Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ թեմի հոգևոր դասի հանդիպումը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Նախորդ տարիներին նույնպես թեմում պարբերաբար կազմակերպվել են նմանատիպ հանդիպումներ, որոնց նպատակն է ամրացնել համագործակցությունը մարզպետարանի, համայնքապետերի և թեմի միջև, ապահովել փոխադարձ աջակցություն թեմական հասարակական, քարոզչական, կրթական գործունեության և առկա խնդիրների լուծման ասպարեզում: Հանդիպմանը քահանա հայրերն իրենց հետաքրքրող հարցերով դիմեցին մարզպետին, ներկայացրին առաջարկներ, իրենց մտահոգությունները հայտնեցին արտագաղթի և գյուղերում տիրող սոցիալական վիճակի վերաբերյալ:
Թեմի գլխավոր հաշվապահը խոսեց մարզում և մասնավորապես թեմում ժողովրդի անվճարունակության, մոմի վաճառքի նվազման և արտերկրից եկող տրանսֆերների պակասի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մասին՝ նշելով, որ դա մեծապես ազդել է թեմի բնականոն կենսագործունեության վրա: Ժողովականները քննարկեցին վերոնշյալ խնդիրը:
Սրբազանը նշեց. «Բնական է, որ աղքատ ժողովրդի եկեղեցին հարուստ լինել չի կարող, ուստի միասնաբար պետք է լուծումներ գտնել համընդհանուր այս վիճակից դուրս գալու համար: Խիստ կարևոր է, որ համայնքապետերը ևս իրենց նյութական ու բարոյական աջակցությունը ցուցաբերեն: Ներկայումս մեր պետությունը և եկեղեցին հայտնվել են դրամի կայսրության ճիրաններում, այսինքն` մամոնայի գերիշխանություն է: Աղոթենք, որ այս փորձությունից ևս անվնաս, անկորուստ ազատագրվենք: Հորդորում եմ ձեզ` արթուն կացե՚ք և աղոթեցե՚ք»:
Սեպուհ Սրբազանը օրհնության ու գնահատանքի խոսքեր ուղղեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որդուն` Վահե Կարապետյանին` Գուգարաց թեմի քահանայից դասին ցուցաբերած ֆինանսական աջակցության համար: Հոգևոր դասը նույնպես իր երախտագիտությունը հայտնեց՝ բարեմաղթանքներ հղելով Վ. Կարապետյանին:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը, ծանոթանալով թեմի նյութական կացությանը, խոստացավ համայնքապետերի հետ հանդիպումներին քննարկել այս հարցերը և ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնել: