Հայ եկեղեցին վտանգված է քաղաքականության և գաղափարախոսության գայթակղությունների պատճառով

  • 02/01/2022
  • Վարդան Ջալոյան

  • մշակութաբան

Քրիստոնեությունը գաղափարախոսություն չէ. Այն ունիվերսալ ուսմունք է, վեր ամեն տեսակի կուսակցականությունից: Դա կարելէ տեսնել Նոր Կտակարանում, որտեղ նկարագրվում է առաքյալների վեճերը, որոնք հավատի և եկեղեցու խնդիրներում ունեին իրարամերժ գաղափարներ: Կարծում եմ, որ եկեղեցու և հավատի անկումը սկսվեց այն պահից, երբ եկեղեցին որդեգրեց հնազանդության քարոզը: Հայ առաքելական եկեղեցին արդեն 6-րդ դարում վերջնականապես որդեգրեց Սասանյան կայսերությանը հնազանդվելու քաղաքականությանը և հակադրվեց ազատագրական պայքարին: Հետո՝ 8-րդ դարում՝ Արաբական խալիֆաթին և ապա՝ մյուս նվաճողների մինչև Ռուսական ցարիզմը:

Բայց 19-րդ դարում եկեղեցուն սպասվում էր նոր փորձություն, որը կոչվում էր գաղափարախոսություն: Գաղափարախոսություն՝ իդեոլոգիա եզրը ստեղծել է Ֆրանսիական մեծ հեղափոխության և Նապոլեոնի ժամանակակից Դաստյուտ դե Տրասին(1754-1836)((Иванова А.С., Начала «идеологии» : Антуан Дестют де Траси и его наука об идеях/ http://vphil.ru/index.php?option=com_content&task=view&id=809)): Դաստյուի դե Տրասին լուսավորական ռացիոնալիզմի փիլիսոփայության ներկայացուցիչ էր, որի Իդեոլոգիայի տեսությունը փաստորեն աշխարհիկ աստվածաբանություն էր: Գաղափարախոսությունը, այսպիսով, լրացնում և փոխարինում է կրոնական աշխարհայացքը և ունի իր սպասավորներ-քրմերը՝ մտավորականությունը:

Գաղափարախոսությունը կրկին քննարկման առարկա է դառնում Կառլ Մարքսի «Գերմանական գաղափարախոսություն»((https://www.marxists.org/russkij/marx/1845/german_ideology/)) (1846) գրքի շնորհիվ, որտեղ ինչպես գաղափարախոսությունը, այնպես էլ կրոնը հայտարարվում են «կեղծ գիտակցության» ձևեր: Բայց գաղափարախոսությունների ազդեցությունը առավելագույնն էր 20-րդ դարում, հատկապես ամբողջատիրական վարչակարգերում: Ստալինիզմը, նացիզմը, ֆաշիզմը, նաև հայկական ցեղակրոնը միայն գաղափարախոսություններ չէին, այլ Էրիխ Ֆյոգելինի(1939) բնութագրմամբ «քաղաքական կրոններ»((Առաջին հրատարակությունը՝ Eric Voegelin (1939) Die politischen Religionen: «Քաղաքական կրոնների» երևույթը նա կապում էր ամբողջատիրական վարչակարգերի հետ: Ռայմոն Առոնը նույն երևույթը անվանում է «աշխարհիկ կրոններ»:)):

Ըստ մարքսիստ փիլիսոփա Լուի Ալտյուսերի գաղափարախոսությունը «կանչ է»: Եթե դասակարգի կանչն է՝ կոմունիստական գաղափարախոսություն է, եթե ցեղի կանչն է՝ ռասիստական, եթե ռանչպարների կանչն է՝ հողի և այլն, բայց եթե Աստծո «կանչն է», ապա հավատ է:

Դեռ 1960 թ. Դանել Բելը հայտարարեց, որ Արևմուտքում այլևս գաղափարախոսություններ չկան: Եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, ապա, իհարկե, Արևմուտքում գաղափարախոսությունները չանհետացան, այլ փոխակերպվեցին: Նրանք, պարզապես, քաղաքական փիլիսոփայության ոլորտից տեղափոխվեցին սոցիոլոգիա և քաղաքական «փաստից» վերածվեցին սոցիալական փաստերի((Ժամանակակից աշխարհում իդեոլոգիայի բնույթը, օրինակ, կարելի է ծանոթանալ Սլավոյ Ժիժեկի աշխատանքներից: Կրոնի և աթեզմի մասին՝ Սլավոյ Ժիժեկ. Դավանանքի պաշտպանները/http://ananun.livejournal.com/723.html?thread=3539)): Դա պայմանավորված էր II Աշխարհամարտից հետո Արևմուտքի աշխարհիկացման ընթացքների ուժեղացման: Ինչպես կրոնը, այնպես էլ գաղափարախոսությունը պահանջում են հավատ, իսկ աշխարհիկացումը քայքայում է այդ հիմքը:

Այսպիսով, ոչ միայն կրոնն է իր աստվածաբանությամբ ազդել գաղափարախոսության վրա, այլ նաև՝ գաղափարախոսությունը կրոնի: Ըստ էության, ուղղափառ, կաթոլիկ կամ Հայ Առաքելական եկեղեցիներում գաղափարախոսությունն ավելի կարևոր է, քան՝ աստվածաբանությունը:

Գերմանական քաղաքական փիլիսոփա Կառլ Շմիդտը իր «Քաղաքական աստվածաբանություն» (1922, երկրորդ լրացված հրատարակությունը՝ 1933), որ գաղափարախոսության հիմքում ընկած է մարդու բնության մասին պատկերացումը, համարում է, որ մարդու բնույթը մեղսավոր է և մարդու ավերիչ բնազդները զսպելու համար անհրաժեշտ է հեղինակություն և ամուր իշխանություն: Լիբերալները մարդու բնույթը համարում են կամ բարի, կամ գոնե չեզոք և կարծում են է, որ չարիքը գալիս է հեղինակության և իշխանության չարաշահումից:

Եթե այս մոտեցումը կիրառենք աստվածաբանության վրա, ապա կտեսնենք, որ վաղ միջնադարում միաբնակների և երկբնակների միջև ընթացող վեճերի ժամանակ, միաբնակները պահպանողական են, որովհետև Քրիստոսի մեջ ստորադասում են մարդու բնությունը իսկ երկբնակներն մարդկային էությունը շեշտում են: Օրինակ. Այն ժամանակներում Հայ Առաքելական եկեղեցու կողմից երկբնակության համար նզովված Թեոդորոս Մոպսեստուացին (350 – 428) համարում էր, որ մարդը ունակ է բարոյական ինքնակատերելագործման առանց աստվածային միջամտության: Բայց այդ քրիստոսաբանական վեճերը դեռ գաղափարախոսություն չէին:

Գաղափարախոսություն նրանք դարձան Հուստինիանոս Մեծի ժամանակ, որը կայսերությունն ամրապնդելու համար աստվածաբանական բանավեճը սկսեց օգտագործել որպես իշխանության գործիք: Համարյա նույն ժամանակ, 554 թ. Դվինի երկրորդ ժողովը որոշեց հարեց միաբնակության մի ծայրահեղ աղանդի՝ աֆտարդոկետիզմին, որը պնդում էր, որ Քրիստոսի չարչարանքները մարդկանց թվացել են: Անշուշտ, այդ քայլը արվել էր քաղաքական նկատառումներով, Հայաստանում մինչ այդ աֆդարդոկետիստներ չեն եղել:
Գաղափարախոսությունները տարբերակվում են ըստ բացության և փակության: Փակ գաղափարախոսոււթյունները բացառող են, պահպանողական, բաց գաղափարախոսությունները ներառնող են, ընդունում են նորամուծությունները: Առաքյալների վիճում էին, թե արդյոք քրիստոնեությունը պետք է սահմանափակվի հրեական համայնքներով, թե քարոզվի բոլոր ժողովուրդների շրջանում: Հաղթեց երկրորդը՝ Պողոս առաքյալի տեսակետը, քանզի քրիստոնեությունը բաց ոււսմունք է, իսկ առաջին քրիստոնեաները նորարներ էին, որոնք իրենց անվանում էին նոր մարդիկ: Նկատենք, որ այդ վեճերում ամենապահպանողականը Ս. Հակոբոսի երուսաղեմյան համայնքն էր, իսկ Հայ առաքելական եկեղեցին 6-րդ դարից օրինակելի է համարում հենց Երուսաղեմի եկեղեցին: Դա բոլորովին չի վերաբերվում հայ ժողովրդին, որի զգալի հատվածը միջնադարում հարում էր պավլիկյան աղանդին, որը իրեն համարում էր Պողոս առաքյալի գաղափարները կրողը և տարածողը:

Մեկ այլ օրինակ: VI-րդ դարի սկզբում Հայ եկեղեցում տեղի է ունենում բանավեճ. Կարելի՞ է անբարոյական համարել այն կնոջը, որ մինչև ամուսնությունը սեռական հարաբերություն է ունեցել: Կղերականների մեծամասնությունը համարում էր, որ, այո՛, դա պոռնկություն է, բայց Ղազար Փարպեցին համարում էր, որ եթե այն սեր է, պոռնկություն չէ: Ս. Մալխասյանցը և բազմաթիվ այլ նշանավոր հայագետները նշել են Հայ եկեղեցում առկա պահպանողական և ազատական կուսակցությունների գոյությունը:

Եկեղեցին, համաձայն քրիստոնեական ունիվերսալիզմի, պետք է ընդգրկի իր մեջ և՛ պահպանողականությունը, և՛ լիբերալիզմը, խուսափի նրանց միջև ընտրություն կատարելուց, ինչը նշանակում է ընկնել գաղափարախոսության ծուղակը: Եկեղեցու ներկայությունը քաղաքական տարածությունում միշտ աղավաղել է նրա նպատակը և առաքելությունը. Դերիլ Հարտը գրում է. «Այնտեղ որտեղ քրիստոնեաներն իրենց հավատը օգտագործել են քաղաքական նպատակների համար, նրանք որպես կանոն աղավաղել են քրիստոնությունը»((Hart, Darryl (2006) A Secular Faith: Why Christianity Favors the Separation of Church and State, Chicago: Ivan R. Dee.)):

Որպես դասական օրինակ կարող է ծառայել Կաթոլիկ եկեղեցու հակամոդեռնիստական ուսմունքը: Կաթոլիկ եկեղեցիվ լուսավորականության գաղափարների դեմ վարել է երկարատև պայքար, որ ավելի շատ պատերազմ է հիշեցնում: Հռոմեական հակամոդեռնիզմը դասական պահպանողական գաղափարախոսության օրինակ է, որը հանդես էր գալիս հասարակության արդիականացման դեմ, որի սկզբունքները ձևակերպվեցին Վատիկանի I համաժողովում: Հռոմեական հակամոդեռնիզմը Գաբրիել Այվազովսկու, մխիթարյանների միջոցներով մեծ ազդեցություն է գործել նաև Հայ առաքելական եկեղեցու վրա:

Արդիականացման հետ Հռոմեական կաթոլիկ եկեղեցին հաշտվեց Վատիկանի II համաշողովում, որի միջև ընկած էր մի դարաշրջան, երբ եկեղեցին համագործակցում և աջակցում էր ամբողջատիրական և բռնապետական տարատեսակ վարչակարգերին:

XIX դարի վերջին Հայ առաքելական եկեղեցին դանդաղորեն ազատվում է պահպանողական գաղափարախոսությունից, որպեսզի ընկնի ազգայնական գաղափարախոսությունից ճորտական կախման մեջ: 1920-1990 թթ. Հայ առաքելական եկեղեցին Խորհրդային Միությունում ենթարկված էր կոմունիստական իշխանությանը, իսկ սփյուռքում այն միմյանց մեջ էին բաժանել Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Ռամկավար-Ազատական կուսակցությունը: Եվ ինչպես կոմունիստները, դաշնակները ևս չէին խորշում իրենց կուսակցական նպատակների համար անգամ հոգևորականների սպանություններից: Այժմ, XXI-րդ դարում, Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու կոկորդին են նստել Հանրապետական կուսակցությունը և օլիգարխները:

Գաղափարախոսությունը տրոհում է եկեղեցին, իրար հակադրում ավանդապաշտ և առաջադիմական հավատացյալներին, պահպանողականներին և ազատականներին, ազգայնականներին և կոսմոպոլիտներին, ֆեմինիստներին և հակաֆեմինիստներին, և այլն: Եկեղեցին Հայաստանում իրեն նույնականացնում է պահպանողական գաղափարախոսությունների հետ և ազատական հոգևորականը դիտվում որպես աղանդավոր, ում հետ վարվում են ճիշտ այնպես, ինչպես միջնադարում նման դեպքերում վարվում էր կաթոլիկ եկեղեցին, սակայ առանց խարույկներ վառելու: Եվ հակառակը, եթե պահպանողականը քարոզում է քրիստոնեության հետ անհամատեղելի գաղափարներ կամ գործում քրիստոնեության հետ անհամատեղելի արարքներ, դա նրան ներվում է:

Բայց ճիշտ է նաև հակառակը: Որոշ բողոքական եկեղեցիներ որդեգրեցին ազատական գաղափարներ, որոնք նույնպես նույն իրավիճակում հայտնվեցին:

Հայ առաքելական եկեղեցին, ինչպես շատ եկեղեցիներ, վտանգի մեջ է, բայց ոչ թե աշխարհիկացման և արդիականացման պատճառով, այլ՝ քաղաքականության և գաղափարախոսության բերած գայթակղությունների պատճառով, կղերականների տգիտության և նյութապաշտության պատճառով:

 

13/10/2016