքյալներով» սկսեց աղանդի գործունեությունը, որը կարճ ժամանակում տարածվեց Սիբիրում, Կենտրոնական և Հարավային Ռուսաստանում և հատկապես Անդրկովկասում: XIX դարի 30-40-ական թթ. մոլոկանությունը բաժանվել է 4 հիմնական ճյուղերի` ուկլեինականներ (հին մոլոկաններ), ակինֆիևականներ (պոպովականներ կամ ընդհանուր մոլոկաններ), պրիգուն-մոլոկաններ և Դոնի մոլոկաններ: Այս խմբերի միջև կան լուրջ գաղափարական, դավանաբանական, ծիսական և այլ տարբերություններ: Հայաստանում մեծ է եղել պրիգունների քանակը, քանի որ հոսանքի հիմնադիր Մաքսիմ Ռուդոմյոտկինն ապրել և գործել է Հայաստանում:
[2] Նշենք, որ լեզուներով խոսելու երևույթը նկարագրված է Գործք Առաքելոցի 2.4 համարում, երբ Հիսուս Քրիստոսի համբարձումից 50 օր անց առաքյալներին տրվեց Սուրբ Հոգու շնորհը, և նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով: