Եթե դրամի դաժան կրոնը խժռում է ապագան

  • 19/01/2022
  • Ջորջիո Ագամբեն

  • փիլիսոփա

Հավանաբար չկա աշխարհում մի տեղ, որտեղ փողը այնպիսի հզոր ազդեցություն ունենա մարդկանց հոգիների վրա, ինչպես Հայաստանում: Արվեստագետ Սահակ Պողոսյանը նշում էր, որ հայերեն «մարդ» բառը «դրամ» բառի անագրաման է. նույնիսկ լեզուն է աշխատում փողի իշխանության համար: Փողի և հավատի հարաբերությունը բազմիցս է քննարկվել: Առաջին հերթին կարելի է հիշել Մաքս Վեբերին, որը կապիտալիզմի «ոգին» դուրս էր բերում կալվինիստական էթիկայից: Մյուս լավ օրինակը Գեորգ Զիմմելի «Փող» աշխատանքն է: Ջորջիո Ագամբենը կարողացել է այդ խնդրին նայել նորովի. ինչպե՞ս է փողը փոխում մարդկային հավատը:

Այս առումով կարել է հիշել Հայ առաքելական եկեղեցին ուշ միջնադարում, երբ այն կատարում էր նաև բանկային գործառույթներ: Օրինակ. հայ վաճառականը կարող էր դրամը հանձնել Էջմիածնում, ստանալ մուրհակ և այն մարել Իզմիրում: Այսպիսով պարսկական հում մետաքսի առևտրով զբաղվող վաճառականները իրենց համար ապահովում էին ֆինանսական կայունություն և ապահովություն: Ի՞սկ եթե մուրհակները չէին մարվում. այս դեպքում, օրինակ, Երուսաղեմի հայկական եկեղեցիները կարող էին խլվել:
Այն, որ բանկը և եկեղեցին միանման գործառույթ կարող են իրագրծել, ընդհանուր առմամբ, ակնհայտ չէ, չնայած երկուսն էլ գործ ունեն մարդկային հավատի և հույսի հետ: Այս առումով արժե հիշել, որ աշխարհիկ իշխանավորներից հենց Կենտրոնական Բանկի նախկին տնօրենը և ներկա վարչապետը կարող է համարվել Հայ առաքելական եկեղեցու լավագույն բարեկամը: Ինչ որ առումով այս հոդվածը նաև այդ բարեկամության մասին է: Առավել ևս, որ իշխող կուսակցությունը ընտրությունների գնաց «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Իհարկե, հրաշալի կարգախոս է, քանզի, իսկապես, առանց հավատի ոչինչ հնարավոր չէ փոխել: Բայց մյուս կողմից, եթե պարզվի, որ դրանք դատարկ բառեր են, ապա այն կլինի մեր քրիստոնեական հավատին հասցված ամենացավոտ հարվածը:
Վարդան Ջալոյան, Մշակութաբան

Ելույթը կարդացվել է «Ռաի-Տրե» ռադիոյով 2012թ. հունվարի 25-ին և տպագրվել «Լա Ռեպուբլիկա» թերթի նույն թվականի փետրվարի 16-ի համարում:

Որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է նշանակում ապագան, նախ և առաջ հարկավոր է հասկանալ մեկ այլ բառ, որի օգտագործումը կրոնական կոնտեքստից դուրս անսովոր է թվում՝ «հավատ» բառը: Առանց հավատի կամ վստահության, ապագան անհնար է, մենք ապագա ունենք, եթե մենք կարող ենք ինչ որ բան հուսալ կամ ինչ որ բանի հավատալ: Բայց ի՞նչ է Հավատը: Դավիդ Ֆլուսերը1, մեծ կրոնագետը, կա և այդպիսի տարօրինակ անունով մասնագիտություն, այդ պահին հենց աշխատում էր pistis բառի վրա, հունական եզր, որ Հիսուսը և առաքյալները օգտագործում էին «հավատ» իմաստով: Մի անգամ նա պատահականորեն հայտնվեց Աթենքի հրապարակներից մեկում և որոշակի պահին բարձրացնելով աչքերը, իր առաջ տեսավ մեծ տառերով պաստառ՝ «Trapeza tes pisteos»: Ապշած համընկնումով, նա ավելի ուշադիր նայեց և մի քանի վարկյան հետո հասկացավ, որ գտնվում է պարզապես բանկի առաջ. Trapeza tes pisteos հունարեն նշանակում է «վարկային բանկ»2: Ահա թե ինչ էր նշանակում pistis, որի նշանակությունը պարզաբանելու վրա նա մի քանի ամիս զբաղվում էր: «Հավատ»՝ pistis պարզապես Աստծո տված վարկն է, որ մենք օգտագործում ենք, և վարկը, որ ունի Աստծո խոսքը մեզ մոտ, այն պահից սկսած, երբ մենք հավատացինք: Հենց այդ պատճառով Պողոս առաքյալը կարող է իր նշանավոր սահմանման մեջ ասել, որ «հավատը սպասվածի իրականացումն է»3: Դա այն է, որ իրական է դարձնում այն, ինչ դեռ գոյություն չունի, բայց որին մենք հավատում ենք և որին վստահում ենք, երբ խաղաքարտի վրա ենք դնում մեր վստահությունը և մեր խոսքը: Ինչ-որ բան նման ապագայի գոյություն ունի, այն չափով, որքանով իրագործվում է մեր հավատը, այսինքն մեր հույսերի իրականությունը:

Բայց մեր ժամանակները փոքր հավատի, կամ ինչպես ասել է Նիկոլա Կյարեմոնտեն4, վատ հավատի (di malafede) դարաշրջան են, այսինք այնպիսի հավատի, որը հենվում է ուժի, այլ ոչ թե համոզմունքի վրա: Հետևաբար՝ անապագա և հույսից զուրկ դարաշրջան, կամ. ապագա տապալումների և կեղծ հույսերի դարաշրջան: Այս դարաշրջանը չափից ավելի ծեր է, որպեսզի ինչ որ բանին անկեղծորեն հավատա, և չափից ավելի նենգ, որպեզի իսկապես հույսեր ունեն: Որեմն ի՞նչ է տեղի ունենում մեր վարկի, մեր ապագայի հետ:

Չէ՞ որ, եթե ուշադիր նայենք, ապա կտեսննք, որ կա ևս մեկ ոլորտ, որ ամբողջովին պտտվում է վարկի առանցքի շուրջ, ոլորտ, որի մեջ է հայտնվել ողջ մեր հավատը, մեր pistis-ը: Եվ այդ ոլորտը՝ փողն է և բանկը՝ trapеza tes pisteos հանդիսանում է նրա տաճարը: Փողը այն չէ, որ բազմաթիվ դրամանիշերի վրա նշանակվում է՝ credit5 «վարկ» (ֆունտի, դոլլարների վրա; նույնիսկ եթե այդ մակագրությունը չկա եվրոյի վրա՝ ո՞վ գետե, թե ինչո՞ւ; հնարավոր է, որ դա ևս կասկածելի է): Այնտեղ նույնիսկ գրվում է, որ կենտրոնական բանկը խոստանում է ապահովվել credit-ը՝ «վարկը»: Այսպես կոչված «ճգնաժամը» , որը հիմա ընթանում է (բայց այն բանի էությունը, որին «ճգնաժամ» են ասում, այժմ, ինչպես երբեք, պարզ է դառնում, որ անբնականն այն էր, որ կապիտալիզմը գործում է մինչև հիմա), այդ ճգնաժամը սկսվեց մի քանի էժան վարկերի հետ խելագար գործողություններից, որոնք տասնյակ անգամ վերավաճառվեցին, նախքան նրանց վերադարձվելը: Այլ խոսքերով ֆինանսական կապիտալիզմը (և բանկերը, որոնք հանդիսանում են նրա գլխավոր գործիքը) գործում է, խաղալով credit-ի՝ վարկի, այսինքն՝ մարդկանց հավատի հետ:

Բայց դա նշանակում է նաև, որ համաձայն Վալտեր Բենյամինի6 ենթադրության, որ կապիտալիզմը, գոյություն ունեցած կրոններից ամենակոշտն է և ամենաանողոքը, քանի որ նա թողություն չգիտե, և դադար չի տալիս, այդ ենթադրությունը հարկավոր է բառացի հասկանալ: Բանկը իր գորշ գործակատարներով և փորձագետներով զբաղեցնում է Եկեղեցու և նրա սպասավորների տեղը, խաղալով և կառավարելով հավատը: Ժլատ, չնչին հավատ՝ ահա թե ինչ է ներկայացնում մեր ժամանակը: Ամեն ինչ այնպես է տեղի ունենում, որ ամենաանպատասխանատու և խղճից զուրկ մարդիկ շահույթ են փնտրում մարդկանց վստահության և հույսերի հաշվին: Այն հաստատում է վարկ՝ credit-ը, որից կարող են օգտվել բոլորը, և գինը, որ նա դրա համար պետք է վճարի ( նույնիսկ պետությունը տրվող վարկը՝ credit-ը, որ խոնարհորեն այն ընդունում է, հրաժարվելով իր ինքնիշխանությունից): Այսպիսով, ով կառավարում է վարկը՝ credit-ը, կառավարում է ոչ միայն աշխարհը, այլ նաև՝ մարդկանց ապագան, ապագա, որ ճգնաժամը դարձնում է ավելի կարճ և սահմանափակ: Եվ եթե այսօր քաղաքկանությունը այլևս չի թվում հնարավոր, ապա դա այն պատճառով, որ ֆինանսական հզորությունը զեղչել է հավատը և ողջ ապագան, ժամանակները և ողջ հույսը:
Քանի դեռ այս իրավիճակը շարունակվում է, մեր հասարակությունը, որ հավատում է (si crede), թե աշխարհիկ է, կմնա մութ և տարրերային հավատալիքների ազդեցության տակ: Եվ լավ կլինի, որ յուրաքանչյուրը հետ վերցնի իր վստահությունը՝ հավատը, credit-ը և իր ապագան այդ վստահությունը կորցրած (screditati) պսևդոքահանաների՝ բանկիրների, պրոֆեսորների և տարբեր վարկանիշային գործակալությունների գործակատարների մռայլ ձեռքերից:

Եվ հնարավոր է, որ առաջինը, ինչ հարկավոր է անել, դա հակառակ է այն բանի, ինչին նրանք մշտապես կոչ են անում ( իբրև թե պահանջարկը ապահովելու համար), դադարել նայել միայն ապագան, այն բանի փոխարեն, որպեսզի նայենք անցյալին: Միայն նրանց, ովքեր ձգտում են հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ և հատկապես նրանց, ովքեր ձգտում են հասկանալ, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ, հավանաբար կլինի հնարավորություն վերադարձնել սեփական ազատությունը: Հնեաբանությունը, այլ ոչ թե ֆուտուրոլոգիան, ապագա տանող միակ ճանապարհն է:

 

 

1. Ֆլուսեր, Դավիդ (1917, Վիեննա, – 2000, Երուսաղեմ), հրեական ծագմամբ կրոնագետ, Իսրայելում վաղ քրիստոնեության ուսումնասիրությունների հիմնադիրը: Հատկապես հայտնի է նրա «Հիսուս» գիրքը: Վիճարկում էր այն դրույթը, թե քրիստոնեությունը արմատապես տարբերվում է մովսեսականությունից: Ըստ նրա, առաջին քրիստոնեաները իսկապես եղել են «հրեական աղանդ»:
2. Արտահայտությունը կարող է թարգմանվել որպես “վարկային բանկ”, բայց նաև՝ որպես “հավատի սկիհ”:
3. Թուղթ առ Եբրայեցոս, 11, 1: Ամբողջ դարձվածքն է՝ «Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը՝ և չերեվցող բաների ապացույցն է»: Ջ. Ագամբենը խոսում է այս սահմանման իմաստի մասին:
4. Նիկոլա Կյարեմոնտի (1905 -1972), իտալական փիլիսոփա, թատերագետ: Ակտիվորեն մասնակցել է հակաֆաշիստական շարժմանը Իսպանիայում և Իտալիայում: Պատերազմից հետո համագործակցել է ԿՀՎ-ի հետ և աջակցել այլախոհական շարժմանը ԽՍՀՄ-ում:
5. Հայերեն «վարկ» տերմինը արտահայտում է վարկառու նկատմամբ վստահությունը, իսկ credit-ը, նաև, վարկատուի վստահելիությունը, վարկառու հավատն առ նա: Հենց դրա մասին «վարկի» կողքը պահում ենք նաև «credit»-ը:
6. Վալտեր Բենյամին (1892–1940) (Walter Bendix Schoenflies Benjamin) -փիլիսոփա, արվեստի և գրականության քննադատ, արվեստի հետազոտող, թարգմանիչ: Փիլիսոփայության ասպարեզում կրել է մարքսիզմի ազդեցությունը, այն պարադոքսալ կերպով զուգորդելով աստվածաշնչյան մոտիվների հետ: Ջ. Ագամբենի վրա վճռորոշ ազդեցություն թողած այս փիլիսոփան կապիտալիզմը կրոնի հետ համեմատել է «Կապիտալիզմը որպես կրոն» էսսեում: