Հայաստանում եկեղեցու խնդիրը կրկին ակտիվորեն քննարկվում է տարբեր համատեքստերում, այդ թվում՝ կրթության: Այս հարցերը իրարամերժ մեկնաբանություններ են ստանում: Կրոնի ուսուցումը միշտ էլ խնդրահարուց է եղել այն երկրներում, որոնք իրենց հռչակել են իբրև աշխարհիկ: Եթե դիտարկեն վիճակը Եվրոպայում, ապա կտեսնենք համանման իրադրություն: Հիշենք վերջին մի քանի այդպիսի դեպքեր, որոնք հասարակական բուռն արձագանք ստացան. դպրոցներում խիջաբի կրելու արգելքը Ֆրանսիայում, խաչելություն կախելու արգելքը Իտալիայում, բառերով կամ առանց բառերի կրոնական հիմների կատարման արգելքը Բրիտանիայում և այլն: Այս օրնակները ցույց են տալիս, որ կրոնի ներկայությունը դպրոցում բազմաթիվ երկրներում միանշանակ չի ընկալվում:
Այսպիսով, դպրոցական կրթության մեջ կրոնի տեղը լայն քննարկման առարկա է բազմաթիվ երկրներում: Կրթության մեջ կրոնի ներկայության անհրաժեշտությունը, ինչպես կարծում են շատ գիտնականներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ուսուցիչներ, ուղղակիորեն բխում է իրական սոցիալ-քաղաքական իրավիճակից: Բացի այդ, կրոնական կրթության հարցը քննարկվում է քաղաքացիության կրթության հետ սերտ կապի մեջ, որն իր մեջ ներառում է մարդու իրավունքների, քաղաքացիական իրավունքների և ազատությունների, խաղաղ գոյակցություն, և այլն:
Յուրաքանչյուր երկրր կրոնական և քաղաքացիական կրթության ոլորտում ունի իր առանձնահատկությունները, որոնք որոշվում են պատմական ավանդույթի տեսակետից (մասնավորապես ՝ եկեղեցու և պետության հարաբերությունների պատմության), բազմամշակութայնության աստիճանով, հասարակության սոցիալ-քաղաքական կառուցվածքով և այլ: Այս գործոնները սահմանում են կրթական արժեքներն ու նպատակները, մասնավորապես կրոնական կրթության բովանդակությունն ու կառուցվածքը:
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան մուտք է գործել Հայաստանի հանրակրթական դպրոցներ 2003-2004թթ ուսումնական տարվանից` 2002թ կառավարության ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված համաձայնագրի հիման վրա, իսկ 2005-ին ներառվել է պարտադիր առարկայացանկ` 4-10-րդ դասարանների համար։ Օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է, և նշվում է, որ «կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»։
Հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական դպրոցներում դասավանդելու նպատակահարմարության կամ դասագրքերի վերանայման հարցը: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրերից հանելու փորձերը նոր չեն, մասնավորապես, միջազգային զեկույցներում այս առարկայի ուսուցանումը բազմիցս արժանացել է քննադատության:
Մեկ տարի առաջ, դեռևս ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը անդրադաձավ Հայ եկեղեցու պատմության դասաժամերի վերանայմանը. «Այո՛, Հայ եկեղեցու պատմությունը եւ այլ առարկաներ լուրջ վերանայման կարիք ունեն, նաեւ մաթեմատիկան, նաեւ ռուսերենի դասավանդումը: Այս էժան մանիպուլյացիաները, որոնք էլ էժան վերնագրերի են վերածվում երրորդական լրատվամիջոցների կողմից, այո, մեզ խանգարում են, բայց մենք ունենք մեր նպատակը, խանգարելով հանդերձ՝ մենք առաջ ենք գնալու»:
Այս տարվա սեպտեմբերի 26-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կշարունակվի դասավանդվել դպրոցներում։ «Դպրոցներում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի` դպրոցներից հանելու հարց մեր առջև չի բարձրացվել։ Առարկան կշարունակի դասավանդվել»:
Այս հանդարտ վիճակը խախտեց Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, ով «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պետք է «ինտեգրել» «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ․ «Հայոց եկեղեցին մեծ կարեւորություն է ունեցել հայ ժողովրդի պատմության գործում՝ հայապահպանությունից սկսած մինչեւ շատ-շատ հարցեր: Եվ աբստրակտել սա պատմությունից ու ցույց տալ առանձին՝ որպես զուգահեռ պատմություն՝ ե՛ւ մեթոդաբանական, ե՛ւ դասավանդման, ե՛ւ ուսումնառության, ե՛ւ նաեւ փորձագիտական տեսանկյունից սխալ է»:
Փոխնախարարը նաև նշել է, որ եթե համատեղ հանձնաժողովը որոշի չմիավորել երկու առարկաները, ապա դասագիրքն այլ կերպ կանվանվի, կմշակվեն չափանիշներ, որոնք համապատասխանում են «Տոլեդոյի սկզբունքներին»։
Ի պատասխան Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է, որ. «ՀԱԵ–ում տեղյակ չեն նախարարության այսպիսի մտադրությունների և ծրագրերի մասին, դրանք չեն քննարկվել որևէ հարթակում, իսկ դա օրենքի պահանջ է։ Ավելին, համատեղ հանձնաժողովի կրթության հարցերով ենթահանձնաժողովն անցկացրել է մեկ նիստ, որի ընթացքում Անափիոսյանը հավաստիացրել է, որ այժմ օրակարգում նման հարց չկա»:
Նախարար Արայիկ Հարությունյանն, իր հերթին, մեկնաբանել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հայտարարությունը և հապճեպ համարել եկեղեցու դատապարտող հայտարարությունները։ Նա հավելել է, որ փոխնախարարի հնչեցրած ծրագրերն իր հետ չեն քննարկվել։ Նա հաստատեց նաև, որ 2023-ին կվերանայվեն դասավանդվող առարկաների ցանկը և ուսումնական պլանները, բայց «վիճելի» առարկայի հարցում առայժմ որոշում չկա։ «Հանձնաժողովն աշխատում է, մենք կաթողիկոսի և եկեղեցու ներկայացուցիչների հետ պարբերաբար քննարկում ենք տարբեր հարցեր։ Պատրաստ ենք շարունակել քննարկումները, և պետք չէ սենսացիա փնտրել»։
Քննարկվում են նաև փոխզիջումային տարբերակներ և հնարավոր է առաջարկվի այնպիսի լուծում, որ Հայ եկեղեցու պատմությունն ուսումնասիրվի ոչ թե «Հայոց պատմության» սահմաններում, այլ առանձին առարկայի տեսքով, սակայն այն կարող է կոչվել «Կրոնի պատմություն» (կամ «Կրոնագիտություն»), ինչը նշանակում է, որ կուսումնասիրվի ոչ միայն Առաքելական եկեղեցու և Քրիստոնեության պատմությունը, այլ նաև մյուս կրոններն ու դրանց պատմությունները:
Նոյեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով խոսեց «Հայ եկեղեցու պատմություն» և հայ ժողովրդի պատմության առարկաների առընչությունների մասին: Նրա խոսքերով այս երկու առարկաների տարանջատումը խանգարում է ընկալել հայ ժողովրդի պատմությունն ամբողջության մեջ։ Վարչապետը նշել է, որ ճիշտ ժամանակն է, որ մենք իրոք մեր միասնական պատմությունը ստեղծենք` առանց կտրելու մեր ինքնության համար չափազանց կարևոր ինստիտուտների պատմությունից, նկատի ունենալով խորհրդային մոտեցումները:
Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կրթական քաղաքականության իր տեսլականը. « Մենք հիմա նայում ենք, թե ինչ փոփոխություններ կարող են մտցնել, … որպեսզի երեխան, ավարտելով դպրոցը, ստանա այնպիսի բարձրագույն կրթություն, որ դրանից անմիջապես հետո ինքը մուտք գործի բարեկեցիկ կյանք … Մենք շատ պարզ բան ենք ասում, ասում ենք՝ եկեք թամադաների սերունդ պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով: Մեզ ասում են, ո՞նց, դուք մեր ինքնության դեմ գործողություններ ե՞ք անում: Մենք ասում ենք՝ մեր ինքնությունն ուժեղ, ինքնավստահ, ռազմական, արդյունաբերական, տնտեսական առումներով ուժեղ Հայաստանի Հանրապետությունն է»:
Դժվար չէ նկատել իշխանությունների որդեգրած կրթական քաղաքականության թերությունները: Դա տեխնոկրատական, մենեջերական մոտեցումն է: Անշուշտ, ինժեներական կրթությունը չի կարող փոխարինել քաղաքացիական կրթությանը: Այլ բան է, որ ժամանակակից դպրոցական և համալսարանական կրթությունը միտված է ձևավորել ազգայնականների, այլ ոչ թե պատասխանատու քաղաքացիների: Մյուսը՝ մենք ապրում ենք կոմունիկատիվ, այլ ոչ թե ինդուստրիալ կապիտալիզմի դարաշրջանում, որին համապատասխան հմտություններ չի տալիս ո՛չ դպրոցը, ո՛չ համալսարանը:
Իշխանությունների վարած տեխնոկրատական, նեոլիբերալ՝ արդյունավետության վրա հիմնված կրթական քաղաքականությունն արժանացավ սուր քննադատության: Այդ քննադատությունը հիմնվում էր ազգային ինքնության պաշտպանության թեզի վրա: Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասում է, որ Մայր աթոռի դիրքորոշումն անփոփոխ է՝ առարկան դպրոցներից չպետք է հանվի․ «Դա հիմնված է այն համոզման վրա, որ թեև «Հայ եկեղեցու պատմություն» առարկան լինելով հանրակրթական գիտելիք, մեր նոր սերունդը հնարավորություն է ունենում ծանոթանալ ինքնության հիմնասյուներից մեկին: Արժեքային համակարգ է դասավանդվում»:
Ընդիմախոսները տարբեր բնույթի փաստարկներ են բերում: Նրանք հղում են անում սահմանադրության վրա. «Սա ասվում է այն դեպքում, երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելութունը` հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ամրագրված է ՀՀ մայր օրենքի` Սահմանադրության 18-րդ հոդվածով»: Կամ, որ այն ՀՀ-ում իշխանությունը զավթված է օտարերկրյա ցանցի կողմից: Հարություն Բերբերյանը գրում է . «Որ Հայ Առաքելական Եկեղեցին մեր պատմության հիմնական՝ բնական, դերակատարներից մեկն է, պարզից պարզ է։ Հիմա փոխանակ բովանդակային դիսկուրսը գնա պատմագիտական գնահատականների, ուսումնասիրությունների, վերաիմաստավորման շուրջ միանգամից որոշում են, որ առարկան պետք չի»: Կարծում եմ, խնդիրը ոչ թե պատմագիտական է, այլ կրթական և այս հարցի՝ կրոնի ուսուցման և կրթության մասին զգալի ուսումնասիրություններ կան:
Կրոնի մասին կրթությունը դեռևս չի նշանակում կրոնական կրթություն։
Գերմանացի փիլիսոփա Ա. Հասենկլեվերը նշում է, որ լիարժեք կրոնական կրթությունը նպաստում է ժողովրդավարությունը, իսկ եթե այն անտեսվում է, ապա հակադեմոկրատական ուժերն այն օգտագործում են իրենց սեփական քաղաքական մոբիլիզացիիայի համար:
Մյուս կարևոր հարցը, որը չի քննարկվում հանրային դաշտում, դա այդ առարկայի դասագրքերի որակն է, հավասարակշռվածությունն ու համակողմանիությունը, պատմագրական հավաստիությունը հիմնված գիտական մտքի վրա։ Այս առումներով թերությունները ակնհայտորեն շատ են։
Հայաստանին պետք է, որ դպրոցականներին և ուսանողությանը տրվի կրոնի մասին լուրջ, գիտականորեն հիմնավորված հումանիստական գիտելիք, այլապես այդ տեղը կզավթեն մոլեռանդները և այլատյացները: