Աստծո բարոյական օրենքի անփոփոխությունը

  • 06/11/2015
  • Հանս Հայնց

  • ավստրիացի աստվածաբան, գրքերը թարգմանվել են քսանից ավելի լեզուներով

Նախաբան թարգմանչի կողմից

Այսօր աշխարհում տիրող քաղաքական, հասարակական, բարոյական ու հոգևոր իրավիճակը լուրջ անհանգստության տեղիք է տալիս յուրաքանչյուր բանական մարդու: Բավական է միայն մի թռուցիկ հայացք` հասկանալու համար, որ մարդկային հասարակությունը խոր ճգնաժամի մեջ է: Ու թեև շատ հեղինակավոր անձինք փորձում են հույսեր ներշնչել, որ իրավիճակը շուտով կկարգավորվի և մարդկության առջև ծառացած խնդիրները շուտով կլուծվեն, նրանց կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չեն և կարճ ժամանակ անց բոլորովին կորցնում են իրենց ուժը:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը քրիստոնեական երկրներում: Անկասկած` ոչ ավելի բարվոք: Բայց ինչո՞ւ: Ենթադրվում է, որ Քրիստոսի անունը կրող հասարակությունը պիտի որ օրինակելի ու բարեպաշտ լինի` առաջնորդվելով Նրա ուսմունքով ու սկզբունքներով: Սակայն ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, որ սիրո և հեզության, ներողամտության ու գթասրտության Քարոզչի հետևորդներն այսօր շատ քիչ են տարբերվում հպարտ, ապստամբ ու հանդուգն անհավատներից ու անաստվածներից: Այդ մասին է վկայում այն պարզ փաստը, որ ներկայումս հենց քրիստոնեական կոչվող երկրներում են ծաղկում ամեն տեսակի արատներ ու ոճիրներ, մեղքեր ու հանցանքներ, որոնք արագորեն հեղեղում են աշխարհը:

Ի՞նչն է պատճառը: Մի՞թե քրիստոնեությունն այդքան անզոր է` բարեփոխելու իրավիճակը: Ռուս ականավոր գրող Ֆ. Դոստոևսկին ասել է. «Եթե Աստված չկա, ապա ամեն ինչ թույլատրելի է»: Իսկ եթե կա, մի՞թե ամենակարող Աստված` տիեզերքի Արարիչը, որևէ լուծում չունի Իր իսկ ստեղծած արարածների կյանքն ու բարօրությունը կարգավորելու համար: Իսկ եթե ունի, ո՞րն է դա: Կարո՞ղ է, արդյոք, Աստված վերջ տալ այս ամենին և սկիզբ դնել նոր, երջանիկ ու ապահով հասարակության: Որտե՞ղ գտնել այս բոլոր հարցերի պատասխանները:

Որքան էլ ընթերցողին տարօրինակ ու անհավանական թվա, քրիստոնյաների մեծամասնությունն այսօր հավատում է, թե սերն Աստծո հանդեպ մարդուն ազատում է Նրա օրենքին հնազանդվելուց: Աստծո օրենքը, նրանց համոզմամբ, անհրաժեշտ և պարտադիր է եղել միայն Հին Ուխտի ժամանակ, երբ մարդիկ փրկվել են` պահելով պատվիրանները, սակայն Քրիստոսի խաչելությունից հետո, երբ վավերացվեց Նոր Ուխտը, այն արդեն ուժի մեջ չէ: Ըստ նրանց տրամաբանության` կարելի է սիրել ու հավատալ Աստծուն` խախտելով Նրա պատվիրանները կամ էլ դրանցից որևէ մեկը: Ահա հանրաճանաչ ուսուցիչների տրամաբանությունը, որը հաստատելու համար սովորաբար վկայակոչում են հրեա ազգի տխրահռչակ պատմությունը և «որոշ դժվարիմաց» հատվածներ առաքյալների թղթերից: Քանի որ Աստված սեր է (Ա Հովհ. 1.8), պնդում են ճանաչված աստվածաբաններն ու կրոնական առաջնորդները, ապա Նա չի կարող օրենքով վարվել մարդու հետ, քանզի օրենքի «տառը սպանում է, իսկ հոգին` կենդանացնում» (Բ Կոր. 3.6): Այսպիսով` օրենքը հակադրվում է սիրուն, և պատվիրանները պահելը` Հոգով առաջնորդվելուն:

Թերևս արդեն նկատեցիք, թանկագին ընթերցող, որ վերոհիշյալ հարցերը կենսական կարևորություն ունեն մարդու համար, եթե չասենք` բախտորոշ: Ուստի արդի կրոնական աշխարհում տիրող քաոսի մեջ ճշմարտությունը հայտնաբերելու այս լուրջ ու կարևոր խնդիրն ունենալով մեր առջև` մենք կշրջանցենք մարդկային սահմանափակ ու փոփոխական մտքի տեսություններն ու կարծիքները և կդիմենք Սուրբ Գրքին` Աստծո հավիտենական ու անսխալ խոսքին, ճշմարտության աղբյուրին ու չափանիշին (Հովհ. 17.17):

Իմ անկեղծ աղոթքն ու թախանձանքն է, որ դուք այս նյութը համբերությամբ ընթերցեք մինչև վերջ, քանզի սկզբում արծարծված շատ հարցեր ավելի են պարզաբանվում վերջնամասում: Ուստի, խնդրեմ, ձեր ընթերցումը կամ ուսումնասիրությունը սկսեք չեզոք դիրքից, առանց նախապաշարումների ու կանխակալ կարծիքների` աղոթքով ձեր միտքն ու հոգին ամբողջովին վստահելով Սուրբ Հոգու առաջնորդությանը:

Թող Աստված օրհնի ձեզ, որպեսզի իմաստուն բերիացիների նման (Գործք 17.11) դուք էլ ամեն մի ուսմունք և կարծիք համեմատեք Նրա հաստատուն ճշմարտության հետ, և ապա ընտրեք Նրա կամքը, ինչ գնով էլ որ լինի:

Թարգմանիչ` Վիգեն Խաչատրյան

Աստծո բարոյական օրենքի անփոփոխությունը

Քրիստոնեական ողջ աշխարհը գրեթե միաբերան պնդում է, թե Քրիստոսն Իր խաչելությամբ վերջ է դրել Տասը պատվիրաններին, և սերը Նրա հանդեպ մեզ ազատում է Աստծո օրենքին հնազանդվելուց: Այդպե՞ս է արդյոք, թե՞ ոչ: Փորձենք պարզել դա Սուրբ Գրքի լույսի ներքո:

Քրիստոսը` աշխարհի մեղքի բեռն Իր ուսերին, գամվել է խաչին հանուն մեզ` մեր փոխարեն կրելով մեղքի պատիժը: Բայց մի՞թե Նա պահել է օրենքը, որպեսզի հետո մեզ ազատություն տա` այն խախտելու: Մի՞թե սերը Քրիստոսի հանդեպ մեզ ազատում է Աստծո բարոյական օրենքի պատվիրանները պահելու պարտականությունից: Տարօրինակ է: Ճի՞շտ է արդյոք պնդել, թե մենք սիրում ենք մեր երկիրը, և միաժամանակ արհամարհել ու խախտել դրա օրենքները: Իհարկե` ոչ:

Պողոս առաքյալն ասում է. «Մեղքը չի տիրի ձեզ վրա, որովհետև օրենքի տակ չեք, այլ` շնորհի»((Հռոմ. 6.14)): Հաջորդ տեքստում, սակայն, պարզ երևում է, որ առաքյալն, իհարկե, նկատի չի ունեցել օրենքի բացասումը որպես արդարության չափանիշի: «Արդ ի՞նչ, մե՞ղք գործենք, որովհետև օրենքի տակ չենք, այլ` շնորհի: Քավ լիցի»((Հռոմ. 6.15)): Մեղք չգործել` նշանակում է ներդաշնակ լինել օրենքին, քանզի մեղքը օրենքի խախտումն է: Բայց շնորհի պարգևի միջոցով օրենքի պահումը դառնում է կատարյալ: Հավատը, որով Քրիստոսը բնակվում է մեր մեջ((Գաղ. 2.20)), մեզ դրդում է հնազանդության Աստծո պատվիրաններին: «Այն, ինչ անկարելի էր օրենքին, որը տկար էր մարմնի պատճառով, Աստված իր Որդուն ուղարկելով մեղքի մարմնի նմանությամբ և մեղքի համար` մեղքը դատապարտեց այն մարմնում, որ օրենքի արդարությունը կատարվի մեզանում, որ մարմնավորապես չենք վարվում, այլ` հոգևորապես»((Հռոմ. 8.3,4)): Այսպիսով` Սուրբ Հոգին մեզ օժտում է նոր, կատարյալ հնազանդությամբ: Այն, ինչ առաջ արվում էր եսասիրությունից և հարկադրված, հիմա արվում է Աստծո և մարդկանց հանդեպ անկեղծ սիրուց:

Բայց հավատի այդ հնազանդությունը ոչ թե մեր արժանիքն է, այլ` Աստծուց մեզ տրված շնորհի պտուղը: Մենք չենք կարող պարծենալ այդ նոր կյանքով, ամբողջ պարծանքը Քրիստոսինն է, «առանց նրան` մենք ոչինչ չենք կարող անել»((Հովհ. 15.5)): Դրա համար է Եսայիա մարգարեն ասում. «Որովհետև մեր ամեն գործերն էլ դու գործեցիր մեզ համար»((Եսայիա 26.12)): Այստեղից երևում է, որ ազատությունն օրենքից նշանակում է` ոչ թե ազատություն նրան հնազանդվելուց, այլ ազատություն` օրենքի պատժից: Հիսուսի մահվան շնորհիվ մենք այլևս օրենքի դատապարտության տակ չենք գտնվում, մենք ազատված ենք մեզ դատապարտելու` օրենքի պահանջից, քանի որ Փրկիչը վճարել է մեր հանցանքի համար, և Նրան ամեն մի հավատացողի ներվում է իր պարտքը և նա ազատվում է պատժից:

Պողոսը կասկած անգամ չի թողնում այն հարցի վերաբերյալ, թե ինչ է նշանակում` չլինել օրենքի տակ կամ մեռնել օրենքի համար: Իր թղթում` ուղղված Գաղատացիներին, նա գրում է. «Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից` մեզ համար անեծք լինելով»((Գաղ. 3.13)): Օրենքի անեծքը` օրենքի խախտման դատավճիռը, ինչպես արդեն նշեցինք, մահն է: Ընդ որում ոչ թե ժամանակավոր մահը, այլ` հավիտենական: Դրանից է մեզ փրկագնել Քրիստոսը: Լյութերը` հավատով արդարացման մեծ քարոզիչը, այդ մասին ասում է. «Օրենքը շնորհով չի բացառվում, և սիրո անհրաժեշտության ճշմարտությունը` նույնպես: …Բայց դրա համար մեզ տրվում է Սուրբ Հոգին, ով մեր մեջ վառում է նոր կրակ` սեր և բավականություն Աստծո պատվիրանները պահելու մեջ»((Դեխսել. «Նոր Կտակարանը վերնագրով», հատոր VII, էջ 28,29)): «Պատվիրանների կատարումը իրականացվում է Աստծո սիրով, որ տրված է մեզ((Հռոմ. 5.5)), ինչը մենք ինքներս, այսինքն` առանց Քրիստոսի, ի վիճակի չենք անելու»((Հռոմ. 13.8-10)):

Պողոս առաքյալը վճռականորեն դեմ է ամեն տեսակ օրինատյացության` ասելով. «Մի՞թե օրենքը խափանում ենք հավատով. քավ լիցի, այլ օրենքը հաստատում ենք»((Հռոմ. 3.31)): Հավատն իր մեջ ընդգրկում է օրենքը, այլ ոչ թե տանում է օրինազանցության: Որպեսզի թյուրիմացության տեղի չտա, Պողոսը կոչ է անում Կորնթացիներին. «Ոչ թե իբր ես Աստծո առաջին օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի»((Ա Կորնթ. 9.21)): Նա այստեղ նկատի ունի բարոյական օրենքը, որը կատարում են հավատով առ Քրիստոս: Եվ այսպես, քրիստոնյան շնորհի տակ է, բայց` օրենքով: Ճիշտ է, որ քրիստոնյայի գործերն իր արժանիքը չեն, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ բարի գործերն այլևս պետք չեն: Դրանք Աստծուն ուղղված մեր երախտագիտության վկայությունն են, Քրիստոսի հետ մեր հաղորդակցության պտուղը: Ուստի ճշմարիտ հավատը` գործող հավատ է, որը դրսևորվում է սիրուց դրդված հնազանդության մեջ: «Գործերը հավատի կնիքն ու որակի ցուցանիշն են, քանզի ինչպես նամակի համար կնիք է անհրաժեշտ, այնպես էլ հավատի համար անհրաժեշտ են գործեր»,- ասել է Լյութերը: Հետո նա մեջ է բերում Պողոս առաքյալի հայտնի խոսքը` գրված Գաղատացիների թղթում. «Որովհետև Հիսուս Քրիստոսում ոչ թլփատությունն է մի բան, ոչ` անթլփատությունը, այլ հավատը, որ սիրով գործում է»((Գաղ. 5.6)):

Բայց ի՞նչ է սերը: Քրիստոսը սահմանում է այն որպես օրենքի էությունը կամ, ինչպես քիչ առաջ նշեցինք, «օրենքի կատարումը»((Մատթ. 22.34-40)): Ով որ կարծում է, թե սերը բացառում կամ վերացնում է Աստծո պատվիրանները, նա դեռ չի յուրացրել Ավետարանի այբուբենը: Ականավոր քարոզիչ Սպերջենը հետևյալ եզրակահանգումն է անում սիրո և օրենքի փոխհարաբերության վերաբերյալ. «Եթե դու սիրում ես Աստծուն ամբողջ սրտով, ապա դու պետք է պահես օրենքի առաջին տախտակի պատվիրանները, և եթե սիրում ես քո մերձավորին ինչպես ինքդ քեզ, ապա պետք է պահես երկրորդ տախտակի պատվիրանները»((«Աստվածաշնչյան ընթերցումներ ընտանիքի համար», էջ 385)):

Հունարեն հավատ բառը` «պիստիս», նշանակում է ոչ միայն վստահություն, այլ նաև` հավատարմություն և նվիրվածություն: Ուրեմն, ով որ հավատում է Աստծուն, նա կապված է Նրա հետ և հնազանդ է Նրա կամքին: Իսկ վերացական հավատը ոչինչ չարժե: Այդպիսի հավատ ունեն նաև դևերը((Հակոբ. 2.19)), ովքեր, սակայն, հակում չունեն անելու Նրա գործերը: Այդպիսի հավատը մեռած է և մահացու. «Այդպես էլ հավատը, եթե գործեր չունի, ինքնըստինքյան մեռած է»((Հակոբ. 2.17)):

Հռոմակաթոլիկ աստվածաբան Ալգերմիսսենն այդ առումով միանգամայն դիպուկ է նկատել. «Անմտություն կլիներ հակադրել օրենքն ու Աստծո սերը և պնդել, թե Աստծո սիրով լցված հավատացյալն արդեն օրենքի կարիք չունի… Արդարի համար օրենքը նրա խղճի մեջ է` որպես աստվածային սիրո երաշխիք: Այդպես օրենքը կորցնում է օրենքին բնորոշ անողոքությունը»((Ալգերմիսսեն. «Խիղճն ու պատասխանատվությունը անձնական և հասարակական կյանքում», էջ 15)):

Եվ այսպես` օրենքի և ավետարանի միջև փոխհարաբերությունների վերաբերյալ կարելի է անել հետևյալ եզրակացությունը. «Պատվիրանը սուրբ է, բարի և արդար»((Հռոմ. 7.12)), բայց քանի որ բոլոր մարդիկ օրինազանցներ են((Հռոմ. 3.23)), նրանք օրենքով դատապարտված են մահվան((Հռոմ. 7.10)): Հաշվի առնելով, որ օրենքը մեզ տանում է ոչ թե կյանքի, այլ` մահվան, Աստված մեզ համար բացել է շնորհի ուղին Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով, մի ճանապարհ, որը բացառում է մարդկային ամեն մի արժանիք((Փիլիպ. 3.8,9)): Ընդ որում օրենքը դաստիարակի, ուղեցույցի և Փրկչի մոտ առաջնորդողի դեր է կատարում((Գաղ. 3.24)), որովհետև մեղավորին դնելով դատապարտության տակ` այն ուղղում է նրան դեպի Փրկիչը: Նա, ով կհասնի մինչև «օրենքի վախճանը»` Հիսուս Քրիստոսը, այլևս չի ձգտի արդարացնել իրեն սեփական գործերով, քանզի նա հավատով է ապավինում իր փրկությանը: Այդ իմաստով է Հիսուսը հանդիսանում օրենքի վախճանը ((Հռոմ. 10.4)): Այլ խոսքերով, օրենքը որպես արդարացման միջոց, ինչպես ներկայացնում էր Պողոս առաքյալի ժամանակվա հրեական կեղծ ուսմունքը((Հռոմ. 9.31,32)), ամբողջովին բացառվում է: Բայց, որպես արդարության չափանիշ, այն մնում է: Որովհետև հավատալ Քրիստոսին` նշանակում է հնազանդվել Նրան((Հռոմ. 3.31)): Օրենքը գրվում է մարդու սրտի մեջ((Եբր. 8.10)) և Աստծո ողորմության շնորհիվ հասնում կատարելության((Եփես. 2.8-10)): Այդպիսով, Ավետարանը վերականգնում է խախտված օրենքը մարդու մեջ` դարձնելով այն Աստծո կողմից որդեգրման նշան((Հովհ. 14.15)): Աստված օրենքում պահանջում է սեր և տալիս է այն Ավետարանում: Կամ էլ, ինչպես նշել է Օգոստինիոսը, «օրենքը տրվել է, որ փնտրեն շնորհ, իսկ շնորհը տրվել է, որ պահեն օրենքը»:

Կարլ Բարտը` XX դարի մեծագույն աստվածաբաններից մեկը, ասել է. «Այսպիսով, օրենքը դրված է Ավետարանի մեջ ճիշտ այնպես, ինչպես Սինայի քարե տախտակները` ուխտի տապանակի մեջ, դրա համար էլ Պողոսը ծայրաստիճան լրջությամբ օրենքը սուրբ է կոչում… Նա, լեռան քարոզի հայտնի խոսքերից ելնելով, պարզաբանում է, որ հավատի քարոզչությունը ոչ թե բացառում է օրենքը, այլ` հաստատում: …Դրա համար էլ նա ասում է, որ միայն օրենքը պահողները կարդարանան: Աստծո օրենքի պատվիրանները, երգված Սաղմոսում, ամբողջ հավերժության ընթացքում չեն հնանա: Ճիշտ է, որ օրենքը Ավետարան չէ, բայց առանց օրենքի մենք չէինք ունենա Ավետարան»((Կարլ Բարտ. «Ավետարան և օրենք», էջ 13,14)):

Հիմա հարց է առաջանում. ո՞ր գործերն ու պատվիրանները նկատի ունի Նոր Կտակարանը, երբ խոսում է օրենքը հաստատելու մասին: «Օրենք» բառը Աստվածաշնչում վերաբերում է նախ 10 պատվիրաններին, որոնք էլ վկայակոչում է Պողոս առաքյալը Հռոմեացիս 7.7-ում: Այդ բառով հաճախ անվանում են ամբողջ Հին Կտակարանը((Հովհ. 12.34)), ինչպես նաև առանձին Մովսեսի Հնգամատյանը` բաժանելով «օրենքը» «մարգարեներից»((Գործք 24.14)): «Օրենք» բառը կարող է նաև վերաբերել ծիսական այնպիսի դրվածքների, ինչպիսիք են, օրինակ, զոհաբերություններն ու թլփատությունը, որոնք տրված են եղել միայն Իսրայելի համար((Բ Օրին. 31.24-26)):

Ինչ վերաբերում է հավատով արդարացմանը, Նոր Կտակարանում տարբերություն չի դրվում բարոյական օրենքի և ծիսական օրենքի միջև, քանի որ մենք չենք կարող փրկվել ոչ տաս պատվիրանները պահելով, ոչ էլ ծիսական կանոններին հետևելով, այսինքն` զոհաբերություններով, թլփատությամբ և այլն: Իսկ եթե խոսքը նոր հնազանդության մասին է, որով Սուրբ Հոգին օժտում է հավատացյալներին, ապա Նոր Կտակարանը նկատի ունի միայն Աստծո հավերժական ու անփոփոխ բարոյական օրենքի տաս պատվիրանները, այլ ոչ թե` հինկտակարանյան ծիսական կանոնները, որոնք ժամանակավոր բնույթ ունեին, քանզի մատնանշում էին Փրկչի մահը և դրա հետ էլ դադարեցվեցին:

Այդպես ասում է Քրիստոսը Մատթեոս 19.17-ում. «Եթե կամենում ես հավիտենական կյանքը մտնել, պահիր պատվիրանները»: Եվ երբ երիտասարդը հարցրեց, թե հատկապես ի՞նչ պետք է ինքը անի, Քրիստոսը նրան ոչինչ չառաջարկեց` բացի 10 պատվիրաններից((Լյութեր, էջ 39)):

Ի տարբերություն ծիսական օրենքների` պատվիրանների օրենքը գրվում է մարդու խղճի մեջ, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Ուրեմն, երբ որ հեթանոսները, որ օրենք չունեն, բնությամբ օրենքի գործերն անեն, թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք, ովքեր ցույց են տալիս, որ օրենքի գործը նրանց սրտերում գրված է` նրանց խղճմտանքի վկայությամբ»((Հռոմ. 2.14,15)):

Հին Կտակարանը տարբերում է Տասնաբանյան` 10 պատվիրանների օրենքը, ծիսական կամ Մովսեսի օրենքից: Տաս պատվիրանները գտնվում էին ուխտի տապանակի մեջ((Եբր. 9.4)), իսկ ծիսական օրենքների գիրքը` ուխտի տապանակի կողքին((Բ Օրին. 31.24-26)): Բարոյական օրենքը Քրիստոսի մահով չի վերացել, այլ ուժի մեջ է մինչև այսօր: Պողոս առաքյալը գրում է Կորնթացիներին. «Դուք հայտնի եք, թե Քրիստոսի թուղթն եք` մեր ծառայությունով եղած և գրված ոչ թե թանաքով, այլ` կենդանի Աստծո Հոգով ոչ թե քարե տախտակների, այլ` սրտի մարմնեղեն տախտակների վրա»((Բ Կորնթ. 3.3)): Հայտնության գրքում, որը գրվել է առաքելական ժամանակվա վերջում, այսինքն` Նոր Կտակարանի ժամանականերում, Հովհաննեսը տեսնում է երկնային սրբարանի ուխտի տապանակը((Հայտն. 11.19)): Իսկ տապանակում գտնվում է «վկայությունը»((Հայտն. 15.5)), և դա ոչ այլ ինչ է, եթե ոչ` տաս պատվիրանների օրենքը((Ելից 25.16)): Պողոս առաքյալը հստակորեն տարբերում է երկու օրենքներն` ասելով. «Թլփատությունը ոչինչ է, և անթլփատությունն էլ` ոչինչ, այլ Աստծո պատվիրանների պահելը»((Ա Կորնթ. 7.19)): Դրանով նա ուզում է ասել, որ ծիսական օրենքի դրվածքները, ինչպես, օրինակ, թլփատությունը, Նոր Կտակարանում կորցրել են իրենց նշանակությունը: Դրա հետ մեկտեղ` նա հանդիմանում է անօրենությունը` հաստատելով, որ տաս պատվիրաններն, առաջվա պես, ուժի մեջ են:

Եվ այսպես, օրենքը, որը պահելու կոչ է անում Պողոս առաքյալը, տաս պատվիրաններն են: Հակոբոս առաքյալի թղթում կարդում ենք հետևյալ հրաշալի արտահայտությունը. «Եթե թագավորական օրենքը կատարեք գրվածին համեմատ, թե` «Սիրիր ընկերոջդ քո անձի պես», լավ եք անում: Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք գործում` հանդիմանված օրենքից ինչպես օրինազանցներ»((Հակոբ. 2.8,9)): Եթե քրիստոնյան կարող է օրինազանց լինել, ուրեմն` պատվիրանները փոխելու մասին խոսք անգամ չի կարող լինել((Հակոբ. 4.11)): Եթե չլինեին պատվիրանները, ինչպե՞ս կարող էինք իմանալ, թե ինչ է մեղքը:

Ուստի կարևոր է պահել այդ սուրբ պատվիրանները, որոնք արտացոլում են Աստծո բնավորությունը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ: Քանզի խախտել և փոխել մեկը` կնշանակի խախտել բոլորը. «Ով որ բոլոր օրենքը պահի և մեկում մեղանչի` ամբողջ օրենքին եղավ պարտական: Որովհետև այն «Շնություն մի անիր» ասողը ասեց նաև` «Մի սպանիր»: Իսկ եթե շնություն չանես, բայց սպանես` եղար օրինազանց»((Հակոբ. 2.10,11)):

Բարոյական և ծիսական օրենքների հստակ տարբերությունն ընդունել են բոլոր դարերի հավատացյալները: Ավետարանական քրիստոնյաների կողմից բերում ենք այս մեջբերումը 1566 թ. Հելվեցկի II Խոստովանությունից. ,Մենք սովորեցնում ենք, որ Աստծո կամքը արտահայտված է Աստծո օրենքում: Ուստի ընդունում ենք, որ պատվիրանը սուրբ է, արդար և բարիե((Հռոմ. 7.12)) և որ այդ օրենքը` գրված Աստծո մատով, գտնվում է մարդու սրտում((Հռոմ. 2.15)): Պարզության համար մենք տարբերում ենք.

ԲԱՐՈՅԱԿԱՆ օրենք, որ Տասը պատվիրաններն են` գրված երկու քարե տախտակների վրա:

ԾԻՍԱԿԱՆ օրենք, որը կարգավորում է արարողություններն ու ծիսակատարությունները:

ԴԱՏԱԿԱՆ օրենք, որը մեկնաբանում է քաղաքացիական և կենցաղային խնդիրները((Մեջբերումը Ֆ. Դ. Նիկոլսի կողմից, «Reasons for our faith», էջ 235 )):

Դրա հետ համաձայն է նաև Հռոմի Կաթոլիկ եկեղեցին: Աստվածաբան Հերման Շմիդտը գրում է. «Այսպիսով, մենք Մովսեսի Հնգամատյանում զանազանում ենք բարոյական օրենք, որը սահմանված է բոլոր մարդկանց համար և ուժի մեջ է այսօր, ծիսական օրենք, որը կարգավորում էր հրեական երկրպագությունն` իր արյունոտ զոհերով, և դատական օրենք, որը Ուխտի Աստված տվել էր Իր ընտրյալ ժողովրդին դատավարությունների համար: Այս վերջինը, ծիսական օրենքի հետ միասին, կորցրել է իր ուժը …Նոր Ուխտի ժամանակ»((Հ. Շմիդտ. «Կամուրջների շինումը հարանվանությունների միջև», էջ 139)):

Հիմա մեզ մնում է միայն արտահայտել Սաղմոսերգուի ցանկությունը. «Բաց արա իմ աչքերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119.18):

Մեջբերումներ.