Հայերի թիվը Ռումինիայում մոտավորապես 2500-3000 է և կենտրոնացած են հիմնականում մայրաքաղաք Բուխարեստում, Կոնստանցա և Պիտեշտ քաղաքներում, հայաբնակ են նաև Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Տրանսիլվանիայի Գեռլա, Գեորգե և Դումբրըվեն քաղաքները։ Այսօր, հայերի թիվը Ռումինիայում նվազման միտում ունի, քանի որ հայ երիտասարդները մեծ մասամբ տեղափոխվում են Արևմտյան Եվրոպայի երկրներ։
Ռումինահայությունն Արևելյան Եվրոպայի հնագույն պատմություն ունեցող և մինչ այժմ դիմագիծը պահպանող հայկական համայնքներից է։ Ներկայիս Ռումինիայի տարածքում հայերի ներկայության պատմությունը սկսվում է դեռևս Ե-ԺԲ դարերից, թեև երկրում հայերի հաստատման պաշտոնական տարեթիվը համարվում է 1350 թ., երբ Բոտոշան քաղաքում հիմնվել է առաջին հայկական եկեղեցին։ Բացի այդ, նույն ժամանակաշրջանում հայերը ևս 2 քարաշեն եկեղեցիներ են կառուցել Ռոման և Յաշ (Յասսի) քաղաքներում։
Տարբեր ժամանակներում հայերի ստվար խմբեր բնակվել են նաև Կլուժ-Նապոկա, Կոնստանցա, Սուչավա, Ֆոկշան և այլ քաղաքներում՝ հիմնականում Ռումինիայի Վալախիա և Մոլդավա գավառներում։ ԺԷ-րդ դարում ռումինաբնակ հայերի մեծ մասը հաստատվել է երկրի Արևմտյան Տրանսիլվանիա գավառում, որը հետագայում անցել է Ավստրո-Հունգարիայի տիրապետության տակ, և հայերն արագ կաթոլիկացել են։ Հայերը Ռումինիայի տարածքում խոսել են հայոց լեզվի բարբառներից մեկով՝ Արդեալի բարբառով։ Հայերը Ռումինիայի տարածքում դարերի ընթացքում ստեղծել են իրենց բանահյուսությունը, երգն ու պարը (օրինակ՝ արմենեասկ պարը): Տրանսիլվանահայության մեծ մասը հետագայում, երբ Տրանսիլվանիան անցել է Ռումինիային, տեղափոխվել է Հունգարիա։
Մոտավոր հաշվարկներով միջնադարում հայ բնակչության թիվը հասել է շուրջ 30, իսկ 1922 թ.` 25 հազարի։ Այս ստվար բնակության վկայություն են դարձել բազմաթիվ հայկական տեղանունները, հայկական թաղամասերի ու փողոցների առկայությունը։ ԺԵ-ԺԷ դարերում Ռումինիայի ներքին և արտաքին առևտուրը զգալի չափով կենտրոնացած է եղել հայերի ձեռքում, հայերը խթանել են արհեստների զարգացումը, մեծ ներդրում ունեցել նաև երկրի քաղաքական, ռազմական, մշակութային կյանքում, շարունակ հիմնել են բազմաթիվ գործարաններ (մեծ մասամբ՝ կտորեղենի և սննդեղենի), բացել վաճառատներ, կառուցել եկեղեցիներ, դպրոցներ։ ԺԶ դարում Մոլդավայի գոսպոդար (մեծ իշխան) է եղել ականավոր քաղաքական գործիչ Յոն Քաջը՝ հայտնի նաև որպես Յոն Արմյանուլ՝ Հայ, որին ժողովուրդը կոչել է «Մոլդավայի հայր»: Իսկ ԺԷ դարում Ռումինիայի արտաքին քաղաքականության մեջ մեծ դերակատարում է ունեցել Պետրոս Գրիգորովիչը (Պետեր Արմին): Նա եղել է Ռումինիայի իշխան Միհայ Վիտյազուլի (1593-1601 թթ.) դեսպանը և խորհրդականը, տարբեր դիվանագիտական հանձնարարություններ է կատարել Ավստրիայում, Ռուսիայում և Կ. Պոլսում:
Մեկ այլ ականավոր դիվանագետ է եղել Մոլդովայի իշխան, պետական խորհրդական Մանուկ բեյը (Միրզայան), որը ԺԹ դարի սկզբին մեծ ծառայություններ է մատուցել բալկանյան քաղաքների տնտեսական զարգացմանը: Մոլդավայի լուսավորիչ է հռչակվել հայ հոգևորականի որդի Գեորգե Ասաքին, որը ԺԹ դարի սկզբին ռումինական և մոլդավական գրականության մեջ նոր դարագլուխ է բացել իր բանաստեղծություններով և պատմական նովելներով։ Ռումինիայի հանրային և մշակութային կյանքում նշանակալի է եղել հայ ազնվական ընտանիքների` Գոյլավ (Կոյլավյան), Բուիկլիու (Պըյըգլյան), Միսիր (Միսիրյան) ներկայացուցիչների ներդրումը։ ԺԹ դարի Ռումինիայի այլ ականավոր հայերից են նաև ռումինական փիլիսոփայության հիմնադիրներից Վասիլե Կոնտան (Կոնտայան), գրող Կարապետ Իբրըիլեանուն, նկարիչ Թեոդոր Ամանը, աստղագետ, մաթեմատիկոս Սպիրու Հարետը և այլք։
Տնտեսագետ, պետական գործիչ Գրեգորի Տրանկու-Յաշը հիմնադրել և նախագահել է Ռումինիայի աշխատանքի նախարարությունը։ Իսկ արվեստաբան Գրիգոր Զամբաքչյանը գնել է կերպարվեստի բազմաթիվ գործեր և Բուխարեստում հիմնել իր անունով թանգարան, որը գործում է մինչ այժմ և քաղաքի այցեքարտերից մեկն է: ԺԹ դարում Ռումինիայի հայ գաղթավայրում գործել են մի շարք հասարակական կազմակերպություններ: Բուխարեստում կազմակերպված միություններից կարելի է հիշել «Արարատյան ընկերությունը»՝ 1838 թ., «Արարատ» ուսումնասիրաց ընկերությունը՝ 1843 թ., «Հայրենասիրաց» ընկերությունը՝ 1887 թ., Սուչավայում՝ «Անի» ընկերությունը, Կոնստանցայում «Արաքս» գրադարանային ընկերությունը և այլն:
Ի դարում կրկին ստվարացել են ռումինահայության շարքերը՝ Մեծ Եղեռնից փրկվածների հաշվին։ 1915 թ. Բուխարեստում կառուցվել է հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, որը Էջմիածնի Մայր Աթոռի փոքրացված կրկնօրինակն է։ 1927 թ. Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանին առընթեր հիմնադրվել է Ռումինահայ կենտրոնական մատենադարան-գրադարան ու թանգարան: 1944 թ. գրական-հասարակական գործիչ Հակոբ Սիրունու նախաձեռնությամբ մատենադարանը վերակազմավորվել և կոչվել է Հայ մշակույթի տուն, որը հայկական դպրոցի շենքից տեղափոխվել է ռումինահայ բարերարներ Հովսեփ և Վիկտորյա Տուտյանների նվիրատվությամբ հատկացված հատուկ կառուցված շինություն՝ հայկական եկեղեցու տարածքում: Գրադարանը բավական հարուստ է հայերեն, ռումիներեն և օտար լեզուներով գրականությամբ, ինչպես նաև հին հայկական ձեռագրերի օրինակներով։ Թանգարանը ևս հարուստ է հնագույն թանկարժեք նմուշներով։ Այստեղ է պահվում նաև Մոլդավայի իշխան Ալեքսանդր Բարեպաշտի 1401 թ. հրովարտակը, որով արտոնվել է հայերին հիմնադրել Սուչավա քաղաքում եպիսկոպոսական աթոռը: Բացի Տուտյան մշակույթի տնից, Բուխարեստի հայկական եկեղեցու տարածքում են գտնվում նաև Միսաքյան-Քեսիմյան 7-ամյա վարժարանի շենքը, Շահիմ գերդաստանի հիշատակի աղբյուրը, ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի կիսանդրին, Եղեռնի 90-ամյակին նվիրված խաչքարը և այլն: