Հայաստանյայց առաքելական եկեղեցու հանրային դիսկուրսը

  • 28/01/2017
  • Ստեփան Դանիելյան

  • «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ

Նախաբան

 

Հայաստանյայց առաքելական եկեղեցին Հայաստանի անկախությունից ի վեր փորձում է ավելի մեծ դերակատարություն ստանձնել պետության եւ հանրության կյանքում, ինչը բնորոշ է նաեւ նախկին խորհրդային երկրներին: Սակայն յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները:

Եթե անկախության առաջին տարիներին եկեղեցին ընկալվում էր որպես ազգային բացառիկ կառույց, ապա հետագայում նրա հանդեպ հանրային վերաբերմունքը սկսվեց փոխվել, ինչն արտահայտվում է ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում եկեղեցուն ուղղված ուժգնացող քննադատությամբ, որը երբեմն վերաճում է պարզապես վիրավորանքների:

Նման սուր քննադատության պատճառները տարբեր են: Մեր կարծիքով, որը հիմնված է վերջին տարիներին ԶԼՄ-ներում կրոնին առնչվող հոդվածների պարբերական մշտադիտարկման արդյունքների վերլուծության վրա((Coverage of Religious Issues in the Armenian Media 2010, Stepan Danielyan, 12.04.2011, http://www.religions.am/eng/articles/coverage-of-religious-issues-in-the-armenian-media-2010/
Մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը Հայաստանում. տարեկան զեկույց -2013, Ստեփան Դանիելյան,
http://www.religions.am/arm/documents/comments/Մտքի-խղճի-եւ-կրոնի-ազատությունը-Հայաստանում/)), առաջին պատճառը երկրում հաստատված անարդարության մթնոլորտն է: Նման իրավիճակում հանրությունն ակնկալում է, որ եկեղեցին կորդեգրի արդարության պաշտպանի դիրքորոշում, ինչը, սակայն, տեղի չի ունենում: Ընդհակառակը` եկեղեցու վերնախավն աստիճանաբար սերտաճում է իշխող վերնախավի հետ՝ երբեմն իշխանությանը մատուցելով ծառայություններ, որոնք հանրության ներսում ընկալվում են իբրեւ իրենց դեմ ուղղված գործողություններ: Արդյունքում իշխանության հանդեպ եղած բացասական վերաբերմունքը սկսում է տարածվել եկեղեցու վրա:

Հանրության բացասական գնահատանքին են արժանանում հատկապես բարձրաստիճան հոգեւորականների վարած կյանքն ու պահվածքը, որն առանձնապես չի տարբերվում վստահություն չվայելող իշխանության կարկառուն դեմքերի պահելակերպից: Մյուս պատճառները պետք է փնտրել միաբանների հանրային ելույթներում ժամանակ առ ժամանակ հնչող անհանդուրժողական տեսակետներում, որոնք կարելի է համարել եկեղեցու հրապարակային քաղաքականության դրսեւորումներ: Այդ տեսակետները հիմնված են ավանդական կարծրատիպերի վրա եւ հակասում են ՀՀ սահմանադրությանը, օրենսդրությանը եւ իրենց բնույթով ագրեսիվ ու անհանդուրժող են:

Դեռեւս 2000-ական թվականներից եկեղեցին փորձում է ձեւակերպել իր սոցիալական հայեցակարգը: Այդ նպատակով նույնիսկ համապատասխան գրասենյակ է հիմնվել((Մայր աթոռում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ, www.yerkir.am, 11 հուլիսի 2013, 16:33, http://www.yerkir.am/news/view/53367.html)), սակայն հասարակությանը հասանելի որեւէ արդյունք առայժմ չկա: Միեւնույն ժամանակ՝ իրենց հրապարակային ելույթներում եկեղեցու սպասավորները շարունակում են հանդես գալիս երբեմն ծայրահեղ անհանդուրժողականության կոչերով: Հանրակրթական դպրոցներ, զինված ուժեր եւ այլ ոլորտներ եկեղեցու մուտքը, որի ընթացքում հաճախ թույլ են տրվում կոպիտ օրինախախտումներ, նույնպես բացասաբար է ընկալվում հանրության մի զգալի հատվածի կողմից: Ավելին՝ սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ այդ փաստաթղթերում ի հայտ են եկել տարընթերցումների տեղիք տվող մի շարք ձեւակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի՝ աշխարհիկ երկիր լինելը((Սահմանադրական փոփոխությունները եւ կրոնի ու հավատամքի ազատության իրավունքը, www.religions.am, 19.02.2016, http://www.religions.am/arm/articles/Սահմանադրական-փոփոխությունները-եւ-կրոնի-ու-հավատամքի-ազատության-իրավունքը/)):

Սույն հոդվածում մենք կներկայացնենք եկեղեցու միաբանների հանրային հռետորաբանությունը՝ փորձելով զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից, ինչպես նաեւ ցույց կտանք եկեղեցականների հռետորաբանությունը երկրորդող պետական պաշտոնյաների դիրքորոշումները եւ դրանց համահունչ կերպով ընթացող օրենդրության փոփոխությունները:

 

Կրոնի եւ հավատամքի ազատության իրավունքի վերաբերյալ
եկեղեցականների եւ պետական պաշտոնյաների խտրական դիսկուրսը

 

Եկեղեցի-պետություն հարաբերությունների պետական քաղաքականությանը նվիրված որեւէ հայեցակարգ դժվար է գտնել, սակայն որոշակի եզրահանգումներ կարող ենք անել՝ վերլուծելով կղերականների եւ պետական պաշտոնյաների հրապարակային հայտարարություններից պատառիկներ, որոնց կանդրադառնանք հոդվածի հաջորդ հատվածներում:

2015-ի հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Է.Շարմազանովը հայտարարեց, որ Հանրային հեռուստառադիոընկերության գործառույթների մեջ պետք է ներառել նախեւառաջ քաղաքացիների հոգեւոր դաստիարակության խնդիրը եւ առաջարկեց կրոնական հաղորդումներ հեռարձակել: Հաղորդումների նպատակը ԱԺ փոխնախագահը պարզաբանեց «աղանդների դեմ պայքարի» համատեքստում: Այդ կապակցությամբ քսանից ավելի հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ((Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը քրեական հանցագործություն է, 03/11/2015, www.aravot.am/2015/11/03/624854/)):

Նույն միտքը կրկնել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ինչից պետք է ենթադրել, որ դա իշխող կուսակցության քաղաքականությունն է. «Գաղտնիք չէ, որ ժողովրդավարության քողի տակ բավականին գումարներ են մուտք գործում հանրապետություն եւ այդ գումարներն օգտագործվում են, որպեսզի խոչընդոտեն մեր ազգային արժեքները, մեր ավանդույթները, մեր ընտանիքի ամրությունը, մեր եկեղեցին, եւ այստեղ շատ մեծ գործ ունի անելու Հանրային հեռուստատեսությունը»,- ասել է Բաղդասարյանը: Ըստ նրա, «աղանդների» վրա բավականին գումարներ են դրվում, որպեսզի կարողանան պառակտել «մեր Սուրբ Առաքելական եկեղեցին»:

ՀԿ-ներն իրենց հայտարարության մեջ՝ հակադարձելով պաշտոնատար անձանց, նշում են. ««Աղանդների» նկատմամբ ԱԺ մեծամասնության պատասխանատուները նման ծանր մեղադրանքներ ներկայացնելով՝ չեն հստակեցնում, թե ինչ են հասկանում «աղանդ» ասելով, չեն նշում, թե որ կրոնական կազմակերպություններն են «ազգային արժեքները» խոչընդոտելու համար դրսից «բավականին գումարներ» ստանում: Մենք՝ հայտարարության տակ ստորագրած կազմակերպություններս, անընդունելի ենք համարում Հանրային հեռուստառադիոընկերության եթերը կրոնական նպատակներով օգտագործելը: Ինչպես նաեւ դատապարտում ենք Հայաստանի կրոնական կազմակերպություններին ազգի թշնամի հայտարարելու՝ հիշյալ պաշտոնյաների հայտարարությունները»:((Նույն տեղում))

Այստեղ տեղին է հիշեցնել 2014-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի հայտարարությունն այն մասին, թե իր ունեցած տվյալների համաձայն՝ Հայաստանում գործում են շուրջ 210 աղանդներ, որոնք դրսից տարեկան ստանում են կես միլիարդ դոլար եւ այն օգտագործում «մեր պետությունը քայքայելու համար», սակայն այս առիթով հրաժարվել է բացատրություն տալ ԱԱԾ քննիչներին եւ այդ տվյալները հիմնավորող որեւէ ապացույց ներկայացնել((ԱԱԾ-ն հարցաքննել է Կոմիտաս վարդապետին, http://www.aravot.am/2014/10/28/510655/
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հերքում է այն, ինչ նշված է ԱԱԾ որոշման մեջ,
http://www.aravot.am/2014/10/28/510719/)):

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցվող նմանօրինակ արտահայտությունները պատահականություն չեն: Մի առիթով «Ազգ» պարբերականն անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ 2008-ին արած հայտարարությանը՝ գրելով. «Ուշագրավ էր վարչապետի որակումը, թե «եկեղեցին տարանջատված է պետությունից» միտքը հնամաշ է: «Եթե եկեղեցին մենք ենք, ապա ես ինչպե՞ս եւ ո՞ր պահին տարանջատեմ իմ մեջ քրիստոնյա մարդուն»((Տե°ս «Ազգ» օրաթերթ #167, 13-09-2008 (http://azg.am/AM/2008091316))):

Պետական պաշտոնյաների խոսքերն ավելի են հստակեցնում եկեղեցու ներկայացուցիչները: Գեւորգյան հոգեւոր ճեմարանի կրոնների պատմության դասախոս Տեր-Ղեւոնդ քահանա Մայիլյանն իր հարցազրույցում պարզաբանում է այդ մոտեցումը. «Չեմ կարծում, թե տրամաբանական է, որ իմ տանը պետք է սեփական իրավունքներս քննարկեմ մեկի հետ, որը համարձակվել է ոտնահարել դրանք,- ասել է քահանան: – Չէ՞ որ իմ երեխային են գողանում, իմ հոտի անդամներին, իմ տան դուռն են թակում, քննադատում են ազգային ավանդույթներս, բայց եթե զբաղվում են հոգեորսությամբ կամ քարոզչությամբ, որը դեմ է մեր ազգային մշակույթին ու մտածելակերպին, վերջապես, ոտնահարվում են մարդու իրավունքները, ապա մեր կողմից մերժելի են: Մորմոնները ինչո՞ւ են շատացել. որովհետեւ խլել են մեր հոտի անդամներին»,- բացատրում է Տեր-Ղեւոնդ քահանա Մայիլյանը((Տես՝ armenianow.com, published: 21 ապրիլի 2006թ.)):

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր-Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարցազրույցից· «Առաքելական եկեղեցին՝ որպես կրոնական հաստատություն, ազգային է մեզանում, եւ այս առումով ազգայինն ու հոգեւորը նույնացել են դարերի ընթացքում եւ դարձել հայության արժեհամակարգը: Դրանով հայ ժողովուրդը եւ նախնյաց ժառանգությունն իր մեջ ներառած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ճակատագրերով նույնանում են»((Տես՝ Հանրապետական կուսակցության պաշտոնական կայք (http://hhk.am/news/news.php?action=fullnews&id=2757))):

«Սահմանափակել աղանդների ազատությունը» հոդվածում ասվում է. «Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա Տեր-Վահան Ազարյանը կարծում է, որ Հայ առաքելական եկեղեցին աղանդների դեմ պայքարում պետք է գլոբալ աշխատանքներ սկսի պետության հետ համատեղ: «Մենք պետք է հիշենք, որ սա շատ մարդկանց համար բիզնես է, պարզապես աշխատանք: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու կրթության, դաստիարակության ոլորտներում: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ եկեղեցին հենց իրենք են եւ, առաջին հերթին, իրենք պետք է իրենց պաշտպանեն աղանդներից»((Տես՝ «Առավոտ» օրաթերթ, 04/05/2009)),- ասում է նա: Ըստ հոգեբան Վլադիմիր Միքայելյանի, պետք չէ աղանդներին ազատ գործունեության հնարավորություն տալ՝ հիմնվելով մտքի, խղճի, դավանանքի ազատության սկզբունքի վրա. «Ազատությունն այն կատեգորիան է, որը զարգացման է բերում, իսկ աղանդը, զրկելով մարդուն մտածելու կարողությունից, զրկում է նաեւ զարգանալու հնարավորությունից»((Տես՝ «Առավոտ» օրաթերթ, 04/05/2009)):

Աշխարհիկացման եւ անհատականության գաղափարներին է պաշտոնապես անդրադարձել Հայաստանյայց առաքելական եկեղեցու քահանայաց ժողովը: Սա արդեն պաշտոնական տեսակետ է՝ հաստատված եկեղեցական ժողովի կողմից: 2009-ին ԶԼՄ-ները տարածել են եկեղեցու պաշտոնական տեղեկատվությունը, որտեղ նշվում է. «Փետրվարի 16-17-ը Ս. Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ քահանաների ավանդական հավաքը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր աթոռի միաբաններ եւ շուրջ 300 քահանաներ»: Եկեղեցու մամլո պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է. «Երկօրյա նիստերի արդյունքում քննարկման առարկա դարձան ժամանակակից մարտահրավերները` աշխարհիկացման եւ անձնապաշտության գործընթացները, արարչաստեղծ աշխարհը խեղող զանազան մեղքերն ու մոլությունները, ազգային եւ կրոնական ինքնությունների սահմանների վերացման միտումները, որոնք վտանգում են դարերով թրծված եւ քրիստոնեական մեր սուրբ հավատով շաղախված ազգային ինքնության անաղարտ նկարագիրը»((Քահանայից հավաք Մայր աթոռում, http://www.lragir.am/index/arm/0/country/view/24759, 19/02/2009:)):

Փաստորեն մամլո տեղեկատվության մեջ քննադատվում է երկրի՝ աշխարհիկ լինելու մասին դրույթը, ինչպես նաեւ որպես մարտահրավեր են հայտարարվում «ազգային եւ կրոնական ինքնությունների սահմանների վերացման միտումները»: Սա արդեն եկեղեցու պաշտոնական դիրքորոշում է:

Այսօրվա Հայաստանի գործող իշխանության քաղաքականության մասին ամենացայտուն կերպով արտահայտվել է ՀՀ նախագահը: 2008թ. սեպտեմբերի 28-ին եկեղեցական մի արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն արել է հետեւյալ հայտարարությունը. «Հարյուրամյակներ շարունակ չունենալով պետականություն, եկեղեցին առաջնորդել է մեր ժողովրդին մինչեւ 21-րդ դար: Հայոց պետականության յուրաքանչյուր պետական ծառայող պետք է իր պարտքը վերադարձնի եկեղեցուն, որպեսզի մեր եկեղեցին ավելի հզորանա եւ մեր հավատը մեզ առաջնորդի դեպի ավելի լավ ապագա»((Հայոց պետականության յուրաքանչյուր պետական ծառայող պետք է իր պարտքը վերադարձնի եկեղեցուն. Նախագահ, aaa.ar.newsarmenia.ru, սեպտեմբեր 2008, http://ar.newsarmenia.ru/arm1/20080929/41957028.html)):

Այդ ժամանակվա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսպես է տեսնում եկեղեցու դերը դպրոցներում. «Դպրոցը նաեւ դաստիարակության վայր է, դպրոցը հայի ինքնության պահպանման վերարտադրման, հայոց պետության քաղաքացի կերտելու վայր է: Եվ այստեղ ո՞ւմ ապավինել, եթե ոչ Մայր աթոռի, մեր սուրբ եկեղեցու աջակցությանը: Եկեղեցու հետ համագործակցությունը թույլ է տալիս մեզ, մեր երեխաներին ներմուծել բարոյականություն, բարոյագիտություն եւ արժեքներ, թույլ է տալիս մեր աշակերտներին կոփել որպես հայեր եւ թույլ է տալիս առաջին անգամ իրենց համար թակել հոգեւոր իմաստության դռները»((Մայր աթոռ, Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային, Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, մայիս 2012, http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20120221_21&flag=am)):

2014-ի մարտի 3-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի որոշմամբ պատվավոր դոկտորների կոչում է շնորհվել Հայ եկեղեցու երեք եպիսկոպոսների: Ակադեմիայի նախագահն այսպես է բացատրել այդ որոշումը. «Սա առաջին դեպքը չէ. ակադեմիան մշտապես ուշադրություն է դարձնում հոգեւորականների հայագիտական եւ պատմական գործունեությանը», ինչպես նաեւ «հայ ժողովուրդը դարեր շարունակ պետականություն չի ունեցել եւ ապավինել է եկեղեցուն, որտեղ կրթվել են հայոց հոգին եւ միտքը»((Օվ. Մադաթյան, Պատվավոր դոկտորի կոչում՝ երեք բարձրաստիճան հոգեւորականների, Առավոտ, հուլիս 2014, http://www.aravot.am/2014/07/04/476851)): Հայտնի են դեպքեր, երբ գիտական թեզերը գրախոսության համար ուղարկվում են եկեղեցու «Քրիստոնեական դաստիարակության» կենտրոնին((Sara Khojoyan, A Scientific Research Failed For Religious Motives: The Church Intervenes into Science, February 2014, http://kron.armhels.com/?p=900&lang=en)):

Այդ միտումներն ավելի ակնհայտ են դառնում 2010թ. փետրվարին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից ընդունված չափորոշիչներից, որոնցով պետք է առաջնորդվեն Հայաստանի տարածքում գրանցված ռադիո եւ հեռուստատեսային ընկերությունները: Փաստաթղթում մասնավորապես սահմանվում է, որ անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող են համարվում այն հաղորդումները, որոնք «նսեմացնում եւ վարկաբեկում են ազգային եկեղեցուն ու նրա կողմից քարոզվող արժեքները»((Նմանակեք, բայց դատապարտեք, Առավոտ օրաթերթ, փետրվար 2010, http://www.aravot.am/2010/02/16/354249/)): Նման հաղորդումներն, ըստ այդ փաստաթղթի, արգելվում են: Նշենք, որ ոչ մի իրավական փաստաթղթում չի սահմանվում, թե ինչ է նշանակում «ազգային եկեղեցի» հասկացությունը: Մյուս կրոնական կազմակերպությունների նսեմացման արգելքի կետ այդ փաստաթղթում չկա:

Եկեղեցին ձգտում է իր ազդեցությունը տարածել այն ոլորտներում, որտեղ ձեւավորվում է հանրային կարծիքը` դպրոցներ, գիտություն, լրատվամիջոցներ: Սակայն չի զլանում ազդեցություն ձեռք բերել նաեւ ուժային կառույցներում:

2014-ին «Քայքայիչ պաշտամունքները եւ փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկած գիտագործնական կոնֆերանսի ժամանակ պաշտպանության նախարարն ասել է. «Աղանդները բացասաբար կարող են ազդել զինուժի վրա։ Չեմ ուզում մտածել այդ մասին, բայց սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել մարտական դիրքում, եթե այնտեղ կանգնած զինվորի հավատամքն այլ լինի»((Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե մարտական դիրքում կանգնած զինվորի հավատամքն այլ լինի. Սեյրան Օհանյան, MediaMall, ապրիլ 2014,  www.topnews.mediamall.am)): Պաշտպանության նախարարությունը «Քայքայիչ պաշտամունքների եւ փողոցային արատավոր բարքերի դեմ» ծրագրի շրջանակում մշակել է ճանապարհային քարտեզ, ըստ որի՝ սպաներն ու հոգեւորականները դպրոցներում միասին պայքարելու են «քայքայիչ աղանդների» դեմ եւ նույնիսկ դպրոցականներին բաժանելու են ավետարաններ: Պետք է նշել, որ «քայքայիչ աղանդներ» կամ ուղղակի «աղանդ» արտահայտությունը պետական պաշտոնյաները հաճախ են օգտագործում, սակայն որեւէ իրավական փաստաթուղթ Հայաստանում գոյություն չունի, որտեղ տրված լինեն այդ եզրերի սահմանումները: Ըստ էության, այդ բառեզրի տակ հասկացվում են Հայաստանում գործող եւ գրանցված կազմակերպությունները, որոնց անուղղակի նկատի ունեն այդ հասկացությունը օգտագործողները, որի միջոցով փորձում են խույս տալ հնարավոր մեղադրանքից՝ որեւէ կոնկրետ կազմակերպության կողմից դրա համար պատասխանատվություն կանչելու դեպքում: ՊՆ նախարի ելույթից մեջբերումը ցուցադրում է նախարարության կողմից կրոնական կազմակերպությունների հանդեպ դրսեւորվող խտրական մոտեցումները: Դրա ցուցադրում է նաեւ Պաշտպանության նախարարության հաստատած՝ ««Փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի» ուղղությամբ 2014թ. նախատեսվող միջոցառումների պլանը»((«Փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի» ուղղությամբ 2014թ. նախատեսվող միջոցառումների պլան, http://www.religions.am/files/9844/library/legal/L014.pdf)):

2014-ի հունիսին ՀՀ ոստիկանության Երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետը հայտարարել է, որ աղանդների դեմ պայքարի շրջանակում ոստիկանները Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ համատեղ դաստիարակչական աշխատանքներ են տարել դպրոցներում «աղանդավոր» երեխաների հետ, այդ թվում «այդ պայքարին» ներգրավել նրանց ընկերներին((«Շատ կարեւոր է մեր եկեղեցու ներկայացուցիչների մուտքը դպրոց», Religions.am, հունիս 2014, http://www.religions.am/arm/news/)): Տիկին Դուրյանը մասնավորապես ասել է. «Ունենում ենք որոշակի քանակի դեպքերի ահազանգեր, երբ երեխաները ներգրավվում են աղանդների մեջ եւ հիմնականում ներգրավողները ծնողներն են: Մեզ անհանգստացնում է երեխաների հոգեվիճակը, իհարկե՝ երեխաները չեն կարողանում իրենք կողմնորոշվել, շատ անգամ ծնողները ստիպողաբար են տանում նրանց: Ես ոստիկանության ներկայացուցիչ եմ եւ հավատացնում եմ ձեզ, որ ոստիկանությունն անում է ամեն ինչ, ջանքեր չի խնայում, որպեսզի օգնի այն երեխաներին ու երիտասարդներին, ովքեր հայտնվել են դժվարության մեջ: Անցյալ տարի մենք կազմակերպեցինք մեծ միջոցառումների շարք, մեկ ամիս տեւողությամբ: Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ մենք այցելեցինք դպրոցներ, որի նպատակն էր, որ եկեղեցու ներկայացուցիչները մտնեն դպրոց: Դպրոցներ կային, որ մեր եկեղեցու ներկայացուցիչներին շատ լավ էին ճանաչում: Չեմ կարող մոռանալ մի դպրոց՝ դա Գեղարքունիքում էր, որտեղ եկեղեցու ներկայացուցիչը դասամատյան ուներ, երեխաներին բոլորին անուններով գիտեր, եւ այդտեղ, բնականաբար, չէր կարող ոչ մի աղանդ թափանցել: Այսինքն՝ շատ կարեւոր է մեր եկեղեցու ներկայացուցիչների մուտքը դպրոց, երեխաների հետ հանդիպումները: Մենք նստել ենք այդ հանդիպումների ժամանակ, եւ չեմ կարող չփաստել, որ մեր եկեղեցու ներկայացուցիչների խոսքը բավականին ծանրակշիռ ու լսելի է, եւ երեխաներին դա հասու է: Մենք` ոստիկաններս, աշխատում ենք երեխաների եւ ծնողների հետ: Համենայն դեպս, փորձում ենք այնպես անել, որպեսզի, եթե ծնողը չափահաս է, գնում է այդ ուղով, գոնե երեխային ստիպողաբար չտանի, որովհետեւ երեխայի հոգեկան աշխարհն է փոխվում»((Հասարակության բարոյականության քրիստոնեական հիմքերը մեզանում եւ արդի խնդիրները, 17.06.2014, https://www.youtube.com/watch?v=r2dOmlu4Evg)):

Պետք է նշել, որ ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ կետում սահմանափակվում են որեւէ կրոնական կազմակերպության անդամ լինելը եւ կրոնական քարոզչություն կատարելը: Առավել եւս պետք է չթույլատրվի որեւէ կրոնական կազմակերպության օգտին ծառայության ընթացքում գործողություններ կատարելը:

«Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների եւ գրապահոցների տնօրեն Ասողիկ քահանան այսպես է բնորոշում ազգ-եկեղեցի կապը. «Մենք չպետք է մոռանանք պատմական այն ճշմարտությունները, որ դարեր առաջ արձանագրել են մեր այրերը: Եղիշեն ասում է` Ավետարանը մեր հայրն է, եկեղեցին մեր մայրն է, եթե մենք մեր կաշին քերենք, ապա դրա տակից եկեղեցի դուրս կգա, որովհետեւ հավատքը, կրոնը նույնացվել են մեր էությանը, դարձել են մեր մաշկի գույնը: Եվ այսօր մեր հասարակությանը ապակողմնորոշել, այսպես անջատել, եկեղեցին մեկ այլ մարմնի վերածել` ճիշտ չէ: Դա նշանակում է` ազգին, ժողովրդին զրկել իր ինքնությունից»((Միայն քաղցր խոսքերով չես կարող մարդուն ճշմարտություն ուսուցանել, «Ժամանակ», 25.03.2010թ.)):

Հայաստանի հելսինկյան կոմիտեի՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2014 թվականին» տարեկան զեկույցում((Մարդու իրավունքները Հայաստանում, Զեկույց 2014, Հայաստանի հելսինկյան կոմիտե, www.armhels.com)) բերվում են կոնկրետ տեղեկություններ. «Զինվորական կոմիսարիատներում զորակոչիկներին տալիս են լրացնել անկետա, որտեղ նրանք պետք է նշեն իրենց կրոնական հայացքները: Եղել են դեպքեր, երբ զինվորական հոգեւորականները տարբեր կրոնական կազմակերպությունների անդամ այլադավան զինվորականների հետ «բացատրական եւ դաստիարակչական աշխատանքներ» են իրականացրել: Զեկույցում ասվում է, որ կրոնական այլ կազմակերպությունների անդամների հանդեպ բանակում դրսեւորված խտրական վերաբերմունքի օրինակ է «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդ Աշոտ Մկրտչյանի (անուն-ազգանունը փոխված է) հետ կատարված դեպքը, ով զինվորական ծառայության ընթացքում, հակառակ իր կամքի, ստիպված է եղել Հայ առաքելական եկեղեցու քահանայի գլխավորությամբ աղոթել: Մկրտչյանը «Մեդիալաբ » կայքին պատմել է, որ երբ զորամասում կասկածել են, որ այլ եկեղեցու հետեւորդ է, իրեն տարել են հրամանատարի մոտ եւ առաջարկել հրաժարվել իր եկեղեցուց: Սկսել են ծաղրել, սպառնացել, որ եթե զորամասում ծառայող քահանայի ամենօրյա աղոթքներին չմասնակցի, նրա համար վատ կլինի: Զորամասի ղեկավարության հետ խնդիրներ չունենալու համար նա 8 ամիս իր կամքին հակառակ մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու քահանայի անցկացրած ծեսերին:

Հակաօդային պաշտպանության զորքերի հոգեւոր հովիվ Տեր-Կորյուն քահանա Կարապետյանն իր մի ելույթում նշել է , որ եկեղեցու ներկայությունը բանակում օգնում է հայ զինվորին ավելի հայրենասեր լինել, հոգեբանորեն սատար կանգնել իր ընկերներին: «Բանակում աղանդավորներն այնքան են, որքան կան մեր երկրում, եւ որոնց մի մասը գալիս է ծառայության: Բանակ եկած աղանդավորների առնվազն 80 տոկոսը վերադառնում է Հայ առաքելական եկեղեցի,- ասել է քահանան: Եկեղեցու եւ պետպաշտոնյաների հրապարակային խոսքերից նման մեջբերումներ կարելի է շատ անել, սակայն մենք կսահմանափակվենք այսքանով:

Պետք է նաեւ ասել, որ այս ոլորտները ղեկավարող որեւէ պետական պաշտոնյայի նշանակումից հետո կաթողիկոսը պարտադիր կերպով նրանց հետ հանդիպում է: Մասնավորապես՝ 2016-ին վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանի առաջին պաշտոնական հանդիպումներից մեկը եղել է կաթողիկոսի հետ: «Վարչապետ Կարապետյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու այլ խնդիրների»((Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոսին, հոկտեմբեր 19, 2016, http://araratnews.am/varchapeteh-karavaruthyunum-hyurehnkalel-e-amenayn-hayoc-kathoghikosin/)):

 

Կարգալույծների «դիսկուրսը»

 

XIX դարավերջին եւ XX դարասկզբին հայկական եկեղեցում ձեւավորվել էր բարենորոգչական շարժում, որն իր առջեւ դրել էր ժամանակի մարտահրավերներին համապատասխան բարենորոգումներ իրականացնելու խնդիրը: Պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը «Մաղաքիա Արք. Օրմանյանը եւ 20-րդ դարասկզբի Հայ եկեղեցու բարենորոգչական շարժման հիմնահարցը» հոդվածում((Հովհաննես Հովհաննիսյան, «Մաղաքիա Արք. Օրմանյանը եւ 20-րդ դարասկզբի Հայ եկեղեցու բարենորոգչական շարժման հիմնահարցը», 26.09.2012 http://www.religions.am/arm/articles/Մաղաքիա-Արք.-Օրմանյանը-եւ-20-րդ-դարասկզբի-հայ-եկեղեցու-բարենորոգչական-շարժման-հիմնահարցը/)) անդրադարձել է այդ շարժմանը. «XX դարասկզբին Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքում նոր թափով սկսեցին գործունեություն ծավալել եկեղեցու բարենորոգությանն ուղղված մի շարք ուղղություններ (հոսանքներ): Բարենորոգչական այդ ուղղությունների նպատակն էր տեսնել հզորացած, բարենորոգված եկեղեցական կառույց, սակայն այդ նպատակին հասնելու միջոցների ու մեթոդների ընտրության հարցում բարենորոգիչների հայացքները աչքի էին ընկնում ընդգծված տարամիտությամբ: Բնական է նաեւ այն, որ այդ շարժումն ուներ իր հակառակորդները հոգեւոր ու հասարակական շերտերում: Եվ, չնայած ընդդիմադիր ուժերը նույնպես միասնական չէին, պետք է նշել, որ ներեկեղեցական կյանքը բարենորոգելու ամենամեծ խոչընդոտը ոչ թե այդ թեւերի միջեւ մղվող անզիջում պայքարն էր, այլ բարենորոգումներին ընդդիմադիր կամ դրանք ընդհանրապես մերժող պահպանողական հոգեւորականները»,- գրում է նա՝ շարունակելով. «Կասկած չի հարուցում այն փաստը, որ Մ.Օրմանյանի ակտիվ ուսուցչական գործունեության շնորհիվ նրա աշակերտներ Կարապետ Տեր-Մկրտչյանը եւ Գարեգին Հովսեփյանը դարձան բարենորոգչական շարժման գործուն ջատագովներ: Մի փոքր ավելի ուշ բարենորոգչական շարժման ակտիվ կողմնակիցներ ձեւավորվեցին նաեւ Մ.Օրմանյանի գլխավորած՝ Արմաշի հոգեւոր ճեմարանում` ի դեմս Բաբկեն Կյուլեսերյանի եւ Թորգոմ Գուշակյանի»((Նույն տեղում)): Շարժման անդամներից էր, ի դեպ, ականավոր գիտնական Երվանդ Տեր-Մինասյանը:

Նպատակ չունենալով քննարկել այդ շարժումը, պետք է միայն նշենք, որ շարժումն, ի վերջո, հաջողության չհասավ, բայց այնուամենայնիվ չափազանց լուրջ եւ արդիական խնդիրներ էին վեր հանել:

Մեզ հետաքրքրող խնդիրն այն է, թե արդյոք եկեղեցում կամ գոնե այս կամ այն պատճառներով կարգալույծ արված միաբանների շարքերում կա՞ն եկեղեցու բարեփոխման խնդիր դրած անհատներ, թե՞ եկեղեցուց հեռացվածներն իրենց հրապարակային ելույթներում միայն միջանձնային հարաբերությունների խնդիրներն են արծարծում: Կամ ավելի պարզ ասած՝ կա՞ն արդյոք գաղափարական տարաձայնություններ եկեղեցու ներսում: Դա հասկանալու համար մենք կներկայացնենք հատվածներ կարգալույծ արված կամ եկեղեցուց ինքնակամ հեռացած հոգեւորականների հարցազրույցներից ու հրապարակային նամակներից, որտեղ նրանք պարզաբանում են այն հակասությունները, որոնց արդյունքում եկեղեցուց հեռացվել կամ էլ կարգալույծ են հռչակվել:

1999 թվականից ի վեր, երբ կաթողիկոս ընտրվեց Գարեգին Բ Ներսիսյանը, կարգալույծ են հռչակվել մի քանի տասնյակ միաբաններ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մոտ 100 հոգեւորական: Կարգալույծներից ոմանք հանդես են եկել բաց նամակներով ու հարցազրույցներով, որտեղ քննադատության են ենթարկում կաթողիկոսին, վեր հանում եկեղեցու ներսում տիրող բարքերը, միջանձնային հարաբերությունները, ֆինանսական չարահումները, նեպոտիզմը((Արգասավոր պաշտոնների հանձնումը մոտ ազգականներին: Առհասարակ՝ հասարակական գործերում ազգակցական-խնամիական կապերով ղեկավարվելը)) եւ իրենց տեսակետներն են հայտնում եկեղեցում տեղ գտած անառողջ երեւեւյթների՝ կոռուպցիայի, հովանավորչության եւ հակոտնյա այլ դրսեւորումների մասին: Այդ հարցազրույցները կարող են հետաքրքիր վերլուծության թեմա հանդիսանալ, քանի որ փակ կառույց լինելով՝ եկեղեցին իր ներքին խնդիրները չի հրապարակայնեցնում, բայց կարգալույծ հռչակվածներից շատերն ազատորեն արտահայտվում են: Այդ տեսակետից ներեկեղեցական քննադատության դիսկուրսը հետաքրքրություն է ներկայացնում:

Մեզ հետաքրքրում են այն հրապարակումները, որոնք վերաբերում են եկեղեցու հնարավոր բարեփոխումների խնդրին եւ դրանց հետ կապված՝ կարգալույծների դիտարկումներին: Այստեղ նույնպես մենք ձեռնպահ կմնանք մեկնաբանություններ անելուց:

««Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տեր-Սահակ քահանան ասաց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված հոգեւորականները միավորվում են եւ արդեն կազմակերպել են առաջին ժողովը, որին 24 կարգալույծ հոգեւորականներ են մասնակցել, սակայն մանրամասներ, թե որտեղ են ժողով կազմակերպել, եւ ովքեր են ներկա եղել, քահանան չշտապեց հաղորդել: Նա նշեց, որ մինչեւ հիմա տասնչորս տարվա ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ են հռչակվել ավելի քան 100 հոգեւորականներ: Ըստ Տեր-Սահակի, կարգալույծ անելու հիմնական պատճառն այն է, որ մարդիկ չեն ուզում համակերպվել տիրող իրավիճակին, ըմբոստանում են, կարծիք են հայտնում: «Տեսեք, Տեր-Վաչեն այդքան հանցանքներ ունի եւ կարգալույծ չի եղած մինչեւ հիմա, եթե դու հանում ես անմեղներին, ինչո՞ւ ես մեղավորներին պահում»,- հավելեց Տեր-Սահակը»((Կարգալույծ հոգեւորականները համախմբվում են ընդդեմ Ամենայն Հայոց Հայրապետի, 15/02/2013, http://topnews.mediamall.am/?id=13910)):

«Այսօրվա խռովության, այլասերված վիճակի մեղավորը կաթողիկոսի կողմից պարտադրված նոր կանոնագիրքն է, որը նա Էջմիածնից հարկադրաբար պարտադրում է համայնքներին՝ ընդունելու եկեղեցու կառավարման իր ուզած ձեւը, որը համահունչ չէ տվյալ երկրի, տվյալ պետության, տվյալ համայնքի սովորություններին: Այս քայլով նա հետամուտ է լինում միայն իր անձնական, նյութական շահերին, բնականաբար՝ սա չի ընդունվում համայնքների կողմից, տեղի է ունենում շահերի բախում: Մեր շահը հայապահպանությունն է, որ չփչանանք այստեղ, իսկ իր շահը նյութական շահն է, կալվածքները: ….Նոր կանոնագրքի համաձայն՝ ուզում էին ամբողջ ունեցվածքը, կալվածքները վերցնել իրենց ձեռքը, այսինքն՝ վաղը Գարեգին Բ-ն կարող է ասել, որ իրեն 150.000 եվրո է պետք, շտապ ուղարկեք Էջմիածին: Եվ այդ գումարները պետք է ծախսվեն ոչ նպատակային, այսինքն՝ չեն նպաստելու մեր հայապահպանման գործին եւ կրոնական համայնքի ամենօրյա աշխատանքներին: Նա փոխանակ Հայաստանի եկեղեցիների եւ վանքերի մասին մտածի (օրինակ՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ զրույցում նա ասել է՝ ես սարերում եղած վանքերի հետ գործ չունեմ, իսկ մենք գիտենք՝ ինչքան պատմական բարձրարժեք վանք եւ եկեղեցի ունենք անմխիթար, անտերության մատնված, որոնք արդեն փլուզվում են), սփյուռքի եկեղեցիներն է կանոնակարգում: …Քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները կառուցում են նոր եկեղեցիներ, քանի որ լիքը փող ունեն, ուզում են եկեղեցու ճանապարհով այդ փողերը լվանալ, մաքրել: Այստեղ էլ կան շահեր, եթե չլինեին այդ շահերը, հին վանքերն ու եկեղեցիները կնորոգեին: Հարցը հասավ նրան, որ Գարեգին Բ-ն փաստաթուղթ ուղարկեց Նիս, որով եկեղեցին ոչ առաքելական հռչակեց: Ինչպես նրա անձնական որոշումը, այնպես էլ Գերագույն հոգեւոր խորհրդի որոշումներն այսօր լեգիտիմ չեն, այսինքն՝ խորհրդի ընդունած որոշումներն ապօրինի են: Պոլսո պատրիարքն այս կապակցությամբ նույն վերը նշված նամակի մեջ գրում է. «Հանկարածակիի եկանք, երբ ստացանք ձեր կողմից ուղարկված եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի նոր ցանկը, քանի որ խորհրդի անդամներն ընտրվում են ազգային եկեղեցական ժողովի կողմից եւ ոչ թե նշանակվում են կաթողիկոսի կողմից»((Կաթողիկոսը 14 տարի անց էլ չի համակերպվել իր պաշտոնին: Մեր զրուցակիցն է Ֆրանսիայի Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Սահակ քահանան 28/03/2013,  http://www.lragir.am/print/arm/1/interview/print/80748)):

Հիշեցնենք, որ 2009-ի հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Հայաստանյայց առաքելական եկեղեցու 3-րդ ներկայացուցչական ժողովը: Ժողովի ժամանակ ընդունվել է Թեմական կանոնադրության ուղենշային փաստաթուղթը: Այն բաղկացած է 17 հոդվածից, որոնք այն ուղենիշներն են, որոնց հիման վրա պետք է ստեղծվեն թեմական եւ ծխական կանոնադրությունները: Թեմերի եւ ծխերի կանոնադրությունները պետք է համապատասխանեցվեն մինչեւ 2012-ի վերջը: Ուղենշային կանոնադրությունը վերաբերում է միայն Էջմիածնի թեմերին: Թեմական կանոնադրության ուղենշային փաստաթուղթն ուժեղացնում է Մայր աթոռի վերահսկողությունը թեմերի նկատմամբ, ինչպեսեւ ֆինանսական վերահսկողություն է սահմանում: Կանոնադրության մասին ավելի մանրամասն վերլուծություն կարելի է գտնել Կիմիտակա Մատսուզուտիի եւ Ստեփան Դանիելյանի հոդվածում((Kimitaka Matsuzato & Stepan Danielyan, Faith or Tradition: the Armenian Apostolic Church and Community-Building in Armenia and Nagorny Karabakh, “Religion, State and Society” journal, Published online: 22 Mar 2013, http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/09637494.2013.769741)):

2011-ին հայկական մամուլը հաճախ էր անդրադառնում Շվեյցարիայի Ժնեւ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու եկեղեցական խորհրդի եւ Էջմիածնի միջեւ ծագած կոնֆլիկտին: Ըստ «Լրագիր» կայքի, կոնֆլիկտի պատճառը Էջմիածնին դրամական հատկացումներ կատարելու հետ է կապված: Էջմիածինը պահանջում էր այն ավելացնել((www.lragir.am, 6.05.2010, «Համայնքը դիմել է Շառլ Ազնավուրին»)): Ըստ «Ազգ» օրաթերթի տեղեկատվության. ««Ազգը» նախանցյալ համարում ներկայացրել էր Հայ եկեղեցու Շվեյցարիայի թեմում ստեղծված վիճակը՝ հիշեցնելով մարտի 17-19-ին Մայր աթոռում Վեհափառ հայրապետի նախագահությամբ գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի որոշումը թեմում առաջնորդական տեղապահ նշանակելու Մեսրոպ աբեղա Պարսամյանին եւ գործող հոգեւոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին Մայր աթոռ այլ ծառայության ետկանչելու մասին: Տեղեկացրել էինք նաեւ, որ Ժնեւի հայոց եկեղեցական խորհուրդը որոշել է մերժել Հոգեւոր գերագույն խորհրդի կարգադրությունը՝ պնդելով միաժամանակ, որ Աբել քահանան ինքն էլ չի ցանկանում հեռանալ»((azg.am 2.04.2011, «Մտահոգիչ իրավիճակ Ժնեւի Հայոց եկեղեցական խորհրդում»)):

Այս եւ մյուս դեպքերի հիմքում հիմնականում ընկած է ֆինանսական խնդիր:
«Այդ գումարը տալիս են հանցագործները, քրեական տարրերը, սա ժողովրդից գողացված եւ յուրացված գումարն է, այդ գումարներով նրանք կառուցում են եկեղեցիներ իրենց մեղքերի քավության եւ խղճի հանգստության համար, եւ Գարեգին Բ-ն այս մարդկանց օրհնում է, սրբացնում, ազգի հերոս է դարձնում, շքանշաններ բաժանում: Եկեղեցու վերնախավի մի ստվար զանգված շփացած, ցոփ ու շվայտ կյանքով է ապրում, իսկ իրենց խնկարկուները եւ շեփորահարները օգտվում են դրանից: Սրանք այն երիտասարդներն են, որոնց կաթողիկոսն ուղարկում է արտերկրներ («յուղոտ» տեղեր), նրանք իրենց համարում են կաթողիկոսի զինվորներ»((Կաթողիկոսը 14 տարի անց էլ չի համակերպվել իր պաշտոնին: Մեր զրուցակիցն է Ֆրանսիայի Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Սահակ քահանան 28/03/2013,  http://www.lragir.am/print/arm/1/interview/print/80748)):

«Եկեղեցու շահը վեր է ամեն ինչից: Միեւնույն է՝ եթե փորձես բարձրաձայնել որեւէ խնդիր՝ կապված եկեղեցական իշխանության չարաշահման հետ, հիշիր, կաթողիկոսն իմունիտետ ունի, նրա վրա ոչ մի բան չի ազդում: Հիշիր, եկեղեցու շահը վեր է ամեն ինչից… պաշտիր կաթողիկոսին, քանզի նա քո կուռքը պետք է լինի»((Կարգալույծ հոգեւորականի աղմկահարույց նամակը Գարեգին Բ-ին, 2016-08-21   www.asekose.am)):

«Մեր եկեղեցին բաժանված է երկու մասի՝ հարուստներ եւ աղքատներ, իսկ դա ամենամեծ սխալն է: Չի կարելի. Աստծո առջեւ բոլորն են հավասար: Ավետարանի մեջ էլ ասվում է, որ եթե քո աջ ձեռքը բարերարություն է անում, ապա ձախը դրա մասին չպետք է իմանա: Մենք պետք է նրանց հասկացնենք, որ եթե բարերարություն եք անում, դա Աստծուն է ուղղված, իսկ դուք հավասար եք մյուսներին: Սակայն մենք նրանց հավելյալ հարգանք ենք ցուցաբերում՝ դրանով գայթակղության տանելով: Հարուստների համար եկեղեցու առաջին մասում աթոռներ են դնում, որը միայն հոգեւոր դասի համար է նախատեսված, իսկ մյուսները պետք է կանգնեն. ինչո՞ւ… Եկեղեցին սինեմայի զալ չէ, որ տոմս առնեն ու ըստ այդմ նստեն: Սա եկեղեցի է, որտեղ մտնելիս, անկախ ամեն ինչից, բոլորը հավասար են»((Կարգալույծ արված հոգեւորականը բացահայտումներ է արել, հարցազրույց կարգալույծ արված քահանա Տ. Մարտիրոս Բերբերյանի հետ, http://galatv.am/hy/news/680780545/#.U2O35oQgmVA.facebook)):

«Մեր եկեղեցին այսօր վախի վրա հիմնված է առաջ գնում, ամեն մարդ վախենում է խոսելուց, վախենում է սեփական տեսակետն արտահայտելուց, որովհետեւ եթե այդ տեսակետը չի համընկնում բարձրաստիճան հոգեւորականների տեսակետի հետ, այդ մարդու գլխին տալիս են: Իսկ այդ մարդն ընտանիք, երեխաներ, հարազատներ ունի: Դրա համար էլ լռում ու չեն խոսում: Եթե մեր հոգեւորականներին այսօր ազատություն տան, ես վստահ եմ, որ նրանք ոտքի կելնեն ու բոլորն էլ բարեփոխումներ կանեն, կխոսեն»((Կարգալույծ արված հոգեւորականը բացահայտումներ է արել, հարցազրույց կարգալույծ արված քահանա Տ. Մարտիրոս Բերբերյանի հետ, http://galatv.am/hy/news/680780545/#.U2O35oQgmVA.facebook)):

«Այսօր, դժբախտաբար, մեր եկեղեցին եկեղեցի հասկացողությունից դուրս է եկել, դարձել է մի ընկերություն, հիմնարկ, որտեղ քահանան պաշտոնյա է, եպիսկոպոսը՝ մասնաճյուղի տնօրեն, կաթողիկոսն էլ՝ գլխավոր տնօրեն: Այդ ձեւով ուզում են եկեղեցի ղեկավարել: Եկեղեցին պետք է հիմնված լինի սիրո վրա: Եկեղեցու մեջ կանոն, ստորագրություն, թուղթ, նամակ՝ այդպիսի բաներ չկան: Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ մենք իր անդամներն ենք»((«Մեր եկեղեցին դարձել է մի հիմնարկ, որտեղ քահանան պաշտոնյա է, եպիսկոպոսը՝ ֆիլիալի տնօրեն, կաթողիկոսն էլ՝ գլխավոր տնօրեն», www.hetq.am)):

«Այժմ ես անպաշտոն եմ, բայց կարգալույծ չեմ, թեեւ, որ կարողանային, դա էլ կանեին: Ես Կիլիկիո միաբան եմ, ինձ զրկել են Արեւմտյան Եվրոպայի պատրիարքության մեջ ունեցած իմ պաշտոնից: Գրավոր նամակով են ինձ տեղեկացրել այդ մասին, բայց պատճառ չկար նշված: Նրանք զայրացել էին իմ ելույթից, որն ունեցել էի հունիսի 29-ի ցույցի ժամանակ` դեսպանատան շենքի դիմաց,- «Ասպարեզի» հետ զրույցում ասաց Տեր-Արմեն քահանա Մելքոնյանը եւ փոխանցեց այն ամենը, ինչ ասել էր ինքնաբուխ, խաղաղ ցույցի ժամանակ,- ես իմ խոսքում ասել էի, որ հավաքվել ենք այստեղ` «Սասնա ծռեր» խմբի հերոս տղաներին զորակցություն հայտնելու, որոնք իրենց արյունով պահպանել են մեր սահմանները, իսկ այսօր մեծ ցավ ենք ապրում, որ այդ հերոս տղաները ենթարկվում են բռնության: Նրանք իրենց այդ քայլով հաստատում են, որ հայ ժողովուրդը ծնկի չի գալու, ապրելու է ազատ եւ անկախ Հայաստանում,- պատմում է քահանան»((Հոլանդիայում ցույցերին մասնակցած քահանային պաշտոնազրկել են, բայց չեն հիմնավորել, 18 օգոստոս, հարցազրույց Տեր-Արմեն քահանա Մելքոնյանի հետ, 2016, http://www.asparez.am/news-hy/holandia-cuyc-qahana_hy/)):

«Այս քայլը իմ մտքի ազատության դեմ է: Մեզնից յուրաքանչյուրն ազատ է իր միտքն արտահայտելու համար: Ես 20 տարի ապրել եմ Եվրոպայում, իսկ այդ տարիների ընթացքում իմ հոժարությամբ, առանց շահի ծառայել եմ իմ ժողովրդին: Ես կանգնել եմ իմ ժողովրդի կողքին եւ իր իրավունքները պաշտպանել: Եկեղեցին սատարում է իշխանությանը, ես ուրիշ մեկնաբանություն չունեմ այս հարցում,-եզրափակում է նա»((Հոլանդիայում ցույցերին մասնակցած քահանային պաշտոնազրկել են, բայց չեն հիմնավորել, 18 օգոստոս, հարցազրույց Տեր-Արմեն քահանա Մելքոնյանի հետ, 2016,  http://www.asparez.am/news-hy/holandia-cuyc-qahana_hy/)):

«Սակայն ժամանակը եկաւ փաստելու, թէ արտաքինն ու նիւթականն էր էականն ու Ձեզ հետաքրքրողը: Անկարելի է, որ վախի եւ սպառնալիքի մթնոլորտի մէջ առողջ սերունդներ հասնին, բան մը որուն պատճառով պիտի տուժեն մեր ժողովուրդը եւ Մայր եկեղեցին, որոնք ամէն ժամանակէ աւելի կարիքը ունին մաքրակրօն, զարգացած եւ իրա՛ւ եկեղեցականներու եւ ո՛չ թէ գարշապար լիզողներու… Վաճառականական եւ առեւտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն: Դուք կրնաք մարդ առնել ու ծախել, սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ ԵՒ ԻՒՐԱՑՆԵԼ»((Երուսաղեմի պատրիարքը հանդիմանական նամակ է հղել Գարեգին 2–րդին, օգոստոս 25, 2016, http://www.7or.am/am/news/view/112364/)):

«Ձեր մտածելակերպին պէս սոփեստ եւ անպատասխանատու են ձեր արտայայտութիւններն ու որոշումները: Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ընթացքին արտաքին հարուածներէն այնքան չէ սոսկացած, որքան այն անմիտ եւ քանդիչ փորձերէն, զորս դո՛ւք, Վեհափառ, ծոցածին զաւակը այս նոյն Եկեղեցւոյ, կը պատրաստէք ի՛ր մէջէն՝ ի՛ր դէմ: Հայ Եկեղեցին բաժնել իր նկարագրէն՝ պիտի նշանակէր կտրել պորտը իր անցեալէն, ուր կրօնի զգացումն ու ազդեցութեան գաղափարը փոխադարձաբար իրար ամրապնդած եւ իրար հետ շաղահիւսուած են, յօրինելով մեր Հայու դիմագիծը եւ ստեղծելով հրաշքը մեր դարերուն»((Երուսաղեմի պատրիարքը հանդիմանական նամակ է հղել Գարեգին 2–րդին, օգոստոս 25, 2016, http://www.7or.am/am/news/view/112364/)):

«Այս օրերուս, մեր Եկեղեցին կը գտնուի այնպիսի վիճակներու եւ երեւոյթներու դիմաց, որոնք լուրջ կասկածներու եւ տրտում հեռապատկերներու կը տանին մեր միտքը, երբ վայրկեանի մը համար միայն աչքի առաջ ունենանք մեր երբեմնի ազգային եւ կրօնական այն բոլոր առաքինութիւնները, որոնց շնորհիւ մեր ժողովուրդը երբեմն բան մը արժած եւ տակաւին կրնայ արժել: Քա՛ջ գիտցէք, որ ժողովուրդի մը ոյժին եւ մեծութեան գաղտնիք նիւթն ու նիւթականը չեն, որովհետեւ ժողովուրդներ չեն մեռներ իրենց ստացած ֆիզիքական վէրքերէն, այլ աւելի, հոգեկանէն: Մեզ ազգովին հարուածողը մեր դիմագրաւած աղէտներէն աւելի մեր ազգին ղեկավարներու անտարբերութիւնն ու եսակեդրոնացումն է, եւ այս մէկը բնական մահ մը կրնայ նկատուիլ ժողովուրդի մը համար: Ժամանակը եկած է, Վեհափառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցէ ունեցած էք, ապա թէ ոչ, դուք եւս ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ»((Երուսաղեմի պատրիարքը հանդիմանական նամակ է հղել Գարեգին 2–րդին, օգոստոս 25, 2016, http://www.7or.am/am/news/view/112364/)):

«Ինձ ցավ պատճառեց այն, որ Գարեգին Բ Ներսիսյանը Ազգային ժողով ներկայացրեց մի ցուցակ՝ 400 կառույցներ («օբյեկտ» բառը օգտագործելով), որոնք հարկերից ու տուրքերից պետք է ազատվեն: Ես իբրեւ հոգեւորական համամիտ եմ, որ եկեղեցին պետք է տուրքերից որոշ տեղերում ազատվի, սակայն սա այն դեպքում, երբ խոսքն անմիջապես եկեղեցու ու հոգեւոր հարցերին է վերաբերում, մնացած դեպքում բարի եղեք բոլորին հավասար հարկեր եւ տուրքեր վճարեք՝ գործարան եք կառուցում, ագարակներ եք պահում, թե մեկ այլ բան: Այդ 400 կառույցի ցուցակի մեջ ինչեր են մտնում՝ գետեր, լճեր, մարզադաշտեր, շենքեր եւ այլն: Իսկ Ազգային ժողովի անբարոյական անդամները ընդունեցին այն՝ դա մեծ անբարոյականություն է, քանզի այդ տուրքերը գնում են երեխաներին, ուսուցիչներին, թոշակառուներին եւ մեր հանրային կյանքի բոլոր կարիքներին, եւ հետեւաբար Ազգային ժողովը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ մեկտեղ կողոպտում են մեր ժողովրդին: Ազգային ժողովն այդ նախաձեռնությունը հաստատելով՝ կանաչ լույս է տալիս որոշ անձանց՝ զբաղվելու բիզնեսով: Հոգեւորականը չի կարող զբաղվել բիզնեսով»((Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան. «Գարեգին կաթողիկոսը, նստած աթոռին, իրեն Աստված է զգում», 05.05.2014, http://galatv.am/hy/news/7547546454/)):

«Ազգային եկեղեցական ժողովն ունի երեք կարեւոր հանգամանք՝ ընտրում է կաթողիկոսին, փոփոխություններ է մտցնում մեր կանոնադրության մեջ, եւ երրորդ՝ ընտրում է Գերագույն հոգեւոր խորհուրդ: Գարեգին Ներսիսյանը առաջին օրից, երբ եկավ բազմեց Լուսավորչի գահին, պատվեր արձակեց եւ իր համար ոչ հանդուրժելի եկեղեցական անդամներին հանեց եւ կազմեց նոր հոգեւոր խորհուրդ: Հետեւաբար այդ օրվանից էլ նոր կազմավորված այդ հոգեւոր խորհրդի ստորագրություններն ապօրինի են ու հետեւանքները տեսնում ենք առ այսօր: Մեսրոպ արքեպիսկոպոս Պոլսո պատրիարքի նամակը՝ հղված Գարեգին Երկրորդ կաթողիկոսին, ամբողջությամբ կետ առ կետ նշում է այդ տարիների ընթացքում նրա թույլ տված սխալները: Գործունեության սխալն այդտեղից է գալիս ու շարունակվում»((Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան. «Գարեգին կաթողիկոսը, նստած աթոռին, իրեն Աստված է զգում», 05.05.2014, http://galatv.am/hy/news/7547546454/)):

««Չեն գործում կանոնները, եկեղեցին վերածվել է, այսպես ասած, մի օբյեկտի, որը կառավարում են երկու եղբայրները եւ մեկ քրոջ որդին». եկեղեցուն այսպիսի բնութագրում էր տվել Գերմանիայում բնակվող Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կարգալույծ հոգեւորական Հովհաննես աբեղա Սահակյանը՝ Գարեգին Բ-ին ուղղված իր բաց նամակում: Արդյունքում եկեղեցին իր դերակատարությունը փոխել է՝ իշխանություններին ծառայող, ռեժիմին սպասարկող մի կառույց է դարձել, որն իրավունք չունի եկեղեցի կոչվելու: Սա արդեն վերջնակետն է: Հիմնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք, երկու ճանապարհ ունի. առաջինը, որը ես կնախընտրեի, հանդարտ ճանապարհն է՝ Գարեգին Բ-ի հրաժարականը, իսկ երկրորդը՝ գահընկեցությունը: Մեր ֆեյսբուքյան էջում նյութեր կան, որտեղ փաստարկներ են բերվում, որ Գարեգին Բ-ն ընտրված չէ, այլ Լուիս Սիմոն Մանուկյանի փողերով, ոճրագործության արյան գնով նա հասել է պաշտոնի՝ կաշառելով այն ժամանակվա իշխանություններին, եկել է Երեւան, կանգնել է եկեղեցու գլուխ եւ սկսել է քայքայել այն: Պետք է ասեմ, որ մարդիկ դժգոհ են այն վիճակից, որը տիրում է Սփյուռքում, որովհետեւ Սփյուռքը քանդվում է: Այն, որ Հայաստանում վերջին ցույցերի ժամանակ ամենավերջին այլանդակ խոսքերով նախշազարդում էին կաթողիկոսին, դա ժողովրդի, ազգի տրամադրությունն է»((Տեր-Սահակ. Գարեգին Բ-ն կամ պետք է հրաժարական տա, կամ գահընկեց արվի, 08.09.2016 http://newsline.am/am/news/view/40745.html)):

Ինչպես տեսնում ենք, կարգալույծների մեծ մասի քննադատության հիմնական թեմաներն են կաթողիկոսի անձը, նրա մոտ հարազատների կողմից եկեղեցու «բռնազավթումը», որոշումների ընդունման ու ֆինանսական միջոցների վերահսկման ոչ թափանցիկ լինելը եւ կաթողիկոսի ու բարձրաստիճան այլ հոգեւորականների կոռուպցիայի թեմաները:

Մյուս հիմնական թեման, որ հաճախ կարելի է գտնել ելույթներում, դա եկեղեցու ոչ արդյունավետ պայքարն է «աղանդների» դեմ. «Մարտահրավերները շատ են, սակայն դրանցից առաջինը ես համարում եմ որակյալ եւ ուսյալ, սրբակենցաղ ու աստվածահավատ եկեղեցականների պատրաստությունը, որից էլ կախված է եկեղեցու առաքելության հաջողությունը: Իսկ երկրորդ մարտահրավերը աղանդավորական, հեթանոսական շարժումներին, ինչպես նաեւ անաստվածությանը դիմակայելն է ուղղափառ վարդապետությամբ, առաքինի կյանքով եւ անձանձրույթ ավետարանչությամբ»((Մեր եկեղեցում, ցավոք սրտի, գործում է բուրգի օրենքը, հարցազրույց Հայր Եղիա Խաչատրյանի հետ, 28 դեկտեմբերի 2013, http://www.lragir.am/index/arm/0/interview/view/93150)):

Հանուն արդարության պետք է նշենք, որ եկեղեցու բարեփոխումների մասին հոդվածներ եւ վերլուծություններ, այնուամենայնիվ, հրապարակվում են: Նման ծավալուն վերլուծություններով, ի մասնավորի, հանդես են գալիս կարգալույծ հռչակված միաբանները:

«Սա նախ եւ առաջ պահանջում է մտածելակերպի լուրջ փոփոխություն: Ես որքան հասկացա, մեր եկեղեցին դեռ պատրաստ չէ բարեփոխումների, հակառակ որ դա անխուսափելիորեն անհրաժեշտ է մեզ: Ես ավելի շատ սիրում եմ գործածել «բարեկարգում» բառը, քանի որ ոչ թե ցանկություն կա փոփոխելու եղածը, այլ` վերականգնելու կորցրածը: Սակայն ցանկությունը շատ քիչ է, եթե չլինեն համապատասխան կադրեր: Բացի դրանից, մեզ մոտ, ցավոք սրտի, գործում է բուրգի օրենքը, հետեւաբար ամեն ինչ թողնված է մեկի տրամադրությանը: Քրիստոնեական մյուս եկեղեցիներում այդպես չէ: Այնտեղ եկեղեցու հետ կապված բոլոր հարցերը լուծում է Եպիսկոպոսաց ժողովը, որն օժտված է լիարժեք իրավասություններով` ներկայացնելու Եկեղեցու ամբողջական դեմքը: Այդ ամենը, անշուշտ, կատարվում է` հավատարիմ մնալով ուղղափառ դավանանքին եւ Սուրբ Հայրերի ուսուցումներին ու կանոնական որոշումներին: …Առաջին հերթին ծեսի լեզվի` գրաբարի մատչելիությունն է: Սա նշանակում է, որ եկեղեցական յուրաքանչյուր արարողության ժամանակ հավատացյալը կամ նորադարձ հայորդին պետք է հասկանա աստվածապաշտության աղոթքները, շարականները, զգա դրանց հոգեպարար զորությունը, հպվի երկնային շնորհներին: Բայց ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ, եթե նա չի հասկանում Սուրբ Պատարագի եւ ժամերգությունների լեզուն: Ես կողմ չեմ գրաբարը փոխելուն: Աշխարհաբար լեզուն չունի այն աստվածեղեն խորհրդավորությունն ու հմայքը, ինչ որ ունի մեր Հայրերի լեզուն` գրաբարը: Սակայն կարելի է յուրաքանչյուր ծեսի տեքստը առանձին-առանձին հրատարակել փոքրիկ գրքույկների տեսքով` մի էջին դնելով գրաբար բնագիրը, իսկ զուգադիր էջին`դրա աշխարհաբար փոխադրությունը: Կամաց-կամաց վարժվելով տեքստերի բովանդակությանը, գրաբարն այդուհետ մեզ համար կդառնա հասկանալի եւ սիրելի: Երկրորդ կարեւոր բարեփոխումը ծեսի միօրինակությունն է, ծիսական գրքերի նույնականացումը: Երբեմն տարբեր հրատարակությունների ծիսամատյաններն ունենում են բովանդակային տարբերություններ, ինչն էլ բերում է ծեսի բազմազանության: Հայ եկեղեցին պետք է չբավարարվի միայն ծիսակատարությամբ, այլ անհագորեն սերտի եւ տարածի Աստծո Խոսքը: Դե իհարկե, այս ամենի կողքին հրատապ հրամայական է կյանքի կոչել վանական ավանդույթը` իր ուրույն առաքելությամբ»((Մեր եկեղեցում, ցավոք սրտի, գործում է բուրգի օրենքը, հարցազրույց Հայր Եղիա Խաչատրյանի հետ, 28 դեկտեմբերի 2013, http://www.lragir.am/index/arm/0/interview/view/93150)):

Հայր Եղիան հանդես է եկել նաեւ հոդվածաշարով, որը նվիրված է Եկեղեցու ճեմարանի խնդիրներին ու կրթության հարցերին((Հոգեւոր ճեմարանի առաքելությունը, 26 օգոստոսի, 2015,  http://hetq.am/arm/news/62262/hogevor-tchemarani-araqelutyuny.html)):

Կարգալույծ հռչակված՝ Ժնեւ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Աբել քահանա Մանուկյանը «Հայ եկեղեցին ժամանակի մարտահրաւերներուն դիմաց» գիրքը նույնպես եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերին ու բարեփոխումների խնդիրներին է նվիրված((Հայ եկեղեցին ժամանակի մարտահրաւերներուն դիմաց, Դոկտ. Աբէլ քհնյ. Մանուկեան, Պէյրութ, 2006, http://new.religions.am/hy/document/religious/hay-ekeghets-in-zhamanaki-martahrawernerown-dimats)):

Էջմիածնի նախկին միաբան աստվածաբան Գեւորգ Ղազարյանը նույնպես հաճախ է հանդես գալիս լուրջ վերլուծություններով((Ազգ եւ եկեղեցի. աստվածաբանական-պատմական մոտեցում, Գեւորգ Ղազարյան, http://www.religions.am/arm/articles/Ազգ-եւ-եկեղեցի-աստվածաբանական-պատմական-մոտեցում/)):

Եկեղեցու բարեփոխումներին նվիրված ծավալուն հոդվածաշարերով է հանդես գալիս նաեւ Լոս Անջելեսի Մխիթարյան վարժարանի նախկին տնօրեն Ոսկան Մխիթարյանը, որը կարգալույծ եղած հոգեւորական չի, ոչ էլ Էջմիածնի միաբան է եղել, սակայն այդ հոդվածաշարը լրջորեն վերլուծում է Եկեղեցու բարեփոխման խնդիրը տարբեր ասպեկտներում((Հայց. Եկեղեցւոյ բարեկարգութեան հրատապ հարցը, Ոսկան Մխիթարյան, http://www.religions.am/arm/articles/Հայց_-Եկեղեցւոյ-բարեկարգութեան-հրատապ-հարցը-i/)): Մի քանի հոդվածների հղումները բերված են տողատակում:

 

Օրենսդրության փոխակերպումները եկեղեցու դիսկուրսին համապատասխան

 

Վերը մենք ցույց տվեցինք, թե որոնք են կղերականների պատկերացումները պետության եւ հասարակության կյանքում եկեղեցու դերի մասին: Այժմ ցույց կտանք այդ պատկերացումներին համապատասխան օրենսդրության փոխակերպումները: Այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը միացել է միջազգային բազմաթիվ կոնվենցիաներին, նաեւ Հայաստանը ստանձնել է միջազգային շատ պարտավորություններ եւ չի կարող կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնք ակնհայտ կերպով կխախտեն այդ պարտավորությունները, սակայն փորձեր են արվում որոշակի երկիմաստ ձեւակերպումների միջոցով շրջանցել այդ պարտավորությունները:

2005թ. Սահմանադրության մեջ ասվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Ուշագրավն այն է, որ այս ձեւակերպումը գրեթե նույնությամբ կրկնվում է Վրաստանի սահմանադրության մեջ, սակայն մեկ էական տարբերությամբ. Վրաստանի դեպքում շեշտվում է Վրաց եկեղեցու բացառիկ դերակատարությունը Վրաստանի պետության մեջ, մեր դեպքում` հայ ժողովրդի կյանքում եւ «ինքնության պահպանման գործում»: Այսինքն՝ առկա են երկու հայեցակարգային տարբերություններ` մեկի դեպքում եկեղեցին պետականաստեղծ կառույց է դիտարկվում, մյուսում` ազգային կամ, ավելի հստակ ձեւակերպման դեպքում, էթնիկ ինքնության վերարտադրության գործոն: Վրացական իրականության մեջ եկեղեցու միջոցով ասիմիլյացվում են մյուս ժողովուրդները, իսկ մեր դեպքում` առանձնանում ենք մյուս ժողովուրդներից:

2015-ին ուժի մեջ մտած նոր Սահմանադրության 17-րդ հոդվածում նշվում է, որ երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների ազատությունը, ինչպես նաեւ ասվում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Հայաստանի՝ աշխարհիկ պետություն լինելու մասին որեւէ հիշատակում չկա: Հաջորդող` 18-րդ հոդվածով ՀՀ-ը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը.

«Հոդված 17. Պետությունը եւ կրոնական կազմակերպությունները
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
2. Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
2. Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել հատուկ համաձայնագրով»:

17-րդ հոդվածում, ի տարբերություն նախորդ Սահմանադրության համապատասխան հոդվածի, «Պետությունը անջատ է եկեղեցուց» ձեւակերպումը փոխարինված է «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից» դրույթով: Հիմքեր կան ենթադրելու, որ փորձ է արվում օրենսդրորեն տարանջատել «կրոնական կազմակերպություն» իրավական կարգավիճակը Հայ եկեղեցու իրավական կարգավիճակից եւ, կարծես թե, պատահական չէ, որ Սահմանադրության նախագծում Հայ եկեղեցուն առանձին հոդված է նվիրված (Հոդված 18), որտեղ խոսվում է Հայ առաքելական եկեղեցու «բացառիկ» դերակատարության մասին: Այսինքն՝ փորձ է արվում տարանջատել «կրոնական կազմակերպություն» եւ «Հայաստանյայց առաքելական եկեղեցի» հասկացությունները, դրանք, ըստ էության, դառնում են տարբեր իրավական կատեգորիաներ: Փաստորեն Սահմանադրության մեջ կան նախադրյալներ, որոնք վկայում են, որ օրենսդրական հետագա փոփոխությունների օգնությամբ Հայաստանը կարող է վերածվել ոչ աշխարհիկ երկրի: Մի շարք օրենքների ուսումնասիրությունն այն տպավորությունն են ստեղծում, որ դրանք նախապես «պատրաստել» են նման օրենսդրական զարգացման համար:

ՀՀ բազմաթիվ օրենսդրական ակտեր պարունակում են դրույթ, համաձայն որի՝ որոշակի ոլորտում աշխատող պաշտոնատար անձը իրավունք չունի անդամակցել որեւէ կրոնական կազմակերպության։ Այդպիսի դրույթներ կան Զինվորական ծառայություն անցնելու մասին օրենքում (հոդված 1, մաս 3, կետ 3), Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում (հոդված 39, մաս 7), ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում (հոդված 43, մաս 1, կետ 8), Քրեակատարողական ծառայության մասին օրենքում (հոդված 32, մաս 7, կետ 1), Հայաստանի փրկարար ծառայության մասին օրենքում (հոդված 39, մաս 1-ին, կետ է), Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքում (հոդված 30, մաս 1-ին, կետ 7), եւ այլն: Ընդ որում, բոլոր դրույթները միանման են, այսինքն՝ անհատականացված չեն տվյալ օրենքի առարկայի ու նպատակի համար։

Նշված դրույթներն ընդհանրացված ու բացարձակ կերպով սահմանափակում են մտքի, խղճի ու կրոնական ազատության, կրոնական համոզմունքների ազատության իրավունքը աշխատանքային հարաբերություններում, որը կարող է գտնվել եւ՛ քաղաքացիաիրավական, եւ՛ հանրային հարաբերությունների հարթությունում։ Պարզելու համար, թե արդյոք սահմանափակումը իրավաչափ է, վերլուծենք այդ իրավունքի բովանդակություն, ինչպես նաեւ իրավունքի թույլատրելի սահմանափակման հիմքերը եւ նպատակները մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Այս խնդրով ավելի մանրամասն վերլուծությունը կարելի է գտնել տվյալ փաստաթղթում((Հայց. Եկեղեցին պատանդ է, Ոսկան Մխիթարյան, http://www.religions.am/arm/articles/Հայց-Եկեղեցին-պատանդ-է/
Արա Ղազարյան, Ստեփան Դանիելյան, ՀՀ մի շարք օրենքներում կրոնական հիմքով խտրական ձեւակերպումների վերանայման անհրաժեշտության մասին (Կարծիք), http://www.religions.am/arm/articles/ՀՀ-մի-շարք-օրենքներում-կրոնական-հիմքով-խտրական-ձեւակերպումների-վերանայման-անհրաժեշտության-մասին- Կարծիք/))։

Հայտնի է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորները հոգեւոր ծառայություն են իրականացնում ՀՀ զինված ուժերի համակարգում։ Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, միայն 2016 թվականին շուրջ 70 միաբաններ հոգեւոր ծառայություն են իրականացնում զորամասերում՝ մինչեւ 5 տարի ժամկետով։ Ակնհայտ է, որ նրանք զորամասերում իրականացնում են այլընտրանքային ծառայություն՝ նրանց ծառայությունը կապված չէ մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու հետ։ Այդուհանդերձ՝ նրանց հավաքագրումը չի կատարվում Այլընտրանքային ծառայության մասին օրենքով սահմանված կարգով։ Ծառայությունն իրականացվում է ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց կաթողիկոսի հրամանով, որն օրենքի կարգավորումից դուրս է։ Մյուս կողմից ակնհայտ է, որ նրանց ծառայությունն այլընտրանքային քաղաքացիական ծառայություն չէ, քանի որ ծառայությունն իրականացվում է զորամասերում։ Հետեւաբար, հարց է ծագում, թե որ օրենքով են այդ անձինք իրականացնում հոգեւոր, այլընտրանքային ծառայություն ՀՀ զինված ուժերում։ Եթե որպես կարգավորող իրավանորմ փորձենք հիմնվել «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի վրա (որը վերնագրված է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարեխնամ գործունեությունը» եւ սահմանում է, որ ՀԱՍԵ-ն իրավունք ունի ունենալու մշտական հոգեւոր ներկայացուցիչ զորամասերում), ապա դա կհակասի այդ օրենքի առարկային ու նպատակին, քանի որ նշված օրենքը վերաբերում է ՀԱՍԵ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերություններին, այլ ոչ թե այլընտրանքաին զինվորական կամ քաղաքացիական ծառայությանը։ Բացի դրանից, 10-րդ հոդվածում խոսվում է զինված ուժերում ՀԱՍԵ-ի ներկայացուցիչ ունենալու, այլ ոչ թե զինվորական ծառայություն իրականացնելու մասին։ Հետեւաբար, 10-րդ հոդվածը չի կարող հանդես գալ հոգեւոր ծառայությունը որպես այլընտրանքային զինվորական ծառայության տարատեսակ սահմանված լինելու իրավական հիմք։ Նմանապես, հնարավոր չէ պնդել, որ հոգեւոր ծառայությունը որպես այլընտրանքային զինվորական ծառայության տարատեսակ սահմանված է Այլընտրանքային ծառայության մասին օրենքի համաձայն, քանի որ այդ օրենքում նման բան ուղղակիորեն սահմանված չէ։

Վերը նշվածից կարելի է եզրահանգել, որ ՀԱՍԵ-ի սպասավորների հոգեւոր ծառայությունը զինված ուժերում օրենքով չնախատեսված գործունեություն է, այսինքն՝ անօրինական է((Այս մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «ՀՀ մի շարք օրենքներում կրոնական հիմքով խտրական ձեւակերպումների վերանայման անհրաժեշտության մասին» հոդվածում, հեղինակներ` Արա Ղազարյան, Ստեփան Դանիելյան,
http://www.religions.am/arm/articles/ՀՀ-մի-շարք-օրենքներում-կրոնական-հիմքով-խտրական-ձեւակերպումների-վերանայման-անհրաժեշտության-մասին- Կարծիք/))։

Նույնպիսի երկիմաստ ձեւակերպումներ կան կրթության մասին օրենքում: Հայաստանի Հանրապետության հանրակրթության մասին օրենքի գլուխ 1-ի հոդված 4-ի 3-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության ժողովրդավարական եւ աշխարհիկ բնույթը», սակայն նույն հոդվածի 8-րդ կետում ասվում է. «Կրոնական գործունեությունը եւ քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»: Ակնհայտ է, որ հանրակրթությունը կամ ունի աշխարհիկ բնույթ, կամ չունի եւ դասերի ժամանակ կրոնական քարոզը կամ արգելվում է, կամ չի արգելվում: Փաստորեն «…բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» շարադրանքը հիմք է պատրաստում հետագայում մեկ այլ օրենքով՝ հավանաբար կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենքով (ինչն արդեն շուրջ 10 տարի Վենետիկի հանձնաժողովի քննադատությունների պատճառով չի հաջողվում անցկացնել, չնայած նրան, որ արդեն երեք նախագծեր են շրջանառության մեջ դրվել), օրինականացնելու համար եկեղեցականների մուտքը հանրակրթական դպրոցներ եւ այնտեղ կրոնական քարոզների իրականացումը:

 

Վերջաբան

 

Մեր նպատակն էր ցույց տալ, որ արագորեն ընթանում է եկեղեցու եւ պետության սերտաճման գործընթացը, սակայն չի կարելի պնդել, որ եկեղեցու դերի մեծացմանը զուգահեռ մեծանում է նաեւ եկեղեցու հեղինակությունը: Ճիշտ հակառակը՝ հանության գիտակցության մեջ խորանում է այն տեսակետը, որ եկեղեցին նույնպես կոռումպացված այնպիսի մի կառույց է, ինչպիսին Հայաստանի իշխանությունն է: Այդ տեսակետի հաստատմանը նպաստում են կարգալույծ եղած միաբանների բաց նամակներն ու հարցազրույցները, որոնք հաճախ են հայտնվում ԶԼՄ-ներում՝ ձեւավորելով եկեղեցու հանդեպ բացասական հանրային կարծիք: Սակայն չի կարելի պնդել, որ կարգալուծության դեպքերի հիմնական պատճառն ունի գաղափարական հիմքեր եւ եկեղեցու ներսում առկա է բարեփոխումների շարժում:

Հոդվածում վերլուծված են խղճի ազատության իրավունքի վերաբերյալ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ներկայացուցիչների եւ ՀՀ պետպաշտոնյաների հրապարակային ելույթները: Միաժամանակ լուսաբանվում են այդ հայտարարություններին համահունչ կերպով կատարվող օրենսդրական դաշտի փոխակերպումները, ինչպես նաեւ ներկայացվում են կարգալույծ հռչակված միաբանների հրապարակային հայտարարություններից ու ելույթներից դրվագներ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք եկեղեցում կան այլընտրանքային կարծիքներ եկեղեցու բարեփոխումների եւ արդիականացման հարցերի վերաբերյալ:

 

Степан Даниелян
Общественный дискурс Армянской апостольской церкви

Наша цель была показать, что процесс сращивания Церкви и Государства происходит в ускоренном темпе. Однако при этом нельзя утверждать, что параллельно с ростом роли церкви, растет также и ее авторитет. Наоборот, в сознании общества углубляется мнение, что церковь такая же коррумпированная структура, как и власть. В статье проанализированы публичные выступления представителей Армянской Апостольской церкви и государственных должностных лиц РА о праве свободы совести. Одновременно освещены трансформации, происходящие в законодательном поле в соответствии этими заявлениями, как и для понимания существуют ли в церкви альтернативные мнения в вопросах реформ и модернизации церкви, представлены фрагменты из выступлений духовных лиц, лишенных духовного сана.

 

Stepan Danielyan
Public Discourse around the Armenian Apostolic Church

The purpose of this study is to show that the process of coalescence of Church and State is happening at an accelerated pace. However, we cannot argue that the church’s credibility increases in correlation with the growth of its role. On the contrary, the view that the church is as corrupt as the authorities deepens in the social consciousness. The author analyzes public statements by the representatives of the Armenian Apostolic Church and the Armenian government officials about the right of freedom of conscience. At the same time, the article covers transformations taking place in the legislative field in line with these statements, as well as some fragments of public statements and speeches by clerics defrocked to understand whether there are alternative views within the church about reform and modernization issues.