Դեկտեմբերի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Պաշինյանը այցելեր էր Սիսիանի Սուրբ Գևորգ եկեղեցին, սակայն եկեղեցու հոգևոր առաջնորդը հրաժարվում է նրան ձեռքով բարևել ու ասել էր, որ նա պետք է սպասի Աստծո դատաստանին, որից հետո վարչապետը գլխիկոր լքել է եկեղեցին։
Սիսիանի եկեղեցում տեղի ունեցածը միջազգային մամուլում մեծ արձագանք է գտել։ Սա շատ նշանային երեւույթ է, պետության ղեկավարին, ըստ էության, եկեղեցուց դուրս են վռնդել։ Սա իրոք արտառոց դեպք է ու միջազգային մամուլի համար կարեւոր «քեյս»՝ ուսումնասիրության դեպք է։
Ցանկացած եկեղեցի, անգամ ամենաքիչ հետեւորդ ունեցողն, իր արարողությունների ժամանակ հիշատակում ու օրհնում է պետության ղեկավարին։ Այդ պարտադիր ավանդույթը սկսվել է դեռեւս 4-րդ դարից, Բյուզանդիայում: Մինչ 311 թվականը Հռոմեական կայսրությունում քրիստոնյաներին դաժանորեն հալածում էին։ Իր դաժանությամբ հատկապես աչքի էր ընկնում Գալերիոս կայսրը, սակայն 311-ին, իր մահվանից առաջ, Գալերիոսը դադարեցնում է հալածանքները, կրոնական ազատությունների մասին հրովարտակ է հրապարակում, սակայն մեկ պայմանով, բոլոր կրոնական համայնքներն իրենց արարողություններում պետք է փառաբանեն կայսրին ու հնազանդություն դրսևորեն Հռոմի հանդեպ: Այդ ժամանակներից սկսած կրոնական համայնքներն, անկախ դավանանքից, արարողությունների ժամանակ իրենց հավատարմությունն ու հնազանդությունն են ցուցաբերում տվյալ երկրի ղեկավարության հանդեպ:
Սա ունի նաև իր ավետարանական հիմնավորումը, որի հեղինակն է Պողոս Առաքյալը. «Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած։ Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում. քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի։ Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանութիւնից. բարի՛ն գործիր եւ նրանից գովասանք կը ստանաս, որովհետեւ նա Աստծու պաշտօնեայ է քեզ՝ բարի գործերի համար. իսկ եթէ չար գործես, վախեցի՛ր. քանի որ սուրը մէջքին ի զուր չէ կապուած»:
Փաշինյանին եկեղեցուց վտարելուց հետո իշխանության կողմնակիցներն աղմուկ են բարձրացրել, ասելով, որ եկեղեցին այդ քայլով մուտք է գործել քաղաքականություն, անհնազանդություն դրսևորելով գործող իշխանությունների հանդեպ, ինչով խախտել են եկեղեցին իշխանությունից բաժանցած լինելու մասին սահմանադրական նորմը։ Խնդիրն ունի քաղաքական, աստվածաբանական ու բարոյաէթիկական հարթություններ։ Աստվածաբանության մեջ կան Պողոս Առաքյալի խոսքերի տարբեր մեկնաբանություններ, քաղաքագիտության ու իրավունքի մեկնաբանություններում նույնպես կան տարբեր մեկնաբանություններ։ Մասնավորապես, նացիստական Գերմանիայում, օրինակ, եկեղեցին արդյոք պետք է հնազանդվեր իշխանություններին, թե, այնուամենայնից, ոչ միշտ է գործում «իշխանությունն Աստծոց է» թեզը ու կան դեպքեր, երբ եկեղեցին պետք է անհնազանդություն դրսևորի։
Եկեղեցին եւ պետությունը տարանջատված են, սակայն եկեղեցին, քաղաքականությունն ու քաղաքացիական հարցերը միմյանցից տարանջատված չեն։ Ցանկացած եկեղեցու հիմքն Ավետարանն է եւ եկեղեցին չի կարող դեմ գնալ Ավետարանական սկզբունքներին եւ իր բարոյաէթիկական նորմերին, եթե իշխանությունը դրանք խախտում է։
Տարբեր կրոնական ուղղություններն յուրօրինակ կերպով են մեկնաբանում եկեղեցու հնարավոր դիրքորոշումները նման դեպքերում։
Օրինակ, Ռուս Ուղղափառ եկեղեցու պաշտոնական սոցիալական հայեցակարգից մի մեջբերում բերենք. «Երբ եկեղեցին ի վիճակի չէ ենթարկվել պետական օրենքներին եւ իշխանության հրահանգներին, եկեղեցու հոգեւորականները կարող են դիմել հետեւյալ գործողություններին. առաջացած խնդրի կապակցությամբ իշխանության հետ մտնել երկխոսության մեջ, դիմել ժողովրդին ժողովրդավարական կանոններին համապատասխան փոխելու օրենսդրությունը, կամ իշխանության խնդրո առարկա որոշումը, դիմել միջազգային հանրությանը, կամ դիմել իր հետեւորդներին խաղաղ անհնազանդության կոչով»:
Ինչպես տեսնում ենք, Ռուս եկեղեցին կարող է խաղաղ անհնազանդության դիրսևորումներ ցուցադրել։
Կաթոլիկ եկեղեցու սոցիալական հայեցակարգում նույնպես կա անդրադարձ այս խնդրին.
«Ժողովուրդն իր ինքնավարությունն իրականացնում է այն ժամանակ, երբ ազատորեն ընտրում է իր կառավարիչներին, սակայն իրեն վերապահում է վերահսկել այդ կառավարիչներին վերահսկելու իրավունքը և անգամ նրանց փոխելը, եթե իրենց պարտականությունները լավ չեն կատարում»։
Եկեղեցին նույնպես կարող է իրեն իրավունք վերապահել արտահայտվել իշխանության ու իշխանության կողմից վարվող քաղաքականության մասին և, անհրաժեշտության դեպքում, վերաբերմունք դրսևորել։
Բողոքական եկեղեցիները բազմազան են ու նրանցից յուրաանչյուրն ունի իր ուրույն սոցիալական հայեցակարգերը։ Որոշ եկեղեցիներ ունեն արմատական մոտեցում իշխանությունների հանդեպ, երբ անհրաժեշտ են գտնում անհնազանդություն դրսևորել։
Սիսիանի հոգեւորականն ընդամենը խաղաղ անհնազանդության դրսեւորում է իրեն թույլ տվել, ինչի իրավունքը եկեղեցին ունի։
Ցավոք, նախկինում նույնպես նման դրսեւորման համար առիթներ են եղել, ինչը Հայ եկեղեցին չի արել։ Սա համարենք ընդամենը սկիզբը։