Տ. Հուսիկ Արք. Զոհրապյան Ռումինիայի Հայոց Թեմի Առաջնորդը

  • 09/12/2016
  • Տ․Հեթում քահանա Թարվերդյան

  • Ախթալայի Ս․Աստվածածին վանքի վանահայր

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու նվիրյալ եւ ուսյալ զավակներից է Տ.Հուսիկ արք. Զոհրապյանը, ով իր առանձնակի տեղն ունի Ռումինիայի Հայոց թեմի պատմության մեջ: Անգնահատելի է Հուսիկ սրբազանի ավանդը, ով, լինելով լուսավոր հոգեւորական, միշտ կանգնեց իր հոտի կողքին եւ առաջնորդեց այն դժվարին պայմաններում, երբ մազապուրծ հայությունը իր ապաստանն էր գտնում Ռումինիայում: Լինելով մեծ աշխարհայացքի տեր անձնավորություն՝ Հուսիկ սրբազանը ի մի բերեց Ռումինիայի Հայոց թեմի ողջ կարողությունը, եւ որպես Քրիստոսի ազնիվ եւ արդար սպասավոր հանձնառեց ստեղծել Ռումինահայոց թեմը, քանզի թեմը երկար ժամանակ, որպես առաջնորդներ ընդունում էր Կ.Պոլսի պատվիրակներին:
tarverdyan_pict1
Սրբազան հայրը, լինելով խորահայաց անձ, հավատ ներշնչեց հայերին, երբ Ռումինիայում հաստատվեցին ֆաշիստական կարգերը, քանզի մեծ վտանգ էր առաջացել հայերի համար, որոնք երկար ժամանակ, մոտ հազար տարի ապրում եւ ստեղծագործում էին վերոնշյալ երկրում: Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Հուսիկ սրբազանը ամեն ջանք գործադրեց համայնքի եւ թեմի զարգացման եւ հետագա արհավիրքները կանխելու համար: Նորաստեղծ Ռումինիայում Հուսիկ սրբազանի շնորհիվ հայերի դերը Ռումինիայի հասարակական կյանքում ավելի բարձրացավ, քանզի նա Ռումինիայի հասարակությանը եւ հատկապես վերին շրջանակներում ցույց տվեց, որ հայերը միշտ Ռումինիայի պատմության մեջ կողմնակից են եղել երկրի միասնականությանը եւ միշտ իրենց հավատարմությունն են հայտնել կառավարությանը:
tarverdyan_pict2

Հատկանշական է այն փաստը, որ առաջնորդության շրջանում նա գերագույն նպատակ էր համարում մարդկանց՝ հատկապես հայությանը, միավորել եկեղեցու շուրջ, ինչպես նաեւ ներշնչել այն միտքը, որ Հայոց Եկեղեցին, ոչ թե հայապահպանության վայր է, այլ Քրիստոսի կենդանի տաճարը, որ դառնում է Քրիստոսի կենդանի մարմին հավատացյալների միությամբ:

Հուսիկ սրբազանը գալիս է Ռումինիա մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Ռումինիայի Հայոց թեմում սկսվել էր զարթոնքի շրջանը, ուր՝ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում թեմը մեծ պակաս ուներ հոգեւոր մնայուն առաջնորդի, քանի որ Կոստանդնուպոլսից կամ Երուսաղեմից եկող եւ անցնող բարձրաստիճան հոգեւորականները նվիրակի կարգավիճակ ունեին: Ռումինահայոց թեմի առաջնորդական դրությունը իրավական տեսակետից կախում ուներ Կ.Պոլսի Հայոց պատրիարքությունից եւ չուներ թեմական հատուկ կանոնադրություն: Այս տեսակետից, պետք է բախտորոշ նկատել Բեսարաբիայի միացումը իր պապենական հողին, որ է Ռումինիան, սա նաեւ պատճառ հանդիսացավ, որ Զոհրապյանը առաջնորդական վիճակը կայունացնի՝ հոգեւոր կենտրոն ունենալով Բուխարեստը եւ պատճառ դառնա ապագային թեմական կանոնադրության անհրաժեշտության: Կանոնադրություն, որը վավերացվեց թագավորական հրովարտակով:
tarverdyan_pict3
Այսպես, ուրեմն, Ռումինահայոց կանոնադրությունը մտավ երկրի դավանանքների օրենսդրության մեջ: Ի դեպ, նշելի է թեմի կազմակերպման բարդ գործընթացին ուղղված հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկի՝ Ռումինիայի հանրային կրթության եւ դավանանքի նախարար Նիկոլա Յորգայի բոլորանվեր ջանքերը:

Ռումինիայում ծավալած հոգեւոր գործունեությունից բացի Հուսիկ սրբազանին տեսնում ենք նաեւ Եվրոպայի այլ երկրներում: 1937թ. սեպտեմբերի 10-ին նամակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանը Հուսիկ սրբազանին իրավունք եւ պարտականություն է տալիս պարբերաբար այցելելու նաեւ Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Շվեյցարիայի անհովիվ հայությանը՝ նրանց վիճակը ուսումնասիրելու, Մայր Աթոռի հետ սերտորեն կապելու եւ մխիթարելու համար: Զատ այս ամենին Հուսիկ սրբազանը զգալի աշխատանք է կատարել Ռումինիայի հայոց թեմական կառույցների ստեղծման, թեմական կանոնադրության մշակման, դպրոցների կազմակերպման ու եղեռնից փրկված հայության ներհամայնքային կյանքը կանոնավորելու ուղղությամբ: Հատկապես գնահատելի դեր է խաղացել գերմանական նացիստների ծրագրած՝ ռումինահայերի արտաքսումը կանխելու գործում:

tarverdyan_pict4

Որպես ուսյալ հոգեւորական Հուսիկ սրբազանը զբաղվել է նաեւ գիտական աշխատանքով: Նա ռումինական, ռումինահայ եւ սփյուռքահայ մամուլում բազմաթիվ հոդվածներ է տպագրել Հայ եկեղեցու բարեկարգման, նշանավոր հոգեւոր-եկեղեցական գործիչների մասին: Առանձնակի կարեւորություն ունի նրա հեղինակած «Հայ Եկեղեցու Պատմություն» ռումիներեն մենագրությունը, որ թարգմանվել է ռումիներեն 1934 թ.՝ Վարդան Մեստուճյանի կողմից:
Նակտելի է նաեւ այն փաստը, որ 1941 թ. ապրիլի 12-ին Մայր Աթոռ Ս.Էջմիածնում գումարված Ազգային-եկեղեցական ժողովի կողմից միաձայն ընտրվել է Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ:

Տ.Հուսիկ արք. Զոհրապյանի մասին կարելի է անվերջ գրել եւ պետք է գնահատել, որ շատ մեծ դեր է խաղացել Հայ Եկեղեցու պատմության եւ առհասարակ Ռումինիայի Հայոց թեմի պատմության մեջ, քանզի այսօրվա աթոռի անշարժությունը եւ ամրությունը եւ թեմի հոգեւոր դասի ոտքերի ամրությունը աներկբա կերպով կապված է Հուսիկ սրբազանի հետ, ով խորունք կերպով ստեղծեց եւ հանձնեց հաջորդներին: Շատ տեղին է ասել իր Հուսիկ սրբազանի թաղման հրաժեշտի խոսքում Բեսարաբիայի մետրոպոլիտ Վիսարիոն Փույուն. «Խորունկ զարգացումի հետ, հմուտ աստվածաբան, գրաբարագետ, գերմաներեն եւ ռուսերեն լեզուները փայլուն տիրապետող, չըսել համար հայրենասեր, վայելուչ բարձրաստիճան հոգեւորական եղած է Տ.Հուսիկ արք. Զոհրապյանը»։