Ինչո՞ւ է Եկեղեցուն ձեռնտու կեղծված ընտրությունը

  • 02/04/2015

lragir.am   Սիրանույշ Պապյան

Հարցազրույց Ստեփան Դանիելյանի հետ

Ստեփան, օրերս Մայր աթոռն անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին՝ չարդարացնելով այդ քայլը, քանի որ այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է: Հայտարարության մեջ նաև նշվում է, որն անընդունելի է, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին և անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կեցվածք պետք է իրականում ընդուներ եկեղեցին:

Ինչ վերաբերում է «աստվածատուր կյանքին» սպառնացող գործողության անընդունելի լինելուն, ապա ըստ քրիստոնեական արժեհամակարգի՝ կարծես թե ճիշտ հակառակն է: Քրիստոնեության մեջ հանուն գաղափարի ինքնազոհողության գնալը համարվում է «մարտիրոսություն»: Մարտիրոսները ոգեշնչվել են հենց Հիսուսի կյանքի ամենակենտրոնական դրվագով` հանուն մարդկության փրկության գնալ ինքնազոհության: Այս իմաստով, Մայր Աթոռի փաստարկը ես չեմ կարող ընդունելի համարել, սակայն իմ կարծիքով դա չէ բուն խնդիրը: Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե իր կամքից անկախ, վեր հանեց շատ կարևոր հարցադրումներ. ո՞րն է եկեղեցու դերակատարումը հանրության կյանքում, ինչպիսի՞ն պետք է լինեն եկեղեցի-պետություն հարաբերությունները, ո՞րն է նախագահի երդմնակալության արարողության ժամանակ կաթողիկոսի մասնակցության խորհուրդը: Որպեսզի մեր խոսակցությունը լինի հիմնավոր, պետք է փորձենք գտնել այս հարցերի պատասխանները, որից հետո նոր պատասխանել առաջ քաշված հարցին. արդյո՞ք Գարեգին Բ-ն պետք է մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը՝ հաշվի առնելով հանրության շրջանում արմատավորված այն տեսակետը (ինչը լրջորեն չեն հերքում անգամ իշխող խմբավորման ներկայացուցիչները), որ ընտրությունները կեղծված են: Այդ հարցը մեզ կարող է մոտեցնել ավելի կարևոր երևույթների բացահայտմանը, առանց որոնց դժվար է հասկանալ մեր իրականությունը, ժամանակի կողմից մեզ նետված մարտահրավերները:

Եվ ո՞րն է եկեղեցու դերակատարումը հանրության կյանքում, ինչպիսի՞ն պետք է լինեն եկեղեցի-պետություն հարաբերությունները, ո՞րն է նախագահի երդմնակալության արարողության ժամանակ կաթողիկոսի մասնակցության խորհուրդը:

Նախօրոք զգուշացնում եմ՝ երկար խոսակցություն է լինելու: Սակայն կարծում եմ, որ ժամանակը վաղուց է եկել այս խնդրին ավելի լուրջ վերաբերելու համար: Որպեսզի լինեմ հասկանալի, պետք է շեղվենք և շատ կարճ պատմական էքսկուրս կատարենք:
Ժամանակակից աշխարհում եկեղեցի-պետություն հարաբերությունների տարբեր մոդելներ գոյություն ունեն, որոնք պայմանավորված են պատմական, դավանաբանական ու քաղաքական պատճառներով: Հայտնի է, որ ցանկացած կրոն ձևավորում է իր քաղաքակրթությունը, որտեղ յուրահատուկ կերպով են կառուցվում եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները: Մինչև 1905 թվականը, երբ Ֆրանսիայում առաջին անգամ պետությունը եկեղեցուց օրենքով տարանջատվեց, ինչի համար պարարտ հող էր նախապատրաստել ֆրանսիական հեղափոխությունը, եկեղեցիները կարևորագույն դերակատարություն ունեին`ճանաչել իշխանության աստվածատուր լինելը և Աստծո անունից հասարակությանը հպատակեցնել իշխանությանը: Այդ կարևոր առաքելությունն իրականացնելու համար պետությունն իր հերթին ճանաչում է եկեղեցուն կամ գործող եկեղեցիներին, այսինքն՝ նրանց տալիս է պետական կարգավիճակ: Այդ մասին շատ լավ հոդված ունի Մանվել Սարգսյանը:
313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնյաները Հռոմեական կայսրությունում ազատորեն դավանելու իրավունք ստացան, սակայն դրանից երկու տարի առաջ, մի այլ հրովարտակով ստացել էին ծիսակատարություններ անցկացնելու իրավունք, եթե աղոթեն կայսրի ու կայսրության համար: Դա էր պետության կողմից նրանց ճանաչվելու նախապայմանը: Մոտ երկու հազար տարի առաջ Հռոմը ավելի հասուն քաղաքականություն էր վարում, քան Հայաստանի ներկայիս իշխանությունը: Այսինքն՝ կրոնական համայնքը լեգալ գործելու համար պետք է ճանաչի տվյալ երկրի պետական կարգը: Դա էր նախապայմանը: Ցանկացած պետություն, բնականաբար, ձգտում է, որ իր հպատակները կամ քաղաքացիները լինեն բազմաքանակ՝ նրանցից պահանջելով ընդամենը ճանաչել իշխանությունը և պետական կարգերը: Այնինչ այսօր Հայաստանում պետությունն իր չինովնիկների բերանով նսեմացնում է գործող կրոնական կազմակերպություններին, նրանց որակումներ է տալիս՝ առանց հստակեցնելու, թե որն է իրենց քաղաքականության նպատակը, երբ սեփական քաղաքացիների մի հատվածին օտարում են պետությունից: Սակայն սա մի այլ հանգամանալից խոսակցության թեմա է:
Միևնույն պետության մեջ կարող են լինել մի քանի պետական եկեղեցիներ, ինչպես օրինակ Պարսկաստանում կամ Օսմանյան կայսրությունում այլ կրոններին զուգահեռ հանդիսանում էին հայկական համայնքները: Ոչ բոլորը գիտեն, որ հայկական եկեղեցին Օսմանյան կայսրությունում և Պարսկաստանում մինչ այսօր հանդիսանում է պետական եկեղեցի, իսկ հայ հոգևորականները հանդիսանում էին այդ երկրների պետական չինովնիկները: Բնականաբար, սուլթանների և շահերի օրոք եկեղեցին ճանաչում էր նրանց իշխանության աստվածատուր լինելը և պարտավորվում էր իր համայնքը հնազանդեցնել «Աստծո կողմից ընտրված» իշխանությանը: Եւ պատահական չէր, որ 19-րդ դարի ազգային-ազատագրական շարժումների հիմնական հակառակորդը եկեղեցին էր, քանի որ կղերական չինովնիկները լավ վարձատրվում էին պետության կողմից և ստանում էին պետական գործառույթներ կրթական համակարգում, ժառանգության, ամուսնությունների գրանցման, ամուսնալուծությունների իրականացման և այլն գործերում: Երբեմն իրականացնում էին նաև հարկահանություն: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ այսօր Հայ եկեղեցին պայքարում է հենց այդ գործառույթներն իրեն վերադարձնելու համար: Այսինքն, եկեղեցին այսօր ցանկանում է ունենալ ճիշտ այն կարգավիճակը, որը ժամանակին ուներ Թուրքիայում և Պարսկաստանում, միայն մեկ տարբերությամբ, որ դա լինի որպես մենաշնորհ, որի մասին անգամ գրել են խղճի ազատության մասին օրենքում:

Այսինքն՝ մոդեռնացման փոխարեն, մեր եկեղեցին հետ է գնում 19-րդ դար՝ ստանձնելով պետական մի շարք օղակների գործառույթնե՞ր:

Ոչ, ավելի շուտ վերադառնում է 16-րդ դար, մինչև Ռուսաստանի կողմից Կովկասի նվաճումը: Ռուսաստանը Կովկասը նվաճելուց հետո շատ մեծ փոփոխություններ է իրականացրել, այդ թվում նաև եկեղեցու կանոնակարգում: Ի տարբերություն ցարական Ռուսաստանի, այսօրվա Հայաստանում որևէ քաղաքականություն չի վարվում, եթե Եվրախորհրդի և ԵԱՀԿ ճնշումները չլինեին, մենք ավելի մեծ քայլերով կգնայինք հետ, դեպի 16-րդ դար:
Եկեք նորից վերադառնանք մեր հարազատ միջավայրը` իսլամական աշխարհը: Շատերը մեղադրում են եկեղեցուն, որ նա Ցեղասպանության ժամանակ շարունակում էր հնազանդ պահել ժողովրդին, որովհետև չեն հասկանում, որ հենց դա էր եկեղեցու կոչումը, այլ կերպ եկեղեցին չէր կարող գործել: Պատահական չէ, որ 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի հայկական գրականությունը հիմնականում հակակղերական էր: Ազգայնական և ազատական մամուլն ու գրականությունը, որոնք ազգային-քաղաքական ինքնուրույնության կողմնակից էին, պայքարում էին պահպանողական և հակահասարակական մոտեցումներ ունեցող կղերի դեմ, որը կոռուպցիայի և երկակի ստանդարտների խորհրդանիշն էր:
Այդ ամենն իր պատճառներն ուներ: Դասական Իսլամի աշխարհայացքով կա մուսուլման համայնք` միլիեթ կամ ումմա, և հայ քրիստոնյաների, հույն քրիստոնյաների, հրեաների միլիեթները: Դա է իսլամի և որպես հետևանք նաև արևելյան քրիստոնյաների, այդ թվում նաև հայերի՝ ազգի մասին ունեցած պատկերացումը: Նման պատկերացումը չի համապասխանում քրիստոնեական քաղաքակրթության` կաթոլիկ և ուղղափառ, պատկերացումներին, որոնք ազգի մասին ավելի շուտ պետական, քան համայնքային պատկերացումներ ունեին, որը հետագայում հանգեցրեց քաղաքացիական ազգերի այսօրվա մոդելին և դրա վրա կառուցված իրավաքաղաքական համակարգին: Պատահական չէ, որ իսլամական երկրներում հատկապես հովանավորում էին արևելյան քրիստոնյաներին` միաբնակներին, նեստորականներին և հակառակը, բացասական էին վերաբերվում կաթոլիկներին ու ուղափառներին, իսկ հետագայում նաև բողոքականներին: Օսմանյան Թուրքիան, Պարսկաստանը պաշտպանում էին իրենց «լավ հպատակ» հանդիսացող արևելյան քրիստոնյաներին արևմտյան «կասկածելի» և «վտանգավոր» քրիստոնյաների «հոգեորսությունից»: Այսօրվա հայ եկեղեցին նույն սպասելիքներն ունի Հայաստանի իշխանություններից: Սա է «աղանդ» հասկացության այն քաղաքական բովանդակությունը, որն այսօր քարոզվում է Հայաստանում և որը բխում է իսլամի իրավաքաղաքական պատկերացումներից:
Քաղաքական ու քաղաքակրթական առումով հայկական ու մյուս արևելյան քրիստոնյա եկեղեցիները, չնայած նրան, որ հավատքով քրիստոնյաներ էին, պատկանել են իսլամական քաղաքակրթությանը և կարգավիճակ ունեին իսլամի պետաիրավական համակարգում, լեգիտիմ ու ճանաչված էր նրանց կողմից, մյուս կողմից՝ հերձվածող ու աղանդավոր էին համարվում արևմտյան քրիստոնեական քաղաքակրթության կողմից: Կաթոլիկներն ու բողոքականները օսմանյան և պարսկական պետությունների կողմից սկսեցին պետականորեն ճանաչվել միմիայն արևմտյան երկրների ուժեղ ճնշումներից հետո: Արևելյան եկեղեցիները հրաժարվել էին իրենց աշխարհիկ իշխանություն ունենալու իրավունքից, հանուն կրոնական համայնք լինելու, ինչը նրանց գոյատևելու հնարավորություն էր ընձեռում: Գոյատևելը, այլ ոչ թե զարգանալն էր դարձել ազգային կյանքի քաղաքական նպատակը: Սա է պատճառը, որ ողջ Մերձավոր արևելքը մասնատված է տարբեր քրիստոնեական ու իսլամական աղանդներով, որոնցից յուրաքանչյուրը զգուշավոր, կասկածամիտ, մարգինալացված էթնո-կրոնական միավոր է:
Հայկական եկեղեցին, նույն կարգավիճակ ունեցող արևելյան մյուս կրոնական համայնքների նման ձեռք էր բերել հատուկ վերաբերմունք իշխանության նկատմամբ, որին պետք է ծառայեր իր համայնքը ենթարկացնելու միջոցով: Այն իր բնույթով նաև օլիգարխիկ կառույց էր: Եկեղեցին և խոշոր առևտրական օլիգարխիան դաշինի մեջ էին և երկուսն էլ սերտ հարաբերությունների մեջ էին իշխող երկրների պալատների հետ: Թուրքիայում դրանք ամիրաներն էին, Պարսկաստանում` Ջուղայի վաճառականները: Եկեղեցին նաև եղել է խոշոր ֆեոդալ:
Օլիգարխներն ազդում էին կաթողիկոսի ընտրությունների վրա, կաթողիկոսը ներկայացնում էր օլիգարխների շահերը, իսկ հանրությունը իրավազուրկ զանգված էր:
Եթե պատկերավոր ասեմ` այսօրվա Հայաստանը պետաիրավական տեսակետից քրիստոնեական քաղաքակրթության մասն է, աշխարհայացքի առումով` իսլամական քաղաքակրթության մասը: Դա ակնհայտորեն երևում է եկեղեցու կողմից հովանավորվող խմբերի հակաարևմտյան դիսկուրսը, որը թշնամաբար է ընդունում «մարդու իրավունքներ», «ժողովրդավարություն» և նմանատիպ այլ «վատ» և «հակազգային» հասկացությունները, որոնք համարվում են միջազգային տարբեր ուժերի դավադրությունների գործիքներ:
Խորհրդային Միության անկումից հետո ապշեցուցիչ կերպով հին պատկերացումները սկսել են շատ արագ վերականգնվել: Մենք այսօր, փաստորեն, ունենք մի աննորմալ իրավիճակ` երբ սահմանադրությունը, օրենսդրությունը, քաղաքական կառուցվածքը հակասում են դպրոցների, մամուլի միջոցով քարոզվող հասկացություններին:
Հայ եկեղեցին ավելի բարձր կարգավիճակ ուներ ու ունի իսլամական երկրներում, քան բուն Հայաստանում, որտեղ եկեղեցին ու պետությունը սահմանադրորեն առանձնացված են: Սակայն եկեղեցի-պետություն հարաբերությունների, պայմանական ասած իսլամական մոդելը միտում ունի վերականգնվելու:
Կաթողիկոսի կողմից նախագահի երդմնակալության արարողության խորհուրդը այսօր այս կոնտեքստում է պետք է ընկալել: Դա փոխշահավետ դաշինք է, որն ըստ էության կնքված է ընդդեմ հանրության: Ավելին, եթե կայացած ընտրությունների արդյունքների հանդեպ չլիներ հանրության անվստահությունը, ապա կաթողիկոսի համար երդմնակալության արարողությանը մասնակցելը կունենար զուտ արարողակարգային նշանակություն և այդքան շահավետ չէր լինի: Ցանկացած դաշինք պետք է որևէ մեկի դեմ լինի: Հայաստանի հասարակությունը փաստորեն զրկվել է իշխանություն կազմավորելու իր սահմանադրական իրավունքից: Իշխանությունը ձևավորում է օլիգարխիան, իսկ Աստծո անունից այդ իշխանությունը ճանաչում է կաթողիկոսը: Փաստորեն, Սերժ Սարգսյանի իշխանությունը ոչ թե ժողովրդից է, այլ «Աստծուց» է, որը փաստում է կաթողիկոսը:

Ստեփան, այդ փոխշահավետ դաշինքից կաթողիկոսը չի հրաժարվի ապրիլի 9-ին: Հռոմի պապի համեստ կյանքը կարո՞ղ է արդյոք վարակիչ լինի, նա հրաժարվում է իրեն հատկացված լիմուզինից, մեզ մոտ Բենթլի են վարում: Ակնհայտ է՝ Պապը ուզում է կաթոլիկ եկեղեցու հեղինակությունը փրկել, ո՞վ պիտի փրկի առքելական եկեղեցու հեղինակությունը:

Շատ լուրջ խնդիր ես վեր հանում: Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որն է տվյալ կրոնական ուղղության աշխարհայացքը և առաքելությունը: Կաթոլիկ եկեղեցին վերպետական ու վերազգային կառույց է, որը պատմականորեն Եվրոպայում լեգիտիմացնում էր իշխանություններին: Դա միաժամանակ ողջ Եվրոպան միասնական մշակութաբանական և քաղաքական տարածք էր դարձնում, և նպաստում էր տեղական իշխանությունների ձևավորմանը: Կաթոլիկ եկեղեցու վրա էր հիմնված միջնադարյան Եվրոպայի պետաիրավական համակարգը: Կաթոլիկ եկեղեցին հզոր աստվածաբանական, փիլիսոփայական և մշակութային անցյալ և ներկա ունի: Այն շատ լավ ինստիտուտացված է և պարբերաբար փորձել է վերափոխվել: Դա կենդանի, ժամանակի մարտահրավերներին արձագանքող հզոր կառույց է: Եվ այդ առումով, ունենալով շատ լուրջ խնդիրներ, փորձում է դրանք լուծել:
Այլ քաղաքական ճանափարհով է գնացել ուղղափառ աշխարհը: Ուղղափառ եկեղեցիները եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների առումով զարգացան այլ ճանապարհով: Կոնստանդնապոլսի անկումից հետո մասնատվեցին ազգային եկեղեցիների: Այդ եկեղեցիները վերաճեցին ազգային ինստիտուտների, սակայն այդ ազգայնականությունը ոչ թե էթնիկ է, այլ պետական: Դրանք պետական եկեղեցիներ էին, որոնք օգնում էին ձևավորել իրենց պետական համակարգերը: Բնականաբար, այդ ամենն ընթանում էր եկեղեցու և պետության միջև դոմինանտության համար պայքարով: Պատահական չէր, որ Պետրոս Մեծը լուծարեց պատրիարքի ինստիտուտը, և եկեղեցու կառավարումը հանձնեց պետության կողմից վերահսկվող կառույցին` սինոդին: Ժամանակին նմանատիպ պայքար էր ծավալվում Բյուզանդիայում:
Պատահական չէր, որ պատմականորեն հայերն այս տարածաշրջանում ամենամեծաքանակ ժողովուրդը լինելով, պետականության կերտման առումով ձախողվեցին, իսկ փոքրաթիվ վրացիները կարողացան ստեղծել բավական հզոր պետություն, ավելին, կարողացան ձուլել մեծաքանակ հայ քաղկեդոնականներին, օրինակ միջնադարում Իվերիա կոչվող տարածքում, որի ճնշող մեծամասնությունը հայեր էին: Ուղափառ եկեղեցիները պետականակենտրոն են: Հատկապես հին ժամանակներում ու միջնադարում գիտակցությունը, արժեքները ձևավորվում էին եկեղեցիների կողմից: Հայ քաղկեդոնականները, ունենալով պետականակենտրոն մտածողություն, Հայաստանում պարտվելով հակաքաղկեդոնականներին, կերտեցին ոչ թե հայկական, այլ վրացական պետություն: Այս մասին շատ լուրջ հոդվածներ ունի Հարությունովա-Ֆիդանյանը, որոնք հայերեն թարգմանված չեն:
Ինչի՞ համար եմ այս ամենը ասում: Ես ցանկանում եմ հիմնավորել, որ տարբեր եկեղեցիները իրենց առաջ տարբեր խնդիրներ են դնում: Կաթոլիկ, ուղղափառ, բողոքական եկեղեցիներն իրենց առջև դնում են հանրային և պետական նշանակության խնդիրներ և փորձում են դրանք լուծել, լավ կամ վատ: Այդ նպատակի համար ստեղծում են իրենց սոցիալական հայեցակարգերը, ակտիվորեն միջամտում են հանրային կյանքին և իրենց տեսակետներն են հայտնում: Սակայն արևելյան եկեղեցիները, որոնցից են հայերը, իրենց առջև նման խնդիրներ չեն դնում, որովհետև պատմականորեն այդ խնդիրները վերապահված է իշխողներին, իսկ մենք հանդիսացել ենք ընդամենը միլիեթներից մեկը, որոնք անգամ լիարժեք հպատակներ չէին: Նման համայնքներում եկեղեցու գործառույթները պայմանավորված էին հիմնականում էթիկական և ընտանիքին վերաբերող հարցերով, իսկ համայնքից դուրս գտնվող «աշխարհի» հանդեպ պետք է լինել զգուշավոր, հնազանդ և կասկածամիտ: Ըստ այդ մտածողւթյան, այլազգիներից և այլակրոններից միշտ պետք է սպասել հնարավոր դավադրություններ: Պատահական չէ, որ այսօր էլ եկեղեցին սահամանափակվում է հիմնականում ընտանիքին վերաբերող հարցերով: Եվ պատահական չէ, որ ազգի հիմքը տեսնում են ընտանիքի մեջ, այլ ոչ թե պետության մեջ: Դա սոցիալական պասիվություն, անօրինականությանը համակերպվելու պատմականորեն ձևավորված աշխարհայացք ունեցող կառույց է:
Դա չի նշանակում, որ մյուս եկեղեցիները նույնպես չունեն իրենց թերությունները: Օրինակ, պատահական չէր, որ Սահակաշվիլու արևմտական քաղաքականությունն ի վերջո տապալվեց վրաց ուղղափառ եկեղեցու ակտիվ ջանքերով, ինչը վաղուց էր կանխատեսված: Ուղղափառ եկեղեցիները նույնպես հակաարևմտյան աշխարհայացք ունեն: Ավելին, այս առումով հայերը քաղաքակրթապես կարող են ավելի ճկուն լինել, քան արևմտամետ համարում ունեցող մեր հարևանները, սակայն դա այլ խոսակցություն է:
Այսպիսով, վերափոխվում են այն եկեղեցիները, որոնց դավանաբանությունը և սոցիալական հայացքները հստակ են և միտված են արձագանքելու հանրային խնդիրներին: Կաթոլիկ եկեղեցին կարող է ինքնուրույն վերափոխվել, սակայն հայ եկեղեցին, իմ կարծիքով, առանց պետության ճնշման, չի կարող վերափոխվել:

Ստեփան, մեր եկեղեցու վերափոխման գործընթացն ինչպե՞ս եք պատկերացնում:

20-րդ դարի սկզբին հայկական մամուլում մի տերմին հայտնվեց` «հին ցավը»: «Հին ցավի» մասին այն ժամանակվա մամուլում ակտիվ քննարկումներ էին գնում: «Հին ցավի» տակ հասկանում էին հայ եկեղեցու հիմնախնդիրը, որը չէր կարողանում արձագանքել ժամանակի պահանջներին, չէր կարողանում բարեփոխվել, իսկ հոգևորականները հիմնականում կոռումպացված և ապասոցիալական էին: Ինչպես հիմա է ընդունված ասել, դա «հոգևոր անվտանգության» խնդիր էր: Այդ ժամանակ եկեղեցու ներսում ի հայտ եկավ մի կրթված խավ, որը ցանկանում էր եկեղեցում բարեփոխումներ սկսել, սակայն այդ խումբը պարտվեց և պահպանողական հոսանքի կողմից հեռացվեց եկեղեցուց: Դրա մասին կարող եք կարդալ Հովհաննես Հովհաննիսյանի հոդվածում:
Հիմա մենք նույն խնդրի առաջ ենք կանգնած և դա ոչ միայն եկեղեցու, այլ առհասարակ պետության և հասարակության մոդեռնացման խնդիրն է:
Իմ կարծիքով, պետք է այլևս հնացած հայտարարել քաղկեդոնական-ոչ քաղկեդոնական լինելու հարցը, որը ժամանակին ուներ քաղաքական պատճառներ: Զրադաշտական Պարսկաստանը, իսկ հետագայում արաբները, թուրքերը Քաղկեդոնի ժողովի շուրջը տեղի ունեցած բանավեճի օգնությամբ ճեղքվածքներ էին մտցնում քրիստոնեական աշխարհի միջև: Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ Բյուզանդիայի կայսրը ոչ միայն բյուզանդացիների, այլ աշխարհի բոլոր քրիստոնյաների կայսրն էր, և բնականաբար Պարսկաստանում քրիստոնյաները դիտվում էին որպես հինգերրորդ շարասյուն, սակայն երբ որոշ քրիստոնյաներ Բյուզանդիայում համարվեցին հերձվածողներ, այսինքն օրենքից դուրս հայտարարվեցին, Պարսկական իշխանությունները նրանց սկսեց հովանավորել:
Դա կարելի է շատ հեշտ նկատել թեկուզ մեկ օրինակի վրա` երբ արաբները ոչնչացրեցին Պարսկաստանը, նույն ժամանակ` 633-ին Կարինի ժողովում հայերը ընդունեցին Քաղկեդոնի ժողովը, իսկ երբ արաբները հզորացան, 7-րդ դարի սկզբում, արաբների տիրապետության տակ մնացած եկեղեցին հրաժարվեց այդ որոշումից: Դա զուտ քաղաքական պատճառներ է ունեցել: Դրա մասին խուրհուրդ կտայի կարդալ Համլետ Դավթյանը հոդվածը: Իմիջիայլոց, մեզ հակաքաղկեդոնական դարձնելու գործում մեծ դեր են կատարել ասորի հոգևորականները:
Այդ բաժանման պատճառներն այլևս անցյալում են: Պետք է փակել Քաղկեդոնի ժողովի շուրջ եղած վիճաբանության էջը: Մենք պետք է վերամիավորվենք քրիստոնական աշխարհի հետ:
Երկրորդ, եկեղեցին պետք է դառնա բաց կառույց, որտեղ բոլորը մեկ անձի կամքից կախված չլինեն: Դա մի ծայրահեղ ավտորիտար մոդել է, որը վերարտադրման օրինակ է հանրության համար: Դա նաև հոգևորականների ազատագրման խնդիրն է, որոնք հիմա կախված են մեկ անձի կամքից: Երբեք այսքան մեծ քանակի կարգալույծ արված հոգևորականներ չեն եղել: Անազատ մարդը չի կարող հոգևոր նեցուկ լինել իր համայնքի համար: Պետք է հրապարակային դարձնել եկեղեցու բյուջեն:
Եկեղեցու ռեֆորմները առաջին հերթին պետական խնդիր է: Իսկ մինչ այդ, մենք պետք է հասկանանք, որ նման ավանդույթներ ունեցող եկեղեցին միշտ ադապտացվելու է իշխողներին, ինչ ազգի ու ինչ բնույթի էլ չլինի այդ իշխողը: Երբ կաթողիկոսությունը 1441-ին Սսից տեղափոխվել է Էջմիածին, թուրքմեն նվաճողների ակտիվ աջակցությամբ, հիմքում դրված էր նվաճողներին հնազանդվելու գաղափարախոսությունը: Շատ կարևոր հոդված ունի այդ մասին Վարդան Ջալոյանը:
Եկեղեցու, և առհասարակ Հայաստանի առջև կանգնած հիմնական խնդիրը կարելի է ձևակերպել այսպես. մենք պետք է վերադառնանք քրիստոնեական քաղաքակրթություն:

 

lragir.am