Էլիտաների կոնֆլիկտը Հայաստանում

  • 15/05/2024
  • Ստեփան Դանիելյան

«Հասարակության մեջ կոնֆլիկտների մեծ մասը տեղի է ունենում էլիտաների միջև՝ իշխանությունը պահող ևիշխանության ձգտող փոքրամասնությունների»։
Նիկոլո Մաքիավելլի

 

Վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնցից յուրաքանչյուրը ցանկացած երկրի համար խորքային ցնցումների պատճառ կհանդիսանար, եթե դա նույնիսկ հարյուր տարին մեկ պատահեր։ Մեզ մոտ դրանք տեղի են ունենում ընդամենը մեկ սերնդի կյանքի ընթացքում, երբ առնվազն երկու անգամ հիմնավորապես փոփոխվել է կառավարող էլիտայի կազմը։

Ի՞նչ ազդեցություն են ունենում հասարակության վրա էլիտաների կտրուկ փոփոխությունները, և առհասարակ ի՞նչ սկզբունքներով են գործում էլիտաները։ Ընդունված է համարել, որ ինչպիսի էլիտա կամ ընտրախավ ունի հասարակությունը, այնպիսին էլ նրա ներկան է ու, համապատասխանաբար, ապագան, կամ էլ ապագայի ոչ մի հեռանկար էլ չկա։

Նախ պետք է հստակեցնել, որ պարտադիր չէ, որ ընտրախավը կազմված լինի հանրության սերուցքից։ Էլիտան կարող է լինել կառավարող մարդկանց խումբը, որը միավորված է ընդհանուր շահերով և կառավարման համապատասխան ունակություններով։ Կարող է լինել նաև ինտելեկտուալ էլիտա, որը հենված է հանրությանը միավորող գաղափարի ու մշակույթի վրա, որն ուղղակիորեն չի մասնակցում կառավարման գործընթացին, բայց ունի մեծ ազդեցություն։ էլիտան կարող է լինել «բաց»՝ ժողովրդավարական, նաև՝ «փակ»՝ ավտորիտար։ Կարող են միաժամանակ գոյություն ունենալ մի քանի էլիտաներ, որոնք ընդհանուր խաղի կանոնների շրջանակում միմյանց հետ համագործակցում են կամ էլ գտնվում են հակամարտության մեջ, իսկ եթե միմյանց հետ պատերազմի մեջ են գտնվում, ապա դա կործանարար է տվյալ հանրույթի համար։

1988-1991-ին Խորհրդային Հայաստանի իշխող էլիտան, ըստ էության, ամբողջովին փոխարինվեց նորով, և Արցախի համար պայքարի գաղափարի հիման վրա սկսեցին ձևավորել նոր էլիտա։ Դա ազգայնական էլիտա էր, սակայն հետխորհրդային երկրներին բնորոշ լիբերալ հռետորաբանությամբ։

Երկրորդ նման դեպքը տեղի ունեցավ 2018-ին, երբ նույնպես, ըստ էության, ամբողջ իշխող էլիտան փոխարինվեց նորով։ Նորերի գաղափարական հիմքը, հանրային կարծիքի համաձայն, եղած անօրինականությունների դեմ պայքարն էր ու տնտեսական փոփոխությունների սպասումը։ Այսինքն, հին էլիտան հանրության կողմից համարվում էր անարդյունավետ։ Հռետորաբանությունը նույնպես լիբերալ էր, սակայն հաշվի առնելով Արցախի խնդիրը և ռուսական ազդեցությունը, նույնպես սկսեց զգուշորեն թեքվել դեպի ազգայնականություն։

1988-ի էլիտայի տոտալ փոփոխությունից հետո՝ հաջորդ 30 տարիների ընթացքում, այն ենթարկվեց մի շարք ցնցումների։ Դրա օրինաչությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ նոր էլիտան նույնպես ենթակա կլինի նմանատիկ ցնցումների, եթե գործի հին եղանակով։ Փորձենք դրանց պատճառներն ու օրինաչափությունները հասկանալ էլիտաների մասին եղած արևմտյան տեսությունների օգնությամբ և այդ տեսությունների հիման վրա փորձենք հասկանալ «հայկական էլիտայի» փոխակերպումները։

Էլիտաների շրջապտույտի և պարբերական թարմացման մասին տեսությունները

Վիլֆրեդո Պարետտոն էլիտաների մասին տեսությունների հիմնադիրներից մեկն էր, ում Մուսսոլինին իր ուսուցիչն էր համարում։ Այս թեմայի վերաբերյալ աշխատություններում նա ամենաշատ ցիտվող հեղինակներից է։

Ըստ նրա՝ հասարակությունն ունի բրգաձև տեսք, որի գագաթում գտնվում է ղեկավար շերտը, որն ուղղորդում է ողջ հասարակությանը։ Նա համարում էր, որ քաղաքական համակարգն ունի մի օրինաչափություն՝ իշխող էլիտան միշտ խաբում է հասարակությանը, իսկ ժողովրդավարական կառավարումն անվանում էր դեմագոգների պլուտոկրատիա։ Պարետտոն համարում էր, որ հասարակության մեջ եղած «համաձայնության ռեսուրսը» պայմանավորված է իշխող էլիտայի կողմից հանրության զգացմունքներն ու էմոցիաները արդյունավետ կերպով մանիպուլյացիաների ենթարկելու հմտությամբ։ Ըստ նրա՝ «կառավարության քաղաքականությունն այնքանով է արդյունավետ, որքանով կարողանում է օգտագործել մարդկանց էմոցիաները, սակայն դա միշտ չէ բավարար. երբեմն պետք է նաև ուժ կիրառել»։

Միևնույն ժամանակ, նա համարում էր, որ էլիտաները կրում են հանրային օգտակար գաղափարները ու մշակույթը, և նրանք այն առանցքն են, որի վրա հիմնվում է քաղաքակրթությունը։

Պարետտոյի խոսքերում կարելի է գտնել նաև հայկական «իշխանափոխության-հեղափոխության» բացատրությունը։ Նա ասում էր, որ էլիտան պետք է ունենա իր կազմի թարմացման համար շրջանառություն, այսինքն՝ իշխող էլիտան ոչ էլիտայից ու կոնտրէլիտայից պետք է պարբերաբար համալրվի առավել ակտիվ ու բանիմաց կադրերով, հակառակ դեպքում հանրությանը սպասվում է ճահճացում, որի արդյունքում տեղի են ունենում հեղափոխություններ, և հին էլիտային գալիս է փոխարինելու նոր էլիտան։

Հետևելով Պարետտոյի մտքին՝ կարելի է այն շարունակել․ ըտրությունների կեղծումը նշանակում է ակտիվ և բանիմաց մարդկանց կրիտիկական մի զանգված դուրս թողնել կառավարման համակարգից և ստեղծել հանրային լարում, որը հանգեցնում է հեղափոխական իրավիճակի, ինչը մենք պարբերաբար տեսել ենք Հայաստանի հետընտրական զարգացումների ժամանակ։

2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԺ է անցել 6 խմբակցություն, որոնց մեծ բասը բաղկացած էր տարբեր կուսակցությունների անդամներից։ Կազմվել է իշխող կոալիցիա, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանը, ըստ էության, քիչ թե շատ ազդեցիկ ուժերին ներգրավվել է կառավարման գործընթաց։ «Հաճախորդների» ինստիտուտը քաղաքական տեխնոլոգիաների առումով ճիշտ քայլ էր, սակայն 2017-ին ընդամենը երեք խմբակցություն էր ներկայացված խորհրդարանում, մնացածը դուրս էին մնացել, դուրս էին մնացել արդեն քաղաքական օրակարգ թելադրող քաղաքացիական ակտիվիստները։ Նախագահական համապետական ընտրությունների վերացումը նույնպես լրացուցիչ լարվածություն էր ստեղծել։ Ձևավորվող կոնտրէլիտան դուրս էր մնացել քաղաքական պրոցեսներից, իսկ իշխող ուժի հանրային վարկն իր ցածրագույն նշաձողին էր հասել։

Մյուս խոշոր տեսաբան, ձախ հայացքների տեր իսպանացի Օրտեգա Ի-Գասեթն ավելի ռոմանտիկ պատկերացումներ ուներ. նա համարում էր, որ էլիտա են նրանք, ովքեր որոնում և գտնում են բարձրագույն իմաստությունը և դա տալիս են մյուսներին։ «Մյուսները» զանգվածն են, դրա համար իշխանությունը պետք է գտնվի մտածող, «ժամանակի բարձրության վրա» գտնվող մարդկանց ձեռքին, մարդկանց, որոնք լսում են ապառաժների տակից լսվող պատմության դղրդոցը, տեսնում են իրական կյանքի ողջ ներկապնակը և մերժում են հետադիմությունն ու անարխիան։ Սա, իհարկե, ռոմանտիկ տեսակետ է, որը բնորոշ է ձախ հայացքներ ունեցող տեսաբաններին, որոնց դատողությունների հիմքում արդարության և պրոգրեսի գաղափարն է։

2018-ի խորհրդարանը քաղաքական և ֆինանսական էլիտայի մի զգալի հատվածը դուրս է թողել կառավարման գործընթացից և ձևավորել է ռոմանտիկ օրակարգ։ Հանրությանը սնուցել են, ըստ էության, ձախական խոստումներով՝ պատժել օլիգարխներին, հետ բերել թալանը, իսպառ վերացնել կոռուպցիան, ուղիղ ժողովրդավարություն հաստատել, սակայն իրականում վարում են լիբերալ–տնտեսական քաղաքականություն՝ եկամտահարկի տոկոսի համահարթեցում, կրճատում են պետական հաստատությունների աշխատողների քանակը և այլն։ Իսկ «ապառաժների տակից լսվող պատմության դղրդոցն» ընկալող նոր էլիտայի կարողոությունների մասին խոսելը, բնականաբար, տեղին չէ։

Խոստումների և իրականության հակասությունն անորոշության մեջ է դրել իշխանափոխությունը պաշտպանած զանգվածին։ Նշված երկու հանգամանքներն ապագայում իրենց ազդեցությունը կունենան։

Իտալական ծագմամբ ամերիկացի ժամանակակից տեսաբան Ջիովաննի Սարտորին իր «Վերանայելով դեմոկրատական տեսությունները» աշխատությունում զարգացնում է Պարետտոյի էլիտաների շրջապտույտի մասին տեսությունը։ Ըստ նրա՝ իշխող էլիտան չպետք է վերևից նայի մարդկանց զանգվածին, որովհետև ինչ-ինչ հանգամանքներում հայտնվել են բուրգի գագաթին, այլ պետք է ունենա համապատասխան ունակությունները՝ հանրությանը տանելու դեպի զարգացում։ Երբ դա տեղի չի ունենում, ապա հանրության մեջ առաջանում է լարում, և արդյունքում իշխող էլիտան այս կամ այն կերպ դուրս է մղվում առավել ընդունակների կողմից։ Իշխող էլիտան պետք է ունենա ինչ-որ բարձր կոչում ու նպատակ, և այդ դեպքում զանգվածը կգնա նման էլիտայի հետևից, սակայն երբ դա տեղի չի ունենում, ապա զանգվածը դուրս է գալիս վերահսկողությունից, և սկսվում են խժդժությունները:

Էլիտաների ենթամշակույթը

Սկսած 1995 թվականից՝ Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի հիմնական խնդիրը եղել է օրինական իշխանություն ձևավորելու հարցը՝ ընտրակեղծիքների խնդիրը, այսինքն՝ կա հանրային պատկերացում, որ Հայաստանի հիմնական խնդիրն օրինական իշխանություն ձևավորելն է։ Դժվար է չհամաձայնել այդ տեսակետի հետ։ Բնականաբար, այն, ինչ կարող է անել լիգիտիմ և օրինական իշխանությունը, չի կարող իրեն թույլ տալ ոչ լեգիտիմ համարվող իշխանությունը։ Սակայն ամեն ինչ չէ միանշանակ։

Այս պնդումն ունի երկու հարթություն․

ա/ օրինական իշխանության որոշումները հանրությունը չի կարող չընդունել, որովհետև ինքն է ձևավորել իշխանությունը,

բ/ լեգիտիմ իշխանությունը կարող է իրեն թույլ տալ ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հանրության համար կարող են լինել ցավոտ և անգամ անընդունելի։

Դա մենք տեսնում ենք ժամանակակից Հայաստանում, երբ նոր իշխանությունը փորձում է իրականացնել այնպիսի քայլեր, որոնք նախկինները չէին կարող իրենց թույլ տալ՝ զանգվածային կրճատումներ, որոշ պատմամշակութային շինությունների ավերում և այլն։

Պարզ է, որ լեգիտիմ իշխանությունը կարող է իրականացնել հանրության համար ցավոտ ռեֆորմներ՝ օգտագործելով իր լեգիտիմության ռեսուրսը։ Սակայն մեզ այլ խնդիր է հետաքրքրում՝ արդյոք հանրության կողմից արդար կերպով ընտրված իշխանությունն, այնուամենայնիվ, մի՞շտ է գործում ի շահ հանրության։

Ընտրական նուրբ հնարքների, հանրային կարծիքի մանիպուլյացիաների ու հատկապես նորագույն IT տեխնոլոգիաների միջոցով, երբ օգտագործում են անձնական տվյալները, թույլ են տալիս կառավարել հանրային կարծիքը։ Կարևոր է հասկանալ, որ արդար և թափանցիկ ընտրությունների առկայությունը դեռ չի նշանակում, որ իշխանության եկած էլիտան ցանկանալու է կամ առհասարակ ունակ է ծառայել հանրային շահին։

Ամերիկացի մշակութաբան, սոցիոլոգ, հրապարակախոս Չարլզ Ռայթ Միլզի (1916-1962) «Իշխող էլիտան» աշխատությունը ժամանակին էլիտաների մասին տեսությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել։

Հետպատերազմյան Ամերիկայի վիճակի մասին խոսելիս, որը քաղաքական ու սոցիալական փոփոխությունների փուլ էր մտել, գրում էր․ ««Մեծ փոփոխությունները» կախված չեն զանգվածների կարծիքից, բայց ազդում են յուրաքանչյուր անձի պահվածքի և աշխարհայացքի վրա։ Այդ փոփոխությունները բոլոր կողմերից ճնշում են հասարակ մարդուն։ Ժամանակակից հասարակության կառուցվածքն այնպիսին է, որ փոփոխությունները մարդկանց պարտադրում են ծառայել այլոց մտահղացումներին։ Ահա այդ պատճառով է, որ նման ժամանակահատվածում, երբ նրանք զրկված լինելով իրավիճակի վրա ազդելուց՝ զրկվում են իրենց կյաքն ըստ իրենց մտահղացումների կառուցելուց»։

Ըստ Միլզի՝ Ամերիկայի ճակատագիրը գտնվում է երեք ինստիտուտների ձեռքում՝ տնտեսական, քաղաքական ու ռազմական։ Ըստ նրա՝ ազդեցիկ մարդիկ են համարվում նրանք, ովքեր կարողանում են որոշումներ ընդունել անգամ այն ժամանակ, երբ հանրության ճնշող մեծամասնությունը դրան դեմ է։ Էլիտան, ըստ Միլզի, գնալով ավելի շատ է իրեն զգում որպես առանձին սոցիալական շերտ, և նրա անդամները միմյանց նկատմամբ բոլորովին այլ վարվելակերպ են դրսևորում, քան մյուսների հանդեպ․ միմյանց լավ են հասկանում, միմյանց հետ ամուսնական կապեր կնքում, և եթե միմյանցից տարբերվող կերպով են մտածում, այնուամենայնիվ, գործում են միանման»։

Նմանատիպ պրոցեսներ կային Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում, երբ միջկլանային ամուսնությունների, սանիկ-քավոր հարաբերությունների միջոցով ամրացնում էին փոխադարձ կապերը, պետական պաշտոնների էին տեղավորում իրենց սերունդներին, ինչը նաև որոշակի ենթամշակույթ էր ձևավորում։ Այդ ամենը ոչ միայն Հայաստանին է բնորոշ եղել։

2018-ին Հայաստանի իշխող էլիտան, ըստ էության, ամբողջովին փոփոխվեց, և համապատասխան ենթամշակույթ դեռևս չի ձևավորվել, իսկ կառավարման համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների մասին խոսելը խիստ վաղ է, սակայն ժամանակի ընթացքում դա կարող է տեղի ունենալ, և իշխող էլիտայի շահերը հանրային շահերի հանդեպ կարող են դառնալ դոմինանտ։ Դա տեղի է ունեցել 1988-ից հետո և տեղի կունենա 2018-ից հետո, ինչը բնական է, սակայն որքանով պետական շահը կփոխկապակցվի իշխող էլիտայի շահին և կդառնա քաղաքական դիսկուրսի առանցք, ամենակարևոր հարցն է։

Հանրության մասնակցությունը կառավարման գործընթացին

Ֆրանսիացի սոցիոլոգներ Պ․ Բիրնբաումը և Ժ․Շվարցենբերգը իրենց հետազոտությունների արդյունքում հանգել են հետևյալ եզրակացություններին․

քանի որ ողջ հասարակությունը չի կարող մասնակցել կենսական խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին, նման որոշումներն ընդունվում են շատ նեղ մի շերտի կողմից,
սոցիալական և տնտեսական անհավասարությունը պահպանվում է նաև ժողովրդավարական կարգերի ժամանակ, և միշտ չէ, որ քաղաքացիները ձգտում են մասնակցել կառավարման գործընթացին,
իշխող էլիտայի որակը և վարվելակերպը փոխկապակցված են տվյալ հասարակության տնտեսական, մշակութաբանական, քաղաքացիական գիտակցության մակարդակին, ինչից էլ կախված է, թե որքանով տվյալ հասարակությունը կկարողանա վերահսկել կառավարության գործողությունները։
Սրանք այն հարցերն են, որոնք կենսական են Հայաստանի համար՝ հաշվի առնելով զանգվածային բողոքների հետևանքով իշխանության փոփոխությունը և նույն զանգվածների ինտելեկտուալ ու կազմակերպական կարողությունը՝ գործող իշխանությունից պահանջելու տրված խոստումների իրականացումը։

Գերմանացի սոցիոլոգ Ռոբերտ Միխելսն իր «Քաղաքական կուսակցությունները» աշխատությունում պնդում էր, որ ցանկացած սոցիալական կառույց ենթարկվում է օլիգարխիկ կառավարման։ Էլիտաների իշխանությունը կախված է կազմակերպվածությունից, իսկ հասարակության կազմակերպվածությունը պահանջում է էլիտար ղեկավարություն, և նման էլիտա կազմավորվում է։

Ըստ Միխելսի՝ ժողովրդավարությունը, խիստ ձևակերպման դեպքում, անհնարին է, և լավագույն դեպքում կարող ենք ունենալ մրցակից էլիտաների համակարգ։

Ժողովրդավարական համակարգերի ամենաբնորոշ հատկությունն իշխանության ճյուղերի հավասարակշռվածությունն է, երբ գործադիր իշխանությունը չի գերակայում օրենսդիրի վրա, իսկ դատական իշխանությունն ինքնուրույն է։ Մյուս կարևոր բնութագրիչը տնտեսության և քաղաքականության տարանջատվածությունն է։ Ժողովրդավարական երկրներում այդ ամենը ամրագրված է Սահմանադրության և օրենսդրության մեջ։ Սակայն օրենսդրությունը դեռ բավավար չէ, որ համակարգն աշխատի, ու դրա վառ վկայությունն է Հայաստանի անցած 30 տարվա քաղաքական պատմությունը։ Այդ ամենի համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ավանդույթներ, աշխարհայցք, և ամենակարևորը՝ դրա համար անհրաժեշտ է մեկ այլ բան, որը կոչվում է «էլիտաների բազմակարծություն»։

Հայաստանում, սկսած 1988-ից, էլիտաների բազմակարծությունը, որպես քաղաքական մրցակցության մեխանիզմ, պարբերաբար ոչնչացվել է։ Սկզբնական փուլում ՀՀՇ-ն ոչնչացրեց կոմունիստական էլիտան, որն ուներ կառավարման փորձ, սակայն բարոյապես պարտվել էր։ Հաջորդ փուլում պարտվեց ՀՀՇ-ի քաղաքական թևը, և Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ իշխանության եկավ պատերազմով անցած ուժային թևը։ Պատահական չէր, որ Վազգեն Սարգսյանն իր թիմ ներգրավեց նախկին կոմունիստական էլիտայի մնացուկներին, իսկ Քոչարյանը՝ ՀՀՇ-ից հալածված Դաշնակցությանը, ԱԺՄ-ին և մյուսներին։ Դրանով փորձ էր արվում կառավարման համակարգին ինտեգրել խաղից դուրս մնացած քաղաքական էլիտաներին։ Դա լավ հնարավորություն էր, որպեսզի ձևավորվեին երկու էլիտաների բուրգեր, որոնք միմյանց հետ կմրցակցեին, սակայն դա տեղի չունեցավ 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերի պատճառով։

Հայաստանում քաղաքական էլիտաները չէին կարող կայանալ առանց իշխանության աջակցության, որովհետև հետխորհրդային Հայաստանում մի քաղաքական դոկտրին էր որդեգրվել, որ ով տիրապետում է տնտեսության լծակներին՝ նա տիրում է իշխանությանը, և այդ պատճառով ընդդիմությանը պետք է զրկել ֆինանսական ինքնուրույնությունից։ Դա իշխանության և տնտեսության միահյուսման հիմնական պատճառն էր։ Մյուս կողմից, դա կարող է պայմանավորված լինել Հայաստանին բնորոշ արևելյան ամբողջատիրական մենթալիտետով, երբ այլոց կարծիքն անընդունելի է, և կան «սև» ու «սպիտակ», միակ ճիշտը, իսկ մնացյալը սխալ է։ Նույն գործընթացները և նույն մտածողությունն այսօր նույնպես արդիական են դառնում։

Ամերիկացի գիտնական Վլադիմիր Օրլանդո Քեյն իր «Հանրային կարծիքը և ամերիկյան ժողովրդավարությունը» աշխատությունում պնդում է, որ ԱՄՆ-ում իշխանությունը միշտ կենտրոնացած է էլիտար փոքրամասնության ձեռքին, սակայն պահպանվում են զանազան փոքրամասնությունների իրավունքները։

«Էլիտաների պլյուրալիզմի» տեսությունը համարում է, որ իշխանությունը միշտ փոքրամասնություններին է պատկանում, և որպեսզի լինի ժողովրդավարություն, անհրաժեշտ է, որ էլիտաների միջև լինեն բազմակարծություն կամ «էլիտաների ժողովրդավարություն»։ Էլիտաները կարող են ունենալ տարբեր նպատակներ, սակայն նրանք «խաղի կանոնների» հարցում գալիս են ընդհանուր համաձայնության․ «հակամարտող էլիտաները ստեղծում են ուժերի հավասարակշռություն, որը թույլ է տալիս ժողովրդավարական եղանակներով լուծել հարցերը»։

Տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքագետ Ժոզեֆ Շումպետերը «էլիտար ժողովրդավարության» տեսաբաններից է, ըստ նրա՝ ժողովրդավարությունը բռնապետությունից տարբերվում է նրանով, որ ժողովրդավարական համակարգերում գոյություն ունեն մի քանի էլիտաներ և ժողովրդավարական համակարգերի շնորհիվ գոյություն ունեն արդար ընտրություններ, և դեպի իշխանություն ճանապարհն անցնում է քաղաքացիների ձայների համար մղվող պայքարով։

Հասկանալի է, որ կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ ունեն մասնագիտացած խավերը, իսկ գաղափարները տրվում են ինտելեկտուալ էլիտայի կողմից։ Հասարակ քաղաքացիները չունեն կառավարման փորձ ու գիտելիքներ և միշտ որոնելու են այն մարդկանց, որոնք կարող են իրենց առաջնորդել։ Մյուս կողմից, հասարակությունը պետք է ձեռք բերի համապատասխան արժեհամակարգ, և պետք է ձևավորվեն անհրաժեշտ ավանդույթներ, որոնք թույլ կտան «էլիտաների ժողովրդավարությունը» լայնացնել և ժամանակի ընթացքում տարածել ողջ հասարակության վրա։

Էլիտաների մասին տեսությունը թույլ է տալիս «սոցիալական սանդղակի» գոյությունը, ինչն անհրաժեշտ է արդյունավետ կառավարման համար, որպեսզի առավել ընդունակ և ամբիցիոզ անձինք ներգրավվեն կառավարման համակարգ։ Դա անհրաժեշտ է էլիտաներին թարմ արյուն ներարկելու համար, ինչպես նաև այդ անձանց թույլ չտալու համակարգից դուրս մնալ՝ հանրության շրջանում նրանց կողմից լարվածություն չստեղծելու համար։

Տեսաբան Ռոբերտ Դալի կարծիքով ժողովրդավարության աստիճանը պայմանավորված է նրանով, թե որքանով է ժողովուրդը «մոտենում» կառավարող էլիտային․ քաղաքացիների կատարելագործումը, հանրային կյանքին նրանց ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարության զարգացման կարևոր գրավականներն են։

Որքան քաղաքացիների ներգրավվածությունը մեծ է, այնքան մեծ են կառավարող էլիտայի հանդեպ պահանջները, այնքանով իրական է դառնում ժողովրդավարությունը։

Իսկ մինչ այդ արևմտյան տեսաբաններ Թ․ Դայի և Լ․ Զիգլերի «Ժողովրդավարություն էլիտաների համար» գրքում գրում են․

« ․․․ քաղաքացու անցումը դեպի կառավարող էլիտա պետք է լինի դանդաղ, որպեսզի պահպանվի կայունությունը, և համակարգը զերծ լինի ծայրահեղականությունից,
էլիտաները միասնական են այն կարծիքում, որ պետք է պահպանվեն գոյություն ունեցող սոցիալական համակարգի հիմնարար արժեքները,
պետական քաղաքականությունն արտացոլում է ոչ թե զանգվածների պահանջները, այլ էլիտաների շահերը ․․․»։
«Էլիտաների բազմակարծության» հիմնական գաղափարն այն է, որ հասարակության մեջ կան տարբեր էլիտաների խմբեր, և նրանց միջև առկա մրցակցությունը հասարակությանը թույլ է տալիս վերահսկել կառավարությանը և թույլ չտալ, որ ձևավորվի կառավարող միակ և միասնական շերտ, ինչը Հայաստանում տեղի է ունեցել մինչ այժմ և, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է։

Մենք չենք անդրադառնում էլիտաների ներսում առկա մեխանիզմներին, որոնք իրենց հերթին պետք է ապահովեն էլիտաների «խաղի կանոնները»։ Պատահական չէ, որ Հայաստանում ոչ մի իշխող ուժ չի ցանկանում ընդունել կուսակցությունների մասին նոր օրենքը, որը թույլ կտա ժողովրդավարական մեխանիզմներ ապահովել յուրաքանչյուր կուսակցության մեջ՝ ըստ էության, էլիտաների խմբերի մեջ։ Դա արդեն այլ թեմա է։

2018-ից հետո Հայաստանի կառավարող շերտն ամբողջովին փոխվեց, սակայն այդ շերտը դեռ երկար տարիների ընթացքում կարող է մասնագիտական հմտություններ ձեռք բերել և դառնալ կառավարման համար պիտանի մասնագիտական խավ, սակայն նույնիսկ այն դեպքում, եթե այդ շերտը կարողանա վերածվել ունակ կառավարող շերտի, Հայաստանում չի կարող ձևավորվել ժողովրդավարական համակարգ, եթե էլիտաների՝ միմյանց ոչնչացնելու ավանդույթը պահպանվի։