Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 21-ին մենք նշում ենք մեր հայրենիքի անկախության 25-ամյակը: Մենք ուրախ և հպարտ ենք մեր հայրենիքով: Այն աշխարհով մեկ սփռված բոլոր հայերի հպարտությունն է, հայ ժողովրդի դարերի ցանկությունը, աղոթքն ու երազանքը:
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի աշխատակիցների և կամավորների անունից շնորհավորում եմ բոլորիս՝ մեր անկախության կապակցությամբ: Շնորհավորանքներին զուգահեռ՝ հրավիրում եմ մտածել մեր երկրի անկախության ընթացքի մասին:
«Դե յուրե» անկախությունը տեղի է ունենում, երբ մի ժողովուրդ հռչակում է իր անկախությունը և իր տարածքի վրա իշխանություն է ձեռք բերում: Սակայն «դե ֆակտո» անկախությունը ձեռք է բերվում աստիճանաբար, տասնյակ տարիների ընթացքում, երբ պետությունը հզորանում է տնտեսական, ռազմավարական և քաղաքական ոլորտներում՝ աստիճանաբար դուրս գալով այլ պետությունների ազդեցությունից:
Սա նման է անհատի անկախությանը: Անչափահաս երեխան կախված է իր ծնողներից՝ թե «դե յուրե», և թե «դե ֆակտո»: Երբ երեխան չափահաս է դառնում, օրենքի տեսանկյունից անկախ է: Սակայն «դե ֆակտո» տեսանկյունից` նա իր անկախությունը աստիճանաբար է ձեռք բերում, տարիների ընթացքում, երբ ուսում է ստանում, աշխատանքով եկամուտ ապահովում և ամենակարևորը՝ իր ազնվությամբ, հասունությամբ և իմաստությամբ ծնողների ու շրջապատի վստահությանն ու հարգանքին է արժանանում:
Հայաստանի մեր ներկայիս պետությունը 25 տարեկան է: Սա շատ կարճ ժամանակ է պատմության տեսանկյունից: Նորակազմ մեր պետությունը շատ առաջընթաց և աճ է արձանագրել անցած 25 տարիների ընթացքում, որի համար մենք Աստծուն փառք ենք տալիս:
Միաժամանակ գիտակցում ենք, որ մեր առջև դեռ երկար ճանապարհ կա՝ որպես երկիր զարգանալու, հասունանալու և կայանալու համար: Որպես երկիր և պետություն զարգանալու և կայանալու պարտականությունը յուրաքանչյուր քաղաքացու ուսերի վրա է: Պետությունը ժողովուրդն է:
Երկիրը զարգանում է և բարգավաճում, երբ յուրաքանչյուր բնակիչ՝ լինի հասարակ քաղաքացի, թե բարձր պաշտոնյա, կատարում է իր քաղաքացիական պարտականությունները և ղեկավարվում է սիրո, ազնվության և արդարության քրիստոնեական սկզբունքներով:
Մեր «դե ֆակտո» անկախությունը մեր ուժեղ և կայացած լինելու մեջ է:Իմ շնորհավորական խոսքերին կցանկանամ ավելացնել հետևյալ մաղթանքը. թող Աստված օրհնի մեր հայրենիքը, որ այն շարունակի զարգանալ և ուժեղանալ՝ դրանով է՛լ ավելի ամրապնդելով իր անկախությունը: