Հայ եկեղեցու լռությունը

  • 23/11/2020

Վերջին երկուսուկես տարիներին Հայաստանում դրամատիկ իրադարձություններ են կատարվել: 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն, ինչը նոր կառավարությունն անվանում էր հեղափոխություն: Նոր իշխանություններն ագրեսին ներքին քաղաքականություն էին վարում, հանրությանը բաժանելով «սևերի» ու «սպիտակների», «հների» ու «նորերի»։ Սոցիալական ցանցերը ողողված էին փոխադարձ մեղադրանքներով ու հայհոյանքներով։ Անհանդուրժողականությունը երբեմն հասնում էր գագաթնակետին։ 2020 թիվը հատկապես ողբերգական էր, մի կողմից կորոնավիրուսի համաճարակն էր մոլեգնում, մյուս կողմից Արցախի պատերազմը բազում զոհերի պատճառ հանդիսացավ։

Դրամատիկ ու ողբերգական ժամանակաշրջաններում մարդիկ ձգտում են դեպի հավատք, այնտեղ որոնելով տեղի ունեցող դժվարություններից սփոփում, սակայն նույնիսկ դա Հայաստանում տեղի չունեցավ։ Անգամ պատերազմի պայմաններում սոցիալական ցանցերում մարդիկ շարունակում էին միմյանց նկատմամբ ատելություն, մեղադրանքներ ու թշնամություն տարածել։

Նման հեղձուցիչ պայմաններում եկեղեցու հաշտարար ու սփոփիչ ներկայությունը ոչ ոք չզգաց։ Մինչ «հեղափոխությունը» Հայ Առաքելական եկեղեցին նոր իշխանության ամենաբարձր օղակներում հայտարարվել էր որպես «նախկինների»՝ նախկին իշխանության մաս, որը կոռումպացված, «հակաժողովրդական» կառույց է ու տեղ չունի իրենց կողմից հռչակված «Նոր Նայաստանում»։ Արդյունքում եկեղեցին մի կողմ է քաշվել, ավելորդ անգամ չցանկանալով իր մասին հիշեցնել ու նորից անհանդուրժողականության թիրախում հայտնվել։

Սա իրավիճակի ընդհանուր նկարագրությունն է։ Սակայն, արդյո՞ք դա էր Հայ եկեղեցու միակ հնարավոր պահելակերպը և արդյո՞ք նման պայմաններում եկեղեցին, այնուամենայնիվ, չէր կարող նման ծանր իրավիճակում վերափոխվել, հանդես գալ նոր խոսքով ու նոր կարգախոսներով ու շտկել իր իմիջը, մարդկանց փոխանցելով այնքան սպասված հուսադրող ու սփոփոխ, համերաշխության ու փոխադարձ հանդուրժողականության խոսքեր։

Ինչո՞ւ այդպես ստացվեց։ Դեռևս քսան տարուց ավել եկեղեցին սկսել է աշխատել իր սոցիալական հայեցակարգի մշակման վրա, որը, սակայն, մինչ օրս պատրաստ չէ։ Եկեղեցի-հանրություն, եկեղեցի-պետություն հարաբերությունները մինչ օրս զուրկ են հայեցակարգային մոտեցումից։ Ակնհայտորեն Հայ եկեղեցին չի կարողանում գնահատել հասարակության այսօրվա վիճակը, սպասելիքներն ու հետևապես, չի կարողանում ձևակերպել իր եկեղեցական քաղաքականությունը։

Եկեղեցին, լինելով պահպանողական կառույց, որի հիմքն է հավատքն առ Աստված, աստվածաբանությունը, որը գալիս է դարերի խորքից, այնուամենայնից դրանք պետք է մատուցել ելնելով ժամանակակից իրողություններից ու պահանջմունքները, այսինքն պետք է կարողանա իր խոսքը տեղ հասցնի նոր եղանակներով, նոր մատուցմամբ, նոր իրողություններին համահունչ և շարունակի զարգացնել իր աստվածաբանական միտքը։

Ինչպես տեսնում ենք, դա դեռ չի ստացվում և ոչ ոք եկեղեցու փոխարեն այդ ծանր ու պատասխանատու գործը կատարել չի կարող, ոչ էլ ունի դրա լիազորությունը։