Հայ առաքելական եկեղեցին առանձնանում է ոչ միայն ավանդական եկեղեցիներից, այլև այն քույր եկեղեցիներից, ում հետ նա հաղորդություն ունի: Այս յուրահատկությունը չի կարող սոցիալական և քաղաքական արմատներ չունենալ: Նիկողայոս Ադոնցը նշում է, որ Հայաստանի եկեղեցին իր կառուցվածքը ընդօրինակեց նախարարական համակարգից, այլ ոչ թե հռովմեական ռազմա-բյուրոկրատական կառուցվածքից: Իր եկեղեցիական կանոնները ձևավորելիս այն փոխառնեց, ոչ միայն ընհանրական Եկեղեցու մշակած սկզբունքները, այլ նաև հաշվի առավ տեղային սոցիալական և քաղաքական կոնտեքստը: Բայց եթե հաշվի առնենք, որ տեքստը փոխում է կոնտեքստը, ապա պետք է համաձայնվենք, որ եկեղեցիական կանոններն, իրենց հերթին, հակադարձ ազդեցություն ունեցան սոցիալական և քաղաքական կյանքի վրա: Վերջին դրույթը Մաքս Վեբերի հեղինակավոր կարծիքն է:
Միջնադարում, երբ հասարակությունը համայնքների և կորպորացիաների աստիճանակարգային միություն էր, ամրագրվեց եկեղեցու և հասարակության նույնացման սկզբունքը: Եկեղեցին երկար ժամանակ սոցիալական չարիքի արմատները փնտրել է միայն մարդկային մեղքերի մեջ, անտեսելով սոցիալական համակարգի թերությունները:
Ժամանակակից բուրժուական հասարակությունը կառուցված է համայնքային և խմբային տարբերությունների և հակադրությունների վրա: Բուրժուական կարգերում առաջնայինը սոցիալական խնդիրներն են, ասենք, քաղաքական ուժերն իրարից տարբերվում են սոցիալական խնդիրների մասին ունեցած դիրքորոշումներով:
Պատճառը հարկավոր է փնտրել հումանիզմի գաղափարներում, երբ մարդը ձգտում է ինքնադրսևորվել իր հասարակական իդեալները իրագործելու միջոցով: Հումանիզմի համար չարիքը սոցիալական բնույթ ունի: Միայն հումանիզմը կարևորելու շնորհիվ է, որ քրիստոնեական եկեղեցիները սկսեցին մշակել իրենց սոցիալական իդեալն ու ուսմունքները:
Մինչ հետագա շարադրանքին անցնելը, կուզենայի վեբերյան ոգով մի հարցադրում անել: Ինչպիսի՞ն է հայկական հասարակությունը․ այն սկզբունքային առումով բազմազա՞ն է, թե՞ միատարր: Պարզ է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը, մասնակիորեն մերժելով բազմազանությունն, ավելի շուտ հակված էր միատարրության սկզբունքին: Հենց Սերժ Սարգսյանի ժամանակ ձևավորվեց մի պատկերացում, որ հայերը հիմնականում Հայ առաքելական եկեղեցու անդամներ են, մասնակիորեն «աղանդավորական» հավելումներով: Ըստ այդ մոդելի օրենսդրական կամ գործադիր իշխանությունը պետք է կառուցվի, ինչպես հայ հասարակության կրոնական բաժանումն է՝ մի հիմնական կուսակցություն՝ մասնակի հավելումներով: Սա մատնանշում է, որ Սերժ Սարգսյանի և նրա վարչակարգի քաղաքական պատկերացումներն արմատապես հիմնված են Հայ առաքելական եկեղեցու պատկերացումների վրա: Ինչպես կրոնական տեսակետից կազմակերպված է հայությունը, այնպես էլ պետք է վերակառուցվի Հայաստանի հանրապետության քաղաքական կառուցվածքը: Հայաստանյան հասարակության բազմազանության առումով 2018-թ. հեղափոխությունը ոչ մի առաջընթաց չունեցավ: Նիկոլ Փաշինյանը ևս հետևում է հիմնականը մասնակի լրացումներով սխեմային:
Այս առումով հետաքրքիր է դիտարկել կրոնի գործոնը բարեկեցիկության գաղափարի վրա հիմնված արևմտյան հասարակությունների ձևավորման գործընթացում:
Արևմտյան բարեկեցության գաղափարի վրա կայացած պետությունների պատմությունը հետազոտելիս պարզ է դառնում, որ նրանք միմյանցից տարբերվում են: Քաղաքագիտական ուսումնասիրություններում հետազոտողները փորձում են գտնել այս բազմազանության պատճառները: 1990-ին դանիացի քաղաքագետ և սոցիոլոգ Գյոստա Էսպինգ-Անդերսենն իր հոդվածում [Gösta Esping-Andersen, The three worlds of welfare capitalism, Cambridge 1990] ներկայացրեց բարեկեցության ճանապարհի դասակարգման իր հայեցակարգը: Նա առանձնացրեց նման պետությունների ընդհամենը 3 տեսակ՝ լիբերալ (հատկապես բնորոշ է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը, այլև Կանադան, Ավստրալիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան), պահպանողական, կորպորատիվ (նման պետությունների օրինակներ են Գերմանիան, Ավստրիան, Ֆրանսիան, Իտալիան) և սոցիալ-ժողովրդավարական (առավել արտահայտված Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում):
Մեկ այլ հետազոտող՝ Զիգրուն Կաhլը (Sigrun Kahl, The Religious Roots of Modern Poverty Policy: Catholic, Lutheran, and Reformed Protestant Traditions Compared. In: Archives européennes de sociologie 46 (2005), H. 1. Р. 91–126.) բացահայտեց քրիստոնեական կրոնի ազդեցության աստիճանը Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի շատ երկրներում բարեկեցության պետության սկզբունքների մշակման վրա: Ըստ նրա նշանակալի կապ գոյություն ունի կրոնական ուղղության և չքավորներին աջակցելու եղանակի միջև:
Քրիստոնեական վերաբերմունքը աղքատությանը աստվածաշնչային երկու սկզբունքների միջև փոխզիջում գտնելու ցանկությունն է, այն է՝ աղքատներին օգնելու միջև (բարօրության սկզբունքը) և պահանջը, որ յուրաքանչյուր անձ, իր կարողությունների շնորհիվ, ապրի սեփական վաստակով (աշխատանքի սկզբունքը): Կահլի թեզն այն է, որ Արևմուտքում այս խնդրի լուծման համար ընտրված սկզբունքները և մեթոդները, որոնք որոշում են աղքատության հաղթահարման քաղաքականությունը, մեծապես կախված են գերիշխող կրոնի պատմական ազդեցությունից: Նա դիտարկում է կաթոլիկության, լյութերականության և կալվինիզմի ազդեցությունը:
Հարուստները ողորմություն են տալիս, իսկ աղքատները դրա դիմաց աղոթում են նրանց հոգիների փրկության համար: Միջնադարյան եկեղեցու խնդիրը հարուստների և աղքատների միջև միջնորդ ծառայելն էր: Ողորմություն տալը համարվում էր լավ բան, քանզի զեղչում էր հարուստի մեղքերը, իսկ աղքատությունն ինքնին գրեթե հոգու փրկության երաշխիք էր: Ընդունելի էր համարվում, որ ապրուստ վաստակելու համար աղքատները ողորմություն են խնդրում, սակայն Ռեֆորմացիան փոխեց այդ մոտեցումը:
Կաթոլիկության համար միջնադարյան այդ ուսմունքը գրեթե անփոփոխ մնաց: Պահպանվեց հարուստների բարեգործության բարոյական պարտավորությունը, բայց ոչ աղքատներին աջակցության իրավունքը:
Մարտին Լյութեր պնդում էր, որ հոգու փրկությունը կախված չէ մարդու գործերից, այլ տրվում է միայն Աստծո ողորմածությամբ, այնպես, որ աղքատներին ողորմություն տալը զրկվեց կրոնական բովանդակությունից: Ըստ նրա, յուրաքանչյուր մարդ Աստծո կողմից է կոչված, և ամենքը ի վերուստ սահմանված անելիքներ ունեն: Լյութերը աղքատությունը հաղթահարելու միջոց համարում էր աշխատանքը: Ամեն մի աշխատունակ մարդ պետք է աշխատի, իսկ մուրացկանությունը դատապարտելի է:
Կալվինիզմը Լյութերի կոչումի՝ մասնագիտացված աստվածաբանությանը հավելեց նախախնամության սկզբունքը, որի հիման վրա ձևավորվեց անողոք աշխատանքային բարոյականությունը (էթիկան), ըստ որի այն անձը, ով իր աշխատանքով հարստություն է վաստակում՝ ընտրյալ է, իսկ աղքատ լինելը նշանակում է լինել մերժված՝ անհաջողակ: Հոգու փրկության համար բարի գործերը բավարար չեն. պետք է ինքնատիրապետում ու անխոնջ աշխատանք և միայն այս կերպով յուրաքանչյուր մարդ կարող է ստանալ Աստծո շնորհը: Աստծո ընտրյալները ոչ թե աղքատներն են, այլ՝ աշխատավորները:
Զիգրուն Կալը կարողացավ շատ ճշգրիտ ձևակերպել բարեկեցության և աշխատանքի վերաբերյալ տարբեր կրոնական ուղղությունների կարգախոսները. կաթոլիկության մեջ` «կերակրիր, օգնիր աղքատներին, և դու կփրկվես», լյութերականութլունում՝ «բոլորը պետք է ուտեն, բոլորը պետք է աշխատեն», կալվինիզմում՝ «ինքնուրույն վաստակիր քո ամենօրյա հացը»: Այս «կարգախոսների» շնորհիվ է կարելի բացատրել տարբեր երկրների սոցիալական քաղաքականության բնույթը, կախված նրանից, թե որ կրոնական ավանդույթն որտեղ է գերակշռում:
Ամենակարևոր տարբերությունները, երբ համեմատում ենք անգլո-սաքսոնական լիբերալ ու մայրցամաքային մոդելները, հիմնականում բացատրվում են բողոքականության տարբեր ուղղությունների գերիշխանությամբ, մինչդեռ «սոցիալական կապիտալիզմի» հարավային, մայրցամաքային և հյուսիսային մոդելների միջև ամենակարևոր տարբերությունները գալիս են լյութերական-բողոքական և կաթոլիկ սոցիալական ուսմունքներից:
Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում բողոքականությունը խոչընդոտեց համընդհանուր բարեկեցության պետության զարգացմանը: Այս պետություններում, ըստ Ֆիլիպ Մանովի (ըստ՝ Ш. Ляйбольд. Религиозние корни государства всеобщего благосостояния/ https://cyberleninka.ru/article/n/religioznye-korni-gosudarstva-vseobschego-blagosostoyaniya), ձևավորվեց մի տեսակ, որ նա սահմանում է իբրև «կարգավորվող բարեփոխված բողոքականություն»: ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում բողոքական եկեղեցին անջատ և անկախ էր պետությունից, ի տարբերությունը վերոհիշյալ երկրներից, և բարեկեցության պետության առաջացման վրա այն ունեցավ խանգարող ազդեցությունը:
Սկանդինավյան երկրներում, որտեղ Լյութերական եկեղեցին պետական կրոնի կարգավիճակ ուներ էր, ոչինչ չէր խանգարում եկեղեցուն պետությանը փոխանցել սոցիալական պարտականությունները: Ընդ որում, այս խնդրում, պետությունը և եկեղեցին գործնականում միավորվել էին: Այսինքն՝ պետություն/եկեղեցի հարաբերության գործոնը ևս էական է:
Գերմանական հետպատերազմյան վարչակարգը, ըստ Ֆ. Մանովի, կարող է սահմանվել որպես դավանաբանական փոխզիջում: Գերմանիայում բարեկեցության պետությունն իր համուր սոցիալական ապահովագրության համակարգով, ազդեցիկ բարեգործական միություններով, տարբերակված սոցիալական ծրագրերով և սեռերի միջև դերերի ավանդական բաժանումով ավելի մոտ է կաթոլիկ եկեղեցու սոցիալական ուսմունքին, մինչդեռ պարտադիր աշխատանքային գործունեության սկզբունքը, հսկողության համակարգը, տնտեսական քաղաքականության ոլորտում պետական վերահսկողությունը կարևորելը, և այլն, գալիս են բողոքական ժառանգությունից:
Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում բարեկեցության պետության լիբերալ բնույթը կարող է բացատրվել բացատրվել տարբեր գործոններով, որոնցից ամենակարևորը ընդեմ ցածր խավի բարձր ու միջին խավերի դաշինքն է: Իշխող դարձավ կալվինիստական աշխատանքային բարոյականությունը, որն կառավարության աջակցությունն աղքատներին անընդունելի է համարում,այսինքն նրանց համար, ովքեր չեն ցանկանում աշխատել, և կարևորվում է ինքնաապահովման սկզբունքը:
Սկանդինավյան երկրներում ստեղծվեց բանվորական և գյուղացիական շարժման ներկայացուցիչների կոալիցիա, որը շահագրգռված էր համընդհանուր բարօրության պետության կայացմամբ: Պետության վրա կողմնորոշված լյութերական բարոյականությունը սկանդինավյան բարեկեցության պետության հաջողության համար պայմաններ ստեղծեց:
Գերմանիայում, օրինակ, դասակարգային հակամարտությունն որոշիչ էր քաղաքական ասպարեզում, բայց միևնույն ժամանակ, պետության և եկեղեցու միջև դիմակայության արդյունքում կարևոր քաղաքական ուժ դարձավ միջկրոնական քրիստոնեա-ժողովրդավարական միությունը: Արդեն Վեյմարի հանրապետության օրոք ստեղծվեց աշխատավորական շարժումների և սոցիալապես ակտիվ կաթոլիկներից կազմված կոալիցիա, որոնք հիմք դրեցին Գերմանիայի բարեկեցության պետության հիմքերը: Այս երկու գործոնների շնորհիվ ձևավորվեց բավականին շռայլ, կարգավիճակային և ավանդական արժեքներ պաշտպանող համընդհանուր բարեկեցության պետության վարչակարգը:
Ֆրանսիան առանձնահատուկ է, ինչպես Գերմանիայի, այնպես էլ Բրիտանիայի համեմատությամբ: Եկեղեցու և պետության միջև առկա կոշտ բախումը ստիպեց աշխատվորական շարժումներին միավորվել լիբերալների հետ ընդեմ Կաթոլիկ եկեղեցու ազդեցության, ինչը հանգեցրեց այնպիսի բարեկեցության պետության ստեղծման, որը անտեսում է ավանդական արժեքները:
Այսպիսով, կրոնի ազդեցությունը միջնորդավորված է նաև դասակարգային պայքարի գործոնով, և այս առումով կարևորվում է այն, թե այս խնդիրներում եկեղեցին ինչ դիրքորոշում ունի:
Հայաստանի, ուրեմն նաև Հայ առաքելական եկեղեցու համար, մեծ նշանակություն ունի Ռուսաստանի, և, համապատասխանաբար, Ռուս ուղղափառ եկեղեցու օրինակը: Ռուս ուղղափառ եկեղեցին երկրորդական է համարում սոցիալական էթիկան և սոցիալական քաղաքականությունը, ամենը հանգեցնելով «սիրիր մերձավորին» ավանդական կոչին, որը հատուկ է նաև Հայ առաքելական եկեղեցուն:
Ռուս ուղղափառ եկեղեցին ժամանակի ընթացքում երեք հիմնական եկեղեցական գործառույթներից՝ Մարտիրիա (վկայություն, քարոզ), Դիակոնիա (հոգևոր և նյութական օգնություն) և Լիթուրգիա (հավատքի փառաբանություն), կենտրոնացավ Լիթուրգիայի, այսինքն՝ ծիսական գործառույթի վրա:
Քրիստոնեական եկեղեցու նշանակությամբ առաջին գործառութը՝ Վկայությունը, Հայ առաքելական եկեղեցին կտրուկ մերժում է: Նախ՝ 15-րդ դարից հետո ՀԱԵ-ն սրբեր չունի, ովքեր պետք է վկայեն Քրիստոսի խոսքը: Վկայության մյուս կերպը՝ քարոզը, նա համարում է հոգեորսություն: Եկեղեցին ցանկացած իշխանություն համարում է ընդունելի և քարոզում լոյալությունը նրա հանդեպ:
Հայ առաքելական եկեղեցին կտրուկ մերժում է աղքատներին աջակցելը, ի տարբերություն օրինակ՝ Ս. Ներսես Մեծի, որը շեշտը դնում էր Դիակոնիայի վրա: ՀԱԵ-ն հասարակ խավը համարում է որպես իր կողմից շահագործման բնական օբյեկտ, բայց ոչ քրիստոնեական համայնքի լիարժեք անդամներ: Հասարակ քահանաները ևս ժողովրդի մի մասն են, և կարող են կամայական վերաբերմունքի արժանանալ եկեղեցիական օլիգարխիայի կողմից:
Հայ առաքելական եկեղեցու համար դեռևս օտարոտի է սոցիալական գործունեությունը: Ա. Ասրյանը գրում է. «Ցավոք, Հայաստանում (եկեղեցու) սոցիալական ինստիտուտի կայացման ճանապարհին խոչընդոտներ դեռևս կան. դրանցից մեկը երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակն է, որի պատճառով (սոցիալական աշխատանքի) մասնագետները վերապատրաստվելու հնարավորություն չեն ունենում: Մեկ այլ խոչընդոտի մասին ևս, որն առկա է սոցիալական դիակոնիայի կայացման ճանապարհին: Ինչպես սոցիալական աշխատանքը մեր հասարակությունում դեռ չի ամրագրվել որպես հատուկ մասնագիտություն, այնպես էլ հոգևոր սպասավորների իրականացրած սոցիալական ծրագրերը դեռևս չեն դիտվում որպես եկեղեցու սոցիալական դիակոնիայի դրսևորում» ( «Կրոն և հասարակություն», Աստղիկ Ասրյան, «Սոցիալական դիակոնիան Հայ Առաքելական եկեղեցու սոցիալական աշխատանքը եւ արտասահմանյան փորձի կիրառումը Հայաստանում», 2007 թ., #1, էջ 16):
Ինչպես Ռուս ուղղափառ եկեղեցին, այնպես էլ ՀԱԵ-ն, իրենց համարում են ազգային եկեղեցի, և առաջին հերթին իրենց պարտավորված են զգում վկայել ոչ թե քրիստոնեականը (Մարտիրա, քարոզ), այլ՝ ազգայինը:
Ըստ Ռուս ուղղափառ եկեղեցու մոտեցման, եկեղեցին և պետությունը միասնական են: Այդ տեսակետի համաձայն պետությունը չի կարող ունենալ չեզոք աշխարհայացք, բազմակարծությունը և խղճի ազատությունը հակասում են և՛ պետությանը, և՛ եկեղեցու շահերին: Պետության և եկեղեցու հարաբերությունները պետք է կառուցվեն սիմֆոնիայի՝ ներդաշնակության սկզբունքի համաձայն: Սիմֆոնիայի սկզբունքը հոգ է տանում եկեղեցու և պետության հարաբերություններում ներդաշնակության պահպանման մասին, եթե նույնիսկ այդ պատճառով եկեղեցին կորցնի իր ներքին ազատությունը: Պետությունը ընկալվում է որպես Ուղղափառության պահապան:
Նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակում, եկեղեցին պետք է հավատարիմ մնա իրեն հալածող պետությանը և խոնարհաբար ենթարկվի: Այնուամենայնիվ, պետության հանդեպ նվիրվածությունը երկրորդական է, քանի որ առաջնային է Աստծո հանդեպ հավատարմությունը: Եկեղեցին չպետք է լռի, եթե կառավարության որոշումները հակասում են քրիստոնեական բարոյականության սկզբունքներին: Ռուս ուղղափառ եկեղեցու սոցիալական ուսմունքը ենթադրում է եկեղեցու և պետության հիմնարար տարանջատում, և, չնայած պասիվ, դիմադրության իրավունքի առկայությունը:
Ռուսական այս մոդելը հատկապես քարոզվում էր Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ այն փորձում էր լեգիտիմացվել կրոնական գործոնի հաշվին: Բայց եկեղեցի-պետություն հարաբերությունների ռուսական մոդելը ընդունվում էր առանց վերջին հավելումի՝ եկեղեցու և պետության հիմնարար տարանջատման: Հայաստանյան նոր իշխանությունների փորձերը գործադրել եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը, հանդիպում են եկեղեցիական վերնախավի դիմադրությանը: Եկեղեցին ավելի բարձր է, քան՝ պետությունը:
Ռուս ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև եղած ևս մեկ տարբերություն, Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստակամություն է հայտնել (թեկուզ գոնե խոսքով) իր աջակցությունը բերել բարեկեցության պետության կայացմանը, և հայտ է ներկայացրել դառնալ սոցիալ-քաղաքական ակտիվ ուժ: Հայ առաքելական եկեղեցին ոչ մի խնդիր չի տեսնում խորացող սոցիալական անարդարության մեջ և պատրաստ է ցանկացած համաձայնության ցանկացած իշխանության և տնտեսական վերնախավի հետ: