Զեկույցը պատրաստել է «Համագործակցություն Հանուն Ժողովրդավարության» Կենտրոնը «Բաց հասարակության հիմանադրամներ–Հայաստան» կազմակերպության օժանդակությամբ:
Հապավումներ
ՀԱՍԵ – Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
ԵՎ – «Եհովայի Վկաներ» կրոնական կազմակերպություն
ԱԺ – Ազգային Ժողով
ՀՀ – Հայաստանի Հանրապետություն
ՀՀԿ – Հայաստանի հանրապետական կուսակցություն
ՄԻԵԿ – Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա
ՔՔԻՄԴ – Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի
ՄԻԵԴ – Մարդու իրավունքների եվրոպական դատարան
ԵԽ – Եվրոպայի Խորհուրդ
Բովանդակություն
1. Նախաբան
2. Մեթոդաբանություն
3. Իրավիճակի համառոտ նկարագրություն
4. Կրոնի և հավատամքի ազատության խտրականության գաղափարական հիմքերը
5. Ներպետական իրավական կարգավորումը
5.1 Սահմանադրություն
5.2 Օրենսդրություն
6. Կառավարության ծրագրեր և նախաձեռնություններ
7. Կրթական հաստատություններ
8. Զինված ուժեր և իրավապահ մարմիններ
9. Առաջարկություններ
Զեկույցում ներկայացվում է Հայաստանում կրոնի և հավատամքի ազատության իրավունքի հիմքով խտրականության իրավիճակը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, տեղական և միջազգային կազմակերպությունների զեկույցների հիմնական հարցադրումները և օրենսդրական դաշտում առկա խնդրահարույց հոդվածները:
Զեկույցի նպատակն է նպաստել օրենսդրության բարելավմանը, կառավարության կողմից վարվող քաղաքականության փոփոխությանը:
Զեկույցը կարող է օգտակար լինել այս թեման ուսումնասիրողների, փորձագետների, պետական պաշտոնյաների, կրոնական ազատությունների խնդիրներով զբաղված կազմակերպությունների համար:
Զեկույցի վերջում` ներկայացված խնդիրների ուսումնասիրման հիման վրա արված են առաջարկություններ, որոնք կարող են դրականորեն ազդել իրավիճակի փոփոխության վրա:
Զեկույցում ներկայացվում են տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցների և ուսումնասիրությունների այն հատվածները, որոնք վերաբերվում են մտքի, խղճի և կրոնի ազատությունների հիմքով խտրական վերաբերմունքի դեպքերը:
Վերլուծված է նաև ՀՀ օրենսդրությունը: Ներկայացվել են օրենքներիայն հոդվածները, որոնցում առկա անհստակությունները և երկիմաստությունները կարող են հանգեցնել խտրական վերաբերմունքի: Վերլուծության համար ուղղորդիչ հիմքեր են են հանդիսացել միջազգային չափանիշները, որոնց հիմնական բաղկացուցիչներից են միջազգային այն համաձայնագրերը, որոնց միացել է նաև Հայաստանը, ինչպես նաև, արված այդ կազմակերպությունների պաշտոնական հանձնարարականները Հայաստանին:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» Կենտրոնը երկար տարիներ զբաղվել է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի խնդիրներով` ուսումնասիրվել է օրենսդրությունը, կատարվել են հանրակրթական դպրոցներում կրոնին առընչվող առարկաների և ԶԼՄ-ներում կրոնական թեմաներով հոդվածների մշտադիտարկումներ: Պարբերաբար հանդիպումներ են եղել կրոնական կազմակերպությունների ղեկավարների և անդամների հետ, ինչը մեզ օգնել է ավելի լավ պատկերացնել նրանց խնդիրներն ու մտահոգությունները:
Զեկույցում ներկայացվում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, ինչի մասին պատկերացում է տալիս օրենսդրական փոփոխություններն ու նախագծերը, կառավարության որոշումները, տարբեր գերատեսչությունների կողմից վարվող քաղաքականությունը և պետական բարձր պաշտոնյաների հրապարակային ելույթներն ու հայտարարությունները:
Վերջում ներկայացված են առաջարկություններ, որոնք կարող են բարելավել իրավիճակը:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի կողմից տարիներ ի վեր անցկացվող պարբերական մշտադիտարկման արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ Հայաստանում առկա կրոնի կամ հավատամքի ազատության խախտման կամ սահմանափակման դեպքերը հիմնականում դրսևորվում են հետևյալ ոլորտներում.
Բազմաթիվ խնդիրների հետ մեկտեղ վերջին տարիներին նկատելի են նաև դրական զարգացումներ: Առաջընթաց կարելի է համարել 2013-ի մայիսի 2-ին Աժ կողմից ընդունված «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի փոփոխությունները` Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան: Զինվորական ծառայությունից հրաժարվելու համար նախկինում դատապարտված անձինք ազատ են արձակվել:
2013, 2014, 2015թթ. չի եղել որևէ դեպք, որ այլընտրանքային ծառայության համար դիմած Եհովայի վկայի որևէ դիմում մերժվի: Որևէ լուրջ խնդիրներ ծառայության ժամանակ չի արձանագրվել:
Դրական զարգացում է կարելի համարել նաև տարբեր կրոնական կազմակերպություններին եկեղեցիներ և պաշտամունքային վայրերի կառուցումը, որոնց բացմանը ներկա են գտնվել բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաներ`((Գյումրիում օծվեց Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին, www.azatutyun.am/)) այդ թվում նաև ՀՀ նախագահը, սակայն, կան դեպքեր, երբ տարբեր պատճառաբանություններով արգելում են կառուցել պաշտամունքային վայրեր: Օրինակ. Եվհովայի Վկաներ կազմակերպությանը, տարբեր պատճառաբանություններով արգելել են կառուցել պաշտամունքային վայրեր Երևան քաղաքում: 2015թ. դրությամբ կազմակերպությունը, անցնելով ներպետական դատական բոլոր ատյանները, այդ գործերով դիմել է ՄԻԵԴ:
Վերջին տարիներն ՀԱՍԵ և պետության սերտաճումը ստացել է համակարգային բնույթ: Օրինակ` 2015 հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ՝ ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովն ասել է, որ Հանրայինի գործառույթների մեջ պետք է մտնի նախ և առաջ քաղաքացիների հոգևոր դաստիարակությունը և առաջարկել է կրոնական հաղորդումներ հեռարձակել և ավելացրել է, որ «Սա կարևոր է աղանդների դեմ պայքարելու համատեքստում»((Շարմազանովը Հանրայինի օգնությամբ ուզում է «աղանդների» և «70-ամյա խավարի» դեմ պայքարել, epress.am)): Նման հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի աշխարհիկ երկիր լինելու սկզբունքը, մյուս կողմից հանրային դիսկուրսում «աղանդ» հասկացությունը((Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է «աղանդ» եզրույթին` համարելով, որ այն ցույց է տալիս, որ տվյալ կրոնական համայնքը չունի նույն իրավունքներն ու կարգվիճակը, ինչ մեկ այլ «հիմնական» կրոնական ուղղություն; www.echr.coe.int)) դարձել է լայնորեն գործածական և կիրառվում է բոլոր կրոնական կազմակերպությունների հանդեպ, բացի` ՀԱՍԵ-ուց, ինչն այս դեպքում արդեն արել է ԱԺ փոխխոսնակը:
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արթուր Բաղդասարյանին, ով իր հրապարակային ելույթներից մեկում կոչ էր արել պայքարել «քայքայիչ աղանդների» դեմ: Ինչպես նաև ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանին, ով նույնպես նման կոչերով էր հանդես եկել: Նամակում մեր կողմից ներկայացվել է պահանջ, պարզաբանելու, թե ի՞նչ են հասկանում «աղանդ» կամ «քայքայիչ աղանդ» արտահայտության տակ և խնդրել ենք ներկայացնել «աղանդների» ցուցակը: Սակայն, նման ցուցակ կամ այդ եզրը սահմանող կամ նկարագրող որևէ ձևակերպում պատասխան նամակներում չի եղել:
Մի կարևոր հանգամանք ևս. Հայաստանում խոսելով կրոնական ազատությունների մասին, նկատի է առնվում կրոնական փոքրամասնության անդամների իրավունքները, սակայն հաճախ չի դիտարկվում այն մարդկանց իրավունքները, որոնք որևէ կրոնական կազմակերպության հետևորդ չեն, օրինակ` ագնոստիկները, աթեիստները կամ Հայ Առաքելական եկեղեցու այն հետևորդները, ովքեր դեմ են, որ իրենց կամ իրենց երեխաներին պարտադրվեն կրոնական ծիսակատարությունների կատարումը:
Սույն զեկույցը կլիներ թերի, եթե մենք, թեկուզ շատ համառոտ, չանդրադառնանք Հայաստանում կրոնական անհանդուրժականության և հաճախ դրա հետևանքը հանդիսացող խտրականության գաղափարական հիմնավորումներին:
Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, իր պատմությունը, որոնց հիման վրա ձևավորվում են այս կամ երևույթի, անգամ սահմանադրորեն ընդունված իրավունքի մասին պատկերացումները:
Հայերեն լեզվում գոյություն ունի «ազգ» և «էթնոս» հասկացությունների շփոթ: Հայերը կորցնելով պետականությունը, հարյուրավոր տարիներ գտնվել են իսլամական տիրապետության տակ, հիմնականում Օսմանյան Թուրքիայում և Պարսկաստանում` կրոնական համայնքի կարգավիճակով: Իսլամի ավանդական պետաիրավական համակարգերում կրոնական համայնքները` միլեթները կամ ումմաները էթնիկ միավորների դեր էին կատարում, այսինքն էթնիկ և կրոնական ընկալումները նույնականացվում էին: Հայերը պաշտոնապես համարվում էին «հայ քրիստոնյաներ», այլ ոչ թե պարզապես հայեր:
Օսմանյան Թուրքիայում հայերը կրոնական պատկանելությունը փոխելու դեպքում ստիպված էին մի միլեթից անցում կատարել մեկ այլ միլեթի, ինչը համայնքի կողմից ընկալվում էր որպես «ազգային դավաճանություն»: Հայկական պատմական խրոնիկայում կան բազմաթիվ հաղորդումներ, երբ քաղքեդոնական հայերին ոչ քաղքեդոնական հայերը պարզապես անվանում էին հույներ կամ վրացիներ: Իսլամ ընդունած հայերը առհասարակ դադարում էին հայ լինելուց, իսկ կաթոլիկ և բողոքական հայերը չափազանց բարդ փոխհարաբերությունների մեջ էին գտնվում «հայ քրիստոնյաների» հետ:
Կարևոր հասկացություն է նաև «գոյապահպանությունը»: Դեռևս խորը միջնադարում Հայ Եկեղեցին «հայ քրիստոնյաների» հանրային կյանքի հիմնական իմաստը տեսնում էր «ազգի» գոյության պահպանան, կամ ավելի պարզ ասած` կենսաբանական վերարտադրության մեջ, որում զարգացման որևէ նպատակ դրված չէր:
«Ազգ» և «էթնոս» եզրերի դեռևս գոյություն ունեցող նույնականացումը այսօր իր բացասական ազդեցությունն է թողնում քաղաքացիական արժեքների ձևավորման վրա: Հայաստանյայց Առաքելական եկեղեցին այդ պատկերացումներն այսօրվա Հայաստանում փորձում է վերակենդանացնել, ինչը հակասության մեջ է հայտնվում գործող Սահմանադրության և իրավական համակարգի հետ: Եկեղեցու և պետության սերտաճման քաղաքականության պատճառով նախկին` միլեթական պատկերացումները փորձ է արվում վերականգնել, ինչն իր մեջ մյուս կրոնական խմբերի, ինչպես նաև` ագնոստիկների, աթեիստների և աշխարհիկ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ խտրականության ռիսկեր է պարունակում:
Նման քաղաքականության բնութագրական մի դրվագ է իրենից ներկայացնում 2015-ի Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովն հայտարարությունը, որ Հանրային հեռուստառադիոընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նախ և առաջ քաղաքացիների հոգևոր դաստիարակությունը և առաջարկել է կրոնական հաղորդումներ հեռարձակել: Հաղորդումներ նպատակը ԱԺ փոխնախագահը բացատրել է «աղանդների դեմ պայքարելու համատեքստում»: Այդ կապակցությամբ քսանից ավելի հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ((www.aravot.am)):
Նույն միտքը կրկնել է ԱԺ հանրապետական կուսակցության ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ինչից պետք է ենթադրել, որ դա իշխող կուսակցության քաղաքականությունն է. «Գաղտնիք չէ, որ ժողովրդավարության քողի տակ բավականին գումարներ են մուտք գործում հանրապետությունում և այդ գումարները օգտագործվում են, որպեսզի խոչընդոտեն մեր ազգային արժեքները, մեր ավանդույթները, մեր ընտանիքի ամրությունը, մեր եկեղեցին և այստեղ շատ մեծ գործ ունի անելու Հանրային հեռուստատեսությունը: Ըստ նրա «աղանդների» վրա բավականին գումարներ են դրվում, որպեսզի կարողանան պառակտել «մեր Սուրբ Առաքելական եկեղեցին»:
Է. Շարմազանովի նախաձեռնությունը հակասում է ՀՀ աշխարհիկ երկիր լինելու մասին այդ ժամանակ գործող Սահմանադրության Հոդված 8,1 այն պնդմանը, որ «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից»: ԱԺ փոխնախագահի առաջարկը կարելի կլիներ համարել անհարկի միջամտությունը հանրային հեռուստատեսության կրոնական բնույթի գործունեություն ծավալելու նպատակով, կամ էլ ուղղակի թյուրիմացություն, եթե Հայ Առաքելական եկեղեցու և պետության սերտաճման ՀՀ գործող իշխանությունների քաղաքականությունը այդքան ակնառու չլիներ` ՀՀ հանրակրթության ոլորտում, Զինված ուժերում և այլ ոլորտներում:
Էթնոսի և կրոնի նույնականացման քարոզը տեղ է գտել նաև հանրակրթական դպրոցների դասագրքերում((Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա, Հ.Հովհաննիսյան, Ա. Դավթյան, Ս. Մկրտչյան, www.v1.religions.am)): Նման տեսակետները տարածվում են ոչ միայն գիտական և գեղարվեստական գրականության միջոցով, այլև արդեն այնպիսի կարևոր բազաներում, ինչպիսին Վիքիպեդիան((Ազգային փոքրամասնությունները և կրոնական կազմակերպությունները Հայաստանում, wikipedia.org)) է:
Դպրոցերում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան քարոզում է էթնիկ և կրոնական պատկանելության նույնականացման գաղափարը:
Սահմանադրությունում հռչակված մարդու համընդհանուր իրավունքները և եկեղեցու հավակնությունները հանրային կյանքում հակասություններ են առաջացնում: Եկեղեցու կողմից քարոզվող «հայրենասիրությունը» հակադրության մեջ է մտնում մարդու իրավունքների և համամարդկային արժեքների հետ: Եկեղեցին, դեռևս չի արտահայտել իր վերաբերմունքը մարդու իրավունքների հարցերով, ինչպես նաև չի սահմանել իր սոցիալական հայեցակարգը, իսկ հանրությանը հուզող տարբեր խնդիրների (էկոլոգիա, ընտանիքի խնդիրներ, մարդու իրավունքներ, անարդարություններ և այլն) վերաբերյալ հստակ կերպով չի ձևակերպում իր դիրքորոշումները: Ավելին, հոգևորականների հանրային ելույթները ուղղված են Սահմանադրության մեջ հռչակված այդ իրավունքների դեմ, որոնք, ըստ նրանց, վտանգ են պարունակում երկրի և ավանդական արժեքների համար:
Այսօրվա Հայաստանի գործող իշխանության քաղաքականության մասին ամենացայտուն կերպով արտահայտվել է ՀՀ նախագահը: 2008թ. սեպտեմբերի 28-ին եկեղեցական մի արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը արել է հետևյալ հայտարարությունը. «Հարյուրամյակներ շարունակ չունենալով պետականություն, եկեղեցին առաջնորդել է մեր ժողովրդին մինչև 21-րդ դար: Հայոց պետականության յուրաքանչյուր պետական ծառայող պետք է իր պարտքը վերադարձնի եկեղեցուն, որպեսզի մեր եկեղեցին ավելի հզորանա և մեր հավատը մեզ առաջնորդի դեպի ավելի լավ ապագա»((Հայոց պետականության յուրաքանչյուր պետական ծառայող պետք է իր պարտքը վերադարձնի եկեղեցուն. Նախագահ, aaa.ar.newsarmenia.ru, Սեպտեմբեր 2008, ar.newsarmenia.ru/arm1/20080929/41957028.html)):
Նման մոտեցումները հիմք են հանդիսանում կրոնական կազմակերպությունների պիտակավարման համար: Բերենք մի շարք մեջբերումներ տեղական և միջազգային կազմակերպությունների զեկույցներից: Մարդու իրավունքների պաշտպանի 2014թ զեկույցում ասվում է. «Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականություն է նկատվում ԶԼՄ-ներում վերջիններիս հասցեին ժամանակ առ ժամանակ հնչեցված զրպարտող, չճշգրտված տեղեկատվության հրապարակմամբ: Մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հայտնած տեղեկությունների համաձայն՝ ԶԼՄ-ների տարածած անհանդուրժողականության ազդեցության արդյունքում քաղաքացիների կողմից կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության առանձին դեպքեր են գրանցվել((Օրինակ՝ անցորդները առանձին դեպքերում կոտրել են կրոնական կազմակերպության ցուցատախտակները կամ հարվածել դրա ներկայացուցիչներին:)): Նման դեպքերում անձինք դիմել են Ոստիկանություն, և հիմնականում Ոստիկանությունը պատշաճ արձագանքել է՝ երբեմն օրինախախտներին ենթարկելով վարչական պատասխանատվության: Բացի դրանից՝ որոշ հեռուստաալիքներ, ներկայացնելով առանձին կրոնական կազմակերպությունների, գործածել են «աղանդ» բառը 1217((ՄԻԵԴ-ը իր որոշումներում բազմիցս անդրադարձել է «աղանդ» եզրույթին` համարելով, որ այն ցույց է տալիս, որ տվյալ կրոնական համայնքը չունի նույն իրավունքներն ու կարգվիճակը, ինչ մեկ այլ «հիմնական» կրոնական ուղղություն; www.echr.coe.int)): Միաժամանակ, իրավապաշտպանները բարձրաձայնել են, որ առանձին դեպքերում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ առերևույթ ոչ հավաստի տեղեկությունների տարածումը չի ստացել պետության համապատասխան արձագանքը»((Մարդու իրավունքները Հայաստանում. 2014թ. զեկույց», Հայաստանի Հելսինկյան կոմիտե; armhels.com/wp-content; http://bit.ly/1LDTB81)):
«Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց 2014 Հայաստան (ԱՄՆ պետական դեպարտամենտ)((www.v1.religions.am))»-ում ասվում է. «Շատ լրատվամիջոցներ շարունակել են փոքրամասնական կրոնական խմբերին պիտակել որպես «աղանդներ» և հեռարձակել են քննարկումներ ու լրատվություն, որտեղ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հոգևորականները փոքրամասնական կրոնական խմբերը բնութագրել են որպես «պետության թշնամիներ»: Որոշ ԶԼՄ-ներ շարունակել են հրապարակել հոդվածներ, որտեղ փոքրամասնական կրոնական խմբերը բնութագրվում են որպես «հանցագործներ ու լրտեսներ»: Նման հրապարակումների գերակշիռ մասում չի նշվել որևէ կոնկրետ կրոնական խումբ: Կրոնական խմբերի գերակշիռ մասը սակայն նշել է, որ նախորդ տարիների համեմատ իրավիճակը բարելավվել է, և լրագրողներն ավելի ճշգրիտ ու օբյեկտիվ կերպով են լուսաբանում իրենց գործունեությունը»:
2015թ. հունիսի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն իր 29-րդ նստաշրջանի ընթացքում հաստատեց Հայաստանի վերաբերյալ «Համընդհանուր պարբերական դիտարկման խմբի» երկրորդ զեկույցը((ՄԱԿ-ի համընդհամուր պարբերական դիտարկման խմբի թիվ A/HRC/29/11 փաստաթուղթ։ Ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ կայքում. www.upr-info.org)): Զեկույցում սահմանվել են 189 հանձնարարականներ Հայաստանի Հանրապետության համար, որոնց թվում նաև հետևյալը.
• «Պայքարել փոքրամասնության խմբերի, և հատկապես ԼԳԲՏԻ անձանց, կրոնական փոքրամասնությունների, ՁԻԱՀ պացիենտների և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ատելության պրոպանդայի ու հրահրման դեմ՝ ընդունելով օրենքների ամբողջական փաթեթ և արդյունավետ մեխանիզմներ խտրականության դեմ պայքարելու համար՝ այդ թվում նաև հանրային կառավարման որորտում»: Սահմանվել են նաև հանձնարարականներ խտրականության արգելքի վերաբերյալ ամբողջական օրենսդրական կարգավորման, խտրականության արգելքի մասին առանձին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին((Տե´ս կետեր 120.48 – 120.51, 120.54-120.55։ Բոլոր նշված հանձնարարականները ստացել են իրենց աջակցությունը ՀՀ կառավարության կողմից։ 120.48. կետում սահմանված հանձնարարականի առնչությամբ թիվ A/HRC/29/11/Add.1 հավելվածում նշվում է, որ Արդարադատության նախարարությունը հետազոտել է ՀՀ օրենսդրության համապատասխանելիությունը միջազգային նորմերի հետ, ինչպես նաև քննարկել է խտրականության արգելքի վերաբերյալ առանձին օրենքի ընդունման նպատակահարմարության և անհրաժեշտության հարցերը։ Այդ առթիվ կազմակերպվել են հանրային քննարկումներ, որի արդյունքները ներկայացվել են կառավարություն։ Արդյունքում, նման օրենսդրության ընդունումը համարվել է նպատակահարմար։ ))։ Բոլոր նշված հանձնարարականները((Բացառությամբ սեռական փոքրամասնության վերաբերյալ առանձին օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ հանձնարարականը. Տե´ս A/HRC/29/11/Add.1 փաստաթղթի 120.82 կետի վերաբերյալ նշումը։)) ստացել են իրենց աջակցությունը ՀՀ կառավարության կողմից((Տե´ս Համընդհանուր պարբերական դիտարկման խմբի թիվ A/HRC/29/11/Add.1 փաստաթուղթը։))։
Գործող իշխանությունը «պարտքի վերադարձման» քաղաքականությունը հակասության մեջ է մտնում Սահմանադրության հետ:
2015թ հիմնական իրադարձությունը դեկտեմբերի 6-ին հանրաքվեի հետևանքով ընդունված սահմանադրական փոփոխություններն են, որոնք կրոնի, մտքի և խղճի ազատության հարցում մի շարք մտահոգություններ են առաջացնում:
Փոփոխություններում կան ձևակերպումներ, որոնք երկիմաստ են, իսկ եթե հաշվի առնենք գործող որոշ օրենքների հոդվածները և կառավարության կողմից 2011-ին պատրաստված Կրոնական կազմակերպությունների մասին օրենքի նախագծում եղած որոշ ձևակերպումներ (որն այժմ սառեցված է Վենետիկի հանձնաժողովի քննադատության պատճառով) և եկեղեցու ու պետության սերտաճան ակնհայտ փաստերը, ապա այդ նոր ձևակերպումները առավել մտահոգիչ են:
Այսպես, Նոր Սահմանադրության 17-րդ հոդվածում նշվում է, որ երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների ազատությունը, ինչպես նաև ասվում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Հաջորդող` 18-րդ հոդվածով ՀՀ-ը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը:
«Հոդված 17. Պետությունը եւ կրոնական կազմակերպությունները
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
2. Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
2. Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել հատուկ համաձայնագրով»:
Հոդված 17-ում, ի տարբերություն նախորդ Սահմանադրության, «Պետությունը անջատ է եկեղեցուց» դրույթը փոխարինված է «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից» դրույթով:
Հիմքեր կան ենթադրելու, որ փորձ է արվում օրենսդրորեն տարանջատել «կրոնական կազմակերպություն» իրավական կարգավիճակը` Հայ եկեղեցու իրավական կարգավիճակից և, կարծես թե, պատահական չէ, որ Սահմանադրության նախագծում Հայ եկեղեցուն առանձին հոդված է նվիրված (Հոդված 18), որտեղ խոսվում է Հայ Առաքելական եկեղեցու «բացառիկ» դերակատարության մասին: Այսինքն «կրոնական կազմակերպություն» և «Հայաստանյայց Առաքելական եկեղեցի» հասկացությունները փորձ է արվում տարանջատել, դրանք, փաստորեն, դառնում են տարբեր իրավական կատեգորիաներ:
Եթե կրոնական կազմակերպությունների մասին 2011թ. նախագծի համապատասխան կետը (որտեղ տարանջատում է մտցված Հայ եկեղեցու և մյուս կրոնական կազմակերպությունների միջև) օրենքի ապագա նախագծում պահպանվի, ապա Հայաստանի ոչ աշխարհիկ դռնալու մասին վարկածն ավելի է հիմնավորվում և կրոնական կազմակերպությունների պետությունից անջատ լինելը չի վերաբերելու Հայ Առաքելական եկեղեցուն: Նման վարկածն ավելի է ամրանում, եթե մենք ուսումնասիրենք գործող մի շարք օրենքները և կրոնական ոլորտում Հայաստանի կառավարության կողմից վարվող քաղաքականությունը, որոնք մենք կներկայացնենք այս զեկույցի հաջորդ գլուխներում:
Սահմանադրության մեջ կա ևս մեկ խնդրահարույց պահ: «Կրոնի, մտքի և խղճի ազատությանը» նվիրված Հոդված 41-ը, որտեղ ասվում է, որ այդ ազատությունը կարող են սահմանափակվել պետական անվտանգության նպատակառումներով, ինչը հակասում է ՄԻԵԴ-ի վճիռներին (CASE OF NOLAN AND K. v. RUSSIA (Application no. 2512/04) http://www.hudoc.echr.coe.int/eng?i=001-91302#{“itemid”:[“001-91302”]} “However, unlike the second paragraphs of Articles 8, 10, and 11, paragraph 2 of Article 9 of the Convention does not allow restrictions on the ground of national security”) «Ի տարբերություն Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածների երկրորդ պարբերությունների, հոդվածի 9-ի երկրորդ պարագրաֆում Կոնվենցիայն թույլ չի տալիս, սահմանափակումներ մտցնել ազգային անվտանգության հիմնավորմամբ»:
Այս առումով պետք է նաև նկատի ունենալ այն, որ Հայ եկեղեցու սպասավորները հաճախ են հանդես գալիս մյուս կրոնական կազմակերպությունների իրավունքները սահմանափակելու հրապարակային կոչերով` մեկնաբանելով դրանք իբրև «ազգային» և «հոգևոր» անվտանգությամբ:
Ենթադրելով, որ ՀԱՍԵ` որպես կրոնական կազմակերպության անվտանգությունը և անկաշկանդ գործելու պետական աջակցությունը դիտվում է որպես ազգային անվտանգույթուն, կարելի է կանխատեսել, ազգային անվտանգության նկատառումներով կրոնական կազմակերպության գործունեության սահմանափակումների, խտրականության դեպքերի զարգացման միտումներ:
5.2. Օրենսդրություն
«Համագործակցության հանուն ժողովրդավարության» կենտրոնի կողմից պատրաստված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենսդրության վերլուծությունը կարելի է գտնել հետևյալ հղումով((Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում, Ստեփան Դանիելյան, Վլադիմիր Վարդանյան, Արթուր Ավթանդիլյան , Երևան 2011թ, www.osce.org)): Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ արդարադության նախարարության կողմից պատրաստված նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները կարելի է գտնել նույն կազմակերպության կողմից պատրաստված «Նկատառումներ և առաջարկություններ խղճի ազատության մասին նոր օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին((«Նկատառումներ եվ առաջարկություններ խղճի ազատության մասին նոր օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին», www.v1.religions.am))» փաստաթղթում:
Կարևոր ենք համարում նշել մի շարք օրենքներ, որոնք ոչ միայն խտրականության ռիսկեր են պարունակում, այլ, ըստ մեր տեղությունների((Մեր կազմակերպությունը ուսումնասիրել է դեպքեր, որ զինված ուժերից կամ այլ ծառայություններից մարդիկ հեռացվել են աշխատանքից կրոնական կազմակերպության անդամ լինելու համար: Սակայն այդ անձինք, որոնք հետ մենք հանդիպումներ ենք ունեցել, խուսափում են դիմել դատարան: Կա դեպք, որ դիմել են Մարդու իրավունքների գրասենյակ, որև և զբաղվում է այդ գործով:)), նաև պրակտիկայում դառնում են խտրական վերաբերմունքի համար օրինական հիմքեր: Դրանք են.
Զինվորական ծառայության մասին օրենք, Ընդհանուր Դրույթներ, Հոդված 1, Կետ 3, 3),
Ոստիկանության ծառայության մասին ՀՀ օրենքը, Հոդված 39, Կետ 7
ՀՀ օրենք ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին Գլուխ 7 Կետ 8
ՀՀ օրենքը Հայաստանի փրկարար ծառայության մասին, Գլուխ 7, Հոդված 39 Կետ է
ՀՀ օրենքը քրեակատարողական ծառայության մաuին, Գլուխ 9, Հոդված 32, Կետ 7
ՀՀ օրենքը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին, Գլուխ 3, Հոդված 9, Կետ 1 և Հոդված 30, Կետ 7:
Ըստ այդ օրենքների այդ կազմակերպություններում ծառայության անցնելու համար գործում է կրոնական կազմակերպության անդամ լինելու սահմանափակումներ, ինչը ոչ իրավաչափ պահանջ է:
որոնք ազատազրկված են` բանակում ծառայությունից հրաժարվելո
2012թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով հաստատվեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը((ՀՀ նախագահի կարգադրություն, ՆԿ ՆԿ-159-Ն, ուժի մեջ է մտել 17.11.2012։)), որը նախագահի հաստատմանն էր ներկայացվել Ազգային անվտանգության խորհրդի կողմից։ Փաստաթղթով սահմանվեցին մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարական մի շարք ուղղություններ, որի «4.3. կետում» շարադրված «Մտքի, խղճի, կրոնի և դավանանքի ազատության իրավունքի երաշխավորում» ենթակետը.
«4.3 Մտքի, խղճի, կրոնի և դավանանքի ազատության իրավունքի երաշխավորումը, որը ներառում է`
• ատելության, անհանդուրժողականության և անհանդուրժողականությունից դրդված ահաբեկման և հարկադրանքի ակտերի դեմ պայքարելու նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը,
• կրոնի կամ հավատքի ազատության հարցերի մասին ըմբռնման ապահովումն ու դրանց հանդեպ հանդուրժողականության խորացումն ու խրախուսումը,
• կրոնի կամ հավատքի հիմքերով խտրականության դրսևորումները կանխելու նպատակով անհրաժեշտ իրավական և վարչական միջոցների ձեռնարկումն ու կրոնի և հավատքի ազատության իրավունքի խախտման դեպքերում զոհերի պաշտպանությանն ուղղված արդյունավետ իրավական լուծումների ապահովումը,
• կրոնի և հավատքի վերաբերյալ դպրոցական ուսուցման ծրագրերիվերանայումը դպրոցներում` “Կրոնների և հավատքների դպրոցական ուսուցման Տոլեդոյի ուղղորդող սկզբունքներին” համապատասխան,
• «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացումը` միջազգային ստանդարտներին և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և Եվրոպայի խորհրդի առաջարկներին համապատասխանեցնելու նպատակով,
• «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացումը` միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու և Վենետիկի հանձնաժողովի համատեղ կարծիքը հաշվի առնելու նպատակով»:
2014թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարությունը ընդունեց վերը նշված ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրում((www.justice.am)) «Մտքի, խղճի, կրոնի եվ դավանանքի ազատության իրավունք, խտրականության դեմ պայքար»-ի համար առաջարկվել են հետևյալ միջոցառումները.
2015-ի օգոստոսին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը հարցումներ է ուղարկել Կրթության նախարարությանը, Արդարադատության նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին, որտեղ խնդրել է տեղեկացնեն, թե Մարդու Իրավունքների ռազմավարության ճանապարհային քարտեզի կատարման վերաբերյալ և նշել, թե արդյո՞ք հրատարակվել և բաժանվել է ուսուցիչներին Տոլեդոյի սկզբունքները (2015 թ. Առաջին եռամսյակ), արդյո՞ք ՀՀ կառավարությանը ներկայացվել է համապատասխան իրավական ակտի նախագիծը` դպրոցներում ուսուցիչների հավատաքննության դեպքերը և աշխատանքի ընդունումը կամ հեռացումը՝ ըստ կրոնական պատկանելության բացառելու համար (ըստ միջոցառումներ պլանի կատարող` ԿԳՆ նախարարություն): Արդարադատության նախարարությունից ստացված պատասխանում գրված է, որ նման ծանուցում ԿԳՆ-ից չեն ստացել, Ազգային անվտանգության խորհրդի պատասխանում տեղեկացվում է, որ այդ հարցով պետք է դիմել ԿԳՆ նախարարությանը, չնայած նրան, որ ըստ Ռազմավարության պահանջի միջոցառումների պլանի կատարմանը հետևում են այդ երկու կառույցները: ԿԳՆ-ից ստացված պատասխանում տրված հարցերին որևէ հստակ պատասխան չի տրվել: Ըստ կազմակերպության ունեցած տվյալների, նման միջոցառումներ ԿԳՆ-ն չի կատարել:
Հանրակրթության մասին օրենքի «Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականությունը» գլխի 3-րդ կետում ասվում է, որ «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության ժողովրդավարական և աշխարհիկ բնույթը», սակայն նույն գլխի 8-րդ կետում այդ պահանջի շրջանցման համար հիմքեր են ստեղծել. «Կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով առկա են հանրակրթական ոլորտ եկեղեցու մուտք գործելու մասին հադվածներ, սակայն օրենքը չի թույլատրում եկեղեցու անմիջական մուտքը դպրոցներ, այլ սահմանում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի կազմման աշխատանքներին մասնակցություն, ինչպես նաև, այդ առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրատման աշխատանքերին մասնակցություն: Ուղղակի մուտքը հակասում է հանրակրթության մասին օրենքում ամրագրված դպրոցների աշխարհիկ բնույթի մասին թեզին, ինչպես նաև Խղճի ազատության մասին օրենքի այն պնդմանը, որ կրոնական կազմակերպությունները չեն կարող կատարել պետական գործառույթներ: Սակայն մենք չենք բացառում, որ հետագայում կընդունվեն օրենքներ, ըստ որոնց եկեղեցին արդեն կկարողանա օրինական հիմունքներով մուտք գործել հանրակրթություն:
2015-ին ԿԳ նախարարի հրամանով, Մայր Աթոռի հետ փոխհամաձայնության արդյունքում, Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը հանձնվել է եկեղեցու ենթակայությանը((www.v1.religions.am)):
Հանրակրթական դպրոցներում դասավանդման ընթացքում, ըստ ուսումնասիրությունների, բազմաթիվ են խտրականության դեպքերը((Կրոնական կրթության խնդիրները Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում – Հունիս, 2012 (համառոտագիր), Ստեփան Դանիելյան, Արա Ղազարյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արթուր Ավթանդիլյան, Երևան 2012թ, Համագործակցություն հանուն ժողովրդավարության, www.v1.religions.am)): 2002 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցների 5-10 դասարաններում դասավանդվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որը պարտադիր է բոլորի համար: Եկեղեցու մուտքը դպրոց լեգիտիմացվեց 2007-ին ընդունված «ՀՀ օրենքը ՀՀ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով, որի համաձայն եկեղեցին իրավունք ունի. «մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները»((Law – Relationship Betw. The Republic of Armenia and the Holy Apostolic Armenian Church, www.armenien.am, May 2007, www.armenien.am)):
Դասագրքերի միջոցով աշակերտներին ներշնչվում է հայ եկեղեցու և հայ ազգի նույնականացման թեզը. «Քայլենք մեր նվիրական իղձերի իրականացման վճռականությամբ` որպես մեկ եկեղեցի, մեկ պետություն և ազգ»((Ա.Ա.Ղուկասյան, Ռ.Հ.Գասպարյան, Վ.Ռ.Պարսամյան, Ա.Վ.Գյուլբուդաղյան, Վ.Ա.Ղանդիլյան, Հայոց եկեղեցու պատմություն 8-րդ դասարան, 2004թ., Երևան, Կրթության ազգային ինստիտուտ, էջ 121)): «Հայոց եկեղեցին, փաստորեն, դավանանքը դերձրեց ազգային հոգևոր նկարագրի կարևորագույն հատկանիշներից մեկը»((Է.Ղազարյան, Վ.Ղանդիլյան և ուրիշներ, Հայոց եկեղեցու պատմություն 10-րդ դասարան, 2005թ., Երևան, Կրթության ազգային ինստիտուտ ,էջ 30)):
Հանրակրթական դպրոցներում կրոնական բնույթի առարկաների դասավանդումը առաջ է բերել մի շարք հակասական խնդիրներ: Այս հարցում հանրության տեսակետը կիսված է: Մի հատվածը կարևոր է համարում ազգային կրոնական ավանդույթների և մշակութային ձեռքբերումների հետ աշակերտներին հաղորդ դարձնելը, որը սակայն, ոչ բավարար պրոֆեսիոնալ մակարդակով մշակված ծրագրերի ու դասագրքերի ներմուծմամբ, առաջ է բերում երեխաների և ծնողների խղճի ազատության և կրոնական դավանանքի ազատության ոլոտի բարոյական և իրավական խնդիրներ:Հանրակրթական դպրոցներում այդ առարկայի դասավանդման ժամանակ բացահայտված հիմնական թերություններ են.
• Հայաստանյայց առաքելական եկեղեցուց զատ այլ կրոնական կազմակերպությունների դեմ քարոզչությունը և թշնամանքի սերմանումը,
• այլընտրանքային ուսուցման բացակայությունը,
• դասերի ժամանակ կրոնական ծիսակատարությունների էլեմենտների կատարումը,
• ազգային և կրոնական պատկանելության նույնականացումը((Կրոնական կրթության խնդիրները Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում – Հունիս, 2012 (համառոտագիր), Ստեփան Դանիելյան, Արա Ղազարյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արթուր Ավթանդիլյան, Երևան 2012թ, Համագործակցություն հանուն ժողովրդավարության, www.v1.religions.am)):
«Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) երեխայի իրավունքների հանձնաժողովի՝ ՀՀ երրորդ և չորրորդ համատեղ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում ներառված է առաջարկություն՝ «վերանայել դպրոցների ուսումնական ծրագիրը՝ դրանում արտացոլելով բոլոր երեխաների կրոնի ազատությունը և վերացնելով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը» [ոչ պաշտոնական թարգմանություն]: Հանձնաժողովի ամփոփիչ դիտարկումները հաստատվել են 2013 թվականի հունիսի 14-ին գումարված՝ 1815-րդ նիստում և սույն դրույթը վերաբերում է այն մտահոգիչ հանգամանքին, որ երկրում առավել տարածված կրոնի ուսուցումը պարտադիր առարկա է դպրոցների ուսումնական ծրագրերում»((Concluding observations on the combined third and fourth periodic reports of Armenia, adopted by the Committee at its sixty-third session (27 May – 14 June 2013), www.ohchr.org)): Սակայն, մինչև օրս, այդ ուղղությամբ կառավարությունն ոչ մի քայլ չի կատարել: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այս առիթով նշել է, որ «Հայաստանում կրթության բովանդակությունը որոշում է Հայաստանի կառավարությունը, իսկ ՄԱԿ-ի զեկույցում հանձնարարականները պարտադիր բնույթ չունեն»: Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» պարտադիր առարկան դասավանդվում է արդեն 12 տարի: Ավելին, մոտ 60 դպրոցների 2-4 դասարաններում ներդրված է փորձնական «Քրիստոնական կրթություն» առարկան, որն, ըստ կրթության նախարարի, հետագայում պետք է դառնա պարտադիր:
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույց 2014 Զեկույցում((safesoldiers.am/wp-content)) ասվում է, որ թեև Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է խտրականությունը , այնուհանդերձ, իրավական հստակ մեխանիզմների բացակայության պատճառով բնակչության առավել խոցելի խմբերի ներկայացուցիչները, օրինակ՝ ազգային, կրոնական փոքրամասնությունները, հաշմանդամություն ունեցող անձինք, խտրական վերաբերմունքի դեպքում զրկված են արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներից:
Զեկույցում ասվում է, որ կրոնական հողի վրա խտրականության դրսևորումներ են հանդիպում հանրակրթական դպրոցներում. «Կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների հետ իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացի ժամանակ ուսուցիչների կողմից երբեմն պարտադրվում են ծիսական գործողություններ, օրինակ՝ աղոթք անել կամ խաչակնքվել , ինչը հակասում է որոշ անձանց կրոնական համոզմունքներին:
«Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց 2014 Հայաստան» (ԱՄՆ պետական դեպարտամենտ)((www.v1.religions.am)) զեկույցում նույնպես կա անդրադարձ հանրակրթության ոլորտուկ առկա խնդիրներին: Զեկույցում ասվում է, որ Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված մի զեկույցում հանրակրթական դպրոցներն առանձնացվում էին որպես կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրական վերաբերմունքի ու կարծրատիպերի ձևավորման օջախ: Ուսումնասիրության մեջ բազմաթիվ հղումներ կային կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչ երեխաների նկատմամբ ուսուցիչների ու տնօրենների կողմից խտրականության դրսևորման հաղորդումներին, որոնցում նշվում էր, որ նրանք մատնացույց էին անում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաներին՝ դրանով իսկ ստեղծելով խնդիրներ այդ աշակերտների համար իրենց հասակակիցների հետ: Հայոց եկեղեցու պատմության հետ կապված առարկությունների մեծ մասն ըստ հաղորդումների եղել են Հայաստանյաց առաքելական եկեղեցու հետ կապ ունեցող, բայց ոչ հավատացյալ ընտանիքների աշակերտների ու ծնողների կողմից: Փոքրամասնական քրիստոնեական կրոնական խմբերի երեխաներն ըստ հաղորդումների այդ առարկայի դասերին հաճախելու վերաբերյալ առարկություններ չեն ունեցել, քանի դեռ հարգվել են իրենց իրավունքները:
Զեկույցում նաև ասվում է,որ «Բաց հասարակության հիմնադրամ – Հայաստանի» աջակցությամբ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասագրքերի բովանդակության ուսումնասիրման ընթացքում հեղինակներն անանուն հարցում էին անցկացրել 5-8-րդ դասարանների 254 աշակերտների շրջանում 6 տարբեր դպրոցներում՝ գնահատելու նրանց վերաբերմունքը Հայաստանյաց Առաքելական եկեղեցու և մյուս կրոնական կազմակերպությունների վերաբերյալ: Հարցման արդյունքներով Հայաստանյաց Առաքելական եկեղեցուց զատ մնացած կազմակերպությունների վերաբերյալ հարցվողները խիստ բացասական վերաբերմունք են արտահայտել, երբեմն անգամ կողմնակից են եղել կրոնական կազմակերպությունների հանդեպ բռնություններին՝ դրանց համարելով ժողովրդի միասնականության սպառնալիք:
2011-ից որոշ հանրակրթական դպրոցներում որպես փորձարարական առարկա դասավանդվում է «Քրիստոնեական կրթություն» առարկան: «Նախընթաց տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի մասնագետների և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի լավագույն ուսուցիչների անդամակցությամբ ձևավորվել էր մասնագիտական աշխատանքային խումբ, որը մշակել էր 2-4-րդ դասարանների համար քրիստոնեական կրթության ուսումնական փորձնական ծրագիր և հրատարակության պատրաստել դասագրքեր` հաշվի առնելով ՀՀ հանրակրթական դպրոցում տարրական քառամյա ուսուցման պահանջներն ու առանձնահատկությունները:
Ըստ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային առնչվող խնդիրները լուծելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին հրամանով ստեղծվել էր հանձնախումբ, որի երաշխավորությամբ հանրապետության մի շարք դպրոցների 2-4-րդ դասարաններում մեկ տարի փորձաշրջանով ուսումնասիրվելու է «Քրիստոնեական կրթություն» առարկան:
Կրթության նախարար Արմեն Աշոտյանն այսպես է տեսնում եկեղեցու դերը դպրոցներում. «Դպրոցը նաև դաստիարակության վայր է, դպրոցը հայի ինքնության պահպանման վերարտադրման, հայոց պետության քաղաքացի կերտելու վայր է: Եվ այստեղ ո՞ւմ ապավինել, եթե ոչ Մայր Աթոռի, մեր սուրբ եկեղեցու աջակցությանը: Եկեղեցու հետ համագործակցությունը թույլ է տալիս մեզ, մեր երեխաներին ներմուծել բարոյականություն, բարոյագիտություն և արժեքներ, թույլ է տալիս մեր աշակերտներին կոփել որպես հայեր և թույլ է տալիս առաջին անգամ իրենց համար թակել հոգևոր իմաստության դռները»((Մայր Աթոռ, Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային, Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, Մայիս 2012, www.hhpress.am)):
2014-ի մարտի 3-ին Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի որոշումով պատվավոր դոկտորների կոչում է շնորհվել հայ եկեղեցու երեք եպիսկոպոսների: Ակադեմիայի նախագահն այսպես է բացատրել այդ որոշումը. «Սա առաջին դեպքը չէ. ակադեմիան մշտապես ուշադրություն է դարձնում հոգևորականների հայագիտական եւ պատմական գործունեությանը», ինչպես նաև, «հայ ժողովուրդը դարեր շարունակ պետականություն չի ունեցել եւ ապավինել է եկեղեցուն, որտեղ կրթվել է հայոց հոգին և միտքը»((Օվ.Մանդաթյան, Պատվավոր դոկտորի կոչում՝ երեք բարձրաստիճան հոգեւորականների, Առավոտ, Հուլիս 2014, www.aravot.am)): Հայտնի են դեպքեր. երբ գիտական թեզերը գրախոսության համար ուղարկվում են Եկեղեցու «Քրիստոնեական դաստիարակության» կենտրոնին((Sara Khojoyan, A Scientific Research Failed For Religious Motives: The Church Intervenes into Science, February 2014, kron.armhels.com)):
Այդ միտումներն ավելի ակնհայտ են դառնում 2010թ. փետրվարին ընդունված Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից ընդունած չափորոշիչներից, որոնցով պետք է առաջնորդվեն Հայաստանի տարածքում գրանցված ռադիո և հեռուստատեսային ընկերությունները: Փաստաթղթում մասնավորապես սահմանվում է, որ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող են համարվում այն հաղորդումները, որոնք «նսեմացնում և վարկաբեկում են ազգային եկեղեցուն և նրա կողմից քարոզվող արժեքները»((Նմանակեք, բայց դատապարտեք, Առավոտ օրաթերթ, Փետրվար 2010, www.aravot.am)): Նման հաղորդումներն ըստ այդ փաստաթղթի արգելվում են: Նորից նշենք, որ ոչ մի իրավական փաստաթղթում չի սահմանվում, թե ի՞նչ է նշանակում «ազգային եկեղեցի» հասկացությունը: Մյուս կրոնական կազմակերպությունների նսեմացման արգելքի կետ այդ փաստաթղթում չկա:
Հայ եկեղեցին ձգտում է իր ազդեցությունը տարածել այն ոլորտներում, որտեղ ձևավորվում է հանրային կարծիքը` դպրոցներ, գիտություն, լրատվամիջոցներ: Սակայն չի զլանում ազդեցություն ձեռք բերել նաև ուժային կառույցներում:
Քրիստոնյա լինելու, մասնավորապես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելը որպես հայ ինքնության անբաժան բաղադրիչի վերաբերյալ պատկերացումը ամրապնդվում է ոչ միայն քննարկվող առարկայի տարբեր տարիների դասագրքերում, այլև հանրակրթական այլ առարկաների դասագրքերում` «Այբբենարան», «Մայրենի», «Ես և շրջակա աշխարհը», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն», «Հայ գրականություն»: Տարրական դասարանների դասագրքերում նկատում ենք քրիստոնեությունը` որպես հայ ինքնության ցուցիչ պատկերացման խոսքային և տեսողական տարբեր արտահայտություններ:
2014-ին «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկած գիտագործնական կոնֆերանսի ժամանակ» պաշտպանության նախարարն ասել է. «Աղանդները բացասաբար կարող են ազդել զինուժի վրա։ Չեմ ուզում մտածել այդ մասին, բայց սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել մարտական դիրքում, եթե այնտեղ կանգնած զինվորի հավատամքն այլ լինի»((Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե մարտական դիրքում կանգնած զինվորի հավատամքն այլ լինի. Սեյրան Օհանյան, MediaMall, Ապրիլ 2014, topnews.mediamall.am)): Պաշտպանության նախարարությունը «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերի դեմ» ծրագրի շրջանակում մշակել է ճանապարհային քարտեզ, ըստ որի սպաները և հոգևորականները դպրոցներում միասին պայքարելու են «քայքայիչ աղանդների» դեմ և նունիսկ դպրոցականներին բաժանելու են ավետարաններ: Պետք է նշել, որ «քայքայիչ աղանդներ» կամ ուղղակի «աղանդ» արտահայտությունը պետական պաշտոնյաները հաճախ են օգտագործում, սակայն որևէ իրավական փաստաթուղթ Հայաստանում գոյություն չունի, որտեղ տրված լինեն այդ եզրերի սահմանումները: Ըստ էության այդ տերմինի տակ հասկացվում են Հայաստանում գործող և գրանցված կազմակերպությունները, որոնց անուղղակի նկատի ունեն այդ հասկացությունը օգտագործողները, որի միջոցով փորձում են խույս տալ հնարավոր մեղադրանքից որևէ կոնկրետ կազմակերպության կողմից դրա համար պատասխանատվություն կանչելու դեպքում:
ՊՆ նախարի ելույթից մեջբերումը դիպուկ կերպով ցուցադրում է նախարարության կողմից վարվող կրոնական կազմակերպությունների հանդեպ վարվող խտրական մոտեցումները:
Դրա ցուցադրում է նաև ՊՆ նախարարության կողմից հաստատված ««Փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի» ուղղությամբ 2014թ նախատեսվող միջոցառումների պլան»((
«Փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի» ուղղությամբ 2014թ նախատեսվող միջոցառումների պլան, www.v1.religions.am))-ը.
«Հանրակրթական դպրոցներում և զորամասերում կրոնական քայքայիչ շարժումների բացահայտ անդամների և ենթամշակույթային ներկայացուցիչների հետ անհատական աշխատանքների իրականացում: Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների կողմից համապատասխան օգնության ցուցաբերում դպրոցների և զորամասերի ղեկավարությանը` նշյալ խմբերի հետ արդյունավետ աշխատանքների իրականացման համար», ո՞վ է ներգրավվում – ՀՀ ՊՆ, ԿԳՆ:
Զինվորական ծառայություն անցնելու մասին ՀՀ օրենքում կա մի ուշագրավ հատված, որը առկա է նաև ոստիանության մասին օրենքում: Օրենքում ասվում է.
Հոդված 1. Զինվորական ծառայության բովանդակությունը, կետ 3
«Զինծառայողն իրավունք չունի …3) անդամակցել որեւէ քաղաքական կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության.»
«6) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների եւ դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության»,
«9) … Զինծառայողները չեն կարող կազմակերպել քաղաքական կուսակցություններ եւ կրոնական միավորումներ:»
Նմանատիպ պահանջ կա Ոստիկանական ծառայության մասին օրենքում.
Հոդված 39. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները.
«…7) լինել որեւէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների եւ նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ»:
Դատախազության մասին ՀՀ օրենքի Հոդված 43-ի կետ 5-ում ասվում է.
«…2) իր պաշտոնեական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու»:
Եթե վերը նշված օրենսդրական արգելքները վերաբերեին բոլոր կրոնական կազմակերպություններին, ապա կարելի կլիներ համարել, որ դա պետության քաղաքականությունն է, չկենտրոնանալով այն հանգամանքների վրա, որ նախ անհասկանալի է, թե ինչ է նշանակում կրոնական կազմակերպության «անդամ» լինելը: Հայտնի է, որ կրոնական կազմակերպության հետևորդ են լինում, իսկ անդամությունը բնորոշ է կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին և այլն: Կրոնական կազմակերպության հետևորդ լինելը որևէ ֆորմալ անդամագրվածություն չի ենթադրում, իսկ համոզմունքը բացարձակ իրավունք է և չի կարող որևէ կերպ սահմանափակվել, առավել ևս արգելվել: Այս առումով զինված ուժերում և ոստիականությունում կրոնական կազմակերպության «անդամ» լինելը անհամաչափ է և պետք է օրենքներում փոփոխություններ կատարվեն:
Քննարկենք մեկ այլ հանգամանք: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Վարդանյանը, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը և այդ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակային կերպոց ցուցադրում են իրենց ՀԱՍԵ հետևորդ լինելը, կազմակերպում և մասնակցում են կրոնական միջոցառումների և ծիսակատարությունների: Ավելին, Զինված ուժերում 2007-ից գործում է կապելանների ինստիտուտը, ինչպես նաև զինվորականներին խմբակային կնքում են, նրանց մասնակցությամբ` սպաների ուղեկցությամբ կրոնական ծիսակատարություններ են կատարվում: Ինչն վերընշված օրենքների հրապարակային խախտում է նշանակում:
Սակայն, կարծես թե այլ իրավական գործընթաց է տեղի ունենում, եթե մենք այս տեսանկյունով փորձենք դիտարկել Արդարադատության նախարարության կողմից պատրաստված վերջին` 2011թ նոր օրենքի նախագիծը, որտեղ ներմուծվում է «կրոնական միավորում» և «կրոնական կազմակերպություն» հասկացությունները և Հոդված 3-ի 4-րդ կետում տարանջատվում են ՀԱՍԵ-ն և մյուս կրոնական կազմակերպությունները`
«4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.
1) Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին իր ավանդական կազմակերպություններով.
2) կրոնական այլ կազմակերպություններ»:
Այստեղից հնարավոր է եզրակացություն անել, որ փորձ է արվում ՀԱՍԵ-ն տարանջատել այլ կրոնական կազմակերպություններից և վերը թվարկված արգելքները տարածել «այլ կրոնական կազմակերպություններ վրա»: Նման ենթադրությունը կարծես թե ուրվագծվում է, եթե փորձենք հասկանալ Դատախազության մասին օրենք հայտնված անհասկանալի «այլ» բառը». «այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն»: Անհասկանալի է, թե ինչի հանդեպ «այլ քաղաքական և կրոնական» կազմակերպություներ նկատի ունեն: Եթե այդ ենթադրությունը հիմք ունի, ապա մենք կարող ենք խոսել ակնհայտ կրոնական հայացքներով պայմանավորված մասնագիտական արգելքի երևույթի մասին:
2014-ի հունիսին ՀՀ Ոստիկանության Երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետը հայտարարել է, որ աղանդների դեմ պայքարի շրջանակում ոստիկանները Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ համատեղ դաստիարակչական աշխատանքներ են տարել դպրոցներում «աղանդավոր» երեխաների հետ, այդ թվում «այդ պայքարին» ներգրավել նրանց ընկերներին((«Շատ կարևոր է մեր եկեղեցու ներկայացուցիչների մուտքը դպրոց», Religions.am, Հունիս 2014, www.v1.religions.am)):
Մասնավորապես տիկին Դուրյանը ասել է.
«Ունենում ենք որոշակի քանակի դեպքերի ահազանգեր, երբ երեխաները ներգրավվում են աղանդների մեջ և հիմնականում ներգրավողները ծնողներն են: Երեխաների մոտ մեզ անհանգստացնում է հոգեվիճակը, իհարկե, երեխները չեն կորղանում իրենք կողմնորոշվել, շատ անգամ ծնողները ստիպողաբար են տանում նրանց:
Ես ոստիակության ներկայացուցիչ եմ և հավատացնում եմ ձեզ, որ ոստիկանությունն անում է ամեն ինչ, ջանքեր չի խնայում, որպեսզի օգնի այն երեխաներին ու երիտասարդներին, ովքեր հայտնվել են դժվարության մեջ: Անցյալ տարի մենք կազմակերպեցինք մեծ միջոցառումների շարք, մեկ ամիս տևողությամբ: Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ մենք այցելեցինք դպրոցներ, որի նպատակն էր, որ եկեղեցու ներկայացուցիչները մտնեն դպրոց: Դպրոցներ կային, որ մեր եկեղեցու ներկայացուցիչներին շատ լավ էին ճանաչում: Չեմ կարող մոռանալ մի դպրոց, դա Գեղարքունիքում էր, որտեղ եկեղեցու ներկայացուցիչը դասամատյան ուներ, երեխաներին բոլորին անուններով գիտեր, և այդտեղ, բնականաբար, չէր կարող ոչ մի աղանդ թափանցել:
Այսինքն շատ կարևոր է մեր եկեղեցու ներկայացուցիչների մուտքը դպրոց, երեխաների հետ հանդիպումները: Մենք նստել ենք այդ հանդիպումների ժամանակ, և չեմ կարող չփաստել, որ մեր եկեղեցու ներկայացուցիչների խոսքը բավականին ծանր ու լսելի է, և երեխաներին դա հասու է: Մենք` ոստիկաններս աշխատում ենք երեխաների և ծնողների հետ: Համենայն դեպս փորձում ենք այնպես անել, որպեսզի, եթե ծնողը չափահաս է գնում է այդ ուղով, գոնե երեխային ստիպողաբար չտանի, որովհետև երեխայի հոգեկան աշխարհն է փոխվում…»((www.youtube.com)):
Պետք է նշել, որ ՀՀ Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքի Հոդված 39-ի 7-րդ կետում ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մեջ է լինել որեւէ կրոնական կազմակերպության անդամ: Առավել ևս պետք է չթույլատրվի որևէ կրոնական կազմակերպության օգտին ծառայության ընթացքում գործողություններ կատարելը: Նախ, այս օրենքի նման պահանջը անհասկանալի է, ինչը մեր կարծիքով սահմանափակում է ոստիկանի մարդու իրավունքները: Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ ոստիկանապետը և ոստիկանության բարձր պաշտոնյաները հրապարակավ իրենց հայտարարում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու անդամ և հրապարակայնորեն ծիսակատարություններ են կատարում, ապա օրենքի այդ դրույթը ըստ երևույթին պետք է հասկանալ այնպես, որ ոստիկանը չի կարող լինել որևէ կրոնական կազմակերպության անդամ, բացի հայաստանյայց Առաքելական եկեղեցու անդամ, ինչն այլ բովանդակություն է հաղորդում օրենքի այդ պահանջին և կարող է դիտվել որպես խտրականություն մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ, անգամ որպես սեգրեգացիայի դրսևորում և ըստ կրոնական պատկանելության մասնագիտական աշխատանքի սահմանափակում, եթե այն իրոք տարածվում է բոլորի, բացի հայ Առաքելական եկեղեցու անդամների վրա, ինչի մասին հուշում է պրակտիկան:
Այս խնդրի վերաբերյալ կան անդրադարձներ տեղական և միջազգային կազմակերպությունների զեկույցներում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Մարդու իրավունքները Հայաստանում 2014 թվականին» տարեկան ցեկույցում((armhels.com/wp-content)) բերվում են կոնկրետ տեղեկություններ. «Զինվորական կոմիսարիատներում զորակոչիկներին տալիս են լրացնել անկետա, որտեղ նրանք պետք է նշեն իրենց կրոնական հայացքները: Եղել են դեպքեր, երբ զինվորական հոգևորականները տարբեր կրոնական կազմակերպությունների անդամ այլադավան զինվորականների հետ «բացատրական և դաստիարակչական աշխատանքներ են իրականացրել:
Կրոնական այլ կազմակերպությունների անդամների հանդեպ բանակում դրսևորված խտրական վերաբերմունքի օրինակ է «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ Աշոտ Մկրտչյան (անուն-ազգանունը փոխված է) հետ կատարված դեպքը, ով զինվորական ծառայության ընթացքում, հակառակ իր կամքի, ստիպված է եղել Հայ առաքելական եկեղեցու քահանայի գլխավորությամբ աղոթել: Ա.Մկրտչյանը «Մեդիալաբ » կայքին պատմել է, որ երբ զորամասում կասկածել են, որ այլ եկեղեցու հետևորդ է, իրեն տարել են հրամանատարի մոտ և առաջարկել հրաժարվել իր եկեղեցուց: Սկսել են ծաղրել, սպառնացել, որ եթե զորամասում ծառայող քահանայի ամենօրյա աղոթքներին չմասնակցի, նրա համար վատ կլինի: Զորամասի ղեկավարության հետ խնդիրներ չունենալու համար նա 8 ամիս իր կամքին հակառակ մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու քահանայի անցկացրած ծեսերին:
Հակաօդային պաշտպանության զորքերի հոգևոր հովիվ տեր Կորյուն քահանա Կարապետյանն իր մի ելույթում նշել է , որ «Եկեղեցու ներկայությունը բանակում օգնում է հայ զինվորին ավելի հայրենասեր լինելու, հոգեբանորեն սատար լինելու իր ընկերներին: Բանակում աղանդավորներն այնքան են, որքան կան մեր երկրում, և որոնց մի մասը գալիս է ծառայության: Բանակ եկած աղանդավորների առնվազն 80 տոկոսը վերադառնում է Հայ առաքելական եկեղեցի»,-ասել է քահանան»»:
Դեռևս 2013 թ. Ընթացքում կրոնական այլ կազմակերպությունների հետևորդների նկատմամբ կատարվել էին հարձակումներ , ընդ որում, 5 դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, սակայն ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկել նշված դեպքերով քրեական գործերը բացահայտելու ուղղությամբ:
Արմավիրում ծառայության առաջին վեց ամսվա ընթացքում նորակոչիկների անձնական իրերի ստուգում է անցկացվել: Նկարչությամբ զբաղվող երիտասարդներից Կարո Կարապետյանը (անունը փոխված), որին իր նոթատետրի համար որակել են որպես «սատանիստ», տարել ենԷջմիածին հաղորդություն ընդունելու և քարոզչական աշխատանք են տարել ապաշխարության»:
«Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց 2014 Հայաստան» (ԱՄՆ պետական դեպարտամենտ)((www.v1.religions.am)) ասվում է, որ կրոնական խմբերի հաղորդումների համաձայն մի քանի դեպքերում Հայաստանյաց Առաքելական եկեղեցին ճնշումներ է գործադրել նորակոչիկների նկատմամբ, որպեսզի նրանք միասին մկրտվեն որպես հայ առաքելականներ: Ըստ դիտորդների` որոշ դեպքերում նորակոչիկները չեն հրաժարվել մկրտվելուց, քանի որ վախեցել են, որ դրանով աչքի կընկնեն ու կմեկուսացվեն: Այլ դեպքերում, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու զինվորական քահանաները, և որոշ, բայց ոչ բոլոր, հրամանատարներ հետաքրքրվել են զորակոչիկների կրոնական պատկանելությամբ և ճնշումներ են կիրառել Հայաստանյաց Առաքելական եկեղեցուց զատ այլ խմբերի հետևորդների ու աթեիստների վրա՝ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու զինվորական քահանայի հետ աղոթելու ու կրոնի դասերի հաճախելու նպատակով: Ըստ հաղորդումների` կառավարությունը թույլ չի տվել այլ կրոնական խմբերի զինվորական ծառայողների այցելությունը բանակ:
Ապրիլի 26-ին Պաշտպանության նախարարությունն անցկացրեց «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական կոնֆերանսը: Բացման խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանի պաշտպանության համար կարևոր է, որ բոլորը հավատան նույն արժեքներին, այդ թվում՝ Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն: Իր խոսքի ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին «քայքայիչ աղանդների» դեմ պայքարին միանալու համար:
Հանրակրթություն
Զինված ուժեր
Իրավապահ Մարմիններ
* * *