– Մենք կարծես թե մի հանգրվանի ենք հասել, երբ Հայաստանի քաղաքական գործիչները և քաղաքական կուսակցություններն այլև ասելիք չունեն: Կարծես թե եկել է ժամանակը փորձել ավելի խորքային կերպով հասկանալ, թե ինչո՞ւ ենք հասել այս վիճակին: Ըստ երևույթին Հայաստանում ոչ միայն քաղաքական և սոցիալական ճգնաժամ է, այլ գուցե առաջին հերթին մշակութային և աշխարհայացքային: Համաձայ՞ն եք այս կարծիքի հետ:
– Անդրադարձս տրված հարցին, ցավոք, ավելի հավանական է, որ իբրև նմուշ մեկ անգամ ևս մատնի իրավիճակը, քան պատկերի այն՝ չէ՞ որ նույն համատեքստից է: Ամեն դեպքում, քաղաքական գործիչներն ինչ-որ բան խոսում են, լրատվամիջոցները՝ աշխատում, և եթե ըստ այդմ զգացվում է խոսքի պակաս, ուրեմն պիտի ճշտենք մեր սպասելիքը: Ինչ վերաբերում է մշակույթին, եթե ճիշտ հասկացա, գտնո՞ւմ եք, որ քաղաքական ասելիքի թերացումը հետևանք է մշակութային ճգնաժամի, այլ ոչ, ասենք, հակառակը:
– Սպասելիքները կարծես թե պարզ են, դրանք անգամ կարող ենք գտնել կուսակցությունների անվանումների մեջ` օրինաց, բարգավաճ, հանրապետական երկիր, անգամ ստեղծված իրավիճակում շատերը դեմ չէին լինի, որ գոնե հայ հեղափոխական լինի երկիրը, սակայն դա էլ չի ստացվում: Եթե երկիրը չի կայանում, ավելին` գլորվում է անդունդ, ապա առաջանում է հարց. քաղաքական ուժերի՞նն է միայն ողջ պատասխանատվությունը, թե՞ նաև հանրությանը: Համենայն դեպս Հայաստանում կարծես թե բացակայում է սոցիալական համերաշխության դրսևորումները, իսկ դա կարծես թե արդեն մշակութաբանական ու աշխարհայացքային խնդիր է:
– Իսկապես ողջունելի է, երբ տարբեր մուսաների հետևորդներն արժանապատվությամբ պատասխանատվություն են վերցնում ընկերային ու քաղաքական, նույնիսկ խորապես ցավոտ իրադարձությունների համար, բայց ոչ հակառակը՝ ինչը, ավաղ, հաճախ է լինում մեզանում՝ պահանջել նրանցից պատասխանատվություն, որը սկզբունքորեն իրավական հարթություն է մտցնում՝ մի ասպարեզ, ուր այն վնասակար է: Մշակո՞ւյթը (նեղ իմաստով), այո’, քաղաքական է, արվե՞ստը, այո’, քաղաքական է, սկզբունքորեն և միանգամայն տարբեր կերպ, բայց հատկապես, երբ ուղղակիորեն անմիջապես չեն ծառայեցվում քաղաքական, քաղաքացիական ասպարեզին: Այլապես, սպասարկելով, արդյունքում, փաստորեն, ապաքաղականացվում են, զրկվում են իրենց բնորոշ քաղաքական լիցքից, սաբոտաժ անում այն ու իրենց անելիքը: Գործերի մեջ տարբերությունը շատ նուրբ է, հաճախ աննկատելի: Ցավալիորեն նույնիսկ անմիջական գաղափարախոսական պատվերի կամ ցուցման բացակայության դեպքում էլ ստեղծագործությունները վկայում են իրենց ոլորտի խնդիրներին հետևելու գիտակցության նախօրոք գիտակից, հաճախ անգիտակցական կապիտուլացիան իրավաքաղաքական ոլորտի կոորդինատներին:
– Մենք կարցես թե քննարկում ենք Հերման Հեսսեի հայտնի վեպն այն մասին, թե արդյոք կարող է արվեստը լինել միայն արվեստի համար և կապ չունենալ կյանքի հետ: Խնդիրն այլ է. արվեստ փոխկապակցված է փիլիսոփայությանը, աստվածաբանությանը, հանրային կյանքին և շատ հաճախ մի քանի քայլ առաջ է լինում: Խոսքն այն մասին չէ, որ արվեստագետներն իրենց վրա վերցնեն սպառված քաղաքական գործիչների գործառույթները կամ սպասարկեն իշխանություն ունեցողներին: Խոսքն այն մասին է, որ գուցե հայկական հասարակությունը կամ Տիգրան Սարգսյանի խոսքերով ասած «հայկական աշխարհը» սպառված է և օրինաչափ է, որ պառլամենտում են գեներալներ Սեյրանն ու Մանվելը, Շմայսն ու մնացածները, իսկ «մասնագետները» կոնկրետ խնդիրների փոխարեն ներգրավվում են Ռուսաստանի և Արևմուտքի բախմանը` ներքաղաքական կոնտեքստում: Միտքը` քաղաքական կամ մշակութային, Հայաստանում արդեն սպառվա՞ծ է:
– Մտքերը կոնկրետ են՝ կապված և հատուկ այս կամ այն խոսույթին, ոլորտին, որքան էլ այն վերացական թվան, կամ վերաբերեն համընդհանուրին: Ընդհանրապես «միտք» չի լինում: Միտքն ակնկալելը ենթադրում է կենալ որևէ ոլորտում կամ սահմանագծել նորը դրանց թնջուկում: Ուրեմն, տրված հարցը վերաբերում է հենց մեր ունակությանը կոնկրետացնելու խնդրի դրվածքն ու շրջանակը: Որքանո՞վ է դա հնարավոր ներկայում՝ այսօրվա պայմաններում: Այդ մտահոգությամբ էր, որ վերը՝ պատասխանատվության մասին խոսելիս, փորձում էի սահմանազատել դրա կիրառման բնագավառները: Սկզբունքորեն ցանկալի կլիներ, որ թեկուզ այս խոսակցությունը, նույնիսկ չնայած ձևաչափի առանձնահատկությանը, ընթանար ոչ թե իբր դատարկ տեղում զրոյից՝ ինչպես, ցավոք, հաճախ է լինում մեզանում և, ասես պատահաբար, հիշեցներ գերմանացի, չին կամ այլ հեղինակի տեքստը, այլ իր նյութին վերաբերող կոնկրետ, առկա քննարկմանը փորձեր թեկուզ հեռակա մասնակցել, շարունակել՝ տեսնել տիպարներն ու իր նյութի քննարկման ավանդույթի ներկայիս հանգրվանները, եթե ոչ մտքի ակնկալիքով, ապա գոնե այն բաց չթողնելու պատրաստությամբ: Չէ՞ որ մտքի ի հայտ գալը կախված է մտքի քմահաճույքից, իսկ դրա հայտնությանը պատրաստ չլինելը մեր թերացումն է լինելու: Թե որքանով ի վիճակի կլինեի հետևել ասածիս, կլիներ Ձեր հարցի պատասխանը:
Ի դեպ, որքան էլ խոսքը դրա մասին չէր, այնուամենայնիվ, բոլորովին խնդիր չէ, եթե որևէ մուսայի հետևորդը մտնում է քաղաքական ասպարեզ, կամ՝ հակառակը, եթե ըստ այդմ չի երևակայում, թե նախկին գործով է զբաղված, չի համատեղում տարբեր դերերը միաժամանակ: Ոլորտից ոլորտ անցումը կարող է նոր հեռանկարների հնարավորություն տալ, բայց պտղաբեր է, եթե գործորդը լիովին տրվում է նոր համատեքստին՝ տվյալ ընթացքում առանց նախկին կամ զուգահեռ միջավայրին ապավինելու՝ այնտեղից ապահովություն ակնկալելով : Ինչ վերաբերում է «հայկական աշխարհ» արտահայտությանը՝ այն ինձ խրտնեցնում է. կարծես թխված է առանց այն էլ իրար կրկնել փորձող հայտնի հզոր տիպարներին կապկելով: Չեմ մարսում նաև «հայկական քաղաքակրթություն» ասվածը: Կարծում եմ՝ դրանք ապակողմնորոշող անվանումներ են:
– Լավ, գանք կոնկրետ հարցի: Այն ինչ կատարվում է Հայաստանում, բոլորիս է վերաբերվում: Նկատի չունեմ վեհ գաղափարները` քաղաքացիական պարտք, հայրենասիրություն, ժողովրդավարություն և այլն: Նկատի ունեմ զուտ ազգային կամ անհատական անվտանգությունը, սոցիալական գոյատևման պարզագույն խնդիրները, այսինքն այն, որ վաղը հոսանքն ու ջուրը չանջատվեն, փողոցում մեզ չդանակահարեն և դանակահարողը մյուս օրը ազատության մեջ չհայտնվի, հացը տալոններ չբաժանեն և այլն:Այսինքն մենք չդառնանք անկառավարելի հանրություն, այսինքն պետությունը չդադարի իր պարզագույն ֆունկցիաները կատարել: Նման պայմաններում պետք է գործի պարզագույն ինքնապահպանման բնազդը, իսկ մուսաները կանգնում են մի կտոր հացի խնդրի առջև: Այս առումով, ինապահպանման պարզագույն բնազդը ի՞նչ է Ձեզ թելադրում: Հնարավոր է, որ այդ հարցի շուրջ մարդանց մոտ համերաշխության դրսևորում սկսի գործել, երբ փիլիսոփայության դոկտորը և ավտոմեխանիկը դառնում են պայքարի ընկերներ: Հիշո՞ւմ եք Մաուգլի մասին մուլտֆիլմը, երբ երաշտի ժամանակ ջրի մոտ եղնիկն ու ջայլամը միասին հանգիստ ջուր են խմում:
– Ինքնապահպանման բնազդ, ֆիզիկական անվտանգություն, հացի խնդիր և սրանց վրա խարսխված համերաշխության հարցը՞, ընդ որում, սպասելիքները, օրինակ, տեսնում եք արտահայտված կուսակցությունների անուններում: Արդյո՞ք օրինաց երկրում ապրելու համար պետք է առաջին հերթին հենց օրինականության խնդիր դնել, կամ՝ բարգավաճ լինելու համար՝ բարեկեցությա՞ն խնդիր, կամ արդյո՞ք ընկերային համերաշխության լավագույն մերանը այդ բազմաչարչար ինքնապահպանման բնազդ կոչվածը կարող է լինել: Գուցե այդ ցանկալի անվանումներն ու համերաշխությունը լինում են որպես հետևանք այլ հրապույրներ ու ձգտումներ ունենալու: Չէ՞ որ հանրության ներկա, ձեզ անհանգստացնող իրավիճակը տեղի ունի ազգային անվտանգության հրամայականի առաջնայնությունը մշտապես պնդելու պարագայում:
Երբ հարցնում էիք մշակութային պատասխանատվության մասին, ինձ թվաց, որ նշված նպատակներն ու հրամայականը պիտի քննարկվի: Ուրեմն, «ի՞նչը կարող է միավորել» հարցը տալիս չմոռանանք, որ միասնականության պահանջը հենց մշակութային ու քաղաքական պաշտոնապես հռչակվող գերակայություններից է: Արդյո՞ք բավարար տարբեր են, ավելի ճիշտ՝ ինչպե՞ս են էթնիկ առումով գրեթե համասեռ հանրության մեջ տարբերվում Ձեր նշած ավտոտեխնիկն ու դոկտորը կենցաղում, էքզիստենցիալ ուղղվածության մեջ:
Առողջ գործընթացների համար ի՞նչ լեզվական խզումներ ու լեզվարտադրություն, ուրեմն՝ առաջին հերթին կենսակերպերի անհամատեղելիություն է անհրաժեշտ: Ունեցվածքի տեսակետից բևեռացումը չի նշանակում անհամատեղելիություն: Խնդիրը ոչ թե ինքնապահպանությունն է, հավատարմությունը ինքնության ֆետիշներին ու ավանդույթներին, այլ որոշարկման, կայացման՝ անձնական ու խմբային ճանապարհներ բացելը, եթե կուզեք՝ հակադրվելը երջանկությանը:
– Որքան հասկացա, Դուք հիմնական վտանգը տեսնում եք միասեռության մեջ, այսինքն դեմ եք «մեկ ազգ, մեկ մշակույթ», «ով առաքելական չի, հայ չի», «համախմբվենք նախագահի շուրջը», «մեր ազգին սազական չի» և նմանատիպ կարգախոսների մեջ:
– Հնարավոր է առիթ լինի դրանք մեկ առ մեկ ու միասին հանգամանալից քննարկելու Ձեզ հետ, ընդհանրապես կարգախոսների գործիքի մեկնաբանմամբ, եթե, իրոք, նպատակահարմար գտնեք: Բազմաթիվ վտանգներից, առայժմ, տարբեր գիտակարգերի և կրթանքների համատեղ ուշադրությունն ու ջանքը կրկին կհրավիրեի փնթիության վրա, որ անպակաս է մեր «հանապազօրյա» լղոզված ու հապճեպ անփութությանը, մտասևեռումների հետևանքով կենտրոնանալու անկարողության վրա հանրության մասշտաբով: Փնթիությունն իբրև հղացք ձևակերպելու կարիք կա:
religions.am