Հայ եկեղեցու, և առհասարակ կրոնական կազմակերպությունների դերը քաղաքացիական հասարակություն կերտելու գործում այսօր առավել քան արդիական է: Սակայն, որքան էլ տարօրինակ չէ, այս խնդիրն առհասարակ հանրային քննարկման լրահոսում բացակայում է:
Նախորդ կառավարության ժամանակաշրջանում (2018-ից առաջ) Հայ Առաքելական եկեղեցին հավակնում էր լինել պետական եկեղեցի (համենայն դեպս եկեղեցականներն ու իշխանության ներկայացուցիչները հաճախ էին օգտագործում «պետական եկեղեցի» արտահայտությունը)։ Եկեղեցու ներկայացուցիչները մշտապես ներկա էին կարևոր պետական արարողություններին, իսկ կաթողիկոսը փաստացիորեն համարվում էր նախագահից հետո երկրի երկրորդ արարողարկային դեմքը։ Մյուս կրոնական կազմակերպությունների մասին մամուլում բազմաթիվ նյութեր էին հրապարակվում։ Նրանք նույնպես, իրենց կամքից անկախ, դառձել էին հանրային ու քաղաքական կյանքի դերակատարներ։ Պատճառը պարզ էր, «պաշտոնական» եկեղեցու դերի ուռճացումը հանգեցնում էր որոշակի հետաքրքրություն նաև «մրցակից» կրոնական կազմակերպությունների հանդեպ։
Իշխանափոխությունից հետո, երբ եկեղեցին, ու առհասարակ կրոնը, դուրս մղվեցին քաղաքական ու պետական կյանքից, նրանց գոյության մասին կարծես թե բոլորը մոռացել են՝ կրոնական կազմակերպությունները նորությունների հոսքերից անհայտացել են: Համենայն դեպս իՆֆորմացիոն դաշտում հազվադեպ են հրապարակումներ լինում, իսկ եթե լինում են, ապա այս կամ այն քաղաքական իրադարձության համատեքստում:
Դա փաստում է այն, որ նախկինում, երբ Հայաստանում կրոնական ազատությունների խնդիրը բավականին սուր և հրատատապ թեմա էր, դա արհեստական դիսկուրս էր ու հասարակությունն, իրականում, բավականին հանդուրժող է: Ավելին, առհասարակ շատ քչերին է հետաքրքրում, թե ով ինչ հավատք ունի և այս թեմայի շուրջ եղած նախկին «կրքերն» արհեստական բնույթ ունեին։ Առաջանում է հարց, իսկ ո՞րն է կրոնական կազմակերպությունների դերը, որպես կազմակերպություններ, հանրության կյանքում:
Արդյո՞ք եկեղեցիները, կամ կրոնական համայնքները, որոնցից ոմանք բավականին մարդաշատ են, ունեն որևէ դերակատարություն հանրության կյանքում, թե ոչ, կամ արդյոք պե՞տք է հավակնեն նման դերակատարմանը։
Հայ Առաքելական եկեղեցին , ինչպես նաև մյուս ավանդական եկեղեցիները, միշտ փորձել են ստանալ պետական հովանավորչություն, դրա փոխարեն պատությանն առաջարկելով իրենց ծառայությունները: Դա եկեղեցու և պետության դարավոր համագործակցության բանաձևն է եղել և այդ առումով Հայ Եկեղեցին եզակի չէ: Սակայն, հետագայում, աշխարհիկացման ժամանակաշրջանից սկսած, եկեղեցիններն ու կրոնական համայնքները փորձում են իրենց տեղը գտնել հանրության կյանքում արդեն որպես ինքնուրույն, ինքնաբավ կառույցներ և համայնքներ:
Այս գործընթացը Հայստանում չափազանց ուշ է սկսվել: Խորհրդային շրջանում կրոնական կառույցները զրկված էին ինքնուրույնությունից և պետության կողմից բացարձակ կերպով էին վերահսկվում: Խորհրդային Միության փլուզումից հետո եկեղեցին դարձավ ազգային խորհրդանիշ և պետությանը սկսեց պահաններ ներկայացնել խորհրդային շրջանում կորցրած հեղինակության ու ունեցվածքի վերականգնման համար: Պետությանը նույնպես պետք էր եկեղեցու աջակցությունը հավատավոր հանրության վրա իր ազդեցությունը մեծացնելու համար: Դա փոխադարձ օգտակար համագործակցություն էր: Հիմա իրավիճակը փոխվել է, եկեղեցին ու հասարակությունը հայտնվել են դեմ դիմաց, առանց միջնորդի` պետության:
Աշխարհում, ինչպես նաև Հայստանում, տրանսֆորմացիաները գնալով ավելի են արագանում: Փոխվում է հասարակությունների ու պետությունների կառուցվածքը, ինֆորմացիոն դաշտը, առաջնահերթությունները, ինստիտուտների դերակատարումը: Այս պարագայում դժվար է պատկերացնելը, որ եկեղեցու, պետության ու հասարակության փոխհարաբերությունները կարող մնալ նույնը, առավել ևս՝ ավանդականը:
Եկեղեցին հասարակության հետ պետք է մտնի երկխոսության մեջ, առաջարկի փոխհարաբերությունների նոր մոդել, իսկ հասարակությունն, ի դեմս եկեղեցու, պետք է գտնի մի անկախ կառույցի, որը բացի արարողակարգային ծառայություններ մատուցող կազմակերպություն լինելուց, ընկալվի որպես քաղաքացիական հասարակության կարևոր բաղկացուցիչ միավոր։ Հնարավոր է, որ առաջին հերթին ընկալվի որպես բարոյական արժեքների պահապան: Դա վեաբերվում է նաև մյուս կրոնական կազմակերպություններին:
Ետխորհրդային շրջանում հանրության մոտ մի պատկերացում է ձևավորվել, որ քաղաքացիական հասարության միավորներն իրավապաշտպան կազմակերպություններն են։ Դա թերի ընկալում է։ Քաղաքացիական հասարակությունն ավելի լայն երևույթ է, որը բաղկացած է ինքնուրույն ու ինքնաբավ կազմակերպություններից ու միություններից՝ արհմիություններ, ստեղծագործական, արհեստակցական և կրոնական կազմակերպություններից։ Մենք նման քաղաքացիական հասարակություն չունենք։
Եվ եկեղեցին, և հասարակությունը դեռևս պատրաստ չեն նոր՝ հորիզոնական հարաբերությունների կայացմանը, անգամ հանրային հարթակներում նման հարցադրում չկա: