Մինչև 1999 թվականի Հոկտեմբերի 27-ը, Ազգային-Եկեղեցական Ժողով հասկացությունը գոնե մեր սերնդի վրա թողնում էր խորհրդավոր իրադարձության տպավորություն։ Այն ընկալվում էր իբրև պատմական կարևոր նշանակություն ունեցող եւ սովորական ժողովներից գերազանցապես բարձր՝ արտակարգ մի երևույթ։ Հիրավի՛, այդ ժողովի գումարմամբ կարծես իրականանում էր ազգային-եկեղեցական մեծահանդես մի տոնակատարություն, ուր տեսանելի եւ շոշափելի իրողությամբ, նաեւ իմաստային լիարժեք բովանդակությամբ իր ամբողջական արտահայտությունն էր գտնում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ հայ ժողովրդի սրտառուչ միությունը։ «Սրբագումար» բնորոշումը, որ վաղուց ի վեր համարվում է սույն ժողովի անվան որակական մի հատկանիշը, միանգամայն բարձրացնում էր նրան առօրյա երևույթների կարգավիճակից ու կանգեցնում հայի հավաքական գիտակցության դիմաց պատկառանք պարտադրող, իսկ հոգու մեջ երկյուղալի զգացումներ առաջ բերող առանձնահատուկ մակարդակի վրա։ Արդարեւ, յուրաքանչյուր հայ, լինի հավատացյալ կամ ոչ, թեկուզ այլախոհ կամ անաստված, իր էության մեջ ըմբռնում է, որ Հայց. Առաքելական մեր մայր եւ Ս. Եկեղեցին մեր ազգային գոյության հոգեւոր-բարոյական ոսկեձույլ հենասյուներից մեկն է։
Այս սրբագումար ժողովի պատմական նշանակությունը պայմանավորված էր նաև այն իրողությամբ, որ այն կազմված էր ոչ միայն Հայաստանի եւ Արցախի թեմերից ընտրված պատգամավորներից, այլեւ գաղթաշխարի՝ այսինքն ամբողջ հայկական սփյուռքում տարածված Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու նվիրապետական աթոռների եւ էջմիածնական թեմերի ներկայացուցիչներից։
Այսպես, Ազգային-Եկեղեցական Սրբագումար Ժողովի ընդունած որոշումների եւ բանաձեւերի մեջ ճշմարտապես դրսևորվում էր Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու միասնության եւ հայ հավատացյալ ժողովրդի բացարձակ կամքի եւ միասնականության սկզբունքը՝ ազգովի դիմագրավել կարենալու համար ժամանակի նոր մարտահրավերներին, միաժամանակ՝ իրագործելու համազգային գերագույն նպատակների հետապնդումը, ի խնդիր Հայ Եկեղեցու զորացման, կենսունակության եւ պայծառության։
Բայց, ավա՜ղ, 1999 թվականի Հոկտեմբերի 27-ը իր բիրտ եւ արյունալի հարվածով խորտակեց մեր հոգեւոր ընկալումների խորհրդանոցի մեջ պահպանված Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու Ազգային-Եկեղեցական սրբագումար Ժողովի այդ դյութիչ եւ մյուռոնաբույր անոթը։ Հուսկ, հետզհետե հասկացանք, թե ինչքան փխրուն եւ դյուրաբեկ է «սրբագումար» հորջորջված մեր ժողովը՝ իշխանությունների ձեռքով հեշտությամբ չարափոխելի եւ գորշ վարագույրների հետևում կանխորոշված արդյունքը ընդամենը «երեսուն արծաթով» վաճառելի։
Այս առումով եկեղեցու մերօրյա տխուր իրականությանը համապասխանում է պատկերավոր հետևյալ արտահայտությունը. «Ժողովրդավարությունը մի համակարգ է, որ հնարավորություն է տալիս մեզ ընտրելու մեր սեփական բռնակալին»։ Եւ ճիշտ այդպես, ազգովի խաբվեցինք, ենթարկվեցինք կազմակերպված չարափոխումների՝ հարկադրվելով կամա թե ակամա մեր անձի, մեր եկեղեցու եւ ազգի համար ընտրելու մեզ կաշկանդող, սպառնացող, բարոյապես լլկող, մեր ազգի հոգեւոր պաշարը սննկացնող ու այն անհագորեն կեղեքող իշխանավորին։
Ահավասիկ այս պրիզմայի տակ ի հայտ եկավ մեր համընդհանուր անզորությունը, անկարողությունը, անտարբերությունը, տխրահռչակ իրողությունների հետ ծույլ դաշինք կնքելու պատրաստակամությունը, քաղաքացիական արիություն եւ նախանձախնդրություն ցուցաբերելու պակասը, դյուրությամբ դավաճանելու հակումը, շատերիս մեջ նկարագրային կարծր նստվածք դարձած ստրկամտությունը, կորաքամակ ձեռք համբուրելու սովորությունը նաեւ նրանց հանդեպ, որոնք անարժան են ու հականե-հանվանե անառակաբարո ու սրբապիղծ։ Գուցե ազգովի անկարող էինք պատուհասի առաջն առնելու, սակայն հիմա առավել ևս անկարող ենք անգամ ուղղելու թույլ տված սխալը, որ հետզհետե ուժգնորեն սկսել է ցնցել Հայ Եկեղեցու սրբազան ուխտի եւ հավատքի միաբանության հոգևոր տաճարի հաստատուն հիմքերը։
Մեր եկեղեցու վարչական կառույցում նվիրագործված ժողովրդավարական օրենքի ամրագրումը համարում ենք հայ հոգեւոր ու աշխարհիկ դասի միասնական եւ գերազանց նվաճումներից մեկը։ Բայց, ափսո՜ս, այդ համակարգի մեջ տեսանելի է մի մեծ բացթողում, որ վերջերս շատ ավելի ակներև ու զգալի դարձավ՝ պայմանավորված Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով եւ կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» բողոքի շարժման ձեռնարկած գործողություններով։
Մեր ժողովուրդը Հայ Եկեղեցու վարչական կյանքում իր գործուն մասնակցությունը, նաեւ կղերի հանդեպ հակակշռող ներկայությունը ապահովելու համար, դարերի ընթացքում ստեղծել է ժողովրդավարական ուրույն համակարգ: Այլ կերպ ասած (թող ներվի մեզ այստեղ օգտագործել փոխաբերական մի օրինակ)՝ կառուցել է շարժիչ հոյակերտ մի մեքենա, որի վրա, սակայն, դժբախտաբար մոռացել է տեղադրել վթարի ենթարկվելու վտանգը կանխարգելող արգելակը։
Ազգային-Եկեղեցական Ժողովը հանդիսանում է մեր եղեղեցու վարչական ամենահեղինակավոր, օրենսդիր մարմինը, որի կազմի մեջ ճնշող մեծամասնություն է կազմում աշխարհական դասը։ Կաթողիկոսն իրեն վստահված հոգեւոր իշխանությամբ ի պաշտոնե պարզապես գործող առաջին սպասավորն է այդ սրբագումար ժողովի, որ թերացումների, հավատքից անկումների, հերետիկոսությունների, հերձվածներ ստեղծելու, ազգային-եկեղեցական կանոնների եւ շահերի դեմ գործելու փաստերի պարագայում` եզակի եւ ամբողջական իրավասություն ունի աթոռազրկելու իր իսկ ընտրած կաթողիկոսին:
Բնականաբար, այսպես պիտի սրբագրվեին այն ծանրակշիռ սխալները, աղետալի պարագաները, ժամանակի վայրիվերումները, որոնք կարող էին առաջանալ Հայ Եկեղեցու հոգևոր ու վարչական կառույցի մեջ։ Սակայն, Հայ Եկեղեցու ավանդության եւ ցայսօր գործող կանոնադրության համաձայն, կաթողիկոսական պաշտոնը ցկյանս է, իսկ Ազգային-Եկեղեցական Ժողովի պատգամավորները կաթողիկոս ընտրելու իրենց պարտականությունը կատարելուց հետո, ինքնաբերաբար, լուծարվում են՝ նորաօծ ընտրյալին վստահելով հայոց հոգեւոր ածուն առաջնորդելու առաքելությունը։
Բայց ցավալին այն է, որ միակ անձը, որ իրավասություն ունի վերակոչելու Ազգային-Եկեղեցական Ժողովի կազմը՝ կաթողիկոսն է, կամ՝ կաթողիկոսի վախճանման եւ Աթոռի թափուր մնալու պարագայում՝ եպիսկոպոսական ժողովին անունից՝ կաթողիկոսական տեղապահը։ Բնականաբար, որևէ կաթողիկոս երբեք չպիտի հրավիրի իր հոգեւոր հեղինակությունից առավել հեղինակավոր ժողով, ինչպիսին Ազգային-Եկեղեցական Ժողովն է, որ ըստ օրենքի (de jure) եւ փաստացիորեն (de facto) միանգամայն իրավասու է սահմանափակելու իր իշխանությունը կամ, այս պարագայում, զրկելու իրեն վստահված Աթոռից։
Ահավասիկ ճիշտ այստեղ է գտնվում մեր եկեղեցու ժողովրդավարական համակարգում արդեն այսօր հոռեգույն հետեւանքների հասնող չարաբաստիկ բացթողումը։
Արդարեւ, չարիքը վերացնելու մեր համազգային անզորությունը, ի սկզբանե (apriori) հանձված լինելու պարտվողական ճնշող զգացումը ազգովի մեզ դարձնում են առավել տկար, մեկուսի եւ անտարբեր…
Այսուհետև մեր աշխարհիկ եւ հոգեւոր ներկայացուցիչների սեպուհ առաջադրանքներից մեկը պետք է լինի անպայման ստեղծել հեղինակավոր եւ մնայուն մի մարմին, որ, անկախ կաթողիկոսի հոգեւոր պարտականություններից, ունենա վարչական բացարձակ լիազորություն, հարկ եղած դեպքում հրավիրելու Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու Ազգային-Եկեղեցական Ժողով՝ եկեղեցու կյանքը լճացումից դուրս բերելու, նոր ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու, Հայ Եկեղեցու պատմական առաքելությունն արդի սոցիալ-հասարակական տիրույթում՝ նոր աշխարհընկալման, լեզվամտածողության եւ արժեհամակարգի մեջ հոգեւոր ծառայության ճամփով առավել եւս արդյունավորելու, Ս. Ավետարանի կենսահաղորդ պատգամը ժամանակահունչ դարձնելու, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հեղինակությունը եւ հայրենյաց ոգին սառնաշունչ հովերից պաշտպանելու, դրանք իրենց դարավոր ու հնավանդ, բայց միշտ թարմ ու հոգենորոգ ջերմությամբ հայ երիտասարդ սերնդի սրտի մեջ բաբախուն եւ զգալի պահելու համար։
Այս առումով հույժ կարեւոր, այսօր ավելի՛ քան երբևէ, մեզ պետք է հոգեկիր եւ սրբակրոն հայրապետ, ով կլինի մեր եկեղեցու ամենաշնորհալի, հավատավոր եւ տեսլապաշտ հոգեւորականներից մեկը՝ իր անկաշառ հայրենասիրությամբ, ժողովրդանվեր գործունեությամբ, առաքինազարդ եւ անբասիր կենցաղով, հեզահամբույր եւ բարեմույն բնավորությամբ, մեր հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ ունեցած անսահման սիրով եւ նվիրումով, համալսարանական բարձրագույն եւ վկայուած կրթությամբ, մեր պատմական եկեղեցականների, հոգեւոր առաջնորդների եւ առաջին լուսավորիչների՝ լուսապսակ հայրապետների եւ եռամեծ վարդապետների տեսիլքով ու կերպարով տոգորված մի անձնավորություն, որ կարողանա կարճ ժամանակում նվաճել ողջ հայ ժողովրդի անմնացորդ սերն ու հարգանքը, ու ամենակարեւորը՝ պարտավորեցնող վստահությունը։
Լուսավորչի միածնաէջ Ս. Աթոռի վրա միայն աստվածարյալ եւ ազգընտիր արժանավոր կաթողիկոսը կկարողանա նոր ու խոստումնալից էջ բանալ մեր ազգային-եկեղեցական նորագույն տարեգրության մեջ։ Այն իր խոհուն մտքով, համոզիչ խոսքով ու գործով վառ պիտի պահի քրիստոնեական մաքուր հավատքի, հայրենասիրության եւ ազգասիրության անշեջ հրայրքը մասնավորաբար մեր նոր սերնդի՝ հրաշալի երիտասարդության հավատավոր սրտի մեջ, այն ուղղորդի ճիշտ արդյունավորելու եւ արժևորելու իր գոյությունը ոչ միայն իր հայաշունչ տոհմիկ միջավայրի, այլ նաեւ միջազգային հանրության մեջ։ Հայը ո՛ւր էլ որ գտնվի, մայր հայրենիքի թե տարագիր աշխարհի հեռավոր վայրերի մեջ, Հայ Եկեղեցու միջոցով պարտավոր է ջերմ հավատք եւ վստահություն ունենալ իր դարավոր՝ պատմական ու ներկա հայրենիքի, ազգի ու պետության ապագայի հանդեպ, անհուն սիրով սիրի նրանց, եւ իր բովանդակ կարողությունները դնի ի նպաստ նրանց հզորացմանը, բարգավաճմանը, անվտանգությանը եւ պաշտպանությանը։ Հայի գիտակցության եւ ոգու մեջ նաեւ խորաքանդակ դրոշմված պետք է մնա հայոց պահանջատիրության անժամանցելի ուխտը՝ հասնելու միջազգային հանրության եւ հատկապէս Օսմանյան Կայսրության իրավական ժառանգորդ Թուրքիայի Հանրապետության կողմից Ցեղասպանության ամբողջական ճանաչման եւ լիարժեք հատուցման արդար իրագործմանը։ Արդարեւ, սույնը մեր համազգային գոյապայքարի բարձրագույն եւ առաջնահերթ նպատակներից մեկն է, որի ոգեշնչող եւ առաջամարտիկ ռահվիրաներից մեկը պետք է հանդիսանա Հայոց հայրապետը։ Նա պետք է կարողանա բարձր պահել Ս. Էջմիածնի դարավոր ու պատմական Աթոռի հմայքը, ոչ թե իբրեւ անկենդան մի հուշարձան, վաղնջական քարացած մի հաստատություն՝ զուրկ կյանքից, հրապույրից եւ զորությունից, այլ իբրև արտաքին բոլոր ուժերի դեմ մարտնչող, մեր ժողովրդի կյանքի մեջ գործող ազդու եւ մնայուն մի առաքելություն՝ Ավետարանի լույսը մութ սրտերից ներս թափանցող, իր սրբությամբ հոգիները ազնվացնող, մաքուր խիղճ եւ ամուր նկարագիր կերտող ազգային-հոգեւոր մի ժառանգություն։
Երբ թերթում ենք Հայ Եկեղեցու պատմության էջերը, հանդիպում ենք մեծ ու փառահեղ բազմաթիվ հայրապետների, որոնց առաքելական կոչման գերազանց խորհըրդանիշը եւ գործի բազմարդյուն վաստակը եղել է Մեծի Տանն Թորգոմայ հավատքի միության պահպանության արժանահավատ երաշխիք տալը։ Քաջարթուն եւ անձնվեր հովվապետի առաջին եւ ամենանվիրական հանձնառությունը իրեն վստահված հոտի միության պահպանությունն է եւ, արդարեւ, հենց այդ է իր կաթողիկոսական ուխտադրության կարգի առանձնահատուկ իմաստն ու նշանակությունը։ Մյուս բոլոր բարեմասնություններն ու շնորհները, լինեն դրանք շինարարական աշխուժություն կամ այլ առավելություններ, որոնցով նա կարող է օժտված լինել, երկրորդական են, քանի որ դրանք շատերը կարող են ունենալ: Առանձնահատուկ և ուրիշներից տարբերող մեծությունն այն հզոր պատասխանատվության ընկալումն ու իրագործումն է, որ, իբրև Հայց. Առաք. Ս. Եկեղեցու հովվապետ, իրեն վստահված հոտը հովվի իմաստությամբ եւ նրա անքակտելի միությունը պահի ամբողջական եւ խաղաղության մեջ։ Հետեւաբար, հայրապետը ոչ թե պետք է անհեռատես նկրտումներով, մենատիրության անզուսպ հակումներով եւ հեղինակություն պարտադրելու բռնազբոսիկ պոռթկումներով Հայ Եկեղեցու ուխտի միաբանության անդաստանից ներս բաժանումների, հերձվածողական շարժումների եւ տարատեսակ գայթակղությունների տեղիք տա, այլ հայրական գորովագութ մոտեցմամբ, քավող սիրով եւ հաշտարար ոգով պիտի ջանա բուժել Հայ Եկեղեցու մարմնի վրա բացված նորագույն վերքը, վերստին նրա մայրական գիրկն առաջնորդի հուսալքությունից խոնջած եւ երբեմն իր անհաղորդ գաղջության դեմ ընդվզած իր սիրասուն զավակներին, եղբայրասիրության համակ եւ փոխադարձ ընդառաջումներով սերտացնի Մայր Աթոռի եւ մեր նվիրապետական մյուս Աթոռների, նաեւ թեմական առաջնորդությունների միջեւ սրտագին փոխհարաբերությունները, անաղարտ պահի մեր եկեղեցու առաքելավանդ կարգն ու կանոնը, մեր ազգային-եկեղեցական հինավուրց ավանդությունները, մեր եկեղեցու ինքնուրույնությունը, ազգային նկարագիրը, ուղղափառությունը, ժողովրդավարական սկզբունքները, ազգանվեր ու հայրենանվեր ոգին։
Թող ամենաողորմած Աստուած իր երկնապարգև օրհնություններն ու շնորհները սփռի հայ մտքի ու հոգու վրա, իսկ Հայց. Առաք. մեր մայր եւ Ս. Եկեղեցին, Աստծու թագավորության բարիքներով ճոխացած, միշտ մնա իր կոչման բարձրության վրա ու, ինչպես անցյալում, նաեւ այսօր կարողանա ժամանակի պահանջների եւ արդի մարտահրավերների ամեհի կոհակների մեջ անվթար առաջնորդել մեր ազգային գոյության հոգեւոր նավը:
Ի տօնի սրբուհւոյ Աստուածածնի ծննդեան յԱննայէ
Ժնև, 8 Սեպտեմբեր 2018