Քրիստոնեական հավատը բանականության եվ բանապաշտության միջեվ

  • 08/05/2016
  • Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյան

  • Ուրուգվայի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ

Բանականությունը մարդ արարածին վերաբերող հատկանիշ է. նրա այն բացառիկ կարողությունը, որով նա հարաբերության մեջ է մտնում ամեն ինչի հետ և ըստ պատշաճի ծրագրում իր անելիքները: Մարդը բանական էակ է: Բանականությունն ինքնին անսահման է և անթերի, իսկ մեր ունեցածը այդ ընդհանուր բանականության մեկ մասնիկն է, որը կազմում է մեր գիտելիքների բաժինը, թերի է ու սահմանափակ: Մեր մարդկային գիտությունը ենթակա է բանականության, կախում ունի նրանից, իսկ բանականությունը անկախ է մեր գիտությունից:

Մյուս կողմից էլ այն ճշմարտությունները, որոնք ուղղակի կապ ունեն մարդու հոգեկան փրկության ու պայծառացման հետ, ճանաչելի են միայն հավատով. դրանցից են, օրինակ, Աստծո գոյությունը, Սուրբ Երրորդության խորհուրդը, Քրիստոսի մարդեղությունը, Եկեղեցու խորհուրդները, հավիտենական կյանքը և այլն:

Այդ հավատը, սակայն, գոյություն չէր ունենա, եթե մարդ օժտված չլիներ բանականությամբ: Անբան անասունները դրանից զուրկ են: Այս չի նշանակում, թե հավատը կախում ունի բանականությունից, բայց առանց նրա էլ հավատի հարցերը մնում են անհասկանալի և անմերձենալի:

Հավատի համար բանականությունը բավարար նախապայման չէ, բայց անհրաժեշտ պայման է:

Բանականության և հավատի միջև չպետք է հակասություն ստեղծել, թեև, ինչպես նշեցինք, մեկը մյուսից կախում չունի, բայց ներդաշնակ գոյակցության դեպքում իրար ճոխացնում են: Սկզբից պետք է հստակ լինի այն, որ բանականության ու հավատի միջև թեև սահման գոյություն ունի, սակայն կա նաև մի ազատ միջոց, ուր նրանք հանդիպում են իրար: Նա, ով դեմ է դուրս գալիս բանականության, ինքնաբերաբար դեմ է դուրս գալիս նաև հավատին, քանզի բանականությունն ինքնին աստվածային մի շնորհ է, որը մեզ նմանեցնում է Աստծուն և կապում Նրա հետ, զանազանում իրականությունն ու ճշմարտությունը` խաբեպատիր երևույթներից, կյանքը` մահից, հավիտենականը` անցողականից: Այս իմաստով էլ, սխալ ենք գտնում XVI-րդ դարի բողոքական բարեկարգիչներից ոմանց դրսևորած արհամարհական վերաբերմունքը մարդկային բանականության նկատմամբ, որակելով այն իբրև «սատանայի պոռնիկը» կամ «պոռնիկ բանականություն» (Hurenvernunft)1:

Գերմանացի նշանավոր փիլիսոփա Իմմանուել Կանտը (1724-1804), իր «Զուտ բանականության քննադատությունը» գործով, նպատակ չի ունեցել դեմ դուրս գալու բանականությանը, քանզի այդ անելու համար, միևնույն է, նա դարձյալ դիմելու էր բանականության օգնությանը, այլ նա ցույց է տալիս հավատի անկախությունը նրանից, այն աստիճան, որ հայտարարում է. «Բարոյական և գիտական վարդապետությունները ճշմարիտ են յուրաքանչյուրն իր ոլորտում, մի բան, որ հնարավոր պիտի չլիներ ապացուցել, եթե քննադատությունը նախօրոք մեզ ցույց չտար երևելի աշխարհի վերաբերյալ մեր ունեցած տգիտությունը և չդասակարգեր պարզ գիտելիքների մակարդակում այն, ինչ որ տեսականորեն ճանաչում ենք: …Դրա համար էլ, ես անհրաժեշտ եմ համարել մերժել Աստծու, ազատության և անմահության վերաբերյալ գիտությունը, որպեսզի տեղ բացեմ հավատին»2:

Մյուս կողմից էլ բանականությունը, եթե եսակենտրոն ինքնաբավության պատվանդանի վրա չէ դրված, օգտվում է հավատից, որն իր հերթին նորանոր ճշմարտություններով ճոխացնում է այն, բարձրացնում դեպի երկնայինը, փոխանցում նրան այն հիմնահարցերի պատասխանները, որոնք վերաբերում են մարդու և տիեզերքի բնազանցական ոլորտներին:

Բանականության միջոցով մի բան ապացուցելու համար հարկ է սկսել այնպիսի մի բանից, որ մինչայդ անկարելի է եղած ապացուցել, այլապես, Արիստոտելի ասածի համաձայն, կընկնենք հավիտենական կրկնողության մեջ` վկայակոչելով արդեն իսկ նախապես մեր ձեռք բերած ապացույցները, որով ոչնչի չենք հասնի3: Իսկ փորձել ամեն ինչ ապացուցել, դա արդեն իսկ տգիտություն է: Հետևաբար, տրամաբանությունը սկսվում է ինչոր անապացուցանելի մի մեկնակետից` հասնելով համեմատաբար բանական եզրակացությունների:

Պետք է ասել, որ վաղ ժամանակներում, քրիստոնեական կրոնի ջատագովներն ու քարոզիչները, հավատի որևէ ճշմարտություն բացահայտելու համար, միշտ դիմել են մարդկային բանականությանը և օգտագործել դրա արդյունքը հանդիսացող լեզվաբանական բանաձևումներն ու ոճային արտահայտչաձևերը` հաստատելու համար, օրինակ, թե «Բանն մարմին եղև»: Բայց այս հաստատումի իսկական պատճառը ոչ թե բանականությունն է, այլ` աստվածային հայտնությունը: Նույնիսկ երբ ասում ենք, թե Աստված գոյություն ունի կամ «անճառելի» է, ինքնին, արդեն իսկ «ճառում» ենք նրա մասին:

Եկեղեցու հայրերից Կղեմես Աղեքսանդրացին (150-215) հաստատում է, թե հավատը հետամուտ է բանականությանը: Այս առնչությամբ գրում է.

«Հաստատում ենք, որ հավատն ինքնին գործուն է և արգասաբեր, բայց սա չի նշանակում, թե չպետք է երբեք հետազոտություններ կատարենք. «Փնտր’ր և կգտնես» (Մտթ. Է 7, Ղկս. ԺԱ 9): Հարկ է սրել հոգու տեսողությունը ուսումնասիրություններով…: Պարզ է, որ Աստծու վերաբերյալ հետազոտությունը, եթե բանավիճելու նպատակով չի արվում, այլ պարզապես` Նրան գտնելու ջանադրությամբ, առաջնորդում է դեպի փրկություն: Դրա համար էլ Դավիթը գրում է. «Տնանկները պիտի հագենան, Տիրոջը պիտի փառաբանեն նրանք, ովքեր փնտրում են նրան, և նրանց սրտերը կապրեն հավիտյան» (Սղմս. ԻԱ 27):

Իմացությամբ (gnosis) կատարելագործվում է հավատը: Միայն նրանով է, որ հավատացյալը հասնում է իր կատարելության: Քանզի հավատը ներքին մի հարստություն է, որն Աստծու վերաբերյալ քննարկումներ չի կատարում, այլ խոստովանում է Նրա գոյությունը և կառչում Նրանից, մինչդեռ քրիստոնեական իմացությունը ամրակուռ բացատրությունն է այն ամենի, ինչ որ ընդունված է հավատի միջոցով»4:

Համարյա նույն ձևով է արտահայտվում նաև Անսելմ Քենթերբերացին (1033-1109), որի համաձայն. fides quaerens intellectum, այսինքն` «հավատը հետամուտ է բանականությանը», որպեսզի նրանով կարելի լինի այն մեկնաբանել և հասկանալի դարձնել: Նախապատվությունը տրվում է միշտ հավատին. «Հավատալու համար կարիք չունեմ նախօրոք ըմբռնելու այն, ինչին հետո պիտի հավատամ, այլ` սկզբում հավատում եմ, որպեսզի հետո ջանք թափեմ հասկանալու և ըմբռնելու: Մի բան հաստատ գիտեմ` եթե նախ չսկսեմ հավատալ, էլ հետո երբեք պիտի չկարողանամ ըմբռնել»5:

Բանապաշտությունը կամ ռացիոնալիզմը

Բանապաշտությունը կամ ռացիոնալիզմը մի գաղափարախօսություն է և միաժամանակ փիլիսոփայության մեջ մեթոդաբանական մի ուղղություն, որը թեև գոյություն է ունեցել անտիկ ժամանակներում, սակայն իբրև փիլիսոփայական համակարգ իր լրումին է հասել նոր ժամանակներում:

Ռացիոնալիզմը, հետևելով մաթեմատիկական հիմունքների օրինակին, ժխտում է գերբնական որևէ հայտնություն, ինչպես նաև զգայական (sensual) կամ առօրյա փորձնական (empiric) ճանպարհով ձեռք բերված որևէ գիտելիք, երբ այն զուտ բանականության արդյունք չէ: Այս պարագայում բանականությունը նկատվում է իբրև միակ և բացարձակ աղբյուր ճանաչողության, ընդ որում փիլիսոփայությունը պարզապես վերածվում է գաղափարների, հասկացությունների և հաստատումների մի համակարգի:

Համաձայն ռացիոնալիզմի` իրականն ու ճշմարիտը միայն այն է, որ մատչելի է բանականությանը, ինչ որ բխում է նրանից: Նոր միայն Լուսավորականության դարաշրջանի վերջավորության (ԺԸ դար) ռացիոնալիզմը կարողացավ դիրքեր գրավել նաև աստվածաբանության մեջ, որով հավատի հարցերում ջանաց ընդունել միայն այն, ինչ որ կարելի է բանականությամբ հիմնավորել, մերժելով այն, ինչ որ հրաշագործությունների թվում է և մաս է կազմում հավատի բացառապես գերբնական տարրերքին:

Փիլիսոփայության մեջ ժամանակակից ռացիոնալիստական ուղղության հիմնադիր է համարվում Ֆրանսիացի մաթեմատիկոս, բնագետ և փիլիսոփա Ռենե Դեկարտը (1596-1650), որն սկզբում որդեգրում է այն սկզբունքը, թե ամեն ինչի հավաստիության վրա պետք է կասկածել, լինեն դրանք ավանդական գաղափարներ կամ զգայարանքների միջոցով ընկալվող իրականություններ: Կասկած չի վերցնում միայն այն իրողությունը, թե ամեն ինչ կասկածելի է, և հենց սա էլ ինքնին մի տեսակ մտածել է: Հետևաբար, կասկածել, ըստ Դեկարտի, նշանակում է մտածել: Այնուհետև նա եզրակացնում է. «Մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ» (cogito, ergo sum) և դրանով նա կառչում է բանականությունից, որը մարդկային մտածելու կարողության հիմքն է:

Բանականության ճանապարհով Դեկարտը հասնում է նաև Աստծո գաղափարին, որն ինքն իր մեջ պարփակում է մի կատարյալ իսկություն: Այդ գաղափարը ոչ թե բանականության արտադրանքն է, այլ նրանում տեղադրված մի միտք է, որի հեղինակը հենց ինքը` Աստված է: Այդ գաղափարի առկայությունն ինքնին ապացույց է Աստծո գոյության, որն անսկիզբ է և անստեղծ:

Ի հակադրություն Դեկարտի, որի փիլիսոփայական ներդրումը դրական իմաստով իր բացառիկ տեղն ունի ժամանակակից բարոյագիտական մտածելակերպում, Ֆրանսիացի մի այլ փիլիսոփա և մաթեմատիկոս Բլեզ Պասկալը (1623-1662), ընդունելով հանդերձ մարդկային բանականության կարևորությունը, մերժում է Աստծո վերաբերյալ զուտ փիլիսոփայական կարծիքները: Ըստ նրա` Աստված ոչ թե ուսյալների կամ փիլիսոփաների Աստվածն է, այլ «Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հիսուսի Աստվածը», այսինքն` առաջին հերթին հավատի մարդոց և միայն հավատով ըմբռնելի: Հետևաբար, ի հեճուկս Դեկարտի եզրահանգման` «մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ», նա հաստատում է. «Հավատում եմ, հետևաբար գոյություն ունեմ» (credo, ergo sum): Մարդը ճանաչում է Աստծուն իր սրտի և ոչ թե իր բանականության միջոցով, և հավատը հենց դրանում է: Սիրտն ունի իր օրենքները, որոնք բանականությունը չգիտե6:

Լուսավորականության շարժումը (Aufklärung, Illustration), որ ԺԷ դարում սկսվեց նախ Անգլիայում և ապա թափանցեց Ֆրանսիա ու Գերմանիա, այնուհետև` եվրոպական այլ երկրներ, բնորոշվում է մշակութային և մտավորական այն կարևոր աշխատանքով, որի նպատակն էր` փոխարինել եկեղեցական կամ քաղաքական հեղինակությունների հովանավորած ավանդական գաղափարները այնպիսիներով, որոնք մարդկային զուտ բանականությունից են բխում և կարող են դիմանալ տրամաբանական որևէ քննադատության:

Այսպիսով, քաջալերված ձեռք բերված նոր գիտելիքներով, Լուսավորականության դարաշրջանի մարդը ակնկալում էր, որ բանականության լույսը շուտով պիտի քողազերծի ամեն ինչի գոյության առեղծվածը: Աստված թեև չի ժխտվում, սակայն Նրան վերագրվում է կրավորական կեցվածք Իր ստեղծագործության հանդեպ, Նա այլևս նրանով չի զբաղվում (Deismus): Քրիստոսը պարզապես հիմնադիրն է մի կրոնի և ոչ թե` Աստծո մարմնացյալ Որդին: Բանականությունն է, որ պիտի որոշի թե ինչպիսին պիտի լինի կրոնի բովանդակությունը կամ ինչպիսին ոչ (Rationalismus), հետևաբար, Քրիստոսի վարդապետությունը պիտի գնահատվի համաձայն բանականության պահանջած բարոյական ու բարոյագիտական նորմաների, ուր կարելի չէ ընդունել գերբնական կամ աստվածային որևէ տեսակ հայտնություն: Այսպիսով, Լուսավորականության ձեռք բերած դրական արդյունքները հետզհետէ կերպարանափոխվում են դեպի բանապաշտություն գնացող ուղղությամբ:

Այս միևնույն ժամանակաշրջանում, սկսած Անգլիայից, տարածուելով դեպի Ֆրանսիա, ընդհուպ մինչև Գերմանիայի հյուսիսային տարածքները, հիմնվում են Ազատ Որմնադիրների առաջին օթյակները, որտեղ կանանց և հասարակ մարդկանց մուտքը խստիվ արգելված էր: Ազատ Որմնադիրները օգտվում են Լուսավորականության պտուղներից և մի նոր մղում են տալիս բանապաշտության` պատգամելով ազատություն, հաւասարություն, եղբայրություն, հանդուրժողականություն: Նման արտահայտություններ երբեք խորթ չեն եղել քրիստոնեական կրոնին, այլ, ընդհակառակը, նրա հիմնական սկզբունքներն են կազմում, սակայն բանապաշտության և ազատականության (Liberalismus) ջատագովների կողմից դրանք նոր մեկնաբանություն են ստանում, հիմնականում հետապնդելով մի սանձարձակ ազատություն մամուլի և հրապարակախոսային տարբեր միջոցների` առաց որևէ կրոնաբարոյական կապի կամ ազդեցության: Բանապաշտության այս ձևը շեղում է Լուսավորականության կամ դասական ազատականության դրական շարժումները իրենց բարի նպատակից և դառնում հակակղերական ու հատկապես հակաքրիստոնեական մի գաղափարախօսություն, մի պարագա, որն իր յատուկ ձևավորումն է ստանում Ֆրանսիական Հեղափոխությունից անմիջապես հետո (1789 թ.):

Աշխարհիկացման Շարժումը

Աշխարհիկացումը, որ ապակրոնացման մի պրոցես է, մաս է կազմում ժամանակակից մի շարք «առաջադեմ» պետությունների ծրագրին: Պատմականորեն այն սկսվեց Եվրոպայում, հատկապես բողոքականյան ռեՖորմացիայի և Լուսավորականության շարժման ժամանակ, երբ աշխարհական իշխանավորները փորձեցին զավթել եկեղեցական կալվածքները, իսկ գաղափարախոսական գետնի վրա էլ Գերմանիայում, օրինակ, հայտարարվեց. «cuius regio, eus et religio» , այսինքն` «երկիրն ումն է` կրոնն էլ նրանն է». կրոնը պետք է համաձայնեցնել քաղաքական իշխանավորի դավանանքի հետ7:

Սակայն աշխարհիկացման բուն պրոցեսը ոչ թե իբրև եկեղեցական կալվածքների գրավում, այլ իբրև եկեղեցու իրավասությունների կրճատում և նրա բացարձակ անջատումը պետությունից սկսվում է ձևավորվել Ֆրանսիական Հեղափոխության ժամանակ ու դրանից անմիջապես հետո: 1790 թ. փետրվարի 13-ի դեկրետով օրէնքից դուրս են հռչակվում վանական բոլոր ուխտերը, իսկ Ֆրանսիայի Ազգային Ժողովի ընդունած 1795 թ. սահմանադրությամբ եկեղեցին լրիվ անջատվում է պետությունից: Այս իսկ պատճառով Ֆրանսիան համարվում է աշխարհիկացման հայրը: Ավելի ուշ այդ շարժումը տարածվում է Եվրոպական և լատին ամերիկյան մի շարք երկրներում, ուր վերացվում են եկեղեցական դատարանները, եկեղեցական իրավասությունները` կատարելու քաղաքացիական վիճակի գրանցումներ կամ ունենալու սեփական գերեզմանատներ, հանրային վայրերում մատուցելու կրոնական ծեսեր կամ օգտագործելու կրոնի հատուկ սիմվոլներ` խաչ, սրբապատկեր և այլն:

Այս բոլոր միջոցառումները դեռևս հասկանալի են, մանաւանդ ողջունելի է խղճի ազատության և եկեղեցու` պետությունից անջատման օրենքը: Սակայն ժամանակակից աշխարհիկացման մտահոգիչ կողմն այն է, որ Աստված դուրս է մղվում հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներից և փոխարէնը դրվում է մարդը իր մարդկային բանականության սահմանափակվածությամբ, որն համարվում է ամեն ինչի միակ չափանիշը: Դրանով արդի ապակրոնացման պրոցեսը հանդիսանում է աթեիզմի արմատական դրսևորումը, որը թեև ժողովրդի անունից է խոսում, սակայն իր մեջ ոչինչ չունի ժողովրդավարական, քանզի այն վերևից, պետական ընտրանիներից ծրագրված ու պարտադրված է հասարակությանը: Դրա հիմնական նպատակն է` քաղաքական իշխանությունը, տնտեսությունը, կրթությունը, մշակույթը բացարձակապես զերծ պահել որևէ կրոնական ազդեցությունից: Դրանք այնպիսի բանագավառներ են, ուր Աստված տեղ չունի և չպետք է ունենա: Կրոնը կամ հավատը պատկանում են մարդու միայն անձնական և առավելագույնս նրա ընտանեկան ոլորտներին:

Կրօնի վերացումը կամ ընդհանրապես նրա սահմանափակումը, իբրև անհատի զգացական և սուբյեկտիվ ընկալման բնագավառին պատկանող մի հարց, առիթ տվեց ժամանակակից բանապաշտության հնարելու կրոնը փոխարինող նոր գաղափարախօոսություններ, որոնցից են XIX-րդ դարի դրապաշտական շարժումն (Positivismus) ու XX-րդ դարում լայն տարածում գտած մարքսիզմը: Այդուհանդերձ, ժամանակը եկավ ցույց տալու, որ որևէ գաղափարախոսություն հասարակական տեսակետից ինչքան էլ հրապուրիչ կամ գոհացուցիչ լինի, չի կարող համեմատվել կրոնական այն հավատի հետ, որի ներշնչանքի միակ աղբյուրը գերբնականն է: Չափազանց վտանգավոր է և վնասակար նաև որևէ գաղափարախոսության տիրապետությունը, որ գերում է մարդուն` ստիպելով նրան մտնել իր ձևած կաղապարների մեջ: Մինչդեռ հավատը, և նկատի ունենք հատկապես քրիստոնեական հավատը, եթե մոլեռանդության մեջ մխրճված չէ, մարդու մեջ հեղաշրջող դեր է կատարում` ապահովելով նրան նախ հոգեկան ազատություն, ապա` մշակութային և սոցիալական հարատև բարեփոխություն:

Բթացած բանականություն

Ընդհանրապես սխալն այն է, որ բանականությունը նույնացվում է գիտական բանականության հետ, որն ինքնին հաշիվների ու չափերի բանականությունն է: Իսկ քանի որ կրոնը չի կարող ծառայել գիտական բանականության կամ գիտապաշտության պահանջներին, ուրեմն պետք է դուրս մղվի առաջադեմ հասարակությունից, այսինքն` ժամանակակից մարդու մտահորիզոնից: Այդ արվում է առանց նախապես հետազոտելու կրոնի էությունը, առանց լրջորեն զբաղվելու նրանով կամ դույզն չափով հասկանալու այն: Պարզապես հանուն «բանականության» անտեսվում կամ հալածվում է այն, ինչ որ դարեր շարունակ ճոխացրել է մարդու ներաշխարհը ու հոգևոր սնունդ է հայթայթել նրան:

Դա մի բանականություն է, որ ճանաչում է միայն այն, ինչ որ տեսանելի է և շոշափելի, ինչ որ ենթակա է չափի, կշռի ու հաշվարկման: Այսօր, այդպիսի մի ճանաչումով սպառազինված մարդը համարվում է ազատ և գերիշխան, սակայն հենց այդպիսի մի ճանաչողություն աղիտալի է, քանզի այն հիմնված է մարդկային բանականության սահմանափակումների ու մասնատվածության վրա: Այդ պատճառով էլ ժամանակակից մարդկությունը ինքն է ստեղծում իր կուռքերը, որոնք գալիս են փոխարինելու կրոնի սրբերին, հոգևոր կյանքի հերոսներին: Այսօրվա այդ կուռքերը նրանք են, ովքեր հաղթական են դուրս գալիս տնտեսական, քաղաքական, ռազմական մրցակցություններում կամ գիտատեխնիկայի ու արվեստի ասպարեզներում:

Բանականությունը, երբ կաղապարների մեջ է մտնում` ստեղծելով իր սեփական կատեգորիաները, ուրիշ երևույթների կամ իրականությունների նկատմամբ դառնում է անտարբեր: Հետևաբար, այդպիսի, ինքն իր մեջ փակված մի բանականություն, մի բութ բանականություն է: Դրապաշտ, գիտապաշտ կամ մարքսիստական բանականությանը խորթ է ոգեղինականությունը, հոգևոր կյանքի հրապույրը, ընդհուպ մինչև կրոնական բառապաշարը կամ կրոնական մտածելակերպը:

Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն (1844-1900) իր գրած «Բարուց ու չարից այն կողմ» գործում հայտնում է, թե ժամանակակից մարդիկ իրենց բթամտության մեջ` քրիստոնեական արտահայտչաձևերի հանդեպ, այլևս չեն հասկանում այդ վարդապետության իմաստը8: Վերահասու չլինելով քրիստոնեության իսկությանը, այլևս չեն էլ կարող հասկանալ այն, ինչ որ մերժում են, ինչ որ արդի մշակույթը պարտական է քրիստոնեության անցյալին: Այստեղ հետաքրքրականն այն է, որ Նիցշեի նման մի անդրդվելի աթեիստ հանգում է վերոհիշյալ եզրակացությանը:

Քրիստոնէությունը չի կաղապարվում բանականության կատեգորիաներում

Դժվար է բացատրել Քրիստոնեության էությունը, որի կենսունակության հիմքը կրոնական փորձառությունն է: Հետևաբար, այն չի մտնում կաղապարների մեջ և չի էլ հասկացվում փիլիսոփայական, քաղաքական կամ նույնիսկ բարոյական տեսանկյուններից դիտած:

Համարյա բոլոր կրոններն էլ ձգտում են հարաբերության մի կամուրջ հաստատել մարդու և Աստծու կամ Գերագույնի միջև, ինչպես նաև` մի ամբողջական իմաստ ընձեռել մարդկային կյանքին: Այս առումով այդ կրոններն իրար համապատասխանող բազմաթիվ կետեր ունեն: Դրանցում միայն քրիստոնեությունն է, որ բացառություն է կազմում, ուր ոչ թե մարդն է բարձրանում դեպի Աստված, այլ Աստված է բարձրունքից իջնում ցած և իջևանում մարդկանց մոտ, մի բան, որ Հովհաննես ավետարանչի կողմից բնութագրվում է այսպես. «Եվ Բանն մարմին եղև»: Այս մեկը բանականության կողմից ընդունելի է միայն այնքանով, որ եթե գոյություն ունի Աստված, ապա նրա մերձեցումը կամ հայտնությունը մարդուն բոլորովին տարբեր, տրամաբանությունից դուրս մի բան պետք է լինի, իսկ բանականության համար անհասկանալին այն է, որ Գերբնականը բնակվում է մարդկանց մեջ, նրանց հետ է քայլում, նրանց նման սնվում, նրանց միևնույն կարիքներն ու մտահոգությունները բաժանում: Ահավասիկ այստեղ է կայանում «Բանին մարմնացելոյ» խորհուրդը, «խորհուրդ մեծ և սքանչելի»:

Կա նաև ավելին. կրոնական զգացումներով ու ապրումներով տոգորված մի անձ, ըմբռնելով իր մարդկային բնությանը հատուկ տկարությունները, երբեք չի փորձի ինքն իրեն համեմատել Աստծու հետ կամ Նրա համագոյակիցը համարել: Նույնիսկ հայտնի կրոնների հիմնադիրները, ինչպիսիք են Բուդդան, Մովսեսը կամ Մոհամմեդը, նման փորձության չեն ենթարկվել: Սակայն դրանց մեջ Քրիստոսը բացառություն է կազմում, որն իրականում չի հիմնում որևէ կրոն, չի ներկայացնում որևէ գաղափարախոսություն, այլ հայտարարում է պատմության մեջ մինչայդ չլսված և ապագա դարերում էլ չերկրորդված մի ճշմարտություն. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը», այսինքն` ես եմ ձեր ճակատագիրը, ձեր գոյության իմաստը:

Քրիստոսը թե’ իր այդ հայտարարությամբ և թե’ ընդհանրապես իր մարդեղությամբ չի ճնշում ոչ ոքի, չի կաշկանդում ոչ ոքի ազատությունը: Դրա համար էլ իր այդ խոսքերը ընկալվում են իբրև նախատինք Գերագույնի հասցեին և ենթարկվում է խաչելության ու մահվան:

Մարմնացում, խաչելություն, մահ և այնուհետև հարություն: Այս բոլորով Աստված ցույց է տալիս իր անսահման գորովը մարդկության հանդեպ, այնպիսի անբացատրելի մի սեր, որ նույնիսկ չի խուսափում իր անձի վրա կրելու մարդկանց վիշտն ու մահը: Մի խոսքով Աստված դառնում է մարդու ընկերն ու ուղեկիցը նրա կյանքի բոլոր հանգրվաններում, ներառյալ վշտի ու մահվան մեջ: Այս իմաստով էլ Քրիստոսն իր վրա է վերցնում մարդկային բոլոր հատկանիշներն ու վիճակները, որպեսզի ազատագրի և վերափոխի դրանք, այսինքն` վերականգնի դրանց սկզբնական գոյավիճակը:

Հետևաբար, մարդկային կյանքը իմաստավորելու և առավել ճոխացնելու համար անհրաժեշտ է հավատը Աստծու նկատմամբ, հատկապես մեզ` քրիստոնյաներիս համար, հավատ` մարմնացած Աստծու նկատմամբ, թույլ տալով, որ Նա լինի մեր ճշմարիտ ուղեկիցը, որպեսզի չխարխափենք անորոշության, իմաստազուրկ գոյության և հատկապես իրարամերժ գաղափարախոսությունների բավիղներում:

Նման մի հավատ, ինչպես իր ժամանակին նկատել է Պողոս առաքյալը, հեթանոսների համար «հիմարություն» է, քանզի այն նկատվում էր հակաբանական, այսինքն` հակատրամաբանական: Նույնը ժամանակակից բանապաշտների համար է, որոնք անհավատ Նիցշեի ասածի համաձայն` չգիտեն, թե իրենից ինչ է ներկայացնում քրիստոնեական կրոնը, դրա համար էլ նրանք «մնացել են առանց արևի ու առանց հորիզոնի»9:

 

Ծանօթագրություններ

1. տես` Bernhard Lohse, Martin Luther, München, 1982, էջ 166:
2. I. Kant, Kritik der reinen Vernunft (Vorrede der 2. Auflage, 1787),Werke I, էջ 342-343:
3. Aristóteles, Metafisica, Madrid, 1990, Libro IV:
4. Clemente de Alejandría . Stromata. V, 11, 1ss, José Vives, Los Padres de la Iglesia, Barcelona, 1988, էջ 213-215:
5. Anselmo de Aosta (Canterbury), Proslogion 1 (PL 158,227).
6. Hans Küng, Existiert Gott?, München, 1978, էջ 23-82:
7. տե’ս Հակոբ Եպս. Գլնճյան, Մարտին Լութեր, էջ 399:
8. F. Nietzsche, Jeneseits von Gut und Böse, III, էջ 46:
9. F. Nietzsche, Die Fröhliche Wissenschaft, (“La gaya scienza”), III, 125:

Օգտագործված գրականությու

– H. Küng, Existiert Gott?, München, 1978.
– F. J. Sheen, Filosofía de la Religión, Bs. As., 1956.
– Enzyklika “Fides et Ratio”, Vatikan, 1978.
– I. Kant, Kritik der reinen Vernunft, (2. Auflage, 1787) Werke, Bd.I.
– F. Nietzsche, Also sprach Zarathustra, Berlin, 1966.
– W. Weischedel, Die philosophische Hintertreppe, München, 1980.
– H. Albert, Traktat über kritische Vernunft, Tübingen, 1975.
– J. M. Lochman, Marx begegnen, Gütersloh, 1975.
– G. Stemberger, 2000 Jahre Christentum, Saltzburg, 1983.
– I. Falgueras, De la Razón a la fe, Pamplona, 2000.