Թերրի Իգլտոն. Հիսուսը Մեսիա էր, թե՞ բոլշևիկ

  • 13/04/2020

Կրոնը կարող է պարունակել շատ ավելի ռադիկալ գաղափարներ, քան կարող էին թույլ տալ իրենց անգամ Լենինը կամ Տրոցկին:

Թերրի Իգլտոնը (Terry Eagleton, ծնվել է 1943 թ.) բրիտանացի հայտնի գրականագետ է, աշխարհում ամենաազդեցիկ մտավորականներից մեկը: Սակայն Թ. Իգլտոնը շատ է գրում ոչ միայն գրականության մասին, այլև կրոնի: Հատկապես հետաքրքիր է նրա բանավեճը այսպես կոչված «Նոր աթեիստների»`Richard Dawkins-ի և Christopher Hitchens-ի հետ: Տե’ս օրինակ. Reason, Faith, and Revolution: Reflections on the God Debate (2009): Նա համարում է, որ լինելով հետևողական մարքսիստ, չկա անհրաժեշտություն մերժել քրիստոնեությունը քաղաքական և մտավոր հարթությունում, քանզի նրա մեջ շատ ժամանակակից, հրապուրիչ և միաժամանակ տարբեր գաղափարներ կան: Նա կարծում է, որ կրոնը կարող է պարունակել շատ ավելի ռադիկալ գաղափարներ, քան կարող էին թույլ տալ իրենց անգամ Լենինը կամ Տրոցկին:

Այս և մյուս պատճառներով, երբ Verso հրատարակչությունը (http://www.versobooks.com) վերահրապարակում էր Ավետարանը, ներածությունը գրեց Թերրի Իգլտոնը: Այն կրում էր «Հեղափոխական էր արդյո՞ք Հիսուսը» սկանդալային անվանումը: Այդ ներածությունից մի հատված տպագրեց բրիտանական հայտնի Գարդիան հանդեսը, որտեղ նա սյունակագիր է աշխատում, այն վերնագրելով էլ ավելի սադրիչ` «Հիսուսը Մեսիա է, թե՞ բոլշևիկ» (Jesus: Messiah or Bolshevik?) վերնագրով:

Հեղափոխակա՞ն էր արդյոք Հիսուսը

Հիսուսը միանշանակ ոչ լեգալ քաղաքական շարժումների հետևորդ էր: Նրա մերձավոր շրջապատից էր Սիմոն Նախանձահյուզը(1) կամ զելոտը, իսկ զելոտների շարժումը ընդհատակյա հակաիմպերիալիստական շարժում էր, որը պայքարում էր հռոմեացիներին Պաղեստինից դուրս վռնդելու համար: Զելոտները ձգտում էին ստեղծել զտված, ավանդական, աստվածապետական տերություն և զարգացնում էին մի գաղափարախոսություն, որ շատ չէր տարբերվում ժամանակակից Ալ-Քայիդայի գաղափարներից: Սովորական մարդու համար Հիսուսի ուսմունքը, հնարավոր է, ընկալվում էր իբրև զելոտների հատնի դրույթների կրկնություն: Մենք պետք է ընդունենք, որ Հիսուսին շրջապատող ամբոխում կարող էին լինել զելոտներ և տարատեսակ դիսիդենտներ, սակայն այս խնդիրը պարզելու համար Հիսուսի քաղաքական հայացքների մասին անհրաժեշտ են որոշակի ճշգրտումներ անել:

Մյուս կողմից քիչ է հավանական, որ Հիսուսն անձամբ է զինվորագրվել հակաիմպերիալիստական դիմադրությանը: Առաջինը. նա հավատում էր, որ հարկավոր է վճարել հարկերը («Տվեք Կեսարինը»), իսկ զելոտները`ոչ: Երկրորդ. նա թշնամաբար էր տրամադրված փարիսցեների նկատմամբ, որոնք որոշակի իմաստով զելոտների աստվածաբանական թևն էին կազմում:

Մյուս պատճառը, թե ինչու է քիչ հավանական, որ Հիսուսը զելոտ է եղել, այն է, որ նրա աշկերտները Հիսուսի մահապատժից հետո չձերբակալվեցին: Եթե նրանք բացահայտված ապստամբներ լինեին, հռոմեական զավթիչ ուժերը, գրեթե վստահաբար, կձգտեին նրանց բոլորին ոչնչացնել: Հավանաբար նրա աշակերտների մեջ կային հակաիմպերիալիստական գործիչներ, բայց հռովմեական իշխանություններին, ըստ երևույթին, պարզ էր, որ Հիսուսի շարժումը ուղղված չէր պետական կարգի դեմ: Այդ գաղափարի համար չէր խաչվել նրանց ուսուցիչը:

Զելոտները զգոն հետևում էին, որ Հիսուսն իրեն կհայտարարի Մեսիա, որովհետև Մեսիան հիմնականում դիտվում էր որպես ռազմաքաղաքական առաջնորդ, ով Իսրայելը ոտքի կկանգնեցնի: Բացի երկու փաստագրված դեպքերից, որոնք պատմական տեսակետից կասկածելի են, Հիսուսը չի հավակնում լինել Մեսիա:

Ցանկացած տարբերակում, հրեական և հռովմեական իշխանությունները պետք է որ գիտակցեին այն բանը, որ խարիզմատիկ թափառականը, որին ուղեկցում էր հիմնականում անզեն, ազդեցիկ, բայց ոչ բազմաքանակ համակիրների խումբը, իրոք կարող է ավերել Տաճարը կամ տապալել պետական կարգը, աբսուրդ է: Տաճարը պաշտպանում էր բազմամարդ պահակախումբը, էլ չենք խոսում հռովմեական կայազորի մասին:

Հնարավոր է, որ Հիսուսի բռնությունը, երբ նա փորձում է տաճարը մաքրել «ծախողներից և առնողներից», որոնց գործերը մոտ էին աստվածանարգությանը, բավական էր նրա հակառակորդների համար, որ վերացնեին Հիսուսին: Սակայն «ծախողներին և առնողներին» վռնդելը «հակակապիտալիստական» ակցիա չէր: Հիսուսը շուռ էր տալիս «ստակ փոխողների սեղանները» և «կործանում աղավնի ծախողների աթոռները» և այն «ավազակների բույն» էր համարում, բայց այդ բառերը, ինչպես հիմա շատերն են գտնում, ավելի ուշ ժամանակաշրջանի հավելում է(2): Նա հավանաբար նկատի ուներ տաճարի խորհրդանշական ավերումը և այլ ոչ թե այդ քայլով արտահայտում էր չարչիականության հանդեպ իր ատելությունը:

Նրան հավանաբար դատապարտել են կարգերին չենթարկվելու համար և դատել որպես հասարակական վտանգ ներկայացնող տարր: Պիղատոսը նրան մահապատժի դատապարտեց իբրև մեսիանական հավակնություններ ունեցողի, չնայած ոչ ինքը, ոչ Հիսուսը դրան չէին հավատում: Մեսիան (Հունարեն` «Քրիստոս») հրեաների կողմից դիտարկվում էր իբրև թագավոր, ռազմական կերպար, այն դեպքում, երբ Հիսուսի ծաղրական մուտքը Երուսաղեմ` ավանակի վրա, կարդացվում է իբրև հակամեսիանական արարք, իբրև ամեն մի տեսակի ռազմական ինքնիշխանության հանդեպ հեգնանքի արտահայտություն:

Հետևում է արդյո՞ք դրանից, որ Հիսուսն ավելի շուտ «հոգևոր», քան քաղաքական առաջնորդ էր:
Հիսուսի համար չի կարող լինել հաշտություն Արդարության թագավորության, որը նրա մոտ անվանված է Աստծո արքայություն, և այս աշխարհի հզորների միջև: Այդպիսով նա բացահայտ վճռականությամբ դուրս էր եկել իր միջավայրի դեմ: Մնացյալները կամ իր հետ են, կամ իր դեմ են, և լիբերալ-հարմարվողական միջանկյալ տարբերակ նա չէր ընդունում: Խաղադրույքը ոչ թե բարեփոխումներն են, թե ինչպե՞ս նոր գինին լցնել հին տիկերի մեջ(3), այլ անպատկերացնելի այն նոր հասարակարգը, որը, ըստ Հիսուսի, խորտակելով ամենը անկասելի ուժով, արդեն մուտք է գործում աշխարհ, և նա իրեն պատկերացնում էր և´ որպես նախակարապետ, և´ որպես այդ նոր աշխարհի մարմնացում: Այս իմաստով նա ավանգարդիստ է, այլ ոչ թե սոցիալ-ռեֆորմատոր:

Ավելի շուտ, ինչպես Մարքսի համար սոցիալիզմը, Հիսուսի համար Արդարության թագավորությունը ներհակ է ներկայի համար և նպատակ, որին հարկավոր է ձգտել: Բայց հնից դեպի նորը չի կարող լինել սահուն անցում բարեշրջական սոցիալիզմի ոգով: Հաշվի առնելով վիճակի հրատապությունը եւ սրությունը, այն ինչ Ավետարանում անվանված է «աշխարհի մեղքը», արդար սոցիալական կարգի հասնելու համար պետք է անցնել մահվան, անգոյության, խառնաշփոթի և ինքնազրկանքների միջով:

Պատճառներից մեկը, որ վրա հիմնվելով Հիսուսը և նրա հետևորդները սպասում էին Արքայությանը մոտ ժամանակներում, այն էր, որ նրանք չէին մտածում, որ մարդկային ինքնագործունեությունը կարող է նպաստել դրան: Վաղ քրիստոնեաների համար Արքայությունը Աստծո շնորհն է, այլ ոչ թե պատմական ինքնակատարելագործման աշխատանքի արդյունք: Ավետարաններում չէր կարող լինել պատմության վրա հենված քաղաքական աստվածաբանություն, և այդ է պատճառներից մեկը, թե ինչո՞ւ Հիսուսը այն տիպի հեղափոխական չէր, ինչպիսին Լենինն էր: Նա լենինյան տիպի հեղափոխական չէր, որովհետև ոչ մի պատկերացում չուներ պատմական ինքնորոշման մասին: Պատմության միակ տեսակը, որ նա գիտեր դա Heilsgeschichte(4)-ն է, կամ փրկության պատմությունը:

Քրիստոնեությունն, այսպիսով, շատ ավելի հոռետեսական ուսմունք է, քան աշխարհիկ հումանիզմը և, միաժամանակ անասելի ավելի լավատես: Մի կողմից, այն մռայլ իրատեսական է. այն ուսմունք է անկառավարելի մարդկային գոյության պայմանների, իմա` մարդու արատավոր ցանկության, կռապաշտության եւ պատրանքների տարածվածության, տառապանքի խայտառակության, ճնշման ու անարդարության ձանձրալի համառության, հանրային առաքինության սակավության, իշխանության լկտիության, բարության դյուրաբեկության եւ իշխողների ահռելի ախորժակի եւ շահամոլության մասին: Մյուս կողմից քրիստոնեությունը համարում է, որ ոչ միայն այդ սարսափելի իրականությունից հնարավոր է ազատվել, այլև զարմանալիորեն համարում է, որ այն ինչ-որ իմաստով արդեն տեղի ունի: Բայց նույնիսկ պատմության մեխանիկական ընթացքին հավատացող մարքսիստը չի կարող հիմա հավակնել, որ սոցիալիզմը անխուսափելիորեն կգա, էլ չասենք էլ, որ այն արդեն եկել է առանց նկատվելու: Բայց քրիստոնեական հավատի համար Արքայության գալուստը անխուսափելի է, քանզի Հիսուսը հարություն առնելով մեռելներից, արդեն իսկ այն հիմնել է: Նոր քաղաքը հնարավոր է միայն մարմնի վերափոխման շնորհիվ: Հենց դա է, որ ավանդաբար հասկացվում է իբրև հարություն:

Այուամենայնիվ, Հիսուսը հեղափոխակա՞ն էր: Ոչ այն իմաստով, ինչպես մենք ընկալում ենք Լենինին կամ Տրոցկուն: Բայց այն պատճառով, որ նա պակաս հեղափոխական է, թե՞ որովհետև ավելի հեղափոխական է: Որոշակիորեն ավելի պակաս հեղափոխական էր այն բանում, որ հանդես չի եկել իշխանության կառույցները տապալելու կոչերով, որոնց դեմ պայքարում էր: Բայց դա այդպես էր, բացի այլ պատճառներից, որ նա սպասում էր, որ շուտով դրանք դեն կնետվեն գոյության մի ձևով, որն ավելի կատարյալ է, ավելի արդար է, ավելի խաղաղ է, ավելի համերաշխ է և ավելի առատ ոգու շնորհներով, գոյության այնպիսի մի կերպ, որ նույնիսկ Լենինը և Տրոցկին չէին կարող պատկերացնել: Հնարավոր է, որ պատասխանն այն է, որ Հիսուսը ոչ թե ավելի կամ պակաս հեղափոխական էր, այլ ինչ-որ իմաստով ավելին, և միաժամանակ`պակաս:

 

1)Հրեական կանաիմ` նախանձահյուզ, հունարեն – զելոտիս: Հին Հրեաստանում հրեական հակահռովմեական շարժում : Հայերեն Ղուկասի ավետարանում (6;15) այդ Սիմոնը հենց այդպես էլ անվանված է` Նախանձահյուզ: Հետագայում կօգտագործենք ավելի տարածված զելոտ անվանումը:

2)Ղուկաս, 19;45-46. Եւ տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղաւնեվաճառներին ու գնողներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու ասաց նրանց. «Գրուած է՝ «Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի», իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այդ»։

3)Ղուկաս, 5; 36-39. Եւ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կը պատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ։ Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կը պայթեցնի. գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան։ Այլ՝ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, եւ երկուսն էլ կը պահուեն։ Եւ ոչ ոք, երբ հինը խմի, նորը կ՚ուզենայ, որովհետեւ կ՚ասի, թէ՝ հինը աւելի լաւն է»։

4)Heilsgeschichte- միջնադարյան աստվածաբանության մեջ այդպես էր կոչվում երեք` Սուրբ Հոր, Սորբ Որդու, ապա Սուրբ Հոգու դարաշրջանների մասին տեսությունը, որը, ըստ նրանց, մարդու փրկության Աստծո նախագիծն է: