Մարդկության պատմության կարևորագույն նվաճումներից է աշխարհիկ պետության գաղափարը, որը իր մեջ ամփոփելով այնպիսի հայեցակարգային առաջնահերթություններ՝ ինչպիսիք են օրինակ պետության և եկեղեցու առանձնացումը, մտքի, խղճի և կրոնի ազատության երաշխավորումը, կրթության աշխարհիկությունը, այսօր առավելապես դիտարկվում է ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական ուղենիշներից մեկը։ Պետության աշխարհիկությունը՝ (state secularism)((«Սեկուլյարիզմը» որպես փիլիսոփայական աշխարհայացք, մտածողության տեսակ, իր արմատներով գալիս է հնագույն ժամանակներից և կրում է անտիկ մատերիալիստական մտքի ազդեցությունը: Աշխարհիկության հիմնադիր հայր կարելի է համարել հույն մտածող Անաքսագորասին, ով ժխտում էր արևի և լուսնի վերաբերյալ աստվածային բացատրությունները և դրանց տալիս գիտական մեկնաբանում: Գաղափարի ձևավորման մեջ գործուն հետք թողեց հատկապես Էպիկուրյան փիլիսոփայական դպրոցը, որի ներկայացուցիչները մերժում էին հոգու անմահության գաղափարը, գտնում էին, որ գերբնական ուժերը ոչ մի կերպ չեն կարող ազդել մարդկանց կենսակերպի և ճակատագրի վրա։ Եզրույթը առաջին անգամ գործածել է բրիտանացի գրող Ջորջ Հոլյոկը (George Holyoake) 1851 թվականին։ Տե՛ս, օրինակ George J. Holyoake,«English Secularism: A Confession of Belief» Chicago, Open court Pub. Co., 1896. Տե՛ս նաև G. Smith A Short History of Secularism I.B.Tauris New York 2008 p. 21)) աշխարհի բոլոր երկրներում ժողովրդավարական, իրավական պետության կառուցման և գործունեության հիմնական սկզբունքներից մեկն է։
Աշխարհիկ պետության գաղափարի նախնական ըմբռնման և հետագա համապարփակ ուսումնասիրման համար հարկավոր է ամենից առաջ բացահայտել պետությունից եկեղեցու առանձնացման պատմաիրավական շարժառիթները, դրանց ծագման ելակետերը և հետագա զարգացման ուղիները։
Խրթին է միարժեքորեն տեղորոշել աշխարհիկ պետության գաղափարի ծագումը: Ակներև է այն փաստը, որ պետության աշխահիկությունը մշտապես ուղիղ համեմատական է եղել հոգևոր իշխանության տնտեսական-քաղաքական ազդեցության սահմանափակմանը: Եկեղեցու կալվածատիրական նկրտումների դեմ ուղղված կրոնա-քաղաքական «ձեռնարկներ»((Տե՛ս, օրինակ Պավլիկյան և Թոնդրակյան շարժումները, որոնք պայմանականորեն կարելի համարել նաև Հայկական Ռեֆորմացիա։ Պավլիկյան շարժումը ծագեց 7-րդ դարի կեսերին Արևմտյան Հայաստանում և տարածվեց Բյուզանդական կայսրության ողջ արևելքում, թափանցելով նաև Արևելյան Հայաստան։ Պավլիկյանները մերժում էին եկեղեցին, կրոնական դասը, Հին կտակարանը, մկրտության, և հաղորդության հոգևոր խորհուրդները։ Շարժումը ճնշվել է Բյուզանդական Վասիլ 1-ին կայսրի օրոք։ Թոնդրակյան շարժումը սկզբնավորվում է 9-րդ դարի 90-ական թվականներին։ Այն համակարգել գյուղացիական ըմբոստությունները ուղղված եկեղեցու, ճնշվել է 11-րդ դարում։ Տե՛ս, Հ. Ներսիսյան «Հայերի բռնագաղթն ու բավարացիների հայկական ծագումը» «Հայագիտական ուսումնասիրություններ» կազմ.՝ Հ. Ազիզբեկյան.-Եր.։ Հեղինակային հրատարակություն 2011թ. էջ 308-350։)) իրականցվել են տակավին վաղ միջնադարից, երբ հոգևոր իշխանությունը արդեն ձևավորել էր համակարգված հիերոկրատիկ կառուցվածք և ահռելի կշիռ ուներ հասարա-քաղաքական հարաբերություններում: Պետության և հասարակության աշխարհիկացման յուրօինակ դրսևորումներ կարելի է համարել Պապ թագավորի ռեֆորմները Մեծ Հայքում, «Պատկերամարտության շարժումը»((«Պատկերամարտությունը» («Byzantine Iconoclasm») 8-րդ դարում ծայր առած և ընդհատումներով մինչև 9-դ դարի կեսեր հասնող կրոնա-քաղաքական շարժում էր, որը արտաքինից ուղղված լինելով կռապաշտության դրսևորում դիտարկվող սրբապատկերների պաշտամունքի (պատկերապաշտության) դեմ՝ ետնախորքում եկեղեցու ազդեցության ոլորտների և քաղաքական դերի թուլացման նպատակ էր հետապնդում:)) Բյուզանդիայում և այլն:((Տե՛ս, օրինակ, Անգլիայի Հենրիխ 8-րդ թագավորի բարենորոգումները, որոնք պատմություն մեջ հիշատակվում են «Թյուդորյան աշխարհիկացում» կամ «Վանքերի հիմնաքանդում» անունով («Dissolution of the Monasteries»)։ Տե՛ս, G. W. Bernard, The Dissolution of the Monasteries, History Volume 96, Issue 324, The Historical Association and Blackwell Publishing Ltd. October 2011 pages 390–409)) Սակայն, հարկ է ընգծել, որ աշխահիկ և հոգևոր իշխանությունների տարանջատման հիմնահարցերն առավելապես կրում են Միջնադարյան Եվրոպայի փիլիսոփաների այլախոհական մտքի ազդեցությունը։
Վաղ կապիտալիստական հարաբերությունների սաղմնավորմանը զուգահեռ Իտալիայում ծնունդ առավ և Եվրոպայում տարածվեց Վերածննդի դարաշրջանը։ Վերջինիս գաղափարական դարբնոցում թրծվեցին այնպիսի աշխարհիկ փիլիսոփայական ուղղություններ, ինչպիսիք էին քննադատական ռեալիզմը, հումանիզմը,((Հումանիստները մարդուն դիտում էին ոչ թե դժոխային մեղքերի մեջ թաղված և ճակատագրի քմահաճույքին թողնված անգործունակ արարած, այլ ստեղծարար նախաձեռնողականությամբ օժտված և կատարելության ձգտող սոցիալապես ակտիվ էակ։ Նրանց գաղափարախոսության արդյունքում՝ աստվածային նախախնամությունը և հանդերձյալ կյանքի ձգտումը աստիճանաբար իր տեղը զիջեց երկրային երջանկությանը։ Հումանիզմի առանձին մի ճյուղ էլ հանդիսանում է բնապաշտական (գիտական) հումանիզմը, որից սերում է աշխարհիկ հումանիստական փիլիսոփայությունը։ Կրելով էվոլուցիայի տեսության անմիջական ազդեցությունը աշխարհիկ հումանիզմը ժխտում էր աստծո գաղափարը, երկնային կյանքը, մարդուն դիտում սոցիալական էվոլուցիայի, այլ ոչ թե արարչաստեղծության արդյունք։ «Աշխարհիկ հումանիզմի հռչակագրի» սկզբունքներից մեկն էլ հանդիսանում է պետությունից եկեղեցու անջատումը։ Տե՛ս աշխարհիկ հումանիզմի հռչակագիրը, ընդունվել է 1980թ., Սկզբնաղբյուը՝ https://www.secularhumanism.org/index.php/11)) որոնք ազատագրելով մարդուն կրոնական ինքնապաշարումից՝ հռչակեցին նրա որպես բարձրագույն արժեք, բնության և տիեզերքի առանցքային տարր, կարևորեցին անկաշկանդ, նախաձեռնող մտքի և բանականության վրա հիմնված մարդակենտրոն աշխարհայեցողությունը։ Այս շրջանում, երբ տակավին իրավական-քաղաքական միտքը պարուրված էր կրոնական պատկերացումների ոգով, իսկ Կաթոլիկ Եկեղեցու հավատաքննության ատյանը, (ինկվիզիցա) անողոք դատաստան էր տեսնում այլադավանության և այլակարծության ցանկացած դրսևորման նկատմամբ, հրապարակ իջան քաղաքական գործիչներ, տեսաբաններ, որոնք առաջադրեցին կրոնական հանդուրժողականության ապահովման, Կաթոլիկ Եկեղեցու ներքին վերակազմավորման, պետությունից անջատման և նրա ենթակայության տակ անցնելու հիմնահարցերը։ Առաջիններից մեկը, որը սահմանազատեց աշխարհիկ և հոգևոր իշխանությունները՝ յուրաքանչյուրին վերապահելով սեփական գործունեության ոլորտը, համարվում է վաղ հումանիզմի նշանավոր ներկայացուցիչ, իտալացի բանաստեղծ Դանթե Ալիգերիին։ Նրա իրավաքաղաքական հայացքները ամփոփվեցին «Միապետություն» («De Monarchia») աշխատության մեջ՝ կանխորոշելով պետություն-եկեղեցի հարաբերությունների արմատական վերանայման նոր կառուցակարգեր։((Տե՛ս, D. Davis, Seeds of the Secular State: Dante’s Political Philosophy as Seen in the De Monarchia, Journal of Church and State, Volume 33, Issue 2, 1 March 1991, Pages 327–346)) Պապին և Միապետին այլաբանորեն նույնացնելով արևի և լուսնի հետ` Դանթեն գրում է. «Աստված ստեղծել է երկու հսկայական լուսատուներ, մեծ և փոքր, որպեսզի մեկը լուսավորի առավոտյան իսկ մյուսը գիշերը։ Ընդ որում նրանք դա հասկանում են որպես այլաբանական խոսք՝ համեմատելով այն երկու իշխանությունների հետ՝ հոգևոր և աշխարհիկ»:((Տե՛ս, H. Aurelia The De Monarchia of Dante Alighieri Published: Boston Houghton, Mifflin and company, 1904. p. 149))
Դանթեն ակտիվորեն ներգրվված էր Իտալիայի քաղաքական գործընթացների մեջ և սկզբնական շրջանում հարում էր գվելֆների քաղաքական հոսանքին, որոնք լինելով պապական իշխանության կողմնակիցներ ընդգծված հակամարտության մեջ էին միապետի համակիրների՝ գիբելինների հետ՝ կանխորոշելով պետության և եկեղեցու առճակատումը։ Սակայն գվելֆների հետ ունեցած տարընթերցումները գաղափարական կտրուկ շրջադարձ են կատարում Դանթեի մոտեցումներում։ Ֆլորենցիայի ազատագրման և Իտալիայի միավորման հեռահար նպատակ ընկալվում է արդեն միապետը իր աշխարհիկ իշխանությամբ։ Պնդելով, որ աշխարհիկ իշխանությունը չի կարող կախման մեջ լինել հոգևորից՝ Դանթեն աշխարհի խաղաղության ապահովման երաշխիք տեսնում էր միասնական համաշխարհային աշխարհիկ պետության կազմավորման տեսլականի մեջ, որը կգլխավորեր աստծո պատվիրակ միապետը (կայսրը)։((Տե՛ս, И. Н. Голенищев-Кутузов. Данте Алигьери. Малые произведения. – М., 1968. – С. 419-447)) Աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տարանջատման սկզբունքը այլաբանորեն արտահայտվում է նաև իտալացի մտածողի «Աստվածային կատակերգություն» հանրահայտ երկում, որտեղ Դանթեն գրում է.
«Հռոմ, որ աշխարհին տվել է նրա լավագույն կառուցվածքը Ուներ երկու արևներ, այնպես, որ դա տեսանելի էր, Որտեղով անցնում էին աստվածային և երկրային ուղիները…» ։((Տե՛ս, Д. Алигьери. Божественная комедия Чистилище Песнь шестнадцатая Перевод М.Лозинского Издательство “Правда”, М.: 1982))
Աշխարհիկ պետության գաղափարն իր սաղմնավորման ակունքներում նշմարվում է նաև իտալացի մտածող, Փարիզի համալսարանի ռեկտոր Մարսիլիուս Պադուանցու հայացքներում։ Պադուանցին առավել հանդուգն հարցադրումներ վերհանեց և ընգծված կերպով հակադրվեց կրոնական վերնախավին՝ վրդովվելով պապական իշխանության հեղինակությունը։((Տե՛ս, Patrick J. Geary, «Readings in Medieval History», 5th Edition, University of Toronto Press, Canada, 2016, p. 447:)) Նա գտնում էր, որ գերագույն իշխանությունը պետք է պատկանի միայն աշխարհիկ (թագավորական) իշխանությունը, իսկ Կաթոլիկ Եկեղեցին պետք է զերծ մնա աշխարհիկ իշխանությանը բնորոշ գործառույթներից և ապաքաղաքականացվի։ Պադուանցին պնդում էր, որ հոգևորականը չի կարող ներկայացուցիչ հանդիսանալ աստվածային և երկրային կյանքի ճամփաբաժանում և նրա զբաղեցրած դիրքը սոսկ խորհրդանշական բնույթ ունի։ Պադուանցին հստակ զատորոշում էր մարդկային օրենքները աստվածայինից։ Վերջինս հաստատվում է միայն Աստծու կողմից և արտահայտվում Սուրբ Գրքում, իսկ դրանից դուրս գործող մյուս բոլոր կանոնները և սկզբունքները կազմում են մարդկային օրենքները, որոնք ստեղծվում են մարդու կողմից։((Տե՛ս, Б. И. Ключко Законодатель в трактате Марсилия Падуанского «Защитник мира» Вестник СПбГУ. Сер. 2. 2015. Вып. 2 С. 133-140)) Լինելով ջատագովը մեկ միասնական օրենսդրության ձևավորման, Պադուանցին ընդգծում էր, որ բոլոր մարդիկ թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր պարտավոր են ենթարկվել մարդու իրավունքների պարտադիր նորմերին։((Տե՛ս, М. Падуанский Защитник мира Defensor пасись, науч. ред., вступит, ст., примеч. Г. П. Лупарева, М.: Издательско-торговая корпорация «Дашков и К°», 2014. С 288)) Պադուանցու հեղինականած «Խաղաղության պաշտպանը» («Defensor pacis») հանրահայտ աշխատությունը, որը ոչ միայն շեշտադրում էր աշխարհիկ և կրոնական այլ նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների առանձնացման հիմնահարցը, ըստ էության, դարձավ «Ռեֆորմացիայի» տեսական-գաղափարական հիմնասյունը։
Պապական իշխանության նկատմամբ քննադատական համանման վարքագիծ է դրսևորել նաև Պադուանցու գաղափարակից, նոմինալիստ Ուիլյամ Օկկամը։ Նա իր «Երկխոսություն», «Ութ հարցեր պապական իշխանության մասին» աշխատություններում սուր քննադատության է ենթարկում Կաթոլիկ եկեղեցուն՝ պաշտպանելով միապետական իշխանության գերակայությունն ու ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ Օկկամը առաջադիմական դատողություններ է անում ի բնե բոլոր մարդկանց հավասարության, հավատի ազատության, պետության կողմից համընդհանուր շահի պահպանման, իրավունքի՝ որպես հասարակական հարաբերությունների հիմնական կարգավորչի, բնական և պոզիտիվ իրավունքի ներդաշնակության հարցերի վերաբերյալ։ Հատկանշական է, որ վերոնշյալ իտալացի մտածողները լինելով հոգևոր-կրոնական դասի անխոնջ քննադատներ և աշխարհիկ պետության գաղափարի սերմանողներ, հանդես չէին գալիս Աստծու բացառման, հասարակական գիտակցությունից օտարման և աստվածխռովության դիրքերից, այլ հակառակը ընդգծում էին Աստծո՝ որպես անքննելի գերբնականության իրողությունը, իսկ միապետի իշխանությունը բխեցնում աստծուց։
«Բարենորոգչական շաժման» սկզբնավորման գործում հիմնարար ներդում ունեցավ նաև Օքսֆորդի համալսարանաի պրոֆեսոր, աստվածաբան Ջոն Ուիկլիֆը, որին երբեմն անվանում են Ռեֆորմացիայի նախահայր:((Տե՛ս, T. Murray. The Life of John Wycliffe. Publisher, John Boyd, Edinburgh 1829 p.13)) Նա մերժեց եկեղեցու միջնորդի դերը մարդու և աստծո միջև, ի պաշտպանություն միապետական իշխանության ջատագովեց եկեղեցական հողերի աշխարհիկացման գործընթացը՝ հոգևոր դասի իշխանությունը ստորադասելով աշխահիկ իշխանությանը: Ուիկլիֆի գաղափարները առավել ցայտուն արտացոլվեցին Չեխիայի ռեֆորմիստական շարժման տեսական հիմքերում՝ մեծ ազդեցություն թողնելով վերջինիս առաջնորդ Յան Հուսի գաղափարական մոտեցումների ձևավորման վրա։
16-րդ դարի վերջում Գերմանիայում, իսկ հետագայում նաև եվրոպական շատ երկրներում ժողովրդական լայն շարժում ծավալվեց Կաթոլիկ եկեղեցու դեմ։((Տե՛ս, «Զրույցներ կրոնի և գիտության մասին», Հանրամատչելի դասագիրք, Ա. Բելով և ուրիշներ, Երևան, 1965թ. էջ 254։)) Գերմանիան ապրում էր տնտեսական և քաղաքական սուր ճգնաժամ, անկում էին ապրում առևտուրը, հողագործությունը, արհեստագործական արդյունաբերությունը, իսկ հոգևոր և աշխարհիկ կալվածատերերը և քաղաքական բուրժուազիան ժողովրդին ճնշում էին ծանր հարկերով։((Տե՛ս, «Աստվածները մեռնում են», գիտա-աթեիստական տարեգրություն, Աշխատասիր. և կազմ.՝ Ա. Սվասյան, Խմբ.՝ Վ.Ա Հարությունյան, Վ.Խ. Բաղդասարյան, Հայաստանի պետական հրատարակչություն, Երևան 1962թ. էջ 525։)) Այս պատմական ժամանակաշրջանում սուր բնույթ է ստանում ապակրոնականացման, աշխարհիկացման (secularization)((«Աշխարհիկացումը» («սեկուլյարիզացիա») գործընթաց է, որի դեպքում կրոնը դադարում է լինել սոցիալական համախմբան առանցքային գործոն: Ֆրանսիացի քաղաքագետ, պրոֆեսոր Օլիվեր Ռոյի համաձայնՙ աշխարհիկացումը սոցիալկան ֆենոմեն է, որը պահանջում է ոչ քաղաքական իմպլեմենտացիա՚ Տե՛ս, O. Roy, Secularism confronts Islam, Columbia University Press, New York, 2007, p. 7)) գործընթացը, որի նախաձեռնողներն էին կրոնական գործիչներ Մարտին Լյութերը, Թոմաս Մյունցերը՝ Գերմանիայում, Հանս Թաուսենը՝ Դանիայում, Ուլրիխ Ցվինգլին, Ժան Կալվինը՝ Շվեյցարիայում, Ջոն Նոքսը՝ Շոտլանդիայում, Թոմաս Կրանմերը, Հյու Լատիմերը՝ Անգլիայում և ուրիշներ: Ռեֆորմացիայի արդյունքում աստվածակենտրոն իրավաընկալումը աստիճանաբար իր տեղը զիջեց մարդակենտրոն աշխարհայեցողությանը։ Կաթոլիկ եկեղեցուց անջատված կրոնական զանազան հոսանքները այլընտրանքային մոտեցումներ առաջադրեցին, որով խարխլվեց քրիստոնեական դոգմաների աքսիոմատիկ բնույթը, իսկ Աստվածաշունչը կորցրեց իր հեղինակությունը։((Տե՛ս, Ռ. Ա. Պապայան, «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները», գիտ. Խմբ.՝ Գ.Գ. Հարությունյան. Մ.Ա.Ս. Էջմիածին, 2002թ. էջ 21-25)) Անշուշտ Կաթոլիկ եկեղեցու կրոնական դոգմատիզմի դեմ ուղղված բարենորոգչական «արշավը» ծնեց մեկ այլ ոչ պակաս դոգմատիկ ուղղություն՝ ի դեմս բողոքականության՝ նորանոր պառակտումների հեռանկար խոստանալով, սակայն արդարացված չի լինի, եթե չասենք, որ նույն շարժումը կոտրեց միջնադարյան իրավաքաղաքական և կրոնական մտքի նեղ կարծրատիպությունը՝ ճանապարհ հարթելով մարդու այնպիսի հիմնարար իրավունքներից մեկի համար, ինչպիսին է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը։
Աշխարհիկ պետության հայեցակարգի ձևավորման շրջանում ի հայտ են գալիս աշխարհիկ գիտությունը, արվեստը, տիեզերքի վերաբերյալ աշխարհիկ ընկալումը։ Կրոնական դոգմաների և պատկերացումների, ինչպես նաև կանոնական իրավունքի աստիճանական թուլացման հետ մեկտեղ ձևավորվում է աշխարհիկ իրավագիտակցությունը. ամրագրված իրավական նորմերը դառնում են հասարակական կյանքի հիմնական կարգավորիչներ։
Ընգծելով աշխարհիկ պետության գաղափարի զարգացման գործում Բարենորոգչական շարժման ծոցում ձևավորված տեսությունների և առաջադրած սկզբունքների կարևորությունը, պատեհ ենք համարում հիշատակել այդ շարժման սկզբնավորման ակունքներում կանգնած լիդերներից մեկի՝ Մարտին Լյութերի տեսական ներդրումը։ Քրիստոնյա աստվածաբան, Վիտտենբերգի համալսարանի պրոֆեսոր Մարտին Լյութերը իր «Աշխարհիկ իշխանության մասին» («On Secular authority») գիտական աշխատությունում (1523թ.) գրում է, որ «եթե ամբողջ աշխարհը կազմված լիներ իրական քրիստոնյաներից (իրական հավատացյալներից), ապա ոչ իշխանների, ոչ թագավորների, ոչ սրի և ոչ էլ օրենքի կարիք կլիներ: Սակայն մարդկանց միայն փոքրաթիվ մասն է իրեն քրիստոնյայի պես պահում, չարերը միշտ ավելի շատ են, քան բարեպաշտները: Այդ պատճառով աստված հաստատել է երկու կառավարման ձև՝ հոգևոր (իրական հավատացյալների համար) և աշխարհիկ (չարերին զսպող, արտաքին խաղաղությունն ու հանգիստը նրանց պահպանել ստիպող): Բայց աշխարհիկ իշխանության օրենքները տարածվում են մարմնից և ունեցվածքից ոչ հեռու։ Աշխարհիկ իշխանությունը չունի ոչ իրավունք, ոչ էլ ուժ՝ մարդկանց օրենքներ թելադրելու համար: Այն ամենը ինչ կապված է հավատքի հետ, պետք է լինի ազատ: Յուրաքանչյուրի խղճի գործն է՝ ինչպես է նա հավատում կամ չի հավատում»:((Տե՛ս, Christian Social Teachings: A Reader in Christian Social Ethics from the Bible to the Present. George W. Forell, Editor, Fortress Press, Minneapolis, 2013 pp.. 108-110.))
Աշխարհիկ պետության հայեցակարգի նշանավոր ներկայացուցիչ իտալացի փիլիսոփա և քաղաքական գործիչ Նիկոլո Մաքիավելին քրիստոնեության՝ որպես պետական գաղափարախոսության, հակառակորդներից էր: Մաքիավելին որպես պատմության շարժիչ ուժ դիտարկում էր մարդկային եսասիրությունը, որի դեպքում առաջին պլան էին մղվում մարդկային բնույթի արատավոր կողմերը: Ռուս ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Ա. Վ. Մենը արդարացիորեն նկատել է, որ «Մաքիավելին արդարացնում է ամենաուժեղ մարդկային կրքերից մեկը՝ իշխանության ձգտումը»:((Տե՛ս, А. В. Мень Религия, культ личности и секулярное государство (заметки историка религии): На пути к свободе совести/ Под ред. Тябикова Т.Б. Москва, 1989. С.99.)) Այդ պատճառով Մաքիավելին առանձնացնում է քաղաքականությունը ոչ միայն բարոյականությունից, այլև կրոնական կանոններից: Հենց նա է հանդիսանում բացարձակ, ոչնչով չսահմանափակված իշխանության հայեցակարգի հիմնադիրը, որը ձևակերպել է «Տիրակալը» հայտնի աշխատությունում:
Աշխարհիկ պետության հայեցակարգի և հատկապես նրա բաղադրատար համարվող մտքի և խղճի ազատության զարգացման գործում նշանակալի ներդրում ունի ֆրանսիացի աստվածաբան Սեբաստիան Կաստելլոն։ Նա` որպես անհանդուրժողականության և հալածանքի դեմ պայքարի դեղամիջոց, առաջադրում էր խղճի ազատության սկզբունքը, իսկ որպես թեոկրատական պետության հակակշիռ` առաջ էր քաշում պետության և եկեղեցու առանձնացումը։((Տե՛ս, M. Hillar Sebastian Castellio and the struggle for freedom of conscience, Essays in the Philosophy of Humanism, eds, D. R. Finch and M. Hillar, Vol. 10, 2002, pp. 31-56.)) Փաստորեն այլախոհական ազատամտության հենքի վրա սաղմնավորվեց այնպիսի քաղաքակրթական արժեք՝ ինչպիսին է խղճի ազատության իրավունքը։
Աշխարհիկ պետության գաղափարը վերստին արժևորվեց Ռենեսանսի և Ռեֆորմացիայի գաղափարական շարունակություն համարվող Լուսավորականության դարաշրջանում։((Լուսավորականությունը որպես քաղաքական և փիլիսոփայական ուղղություն ի հայտ է եկել 17-րդ դարում Անգլիայում, դասական կերպ է ստացել Ֆրանսիայում, այնուհետև լայն տարածում է գտել նաև այլ երկրներում։ Հայ իրականության մեջ արտահայտվել է 18-րդ դարի երկրորդ կեսին հնդկահայ գաղթօջախում։ Լուսավորականության դարաշրջանի հիմնական գծերից էր գիտելիքի և գիտության կարևորությունը, բանականության պայքարը կրոնական նախապաշարվածության նկատմամբ, սոցիալ-քաղաքական հին կարգերի քննադատությունը, պետության առաջացման պայմանագրային (հասարակական դաշինքի) տեսության առաջադրումը և այլ։ Լուսավորիչները հանդես գալով ֆեոդալական դասակարգային հասարակության քննադատներ՝ ըստ էության հավատարիմ մնացին սեփական բուրժուական դասակարգային շահերին։ «Լուսավորականություն» տերմինը առաջին անգամ գործածվել է Վոլտերի և Հերդենի կողմից։ Տե՛ս, Գ.Ա. Մելքումյան, «Լուսավորականությունը որպես պատմա-մշակութային երևույթ» «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (84), Երևան 1994թ., էջ 13-21։))
Պետության և եկեղեցու առանձնացման դոկտրինը խորությամբ զարգացրեց անգլիացի լուսավորիչ, փիլիսոփա Ջոն Լոկը։ Նրա կարծիքով, եկեղեցին ազատ և կամավոր հիմունքներով միավորված մարդկանց հանրույթ է՝ աստծո պատվին արժանանալու համար, իսկ պետությունը քաղաքացիական բարիքների պահպանման և ընդլայնման նպատակով մարդկանց միավորում։ Միախառնել այս երկու տարբեր ծագում, նպատակ և գործառույթ ունեցող երևույթները նույն է, թե համակցել այնպիսի անհամատեղելի երևույթներ, ինչպիսիք են երկիրն ու երկինքը։((Տե՛ս, Локк Дж. Послание о веротерпимости. Сочинения в трех томах: Т. 3.— М.: Мысль, 1988. С.103)) Ըստ Լոկի անհանդուրժողականության ծնող հիմնական պատճառը եկեղեցու իշխելու տենչն է, որին վերջ տալու համար հարկավոր է սահմանազատել աշխարհիկ և հոգևոր ոլորտները` մասնավորապես պետությունն ու եկեղեցին, հակառակ պարագայում «եթե դա տեղի չունենա ապա անհնար կլինի սահմանափակել այն մարդկանց միջև առկա վեճերը, որոնց համար հոգու փրկությունը և պետության շահը կամ թանկ է, կամ բնորոշվում է որպես այդպիսին»։((Տե՛ս, նույն տեղում էջ 94)) Հատկանշական է նաև այն փաստը, որ Լոկը ոչ միայն տարանջատում է պետությունն ու եկեղեցին, այլև կրոնական և քաղաքացիական օրենքները` ընգծելով, որ «այն ինչ թույլատրվում է պետության կողմից չի կարող արգելել եկեղեցին»։((Տե՛ս, նույն տեղում էջ 114))
Հարկ է արձանագրել այն փաստը, որ Եկեղեցին պետությունից անջատելու հետևողական գործընթացը սկիզբ դրվեց ավատատիրական հասարակական-տնտեսական ֆորմացիայից կապիտալիզմին անցնելու պատմափուլում։ Հայտնի է, որ այդ անցումը նախանշվեց բուրժուադեմոկրատական հեղափոխություններով, որոնցից՝ մասնավորապես Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը գաղափարական և գործնական առաջամարտիկը դարձավ աշխարհիկ պետության ձևավորման գործընթացում։((Տե՛ս, Գ. Տէրտէրեան, «Եկեղեցի-Պետութիւն յարաբերութիւններ եւ նոր աղանդաւորականներ», Ներածական ակնարկ, Պէյրութ 2003թ. էջ 4։)) Ժողովրդավարական կարգախոսների ներքո ծավալվող հեղափոխության ալիքը նշանավորվեց քաղաքացիական պատերազմով, արյունալի տեռորով, որի թիրախ դարձան հատկապես միապետական կարգերն ու եկեղեցին։ Այդ պայքարի գաղափարական, տեսական հենքը ապահովեցին ֆրանսիական մատերիալիստ-լուսավորիչները՝ Ժ.Լամետրին, Պ.Հոլբախը, Վոլտերը, Դ.Դիդրոն, Կ.Հելվեցիուսը և այլք, որոնց վրա իր հերթին հիմնարար ազդեցություն էր գործել ֆրանսիացի լուսավորիչ Պ. Բեյլի՝ «ոչ թե բանականությունը պետք է ենթարկվի հավատին այլ հավատը պետք է ենթարկվի բանականությանը» հիմնադրույթը։ Այս տեսական մեկնակետից ելնելով ֆրանսիացի «մարտնչող մատերիալիստները» կրոնը հակադրեցին բանականությանը և անողոք հարձակում սկսեցին Կաթոլիկ եկեղեցու դեմ՝ հրապարակ նետելով նրան ուղղված «ճզմենք սողունի գլուխը» նշանաբանը։
Հակակրոնական շարժումը սուր բնույթ ընդունեց հատկապես քրիստոնեության պարագայում, որի հետևանքով ազգայնացվեցին եկեղեցական հողերը, փակվեցին մի շարք եկեղեցիներ։ Փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Վ. Ն. Կուզնեցովը իր կազմած «Թող չքվի խավարը» գրքի ներածության մեջ նշում է, որ ֆրանսիացի լուսավորիչների պայքարն ընդդեմ կրոնի ու եկեղեցու ընդհուպ մինչև 18-րդ դարի կեսը ծավալվում էր դեիզմի դրոշի ներքո, այսինքն մի կողմից նրանք աստծուն ընդունում էին որպես աշխարհի արարիչ, մյուս կողմից պաշտպանում էին այն դրույթը, որ գերբնական ուժերը չեն միջամտում բնության և հասարակության զարգացմանը։((Տե՛ս, «Թող չքվի խավարը», 18-րդ դարի մատերիալիստները աթեիզմի, կրոնի, եկեղեցու մասին, կազմ՝ Վ. Ն. Կուզնեցով-Եր.։ Հայաստան, 1980, էջ 4։)) Սակայն հարկ է ընդգծել, որ մարտնչող մատերիալզմի տեսաբանները աստիճանաբար հաղթահարեցին դեիզմի սահմանափակվածությունը և բացահայտ աթեիստական կողմնորոշում որդեգրեցին։
Աշխարհիկացման գործընթացի վրա շոշափելի ազդեցություն է գործել բնական իրավունքի հայեցակարգը, ինչպես նաև, քաղաքական և քաղաքացիական ազատությունների՝ հատկապես մտքի խղճի և դավանանքի ազատության արմատավորումը։ Պայքարելով ֆեոդալիզմի դեմ, բուրժուազիան հանդես եկավ նաև մարդու խղճի վրա եկեղեցական-ֆեոդալական բռնության դեմ, պնդելով, որ եկեղեցին պետք է անջատվի պետությունից և քաղաքացիներին իրավունք տրվի ինքնուրույն որոշելու իրենց կրոնական պատկանելության հարցը։ Այդ իրավունքն էլ բնութագրվեց որպես խղճի ազատություն։((Տե՛ս, Ն.Ս. Գորդիենկո, Գիտական աթեիզմի հիմունքներ, Լույս հրատարակչություն, Երևան 1982թ. էջ 178։))
Նոր դարաշրջանում Եվրոպայի կողմից որդեգրած աշխարհիկ սկզբունքները հիմք դրեցին պետաեկեղեցական հարաբերությունների նոր մեկնակետին՝ կանխորոշելով աշխարհիկ պետությունների կազմավորումը։ Ֆրանսիան առաջինը աշխարհում ընդունեց օրենք եկեղեցու և պետության առանձնացման մասին, որով ուժը կորցրած ճանաչվեց 1801թ. Նապոլեոն Բոնապարտի և Հռոմի Պիոս 8-րդ պապի միջև ստորագրված Կոնկորդատը։((Տե՛ս, И.В. Понкин П56 Столетие французского закона о разделении церквей и государства. – М.: Издательство Учебно- научного центра довузовского образования, 2005. – 21 с.)) Ֆրանսիական աշխարհիկ պետության մոդելը (Laïcisme) դարձավ ընդօրինակելի մի շարք Եվրոպական պետությունների համար։
Հարկ է ընգծել, որ Եվրոպայից աշխարհագրապես կտրված ԱՄՆ-ը նույնպես զերծ չմնաց պետության աշխարհիկության սկզբունքի ամրագրման գործընթացից։ Այս առիթով ուշագրավ է ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի հեղինակ, Թոմաս Ջեֆերսոնի պատասխան նամակը Դենբերիի բապտիստների ասոցիացիային, որը դարձավ ԱՄՆ-ի՝ որպես աշխարհիկ պետության հայեցակարգային ուղենիշը։ Նամակում Թ. Ջեֆերսոնը մասնավորապես ընգծում էր. «Ես համակարծիք եմ Ամերիկայի ժողովրդի այն համոզման հետ, որ օրենքը չպետք է օժանդակի որևէ կրոնի հաստատմանը կամ խոչընդոտի դրա ազատ իրացմանը, այդպիսով կառուցելով բաժանարար պատ պետության և եկեղեցու միջև։((Տե՛ս, L. Dreisbach, “Sowing Useful Truths and Principles”: The Danbury Baptists. Thomas Jefferson, and the “Wall of Separation, Journal of Church and State, Volume 39, Issue 3, 1 July 1997, Pages 455–501)) Հատկանշական է, որ ԱՄՆ-ի 1787 թ. Սահմանադրության տեքստում չկան եկեղեցին պետությունից անջատելու և կրոնական պաշտամունքներն ազատ կատարելու վերաբերյալ հոդվածներ։ Դրանք մտցվեցին 1791թ. ընդունված «Իրավունքների մասին բիլլում»։
Ֆրանսիական լուսավորիչների մատերիալիստական գաղափարախոսությամբ թրծված կոմունիստ տեսաբանները յուրովի իմաստավորեցին պետությունը-եկեղեցուց անջատելու ապա և հասարակական կյանքից դուրս մղելու դոկտրինը՝ կանխորոշելով բոլշևիկյան աստվածամերժական համակարգի ստեղծումը։ Հատկանշական է, որ Կոմունիստական կուսակցության երկրորդ համագումարում (1903թ.) որպես ծրագրային դրույթ սահմանվեց խղճի անսահման ազատությունը և եկեղեցու անջատումը պետությունից իսկ դպրոցը՝ եկեղեցուց։((Տե՛ս, Ն.Մ. Լուկին, Եկեղեցի եւ պետութիւն, ՌՍՖԽՀ. Հայկական կենտրոնական կոմիսարիատի հրատարակչություն, Մոսկւա-1919թ. էջ 36։))
Այսպիսով՝ ամբողջացնելով կատարված վերլուծության արդյունքները կարող ենք անել հետևյալ եզրահանգումները.
ա) Աշխարհիկ պետության գաղափարը վաղ միջնադարից հասունացած և էվոլուցիոն զարգացման ուղի անցած քաղաքակրթական արժեք է, որի շնորհիվ մշակույթը, գիտությունը, իրավունքը, հասարակական կյանքը ձերբազատվեց կրոնական միակողմանի մոտեցումներից և վերջինիս՝ պետական կառավարման ինչպես նաև քաղաքականության վրա ունեցած ահռելի դերակատարությունից։
բ) Թեև աշխարհիկ պետության առաջացումը, մեծ մասամբ, նախանշվեց եկեղեցու դեմ պայքարով, որոշ դեպքերում վերածվելով նույնիսկ աստվածանարգության, այդուհանդերձ, իր էությամբ, այդպիսի պետությունը չդիտարկվեց աստվածամերժական, այլ սահմանազատելով պետական և կրոնական ոլորտները՝ դարձավ մտքի և խղճի ազատության իրավունքի ապահովման հուսալի պատվար։
գ) Պետության և եկեղեցու առանձնացումը՝ որպես աշխարհիկ պետության գաղափարի կենսագործման հիմք, առաջին անգամ ամրագրվեց Ֆրանսիայի Հանրապետության իրավունքի նորմերում՝ կանխորոշելով դրա հետագա տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում։