Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Պետք է արձանագրել, որ կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, որովհետև ես գոնե համոզված եմ, որ մարդն Աստծուն հավատալով առաջին հերթին հավատում է ինքն իրեն: Հետևաբար, կրոնի ազատությունը, Աստծուն հավատալու ազատությունը, իմ պատկերացմամբ, առաջին հերթին ամեն մարդու ինքն իրեն հավատալու ազատությունն է: Իհարկե, ժամանակակից աշխարհում և դրանից առաջ էլ կան մարդիկ, ովքեր իրենք իրենց հավատում են, ընդհակառակը, Աստծուն չհավատալով: Բայց միևնույնն է, այս պարագայում էլ մարդն ինքն իրեն հավատալու գործընթացում առանցքային դերակատար է դարձնում մարդուն: Սա չափազանց կարևոր է: Նկատի ունեմ, որ կրոնի ազատությունը, իհարկե, մարդու ազատությունն է: Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, և դա առնչվում է ուղիղ այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից՝ լինի դա ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքները, ազատությունները, արդարությունը և այդպես շարունակ:
Այս առումով, ուրախ եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը: Նոր Հայաստանն առավել ևս, լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Կարծում եմ՝ այն, որ այսօր Հայաստանի ազգային և տվյալ համատեքստում կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է: Ուզում եմ ասել, որ մեզ համար սա սկզբունքային հարց է, որ ազգային կրոնական փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինեն, իրենց զգան լիարժեք, իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու և իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան:
Ընդհանրապես, կրոնը և միջկրոնական հարաբերությունները, թերևս, հաջորդ ամենակարևոր թեման են, որովհետև երկար ժամանակ ընդունված է եղել մտածել, որ կրոնը և կրոնական պատկերացումների տարբերությունները սովորաբար բաժանում են մարդկանց իրարից: Բայց մենք այս իրավիճակը բավականին տարօրինակ ենք համարում նաև այն բերումով, որ հանրահայտ կրոնների կամ ամենատարածված կրոնների մեծ մասը, ըստ էության, բխում են միևնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ, որովհետև մեր հավատքը և համոզմունքն այն է, որ կրոնն իրականում մարդկանց միավորելու համար է, կրոնն իրականում խաղաղություն և ներդաշնակություն հաստատելու համար է, կրոնն իրականում երջանկության հասնելու համար է, մարդկանց օգնելու համար է, որ նրանք հասնեն երջանկության: Եվ եթե բաժանարար գծերը կառուցվել են այս կամ այն կրոնի տեսության բերումով, այսինքն՝ մարդկանց տարբեր մեկնաբանությունների բերումով, դա նշանակում է, որ այդ բաժանարար գծերը կարող են վերացվել նաև նույնպիսի մարդկանց նոր մեկնաբանություններով, նոր մոտեցումներով, իրենց իսկ կողմից քաշված և ստեղծված բաժանարար գծերը վերացնելու միջոցով և դրա ամենակարևոր նախապայմանը փոխադարձ հարգանքն է միմյանց ունեցած համոզմունքների, զգացմունքների, հավատքի, պատկերացումների և ընկալումների վերաբերյալ:
Եվ ես հատկապես այս առումով եմ կարևորում այսօրվա համաժողովը, որովհետև այս համաժողովում փոխադարձ հարգանքն առավել ևս ընդգծվում է: Այսպիսի համաժողովները պետք է օգնեն, որ մենք խաղաղության, ազատության, սիրո և ներդաշնակության կրոնական պատկերացումների մասին հասնենք ընդհանուր մեկնաբանության, ընդհանուր հայտարարի: Ես հավատում եմ, որ սա հնարավոր է, թեև նաև գիտեմ ինչքան դժվար է, բայց դժվարությունները, մանավանդ Նոր Հայաստանում, երբեք և ոչ մեկին չեն վախեցնում: Մեր համաժողովին մաղթում եմ դուխով հետամուտ լինել այս բարդ հարցերի լուծմանը:
Շնորհակալություն»:
24 Մայիսի, 2019