Սուտը ոչ այլ ինչ է, քան կանխամտածված կերպով դիմելը սխալմունքին (սխալին): Ըստ իս հենց կեղծիքը (սուտը), այլ ոչ թե «պարզապես սխալմունքն» է կրոններն ու զանազան իռացիոնալ «փիլիսոփայությունները» տարանջատում Գիտությունից՝ զարգացող, սխալվող, բայց երբեք՝ կեղծիքի դիմող. որոշ գիտնականների որոշ ըմբռնումներ կարող են եւ այդպիսին լինել, կարող են, նույնիսկ երկա՛ր ժամանակ, շփոթեցնել, «գայթակղեցնել» շատ այլ գիտնականների էլ, բայց նույնիսկ այդ դեպքում, գիտնականների մեծամասնությունը, ովքեր հստակորեն տարբերակում են գիտական փաստերը տեսություններից ու վարկածներից, եւ երբեք ոչինչ «ի հավատո» չեն ընդունում (հազվագյուտ բացառություններով.- հիշենք թեկուզ «ծերուկ» «երկնաքարեր չեն թափվում, քանզի չեն կարող թափվել երբեք»- ը…)((Ֆրանսիական Ակադեմիայի հայտնի որոշման հայտնի հիմնավորումը)), վերջ ի վերջո, վաղ թե ուշ, «իրենց արժանի տեղն են դնում» այդպիսիք՝ «ստի ոտքերը հո՝ կա՜րճ են»… Բայց ոչ թե այսպիսի, «սովորական», քիչ թե շատ մանրամասնորեն ու հեշտորեն, երբեմն էլ՝ «պարզապես» հակասությունների վերհանմամբ մերկացվող կեղծիքն է կրոնների գլխավոր սուտը, այլ այն սուտը, որն ընդունված է անվանել «անձնավորում».- պետք է ավելի մանրամասնորեն նկարագրել դա:
Նախամարդուն բնության տարեկան զարթոնքի («հարության») ու «մահվան», օրվա՛ հերթագայությունները հուշել են «վերածննդի», «անմահության» երկակի իրողության մասին: Հաջորդականորեն իրար հակադիր, «թշնամական», խիստ տպավորիչ այդ առօրեականության փոխընդմիջվող, մշտական փոխակերպումները «անկասկածելի», փաստացի հիմնավորված նյութ են համարվել՝ ստեղծելու համար զանազան էպիկական, կրոնական, առասպելական «հավելվածքներ»՝ Ռա, Թամուզ, Օսիրիս եւ այլն:
Սրանց միավորողը ԱՆՁՆԱՎՈՐՈՒՄՆ էր (персонификация)՝ հնագույն մարդու պարզունակ գիտակցության մեջ միանգամայն բնականորեն ընկալվող: Ընդ որում, անձնավորումները երբեմն «սեռականացվա՛ծ» էին, եւ որոշ լեզուներում դեռ այժմ էլ որպես ռուդիմենտ պահպանվել է այդ՝ ակնհայտորեն «անշունչ», անկենդան առարկաների ու երեւույթների իսկ բաժանումը «Ին»-ի եւ «Յան»-ի կերպ «սեռական» բնութագրիչների:
Ամենաբնորոշը, սակայն, այն է, որ այդ բոլորը, որպես կանոն, անձնավորված էին.- եթե գետ էր, ուրեմն՝ «գետ-աստված» կամ պարզապես «գետ-մարդ» էր, եթե գետեր էին՝ ապա «գետային աստվածություն կար», երբեմն՝ սեռակա՛ն բնորոշումով, հաճախ էլ՝ «չար» կամ «բարի»:
Ամենաընդհանուր եւ ամենագլխավոր աստվածությունները, բնականաբար, նաեւ «ամենազորե՛ղ» ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾՆԵՐՆ էին՝ գլխավորապես այն պատճառով, որ առավել մարդանմանեցվածներն էին (անտրոպոմորֆները):
«Աստվածների» առաջին պատմական մերժումները, այսինքն՝ «ԱԹԵԻՍՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ», սկսվելով ոչ լրիվ (ոչ «տոտալիտար») ընդհանրացումների մերժումներից (օրինակ, ընդհանրացում-Ամոն-«գերագույնը»՝ «ինքն իրեն ծնած» եւ «ինքն իր որդին», «հավերժականն» ու տիեզերական «թեմ»-ի(«թեմ»-ը հին եգիպտերենում նշանակել է «ամբողջություն») կարգավորիչն ու տիրակալը,- այն, ե՛ւ հայերեն, ե՛ւ եգիպտերեն, իրո՛ք որ…«Ամե՛նն» էր…), հիերարխացումների մերժումներից (օրինակ, գլխավոր «Դեուսպիտա(Յուպիտեր)-Զեւս» կամ«Շամ(աշ)-Սամպսարա-Սոլ(ե)(նցե)» աստվածություններով հիերարխիաները), հասել են «Մի-ակ», «Մի-միայն» Աստծո «վերջի սկզբի» գործընթացին՝ «հին աստվածներին» «ԱԹԵԻԶՄԻ ենթարկելու» ԱՌԱՋԻՆ ԽՈՇՈՐ ԱՐԱՐԻ (ԱԿՏԻ) ավարտին: Ընդ որում, ե՛ւ սրանք, եւ երբեմն էլ՝ նաեւ վերոհիշյալ «երկվությունները» («մահ-հարությունային, չար-բարիական»), եւ ընդհա՛նրապես՝ բնության երեւույթներն Ապանձնավորվել են:
ԵՐԿՐՈՐԴ ԽՈՇՈՐ ԱՐԱՐԸ «Միակ» աստծո՛ իսկ Ապանձնավորման ԱԹԵԻՍՏԱԿԱՆ ակտն էր, որը դեռ շարունակվում է:
Իսկապես, հանեք «դեմքը», «խոսքը», «ձեռքը» եւ այլ կամային-անձնական հատկանիշներ, եւ կմոտենանք ՊԱՐԶԱՊԵՍ ՝ ԲՆՈՒԹՅԱՆ, ՏԻԵԶԵՐՔ(ՆԵՐ)Ի ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ պատկերացմանը՝ ինքնապատճառ, ինքնապարփակ, ավտոնոմ, «պանթեիստական»:
Աթեիզմի էվոլյուցիայի ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ԱԿՏԸ նույն սարսափով է ընկալվում կրոնական համայնքների մեծամասնության կողմից, ինչպես որ ընկալվել է բազմաստվածություն դավանողների կողմից իրենց հասկանալի, «կոնկրետամոտ», հնավանդ եւ ամուր ըմբռնված աստվածների (մասնակի՛ ընդհանրական-եւ-հիերարխիկ) «պղծումը»՝ դրանք Չ-ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈԻՆՆԵՐ հռչակելու հեղափոխականությունը…
Միաժամանակ վերականգնվում է այն պարզ (բայց ոչ՝ պարզունակ) ըմբռնումը, որ չարն ու բարին «մեկ ամբողջություն» են միայն այն իմաստով, որ առանց մեկի՝ մյուսը չկա. այլապես դրանք անհնար է ճշմարտացիորեն հասկանալ, ըմբռնել, այսինքն՝ այլ կերպ դրանք չեն կարող լինել. անհակասական, ռացիոնալ: Եւ հենց այս կերպ է, որ բարին չի շփոթվում չարի հետ եւ հակառակը: Ընդ որում, «Մեկ» անձը «Բարի» հայտարարելը (եթե «ամբողջականի», «ամենազորի» տեսքով ներկայացված այդպիսի հիպոթետիկ «անձի» գոյություն է ենթադրվում) խնդիր է առաջացնում գոյություն ունեցող չարը որպես նրանից չբխող, գոնե՝ նրա չ՛նախատեսած եւ չ՛թույլատրած լինելը հիմնավորելու: «Մի տեսակ»» «նոր» «երկվության» («չար-բարի, մեռնող-հարությունվող») «կարիք» է զգացվում:
Դասական, սոփեստական Միաստվածաբանության համար անլուծելի այս խնդիրը («Աստծո ռացիոնալացման»՝ չարի ու բարու բաժանման այս «նեղ» իմաստով) քրիստոնեության մեջ, ըստ իս, հաջողվել է պավլիկյաններին. ընդ որում, իհա՜րկե, «չարն» ու «բարին», այնուամենայնիվ մնում էին անձնավորված:
Ուղղակի՝ պետք էր (եւ պետք է՛) կիսել, բաժանել «Ամբողջականը», որպեսզի ավելի ռացիոնալ, այսինքն՝ մանրամասն, կոնկրետ ապանձնայնացում կատարվեր, բայցեւ՝ եթե այդ կատարված չէ, ապա դժբախտություն չէ՝ միշտ էլ կարելի է անել՝ մերկացնելով ե՛ւ «Միասնականը», ե՛ւ «Երկուսին»: Կարեւոր է անդրադառնալն այս խնդրին, մինչդեռ, համաձայնեք, ոչ միայն գիտական (ընդհանրապես ), այլեւ նույնիսկ աթեիստական հանրույթների «ուղեծրում» այս հարցերը հաճախ չեն հայտնվում…
P.S. Այսքանից հետո, այնուամենայնիվ, «կանխատեսում» եմ «պանփսիքիստական վերածնունդը»՝ դիալեկտիկական զարգացման ուսմունքների համաձայն (թեեւ ես, մեղմ ասած, այնքան էլ դիալեկտիկ չեմ…)՝ «նոր մակարդակով», որտեղ այդ «նորի» մեջ նորն այն է լինելու, որ ավել-պակաս հստակորեն, ըստ «փսիքեի/գիտակցության» մակարդակների (սկսած «զրոյամետ ոչզրոներից») «վերհանվելու» եւ «գործարկվելու» են բազմաթիվ («ալտերնատիվ») «հիերարխիաներ», եւ անձնավորումը, իր անտրոպացման հակված անիմիստական հավասարարական նախկին տեսքով, այդպիսով այլեւս երբեք չի վերածնվելու: