Հասարակական քննարկումների ժամանակ ազգ-Եկեղեցի աղերսներն այսօր հաճախ են շոշափվում. մի կողմից արտահայտվում են կարծիքներ որոնք, Հայ Առաքելական Եկեղեցու անուրանալի դերը հայ իրականության մեջ շեշտելով, «ազգային Եկեղեցի» գաղափարն են առաջ քաշում, Հայոց Եկեղեցու ազգապահպան, հայապահպան գործառույթների մասին խոսում, իսկ մյուս կողմից Հայ Եկեղեցին քննադատող կարծիքներ են հնչում: Բնակչության արտագաղթի, աղանդավորական քարոզչության և համաշխարհային գլոբալիզացիայի պայմաններում խնդիրն ավելի սուր և առօրեական է դառնում: Սակայն արտահայտվող կարծիքների մեջ ազգ-Եկեղեցի փոխկապակցության աստվածաբանական ենթահողը լիովին անտեսվում է, իսկ պատմական կողմը բավարար կերպով չէ, որ քննության է առնվում: Մինչդեռ խնդրի թե՛ աստվածաբանական, թե՛ պատմական լիարժեք և անկողմնապահ քննությունը հարցի լուսաբանումը նոր հարթության վրա կարող է դնել:
Քրիստոնեության սրբազան գրքի` Աստվածաշունչ մատյանի համաձայն` «ազգ» երևույթն առաջացավ բաբելոնյան աշտարակաշինությունից հետո, երբ Աստված, միասնական մարդկության («Եւ էր ամենայն երկիր լեզու մի, եւ բարբառ մի ամենեցուն» (Ծն. ԺԱ, 1)) նախաձեռնությանը խոչընդոտելով, նրանց լեզուն խառնեց. «Խառնակեաց Տէր Աստուած զլեզուս ամենայն երկրի, եւ անտի ցրուեաց զնոսա Տէր Աստուած ընդ երեսս ամենայն երկրի» (Ծն. ԺԱ, 9):
Հատկանշական է, որ Աստվածաշունչը որպես ազգաստեղծ գործոն ընդունում է բացառապես լեզուն, և ոչ թե մարդաբանական տվյալները կամ օրինակ` կրոնադավանական տարբերությունները: Ճիշտ այս պատճառով է, որ Աստվածաշնչի բառապաշարի մեջ «ազգ» և «լեզու» հասկացությունները հոմանշային արժեք ունեն:
Բաբելոնյան խառնակությունից հետո մարդիկ համայն երկրով մեկ ցրվեցին, և լեզվական տարբերության հիման վրա սկսվեց տարբեր ցեղերի և ազգերի սերման ընթացքը` «ըստ լեզուս յազգս իւրեանց եւ ի տոհմս իւրեանց» (Ծն. Ժ, 5): Այս պահից սկսած Աստվածաշնչի առաջին գրքի` Ծննդոցի ուշադրությունը հրեա ժողովրդի նախահայրերի` Աբրահամի, Իսահակի և Հակոբի վրա է սևեռվում: Անկյալ մարդկությունը փրկելու նպատակով Աստված գործի է դնում իր նախահավիտենական ծրագիրը` «Տնօրինությունը», համաձայն որի` աշխարհ պիտի գար Օծյալ Փրկիչը: Տնօրինության մեջ առանձնահատուկ դերակատարություն ուներ «աստվածընտիր ազգը»: Որպես այդպիսին Աստված ընտրեց իր հավատարիմ ծառա Աբրահամի սերունդը` եբրայեցիներին: Հրեա ժողովուրդը, որի ազգասերումն (էթնոգենեզ) ամբողջացավ Ք. ա. մոտավորապես XIII դ., կոչված էր դառնալու այն արգավանդ միջավայրը, որտեղ աշխարհի Փրկիչը պիտի ծնվեր: Հրեաներն Աստուծո բացառիկ հովանավորությունն ու պաշտպանությունն էին վայելում: Իսրայելն Աստուծո ծառան ու զավակն էր, Տիրոջ բացարձակ սեփականությունը:
Իսրայելը միակ ժողովորդն էր, որին վստահված էր ճշմարիտ Աստվածճանաչողությունը, սակայն ի վերուստ նրանց տրված բոլոր մենաշնորհներն իրականում ծանր պարտավորություններ էին առաջ բերում: Հեթանոս ազգերով շրջապատված հրեաներն առ Աստված իրենց հավատարմությամբ հարևան հեթանոս ժողովուրդների մեջ ճշմարիտ հավատքը պիտի քարոզեին ու տարածեին: Իսրայելը կոչված էր լինելու այն թթխմորը, որ ճշմարիտ կրոնի ուժով պիտի շաղախեր ու կենագործեր հեթանոսության խավարի մեջ ապրող մնացյալ մարդկությանը:
Հին Կտակարանի ողջ պատմությունը սակայն, ցույց տվեց, որ Իսրայելը չափազանց վատ էր իրականացնում իր ծառայությունը` մշտապես դեպի հեթանոսություն շեղվելով: Դեռ անապատի քառասնամյա դեգերումների ժամանակ Աստված որոշում է ոչնչացնել իր ընտրյալ ազգը և մի նոր ժողովորդ ստեղծել Մովսեսից, սակայն վերջինիս բարեխոսությունը կանխում է Տիրոջ այդ սպառնալիքը: Հետագայում էլ հրեաների շեղումներն ու դրանց հաջորդող Աստուծո զայրույթը շարունակ կրկնվում են, այնպես որ Աստված զղջում է իր ընտրության համար, հրաժարվում հրեաներին ողորմելուց ևն: Այս թեմաները մարգարեական գրվածքների մեջ կայուն ու մշտամնա տեղ են զբաղեցնում: Միևնույն ժամանակ Աստուծո ուշադրությունը հետզհետե դեպի հեթանոսներն է շրջվում: Մարգարեները հստակ խոսում են հեթանոսների կանչի մասին, ակնարկելով, որ Աստված-մարդ նոր ուխտի մասնակիցներն են դառնալու բոլոր ժողովուրդները:
Ք. ա. 722 և 586 թթ. համապատասխանաբար ընկան հրեա ժողովրդի երկու պետությունները` Իսրայելի (Հյուսիսային) և Հրեաստանի (Հարավային) թագավորությունները: Վերջինիս անկմանը հետևեց բաբելոնյան գերության ժամանակարշրջանը, որից հետո Հրեաստանը հելլենիստ նվաճողների, ապա և աշխարհակալ հռոմեացիների իշխանության ներքո պիտի հայտնվեր: Պատմական այս ջախջախիչ հարվածները բազմաչարչար հրեա ժողովրդի մեջ նոր գաղափարական զարգացումների անհրաժեշտությունն ստեղծեցին: Դրանք, իհարկե, նախևառաջ կրոնական-աստվածաբանական ըմբռնումների դաշտում տեղ գտան: Մասնավորապես, բացարձակեցվեց Երուսաղեմի տաճարի դերը. այն արդեն իսկ աշխարհասփյուռ հրեա ժողովրդի ազգային-կրոնական կյանքի, նվիրական բոլոր զգացումների հանգուցակետը դարձավ: Այսպիսով, հետբաբելոնյան հրեական աստվածապաշտությունը նախևառաջ որպես «տաճարակենտրոն» կարելի է բնորոշել:
Տաճարակենտրոնությանը զուգահեռ քահանայապետի նշանակությունը բարձրացավ. հրեից կրոնապետն ազգապետ (էթնարքոս) դարձավ` օտար տիրապետողների առջև ժողովրդի ներկայացուցչությունն ստանձնելով:
Մշտական ազգային-կրոնական կեղեքումները հրեաների ինքնագիտակցության ու ինքնաարժևորման մեջ նոր շեշտեր դրեցին. ընդգծվեց նրանց բացառիկությունը, մյուս` կռապաշտ ժողովուրդների հանդեպ ունեցած հոգևոր առավելությունը: Այս ամենն ինչ խոսք, գաղափարական պատնեշներ էին, որ իր ազգային ու կրոնական ինքնությունը փրկել ջանացող հրեա հասարակությունն ստեղծում էր` այն ժամանակվա գլոբալիզացիային` հելլենականությանը դիմագրավելու համար:
Արմատապես վերափոխվեց հրեական կրոնի ամենաէական կետը` Մեսիայի մասին ուսմունքը (փրկչաբանությունը). եթե հինկտակարանյան մարգարեություններում Մեսիան որպես մեղքերից փրկող, երկրի վրա հոգևոր առաքելություն իրականացնող Անձ էր ընկալվում, ապա հետբաբելոնյան շրջանից սկսած` Մեսիան հրեա ժողովրդի ազգային փրկիչն է, հերոսային մի անձնավորություն, ով Աստուծո կեղեքվող ժողովրդին օտար տիրապետությունից պիտի ազատագրեր և նրա պատմության փառավոր ժամանակաշրջանը` Դավթի թագավորությունը պիտի վերահաստատեր:
Ահա այսպիսիք էին հրեա ժողովրդի ազգային-կրոնական ըմբռնումներն այն ժամանակաշրջանում, երբ աշխարհ եկավ խոստացյալ Փրկիչը: Տեր Հիսուսի հասարակական գործունեությունից առաջ քարոզչություն էր ծավալել նրա կարապետը` սբ. Հովհաննես Մկրտիչը, ով հրեաների ազգային հպատրությունն ու մեծամտությունը սուր քննադատության էր ենթարկում: Ժողովրդի հոգևոր առաջնորդներին` փարիսեցիներին ու սադուկեցիներին դիմելով` Կարապետն ասում էր. «Ծնունդք իժից…մի’ համարիցիք ասել յանձինս թէ ունիմք մեք հայր զԱբրահամ. ասեմ ձեզ, զի կարող է Աստուած ի քարանցս յայսցանէ յարուցանել որդիս Աբրահամու…ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի` հատանի եւ ի հուր արկանի» (Մատթ. Գ, 7-11):
Տեր Հիսուս Քրիստոսը, Ով ըստ իր մարդկության Հուդայի ցեղից էր սերում, հրեայի ինքնագիտակցություն ուներ (տե՛ս Յովհ. Դ, 22), բայց անողորմ կերպով խարազանում էր այն բոլոր շեղումները, որ արմատացել էին հրեա հասարակության մեջ: Տիրոջ վարդապետության համաձայն` «Աստուծո արքայությունը» ներքին, հոգևոր իրողություն է (Ղուկ. ԺԷ, 21), և ոչ թե իսրայելյան երբեմնի հզոր պետականության վերականգնումը: Ինքը` Մեսիան, եկել է մարդկանց մեղքի բռնապետությունից փրկելու, և ոչ թե հրեա ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը գլխավորելու համար: Հրեաներն անհավատարիմ են իրենց աստվածակոչ առաքելության գործում, ուստի և նրանցից «բարձցի … արքայութինն Աստուծոյ, և տացի ազգի որ առնիցէ զպտուղս նորա» (Մատթ. ԻԱ, 43): Հրեաների ազգային արժանապատվության համար խիստ վիրավորական էր Հիսուսի մարգարեությունն այն մասին, որ «տեսանիցէք զԱբրահամ և զԻսահակ և զՅակովբ և զամենայն մարգարէս յարքայութեան Աստուծոյ, և զձեզ հանեալ արտաքս: Եւ եկեսցեն յարեւելից և յարեւմտից և ի հիւսիսոյ և ի հարաւոյ, և բազմեսցին յարքայութեան Աստուծոյ: Եւ ահա իցեն յետինք` որ եղիցին առաջինք, և իցեն առաջինք` որ լինիցին յետինք» (Ղուկ. ԺԳ, 28-30):
Քրիստոսի վարդապետության համաձայն` Աստուծո արքայությունը ոչ թե միմիայն հրեա ժողովրդի մենաշնորհն է, այլ նախատեսված է բոլոր ազգերի համար: «Ընտրյալ ազգ» այլևս չկա, քանի որ բոլոր ազգերն ընտրված ու կոչված են` Երկնքի արքայությունը ժառանգելու: Աստվածային փրկագործության ծրագրի մեջ են ներառված բոլոր մարդիկ` անկախ նրանց ազգային-լեզվական պատկանելությունից, և այդ ծրագիրն իրագործվելու է քրիստոսահիմն Եկեղեցու մեջ:
Տիրոջ Հարությունից հիսուն օր անց` Պենտեկոստեի տոնին, մինչ առաքյալներն ու Հիսուսի այլ հետևորդներ հավաքված էին Երուսաղեմում, նրանց վրա իջավ Սբ. Հոգին, Ով ապագա քարոզչության համար շնորհական զորություն հաղորդեց նրանց. «Եւ երեւեցան նոցա բաժանեալ լեզուք իբրեւ ի հրոյ, եւ նստաւ իւրաքանչիւր ի վերայ նոցա: Եւ լցան ամենեքեան Հոգւով Սրբով, և սկսան խօսել յայլ լեզուս որպէս և Հոգին տայր բարբառել նոցա» (Գործք Բ, 3-4):
Սբ. Հոգու զորությամբ առաջին քրիստոնյաներն սկսեցին խոսել ու հասկանալ բոլոր լեզուները, այնպես որ Երուսաղեմ ժամանած բազմազգ մի հանրություն Ավետարանի քարոզչությունն իր մայրենի լեզվով լսելու հնարավորությունն ունեցավ:
Հոգեգալուստը, որ Քրիստոսի Եկեղեցու ծնունդն է համարվում, բաբելոնյան խառնակության հակոտնյան է. մեղքի պատճառով բաժան-բաժան եղած ադամորդիները Սբ. Հոգու շնորհով վերամիավորվում են, և Եկեղեցու մեջ մարդկության ազգային-լեզվական տարբերությունները հաղթահարվում են: Այս աստվածաբանական գաղափարը լավագույնս արտահայտված է Հոգեգալստյան տոնի բյուզանդական շարականում. «Երբ Բարձրյալն իջնելով` լեզուները խառնեց, ազգերը բաժանեց: Իսկ երբ հրե լեզուները բաշխեց, բոլորին կոչեց ի միություն: Եվ համաձայն փառավորում ենք Ամենասուրբ Հոգուն»:
Եկեղեցու մեջ ազգային, դասակարգային և որևէ այլ խտրականություն գոյություն չունի. «Ոչ է Հրեայ և ոչ հեթանոս, թլփատութիւն և անթլփատութիւն, խուժ դուժ, Սկիւթացի, ծառայ, ազատ. այլ ամենայն և յամենայնի Քրիստոս» (Կող. Գ, 11): Ահա թե ինչու Եկեղեցու չորս ստորոգելիներից մեկն է ընդհանրականությունը. Եկեղեցին գրկում է համայն մարդկությունը` յուրաքանչյուր ադամորդու փրկության հրավիրելով և առաջնորդելով: Եկեղեցին ազգային կամ դասակարգային չափանիշներով չի կարող սահմանափակված լինել:
Քրիստոնյաները, որոնց Աստված կանչել է աշխարհից, նրա զավակներն են, նրա ժողովուրդը, «նոր Իսրայելը», որի մասնիկը դառնալու հնարավորությունը մկրտության միջոցով բաց է բոլոր մարդկանց համար: Քրիստոնյաներն են «ազգ ընտիր», «ազգ սուրբ», «ժողովուրդ սեպհական», «ժողովուրդ Աստուծոյ» (տե՛ս Ա Պետ. Բ, 9-10): Նոր Կտակարանում «Աստուծո ազգ» գաղափարն այսպիսով, դուրս է գալիս հինկտակարանյան նեղ ազգային շրջանակներից, տիեզերական, համայն մարդկությունը ճշմարիտ աստվածպաշտությամբ ու քրիստոնեական սիրով միավորող մի իրողություն դառնում:
Ինչ վերաբերում է այս աստվածաբանական-տեսական դրույթի պատմական ընթացքին, ապա պետք է արձանագրել, որ Ընդհանրական Եկեղեցու հիմնադրման առաջին իսկ օրերից առանձին համայնք-Եկեղեցիները կազմվում էին ոչ թե ազգային-լեզվական, այլ բացառապես տեղի (լոկալ) հիման վրա, ինչպես օրինակ` Երուսաղեմի, Անտիոքի, Հռոմի, Եփեսոսի, Պերգամոնի, Զմյուռնիայի Եկեղեցիները ևն: Այս կամ այն տեղի Եկեղեցու ազգային կազմը միանգամայն անկարևոր պարագա էր, այնպես որ հետագայում էլ նորահաստատ Եկեղեցիները կոչվում էին ոչ թե ըստ ազգության, այլ ըստ երկրի, օր.` Բուլղարիայի, Սերբիայի, Ռուսիայի Եկեղեցիներ ևն: Վերջինս, օրինակ` մինչև խորհրդային տարիները պաշտոնապես կոչվում էր Греко-Российская Православная Церковь, և ոչ թե ինչպես այսօր` Русская Православная Церковь: Եկեղեցիներն ածականներով բնորոշելը («Հունական», «Ռումինական» ևն) արևմտյան մտածողության հետևանք է և քրիստոնյա Արևելքի աստվածաբանական ընկալումներին հարազատ չէ:
Հատկանշական է, որ Հոգեգալստյան ժամանակ լեզուները ոչ միայն չվերացան, այլև Սբ. Հոգին յուրաքանչյուր ազգի հնարավորություն տվեց` Տիրոջ պատգամը սեփական մայրենիով լսելու: Նույն տրամաբանությամբ է, որ Եկեղեցու պաշտամունքն ըստ կարելվույն թարգմանվում էր ըստ տվյալ տեղի լեզվական պահանջների: Եկեղեցու պատմության առաջին դարերում, երբ Քրիստոնեության տարածումը համեմատաբար քիչ էր, Ավետարանի լեզուն` համաշխարհային հունարենը, գրեթե բոլորին էր հասանելի: Հետագայում, երբ նորանոր ժողովուրդներ դարձի եկան, Սբ. Գիրքն ու պաշտամունքը թարգմանվեցին ըստ անհրաժեշտության:
Վերոնշյալ կետերը մեր հայկական իրականությանը վերաբերելով` պետք է նշել, որ իր հիմնադրումից սկսած` Հայաստանի Եկեղեցին ոչ թե միազգ (մոնոէթնիկ), այլ բազմազգ (պոլիէթնիկ) էր: Ընդարձակ մի տարածք ընդգրկելով` Վաղարշապատի կաթողիկոսության հոգևոր հովանին ոչ միայն հայ, այլև վրաց, աղվանից, հրեա, ասորի քրիստոնյա համայնքների վրա էր տարածվում: «Հայաստանեայց», այսինքն` հայաստանցիների Եկեղեցին հարևան ժողովուրդների մեջ ակտիվ քարոզչական գործունեություն էր ծավալել, որի նպատակներից ելնելով` Եկեղեցու սպասավորներն օտար ազգերի (վրաց և աղվանից) համար Սբ. Գիրքն ու պաշտամունքն էին թարգմանում: Արդ, կարելի է ասել, որ Հայաստանի Եկեղեցին ոչ միայն բազմազգ էր, այլև` բազմալեզու:
Հայաստանի Եկեղեցու «ազգայնացումը» համընկավ նրա կողմից հակաքաղկեդոնական դիրքորոշում որդեգրելու հետ, թեև ըստ երևույթին միմիայն վերջին հանգամանքով չէ, որ պայմանավորված էր: 553-555 թ. Ներսես Բ Բագրևանդացի կաթողիկոսի (548-557 թթ.) նախագահությամբ գումարված Դվինի երկրորդ ժողովը մերժեց Չորրորդ տիեզերաժողովի քրիստոսաբանական որոշումները, նզովեց դրանց հետևող Եկեղեցիներին և իր հոգևոր կապը վերջիններիս հետ խզեց: Դվինի ժողովի վճիռը մի քայլ էր, որ Հայաստանի Եկեղեցու` քրիստոնյա աշխարհից հոգևոր մեկուսացման սկիզբը դրեց:
608 թ. տեղի ունեցավ հայ-վրացական եկեղեցական բաժանումը, քանի որ վրաց Կյուրիոն կաթողիկոսն ընդունել էր Քաղկեդոնի տիեզերաժողովը: Հայոց Աբրահամ Ա Աղբաթանեցի կաթողիկոսը (607-615 թթ.) Կյուրիոնի և նրա հոտի հասցեին խիստ նզովք արձակեց. «…Զյառաջագոյն սահմանն վարդապետացն մերոց, զոր ի վերայ Հոռոմին հատին…մեք զնոյն ի վերայ Վրաց հրամայեցաք, ամենեւիմբ մի՛ հաղորդել ընդ նոսա, մի՛ յաղաւթս, եւ մի՛ ի կերակուրս, եւ մի՛ յըմպելիս, մի՛ ի բարեկամութիւն, մի՛ ի դայեկութիւն…եւ մի՛ ի մեր եկեղեցիս զնոսա ընդունել, այլ եւ ամուսնութեամբ ամենեւիմբ հեռանալ. բայց միայն գնել ինչ, եւ կամ գնոյ տալ որպէս Հրէից: Նոյն հրաման եւ վասն Աղուանին անշարժ կացցէ, զի պատկառեալ դարձցին ի թիւր ճանապարհէն: Ապա թէ անխտրաբար վարեսցի ոք հաղորդելով ընդ նոսա… այնպիսիքն նզովեսցի՜ն հոգւով, նզովեսցի՜ն մարմնով, եւ ամենայն կենցաղով իւրենաց, եւ որոշեսցին ի սրբոյ եկեղեցւոյ Աստուծոյ, եւ եղիցին խաւարաբնակք եւ յաւիտենից հրոյն կերակուր»:
Հայ-վրաց եկեղեցական տխուր բաժանումը հարևան երկու ժողովուրդների հետագա փոխհարաբերությունների մեջ ցավալի հետքեր պիտի թողներ:
Հայ-աղվանական եկեղեցական հարաբերություններ էլ բնավ հանգիստ չէին. աղվանները հակված էին քաղկեդոնյան Ուղղափառությանը, այնպես որ Դվինի կաթողիկոսությունը երբեմն ստիպված էր խիստ միջոցների ձեռնարկել` աղվաններին ոչ միայն հակաքաղկեդոնական ուղղությանը, այլև իր իշխանությանը վերադարձնելու համար:
Այս ամենն իհարկե, մեծապես նպաստեցին նրան, որ Հայաստանի Եկեղեցին, մի կողմից, մնացյալ քրիստոնյա աշխարհից մեկուսացավ, իսկ մյուս կողմից, հարևանների մեջ իր երբեմնի հեղինակությունն ու ազդեցությունը կորցնելով, հետզհետե հայ ժողովրդի շրջանակներում սահմանափակվեց: Մյուս հակաքաղկեդոնյա ազգերից Հայ Եկեղեցին կենդանի կապեր ուներ միայն Հայաստանին սահմանակից ասորիների հետ, սակայն երկուսի դավանաբանական-ծիսական տարբերությունները հայ-ասորական հոգևոր միությունը գործնականում անվավեր էին դարձնում` փոխադարձ անվստահության տեղիք տալով:
Կարելի է ասել, որ Հայոց Եկեղեցու համար այս իրավիճակը բավականին անբնական ու խնդրահարույց էր: Դրանից ելքեր փնտրելով` հայ աստվածաբանական միտքը հայորդիներիս առանձնահատուկ մի ազգ լինելու մասին գաղափարներ պիտի մշակեր:
Այսպես, XII դ. նշանավոր աստվածաբան, ժամանակակիցներից «հայոց երկրորդ Լուսավորիչ» հորջորջումն ստացած Պողոս վարդապետ Տարոնացին († 1123 թ.) քրիստոնյա աշխարհում հայոց միայնակությունը փորձում է հիմնավորել ու արդարացնել: Օրինակներ բերելով Հին Կտակարանից, որտեղ խոսվում է Աստուծո եզակի ընտրյալների մասին, Տարոնացին գրում է. «Ահա տեսե՞ր զմինն պատուական քան զբազումսն, և ահա մինն հայք են: Որպէս վարշամակն փրկչին զատուցեալ յայլ կտաւոցն, և ի մի կողմն կացեալ, որ է օրինակ մերոյ ազգիս, զատուցեալ յամենայն ազգաց, կարգօք և կրօնիւք»:
Նույն մատենագրի համաձայն` հայերին էր խորհրդանշում նաև Ահարոնի ծաղկյալ գավազանը. «Եւ երկոտասան գաւազան եդաւ ի խորանն վկայութեան, և Ահարոնին միայն ծաղկեցաւ. և ծաղկեալն միոյ գաւազանին` հայք են, ծաղկեալք սբ. հաւատով և ճշմարիտ խոստովանութեամբ…»:
XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցու երկի մեջ պահպանվել է ուշագրավ մի զրուցապատում, համաձայն որի` մահմեդական մի սպասավոր իր որդիների հետ տեսիլք է տեսնում. երկնային գահին բազմած Աստծուն են մոտենում քրիստոնյա բոլոր ժողովուրդները: Վերջում գալիս է փառավոր մի ազգ, որին Աստված ողջագուրվում է և մեծ պատվի արժանացնում: Պարզվում է, որ Աստծուց բացառիկ պատվի արժանացած այս եզակի ազգը հայերն են:
Նույն երկի մի այլ պատումի համաձայն` Սինա ժամանած հայ ուխտավորներին սեղանատանը սպասավորելու են հայտնվում սբ. Եղիա և սբ. Մովսես մարգարեները. աննախադեպ մի պատիվ, որի համար «հոռոմներն» ապշած են մնում:
Հայ Եկեղեցու աստվածաբանական ժառանգությունը համակարգած Գրիգոր վարդապետ Տաթևացու (1346-1409 թթ.) համաձայն` մյուս բոլոր քրիստոնյաներն են բաժանվել ճշմարիտ դավանությունից, և միայն հայերն են, որ այն պահպանել են: Բացի դրանից, հայոց ազգը վայելում է աստվածատուր մի շարք մենաշնորհներ («առանձնական բարութիւնք»), որոնցից են առաքելոց քարոզչությունը, Աբգար թագավորի դարձը, երկնապարգև այբուբենը, անգամ այն, որ Հայաստանն Արևելքում է գտնվում…
Ղազար Ջահկեցի կաթողիկոսը (1737-1751 թթ.), Տաթևացու փաստարկները կրկնելով ու դրանք հավելյալ (բավականին արհեստական) կետերով լրացնելով, հասնում է այն հայտարարությանը, թե «Ազգ յաբեթեան և թորգոմեան նաև աբրահամեան, վաղահաս պտուղք բարդուղիմէոսեան և թադէոսեան, լուսածնունդ զաւակք սուրբ էջմիածնեայն և գրիգորեայն, առանց ամենայն տարակուսանաց և հակառակութեանց հայք են և ասին: Ազգք տոհմիւ օրհնեալ. երկրաւ բարեբանեալ. լեզուաւ կանխազարդեալ. գրով բարգաւաճեալ. հաւատով ազնուացեալ. անուամբ ճոխացեալ. առաքինութեամբ բարեպաշտեալ. ի տէր պարծեցեալ. և զնմանէ գոհացեալ. և յաստուածաշունչ գրոց քարոզեալ»:
Ինչ խոսք, այս գաղափարները պայմանավորված էին նաև հայ ժողովրդի ծանր ճակատագրով, օտար լծի տակ սեփական ինքնությունը փրկելու ջանքով, սակայն չի կարելի ժխտել և այն, որ դրանք վտանգավոր մի ուղղությամբ են տանում: Մի ուղղություն, որ հրեական հարացույցից քիչ բանով է տարբերվում և ազգային սնապարծության խորխորատն է բացում:
Արդ, «ազգային Եկեղեցի» հասկացությունն աստվածաբանական տեսանկյունից անվավեր է, քանի որ Եկեղեցին ըստ իր էության վերազգային երևույթ է և որևէ սահմանափակում չի կարող ունենալ:
Պատմական առումով էլ Հայ Եկեղեցուն «ազգային» բնորոշումը տալը ճիշտ չէ. իր պատմության ոսկեդարում, ինչպես նշվեց, Հայաստանի Եկեղեցին բազմազգ-բազմալեզու էր: Բայց նաև նոր ժամանակներում Հայ Եկեղեցին բացարձակապես չէ, որ «հայ» էր, քանի որ իր մեջ էր ներառում, օրինակ` հայ-բոշաներին («մաղագործ հայեր»), ուտիներին, իսկ XX դ. սկզբին Հայ Եկեղեցու գրկում բավականին թվով հրեաներ էին մկրտվում: Այլ բան է, որ այսօր Հայ Առաքելական Եկեղեցին, կարելի է ասել, բացառապես միազգ է: Այդ իրողությունն իրականում պիտի լրջապես մտահոգի նրան և ոչ թե պարծենալու առիթ լինի:
Ուրեմն, պատմական-աստվածաբանական տեսանկյունից ակներև է, որ «ազգային Եկեղեցի» հասկացությունը խոտելի է: Թերևս ավելի հարմար է «ազգապահպան» կամ «հայապահպան» բնորոշումը: Այստեղ էլ, սակայն, մեծ նրբություն ու զգուշություն է պահանջվում:
Նախևառաջ, խնդիր է, թե ազգային ի՛նչն է պահում Եկեղեցին: Առաջին հերթին` լեզուն: Որևէ տեղի Եկեղեցի իր հոտին Աստուծո խոսքը մատուցում է նրա լեզվով ու հնարավորություն տալիս` իր մայրենիով Աստծուն փառավորելու:
Եկեղեցին նաև հայրենասիրության ջատագովն է` հիմնվելով Փրկչի այն խոսքի վրա, որ «Մեծ եւս քան զայս սէր ոչ ոք ունի, եթէ զանձն իւր դիցէ ի վերայ բարեկամաց իւրոց» (Յովհ. ԺԵ, 13), լայն առումով` իր Հայրենիքը պաշտպանելու համար:
Մնացյալ ազգային խնդիրները Եկեղեցու բուն առաքելության մեջ չեն մտնում: Եկեղեցին կոչված չէ, օրինակ` պահպանելու ազգային ծեսերը, ավանդությունները, բանահյուսությունը ևն: Ընդհակառակը, Եկեղեցին պետք է մաքառի ազգային հավատալիքների, կրոնական սովորույթների դեմ, եթե դրանք հեթանոսութունից են ժառանգված: Օրինակ` Հայ Եկեղեցու Տոնացույցն արգելում է Տյառնընդառաջի տոնին խարույկ վառելն ու դրա շուրջ պտտվելը…
Հայ Առաքելական Եկեղեցու հայապահպան դերն անշուշտ աներկբա իրողություն է, սակայն չի կարելի այն բացարձակեցնել:
Նախ, հնարավոր չէ «հայ ազգ» և «Հայ Առաքելական Եկեղեցի» հասկացությունների ծավալը նույնական համարել, քանի որ հայ ժողովուրդը երբեք իր ամբողջությամբ չէ, որ Հայ Եկեղեցուն է ենթարկվել: Այսպես, Միջնադարում Փոքր Հայքի Եկեղեցին ունեցել է իր հովվապետերին` Սեբաստիայի և Մելիտենեի (Մալաթիա) մետրոպոլիտներին, ովքեր Կոստանդնուպոլսի ուղղափառ պատրիարքին են ենթակա եղել: Հայաստանի տարածքում բավական թվով ուղղափառ թեմեր են գոյություն ունեցել, որոնք Կոստանդնուպոլսի, Անտիոքի պատրիարքությունների, ինչպես նաև Վրաց կաթողիկոսության հոգևոր իշխանությունն են ճանաչել: Բացի այդ, հայության ստվար զանգվածներ հետևել են պավլիկյան, թոնդակյան շարժումներին ևն:
Երկրորդ, հայ ինքնության պահպանումն անպայմանորեն չէ, որ Հայ Եկեղեցու հետ է կապված եղել: Մինչև XVII դ. օրինակ, Սիմեոն Լեհացու վկայությամբ` իրենց ազգային ինքնությունը պահել էին Տիգրանակերտի հայ արևորդիները: Մինչև XX դ. իրենց մայրենին (մասամբ նաև հայ ինքագիտակցությունը) պահել էին Արևմտյան Հայաստանի հայ-հոռոմները (ուղղափառ հայերը): Սա այն ժամանակ, երբ արևմտահայության մի մասը բացառապես թրքախոս էր: Հայ ինքնությունը պահպանել են նաև կաթոլիկ («ֆռանկ») հայերը, իսկ առանց պապական Մխիթարյանների հայագիտության զարգացումն անհնարին է պատկերացնել:
Բացի այդ, Հայ Առաքելական Եկեղեցու զավակ լինելն էլ հայապահպանության բացարձակ երաշխիք չի եղել, քանի որ տարբեր ժամանակներում Հայ Եկեղեցու անդամ հայորդիների հոծ զանգվածներ մահմեդականություն են ընդունել և կորցրել են իրենց ազգային ինքնությունը` թրքանալով, քրդանալով ևն: Մեր օրերում էլ բազմաթիվ սփյուռքահայեր գնում են ձուլման ճանապարհով և ցավոք, Հայ Առաքելական Եկեղեցին անզոր է դրան դիմագրավելու:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ «ազգային Եկեղեցի» առաջ տարվող հարացույցը խնդրահարույց է, իսկ շեշտադրումները` բացարձակեցված: Հարցն անաչառ ու անկիրք մոտեցման կարիքն ունի, ընդ որում այստեղ առաջնահերթ պահանջ է աստվածաբանական-պատմական կողմի խորը քննությունը: Վստահաբար, այդպիսի մոտեցումը ետ կպահի չափազանցություններից, սխալ պատկերացումներից և ուռճացված գնահատականներից: Ազգ-Եկեղեցի հիմնախնդրի անաչառ և համակողմանի լուսաբանումը կնպաստի հայ հանրության բոլոր հատվածների միաբանությանը, կծառայի ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի: