Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում բազմաթիվ հանցագործություններ են կատարվել՝ քաղաքական սպանություններ, հանրային ունեցվածքի յուրացումներ, սեփականության վերաբաշխումներ, պատերազմի ընթացքում զանգվածային մարոդյորություն(դիակապտություն), դաշտային հրամանատարների կասկածելի մահեր, ընտրական կեղծիքների միջոցով իշխանության զավթումներ, հավելագրումներ, արհեստական մենաշնորհներ, պետական հովանավորչություն, տնտեսական հանցագործություններ, անարդար դատավարություններ և այլն։ Այս ցուցակը կարելի է երկար թվարկել։
Խոսքը գնում է ծանրագույն հանցագործությունների մասին, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ։ Դա կատարվել է մեր բոլորի ներկայությամբ, իսկ մամուլն ընթերցողներին գրավելու համար դրանք լուսաբանել է։ Սա է այն իրականությունը, որից մենք փորձում ենք ազատվել «Նոր Հայաստան» ստեղծելու համար, սակայն «Նոր Հայաստանն» այդ իրականության նկատմամբ պետք է վերաբերմունք ձևավորի, առանց որի ատելության մթնոլոտի թափանիվը չի կարող կանգնել և խոստացված «սիրո և հանդուրժողականության» մասին կարգախոսը կշարունակի վերածվել «ատելության և վրեժխնդրության»։
Սակայն ո՞րն է այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը, պարզ չէ։ «Ուղիղ ժողովրդավարության» միջոցով դատարաններին, որոնք ավելի են վարկաբեկվել նոր իշխանությունների պոպուլիզմի հետևանքով, եկել է փոխարինելու փողոցային արդարադատությունը։
Երեսուն տարվա անօրինականությունը, որը կարող է հարցականի տակ դնել պետական մարմինների լեգիտիմությունը և այդ ընթացքում ընդունված օրենսդրությունը, մարդկանց սեփականության լեգիտիմությունը. ծանրագույն խնդիր է, և մենք պետք է դրա լուծումը գտնենք։ Հանրությունն այդ համատարած անարդարությունների ու հանցագործությունների համար, որոնց ժամանակ հարյուր հազարավոր ընտանիքներ են տուժել, մեղավորներ է փնտրում, ինչը բնական է։
Ժամանակին որպես քավության նոխազ էր ընտրվել Վանո Սիրադեղյանը, սակայն նա կտրականապես հրաժարվեց այդ դերը կատարել․ «Ես քավության նոխազ չեմ դառնա, եթե գնամ, շատերին եմ հետս տանելու»։ Այսինքն մեղավորները շատ են, և ինքն իր վրա ամբողջ մեղքը չի վերցնելու և չի դառնալու քավության նոխազ։ Եթե պատասխանատվության խնդիր է առաջացել, ապա մյուսները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ յուրաքանչյուրն իր արածի համար։
Սակայն քավության նոխազի՝ սակրալ զոհի, իմաստն այն է, որ նա իր մեջ ակումուլացնում է բոլորի մեղքը և դրանով կանգնեցնում համատարած վրեժխնդրությունը։ «Զոհը» կարող է լինել խորհրդանշական, կարող է և լինել կոնկրետ անձ։
Հին Կտակարանի Ղևտական գրքում ներկայացվում է քավության նոխազի՝ սակրալ զոհի նպատակը։ «Ահարոնը երկու նոխազի համար վիճակ պետք է գցի. մի վիճակը՝ Եհովայի, մյուսն ազազելի համար։ Ահարոնը պետք է մոտեցնի այն նոխազը, որը վիճակով կընկնի Եհովայի համար, և մատուցի որպես մեղքի ընծա։ Իսկ այն նոխազը, որը վիճակով կընկնի ազազելի համար, պետք է կենդանի կանգնեցվի Եհովայի առաջ, որպեսզի դրա համար քավություն արվի, և ազազելի համար այն կարձակվի դեպի անապատ։ Ահարոնն իր երկու ձեռքերը պետք է դնի կենդանի նոխազի գլխին ու դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր հանցանքներն ու բոլոր մեղքերը, դրանք պետք է դնի նոխազի գլխին և նշանակված մարդու ձեռքով այն դեպի անապատ արձակի։ Նոխազը նրանց բոլոր անօրենությունները կտանի դեպի ամայի երկիր. այդպես նրա նոխազը դեպի անապատ կարձակի»։
Ըստ մեկ վարկածի, Ազազելը անապատում գամված դևն է, մյուսով՝ Ազազել էին անվանում այն ժայռը, որից ցած էին գլորում նոխազին։ Երբեմն Ազազել են անվանում նաև քավության նոխազ ընտրված այծին։ Նոխազի վրա է դրվում «Իսրայելի որդիների բոլոր անօրենությունների» մեղքը։
Ըստ փիլիսոփա Ռընե Ժիրարի տեսության՝ սակրալ զոհաբերությունը հանրությանը փրկում է համատարած բռնության և վրեժխնդրության վտանգից։
Ուլին անապատ ուղարկելը խորհրդանշում է բոլոր մեղքերից մաքրվելը և հետագայում կատարվելիք մեղքերից խուսափելու համար ապաշխարելը։ Ուլն իր վրա է վերցնում մեղքերը՝ մյուսներին ազատագրելով այդ մեղքերից։
Ֆրանսիացի փիլիսոփա և մշակութաբան Ռընե Ժիրարը կրոնի և բռնության մասին հայտնի տեսության հեղինակն է։ Իր «Քավության նոխազ» մենագրությունում սակրալ զոհաբերությունը դիտարկում է նոր տեսանկյունից։ Նա ստեղծել է ամենաազդեցիկ տեսություններից մեկը, որը փոխկապակցում է կրոնը և բռնությունը, ըստ որի՝ ծիսական զոհաբերությունը նա դիտարկում է որպես մշակույթի և հանրության համար կարևորագույն գործողություն։
Ըստ նրա, բռնությունը ծնում է վրեժխնդրություն։ Վրեժխնդրությունը վարակիչ երևույթ է։ Ծիսականացրած մեղքերի թողությունը՝ քավության նոխազի տեսքով, մարդկանց ազատում է փոխադարձ վրեժխնդրությունից։ Պատահական չէ, որ հրեաների մոտ կա միմյանց ներելու, այդ թվում նաև պարտքերի համար, ծիսական օր։ Երբ հրեաների հետ որևէ ողբերգություն է տեղի ունենում, առաջին հերթին իրենք իրենց են մեղադրում՝ դա համարելով իրենց մեղքերի հատուցում։
Ըստ Ժիրարի, հանրությանը բռնության թափանիվից ազատելու, մեղքերի թողության և միմյանց ներելու համար օգտագործվում է քավության նոխազի ծիսական արարողությունը։ Ըստ նրա՝ «այծը» պետք է միաժամանակ «մեզանից» մեկը լինի՝ միևնույն ժամանակ լինելով նաև «օտար»։ Ամեն մի հասարակություն յուրովի է լուծում այդ խնդիրը։ Նա պետք է «մեզանից» մեկը լինի, որովհետև «մեր» ապաշխարանքի համար է նա ընտրվում և միևնույն ժամանակ պետք է լինի «օտար», որպեսզի իր մեջ ակումուլացնի մեղքերը՝ «մեզանից» հեռացնելով պատասխանատվությունը։ Կարող է լինել նաև կոլեկտիվ «նոխազ»՝ որևէ էթնիկ խումբ կամ ենթախումբ, որի դերը եվրոպական շատ երկրներում հրեաներն էին կատարում, կամ հայերը՝ Օսմանյան Թուրքիայում։ Քավության նոխազի շնորհիվ ընդհանրական մեղքը դրվում է որևէ անձի կամ մարդկանց խմբի վրա՝ մյուսներին ազատելով պատասխանատվությունից։
Պատահական չէ, որ առաջին նախագահի շրջապատը պարբերաբար թիրախավորում է ղարաբաղցիներին՝ դրանով փորձելով իրենց սխալներն ու մեղքերը դուրս գրել նրանց վրա։
Աֆրիկական որոշ երկրներում սպանում էին գահընկեց արված թագավորին կամ ցեղապետին, կամ էլ բոլորի ներկայությամբ նրան «լողացնում» կղանքի մեջ։ Նախկին առաջնորդից ազատվելով՝ նրանք դուրս են գրում իրենց բոլորի կողմից կատարված սխալները։ Համատարած անօրինականության պայմաններում անգամ լռելն ու համակերպվելը նույնպես մեղքեր են։
Քավության նոխազի անհրաժեշտությունն առաջանում է հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ թուլանում են հանրային ինստիտուտները, և նրանց վրա մեծանում է ամբոխի ճնշումը։ Քավության նոխազի պատիժը պատժից ազատում է մյուս դերակատարներին, հագուրդ է տալիս ամբոխի վրեժխնդրությանը և հանրության համար հանգստության բերում՝ նրանց ազատելով սեփական մեղքերից։
Ըստ Ժիրարի, կրոնը մարդկանցից «վերցնում» է վրեժի իրավունքը, այն դարձնում անանձնական ու խորհրդանշական և ծիսակատարության միջոցով հանրությանը ազատում փոխադարձ վրեժխնդրության արյունալի թափանիվից։ Ժիրարը գրում է, որ հասարակության էվոլյուցիայի ընթացքում մարդիկ, ծիսակատարությունից անցում կատարելով աշխարհիկ ինստիտուտներին, հեռանում են բռնություն կատարելու անհրաժեշտությունից, սակայն բռնության ծարավը դրանով չի վերանում, քանի որ բռնության պահանջմունքը ցանկացած պահի կարող է վերակենդանանալ։
Քրիստոնեությունը, բնականաբար նաև հուդայականությունը, քավության նոխազի ինստիտուտի միջոցով փորձում են մարդկանց զերծ պահել բռնության թափանիվի վտանգից՝ այն դարձնելով ծիսական։ Քրիստոնեությունը մի քայլ առաջ է անցել հուդայականությունից՝ համարելով, որ Հիսուսն ինքակամ իր վրա է վերցրել բոլորի մեղքերը, և ինքը վերջին քավության նոխազն է։ Դա քրիստոնեական սիրո գաղափարի հիմքն է։
Քաղաքականության մեջ քավության նոխազի նշանակումը նաև կարևոր քարոզչական դերակատարություն ունի։ Քավության նոխազի ընտրությունն ու պատիժը միաժամանակ կարող է ծառայել որպես գործող իշխանության լեգիտիմացման միջոց, նաև՝ որպես կոլեկտիվ հանցագործություններից ազատելու ինստիտուտ։
Աշխարհիկ և իրավական երկրներում հանրության համար կրոնը կորցրել է իր սակրալ գործառույթը, և ճգնաժամային իրավիճակներում, երբ դատական համակարգը թուլացած և վարկաբեկված է, առաջ է գալիս փողոցային արդարադատության սպառնալիքը, որը կարող է ծնել վրեժխնդրության մի երկար շղթա։
Հայաստանի նոր իշխանությունը հաստատվել է նախկինների քննադատության շնորհիվ, և հանրությունը սպասում է արդարության վերականգմանը և մեղավորների պատժին։ Սակայն մեղավորները հազարավոր մարդիկ են եղել, և ակտիվացած հանրության սպասելիքները բավարարելու համար իշխանությունը քավության նոխազներ է որոնում։ Դա ծուղակ է նրանց համար. եթե դա չանի, ապա կորցնում է իր հանրային լեգիտիմությունը, որովհետև իշխանության է եկել դրանք բացահայտելու խոստումով, իսկ պատժել բոլորին՝ նա անկարող է։ Վերացական «անցումային արդարադատությունը» փշրվում է, երբ փորձում են ներկայացնել դրա իրավական հիմքերը։
Քարոզչական արդադատությունը չի կարող լուծում տալ իրավիճակին։ Յուրաքանչյուրը պետք է պատասխան տա դատարանում՝ ըստ օրենքի և կոնկրետ իր արարքների համար, և արդարադատությունը չի կարող լինել ընտրովի, քավության նոխազի նշանակման տեսքով։
Ոչ ծիսական, անձնավորված քավության նոխազը ետկրոնական հասարակությունում կարող է իսպառ քայքայել արդարադատության ինստիտուտը։