Հայ եկեղեցու բարենորոգումների խնդիրը և հայ հասարակական կարծիքը 19-րդ դարի 50-70-ական թթ.

  • 04/03/2019
  • Աննա Ադամյան

  • կրոնագետ, Չինաստանի Նանծինի համալսարան

19-րդ դարի երկրորդ կեսին լուսավորական շարժումը ընդգրկեց կյանքի բոլոր բնագավառները՝ կենցաղ, տնտեսություն, գրականություն, կրոն, հասարակական միտք: Ձևավորվեց և զարգացավ հայ աշխարհիկ հասարակական միտքը, որն եկավ փոխարինելու կղերական գաղափարախոսությանը: Եթե մինչ այդ հասարակության մեջ լսելի էր միայն եկեղեցու և հոգևորականների ձայնը, ապա այժմ հայ հասարակական մտքում սկսեց գերիշխող դառնալ աշխարհիկ մտայնությունը, ձևավորվում է հայ հասարակական կարծիքը:

Դեռևս 19-րդ դարի սկզբից հայ գրական և հասարակական կյանքում սկիզբ առած լուսավորական շարժումը հատկապես նոր թափ ստացավ 19-րդ դարի 50-70 ական թթ: 19-րդ դարի երկրորդ կեսից հայոց եկեղեցին վերջնականապես կորցնում է առաջատարի իր դերն ինչպես հասարակական, այնպես էլ մշակութային կյանքում: Եթե մինչ այդ իշխողը կղերական գաղափարախոսությունն էր, ապա սկսած դեռևս 1828 թ.-ից, Արևելյան Հայաստանի Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, շնորհիվ կրթված մտավորականների ծավալած հասարակական գործունեության, երկրամասում ապրող ժողովուրդների մտավոր զարգացման համար լայն հեռանկարներ ստեղծվեցին:

Նախաձեռնությունն արդեն անցնում է եվրոպական կրթություն ստացած երիտասարդ մտավորականությանը, որը բերում է նոր աշխարհընկալում, տարածում է առաջադիմական գաղափարներ և պայքար ծավալում կղերական մտայնության դեմ((Տե՛ս Հայոց Պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), խմբ. Հ.Ռ.Սիմոնյանի, Երևան, 2000, էջ 307:)): Առաջին անգամ, հայ ժողովրդի պատմության մեջ ձևավորվում է աշխարհիկ հասարակական միտքը, քանի որ, եթե մինչ այդ միայն եկեղեցին և հոգևորականներն էին հանդիսանում ժողովրդի կրթության և լուսավորության կազմակերպիչները, հետևաբար նրանց էր պատկանում հասարակաության մեջ հանդես գալու և իրենց դիրքորոշումը արտահայտելու մենաշնորհը, ապա 19-րդ դարի երկրորդ կեսից հայ եկեղեցին սկսում է իր դիրքերը աստիճանաբար զիջել հասարակական գործիչներին, որոնք արդեն իրենց վրա են վերցնում ժողովրդի կրթության, նրա կյանքին վերաբերող տարբեր հարցերի քննարկումը և լուծումն ապահովելու պատասխանատվությունը:

Հայ մտավորականները հնարավորություն ստացան բարձրաձայնելու իրենց կարծիքը, արտահայտվելու հայ ժողովրդի կյանքին վերաբերող տարբեր, այդ թվում նաև կրոնական և եկեղեցական հարցերի նկատմամբ:
Ալեքսանդր Երիցյանն այսպես է ներկայացնում դարաշրջանի գրական կյանքը. «Ռուսիոյ հայոց մեջ յիսուն թուականին հազիւ թէ մի 20 կամ 30 անձ լինէր համալսարանական գիտութեամբ, հայկաբան-գիտնականների թիւը գուցէ հասնէր հարիւրի, բայց դոցա մեջ յայտնի նշանաւորները հինգ վեց հատ էին. մի հարիւր անձը համարելու էր այն հայերի թիւը. որ շատ քիչ փող ծախսելով պատրաստ են երբեմն երբեմն հայերեն գիրք առնելու, մի երկու այդքան էլ կըլինէին, որոնք ուրիշներից գրքեր փոխառնելով կարդալու վարժուած էին: Այսքան էր մօտաւորապէս այն ժամանակուայ կարդալու ընդունակութիւն ունեցող հայերի թիւը ամբողջ Ռուսաստանում: Իսկ մնացած կէս միլլիօնից աւելի հայ հասարակութիւնը այբուբենից անգամ զուրկ ընկղմած էր խորը տգիտության մէջ»((Ա. Երիցեանց Ստեփանոս Նազարեանց և նորա գրական գործունեութիւնը», §Փորձ¦, 1879, նոյեմբեր, էջ 48:)):

Անշուշտ, կարծում եմ, որ Ա. Երիցյանցը իրավացի է, երբ նշում է, որ հայ բնակչության մեծ մասը, ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ Ռուսաստանում, գտնվում է համատարած տգիտության մեջ, քանի որ դպրոցական և կրթական համակարգը գտնվում էր շատ ցածր մակարդակում: Սակայն, այդ մի քանի տասնյակ կրթված մտավորականներն են, որ շուտով դառնում են հասարակական կյանքի անկյունաքարը, որոնց ջանքերով էլ հետագայում կրթական համակարգը դրվում է նոր հիմքի վրա: Հիմնվում և զարգանում է հայ պարբերական մամուլը, որի օրգաններում էին գերազանցորեն արտահայտվում ազգի տարբեր խավերի գաղափարախոսությունները: Այդ օրգաններից առաջավորներն էին, որ խոշոր դեր կատարեցին հայ հասարակական մտքի զարգացման, ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման, հայ աշխարհիկ գրականության ու նոր դպրոցի ստեղծման, աշխարհաբար լեզվի ձևավորման ու մշակման գործում((Տե՛ս Հայ նոր գրականության պատմություն, հտ. 2-րդ, Երևան, 1962, էջ 19:)): Հասարակական միտքը ճյուղավորվում է՝ հանդես են գալիս ինչպես լիբերալներ, պահպանողականներ, այնպես էլ հեղափոխական-դեմոկրատներ:

Ռուսահայերի մեջ պարբերական հրատարակությունների առաջնեկը համարվում է «Կովկաս» պարբերականը (հրատ. Հ. Կարենյան և Միք. Պատկանյան), որ լույս էր տեսնում 1847-1848 թվականներին` գրաբար լեզվով: Իսկ Զմյուռնիայում, 1840 թ. աշխարհաբար լեզվով հրատարակվում է «Արշալույս Արարատյան» թերթը (հրատ. Ղուկաս Պալթազարյան), 1850 թ.-ից լույս է տեսնում Գաբրիել քահանա Պատկանյանի «Արարատ» շաբաթաթերթը՝ աշխարհաբարով, որը սակայն ունենում է մեկ տարվա կյանք: 1856 թ. լույս են տեսնում «Մեղու» (հրատ. Հ. Սվաճյան),1858 թ. «Հյուսիսափայլ» (հրատ. Ստ. Նազարյանց)՝ Մոսկվայում, «Ճռաքաղ»՝ Մոսկվայում, «Երևակ» (հրատ. Հովհաննես Չամուռճյան-Տերոյենց)՝ Կ.Պոլսում, «Մեղու Հայաստանի» (հրատ. Ս. քահանա Մանդինյան) պարբերականները: 1860 թ. հրապարակ են գալիս «Կռունկ հայոց Աշխարհին» (Մարկոս Աղաբեկյան)՝ Թիֆլիսում, 1860 թ. «Մասեաց Աղաւնի և Ծիածան Հայաստանեայց» (Գաբրիել վարդապետ Այվազովսկի)՝ Թեոդոսիայում, պարբերականները: 60-ական թվականներին հրատարակվում, բայց շուտ էլ դադարում են գործել մի շարք թերթեր՝ «Համբաւաբեր Ռուսիոյ» (1861-1862, հրատ. Զարմայր Մսերեանց), «Հիւսիս» (1863-1864, հրատ. Ռ. Պատկանյան), «Վաճառական» (1866-1867, հրատ. Գ. Տեր-Ալեքսանդրեանց), «Գարուն» (հրատ. Ստ. ք. Մանդինյան), «Հայկական աշխարհ» (հրատ Ստ. Ստեփանէ): Այս պարբերականների մեջ էր ամփոփվում հայ հասարակական միտքը((Տե՛ս Դ. Անանուն, Ռուսահայերի հասարակական զարգացումը 19 դարում 1800-1870, հտ. I, Բաքու, 1916, էջ 318:)):

Արևմտահայ հասարակական մտքի վրա,․ բացի վերը նշվածներից, նկատելի ազդեցություն են ունեցել նաև «Արևելք» (1856) և «Արևմուտք» (1859-1865) պարբերականները (հրատ. Ստ. Ոսկանյան): Նշված պարբերականներից առաջինը, որ հայ իրականության մեջ ծրագրված պայքար սկսեց կղերա-ավատական գաղափարախոսության դեմ, «Հյուսիսափայլն» էր, որը փաստորեն հանդիսանում էր արևելահայ իրականության մեջ լուսավորական շարժման կենտրոնը: Սրան հակադրվում էին «Մասյաց Աղավնի», «Մեղու Հայաստանի», «Ճռաքաղ» պարբերականները, որոնք հիմնականում պահպանողական գաղափարներ քարոզողներն էին:

Երբ նշվում է, որ պարբերական մամուլը հրատարակվել է արևմտահայ կամ արևլահայ իրականության մեջ, դա չի նշանակում, որ տվյալ պարբերականի միջոցով հանդես եկող հասարակական գործիչն անդրադառնում է միայն արևմտահայերին կամ արևելահայերին հուզող խնդիրներին։ Ընդհակառակը, անկախ հրատարակության և գործունեության վայրից, բոլոր հասարակական գործիչներն անդրադառնում էին ողջ հայությանը հուզող խնդիրներին, արծարծում էին ինչպես տեղական, այնպես էլ համահայկական խնդիրներ. ընդ որում այս գիծը բնորոշ էր դարաշրջանի գրեթե բոլոր պարբերականներին:

Այսպիսով, 19-րդ դարի երկրորդ կեսից զարգանում է հայ աշխարհիկ հասարականան միտքը: Հայ մտավորականները պարբերական մամուլի միջոցով տարածում էին ոչ միայն իրենց գաղափարներն, այլև թարգմանություններ կատարում եվրոպական և արտասահմանյան գրականության ընտիր էջերից, գրում և հրատարակում ազատասիրական և հայրենասիրական գեղարվեստական ստեղծագործություններ, արտահայտում իրենց կարծիքը հասարակական, քաղաքական, կրոնական ցանկացած հարցի շուրջ, քննադատում այս կամ այն բացասական երևույթը կամ այս կամ այն գործչին, առաջարկություններ կատարում կրթական համակարգի բարելավման շուրջ․ այսինքն պարբերական մամուլը դարձել էր այն վայրը, որտեղ ձևավորվում, իրար հետ համաձայնվում և կամ իրար էին բախվում հասարակական կարծիքները: Հենց մամուլի շնորհիվ էր, որ հայ մտավորականները հնարավորություն ստացան ժողովրդի մեջ տարածել իրենց լուսավորական գաղափարները:

Ինչպես նշել ենք, 19-րդ դարը հայ ժողովրդի կյանքում հանդիսացավ վերազարթոնքի դարաշրջան: Զարգացում ապրեց հայ նոր գրականությունը, հայ նոր գրական լեզուն, հայ հասարակական միտքը, մշակույթը, կղերական մտայնությունը իր տեղը սկսեց զիջել լուսավորական և ազատամիտ հայացքներին: Հայ ժողովրդի մեջ լուսավորություն տարածելու գործին լծվեցին գրեթե բոլոր կրթված հայ մտավորականները:
Լուսավորական գաղափարների ջահակիրը համարվում է Խաչատուր Աբովյանը: Նա առաջիններից մեկն էր, որ քայլեր կատարեց ժողովրդի լուսավորության, կրթության բարելավման, գրաբար լեզուն աշխարհաբարով փոխարինելու ուղղությամբ: Նրա համախոհները, կարելի է ասել նրա գործի շարունակողները, հանդիսացան 19-րդ դարի 50-70-ական թթ. հայ հասարակական մտքում հայտնի գործիչներ՝ Մ. Նալբանդյանը, Ռ.Պատկանյանը, Ս. Նազարյանցը, Հ. Սվաճյանը, Րաֆֆին և ուրիշները: Նրանք շարունակեցին Խ.Աբովյանի սկսած գաղափարական պայքարը և սկսեցին վեր հանել հայ ժողովրդի մեջ առկա տարբեր խնդիրներ՝ փորձելով գտնել դրանց պատճառները, դրանք ուղղելու համար առաջարկել լուծումներ:

Անշուշտ, այս գործիչների համար առաջին խնդիրը համարվում էր հայ ժողովրդի ազատագրումը օտար տերությունների ծանր լծից, ինչին հասնելու համար նախ և առաջ կարևորում էին ժողովրդի ինքնագիտակցության բարձրացումը, կրթությունը, դաստիարակությունը բարելավելը, որոնք այդ նպատակին հասնելու համար առաջին քայլերը պետք է լինեին: Լուսավորական գործիչներն անդրադառնում էին ժողովրդին հուզող տարբեր հարցերին, այդ թվում նաև կրոնական խնդիրներին: Ուսանելով Եվրոպայի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, այս երիտասարդները վերադառնում էին հայրենիք և փորձում իրենց գիտելիքներով ազգին օգտակար լինել:

Մտահոգված լինելով ազգային խնդիրներով, նրանք չէին կարող շրջանցել նաև հայ եկեղեցին, քանի որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին էր, որ զբաղվում էր ազգային խնդիրներով, եկեղեցին էր, որ այլ պետությունների մոտ ներկայացնում էր հայ ժողովրդին: Հետևաբար եկեղեցու ներսում առկա ցանկացած խնդիր իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն էր ունենում հայ ժողովրդի վրա: Ուստիև լուսավորական գործիչների համար առաջնահերթ խնդիր էր դառնում անդրադառնալ հայ եկեղեցու ծոցում առկա խնդիրներին, օգնել լուծելու դրանք:

Նրանք սկսեցին վեր հանել հայ եկեղեցու և հոգևորականների թերությունները և դրանք դատապարտել, առաջարկելով հայ եկեղեցում բարեկարգություններ սկսել: Նրանց առաջարկած բարեփոխություներն ընդհանրապես չէին առնչվում դավանական ոլորտին և իզուր էր, որ այս գործիչներին եկեղեցին մեղադրեց լյութերականության մեջ և կտրականապես մերժեց նրանց առաջարկները։

Այս շրջանի լուսավորական գաղափարների մեջ տեսնում ենք այնպիսի հայացքներ, որոնք բնորոշ են լինելու նաև հետագա դարերի այն գործիչներին, որոնք ևս առաջարկելու են բարեփոխումներ կատարել հայ եկեղեցում: Այդ պատճառով խնդրո առարկայի ուսումնասիրությունը էլ ավելի կարևոր է դառնում, քանի որ, փաստորեն, ստացվում է, որ 19-րդ դարի հայ հասարակական գործիչները առաջիններն էին, ովքեր, խորապես մտահոգված հայ եկեղեցու առկա իրավիճակով, առաջարկում էին բարեփոխություններ կատարել, առաջին հերթին հենց եկեղեցու հետագա գոյատևման և առաջընթացի, երկրորդ՝ ժողովրդի ծանր վիճակի բարելավման համար:

19-րդ դարի 50-70 ական թթ. հայ եկեղեցու բարենորոգումների մասին եղած հասարակական կարծիքը բաժանվում էր երկու թևի․
1. պահպանողական հայացքների տեր հասարակական գործիչներ,
2. լուսավորական կամ ազատամիտ թևի ներկայացուցիչներ։

Առաջինները հանդես էին գալիս հայ եկեղեցու պաշտպանության դիրքերից, այն համարելով ազգի գոյատևման միակ ապավենը, որը չի կարող որևէ փոփոխության ենթարկվել, քանի որ դրանից է կախված հայ ժողովրդի հետագա գոյատևումը: Այս գործիչների համար կրոնը և ազգությունը նույնացվում էր՝ հայ կարող էր կոչվել միայն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդը: Պահպանողական թևի գործիչներից էին Մ. Աղաբեկյանը, Հովհաննես Տերոյենցը, Գաբրել վրդ. Այվազովսկին: Նրանք հարձակումներ էին գործում ազատամիտ թևի ներկայացուցիչների վրա և նրանց անվանում լյութերականներ:

Ազատամիտների թևին պատկանող գործիչները վեր էին հանում հայ եկեղեցու մեջ առկա բացասական երևույթները, ցույց տալիս հայ բնակչության վրա դրանց ունեցած վտանգավոր ազդեցությունը և առաջարկում լուծումներ, ընդ որում, մեկ անգամ ևս նշեմ, որ նրանց առաջարկած բարեփոխումները բացարձակապես վերաբերվում էին եկեղեցու արտաքին կառույցին, հիմնականում հոգևորականների կրթությանը, և ընհանրապես չէին շոշափում դավանաբանական կամ ծիսական բնույթի հարցեր: Այսինքն, դա նշանակում է, որ այս գործիչները իրենց հիմնական և առաջնահերթ խնդիրն էին համարում նախ հոգևորականների կրթության, վարք ու բարքի բարելավումը, որից հետո հնարավոր կլիներ անդրադառնալ նաև այլ եկեղեցական խնդիրների, որոնք արդեն կարող էին կատարել նաև իրենք հոգևորականները, առանց «դրսիների» միջամտության:

Լուսավորական գործիչները ընդհանուր առմամբ անդրադառնում էին եկեղեցուն առնչվող հետևյալ հարցերին.
1. կրթել հոգևորականներին (անգրագետ և տգետ հոգևորականը չի կարող կրթել և հովվել ժողովրդին),
2. վանքերը գտնվում են անմխիթար վիճակում, դրանք արդեն կորցրել են իրենց երբեմնի հեղինակությունը և նշանակությունը,
3. օր օրի աճող միսիոներության հիմնական պատճառը հոգևորականների անգործունեությունն է. միսիոներության դեմ պետք է պայքարել ոչ թե հային հալածելով, այլ քարոզելով և տարածելով հայ եկեղեցու դավանանքը,
4. եկեղեցին գերագնահատում և չարաշահում է իր դիրքը, որի պատճառով էլ այլևս չի կատարում իր դերը: Եկեղեցին չէ, որ պահպանել է հայ ժողվրդին դարերի ընթացքում, այլ մահմեդականությունը,
5. ժողովրդին քարոզել ոչ թե քրիստոնեության զուտ արտաքին ծեսերի կատարումը, այլ քրիստոնեական վարդապետության իմաստը,
6. գրաբարը փոխարինել աշխարհաբարի,
7. բարելավել կրթական համակարգը։
Հիմնականում լիբերալներն այս հարցերի շուրջ են կառուցել իրենց առաջարկությունները, որոնց կանդրադառնանք աշխատանքի հետագա մասերում՝ յուրաքանչյուրին առանձին-առանձին:

Հայ հասարակական գործիչները հատկապես կարևորում էին կրթության բարելավումը հայկական դպրոցներում, որի հետ կապված անդրադառնում էին նաև հոգևորականության տգիտությանը, անկիրթ լինելուն և բարձրացնում նրանց կրթության անհրաժեշտությունը: Որպեսզի առավել պարզ լինի, թե ինչի հիման վրա էին այս գործիչները կառուցում իրենց բարենորոգչական հայացքները, հարկ եմ համարում ներկայացնել այս դարաշրջանի հայկական դպրոցների վիճակը:

Այդ շրջանում դեռևս չկար դպրոցական միասնական կանոնադրություն, չկար մի որոշակի մարմին, որն ի վիճակի լիներ կարգավորել և միօրինակություն մտցնել դպրոցների տիպերի ու բնույթի մեջ: Սակայն այս ամենով հանդերձ, ինչպես նշում է Վ. Երկանյանը, կարելի է խիստ ընդհանուր գծերով սահմանազատել ազգային դպրոցների երեք տիպ:

Առաջինին պետք է վերագրել այն դպրոցները, որոնց նպատակն էր պատրաստել եկեղեցական սպասավորներ: Դրանցից էին Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցը, վանական դպրոցները, ինչպես նաև 1836 թ. «Պոլոժենիեի» համաձայն ստեղծված թեմական դպրոցները (Երևանում, Շուշում, Թիֆլիսում, Շամախիում): Այստեղ հիմնականում տիրում էր միջնադարյան սխոլաստիկ ոգին և նրանց լիիրավ տերն ու տնօրենը եկեղեցին էր, թեև հետագայում արդեն թեմական դպրոցները սկսեցին ավելի աշխարհիկ գունավորում ստանալ((Տե՛ս Վ. Երկանյան, Պայքար Հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870-1905), Երևան, 1970, էջ 16-17:)):

Երկրորդ տիպի դպրոցների շարքին պետք է դասել հիմնականում Անդրկովկասի քաղաքներում և հայաշատ խոշոր վայրերում ստեղծված դպրոցները (Թիֆլիսում, Ախալքալաքում, Ախալցխայում, Երևանում, Գանձակում, Ագուլիսում, Ալեքսանդրապոլում): Այս դպրոցների մի մասը ստեղծվում էր հոգևորականների նախաձեռնությամբ, մյուսները ծնունդ էին առնում կրթված ու ժողովրդական լուսավորության գործին նվիրված մարդկանց ջանքերով՝ որպես մասնավոր դպրոցներ, ինչպես Գ Պատկանյանի, Հ. Օրբելու, Խ. Աբովյանի դպրոցները:

Դպրոցների երրորդ տիպը եկեղեցիներին կից, ինչպես նաև ստորին հոգևորականների մասնավոր նախաձեռնությամբ ստեղծվող դպրոցներն էին, որտեղ կրթական համակարգը սահմանափակվում էր գրել-կարդալով, կրոնի ուսուցմամբ, թվաբանական նախնական գիտելիքներով և վերջ((Տե՛ս նույն տեղում, էջ 17:)): Դպրոցներում ուսուցումը տարվում էր գրաբարով, չկար դասարանային բաժանում, ուսուցման որոշակի ժամկետ, ուսման ծավալն ու բովանդակութունը կախված էին ուսուցչի ցանկությունից: Իսկ ինչ վերաբերվում է դպրոցների քանակին, ապա պրոֆ. Մ. Մանթրոսյանը, հիմնվելով Էջմիածնի Սինոդի տվյալների վրա, նշում է, որ 1837թ. Վրաստանի, Երևանի և Ղարաբաղի հայոց թեմերում կար 21 դպրոց((Տե՛ս Մ. Մանթրոսյան, Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին, Երևան, 1964, էջ 319:)), 1857թ. Ռուսաստանում՝ 40, իսկ Կովկասում՝ 29 հայկական դպրոց((Տե՛ս Գ. Երզնկեանց, Պատմութիւն մանկավարժութեան, Տփխիս, 1895, էջ 302:)): Կրթական օջախներից հատկապես նշանավորներն էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը՝ արևելահայ իրականությունում, Պոլսի Խասգյուղ թաղամասի Ներսիսյան դպրոցը, Սկյուտարի ճեմարանը, Վենետիկի Մուրադյան վարժարանը, Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանը և մի քանի այլ դպրոցներ՝ արևմտահայ իրականության մեջ:

Ամփոփելով, 19-րդ դարի երկրորդ կեսին ձևավորվեց և զարգացավ հայ աշխարհիկ հասարակական միտքն, որն եկավ փոխարինելու կղերական գաղափարախոսությանը: Եթե մինչ այդ հասարակության մեջ լսելի էր միայն եկեղեցու և հոգևորականների ձայնը, ապա այժմ հայ հասարակական մտքում սկսեց գերիշխող դառնալ աշխարհիկ մտայնությունը, ձևավորվում է հայ հասարակական կարծիքը: Հայ հասարակական մտքում առաջացած լուսավորական շարժումը մեծ նպաստ բերեց նաև եկեղեցու հետագա զարգացման և բարեփոխության գործընթացին: Նրանց առաջարկած բարենորոգումները, որոնք բխում էին դարի պահանջից, ճիշտ է, նրանց կենդանության օրոք համապատախան կերպով ուշադրության չարժանացան հայ առաքելական եկեղեցու կողմից, այլ մի բան էլ ավելի՝ այդ գործիչները հալածվեցին եկեղեցականների կողմից, սակայն տասնամյակներ անց նրանց առաջարկած հարցերից շատերը արդեն լուծում ստացան հենց եկեղեցականների շրջանում:

Թե ինչու հասարակական միտքը սևեռվեց հենց եկեղեցական բարեփոխումների խնդրի վրա, պարզ է, որովհետև եկեղեցին հայ իրականության մեջ միակ կարևոր հասարակական կառույցն էր: Բայց ինչու եկեղեցու բարեկարգման գործը հակադրվեց հենց եկեղեցականներին: Կարծում եմ, պատճառն այն էր, որ հասարակական միտքը վերջիններիս, իրավամբ, ընկալեց իբրև ծառայողների՝ լավ կամ վատ, որոնք չեն ուզում փոփոխություններ՝ ելնելով իրենց ծառայողական շահերից: Իսկ ահա, իբրև եկեղեցի ընկալվեց ողջ ազգը, որն, ի դեմս իր մտավորականների, պահանջեց ազգ-եկեղեցու բարենորոգում, ուստի և ծառայողների փոփոխություն ի նպաստ նոր մարտահրավերների դիմագրավման:

 

Օգտագործած գրականություն
Անանուն Դ., Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում (1800-1870), հտ. I, Բաքու, 1916:
Երզնկեանց Գ., Պատմութիւն մանկավարժութեան, Տփխիս, 1895:
Երիցեանց Ա., Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի Հայք 19-րդ դարում, մաս Բ, Թիֆլիս, 1895:
Երկանյան Վ., Պայքար Հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870-1905), Երևան, 1970:
Հայ եկեղեցու հանրագիտարան, Ամենայն հայոց կաթողիկոսներ, , Պրակ Ա, Ս. Էջմիածին, 2008:
Հայ ժողովրդի պատմություն, հտ. V, Երևան, 1974:
Հայ նոր գրականության պատմություն, հտ. II, Երևան, 1962:
Հայոց Պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), խմբ. Հ.Ռ.Սիմոնյանի, Երևան, 2000:
Մանթրոսյան Մ., Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին, Երևան, 1964: