Ասում են`
Մարդը կապկից է սերել:
Ասում են սակայն`
Կապիկների մեջ ձախլիկներ չկան,
Իսկ որտեղի՞ց են ձախլիկ-ձախերն այս:
Ումի՞ց են սերել…
Պ. Սևակ
Տիեզերքի բիբլիական պատկերացումը բոլորովին այլ է, քան այսօրվա բնագիտական հետազոտությունների վրա հիմնվածը: Սրա պատճառն այն է, որ Ս. Գրքի միակ մըտահոգությունը եղել է կրոնական ճշմարտությունների հաղորդումն ու ուսուցումը, ուր Աստված հայտնում է ինքն իրեն` խոսքերի և գործերի միջոցով: Այդ հայտնության լրումն ու գագաթնակետը հանդիսանում է Հիսուս Քրիստոսի աշխարհ գալը: Մինչդեռ բնագիտությունը կամ կենսաբանությունը զբաղվում են իրերի և կյանքի վերաբերյալ այնպիսի երևույթներով, որոնք կապ ունեն դրանց ծագման և զարգացման ընթացքի հետ:
Սուրբ Գիրքն ու գիտությունը իրար չեն կարող հակասել, եթե նրանցից յուրաքանչյուրը մնա իր ոլորտի կամ սահմանների մեջ. նույնիսկ ավելին, երկուսն էլ կարող են ծառայել միևնույն նպատակին` ճանաչելու Աստծուն, որպես արարիչ ողջ տիեզերքի և կյանքի, որովհետև «Երկինքը պատգամում է Աստծու փառքը, իսկ հաստատությունն էլ (այսինքն` երկնակամարը) պատմում է Նրա ձեռաց ·ործերը: Օրը օրվան տալիս է պատգամը, և գիշերն էլ գիշերվան գիտություն է հայտնում: Գոյություն չունեն ոչ խոսքեր և ոչ էլ բառեր, դրանց ձայները չեն լսվում: Այսուհանդերձ, նրանց պատգ·ամը տարածվում է ողջ աշխարհով մեկ և նրանց խոսքերն էլ հասնում են մինչև երկրի ծագերը» (Սղմս. ԺԸ 2-5):
Բնագիտությունը տիեզերքի կառույցը նկատում է մի բնական բարեշրջության (էվոլուցիայի) արդյունք և շնորհիվ ֆիզիկայի, աստղագիտության, կենսաբանության, մաթեմատիկայի և այլն, հիմնավորում է իր տեսակետները: Բնագիտությունը կարիք չունի աստվածաբանության: Փոխադարձաբար, աստվածաբանությունն էլ կարիք չունի բնագիտական հետազոտությունների, որովհետև Աստված բոլորովին վեր է դրանցից: Սակայն բացառված կամ անտեղի չէ, որ բնագիտությունն էլ փորձի ունկնդրել տիեզերքի Արարչի պատգամը Նրա արարչագործության միջից:
Ի՞նչ է սակայն տարբերությունը սուրբգրային կոչվող տիեզերաբանության ու մարդաբանության` համեմատած էվոլուցիոն եղանակով ընկալվածի հետ: – Աստվածաշնչի հատկապես Ծննդոց գիրքը աստվածային ստեղծագործությունը ներկայացնում է որպես իր լրումին հասած մի գոյավիճակ, որն իր մեջ պարփակում է նաև մարդուն` իր մարդկային կատարելությամբ, մինչդեռ այսօրվա բնագիտությունն ու կենսաբանությունը տիեզերքն ու մարդը համարում են մի պատմական բարեշրջության (էվոլուցիայի) արդյունք:
Այսպիսով, բարեշրջությունը (էվոլուցիան) նկատի ունի արդեն իսկ գոյություն ունեցող տեսակների հետնագույն զարգացումը` շնորհիվ ժամանակի ընթացքում կատարված որոշ հատկանիշների փոփոխման: Այս պարագան վերաբերում է նաև մարդուն, նրա արտաքին և ներքին բնագավառներին:
Բարեշրջությունը մարդու փորձառության վրա հիմնված (empiric) մի հասկացություն է, որ միշտ նախադրում է գոյություն ունեցող որևէ նախանյութ: Մինչդեռ աստվածաբանության մտահոգությունն է` բացատրել, թէ որտեղից է առաջացել այդ փոփոխվող կամ բարեշրջման ենթակա նախանյութը:
Փորձարարական եղանակով ուսումնասիրված երևույթների մասին ·ոյություն ունեցող եզրահանգումները շատ անգամ հարաբերական բնույթ ունեն, քանի որ միշտ իբրև ելակետ ունեն մարդու ենթակայական հարաբերությունը տիեզերքի, տարածության և ժամանակի հետ: Այս իսկ պատճառով գիտությունը երբեմն վերանայման է ենթարկում իր հաստատումները, ինչպես, օրինակ, Իսահակ Նյութոնի (1643-1727) հռչակավոր հայտնաբերումը «ձգողության օրենք»-ի մասին իր տեղը զիջեց Ալբերտ Այնշտայնի (1879-1955) «ձգողության» վերաբերյալ ունեցած տեսությանը(1):
Համաձայն գիտական նոր վարկածների, այսօրվա տեսանելի աշխարհը գոյացել է ավելի քան 10 միլիարդ տարիներ առաջ` ռադիոակտիվ հսկա մի ատոմի (հյուլեի) պայթումից կամ դեռևս չճշտված հրաշեկ և թանձր մի զանգվածի տրոհումից: Ոմանց համաձայն էլ` այն գոյացել է նեոտրոնների և պրոտոնների (էլեկտրական ուժի լիցքավորումներ) միավորումից, որի հետևանքով էլ կազմվել է նյութը: Սակայն գիտնականները դեռևս չեն կարողացել հաստատ և սպառիչ արտահայտություններ ունենալ տիեզերքի նախանյութի կամ նախաէներգիայի մասին: Աստվածաբանությունը հաստատում է, թե տիեզերքի նախանյութը կամ նրանում գոյություն ունեցող օրինաչափություններն ու զարգացումները ստեղծվել են ուղղակի Աստծուց: Այս ճշմարտությունը հայտնվել է նույնինքն Աստծու կողմից և այն միայն հավատով է ըմբռնելի:
Էվոլուցիոն տեսակետների ռահվիրա է համարվում անգլիացի բնագետ Չարլզ Ռոբերտ Դարվինը (1809-1882), որը մի տեսակ շարունակողն ու խորացնողը եղավ շվեդիացի նշանավոր բնագետ Կարլ Լիննեոս-ի (1707-1778) գիտական աշխատանքի: (Լիննեոսը բուսաբանության և բնագիտության բնագավառներում հանդիսացավ առաջինը, որն իրեն հայտնի բույսերն ու կենդանիները դասակարգեց ըստ խմբերի` նրանց միջև եղած նմանությունների և տարբերությունների հիման վրա): Իրականում, սակայն, իրերի և կյանքի նկատմամբ հայտնվող նման էվոլուցիոն տեսակետներ գոյություն են ունեցել Դարվինից բազմաթիվ դարեր առաջ: Դեռևս 6-րդ դարուն (ն. Ք.) չին փիլիսոփա Կոնֆուցիոսը (551-470) ուսուցանում էր, թե իրերը առաջացել են մի պարզ նախանյութի աստիճանական զարգացումից և ճյուղավորումից: Հույն փիլիսոփա Թալեսը (624-547 ն. Ք.) ջուրը նկատում էր որպես նախանյութ, իսկ Էմպեդոկլեսը (483¬453 ն. Ք.) և ուրիշ հույն մտածողներ քառյակ տարրերը` հողը, ջուրը, օդը և կրակը, ընդունում էին իբրև տիեզերքի բաղկացուցիչ նախանյութեր: Հետագայում Դեմոկրիտը (460¬370 ն. Ք.), յուրացնելով իր ուսուցչի` Լևկիպի-ի տեսակետները, մեջտեղ բերեց ատոմ-ի (հյուլեի) ուսմունքը, որով նկատի ուներ մատերիայի չբաժանվող ամենափոքր մասնիկը` որպես նախանյութ բոլոր իրերի: Ատոմը նկատվում էր նաև անփոփոխելի կորիզ ունեցող մի մասնիկ: Սակայն այսօր գիտական փորձով հայտնի է, որ ատոմը կարելի է մասնատել ու նրանից էներգիա շահել, քանի որ այն էներգիայից է կազմված: Հետևաբար, ատոմը ենթակա է դառնում փոփոխման` վերածվելով լույսի և ջերմության:
Վերոհիշյալների թվում պետք է նկատի ունենալ նաև Արիստոտելին (384¬322 ն. Ք.), որն հատկապես իր “Historia animalium” գրքում մեզ ներկայացնում է կենսաբանական որոշ հետազոտություններ, որտեղ ընդունում է օրգանական կյանքի աստիճանական զարգացումը:
Մինչև վերածնունդ բնագիտության և կենսաբանության վրա զգալի էր արիստոտելյան ազդեցությունը: Այնուհետև հանդես են գալիս նոր մեթոդներով ու տեսություններով զինված բնագետները, ովքեր ձգտում են առարկայօորեն, առանց փիլիսոփայության մեջ խճճվելու, կատարել իրենց հետազոտությունները: Դրանց մեջ ամենից աչքառուներն են վերևում նշված Լիննեոսը (Լիննե) և ֆրանսիացի բնագետ Ժան-Բատիստ Լամարկը (1744-1829): Մոտավորապես միևնույն ժամանակաշրջանում գործում են նաև հռչակավոր բնափիլիսոփաներ` անգլիացի Ֆրանսիս Բեկոնը (1561 -1626), ֆրանսիացի Ռընէ Դեկարտը (1596¬1650), գերմանացիներ Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնիցը (1646¬1716) և Իմմանուէլ Կանտը (1724-1804): Սրանց մեծագույն գործը լինում է բաժանել «մեխանիզմ»-ը «վիտալիզմ»-ից, այսինքն` օրգանական աշխարհն ուսումնասիրելիս, նկատի ունենալ օրգանիզմը իբրև քննարկման առանձին բնագավառ` առանց անդրադառնալու տվյալ օրգանիզմում գոյություն ունեցող «կյանքի սկզբունք»-ին, այսինքն` շնչին կամ հոգուն: Այս հետևողությամբ ուսումնասիրվում է նաև մարդկային մարմինը, ինչ որ առիթ է տալիս էվոլուցիոն տեսակետների մի նոր զարգացմանը:
Այս բոլորից հետո, 1859 թ. լույս է տեսնում Չարլզ Դարվինի հանրահայտ աշխատությունը` հետևյալ վերնագրով. «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով, կամ բարենպաստվող ցեղերի պահպանումը կյանքի համար մղվող պայքարում», որտեղ շարադրվել էին նրա էվոլուցիոն տեսությունները(2):
Դարվինի ուսմունքը` դարվինիզմը, ընդունում է,- ինչպես նրա գրքի վերնագիրն է ծանուցում,- թե բուսական և կենդանական տեսակները առաջացել են բնական ընտրության կամ սերունդների գոյության պահպանման պայքարի միջոցով` հարմարվելով կենսոլորտի պայմաններին: Այսպիսով, այսօրվա մեզ հայտնի բույսերն ու կենդանիները մի ուրիշ, արդէն իսկ անհետացած տեսակների պատմական զարգացման արդյունք են: Այս բոլորի վրա պետք է ավելացնել նաև խաչասերումը, որով արհեստական ընտրությամբ ձեռք են բերվում բույսերի ու կենդանիների նոր տեսակներ: Դարվինը իր այս տեսությունները մի անգամ ևս հաստատում է իր 1871 թ. լոյս ընծայած «Մարդու Ծագումը» անունը կրող գրքում, տեսություններ, որոնք բախվում են իր ժամանակի կրոնափիլիսոփայական ըմբռնումների հետ:
Ըստ Դարվինի, մարդը տարբերություն չունի անասունից: Նա առաջացել է կապիկների սեռին պատկանող մի նախատիպար կենդանուց: Մարդու հոգեկան աշխարհն էլ բնազդային զարգացման արդյունք է, հետևաբար կարելի չէ վստահել նրա բանականությանը:
Այստեղ Դարվինն սկսում է ինքն իրեն հակասել: Նա ուզում է իր գիտությունից թոթափել այն, ինչ վերաբերում է հոգուն կամ Աստծուն, սակայն այս մարզում չի կարողանում ամբողջությամբ յաջողություն գտնել: Իր ինքնակենսագրության մեջ կարդում ենք. «Մի ուրիշ աղբյուր` Աստծո գոյության համոզումի վերաբերյալ, իմ վրա թողնում է շատ մեծ արժեք ունեցող մի աղբյուրի տպավորություն: Այս մէկը գալիս է այն բացառիկ դժվարությունից կամ ավելի անկարելիությունից ըմբռնելու, թե այս հսկա ու հրաշալի աշխարհը,- որն իր մեջ պարփակում է իր հեռավոր անցյալն ու հեռավոր ապագան տեսնելու ունակությամբ օժտված մարդուն,- արդյունք է կոյր պատահականության կամ անհրաժեշտության: Երբ մտածում եմ այս մասին, ինքս ինձ պարտավոր եմ զգում որոնելու մի առաջին սկզբնապատճառի, որով թեիստ կոչուելու արժանի եմ դառնում…: Բայց այնուհետև մեջս կասկածն արթնանում է. կարելի՞ է արդյոք վստահել նման հոյակապ եզրակացություններ կատարող մարդու հոգուն, որ,- ինչպես ես բոլորովին հավատացած եմ,- զարգացել է մի այնպիսի ստորին հոգուց, որը հատուկ է անասուններին»(3):
Եթէ կասկածելի է մարդու հոգուն վստահելը, ուրեմն կարելի չէ վստահել նաև այդ հոգու արտադրանքներից մեկը նկատվող դարվինիզմին, մանավանդ որ դեռևս ամբողջությամբ չեն հաստատված նրա տեսակետները:
Ֆրիդրիխ Էնգելսը (1820-1895) անդրադառնալով դարվինիզմին` գրում է Կարլ Մարքսին. «Ի դեպ, Դարվինը, որ ես հիմա կարդում եմ, ամբողջովին հոյակապ է: Աստվածաբանությունը մինչև վերջերս դեռ ամբողջությամբ չէր խորտակված, սակայն այդ բանն այժմ կատարված է: Դրանից բացի, առ այսօր այսպիսի մի հրաշալի փորձ և այն էլ այսպիսի հաջողությամբ չէր կատարված` փաստելու համար բնության մեջ առկայ պատմական զարգացումը»(4): Էնգելսը հանձին Դարվինի ողջունում էր աստվածաբանության խորտակչին և մատերիալիստական մարդաբանության ջատագովին: Սակայն Էնգելսը չարաչար սխալվում էր. դարվինիզմը նպատակ չի ունեցել երբեք խորտակելու աստվածաբանությունը: Մյուս կողմից էլ դարվինիզմի ծագումնաբանական տվյալները ամբողջովին պետք չէ հակադրել կրոնական տեսակետներին: Ի վերջո կարելի է հարց տալ, թէ որտեղի՞ց են ծագում առել օրգանական աշխարհին պատկանող տեսակների նախնիները կամ նրանց հիմքում ըն-կած բջիջները (գեները), ներառյալ խաչասերման ճանապարհով ստացված նոր սորտերինը: Գիտությունը չի կարողանում մի հստակ պատասխան գտնել այս հարցին, մինչդեռ հավատացյալն ընդունում է, որ ամեն ինչի սկիզբը հետևանք է Աստծո արարչագործ զորության:
Էռնստ Հաեկելը (1834-1919), հետևելով դարվինիստական գաղափարներին, մեջտեղ է բերում անօրգանական նյութից կյանքի բնական ծագման գաղափարը և զարգացնում` մատերիալիստական մոնիզմը, որով ամէն ինչի որպես հիմք կամ նախասկիզբ ընդունում է նյութը (մատերիան), որի մեջ միայն պետք է փնտրել Աստծուն: Հաեկելի խոսքերով` «Աստծուն մենք տեսնում ենք քարի, բույսերի, կենդանիների և մարդկանց մեջ» (5): Այսպիսով, էվոլուցիոն վարդապետության կողմնակիցների մոտ առաջանում են երկու տարբեր ուղղություններ` մեկը մատերիալիստական, իսկ մյուսը` իդեալիստական: Այս վերջինի գլխավոր ներկայացուցիչն է հանդիսանում գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Հեգելը (1770-1831):
Ֆրանսիացի նշանավոր երկրաբան, պալեօնթոլոգ և միաժամանակ ջիզվիտ հոգևորական Պիեր Թէյլար դը Շարդենը (1881-1955) փորձ է արել գիտական բարեշրջական տեսակետները հաշտեցնել աստվածաբանության հետ: Ըստ նրա` Քրիստոսի միջոցով իրականացված աստվածային փրկագործության պատմությունը պետք է դասավորել բարեշրջության ընդհանուր համակարգի մեջ: Իսկ կյանքի բարեշրջության գագաթնակետը պետք է որոնել մարդու մեջ, որի գիտակցությունը ժամանակի ընթացքում իր զարգացումն է ունեցել, որի շնորհիվ նա կարողացել է ապրել ու գոյատևել: Այսօր, սակայն, մարդիկ ապրում են` մտածելով նվաճել գիտակցության նոր հորիզոններ և ճանապարհ հարթել մի գերագույն գիտակցության, որպեսզի կարողանան գերմարդ (surhomme) դառնալ: Այս գործընթացը ձգտում է մարդկանց միջև հավասարություն ստեղծել գիտական, տեխնիկական, ընկերային և մհակութային մակարդակների վրա: Ամեն ինչ ենթակա է ձևափոխման (transformation) և ամեն ինչ պիտի հասնի մի օմեղայի, այսինքն` մի վերջին կետի: Երբ այս մեկը կատարվի, ամեն ինչ պիտի մարմնավորվի (inkarnation): Քրիստոսն ինքը մարմնավորվեց և սկիզբ դրեց դեպի մարմնավորում ձգտող բարեշրջության (էվոլուցիայի): Ամեն ինչի մարմնավորումով պիտի կատարվի միությունը Աստծո հետ: Այս իմաստով Քրիստոսը, լինելով Աստուծո էվոլուցիան, պիտի լինի նաև գագաթնակետը մարմնավորված տիեզերքի: Ինչպես հացն ու գինին, որպես մատերիա ձևափոխվում են ու դառնում մարմին և արյուն Քրիստոսի, այնպես էլ ամեն ինչ պիտի ձգտի դէեպի Քրիստոս, և ձևափոխման այս գործընթացը,- համաձայն Շարդէնի,- պիտի լինի բնության ու կյանքի քրիստոսացումով, որովհետև նյութը ինքն իր մեջ անկենդան չէ, ատոմը վերածվում է մոլեկուլի, մոլեկուլը դառնում է մեգա-մոլեկուլ, և մեգա-մոլեկուլից առաջանում է միաբջիջ կյանքը(6):
Շարդենի տեսակետները, իրենց դրական կողմերով հանդերձ, անհամատեղելի են քրիստոնեական Եկեղեցու վարդապետության հետ: Նա իր հաստատումների մեջ երբեմն այն աստիճան ծայրայեղության է գնում, որ պատերազմները, վայրագությունները, Հերոշիմայի զոհերը և այլ աղետներ նկատում է բարեշրջության համար դրական և անխուսափելի երևույթներ, մինչդեռ դրանք աններդաշնակություններ են Աստծո բարի ստեղծագործության մեջ, որպես արդյունք մարդկանց պատուիրազանցության և չարի կործանարար գործունեության: Մյուս կողմից էլ Քրիստոսի մարմնավորումը չի կարելի երբեք նկատել իբրև աստվածային էվոլուցիայի արդյունք, այլ դա Աստծո կողմից հաստատված փրկագործության խորհրդի պատմական զարգացման և կատարելագործման միջոցն է: Իսկ ինչ վերաբերում է հացի և գինու նյութափոխության օրինակին, դրանք, համաձայն ուղղափառ Եկեղեցու դաւանանքի, իրենց նյութական բնությունը կամ արտաքին հատկանիշները չեն փոխում, այլ «իմանալի զորություն» ընդունելով` դառնում Քրիստոսի մարմին և արյուն:
* * *
Արդար կլինի ընդունել այն, որ բնագիտական հետազոտությունները դրական երևույթ են հանդիսանում նույնիսկ կրոնական ասպարեզում, որովհետև նրանցով մենք հնարավորությունն ունենք առավել խորը թափանցելու տիեզերքի և կյանքի հրաշալի երևույթների մեջ: Սկզբնական շրջանում քրիստոնեական կրոնը պայքարեց գիտական նոր տեսակետների դեմ, քանի որ նկատում էր, թէ հատկապես բարեշրջական տեսությունները դարձել էին մատերիալիստական և անաստվածյան գաղափարներով համակված գիտնականների ու փիլիսոփաների մենաշնորհը, մի բան, որ ակնհայտ էր հաեկելեան ժամանակաշրջանում, երբ շատերի կողմից գիտական նոր տեսությունները ընկալվում էին իբրև կրոնը փոխարինող նոր վարդապետություն:
Պէտք է ասել, որ Եկեղեցու աստվածաբանները շատ անգամ իրենց պայքարում ծայրահեղության գնացին, մինչև որ անդրադարձան այն իրականության, թէ բարեշրջության հարցում գիտնականների հետ իրենց ունեցած գլխավոր տարբերությունը բուն հարցին մոտենալու սկզբունքի մեջ էր. կրոնական¬իդեալիստակա՞ն, թէ՞ մատերիալիստական:
Ըստ քրիստոնեական Եկեղեցու դավանանքի, ամեն ինչ ստեղծված է Աստծուց, որն ինքն իր մեջ ունի գոյությունների անքննելի լիությունը: Սկզբնագոյ համարվող նյութը կամ քաոսը, ինչպես նաև տեսակների բոլոր նախագոյակներն ու կյանքը նույնպես Աստծուց են, որովհետև այն ինչ որ կյանք ունի` մի ուրիշ կյանք ունեցողից է (omne vivum e vivo): «Ամեն ինչ, լինի դա մասնիկ կամ ամբողջություն, ինչպես աշխարհն ու մարդկությունը, ամենից առաջ ստանում են Աստծուց մի սաղմնային յուրահատկություն, որը հիմքն է տեսակների կատարյալ ինքնության»(7):
Ինչ վերաբերում է աստվածային արարչագործության և բարեշրջական վարդապետության իրար հաշտեցմանը, պետք է ասել, որ աստվածաբանությունը ներկայումս ընդունում է մի հատուկ և չափավոր տեսակետ այս առթիվ` հիմնվելով Ս. Գրքի տվյալների վրա, որոնց համաձայն Աստված ոչ թե միանգամից, այլ ժամանակ հասկացության մեջ ստեղծում է տիեզերքը: Լույսի ստեղծումով սկսվում է այդ ժամանակը, և մի՞թէ «եղիցի´ լույս» հրամանը և դրան հաջորդող զարմանահրաշ արդյունքը` «եղև լույս», չի՞ նմանվում այն սկզբնական զանգվածային ատոմի պայթումին, որի մասին են խոսում գիտնականները` համարելով այն իբրև սկիզբ տիեզերքի առաջացման:
Աստված ինքն ուղղակիորեն չի ստեղծում կենդանիներն ու բույսերը, այլ հրաման է տալիս երկրին մեջտեղ բերելու դրանք, իսկ մարդուն տալիս է իշխանություն` տիրապետելու բնության և կենդանական աշխարհի վրա: Մարդը ոչ թե մեկ օրից մյուսը այդ իշխանության գլուխը պիտի անցներ, այլ ժամանակի ընթացքում ամեն ինչ պիտի հնազանդեցներ իրեն: Մարդն իր ծնված օրից մինչև հասունություն բարեշրջության շարունակական գործընթացի մեջ է, նրան հաջորդող սերունդներն էլ այդ ընթացքի մեջ են, բոլորն էլ ձգտում են դեպի ավելին, բոլորն էլ ցանկանում են մի քայլ ևս առաջ գնալ իրենց տիրապետության մեջ: Եթե մարդը կենդանիների կամ մարդակերպ կապկի սեռին է պատկանել, ապա ուրեմն` ինչպե՞ս եղավ, որ միայն ինքը կարողացավ առանձնանալ այդ սեռից և մեջտեղ բերել մարդկային ցեղը: Պարզ է որ մարդու մեջ կար կենդանիներից զատորոշվելու ունակությունը: Իսկ եթե մատերիալիստական բարեշրջության տեսակետի համաձայն` դարերի ընթացքում մյուս կենդանիներն էլ պիտի ունենան իրենց զարացման գործընթացը, նորից սակայն կապիկը` կապիկ պիտի մնա, իսկ մարդը` մարդ, քանի որ այս վերջինս էլ իր բարեշրջությամբ միշտ պահելու է իր ղեկավարողի դիրքը` բաղդատմամբ մյուս կենդանիների: Սա նշանակում է, որ մարդը հենց սկզբից ստեղծվել էր իր տեսակի համաձայն` իբրև մարդկային հատկանիշներով օժտված էակ: Նա մարմնապես կապված է մատերիային ու կենդանիներին, սակայն, ի տարբերություն նրանց, նա բանական էակ է և ունի իր հոգեկան աշխարհը, հենց այստեղ է կայանում նրա առավելությունը այս աշխարհի մյուս ստեղծվածների նկատմամբ, քանի որ Աստված ուղղակի իր կողմից կենդանության շունչ է փչել նրա մարմնին:
Որպես եզրակացություն պետք է ասել, որ քրիստոնեական Եկեղեցին ընդունում է մի չափավոր բարեշրջություն ստեղծագործության մեջ: Այսուհանդերձ, հարկ է նկատի ունենալ, որ զուր են թափված այն բոլոր ջանքերը` ապացուցելու համար Ս. Գրքում հանդես եկող ստեղծագործության բարեշրջական բնույթը: Ո´չ, գիտական առումով Ս. Գրքում գոյություն չունի բարեշրջություն (էվոլուցիա): Սակայն այս չի նշանակում, թե գիտական աշխարհը պետք է արհամարհի Ս. Գրքի տվյալները ստեղծագործության վերաբերյալ. զարգացած մտքին ներելի չէ նման մակերեսային մի եզրահանգում: Միայն թե այստեղ նկատի պետք է ունենալ հետևյալը. բնագիտության և աստվածաբանության ունեցած մտահոգություններն ու հետապնդած նպատակները տարբեր են, սակայն ոչ անպայման իրար հակադրվող: Առաջինը զբաղվում է տիեզերքի օրինաչափություններով, իսկ երկրորդը` Աստծո` տիեզերքի հետ ունեցած ծրագրով:
Ծանոթագրություններ
1. տե°ս Hermann Bondi, “El Cosmos”, Bs. As., 1962, էջ 14:
2. Rene F. de La Huerta, “¿A Imagen y Semejanza de Quién?”, Santander (España), 1961, էջ 5:
3. Francis Darwin, “Charls Darwin”, Übersetzt von J. Victor, Sttutgart, 1893, էջ 83:
4. Karl Marx – Friedrich Engels, “Briefwechsel”, 1854-60, II, Stuttgart, 1902, էջ 548:
5. Rudolf Steiner, “Haeckel, die Welträtsel und die Theosophie”, Dornach (Schweitz), 1926, էջ 33:
6. Rudolf Liebig, “Die andere Offenbarung”, Augsburg, 1966, էջ 73-75: Շաև` Ernst Benz, “Schöpfungsglaube und Endzeiterwartung”, München, 1965, էջ 224-260: Theihard de Chardin, “Auswahl aus dem Werk”, Freiburg i. Br., 1964 :
7. M. Schmaus, “Kath. Dogmatik”, I, München, 1960, էջ 557: