V դ. հայ-պարսկական հակամարտության ծագումն ու զարգացումը, Ավարայրի ճակատամարտի անհրաժեշտությունը, նրա նշանակությունը կամ, ինչպես ընդունված է ասել, խորհուրդը հասկանալու համար հարկ է հետ գնալ մինչև 301 թվականը` քրիստոնեության մուտքը Մեծ Հայք, որից հետո կրկին հետ գնալ, այս անգամ արդեն մինչև 226|7 թվականը` Պարսկաստանում կրոնական հեղաշրջման օգնությամբ Սասանյանների իշխանություն նվաճելը((Այս առումով ուշագրավ են հետևյալ ուսումնասիրությունները` Հրանտ Ք. Արմեն, «Արշակունիք և Լուսավորչյաններ», ՊԲՀ, 1967, N1, էջ 54-64; Յուզբաշյան Կ., Ավարայրի ճակատամարտից դեպի Նվարսակի պայմանադրությունը, Երևան, 1989:)): Սակայն հայոց հինգերորդ դարի մասին խոսելիս մենք սովորաբար նման խոշոր հետընթաց քայլեր չենք կատարում, բավարարվում ենք միայն Հազկերտի հրովարտակով և, ըստ այդմ, ամեն ինչ կապելով այդ հրովարտակի հետ, շատ հարցեր թերի ու անավարտ ենք թողնում: Փաստին երկու մոտեցում կա` հայկական, զուտ զգացմունքային և, պայմանականորեն ասած, արևմտյան, սառը տրամաբանական: Բնականաբար, ժամանակին եղել է նաև երրորդ` պարսկական կողմի տեսակետը, որն էլ հենց թելադրել է Սասանյանների պետական քաղաքականությունը հայերի և Հայաստանի նկատմամբ: Սակայն հարցը վաղուց նրանց համար կորցրել է իր հնչեղությունը և, որքան գիտենք, իրանագիտության մեջ այն այլևս առանձին ուսումնասիրման նյութ չի հանդիսանում, այլ համարվում է պարսկա-հռոմեական հարաբերությունների օժանդակ մասնիկը: Ընդհանուր առմամբ համաձայն լինելով հարցին լայն ընդգրկումով մոտենալուն, նշենք միայն, որ III-V դդ. հայ-պարսկական հարաբերություններն ամենևին էլ լոկալ բնույթ չէին կրում և չափազանց մեծ, հաճախ նաև ճակատագրական նշանակություն ունեին հենց պարսկա-հռոմեական հարաբերությունների, այսինքն` համաշխարհային պատմության տվյալ ժամանակաշրջանի համար:
Բնականաբար, այս հորձանուտի մեջ պիտի բեկվեր նաև հայոց կյանքի ընթացքը: «Սասանյաններ,- գրում է Հ. Արմենը,- հախուռն հավակնոտությամբ, ինքզինքնուն օրինավոր ժառանգը համարեցին Աքեմենյան Պարսկաստանի, և Հռոմեական կայսրութենեն պահանջեցին իրենց հանձնել Փոքր Ասիո բոլոր հողերը: […] Նման հավակնությամբ գոտեպնդված կրոնա-ռազմական քաղաքականություն, նոր Պարսկաստանը ահարկու սպառնալիք մը պիտի ըներ Մերձավոր Արևելքի ժողովուրդներուն, ի մասնավորի Հայաստանի, ուր Սասանյաններու մահացու թշնամի Արշակունի ընտանիքի մեկ ճյուղը կիշխեր: Տրդատ և հաջորդական ինն Արշակունի թագավորներ գիտակցեցան Սասանյան վտանգի իրական բնույթին – հայ ժողովրդի ձուլումը Պարսիկ պետության մեջ – և պայքարի զենքեր փնտրեցին, որ սուրեն և աղեղեն ավելի հզոր ըլլար, կամ սուր ու աղեղ գործածող հայերու ոգին պողպատեր: […] Այս համապարփակ ոգորումին մեջ ի հայտ բերված և գործածված երկու նոր զենքերն էին` քրիստոնեություն և ապա` հայերեն այբուբեն: Ես չեմ ըսեր թե` եթե Սասանյան սպառնալիքը չըլլար, հայերը թերևս քրիստոնյա չըլլային: Այլ կըսեմ, թե հայ թագավոր մը Սասանյաններու դեմ պայքարելու և պաշտպանվելու զորավոր զենք համարեց Հռոմեական կայսրության մեջ տարածվող քրիստոնյա կրոնը և զայն իր արքայական հեղինակությամբ պարտադրեց հայ ժողովրդին (ընդգծ. մերն են.- Հ.Դ.)»((Հրանտ Ք. Արմեն, նշվ. աշխ., էջ 56-57:)):
Վտանգը հետևյալ կերպ է ներկայացնում Կ. Յուզբաշյանը. «Եթե անցյալում ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային ոլորտում հայերը կապված են եղել Արշակունյաց Պարթևստանի հետ, ապա այժմ դրությունը փոխվում է` Սասանյանները հանդես են գալիս որպես թշնամի, որոնք ձգտում են տիրանալ հայոց երկրին, ստրկացնելով ժողովրդին, խախտելով նրա պատմամշակութային բոլոր ավանդույթները (ընդգծ. մերն է.- Հ.Դ.)»((Յուզբաշյան Կ., նշվ. աշխ., էջ 13:)): Լեոն ավելի լայն հայացքով է դիտարկում դարակազմիկ իրադարձությունները: «Նրա (պարթև վերջին թագավոր Արտավան Ե.-ի.- Հ.Դ.) որդիները, փախչելով Սասանյաններից գնացին Հայաստան` իրենց հորեղբոր մոտ: Եվ նրանք ուրիշ տեղ չունեին էլ: Պարթևական տոհմի դատը կենտրոնանում էր հայոց արքունիքում, որ երկրորդն էր` Տիզբոնի պարթևական արքունիքից հետո: Հայ Արշակունիները այլևս չէին կարող հաշտ ու բարեկամ մնալ պարսից թագավորների հետ: Սասանյանների մայրաքաղաքն էլ Տիզբոնը դարձավ և ահա նույն այն տեղը, ուր երկար ժամանակ, ամբողջ դարեր հայ-պարթևական մերձեցումն էր կռում-կոփվում, այժմ դառնում էր տոհմային դինաստիական թշնամությունների քուրա: Այդ թշնամական հարաբերությունները տարածվում էին ամբողջ երկրի վրա և Սասանյանների քաղաքականության մի կարևոր կետն է դառնում պարթևներին Հայաստանից քշելն ու այս երկիրը Սասանյան շահերի հետ սերտ կերպով կապելը: Հայ Արշակունիներն էլ, իհարկե, իրենց միջոցներն են ձեռք առնում իրենց տոհմի դեմ բացված այս վտանգի հանդեպ (ընդգծ. մերն է.- Հ.Դ.): Եվ ահա այս նոր հանգամանքների հետևանքով հայ ազգի պատմության մեջ հանդես են գալիս նոր, վերին աստիճանի կարևոր երևույթներ: Մինչև այդ` Հայաստանը Իրանի կողմն էր, նրա քաղաքական-կուլտուրական շահերով էր ապրում: Այժմ առաջանում է բոլորովին հակառակ մղում, և հայոց հարցը էլի մի նոր կերպարանափոխության մեջ է մտնում: Հայաստանն անցնում է Հռոմի կողմը և մեծամեծ ջանքեր է գործ դնում Պարսկաստանից նախ քաղաքականապես և ապա նաև կուլտուրապես անջատվելու համար: Այս ջանքերը լցնում են Հայոց պատմության էջերը համարյա ամբողջ երեք դար և միանգամայն կերպարանափոխում են հայ ազգի ճակատագիրը, առաջացնելով այնպիսի խոշոր երևույթներ, ինչպես են քրիստոնեության մուտքը և նրա հետևանքով` հայոց ազգային գրականությունը և այլն»((Լեո, Հայոց պատմություն, Երկերի ժողովածու, հ. 1, Երևան, 1966, էջ 399:)):
Կարծում ենք` Լեոյի նման անկողմնակալ վերլուծության օգնությամբ կարող ենք առավել համոզված պնդել, որ հենց միջդինաստիական պայքարը պատճառ դարձավ միջպետական այն ծանր ու հյուծիչ հակամարտության, որի հետևանքով երկու կողմերն էլ մեծամեծ վնասներ կրեցին: Ընդսմին, Արշակունիների համար քաղաքական ոչ մի հեռանկար չխոստացող այդ պայքարն աստիճանաբար վերածվում էր ավարառուական արշավանքների: Բանն այն է, որ հակասասանյան-համապարթևական դաշինք ստեղծելու նրանց ջանքերը սկզբից ևեթ ձախողվելով, որովհետև բանակը և պարթևական ամենանշանավոր տոհմերը` արքայական տան ճյուղեր հանդիսացող Ասպահապետի և Սուրենի Պահլավ տներն ընդունել էին Սասանյանների գերագահությունը((Մովսես Խորենացի, Հայոց պատմություն (գրաբար, աշխարհաբար), Երևան, 1981, էջ 253:)), ըստ էության իմաստազրկել էին նաև նրանց պայքարը: Խորենացին ու Ագաթանգեղոսը գրում են միայն ավերիչ արշավանքների, «Ասորեստանը և մյուս արքայանիստ աշխարհները»((Խորենացի, նույն տեղում: Ագաթանգեղոս, Հայոց պատմություն (գրաբար, աշխարհաբար), Երևան, 1983, էջ 27-29:)) գրավելու մասին, սակայն որևէ կերպ չեն հիշատակում Արտաշիրին գահընկեց անելու նրանց ցանկության մասին: Իհարկե, տեսականորեն հայ Արշակունիները կարող էին գրավել համաիրանական գահը, որի մասին մենք էլ ենք գրել, և դա կհամարվեր միանգամայն օրինական քայլ, սակայն գործնականում այն այլևս անհնար էր իրականացնել, որովհետև մենակ էին մնացել այդ պայքարում: Նրանց միակ դաշնակիցը` հնդկապարթևական Արշակունի Կարենի Պահլավ տոհմը, որը թագավորում էր Քուշանաց երկրում` նույնպես պարտվել էր: Այնուամենայնիվ, Պարթևական տերության վերջին տիրակալ Արտավան Ե.-ի ցեղակից և Մեծ Հայքի թագավոր Խոսրով Բ.-ն մերթ հռոմեացիների հետ կցորդված, մերթ հոների և այլ հյուսիսականների օգնությամբ տասնմեկ տարի շարունակեց հախուռն ու անկանոն կռիվը «բռնավորի»((Ղազար Փարպեցի Հայոց պատմություն (գրաբար, աշխարհաբար), Երևան, 1983, էջ 7: )) դեմ, մինչև իսկ երկու անգամ կարողացավ հակասասանյան ռազմական կոալիցիա կազմակերպել((Հայ ժողովրդի պատմություն (այսուհետև` ՀԺՊ), հ. II, Երևան, 1984, էջ 44:)), սակայն, ցավոք, ամեն ինչ ավարտվեց նրա սպանությամբ իր իսկ ազգականի` Անակի ձեռքով:
Ի դեպ, Խորենացին տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչ կարող էր լինել Հայոց աշխարհի հետ, եթե Տիզբոնի կենտրոնական իշխանությունը ճանաչվեր Արշակունիների կողմից: Նա գրում է. «Արտաշիրը գեղեցիկ կարգավորում է Հայոց աշխարհը, վերականգնում է նախկին կարգերը: Նաև այն Արշակունիներին, որոնք հրաժարեցրած էին թագից և Այրարատում բնակվելու իրավունքից, նա նույն տեղերում հաստատում է` եկամուտներով և ուտեստով, ինչպես որ առաջ էին: […] Նա մեր աշխարհը կառավարեց պարսիկ գործակալների ձեռքով, ինչպես իր աշխարհներից մեկը, քսան և վեց տարի և նրանից հետո նրա որդին, որ կոչվեց Շապուհ, այսինքն արքայի որդի, մեկ տարի մինչև Տրդատի թագավորելը»((Խորենացի, նշվ. աշխ., էջ 263:)): Ընդ որում, Խորենացու մատնանշած «անիշխանության տարիներին», որ պատմաբանները երկարաձգում են մինչև 32 տարի` 261-293 թթ.((ՀԺՊ, հ. II, էջ 49:)), Հայոց աշխարհում «Հայքի մեծ թագավոր» տիտղոսով թագավորում են Պարսից թագաժառանգները` Արտաշիր Ա-ի հաջորդ Շապուհ Ա.-ի ավագ որդի Որմիզդ-Արտաշիրը (261-272 թթ.), նրա որդի Որմիզդակը (273-276 թթ.), ապա եղբայրը` Ներսեհը (276-293 թթ.):
Փաստորեն, չէր փոխվում երկրի կարգավիճակը, չէր վերանում թագավորությունը, ասել է թե` կարող էր և չփոխվել թագավորական հարստությունը, եթե հայ Արշակունիներն իրենց դինաստիական ամբիցիաներին հագուրդ տալու համար չշարունակեին պատմականորեն չարդարացված հակադրությունը: Սակայն նրանք ոչ միայն չընդունեցին Սասանյանների քաղաքական առաջարկը` հաշտվել իրականության հետ, դադարեցնել երկիրը քայքայող անիմաստ պայքարը և, ընդամենը ճանաչելով իրենց գերագահությունը, շարունակել դրացիական ու ներպետական հարաբերությունները նույն սկզբունքներով ու մակարդակով, ինչ պարթևների օրոք էր, այլև, ամբողջովին ներգրավվելով հռոմեական արևելյան քաղաքականության մեջ, հայ ժողովուրդին նույնպես ներքաշեցին վտանգավոր արկածախնդրության մեջ: Ոչ անխուսափելի մի պայքար, որը շարունակվելու էր մի քանի դար, և որի ընթացքում հայ ժողովուրդը գրեթե ամբողջովին պիտի ուժաքամվեր ու նետվեր պատմության ճամփեզր: Հիրավի, եթե երբեմն անհատներն են ազգի փառքը կռում, ապա երբեմն նաև հենց անհատներն են խաթարում ազգի Ճակատագիրը: Երկու դեպքում էլ` ժողովրդի կամքից անկախ…
Համենայն դեպս, Արշակունիների գահը վերականգնվեց Մեծ Հայքում: Բայց հռոմեացիների պարտադրանքով, ոչ պարսիկների բարեկամեցությամբ: Խոսրով Մեծից հետո հաջորդ Արշակունին նրա որդի Տրդատն էր, որը նույնպես հետագայում Մեծ պատվանունին պիտի արժանանար: Տրդատը հասակ առել, կրթվել ու դաստիարակվել էր Հռոմում, հռոմեական ոգով, և բնական է, որ Հռոմից էլ թագ ստանալով` պիտի ընդգծված հակապարսկական դիրքորոշում ունենար: Խնդիրը, սակայն, շատ ավելի բարդ էր, քան թվում է: Բանն այն է, որ հայոց և պարսից աշխարհները հոգևոր-մշակութային, տնտեսական, մինչև անգամ ազգային անվտանգության առումներով այնքան ընդհանրություններ ունեին, որ քաղաքական նկատառումներով այդ ամենից միանգամից հրաժարվելն ամենևին էլ հեշտ գործ չէր: Պորտալար էր կապում այդ երկու ժողովուրդներին ու երկրներին: Այդ պորտալարը պիտի կտրվեր կտրուկ և արմատական միջոցների կիրառմամբ: Քաղաքականապես հարցը լուծված էր` 298 թ. Մծբինի պայմանագրով Մեծ Հայքը անջատվել էր Սասանյան տերությունից, մինչդեռ հոգեբանորեն նման բան առայժմ չկար: Մարդը պիտի փոխվեր, ժողովուրդը պիտի փոխվեր, աշխարհընկալում ու աշխարհայացք պիտի փոխվեր: Հայը պիտի թշնամանար պարսիկի հետ: Հետևաբար` կրոնը պիտի փոխվեր: Այս որոշումն իրադրային չէր, ռազմավարական էր, և շատ ավելի կարևոր վճիռ էր, քան Ալեքսանդրի գորդյան հանգույց կտրելը կամ Կեսարի Ռուբիկոնն անցնելը: Հայոց երկիրը բնավ պատրաստ չէր նման արմատական փոփոխության, ուստիև` նոր կրոնը պիտի պատվաստվեր ժողովրդին: Այն դարձավ Տրդատի կյանքի գործը, և նրան փառք ու անմահություն պիտի բերեր: Իր դինաստիային վտանգ էր սպառնում` Տրդատը կրոնը փոխեց, բայց ոչ թե հակառակորդի կրոնն ընդունեց հաշտվելու համար, այլ ուրիշ կրոն ընդունեց` նրան առավել հակադրվելու համար: Ինչպես արդեն ասվել է` «Սասանյանների պետական կրոնին հակադրվեցին բուդդայականությունը` քուշանների և քրիստոնեությունը` հայերի մոտ»((Նույն տեղում, էջ 27:)), իսկ իբրև հետևանք փաստվեց, որ «քրիստոնեության ընդունումը օտարացրեց և մեկուսացրեց Հայաստանը զրադաշտական Իրանից»((The Encyclopedia Americana. Intern-l Ed., New York։ Americana Corp., 1967, Vol. 2, p. 332։)):
Ըստ այդմ, հարկավոր է մի կողմ թողնել կրոնա-եկեղեցական հրաշապատում զրույցները, թե ինչպես տարածվեց քրիստոնեությունը Հայոց աշխարհում, և թե ինչու Աստված հայ ժողովրդին առաջինն արժանացրեց իր սիրուն, քանզի ընտրությունն Աստծունը չէր` Տրդատինն էր: «Քրիստոնեությունը Հայաստանում,- գրում է Ս. Երեմյանը,- հաստատվել է պետական կրոն նույն պայմաններում, ինչ որ զրադաշտականը Իրանում: Այս շարժման հիմքում ընկած էր կենտրոնական իշխանության ամրապնդման գաղափարը: Տրդատ Գ.-ն գլխավորում էր նոր կրոնի` քրիստոնեության վարդապետության հաղթանակը»((ՀԺՊ, հ. II, էջ 74:)): Անկասկած, Տրդատը փորձում էր կրկնել Արտաշիրին և, հենվելով նոր կրոնի վրա, հզորացնել իր իշխանությունը: Տարբերությունը լոկ այն էր, որ Արտաշիրն օտար վարդապետության չհետևեց, այլ իր ազգային կրոնը բարեփոխեց և նրա միջոցով աշխատեց փրկել իր երկիրը կործանումից, իսկ Տրդատն իր հպատակներին պարտադրեց բոլորովին խորթ ու անծանոթ մի կրոն և նրա միջոցով կամեցավ հզորանալ ու նոր թափ հաղորդել Սասանյանների դեմ մղած իր պայքարին: Ինչպես տեսնում ենք, քայլերը նույնն են, բայց տարբեր են նպատակները:
Ստորև ստիպված, որպեսզի չծավալվենք, բաց կթողնենք այնպիսի մի կարևորագույն հարց, ինչպիսին է Տրդատի կողմից հատկապես քրիստոնեությունը քաղաքական նպատակներին ծառայեցնելու որոշում ընդունելու հանգամանքները: Թեման հիրավի արժանի է հատուկ քննության, սակայն հիմա շեշտադրենք միայն Հայոց թագավորի դերակատարությունն այդ գործում: Տարակույսներ կան, որ Տրդատն առողջ հեգեվիճակում և հստակ դատողությամբ չէր, երբ հրաման տվեց քրիստոնեության սպասավորների առջև կրնկաբաց անել երկրի դռները: Ապացույցներ են բերվում, որ Տրդատն ընդամենը գործիք էր Գրիգորի ձեռքին, իսկ Գրիգորն իր հերթին ծառայում էր այլոց: Վերջինիս հետ կապված ոչինչ չժխտելով, առայժմ նշենք պարզապես, որ, ինչ վերաբերում է Տրդատին, ապա նա անկասկած ամեն ինչ անում էր գիտակցաբար և նպատակամղված: Խորենացին ասես հատուկ մեզ օգնելու համար է տալիս Տրդատի հետևյալ բնութագիրը. «Սուրբ հոգուն հաճո թվաց ավագություն տալ իմ լուսավորչին (Գրիգորին.- Հ.Դ.)` միայն խոստովանողի, կավելացնեմ նաև առաքելության կոչումով, իսկ սրանից դուրս` [նրանք երկուսը] իրար հավասար են խոսքերով և գործով: Բայց այստեղ ես նկատում եմ թագավորի առավելությունը, որովհետև Աստծու մասին մտածելու և ճգնողության մեջ նրանք երկուսը հավասար էին, իսկ համոզական կամ ստիպողական խոսքերով [նոր հավատին] հնազանդեցնելու մեջ` թագավորի շնորհն ավելի էր, որովհետև նրա հավատից գործը հետ չէր մնում: […] Սա Քրիստոսին հավատալուց հետո ամեն տեսակ առաքինություններով փայլելով` ավելի և ավելի ջանքեր էր անում խոսքով ու գործով Քրիստոսի [հավատի] համար. սաստելով և համոզելով մեծամեծ նախարարներին, այլև ռամիկ մարդկանց բազմությունը (ընդգծ. մերն են.- Հ.Դ.), իրապես Քրիստոսի [հավատացյալ] լինելու, որպեսզի նրանց գործերը համապատասխանեն նրանց հավատին»((Խորենացի, նշվ. աշխ., էջ 301:)):
Ի տարբերություն հոր` Խոսրով Բ. Մեծի, որը, այնուամենայնիվ, ավելի ինքնուրույն էր, դժվար է միանշանակ գնահատական տալ Տրդատի քաղաքական անկախությանը, որովհետև անժխտելի էր դրսից հռոմեացիների, իսկ ներսից պարթև վտարանդի ազգականների, որոշակիորեն նաև հրեական համայնքի ազդեցությունը նրա գործողություններում((Այնքան էլ սխալված չենք լինի, եթե հայոց «դարձը» համեմատենք Առաջին համաշխարհայինի ժամանակ Ռուսական կայսրությունում տեղի ունեցած հեղափոխության հետ, որի իրականացման համար, ինչպես գիտենք, գերմանական կողմը քիչ ջանք ու գումար չէր ներդրել գործակալ Պարվուսի միջոցով:)): Տրդատը, նպատակ ունենալով նոր կրոնի միջոցով մոբիլիզացնել երկրի թե´ մարդկային, թե´ տնտեսական, թե´ ռազմական ռեսուրսները և այդ ամենն ուղղել Սասանյանների դեմ, ավերեց (գիտակցաբար թե անգիտակցաբար` կարևոր չէ) գոյություն ունեցող միասնությունը հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև: Կյանքը ցույց տվեց, որ դա անդառնալի հարված էր Հայոց գահին: Եթե օրինակներ կան, որ քրմերն ընդհանուր առմամբ ի զորու էին հեղաշրջում կատարել, ինչպես Եգիպտոսում կամ Պարսկաստանում, մինչև անգամ թագավորական հարստություն փոխել (Սասանյանները դրա վառ ապացույցն են), այդուհանդերձ, վստահաբար կարող ենք ասել, որ հայ քրմական դասը երբեք քաղաքական իշխանության չէր ձգտում: Մինչդեռ քրիստոնեական եկեղեցին, կարճ ժամանակում ի տնօրինություն տրված երկրում իր դիրքերն ամրապնդելով, սեփական իշխանության համար պայքար սկսեց ինչպես Պարսից արքունիքի, այնպես էլ Հայոց թագավորների դեմ((ՀԺՊ, հ. II, էջ 79:)): Դա արտահայտվեց թագավորի սպանությամբ (Պապ) կամ արտաքսումով (Վարազդատ) և, ի վերջո, հանգեցրեց թագավորության կործանման (հայ Արշակունիների բարձում): Թագավորության վերացումից հետո, V դարում, պայքարի ձևերը փոխվեցին. Հայաստանյայց եկեղեցին ի վիճակի եղավ արդեն իսկական պատերազմներ մղել Պարսից տերության դեմ: Դրանցից առաջինը Վարդանանց անվանված 450-451 թթ. պատերազմն էր և Ավարայրի ճակատամարտը:
Այսպիսով, երբ ուզում ենք համոզվել Պարսկաստանի կողմից Հայոց աշխարհին սպառնացող վտանգի չափի ու հավանականության հարցում, ապա տեսնում ենք, որ, թեև վտանգն իրական էր, սակայն այդ վտանգն Արշակունյաց հարստության ու Հայաստանյայց եկեղեցու համար էր, ոչ թե երկրի և ժողովրդի: Բայց քանի որ մեր գիտակցության մեջ հայ եկեղեցական, այնուհետև պատմաբանական քարոզչությունն ամենայն հաջողությամբ նույնացրել են իշխող դինաստիան, եկեղեցին, երկիրն ու ժողովուրդը` որպես նույն հարթության վրա գտնվող ներգործության ենթակա օբյեկտներ, ապա ակամայից այդպես էլ ընկալում ենք. եթե եկեղեցին էր վտանգված, ապա վտանգված էր ժողովուրդը, ինչպես նաև` եթե դինաստիական իշխանությունն էր վտանգված, ապա վտանգված էր երկիրը: Ցավոք սրտի, այս կարգի աճպարարությունն իբրև աներկբա ճշմարտություն գերիշխում է (ավելի ճիշտ` ավերներ է գործում) նաև մեր օրերում: Մինչդեռ ոչ թե երկիրն ու կառավարողները, այլ` երկիրն ու գահը, ոչ թե եկեղեցին ու հոգևոր հոտը, այլ` ազգային ինքնագիտակցությունն ու այն կրող ժողովուրդը պետք է նույնացվեն: Գահը, ոչ թե դինաստիան, և ապա` երկիրը, ոչ թե եկեղեցին, վերջապես` ժողովուրդը, ոչ թե կրոնն են բացարձակ արժեքներ: Առանձնացնենք, ուրեմն, գահ-երկիր-ժողովուրդ եռամիասնությունը դինաստիա-եկեղեցի-կրոն եռամասնությունից և արդեն շատ հստակ կպատկերացնենք, թե ում շահերն էին վտանգված IV-V դարերում:
Ինչ վերաբերվում է ընդհանուր ազգային շահերին, ապա պետք է ասել, որ մենք բացարձակապես որևէ պատկերացում չունենք, թե որն էր հայոց ազգային շահը հիշյալ դարերում: Չունենք, որովհետև չենք ձևակերպել և միտք էլ չունենք ձևակերպելու: Արտաքին վտանգի, թշնամու, այնուհետև դավաճանի կերպարներ ստեղծելով` հայ հավաքական միտքը խմորողները մեզ միշտ ներկայացրել են դիմադարձողի դերում, և մեր կյանքում ու դատողություններում այլևս ազատ տեղ չի մնացել, որպեսզի մտածենք նաև ազգային շահի մասին, զատենք իրարից ազգայինն ու մասնավորը: Սակայն III դարից սկսած մասնավորեցվում են ժողովրդի և թագավորական տան շահերը, իսկ IV դարում դրանց ավելանում է նաև եկեղեցու մասնավոր շահը: Ընդսմին ժողովուրդը ցանկանում էր երկրի բարօրություն, ապահով և անվտանգ կյանք, իսկ նրա շահերի արտահայտիչ բնիկ նախարարական տներն այդ ամենի իրականացումը տեսնում էին ազգային անկախությունը պահպանելու միջոցով: Ինչ վերաբերում է թագավորական տանը, ապա նա վերջնականապես խրվել էր համաիրանական դինաստիական պայքարի մեջ և այն, ինչ անում էր իր երկիր ներսում, նպատակաուղղում էր Սասանյանների դեմ պայքարին: Հատկապես Խոսրով Բ.-ն և Տրդատ Գ.-ն: Իրականությանը չի համապատասխանում այն տեսակետը, թե «Խոսրով Բ-ի օրոք Արշակունիները վաղուց հայացել էին, ասել է` հանդես էին գալիս որպես տեղական` հայկական շահերի ներկայացուցիչներ և պաշտպաններ»((Յուզբաշյան Կ., նշվ. աշխ., էջ 12:)): Հետագայի Հայոց բոլոր այն հեռատես ու հայրենասեր գահակալները (Տիրան, Պապ, Վարազդատ), ովքեր փորձեցին դուրս գալ այդ կանխորոշված ուղուց և կարգավորել հարաբերությունները Պարսկաստանի հետ` կյանքով ու գահով հատուցեցին((Ամմիանոսը գրում է, որ Շապուհը վշտացավ Պապի սպանության լուրը լսելով: Տե´ս Լեո, նշվ. աշխ., հ. I, էջ 488:)): Վերջապես կար նաև եկեղեցին, որի նպատակն էր հիմնավորապես հաստատվել Հայքում և հնարավորինս ընդլայնել իր հոգևոր, որը նաև չափազանց աշխարհիկ էր, իշխանության սահմանները:
Հայոց երկիրն իսկապես բռնությամբ հանվեց իր բնական հունից: Հայության փոխարեն ընտրություն արվեց, որը կործանման ճանապարհ բացեց նրա առջև: Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե Հայքը մնար Արևելյան աշխարհում, որտեղ նրա ինքնությունն ավելի ընդգծված էր, իսկ ինքնուրույնությունն ավելի շատ((«Մեծ Հայքի պարսկական մասը ներքին կյանքում անկախ էր և կախվածությունը Սասանյան Իրանից արտահայտվում էր նրանով, որ պատերազմի ժամանակ Հայոց թագավորը զորք էր տրամադրում Իրանին» (տե´ս ՀԺՊ, հ. II, էջ 47):)), սակայն փաստ է, որ, թեքվելով դեպի Արևմուտք, նա շատ բան կորցրեց: Հայոց հողի վրա հետագա 1700 տարիների ընթացքում ստեղծված քրիստոնեական բարձրարժեք մշակույթի` ճարտարապետության, գրականության, երաժշտության փաստը չի կարող բացառել, որ նույնքան արժեքավոր, գուցեև ավելին, չէր կարող ստեղծվել ազգային ավանդույթների հիման վրա: Մենք անգին գանձերով հարստացրինք համաշխարհային քաղաքակրթությունը, սակայն դրանով հանդերձ անդառնալիորեն մեզ դուրս դրեցինք համաշխարհային քաղաքականությունից: Դարձանք երկրորդական:
Ի դեպ, ժամանակն է հրաժարվել եվրոպական պատմագիտության կողմից արհեստականորեն ստեղծված այն անհեթեթ թեզից, իբր Արևմուտքը միշտ եղել է ժողովրդավարական ու առաջադիմական, իսկ Արևելքը` բռնապետական ու հետադիմական((Դեռևս Հ. Մանանդյանն է իր «Տիգրան Բ և Հռոմը» հիմնարար աշխատության Առաջաբանում մատնանշել այս հակագիտական միտումը (տե՛ս Մանանդյան Հ., Երկեր, հ. Ա., Երևան, 1977, էջ 410):)): Հենց այս մոտեցումով են սովորաբար բացատրվում նաև մեր պատմության վայրիվերումները: Բայց մի՞թե Իրանն այնքան հետամնաց երկիր էր, որ հայերը, ամեն առաջադեմի նկատմամբ բնական համակրանք ու ձգտում ունենալով, անպայման պիտի հակվեին դեպի Արևմուտք((Արևմուտքը երբեք անծանոթ չի եղել հայերին, և ամենևին էլ քրիստոնեության շնորհիվ չէ, որ նրանք կապ են հաստատել Արևմուտքի հետ: Չմոռանանք, որ հայ ժողովրդի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի հելլենիզմի դարաշրջանը, իսկ Տիգրան Մեծի աշխարհակալությունը համարվում է հելլենիստական վերջին պետությունը:)): Անշուշտ, այդպես չէր: Սասանյան Պարսկաստանի արվեստն այսօր էլ ապշեցնում է իր գեղեցկությամբ, նրբաճաշակությամբ ու կատարելությամբ: Նրա մշակույթն անգերազանցելի էր համարվում ամբողջ Առաջավոր Ասիայում, իսկ երկրի կառավարման համակարգն այնքան կատարյալ էր, որ արաբ խալիֆաները հետագայում պիտի ամբողջովին այն ընդօրինակեին((Кинжалов Р., Луконин В., Памятники культуры Сасанидского Ирана, Ленинград, 1960, с. 10-11.)): Կյանքը Պարսից տերության մեջ ինչ-որ առումով կարելի էր նմանեցնել Լյուդովիկոս XIV-ի դարաշրջանի Վերսալյան բարձրաշխարհիկ հասարակության հետ((Джонс Т., Эрейра А., Варвары против Рима, Москва, 2010, с. 384.)): Կրոնի և հավատալիքների հարցերում նույնպես իրանական քաղաքակրթությունը հայտնի էր իր հանդուրժողականությամբ: Ճիշտ է, դա հիմնականում վերաբերում է Աքեմենյան և Պարթևական հարստություններին((Եգիպտոսում Դարեհ I-ը Ամոն աստծուն նվիրված տաճարներ էր կառուցում: Բազմաթիվ տեղեկություններ են պահպանվել, որ պարսիկ արքաները Երուսաղեմում երկրպագում էին Եհովային, Փոքր Ասիայում հունական աստվածներին, իսկ նվաճված այլ երկրներում նրանց տեղական աստվածներին:)), երբ սովորական երևույթ էր մինչև անգամ հարևան ժողովուրդներից աստվածություններ փոխառնելը (օրինակ` հայերից Անահիտ աստվածուհու պաշտամունքը((Տե´ս Ներսիսյան Հ., «Նախաքրիստոնեական աստվածները հայոց», Հայագիտական ուսումնասիրություններ, Երևան, 2011, էջ 529-741:))), և ինչն իսկապես չի կարելի ասել մանավանդ առաջին Սասանյանների վերաբերյալ, բայց նաև չի կարելի հայերի նկատմամբ վերջիններիս անհանդուրժողականությունն առանց բացատրությունների ներկայացնել ավելի թանձր գույներով, քան իրականում եղել է: Անաչառ լինելու համար հարկ է նշել, որ այն, ինչ վերաբերում է Սասանյանների ներպետական քաղաքականությանը, չի կարելի զուտ հակահայկական քաղաքականություն համարել: Դա ծայրահեղություն է:
Պետք է նկատի ունենալ, որ այն ժամանակներում պետությունը, ավելի ճիշտ` պետության գլխավորը (թագավոր, կայսր) կարող էր իր ենթակայության տարածքներում միասնական կրոնական համակարգ մտցնել: Այդպես են տեղի ունեցել կրոնական բոլոր մեծ հեղափոխությունները, հատկապես` զրադաշտականության և քրիստոնեության գերիշխանության հաստատումը Պարսկաստանում և Բյուզանդիայում: Աշխարհը գնում էր դեպի ուժերի կենտրոնացում: Մակեդոնացուց հետո Արևելքը և Արևմուտքը պատրաստվում էին վերսկսել պայքարը համաշխարհային տիրապետության համար: Հետևաբար` առաջին հերթին հարկավոր էր համախմբել ու վերանայել այն ամենը, ինչը կնպաստեր սեփական ներուժի հզորացմանը: Անշուշտ, դրանցից մեկն էլ կրոնն էր: Միասնական կրոնական մտածողության անհրաժեշտությունը դեռևս Արշակունիների հարստության կառավարման վերջին շրջանում էր հասունացել: Պարսիկ հետազոտող Շաբանին գրում է. «Սասանյանները գիտակցում էին իրանական ժողովուրդների վրա հոգևոր տիրապետություն հաստատելու, սեփական իշխանության հիմքերն ամրապնդելու և այն սրբազնացնելու անհրաժեշտությունը»((Шабани Р., Краткая история Ирана, Санкт-Петербург, 2008, с. 119.)): Սասանյանները հասկացել էին նաև, որ անհնար է պահպանել դեռևս Աքեմենյաններից եկող ապակենտրոն կառավարման համակարգը, ըստ որի` տերությունը բաժանված էր 18 թագավորությունների: Պակաս կարևոր խնդիր չէր ենթակա այլազգի ժողովուրդների անջատողական տրամադրությունների չեզոքացումը: «Հույներին հաղթելուց հետո,- գրում է Դ. Դեմիրճյանը,- Հազկերտը հետամուտ եղավ իր պետության ամրապնդման: Ընդարձակ երկրներ գրավելով և ենթարկված լինելով հոների, քուշանների և հույների միշտ հնարավոր հարձակումների վտանգին` նա ուշադրությունը լարեց իր պետության ներքին ուժերի կենտրոնացման: Դա այլացեղ, բազմազգի հպատակներ էին` հայերը, վրացիները, աղվանները և այլն: Նրանց միացնելու և Հունաստանի ազդեցությունից ընդմիշտ հեռացնելու միակ միջոցը նա համարեց այս բոլոր ազգերին զրադաշտական կրոնին դարձնելը»((Դեմիրճյան Դ., «Վարդանանց պատերազմը», Երկերի ժողովածու, հ. XII, Երևան, 1985, էջ 304:)):
Բնականաբար, այս նոր քաղաքականությունը պետք է լարում մտցներ կենտրոնի և ազգային այլակրոն տարածաշրջանների փոխհարաբերություններում: Բայց, իհարկե, դա չի նշանակում ամենևին, որ տեղի ունեցող իրադարձություններին կարելի է նույնատեսակ բացատրություն տալ: Օրինակ` քրիստոնեական եկեղեցու դրությունը Հայքում և քրիստոնյաների հալածանքները Պարսից տերության մեջ: Այս երկուսն այնքան տարբեր հարցեր են, որ անթույլատրելի է դրանք մեկտեղել և համատեղ քննարկել, որովհետև անհնար է վերջում ճիշտ եզրահանգում կատարել: Քրիստոնեական եկեղեցին Մեծ Հայքում հիմնադրման օրից պետական կարգավիճակ ուներ, օգտվում էր անսահմանափակ իրավունքներից և ինքն էր հալածում այլադավաններին: Ի դեպ, միայն հայ պատմագրության մեջ է, որ քրիստոնեություն ընդունելը համարվում է փրկություն պարսկական ուծացումից և պայքար Սասանյանների դեմ հանուն ազգային անկախության: Մինչդեռ ռուս և արևմտյան միջնադարագետների մոտ գերիշխում է այն տեսակետը, որ 298 թ. Մծբինի պայմանագրից հետո Տրդատ Գ.-ն Մեծ Հայք վերադարձավ որպես Հռոմի վասալ, ինչը նախ և առաջ նշանակում էր հռոմեական ազդեցության ուժեղացում Անդրկովկասում: Իսկ քրիստոնեության ընդունումը նախ հայերի, և ապա մյուս ժողովուրդների կողմից էլ ավելի ամրապնդեց այդ ազդեցությունը: Ա. Անինսկին գրում է. «Քաղաքական հանգամանքները հայոց թագավորին դարձրին ոչ միայն ընդօրինակող, այլև կայսերական կամքի հլու կամակատար»((Аннинский А., История Армянской церкви (до XIX века), Кишинев, 1900, с. 6.)): Որքան էլ դառը լինի այս տողերը կարդալը, այնուամենայնիվ, ճշմարտությունը որոնելիս հարկավոր է նմանօրինակ կարծիքներին նույնպես ուշադրություն դարձնել: Հատկանշական է և այն մանրամասնը, որ մարտադաշտերում հայերը պարսիկների դեմ պատերազմելիս պարզում էին Կոստանդիանոս կայսեր նվիրած դրոշը((«Ըստ եկեղեցական պատմիչների, 324 թ. Գրիգոր արքեպիսկոպոսի գլխավորությամբ Տրդատ Գ.-ն հատուկ դեսպանություն է առաքում Հռոմ: Ըստ ավանդության, Հռոմ ժամանած հայ դեսպանները շնորհավորում են Կոստանդիանոս Ա.-ին իր թշնամիների դեմ տարած հաղթանակի ու միահեծան գահակալության, ինչպես և քրիստոնեության հաղթանակի առթիվ: Կոստանդիանոս Ա. Մեծը և Սեղբեստրոս պապը (314-335) «հավիտենական դաշինք» են կնքում Տրդատ Գ.-ի և Գրիգոր Լուսավորչի հետ` ընդդեմ բոլոր «հեթանոսների», ի նշան որի Կոստանդիանոս Ա.-ն դեսպաններին է նվիրում իր նոր դրոշը` զարդարված Քրիստոսի անվան մոնոգրամ ձևով պատկերված խաչով: Այնուհետև այդ դրոշը երևան է գալիս Սասանյանների դեմ հայերի մղած պատերազմներում (ընդգծ. մերն է.- Հ.Դ.)»: ՀԺՊ, հ. II, էջ 78:)):
Ինչ վերաբերում է Պարսկաստանում գործող քրիստոնեական եկեղեցուն, ապա նա մշտապես պետության հետ իր հարաբերությունները ճշգրտելու խնդրի առջև էր կանգնած և, իսկապես, հաճախ էր հալածանքների ենթարկվում վերջինիս կողմից: Պատճառը հետևյալն էր. Սասանյանների իշխանության գալուց հետո տերության մեջ չէին հանդուրժվում այն վարդապետությունները, որոնք կարող էին վնաս հասցնել թագավորությանը, թուլացնել պետության հիմքերը: Ըստ այդմ, քրիստոնյաները` անհատապես և խմբերով, հալածանքների էին ենթարկվում այն դեպքերում, երբ ապացուցվում էր, որ նրանք զբաղվել են վնասարարությամբ: Հատկապես այն բանից հետո, երբ քրիստոնեությունը Հռոմեական կայսրության մեջ նույնպես դարձավ պետական կրոն, հետապնդումները Պարսկաստանում հաճախակիացան, որովհետև իսկապես շատ դեպքերում քրիստոնյաները բացահայտորեն գործում էին կայսրության օգտին: Մինչև անգամ պատերազմի ժամանակ: Հայտնի է, որ 338-340 թթ. պարսկա-հռոմեական պատերազմի ընթացքում Տիզբոնի եպիսկոպոս Սիմոնը անթաքույց հակապարսկական քարոզչություն էր կատարում((Տե´ս Տեր-Մինասյան Ե., Պատմա-բանասիրական հետազոտություններ, Երևան, 1971, էջ 282:)), և կամ 440-ականներին Բյուզանդիային սահմանամերձ քաղաքներում զինվորական, աշխարհիկ և հոգևորական քրիստոնյաները պարսկական բանակի դեմ պրովոկացիաներ էին կազմակերպում((Տե´ս Լեո, Երկեր, հ. 2, Երևան, 1967, էջ 38:)): Ընդհանուր առմամբ վիճակն այնպիսին էր, որ, ինչպես Թ. Նեոլդեքեն է նկատում, Սասանյաններն ստիպված էին պայքարել եկեղեցու դեմ, քանի որ այն իր կազմակերպվածությամբ տերության մեջ տերության էր վերածվել((Նէօլդէքէ Թ., Պատմութիւն Սասանեան տէրութեան, Վաղարշապատ, 1896, էջ 25:)): Հետևապես` կարևոր է հետևյալ հարցադրումը. Հազկերտ Բ.-ն, կտրուկ քայլերի գնալով, այնուամենայնիվ, քրիստոնեությա՞ն, թե՞ քրիստոնեական եկեղեցու չափից ավելի հզորանալուց էր անհանգստացած((Հայաստանյայց եկեղեցին իր դեմ ուղղված վտանգը միշտ քողածածկել է ժողովրդի գլխին կախված վտանգով: Բացառիկներից մեկն է հետևյալ օրինակը, որտեղ արտահայտվում է նաև այդ վտանգը. «Կրօնափոխել հայ ժողովրդին, ձուլել հայ քրիստոնէութիւնը մազդեզականութեան մէջ եւ դրանով իսկ վերացնել Հայաստանեայց Ազգային Առաքելական Սուրբ Եկեղեցին (ընդգծ. մերն է.- Հ.Դ.), որ արտայայտիչն էր ոչ միայն քրիստոնէական անարատ հաւատի, այլ եւ աղբիւր հայ ժողովրդի հոգեւոր առաքինութեան, ազդարար ազգային-քաղաքական ազատութեան եւ միասնական հայրենիքի – ահա թէ ինչ չարանենգ ու դաժան որոշում է արձակում Սասանեան Պարսկաստանի գազազած բռնակալութիւնը>> (Գեորգ Զ., Կաթողիկոս Ամենայն Հայոց, Կոնդակ Հայրապետական Վարդանանց հերոսամարտի 1500-ամեակի առթիւ, 1950, «Ավարայրի խորհուրդը» ժողովածու, Երևան, 2003, էջ 265):)):
Ավանդությունն ասում է, որ Պարսից եկեղեցին առաքելահիմն էր` Պետրոս և Թովմաս առաքյալներն էին այն հիմնադրել, իսկ IV դ. արդեն Պարսից եկեղեցին Ընդհանրական եկեղեցու արևելյան ամենահզոր ու ազդեցիկ կառույցներից մեկն էր դարձել, և նրա պատրիարքը նստում էր Տիզբոնում: Խոսուն փաստ է այն, որ, 325 թ. Նիկիայի I Տիեզերաժողովին մասնակցում էր պարսիկ եպիսկոպոս Հովհանը, ինչպես նաև մի քանի քահանաներ, որոնք Տիզբոնի եպիսկոպոս Սիմեոնի ներկայացուցիչներն էին((Болотов В., Лекции по истории древней Церкви, т. 4, Петроград, 1918, с. 24. Հմմտ. համար. Մեծ Հայքի եկեղեցու կողմից մասնակցող Արիստակեսն ընդամենը Կեսարիայի պատրիարքի ուղեկցողների թվում էր, քանզի Հայոց աշխարհում հաստատված եպիսկոպոսապետությունը ենթարկվում էր Կեսարիայի պատրիարքությանը:)): V դ. սկզբին, երբ քրիստոնեությունն արդեն համաշխարհային կրոնի պարամետրեր էր ձեռք բերել և, մանավանդ ասորիների միջոցով, տարածվել էր ոչ միայն բուն Պարսկական տերության մեջ, որտեղ գնալով աճում էր հենց պարսիկ հետևորդների թիվը, այլև հասել էր մինչև Քուշանների աշխարհը, մինչև Հնդկաստան((Տե՛ս Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին (գրաբար, աշխարհաբար), Երևան, 1989, էջ 121:)):
Այս պարագայում միանգամայն բնական պետք է համարել, որ Սասանյանների համար հրատապ խնդիր դարձավ քրիստոնեական եկեղեցին վերահսկողության տակ վերցնելը: «Սասանյան կայսրության կենտրոնացման գործընթացն,- գրում է Ն. Ղարիբյանը,- իր գագաթին հասավ չորրորդ դարի վերջին և հինգերորդի սկզբին: Այս գործընթացն ուղեկցվեց ի թիվս այլոց նաև Պարսկական եկեղեցու վերակազմակերպմամբ, որի սկիզբը նշանավորվեց 410 թ. Սելևկիայում եկեղեցական ժողովի գումարմամբ: Ժողովի արդյունքում Պարսկական եկեղեցու կանոնները և համակարգը համաձայնեցվեցին Արևմուտքում ընդունված դավանաբանության և նվիրապետական կարգի հետ: Այսպիսով, Սելևկիա-Տիզբոնի եկեղեցին հռչակվեց առաջին և «գլխավոր աթոռ», իսկ նրա եպիսկոպոս Իսահակին շնորհվեց Իրանի համայն քրիստոնեական Եկեղեցու մայրաքաղաքային մեծ եպիսկոպոսի կամ կաթողիկոսի տիտղոսը: Սակայն Իրանում քրիստոնեության ճանաչումը որպես ընդունելի կրոն ունեցավ այն հետևանքը, որ շահնշահը ինքնըստինքյան դարձավ Պարսկական եկեղեցու առաջնորդ և ղեկավար և այդպիսով իրավունք ստացավ միջամտելու եկեղեցու գործերին, այդ թվում նաև նշանակելու կաթողիկոսներ, ինչպես, ըստ սովորության, նշանակում էր մոգպետաց մոգպետներին: Այս եկեղեցական ժողովը չէր կարող հետևանքներ չունենալ Հայաստանում, որի տարածքների մեծ մասը գտնվում էր Իրանի իշխանության տակ, և որի եկեղեցու ղեկավարն իսկ իրանական կայսրության հպատակ էր: Իրոք, ըստ աղբյուրների տեղեկությունների, կարող ենք պնդել, որ այս ժամանակից սկսած` ոչ միայն Սահակ Պարթևը սկսում է առաջին անգամ կրել «կաթողիկոս» տիտղոսը, այլև հայրապետական պաշտոնի հաստատումը սկսում է կախված լինել միմիայն շահնշահի կամքից»((Ղարիբյան Ն., Պարթևական ավանդույթները Հայաստանում և կաթողիկոսական աթոռի խնդիրը IV դարում, «Կրոն և հասարակություն», 2010, N 10, էջ 70:)):
Կարգավիճակի նման փոփոխությունն անկասկած չէր կարող Հայաստանյայց եկեղեցու հայրերի սրտով լինել, սակայն դա, ըստ էության, հետևանքն էր իրենց իսկ վարած անհեռատես ու շահադիտական քաղաքականության: Նույն Սահակ Պարթևն իր պահվածքով եթե 428 թ. չնպաստեր Հայոց գահազրկությանը, ապա այժմ ոչ թե Պարսից թագավորի, այլ Հայոց թագավորի հետ գործ կունենար: Այս է պատճառը, որ հայերն ակամայից արդեն մաս կազմեցին պարսկական տերության ու քրիստոնյաների միջև խորացող հակամարտությանը((Ընդսմին, նրանք «շահեցին» նաև պայքարի երկրորդ ճակատը: Ինչպես Ա. Բոզոյանն է ներկայացնում, «Սասանյան Պարսկաստանի տարածքում, Եփեսոսի ժողովից հետո (431 թ.), պաշտոնապես ձևավորվում է երկու առանձին եկեղեցական կազմակերպություն. մեկն այսպես կոչված պարսից կամ նեստորական (քաղդեական) եկեղեցին էր, որի առաջնորդը նստում էր Տիզբոն մայրաքաղաքում, իսկ մյուսը` կովկասյան երեք ժողովուրդների հոգևոր կազմակերպությունն էր (նկատի ունի Հայաստանյայց եկեղեցին, բայց ստացվել է անընդունելի նորամուծություն, ընդգծ. մերն է.- Հ.Դ.), որը կենաց ու մահու կռիվ էր մղում սկզբում զրադաշտականության, իսկ հետագայում նեստորականության դեմ (ընդգծ. մերն է.- Հ.Դ.), չշեղվելով առաջին երեք Տիեզերական ժողովների վարդապետությունից» (Բոզոյան Ա., Նախաբան հետևյալ աշխատության` Վարդանյան Վ., Հայոց եկեղեցին վաղ միջնադարի քաղաքական խաչուղիներում, Էջմիածին, 2005, էջ 6):)): Պարսից կրոնի դեմ մի ամբողջ աշխատություն գրեց Եզնիկ Կողբացին((Տե´ս Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց (գրաբար, աշխարհաբար), Երևան, 1994:)): Դա արվեց պայքարը գաղափարապես զինելու նպատակով: Իրենց հերթին Պարսից թագավորներն արևմտյան ծագումով այդ կրոնն ամենևին հայկական երևույթ չէին համարում, և նրանց վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ ամենևին ազգային երանգ չուներ, այսինքն` քրիստոնեության դեմ պայքարը բնավ չէր նշանակում պայքար հայության դեմ: Մեծ Հայքը նորից Իրանական տերության մեջ ներգրավելը մի բան է, այլ է հայ ժողովրդին վերացնելու ցանկությունը:
Հայ պատմագրության մեջ տիրապետող տեսակետ, ավելի շուտ` մանրամասնորեն մշակված տեսություն է այն մոտեցումը, թե` հայ ժողովուրդը և Հայաստանյայց եկեղեցին անլուր տառապանքների էին ենթարկվում, այդ պատճառով էլ նրանք V դարում իրենց պատիվն ու իրավունքները պաշտպանելու համար երկու անգամ զինված ապստամբություն բարձրացրին պարսկական բռնակալության դեմ: Այսօրինակ ձևակերպումից բնականաբար ոչինչ հնարավոր չէ հասկանալ, թե ինչպիսի հարաբերությունների մեջ էին Սասանյան իշխանությունները և Հայաստանյայց եկեղեցին, և այդ անորոշությունը վերաբերում է մինչև Ավարայրն ընկած ժամանակահատվածին: Իսկ դա ուղիղ մեկուկես դար է նշանակում, որի ընթացքում, ինչպես գիտենք, եկեղեցին Հայաստանում հասցրել էր շատ բան անել: Առաջին հերթին ամրապնդել էր քրիստոնեությունը: Նկատի ունենք այն հանգամանքը, որ, չնայած ավանդաբար Գրիգոր Պարթևի անվան հետ է կապվում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը, բայց միայն Ներսես Մեծը քրիստոնեությունը վերջնականապես դարձրեց պետական կրոն, իսկ Մեսրոպ Մաշտոցը քրիստոնեությունը տարածեց մինչև հեռավոր գավառները: Եկեղեցու հզորացման համար հսկայական աշխատանք կատարեցին Վրթանես, ինչպես նաև Սահակ կաթողիկոսները: Ընդ որում, անհնար է ամբողջ IV դարում Հայաստանյայց եկեղեցու գործերին Պարսից արքունիքի կողմից որևէ միջամտություն մատնացույց անել, որովհետև մինչև 363 թ. այսպես կոչված Ամոթալի պայմանագիր Մեծ Հայքը դուրս էր պարսկական վերահսկողությունից, նշանակում է նաև եկեղեցին էր ամբողջովին ազատ, իսկ 387 թ. Մեծ Հայքի բաժանումից հետո Տիզբոնը պարզապես փորձում էր վերահսկել եկեղեցու գործողությունները, որն իհարկե հալածանք չի կարելի համարել: Նա ընդամենը կամենում էր չեզոքացնել Բյուզանդիայի հետ Հայաստանյայց եկեղեցու ունեցած հարաբերություններից բխող վտանգը և այդ հարցում միանգամայն իրավացի էր: Անտարակույս, այդ վտանգն իրական էր, և 428 թ. Վռամ Ե.-ն Հայոց Արտաշես վերջին թագավորի հետ միասին հենց նման կապերի համար գահազուրկ արեց նաև Սահակ Պարթև կաթողիկոսին: Դա առաջին և, անկասկած, լուրջ հարվածն էր եկեղեցուն, որը սակայն երբեք չի կարելի համարել քրիստոնյաների հալածանք Հայաստանում: Մինչ այդ, 406 թվականին, Հայոց գրերի գյուտն էր արվել, որի հիման վրա այնուհետև սկսեց զարգանալ հայ դպրությունը, ամենուրեք բացվեցին դպրոցներ: Վերջապես, չմոռանանք, որ ազգային գրի «անմիջական դրդապատճառը կապված է եղել զուտ հոգևոր խնդրի` քրիստոնեական քարոզի հետագա տարածման հետ»((Յուզբաշյան Կ., նշվ. աշխ., էջ 53:)): Իսկ մի՞թե հալածվող եկեղեցուն այդ ամենը կթույլատրվեր: Ուրեմն, առավել տրամաբանական է մտածելը, որ մինչև 450-ական թվականները Պարսից թագավորներն ընդամենը փորձում էին կանխել կամ գոնե սահմանափակել Մեծ Հայքում գործող եկեղեցու առնչակցությունները Բյուզանդական եկեղեցու և կայսրության հետ, քանզի դա լուրջ սպառնալիք էր Պարսկական պետության անվտանգությանը: Այսքանը: Այլապես, եթե համաձայնենք, որ հայերն իրենց կրոնական համոզմունքների համար հիշյալ դարերում անընդհատ հալածանքների էին ենթարկվում, ապա պետք է փորձենք պատասխանել նաև այն հարցին, թե` այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանյայց եկեղեցու սրբերի շարքում մինչև Ղևոնդյանները (Վարդանանց գաղափարախոսները) ոչ մի հայ նահատակի անուն չկա((Ուշագրավ է, որ Հայաստանյայց եկեղեցու սուրբ ճանաչված անձանցից 19 անուն Պարսից եկեղեցուց է վերցրած (տե´ս «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 944): Նրանցից ամենահայտնին հույների կողմից արտաքսված Սարգիս զորավարն է, որը նախ փորձել է ապաստան գտնել Հայքում, սակայն տեղի եկեղեցու հայրերը կայսեր երկյուղից նրան թելադրել են գնալ Պարսկաստան, որտեղ էլ քաջ զինվորականը իր որդու և զինակից ընկերների հետ նահատակվում է հանուն հավատի: Հայոց աշխարհի և հայության հետ կապ չունեցող այս և նման այլ օրինակների հիման վրա է Հայաստանյայց եկեղեցին ընդհանրացված խոսում պարսիկների կողմից քրիստոնյաների դեմ կազմակերպած հալածանքների մասին: Ինչ վերաբերում է առաջին Ատոմյաններին, որոնք զոհվեցին 449 թվականին, ապա դեռ պետք է պարզել` նրանք ընկան իբրև զինվորնե՞ր, թե՞ նահատակվեցին որպես քրիստոնյաներ:)): Այլ բան է, որ իսկապես հայ ժողովուրդն ակամայից ներքաշվեց այնպիսի մի հյուծիչ հակամարտության մեջ, որն ամենևին իրեն չէր վերաբերում, իր շահերից չէր բխում: Դա հայոց (ինչպեսև` պարթև) Արշակունի թագավորական տան և Հայաստանյայց եկեղեցու պայքարն էր ընդդեմ Սասանյանների, հավելյալ նաև իրար դեմ: Այս է հայոց V դարի լայնակի կտրվածքը: