Շատ անգամ հակագովազդն էլ է գովազդի դեր կատարում

  • 13/11/2014
  • Մհեր Մելիքյան

  • Իջևանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցու պատասխանատու հովիվ

– Ե՞րբ է «Կյանքի Խոսք» համայնքը հաստատվել Իջևանում և որքա՞ն անդամ ունեք:

– Գրեթե 7 տարի է, ինչ համայնքը կա: Ունենք մոտ 60 անդամ: Գրասենյակ կամ աղոթատուն դեռ չունենք, բայց փորձում ենք հասանելի լինել հասարակությանը, ծավալել աշխույժ եկեղեցական կյանք և սոցիալ-մշակութային գործունեություն: Անցկացնում ենք Աստվածաշնչի սերտողություն, աղոթաժողովներ, պաշտամունքներ, տոնակատարություններ, մշակութային միջոցառումներ: Մեր հնարավորության սահմաններում ձգտում ենք օգնության ձեռք մեկնել քաղաքի և հարակից գյուղերի կարիքավոր ընտանիքներին, սակայն մեծ սոցիալական ծրագրեր իրականացնելու կարողություն դեռևս չունենք: Համայնքի ներսում փորձում ենք իրար օգտակար լինել` ինչով կարող ենք:

– Ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեք քաղաքի մյուս կրոնական համայնքների հետ:

– Անուններով գրեթե բոլորին էլ ճանաչում ենք: Առողջ փոխհարաբերություններ ենք պահպանում Ավետարանական ընտանիքի այլ եկեղեցիների հետ: Երբ հանդիպում ենք, ազատորեն շփվում ենք, զրուցում:

– Որպես ավետարանական-հոգեգալստական շարժում` պահպանողական այս մարզում կրոնական քարոզչության հարցում խնդիրներ չեք ունենո՞ւմ:

– Գործնականում, իհարկե, դա հեշտ չէ: Բայց քարոզչությունը կարող է տարբեր կերպ արտահայտվել. մենք ավելի շատ կարևորում ենք Ավետարանով ապրելն ու Քրիստոսի սերը դրսևորելը, և երբ մարդիկ տեսնում են մեր փոխված կյանքերը, ավելի հեշտ են հավատում ու հասկանում մեր քարոզած Ավետարանը: Ավետարանով ապրած կյանքի մեջ է քարոզչության զորությունը: Հիսուսն Ինքն ասաց, որ մարդիկ կտեսնեն ձեր գործերը և կփառավորեն Աստծուն:

Մի երիտասարդ կար, որը գլխացավանք էր շատերի, այդ թվում` իրավապահների համար: Երբ մենք ծանոթացանք և նա որոշում կայացրեց հետևել Հիսուսին ու փոխել կյանքը, մարդիկ խաղաղվեցին: Հիմա նա ոչ մեկին չի անհանգստացնում, ապրում է նորմալ կյանքով և մարզիչ է աշխատում: Պատճառը մեկն է` Աստծո սերը. մենք սիրում ենք մարդկանց:

– Իսկ հնարավո՞ր է արդյոք նման աշխատանքներում համագործակցություն ոստիկանության հետ, գուցե վերականգնողական կենտրոններ բացվեն մարզերում: Մենք տեղյակ ենք, որ աշխարհում բավական լայն տարածում ունեն կրոնական կազմակերպություններին կից գործող վերականգնողական կենտրոնները:

– Ես նույնպես տեղյակ եմ, որ եկեղեցիներին կից գործող վերականգնողական կենտրոնները շատ մեծ օգնություն են ցուցաբերում կախվածություն ունեցող անձանց, որպեսզի նրանք ազատագրվեն մեղքի կապանքներից և վերադառնան նորմալ կյանքին: Թմրադեղերից, ալկոհոլից կամ վատ սովորություններից կախվածությունն իրականում հոգևոր գերության վիճակ է, որից մարդը, որպես կանոն, ինքնուրույն չի կարողանում դուրս գալ. նրան պետք է լինում օգնել: Նման պարագայում, իհարկե, շատ օգտակար կարող են լինել վերականգնողական կենտրոնները:

Թե ինչ կարծիք ունի այդ մասին ոստիկանությունը, ես չգիտեմ, բայց նմանօրինակ կենտրոններն ամբողջ աշխարհում ունեն շատ հաջողված փորձ: Անկեղծ ասած` մենք այժմ այդ ուղղությամբ չենք մտածում, քանի որ ես հասկանում եմ, թե ինչ ռեսուրսներ են պահանջվում այդպիսի կենտրոնի գործունեության համար:

Մյուս կողմից` պետք է ասեմ, որ անկախ այն բանից` կա այդպիսի կենտրոն, թե ոչ, եկեղեցին միևնույն է գործ ունի մարդու մտքի և հոգու, նրա ներաշխարհի հետ: Եկեղեցին աշխատում է դարձնել մարդուն ազատ մեղքի կապանքներից, իսկ երբ նա ազատվում է, այլևս չի ցանկանում հետ վերադառնալ հին կյանքին: Ինչպես որ Հովհաննեսի Ավետարանում է գրված. «Ուրեմն եթե Որդին ազատի ձեզ, հիրավի ազատ կլինեք»։

– Իսկ այստեղ մեկ այլ վտանգ չի ծագո՞ւմ. մի կախվածությունից ազատվելով` հայտնվելու մեկ այլ կախվածության մեջ, կրոնական գերության մեջ:

– Ընդհակառակը` եկեղեցին մի վայր է, որտեղ մարդը ազատություն է գտնում իրեն գերող արատներից և մեղքերից: Եվ որպես անհատ, որպես ազատ մարդ սկսում է գոհանալ և փառք տալ Աստծուն: Ես` որպես եկեղեցու հովիվ, ունեմ ազատ կամք և ինքնուրույն եմ որոշում ու ընտրություն կատարում, ինձ ոչ ոք երբեք ոչ մի հարցում չի պարտադրել ինչ-որ բան: Նույնպես յուրաքանչյուր անդամ ունի այդ ազատությունը: Բոլորն ազատ են և’ հաճախելու և’ ընտրություն կատարելու մեջ: Մենք միշտ ասում ենք` մեզ մոտ գալը հեշտ է, դուրս գալն` ավելի հեշտ:

– Եկեղեցի և քաղաքականություն փոխհարաբերություններն ինչպիսի՞ն են ձեր պատկերացմամբ:

– Յուրաքանչյուր առանձին քաղաքացի ազատ է իր կամքն ունենալու և արտահայտելու հարցում, բայց եկեղեցին` որպես հոգևոր հաստատություն, չպետք է խառնվի քաղաքականությանը: Առանձին անդամը կարող է հարել որևիցե քաղաքական ուժի և ցանկության դեպքում զբաղվել քաղաքականությամբ, սակայն իրավունք չունի իր տեսակետը կամ գործունեությունը վերագրել եկեղեցուն: Եկեղեցու առաքելությունը հոգևոր է, ուստի այն չպետք է իրականացնի քաղաքական քարոզ կամ սատարի որևէ ուժի կամ անձի: Եկեղեցու դիրքորոշումն այն է, որ մարդը ցանկացած ոլորտում լինի ազատ մեղքից և դավանի քրիստոնեական բարձր արժեքներ: Մեր պաշտոնական կայքում տեղադրված է «Կյանքի Խոսք» եկեղեցու սոցիալական հայեցակարգը, որում մանրամասն շարադրված են մեր մոտեցումները:

– Ինչպե՞ս եք վերաբերվում զինվորական ծառայությանը, ձեր եկեղեցու անդամները ծառայո՞ւմ են բանակում, թե՞ նախընտրում են այլընտրանքային ծառայությունը:

– Մենք ծառայում ենք զինված ուժերում: Ես ինքս էլ ծառայել եմ Հայոց բանակում և ստացել եմ նույնիսկ շնորհակալագիր: Հայրենիքը և ազգը մեզ համար բարձր արժեքներ են, դրա համար մենք լուրջ ենք վերաբերվում Հայրենիքի պաշտպանությանը: Զինվորական ծառայությունը պարտականություն է սեփական ժողովրդի և ընտանիքի հանդեպ, որը հարկավոր է կատարել:

– Իսկ հրամանատարությունը գիտե՞ր, որ դուք «Կյանքի Խոսք» եկեղեցուց եք:

– Այո´, գիտեին, այն ժամանակ դա ոչ մի արտասովոր դեր չէր խաղում: Ես ինքս չեմ առնչվել հավատաքննության խնդիրների, բայց այսօր ես չգիտեմ, թե ի՞նչ խնդիրներ են առաջանում: Իհարկե, ժամանակ առ ժամանակ իմանում ենք որոշ միջադեպերի մասին, սակայն ներկայիս իրավիճակի մասին լիարժեք պատկերացում ես չունեմ:

– Հաճախ են մամուլում լուրեր տարածում ու ձևավորում հասարակական կարծրատիպեր, որ կրոնական կազմակերպությունները դրսից ստանում են ֆինանսավորում և այստեղ են հաճախում միայն սոցիալապես անապահով, դժվարության մեջ հայտնված մարդիկ` բավարարելու համար իրենց նյութական կարիքները: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Իհարկե ո´չ, դա միանշանակ այդպես չէ: Ճիշտն ասած` ես չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ, թե ով ինչ է ստանում դրսից, բայց մեր եկեղեցին ամբողջովին ինքնաֆինանսավորվող եկեղեցի է: Ոչ ոք չի կարող հայտնվել և ասել, թե ես ֆինանսավորում եմ Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցուն, հետևաբար այսինչ բանը պետք է լինի այսպես կամ այնպես: Բոլոր առումներով, այդ թվում և ֆինանսական, մենք լիովին ինքնակառավարվող եկեղեցի ենք:  Մեր ֆինանսներն ամբողջովին թափանցիկ են պետության համար:

Ինչ վերաբերում է նյութական շահագրգռությանը, ապա միանշանակ մեր եկեղեցի մարդիկ հաճախում են իրենց հոգևոր կարիքներից դրդված, այլ ոչ նյութական: Մեր եկեղեցու դռները բաց են տարբեր սոցիալական խավի պատկանող մարդկանց համար`լինեն հարուստ, թե կարիքավոր: Ինչ խոսք, մենք ձգտում ենք քաղցածին կերակրել, ծարավին ջուր տալ, մերկին հագցնել, հիվանդին այցելել, բանտում եղողին տեսակցել, այլապես սերը կլինի վերացական մի բան: Մեկ ուրիշ խոսքերով` եկեղեցին զբաղվում է բարեգործությամբ, բայց բարեգործական կազմակերպություն չէ: Ոչ ոք չի կարող ասել, որ ինքը եկեղեցի է գալիս, քանի որ նյութական շահագրգռություն ունի:

Ի վերջո, չարախոսողները պետք է լուծեն իրենց իսկ ստեղծած պարադոքսը. մի կողմից ասում են, թե մեզ մոտ կարիքավորներն են գալիս` շահից դրդված, մյուս կողմից` ահազանգում են, թե այնտեղ տասանորդ և նվիրատվություն են հավաքում խեղճ մարդկանցից: Այո’, Սուրբ Գրքի հիման վրա տասանորդ և նվիրատվություն հավաքում ենք ու դրա համար էլ ինքնաֆինանսավորվող եկեղեցի ենք, բայց ոչ մեկին օգնություն չենք բաժանում, որ գան մեր եկեղեցի:

Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ շատ անգամ հակագովազդն էլ է գովազդի դեր կատարում: Եվ մարդիկ հետաքրքրությունից դրդված գալիս ու տեսում են, որ դա այդպես չէ, և ավելի շատ են սկսում հարգել:

– «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացի շրջանակներում բախումներ չե՞ն եղել:

– Նման դեպքեր չեմ հիշում: Գուցե տարածաշրջանի առանձնահատկություններից է բխում, բոլորն իրար ճանաչում են, ու դա է պատճառը, որ նման խնդիրներ չեն եղել: Մենք Հայ եկեղեցու պատմության դեմ ոչինչ չունենք, մեր երեխաները նորմալ հաճախում և սովորում են այդ դասերը: Կարևորն այն է, որ ուսուցիչները ցուցաբերեն մանկավարժական բարեխիղճ մոտեցում և երբեք չփորձեն որևէ աշակերտի ենթարկել հավատաքննության կամ ինչ-որ բան պարտադրել:

– Ի՞նչ ծրագրեր է իրականացնում եկեղեցին վերարտադրողական առողջության ոլորտում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:

– Մենք լուսաբանող միջոցառումներ ու անհատական աշխատանքներ ենք իրականացնում հղիության արհեստական ընդհատման դեմ` սովորեցնելով մարդկանց զերծ մնալ նման քայլերից` աբորտը համարելով կանխամտածված սպանություն: Մենք օգնում ենք ընտանիքներին վերականգնել հարաբերությունները և չհասնել ծայրահեղ լուծումների:

Այսինքն, եկեղեցին ունի հասարակական խնդիրների լուծման հարցերում իր կարևոր նշանակությունը: Նա միշտ ակտիվ է դրանք բարձրաձայնելու, մարդկանց կոչ անելու և օգնելու գործում: Եկեղեցին աղն է, լույսն է հասարակության: Հավատացյալ քրիստոնյան իր գործունեությամբ երկրի լույսը պետք է լինի, սա պատասխան է շատ հարցերի: Եթե որևէ բնագավառում մենք չունենք հաջողություններ, աղ, որը համեմում է ոլորտները, մենք չենք ունենա հաջողություններ ազգային մակարդակով:

 

Արմինե Դավթյան
Հատուկ v1.religions.am կայքի համար