Արարչագործությունն ու էվոլուցիոն վարդապետությունը

  • 25/05/2016
  • Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյան

Ասում են`
Մարդը կապկից է սերել:
Ասում են սակայն`
Կապիկների մեջ ձախլիկներ չկան,
Իսկ որտեղի՞ց են ձախլիկ-ձախերն այս:
Ումի՞ց են սերել…
Պ. Սևակ

 

Տիեզերքի բիբլիական պատկերացումը բոլորովին այլ է, քան այսօրվա բնագիտական հետազոտությունների վրա հիմնվածը: Սրա պատճառն այն է, որ Ս. Գրքի միակ մը­տահոգությունը եղել է կրոնական ճշմարտու­թյունների հա­ղորդումն ու ուսուցումը, ուր Աստված հայտնում է ինքն իրեն` խոսքերի և գործերի միջոցով: Այդ հայտնության լրումն ու գագաթնակետը հանդիսանում է Հիսուս Քրիստո­սի աշխարհ գալը: Մինչդեռ բնագիտությունը կամ կենսաբա­նությունը զբաղվում են իրերի և կյանքի վերաբերյալ այն­պիսի երևույթներով, որոնք կապ ունեն դրանց ծագման և զարգացման ընթացքի հետ:

Սուրբ Գիրքն ու գիտությունը իրար չեն կարող հա­կասել, եթե նրանցից յուրաքանչյուրը մնա իր ոլորտի կամ սահմանների մեջ. նույնիսկ ավելին, երկուսն էլ կարող են ծառայել միևնույն նպատա­կին` ճանաչելու Աստծուն, որպես արարիչ ողջ տիեզերքի և կյանքի, որովհետև «Երկինքը պատգամում է Աստծու փառքը, իսկ հաս­տատությունն էլ (այսինքն` երկնակամարը) պատմում է Նրա ձեռաց ·ործերը: Օրը օրվան տալիս է պատգամը, և գիշերն էլ գիշերվան գիտություն է հայտնում: Գոյություն չունեն ոչ խոսքեր և ոչ էլ բառեր, դրանց ձայները չեն լսվում: Այսուհանդերձ, նրանց պատգ·ամը տարածվում է ողջ աշխարհով մեկ և նրանց խոսքերն էլ հաս­նում են մինչև երկրի ծագերը» (Սղմս. ԺԸ 2-5):

Բնագիտությունը տիեզերքի կառույցը նկատում է մի բնական բարեշրջության (էվոլուցիայի) արդյունք և շնոր­հիվ ֆիզիկայի, աստ­ղագիտության, կենսաբանության, մա­թեմատիկայի և այլն, հիմնա­վորում է իր տեսակետները: Բնա­գիտությունը կարիք չունի աստվածաբանության: Փոխադար­ձաբար, աստվածաբանությունն էլ կարիք չունի բնագիտական հետազոտությունների, որովհետև Աստված բոլորովին վեր է դրանցից: Սակայն բացառված կամ անտեղի չէ, որ բնագի­տությունն էլ փորձի ունկնդրել տիեզերքի Արարչի պատ­գամը Նրա արարչագործության միջից:

Ի՞նչ է սակայն տարբերությունը սուրբգրային կոչվող տիեզե­րաբանության ու մարդաբանության` համեմատած էվոլուցիոն ե­ղանակով ընկալվածի հետ: – Աստվածաշնչի հատկապես Ծննդոց գիրքը աստվա­ծային ստեղծագործու­թյունը ներկայացնում է որ­պես իր լրումին հասած մի գոյա­վիճակ, որն իր մեջ պարփակում է նաև մարդուն` իր մարդ­կային կատարելությամբ, մինչդեռ այսօր­վա բնագիտու­թյունն ու կենսաբա­նությունը տիեզերքն ու մարդը համար­ում են մի պատմական բարե­շրջության (էվոլուցիայի) ար­­դյունք:

Այսպիսով, բարեշրջությունը (էվոլուցիան) նկատի ու­նի ար­դեն իսկ գոյություն ունեցող տեսակների հետնագույն զարգացումը` շնորհիվ ժամանակի ընթացքում կատարված որոշ հատկանիշների փոփոխման: Այս պարագան վերաբե­րում է նաև մարդուն, նրա ար­տաքին և ներքին բնագավառ­ներին:

Բարեշրջությունը մարդու փորձառության վրա հիմնված (empiric) մի հասկացություն է, որ միշտ նախադ­րում է գոյություն ու­նեցող որևէ նախանյութ: Մինչդեռ աստ­վածաբանության մտահո­գությունն է` բացատ­րել, թէ որ­տեղից է առաջացել այդ փոփոխվող կամ բարեշրջման են­թակա նախանյութը:

Փորձարարական եղանակով ուսումնասիրված երևույթ­ների մասին ·ոյություն ունեցող եզրահանգումները շատ անգամ հարա­բերական բնույթ ունեն, քանի որ միշտ իբրև ելակետ ունեն մարդու ենթակայական հարաբերությունը տի­եզերքի, տարածության և ժա­մանակի հետ: Այս իսկ պատ­ճառով գիտությունը երբեմն վերանայման է ենթարկում իր հաստատումները, ինչպես, օրինակ, Իսահակ Նյութոնի (1643-1727) հռչակավոր հայտնաբերումը «ձգողու­թյան օրենք»-ի մասին իր տեղը զիջեց Ալբերտ Այնշտայնի (1879-1955) «ձգողության» վերաբերյալ ունեցած տեսությանը(1):

Համաձայն գիտական նոր վարկածների, այսօրվա տե­սա­նելի աշխարհը գոյացել է ավելի քան 10 միլիարդ տարի­ներ առաջ` ռադիոակտիվ հսկա մի ատոմի (հյուլեի) պայ­թումից կամ դեռևս չճշտված հրաշեկ և թանձր մի զան­գվածի տրոհումից: Ոմանց հա­մաձայն էլ` այն գոյացել է նեոտրոնների և պրոտոնների (էլեկտրա­կան ուժի լիցքավո­­րումներ) միավորումից, որի հետևանքով էլ կազ­մվել է նյու­թը: Սակայն գիտնականները դեռևս չեն կարողացել հաս­­տատ և սպառիչ արտահայտություններ ունենալ տիեզերքի նախա­նյութի կամ նախաէներգիայի մասին: Աստվածաբանությունը հաս­տատում է, թե տիեզերքի նախանյութը կամ նրանում գո­յություն ունեցող օրինաչափություններն ու զարգացումները ստեղծվել են ուղղակի Աստծուց: Այս ճշմարտությունը հայտ­նվել է նույնինքն Աստծու կողմից և այն միայն հավատով է ըմբռնելի:

Էվոլուցիոն տեսակետների ռահվիրա է համարվում անգ­լիա­ցի բնագետ Չարլզ Ռոբերտ Դարվինը (1809-1882), որը մի տեսակ շարունակողն ու խորացնողը եղավ շվեդիացի նշանավոր բնագետ Կարլ Լիննեոս-ի (1707-1778) գիտական աշխատանքի: (Լիննեոսը բուսաբանության և բնագիտու­թյան բնագավառներում հանդիսա­ցավ առաջինը, որն իրեն հայտնի բույսերն ու կենդանիները դասա­կարգեց ըստ խմբե­րի` նրանց միջև եղած նմանությունների և տարբերություն­ների հիման վրա): Իրականում, սակայն, իրերի և կյանքի նկատմամբ հայտնվող նման էվոլուցիոն տեսակետներ գոյու­թյուն են ունեցել Դարվինից բազմաթիվ դարեր առաջ: Դեռ­ևս 6-րդ դա­րուն (ն. Ք.) չին փիլիսոփա Կոնֆուցիոսը (551-470) ուսուցանում էր, թե իրերը առաջացել են մի պարզ նախանյութի աստիճանական զարգացումից և ճյուղավորու­մից: Հույն փիլիսոփա Թալեսը (624-547 ն. Ք.) ջուրը նկա­տում էր որպես նախանյութ, իսկ Էմպեդոկլեսը (483¬453 ն. Ք.) և ուրիշ հույն մտածողներ քառյակ տարրերը` հողը, ջուրը, օդը և կրակը, ընդունում էին իբրև տիեզերքի բաղ­կացուցիչ նախանյութեր: Հետագայում Դեմոկրիտը (460¬370 ն. Ք.), յուրացնե­լով իր ուսուցչի` Լևկիպի-ի տեսակետները, մեջտեղ բերեց ատոմ-ի (հյուլեի) ուսմունքը, որով նկատի ու­ներ մատերիայի չբաժանվող ամենափոքր մասնիկը` որպես նախանյութ բոլոր իրերի: Ատոմը նկատվում էր նաև անփո­փոխելի կորիզ ունեցող մի մասնիկ: Սա­կայն այսօր գիտական փորձով հայտնի է, որ ատոմը կարելի է մասնատել ու նրա­նից էներգիա շահել, քանի որ այն էներգիայից է կազմված: Հետևաբար, ատոմը ենթակա է դառնում փոփոխման` վերածվելով լույսի և ջերմության:

Վերոհիշյալների թվում պետք է նկատի ունենալ նաև Արիս­տոտելին (384¬322 ն. Ք.), որն հատկապես իր “Historia animalium” գրքում մեզ ներկայացնում է կենսաբանական որոշ հետազոտու­թյուններ, որտեղ ընդունում է օրգանական կյանքի աստիճանական զարգացումը:

Մինչև վերածնունդ բնագիտության և կենսաբանու­թյան վրա զգալի էր արիստոտելյան ազդեցությունը: Այնու­հետև հանդես են գալիս նոր մեթոդներով ու տեսություննե­րով զինված բնագետ­ները, ովքեր ձգտում են առարկայօորեն, առանց փիլիսոփայության մեջ խճճվելու, կատարել իրենց հետազոտությունները: Դրանց մեջ ամենից աչքառու­ներն են վերևում նշված Լիննեոսը (Լիննե) և ֆրանսիացի բնագետ Ժան-Բատիստ Լամարկը (1744-1829): Մոտավորա­պես միևնույն ժամանակաշրջանում գործում են նաև հռչա­կա­վոր բնափիլիսոփաներ` անգլիացի Ֆրանսիս Բեկոնը (1561 -1626), ֆրանսիացի Ռընէ Դեկարտը (1596¬1650), գերմա­նացիներ Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնիցը (1646¬1716) և Իմ­մանուէլ Կանտը (1724-1804): Սրանց մեծագույն գործը լի­նում է բաժանել «մեխանիզմ»-ը «վիտա­լիզմ»-ից, այսինքն` օրգանական աշխարհն ուսումնասիրելիս, նկատի ունենալ օրգանիզմը իբրև քննարկման առանձին բնագա­վառ` առանց անդրադառնալու տվյալ օրգանիզմում գոյություն ունեցող «կյանքի սկզբունք»-ին, այսինքն` շնչին կամ հոգուն: Այս հետևողությամբ ուսումնասիրվում է նաև մարդկային մար­մինը, ինչ որ առիթ է տալիս էվոլուցիոն տեսակետների մի նոր զարգաց­մանը:

Այս բոլորից հետո, 1859 թ. լույս է տեսնում Չարլզ Դարվինի հանրահայտ աշխատությունը` հետևյալ վերնագ­րով. «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով, կամ բարենպաստվող ցեղերի պահպանումը կյանքի համար մղվող պայքարում», որտեղ շարադրվել էին նրա էվոլուց­իոն տեսությունները(2):
Դարվինի ուսմունքը` դարվինիզմը, ընդունում է,- ինչպես նրա գրքի վերնագիրն է ծանուցում,- թե բու­սական և կենդանական տեսակները առաջացել են բնական ընտրության կամ սերունդ­ների գոյության պահպանման պայքարի միջոցով` հարմարվելով կենսոլորտի պայմաննե­րին: Այսպիսով, այսօրվա մեզ հայտնի բույ­սերն ու կեն­դանիները մի ուրիշ, արդէն իսկ անհետացած տեսակ­ների պատմական զարգացման արդյունք են: Այս բոլորի վրա պետք է ավելացնել նաև խաչասերումը, որով արհեստական ընտրությամբ ձեռք են բերվում բույսերի ու կենդանիների նոր տեսակներ: Դար­վինը իր այս տեսությունները մի ան­գամ ևս հաստատում է իր 1871 թ. լոյս ընծայած «Մարդու Ծագումը» անունը կրող գրքում, տեսություններ, որոնք բախ­վում են իր ժամանակի կրոնափիլիսոփա­յական ըմբռնում­ների հետ:

Ըստ Դարվինի, մարդը տարբերություն չունի անասու­նից: Նա առաջացել է կապիկների սեռին պատկանող մի նախատիպար կեն­դանուց: Մարդու հոգեկան աշխարհն էլ բնազդային զարգացման արդյունք է, հետևաբար կարելի չէ վստահել նրա բանականությանը:

Այստեղ Դարվինն սկսում է ինքն իրեն հակասել: Նա ուզում է իր գիտությունից թոթափել այն, ինչ վերաբե­րում է հոգուն կամ Աստծուն, սակայն այս մարզում չի կարողանում ամբողջությամբ յաջողություն գտնել: Իր ինք­նակենսագրության մեջ կարդում ենք. «Մի ուրիշ աղբյուր` Աստծո գոյության համոզումի վերաբերյալ, իմ վրա թող­նում է շատ մեծ արժեք ունեցող մի աղբյուրի տպավորու­թյուն: Այս մէկը գալիս է այն բացառիկ դժվարությունից կամ ավելի անկարելիությունից ըմբռնելու, թե այս հսկա ու հրաշալի աշխարհը,- որն իր մեջ պարփակում է իր հե­ռավոր անցյալն ու հե­ռավոր ապագան տեսնելու ունակու­թյամբ օժտված մարդուն,- արդյունք է կոյր պատահակա­նության կամ անհրաժեշտության: Երբ մտածում եմ այս մասին, ինքս ինձ պարտավոր եմ զգում ո­րոնելու մի ա­ռաջին սկզբնապատճառի, որով թեիստ կոչուելու ար­ժանի եմ դառնում…: Բայց այնուհետև մեջս կասկածն արթնա­նում է. կարելի՞ է արդյոք վստահել նման հոյակապ եզրա­կացություն­­ներ կատարող մարդու հոգուն, որ,- ինչպես ես բոլորովին հավա­տացած եմ,- զարգացել է մի այնպիսի ստո­րին հոգուց, որը հատուկ է անասուններին»(3):

Եթէ կասկածելի է մարդու հոգուն վստահելը, ուրեմն կարելի չէ վստահել նաև այդ հոգու արտադրանքներից մեկը նկատվող դար­վինիզմին, մանավանդ որ դեռևս ամբող­ջությամբ չեն հաստատված նրա տեսակետները:

Ֆրիդրիխ Էնգելսը (1820-1895) անդրադառնալով դար­վինիզ­մին` գրում է Կարլ Մարքսին. «Ի դեպ, Դարվինը, որ ես հիմա կար­դում եմ, ամբողջովին հոյակապ է: Աստվածա­բանությունը մինչև վերջերս դեռ ամբողջությամբ չէր խոր­տակված, սակայն այդ բանն այժմ կատարված է: Դրանից բացի, առ այսօր այսպիսի մի հրա­շալի փորձ և այն էլ այս­պիսի հաջողությամբ չէր կատարված` փաստելու համար բնության մեջ առկայ պատմական զարգացումը»(4): Էնգել­սը հանձին Դարվինի ողջունում էր աստվածաբանության խորտակչին և մատերիալիստական մարդաբա­նության ջա­տագովին: Սակայն Էնգելսը չարաչար սխալվում էր. դար­վինիզ­մը նպատակ չի ունեցել երբեք խորտակելու աստվածաբանու­թյունը: Մյուս կողմից էլ դարվինիզմի ծագումնա­բանական տվյալ­ները ամբողջովին պետք չէ հակադրել կրոնական տեսակետներին: Ի վերջո կարելի է հարց տալ, թէ որտեղի՞ց են ծագում առել օր­գանական աշխարհին պատ­կանող տեսակների նախնիները կամ նրանց հիմքում ըն-կած բջիջները (գեները), ներառյալ խաչասեր­ման ճանա­պարհով ստացված նոր սորտերինը: Գիտությունը չի կա­րողանում մի հստակ պատասխան գտնել այս հարցին, մինչ­դեռ հավատացյալն ընդունում է, որ ամեն ինչի սկիզբը հե­տևանք է Աստծո արարչագործ զորության:

Էռնստ Հաեկելը (1834-1919), հետևելով դարվինիստա­կան գաղա­փարներին, մեջտեղ է բերում անօրգանական նյութից կյանքի բնական ծագման գաղափարը և զարգաց­նում` մատերիալիս­տական մոնիզմը, որով ամէն ինչի որպես հիմք կամ նախասկիզբ ընդունում է նյութը (մատերիան), որի մեջ միայն պետք է փնտրել Աստծուն: Հաեկելի խոսքերով` «Աստծուն մենք տեսնում ենք քարի, բույսերի, կեն­դանիների և մարդկանց մեջ» (5): Այսպիսով, էվոլուց­իոն վարդապետության կողմնա­կիցների մոտ առաջանում են եր­կու տարբեր ուղղություններ` մեկը մատերիալիստական, իսկ մյու­սը` իդեալիստական: Այս վերջինի գլխավոր ներ­կայացուցիչն է հան­դիսանում գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Հեգելը (1770-1831):

Ֆրանսիացի նշանավոր երկրաբան, պալեօնթոլոգ և միաժա­մանակ ջիզվիտ հոգևորական Պիեր Թէյլար դը Շար­դենը (1881-1955) փորձ է արել գիտական բարեշրջական տեսակետները հաշ­տեցնել աստվածաբա­նության հետ: Ըստ նրա` Քրիստոսի միջոցով իրականացված աստվածային փրկագործության պատմու­թյունը պետք է դասավորել բա­րեշրջության ընդհանուր համակար­գի մեջ: Իսկ կյանքի բարեշրջության գագաթնակետը պետք է որո­նել մարդու մեջ, որի գիտակցությունը ժամանակի ընթացքում իր զարգացումն է ունեցել, որի շնորհիվ նա կարողացել է ապրել ու գոյատևել: Այսօր, սակայն, մարդիկ ապրում են` մտա­ծելով նվա­ճել գիտակցության նոր հորիզոններ և ճանա­պարհ հարթել մի գե­րագույն գիտակցության, որպեսզի կա­րողանան գերմարդ (surhom­me) դառնալ: Այս գործընթացը ձգտում է մարդկանց միջև հավասա­րություն ստեղծել գի­տական, տեխնիկական, ընկերային և մհա­կութային մակար­դակների վրա: Ամեն ինչ ենթակա է ձևափոխման (trans­formation) և ամեն ինչ պիտի հասնի մի օմեղայի, այսինքն` մի վերջին կետի: Երբ այս մեկը կատարվի, ամեն ինչ պի­տի մարմ­նավորվի (inkarnation): Քրիստոսն ինքը մարմ­նավորվեց և սկիզբ դրեց դեպի մարմնավորում ձգտող բա­րեշրջության (էվոլուցիայի): Ամեն ինչի մարմնավորումով պիտի կատարվի միությունը Աստծո հետ: Այս իմաստով Քրիստոսը, լինելով Աստուծո էվոլուցիան, պի­տի լինի նաև գագաթնակետը մարմնավորված տիեզերքի: Ինչպես հացն ու գինին, որպես մատերիա ձևափոխվում են ու դառնում մարմին և արյուն Քրիստոսի, այնպես էլ ամեն ինչ պիտի ձգտի դէեպի Քրիստոս, և ձևափոխման այս գործընթացը,- համաձայն Շար­դէնի,- պիտի լինի բնության ու կյանքի քրիստոսացումով, որով­հետև նյութը ինքն իր մեջ անկենդան չէ, ատոմը վերածվում է մո­լեկուլի, մոլեկուլը դառնում է մեգա-մոլեկուլ, և մեգա-մոլեկուլից առաջանում է միաբջիջ կյանքը(6):

Շարդենի տեսակետները, իրենց դրական կողմերով հան­­դերձ, անհամատեղելի են քրիստոնեական Եկեղեցու վար­դապե­տության հետ: Նա իր հաստատումների մեջ երբեմն այն աստիճան ծայրայեղության է գնում, որ պատերազմ­ները, վայրագություննե­րը, Հերոշիմայի զոհերը և այլ աղետ­ներ նկատում է բարեշրջ­ության համար դրական և ան­խուսափելի երևույթներ, մինչդեռ դրանք աններդաշնակու­թյուններ են Աստծո բարի ստեղծագործու­թյան մեջ, որպես արդյունք մարդկանց պատուիրազան­ցության և չարի կոր­ծանարար գործունեության: Մյուս կողմից էլ Քրիստոսի մարմնավորումը չի կարելի երբեք նկատել իբրև աստվածային էվոլուցիայի արդյունք, այլ դա Աստծո կողմից հաս­տատված փրկագործության խորհրդի պատմական զար­գացման և կատարելա­գործման միջոցն է: Իսկ ինչ վերա­բերում է հացի և գինու նյութափոխության օրինակին, դրանք, համաձայն ուղղափառ Եկեղե­ցու դաւանանքի, իրենց նյութական բնությունը կամ արտաքին հատկանիշները չեն փոխում, այլ «ի­մանալի զորու­թյուն» ընդունելով` դառնում Քրիստոսի մարմին և արյուն:

* * *

Արդար կլինի ընդունել այն, որ բնագիտական հե­տազո­տությունները դրական երևույթ են հանդիսանում նույնիսկ կրոնա­կան ասպարեզում, որովհետև նրանցով մենք հնա­րավորությունն ունենք առավել խորը թափանցելու տիեզերքի և կյանքի հրաշալի երևույթների մեջ: Սկզբնական շրջա­նում քրիստոնեական կրոնը պայքարեց գիտական նոր տե­սակետների դեմ, քանի որ նկատում էր, թէ հատկապես բա­րեշրջական տեսությունները դարձել էին մատերիալիստա­կան և անաստվածյան գաղափարներով համակված գիտ­նականների ու փիլիսոփաների մենաշնորհը, մի բան, որ ակն­հայտ էր հաեկելեան ժամանակաշրջանում, երբ շատերի կողմից գիտական նոր տեսությունները ընկալվում էին իբ­րև կրոնը փոխա­րինող նոր վարդապետություն:

Պէտք է ասել, որ Եկեղեցու աստվածաբանները շատ ան­գամ իրենց պայքարում ծայրահեղության գնացին, մին­չև որ անդ­րադարձան այն իրականության, թէ բարեշրջու­թյան հարցում գիտ­նականների հետ իրենց ունեցած գլխա­վոր տարբերությունը բուն հարցին մոտենալու սկզբունքի մեջ էր. կրոնական¬իդեալիստակա՞ն, թէ՞ մատերիալիստա­կան:
Ըստ քրիստոնեական Եկեղեցու դավանանքի, ամեն ինչ ստեղծված է Աստծուց, որն ինքն իր մեջ ունի գոյություն­ների անքննելի լիությունը: Սկզբնագոյ համարվող նյութը կամ քաոսը, ինչ­պես նաև տեսակների բոլոր նախագոյակ­ներն ու կյանքը նույնպես Աստծուց են, որովհետև այն ինչ որ կյանք ունի` մի ուրիշ կյանք ունեցողից է (omne vivum e vivo): «Ամեն ինչ, լինի դա մասնիկ կամ ամբողջություն, ինչպես աշխարհն ու մարդ­կությունը, ամենից առաջ ստա­նում են Աստծուց մի սաղմնային յուրա­հատկություն, որը հիմքն է տեսակների կատարյալ ինքնության»(7):

Ինչ վերաբերում է աստվածային արարչագործության և բա­րեշրջական վարդապետության իրար հաշտեցմանը, պետք է ա­սել, որ աստվածաբանությունը ներկայումս ըն­դունում է մի հա­տուկ և չափավոր տեսակետ այս առթիվ` հիմնվելով Ս. Գրքի տվյալների վրա, որոնց համաձայն Աստված ոչ թե միանգամից, այլ ժամանակ հասկացու­թյան մեջ ստեղծում է տիեզերքը: Լույսի ստեղծումով սկսվում է այդ ժամանակը, և մի՞թէ «եղիցի´ լույս» հրա­մանը և դրան հաջորդող զարմանահրաշ արդյունքը` «եղև լույս», չի՞ նմանվում այն սկզբնական զանգվածային ատոմի պայ­թումին, որի մասին են խոսում գիտնականները` համարելով այն իբրև սկիզբ տիեզերքի առաջացման:

Աստված ինքն ուղղակիորեն չի ստեղծում կենդանի­ներն ու բույսերը, այլ հրաման է տալիս երկրին մեջտեղ բերելու դրանք, իսկ մարդուն տալիս է իշխանություն` տի­րապետելու բնության և կենդանական աշխարհի վրա: Մար­դը ոչ թե մեկ օրից մյուսը այդ իշխանության գլուխը պի­տի անցներ, այլ ժամանակի ընթացքում ամեն ինչ պիտի հնազանդեցներ իրեն: Մարդն իր ծնված օրից մինչև հա­սունություն բարեշրջության շարունակական գործընթացի մեջ է, նրան հաջորդող սերունդներն էլ այդ ընթացքի մեջ են, բոլորն էլ ձգտում են դեպի ավելին, բոլորն էլ ցանկանում են մի քայլ ևս առաջ գնալ իրենց տիրապետու­թյան մեջ: Եթե մարդը կենդանիների կամ մարդակերպ կապկի սեռին է պատկանել, ապա ուրեմն` ինչպե՞ս եղավ, որ միայն ինքը կարողացավ առանձնանալ այդ սեռից և մեջտեղ բերել մարդկային ցեղը: Պարզ է որ մարդու մեջ կար կենդանիներից զատորոշվելու ունակությունը: Իսկ ե­թե մատերիալիստական բարեշրջության տեսակետի համա­ձայն` դա­րերի ընթացքում մյուս կենդանիներն էլ պիտի ունենան իրենց զար­ացման գործընթացը, նորից սակայն կապիկը` կապիկ պիտի մնա, իսկ մարդը` մարդ, քանի որ այս վերջինս էլ իր բարեշրջու­թյամբ միշտ պահելու է իր ղեկավարողի դիրքը` բաղդատմամբ մյուս կենդանիների: Սա նշանակում է, որ մարդը հենց սկզբից ստեղծվել էր իր տեսակի համաձայն` իբրև մարդկային հատկանիշ­ներով օժ­տված էակ: Նա մարմնապես կապված է մատերիային ու կենդանիներին, սակայն, ի տարբերություն նրանց, նա բա­նական էակ է և ունի իր հոգեկան աշխարհը, հենց այս­տեղ է կայանում նրա առավելությունը այս աշխարհի մյուս ստեղծվածների նկատմամբ, քանի որ Աստված ուղղակի իր կողմից կենդանության շունչ է փչել նրա մարմնին:

Որպես եզրակացություն պետք է ասել, որ քրիստոնեական Ե­կեղեցին ընդունում է մի չափավոր բարեշրջություն ստեղծագործու­թյան մեջ: Այսուհանդերձ, հարկ է նկատի ունենալ, որ զուր են թափ­ված այն բոլոր ջանքերը` ապա­ցուցելու համար Ս. Գրքում հան­դես եկող ստեղծագործու­թյան բարեշրջական բնույթը: Ո´չ, գիտա­կան առումով Ս. Գրքում գոյություն չունի բարեշրջություն (էվոլուցիա): Սակայն այս չի նշանակում, թե գիտական աշխարհը պետք է արհամարհի Ս. Գրքի տվյալները ստեղծագործության վերաբերյալ. զարգացած մտքին ներելի չէ նման մակերեսային մի եզրահան­գում: Միայն թե այստեղ նկատի պետք է ունենալ հետևյալը. բնագիտության և աստվածաբանության ունեցած մտահոգություններն ու հետապնդած նպատակները տարբեր են, սակայն ոչ անպայման իրար հա­կադրվող: Առաջինը զբաղվում է տիեզերքի օրինաչափություննե­րով, իսկ երկ­րորդը` Աստծո` տիեզերքի հետ ունեցած ծրագրով:

 

 

Ծանոթագրություններ
1. տե°ս Hermann Bondi, “El Cosmos”, Bs. As., 1962, էջ 14:
2. Rene F. de La Huerta, “¿A Imagen y Semejanza de Quién?”, Santander (España), 1961, էջ 5:
3. Francis Darwin, “Charls Darwin”, Übersetzt von J. Victor, Sttutgart, 1893, էջ 83:
4. Karl Marx – Friedrich Engels, “Briefwechsel”, 1854-60, II, Stuttgart, 1902, էջ 548:
5. Rudolf Steiner, “Haeckel, die Welträtsel und die Theosophie”, Dornach (Schweitz), 1926, էջ 33:
6. Rudolf Liebig, “Die andere Offenbarung”, Augsburg, 1966, էջ 73-75: Շաև` Ernst Benz, “Schöpfungsglaube und Endzeiterwartung”, München, 1965, էջ 224-260: Theihard de Chardin, “Auswahl aus dem Werk”, Freiburg i. Br., 1964 :
7. M. Schmaus, “Kath. Dogmatik”, I, München, 1960, էջ 557: