Դադի վանք. Գոյատևում պատերազմից հետո

  • 31/12/2020
  • Վարդան Ջալոյան

  • մշակութաբան

Դադի վանքը միջնադարյան Արցախի առավել աչքի ընկնող վանական համալիրներից է, որը գտնվում է Վերին Խաչեն գավառում, Թարթառ գետի ձախ ափին: Եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը: Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Վանքի հիմնադրումը ավանդությունը կապում է Թադեոս առաքյալի Դադ աշակերտի նահատակության հետ Ա դարում: Այդ նշանակալի հուշարձանը բաղկացած է ԺԲ-ԺԸ դարերին վերաբերվող ավելի քան երկու տասնյակ տարաբնույթ կայույցներից:

Հավանաբար 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է: Վանական համալիրի մեջ են մտնում՝ 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն, և այլն։ Հարավարևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում՝ հնձանն ու մառանը։ Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել է թուրքերի դեմ պատերազմելիս։ Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր՝ քանդակված 1283 թվականին՝ վարպետ Աթանասի կողմից։ Պատերին կան արձանագրություններ, որոնք վերաբերվում են 12-13-րդ դարերի դեպքերին։ Այդ ժամանակվանից մեզ են հասել բազմաթիվ խաչքարեր, որոնցից շատերը կանգնեցվել են Հաթերքի իշխանական տան ներկայացուցիչների հիշատակին։

Փաստական տվյալներ նախորդ դարերի մասին խիստ սուղ են, բայց ԺԲ դարում Դադի վանքը արդեն հոգևոր և քաղաքական կենտրոն էր: Այդ դարերում վաղ միջնադարում հաստատված Առանշահիկ տոհմի հետևորդները պայքարի շնորհիվ ձեռք են բերում որոշակի ինքնուրույնություն: ԺԲ դարում Առանշահիկ տոհմը բաժանված էր երեք ճյուղի՝ Հաթերքի, Ծարի և Խոխանաբերդի: Դադի վանքի տերերը երեց իշխաններ հաթերքցիներն էին, իսկ ԺԳ դարի 50-ականերից հետո՝ Ծարի Դոփյանական իշխանական տունը:
Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ Վանքը անկում է ապրել հատկապես XVIII -րդ դարում, սակայն ռուսական տիրապետության ժամանակ կրկին եկեղեցիական կյանքը կրկին աշխույժացել է:

Մինչև խորհրդային կարգերի հաստատումը Դադի վանքը եղել է մեծ կալվածատեր, ունեցել է 200 000 հեկտար սեփականություն: Խորհրդային կարգերի հաստատումից հետո զրկվել է կալվածքներից, և դադարել է գործել: Անխնամ վիճակում գտնվող վանական համալիրը այս ընթացքում զգալի քայքայվել էր:

1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ Վանքը փաստորեն վերածվել էր անասնագոմի(1):

2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից ստորագրվել է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը:
1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվականին՝ վերաբացվել, իսկ 1997 թվականից սկսվել են վերանորոգման աշխատանքները(2)։ Դադիվանքի կրոնական համալիրի հարևանությամբ հիմնվեց միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 22 աշակերտ:

Հատկապես կարևորվեց Արցախում միակ որմնանկարների վերականգնումը, որը կատարեցին իտալացի մասնագետները:

Որմնանկարներից մեկի վրա պատկերված է Հիսուսը, որն Ավետարանը փոխանցում է Նիկողայոս Հրաշագործին։ Այստեղ կարելի է տեսնել նաև Աստվածամորն ու հրեշտակապետ Միքայելին։ Որմնանկարի վրայի որոշ հատվածները նկարվել են որդան կարմիրով։ Երևացող գրությունից հետևում է, որ այն արվել է 1297 թվականին։
Երկրորդ որմնանկարի վրա պատկերված է Սուրբ Ստեփանոսը, որը քրիստոնեություն է քարոզել, բայց ժողովուրդը հրաժարվել է ընդունել ուսմունքը և քարկոծել է նրան։ Որմնանկարում երևում է, թե ինչպես են Աստծու հրեշտակները նրա հոգին երկինք տանում, իսկ նա ասում է. «Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»։

2020 թ. Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Դադի վանքը անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո և նրա ճակատագիրը կրկին դարձավ անորոշ: Վերաբնակիչները այրեցին իրենց տները, այդ թվում՝ դպրոցը(3):

Անվտանգության նկատառումներով վանքի զանգերը, խաչը և խաչքարերը տեղափոխվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ինչպես նշեց Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը. «Մեր վերադասի հրամանով՝ հանում ենք, որովհետեւ հարցերը չեն լուծվել: Բայց ժամանակավոր ենք հանել, նորից կվերադարձնենք ու կտեղադրենք, երբ հարցերը լուծվեն»: Դրանից առաջ Արցախի հանրապետության նախագահը քահանային հայտնել էր, որ վանական համալիրը անվտանգության մեջ է(4):

Նոյեմբերի 13-ին կեսօրից հետո ռուս խաղաղապահները զրահամեքենաների շարասյունով մտան շրջան, զրահատեխնիկայի մի մասը բարձրացավ դեպի Դադիվանք տեղակայվեց հենց վանքի հարակից տարածքում։ Ռուս զինվորականներին ուղեկցող Պաշտպանության բանակի բարձրաստիճան զինվորականներից մեկը մեզ տեղեկացրեց՝ ամեն ինչ արվում է վանքը պաշտպանված ու հայերի համար հասանելի պահելու համար, նա վստահեցնում էր, որ Մարտակերտի կողմից Դադիվանք այցելել հնարավոր է լինելու Քարվաճառը հանձնելուց հետո էլ, որ սա ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրերից մեկն է դառնալու: Դադիվանքի վերաբերյալ պաշտոնական որևէ հաստատում, սակայն, առայժմ չի հնչել(5):

Հայ առաքելական եկեղեցին բարձր գնհատեց ռուս խաղապահների գործունեությունը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ հղեց, որում երախտագիտություն է հայտնեց Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար: «Ցանկանում ենք խորը երախտագիտություն հայտնել անձամբ Ձեզ Ադրբեջանին հանձնվող տարածքներում հայ ժողովրդի պատմական ժառանգության՝ պատմական վանքերի, եկեղեցիների եւ մշակութային հուշարձանների պահպանման գործում ներդրած ջանքերի համար»,- ասված է ուղերձում:

Մասնավորապես, Կաթողիկոսն ընդգծել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ հաջողվել է ապահովել Դադիվանքում եկեղեցական ծառայությունը:

«Մեր ժողովուրդը մշտապես կհիշի Ռուսաստանի կարեւոր դերն արցախյան հողում արյունահեղության դադարեցման գործում եւ աղոթելու ենք հայ-ռուսական բազմադարյա բարեկամության անսասանության համար»,- ընդգծել է Գարեգին Երկրորդը(6):

Սակայն մտահոգությունները մնում են: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Ադրբեջանը Դադիվանքի քարոզիչ է նշանակել ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանաքարիին: Նա հայտարարել է, որ Ղարաբաղի տարածքում գտնվում է ավելի քան 300 «ալբանական» եկեղեցի, որոնք նա պատրաստվում է այցելել:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, այս ամենն ունի մաքուր քաղաքական նպատակ, և այդ նպատակը աչք է ծակում. Ադրբեջանը սա միջազգային հանրությանն է մատուցում է որպես աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ․ – «Եվ սրա վրա հետագայում մենք կտեսնենք, որ դեռ կկառուցվեն ճառեր, ասելիքներ, նկարներ ցույց կտան։ Մեհրիբանը կվազի ՅՈւՆԵՍԿՕ, այնտեղ լաց կլինի, թե աղվանական կառույցները ինչպես են իրենց ձեռքից գնացել․․․ Այս բոլորի մեջ անհայտ է, թե իրենք ովքեր են»(7)։

Աղվանական ժողովուրդներից մնացած ուդիներին է Ադրբեջանն ընտրել կեղծիք ցուցադրելու համար։ Ուդի ժողովուրդը՝ մոտ 3500 հոգի Ադրբեջանում, «քաղաքական գերիներ են դարձել», ասում է Խառատյանը, իսկ հիմա էլ կրոնական նոր համայնք են ձևավորում՝ նույն Ռաֆիկ Դանագարիի առաջնորդությամբ։

«Ադրբեջանի ուդիները հայ առաքելական եկեղեցու հետևորդներ էին», – ասաց Խառատյանը։ – «Ադրբեջանը մի ուդիի ուղարկեց Երուսաղեմ, էնտեղ մկրտվեց Հորդանանում․․․ վերադարձավ, և հայտարարեցին, որ նա Երուսաղեմի ութ գլխավոր քրիստոնեական եկեղեցիների կողմից լիազորված է հայտարարել, որ կա առանձին աղվանական եկեղեցի, և որ իրենք լիազորում են էդ մարդուն հոգևորական լինել և քրիստոնեական ծես անել։ Այդ ութը ես չգիտեմ ինչ եկեղեցիներ են, ինչ լիազորություններ ունեն, էդպիսի բան ուղղակի չկա»։
Հրանուշ Խառատյանն անհեթեթ է համարում այն, որ այժմ հայկական կողմը ստիպված է Դադիվանքի հայկականության պաշտպանությամբ զբաղվել։ Նա վստահ է՝ ուդի թե թուրք կարող են Դադիվանք այցելել, մոմ վառել, բայց կրոնական ծես հնարավոր պետք է դառնա միայն հայ առաքելական եկեղեցում թույլտվությամբ․ – «Այսօր ինձ ուդիները անընդհատ գրում են, թե մենք էլ ենք հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Ճիշտ է։ Բայց ես, ցավոք, ստիպված եմ նշել, որ էն գնացողը իրեն հայտարարում է, որ ինքը առաքելական եկեղեցու հետևորդ չի, որ էդ հայ առաքելական եկեղեցին իր համար բռնություն է եղել, և ինքը մի անհայտ աղվանական եկեղեցու հետևորդ է»։

 

(1) Դադիվանք. ինչպես ադրբեջանաբնակ քուրդը «փրկեց» Արցախի վանքի որմնանկարները/ https://armeniasputnik.am/karabah/20170918/8700975/arcax-dadivanq-ter-hovhannes-vormnankar.html
(2) Այվազյան Սամվել. Դադի վանքի վերականգնումը 1997-2011 թթ._ Եր.: ՀՃՈՒ հրատ., 2015. 112 էջ, գունավոր ներդիր
(3) Ըստ՝ Դադիվանքի վանական համալիրում հրաժեշտի արարողություններ են, դպրոցը՝ կրակի մեջ / https://www.azatutyun.am/a/30950204.html
(4) Ըստ՝ http://religions.am/pressreview/դադիվանքի-հոգեւոր-ժառանգությունը-ժա/
(5) Ըստ՝ https://www.azatutyun.am/a/30950204.html
(6) Ըստ՝ Գարեգին Երկրորդը Շնորհակալություն Է Հայտնել Պուտինին ../ https://armenpress.am/arm/news/1035401.html
(7) Ըստ՝ Դադիվանքում ուդի քարոզիչ չկա, ծառայում են հայ հոգևորականները/ https://www.azatutyun.am/a/30988532.html