«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան գաղափարականացված դասագիրք է: Այդ տեսակետից աչքի են ընկնում նաև «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» դասագրքերը:
Ավանդորեն հայաստանյան քաղաքական դաշտում ներկայացված են մի քանի գաղափարախոսություններ: Դասագրքերում ներկայացված է դրանցից ըմդամենը մեկը՝ ազգային-պահպանողականը: Այդ գաղափարախոսությունը ներկայացված է ամբողջատիրական ոգով, որտեղ բացառված են մյուս մրցակից տեսակետները և գաղափարախոսությունները: Այդ ամենը զրկում է աշակերտին զարգացնելու ինքնուրույն, քննադատական և քաղաքացիական մտածողություն: Այդ ոգով են գրված նաև «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքերը:
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան առանձահատուկ տեղ ունի դպրոցում դասավանդվող առարկաների մեջ: Այն պատմագիտական չէ, մշակութաբանական չէ, անգամ բարոյագիտական չէ: Այն գաղափարախոսական է: Գաղափարախոսական մոտեցումը ենթադրում է վերահսկողություն պատմական հիշողության վրա։ Ընտրվում են միայն այն պատմական փաստերը, որոնք հաստատում են նախորոք ձևակերպված դրույթը: Գաղափարախոսական մոտեցումը ենթադրում է վերահսկողություն մշակութային հիշողության վրա. Ընտրվում են միայն այն պատմական փաստերը, որոնք հաստատում են այդ գաղափարախոսական դրույթը:
Գաղափարախոսական մոտեցումը ենթադրում է վերահսկողություն բարոյական արժեքների և վարքի նկատմամբ. Ընտրվում են միայն այն բարոյական արժեքները, որոնք արդարացնում են ավտորիտար քաղաքական համակարգը, քաղաքական վերնախավի բռնության իրավունքը հասարակ խավերի նկատմամբ, այսինքն քարոզվում է ճնշողների դասակարգային բարոյականությունը, անհանդուրժողական վերաբերմունքը այլախոհության հանդեպ՝ ով հայ առաքելական չէ, հայ չէ: Հայոց եկեղեցու պատմության առարկայի դասագրքերը ուսուցանում են արհամարանք մեծ քաղաքակրթությունների՝ բյուզանդական և արևմտյան քրիստոնեության, իսլամի, հին Եգիպտոսի, հին Միջագետքի, հին Իրանի նկատմամբ:
Դասագիրքը փորձում է ջնջել պատմական հիշողությունից Հայոց եկեղեցու շահագործողական գործունեությունը, նրա դավաճանական համագործակցությունը օտար զավթիչների հետ՝ սասանյաններից և խալիֆաթից մինչև օսմանյան և ցարական ռեժիմները: Այն ոչինչ չի ասում ազատագրական շարժումների դեմ Հայոց եկեղեցու կողմից ծավալած պայքարի մասին:
Դասագիրքը փորձում է ջնջել մեր մշակութային հիշողությունը. Այն ոչինչ չի ասում Մաշտոցի, Ղազար Փարպեցու, Մոսվես Խորենացու, Գրիգոր Նարեկացու՝ մեր հայտնի մշակութային գործիչների հանդեպ եկեղեցու կողմից կատարված հալածանքների մասին: Հակառակն՝ այն ներկայացվում է որպես մշակույթի և լուսավորության հիմնադիր:
Հատկապես ուշադրության է արժանի 11-րդ դասարանի Հայոց եկեղեցու պատմության դասագիրքը: Առաջին գլխի առաջին պարագրաֆը «Աշխարհայացք, արժեքներ» (գրել է փ. գ. թ. Է. Ղազարյանը): Ըստ նրա. «Մարդը ապրում և գործում է՝ ղեկավարվելով իր աշխարհայացքով, որ հնարավորություն է տալիս նրան գտնել իր տեղը աշխարհում: …Քրիստոնեայի աշխարհայացքի առանցքը, հիմնական հատկանիշը հավատն է առ Աստված»: Այսպիսով, դասագրքում խոսքը գնում է միայն քրիստոնեական աշխարհայացքի, ավելի ճշգրիտ՝ հայ պատմագրության մեջ «կղերա-պահպանողական» անվանման տակ հայտնի գաղափարախոսության մասին: Այլ գաղափարախոսություններ կամ աշխարհայացքներ, ասենք, գիտականը, չի հիշատակվում, չնայած, ակնհայտ է, որ դպրոցի նպատակը աշակերտի մոտ հենց գիտական աշխարհայացք դաստիարակելն է: Կրոնը, գիտական աշխարհայացքի տեսակետից, բայց նաև մեծամասնության համար մշակութային ժառանգության մի մասն է:
Առավել կասկածելի է հեղինակի համամարդկային արժեքների սահմանումը. «Այն արժեքները, որոնք ընդունվում են մի քանի տարբեր ազգերի կողմից, կոչվում են համամարդկային»: Այս սահմանումից բխում է, որ գոյություն ունեն միմիայն ազգային արժեքներ, իսկ համամարդկայինը այն ազգային մշակութային արժեքներն են, որ դարձել են բրենդ:
Դա հակասում է ամենքին հասկանալի այն փաստը, որ բոլոր մարդիկ գնահատում են կյանքը, ազատությունը, երջանկությունը, անկախ ժամանակից, տեղից և ազգությունից, այսինքն այն, ինչ գիտության մեջ անվանում են համամարդկային արժեքներ: Այստեղից կարելի է եզրակացնել, որ այս դասագիրքը հակասում է ՀՀ կրթական օրենքի հոդված 5-ի պահանջներին։ Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը. «հանրակրթության մարդասիրական բնույթը, ազգային և համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության կարևորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը»։ Այսինքն, օրենքը թվարկում է համամարդկային արժեքները: Այն, որ հեղինակը հակասում է ՀՀ կրթական օրենքին, անշուշտ վկայում է նրա քաղաքացիական արժեքների նկատմամբ արհամարական մոտեցումը:
Ըստ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի չափորոշիչ և ծրագիրի (5-9-րդ դասարաններ). «Դասընթացի նպատակն է` ամբողջացնել հայագիտական առարկանների` հայոց պատմության և մշակույթի հետ կապված հարցերի շրջանակը…»:
Այսինքն, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հայագիտական է: Ցավոք սրտի, հայագիտության նկատմամբ Հայաստանում կան իրարամերժ պատկերացումներ: Ոմանց համար դա Հ. Մանանդյանի կամ Մ. Աբեղյանի որդեգրած գիտական չափանիշներն են, մյուսներն այն համարում են ազգային գաղափարախոսության ոլորտ:
Հաջորդ երկու ենթագլուխների հեղինակը արդեն լուծարված «Նորավանք» կենտրոնի տնօրեն, պ. գ. թ. Գագիկ Հարությունյանն է, ով զբաղվում է ինչպես եկեղեցիական պատմությամբ, այնպես էլ գաղափարական կենտրոնների տեսությամբ: Գագիկ Հարություննյանն ինքնատիպ մոտեցում ունի հայագիտության հանդեպ և ստեղծել է հայագիտության սեփական մեկնաբանությունը. «Դասական հայագիտությանը զուգահեռ՝ փոքր-ինչ նոր ավանդույթ կարելի է համարել կիրառական հայագիտության ձևավորումը, որի խնդիրները դուրս են գալիս նախորդ դարաշրջաններին բնորոշ գիտական չափորոշիչների սահմաններից և վերիմաստավորվում են որպես Հայաստանի և Հայության ազգային-քաղաքական շահերի պահպանմանն ուղղված ռազմավարություն»։ Այսինքն, նորահնար կիրառական հայագիտության պարզապես ազգայնական և պահպանողական գաղափարախոսությունն է, որը քաղաքական նպատակը այլ, ազատական և սոցիալ դեմոկրատական գաղափարախոսությունների դեմ պայքարն է: Այդ նպատակի համար կարելի է զանցել բնորոշ գիտական չափորոշիչները: Կարծում եմ, Գագիկ Հարությունյանի մոտեցումները, այս, կամ այն չափով, բնորոշ են Հայաստանի հումանիտար առարկաների համարյա բոլոր հեղինակներին. Գիտության փոխարեն՝ գաղափարախոսություն:
Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը հայտնի է արևմտյան հայագիտության քննադատությամբ: Նա հիշված դասագրքի 6 և 7-րդ ենթագլուխների հեղինակն է: Ըստ Արմեն Այվազյանի․ « …հայության համար հայագիտությունը ինքնապաշտպանական գիտական համակարգ է, իսկ հայության դեմ պայքարող ուժերի համար` հարձակողական կեղծ-գիտական համակարգ։ …
Այսպիսով` հայագիտությունն ունի կրթադաստիարակչական, քաղաքական և գաղափարախոսական հույժ կարևոր նշանակություն։ Հայագիտության արդյունքները դրվել, դրվում ու դրվելու են բոլոր տեսակի և երանգի հայ քաղաքական գաղափարախոսությունների հիմքում»։
Այսպիսով, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ոչ միայն քարոզչական է, այլև գաղափարախոսական, արտահայտում է կոնկրետ կուսակցական մոտեցումներ: Իսկ սա նշանակում է, որ.
ա. Կամ պետք է դասագրքերում գաղափարախոսական մասերը կրճատվեն, քանզի դրանք ներկայացված են այլ կերպ այլ դասագրքերում, կամ պետք է համապատասխան գիտական հիմնավորումով ներկայացվեն հասարակագիտության դասընթացում,
բ. կամ պետք է դրանք վերամշակել բացառելով գաղափարախոսական բաղկացուցիչը, գիտականության և բազմակարծության, քննադատական մտածողության հիման վրա: