2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հանդեպ տարբեր կարծիքներ կան: Ոմանք այն համարում են հեղափոխություն, քանի որ իշխանության փոփոխությունը ոչ թե ընտրությունների միջոցով է տեղի ունեցել, այլ լայն զանգվածների ճնշմամբ: Ոմանք համարում են, որ չնայած այդ փաստին, որպեսզի իշխանափոխությունը հեղափոխություն համարվի, երկրում պետք է շրջադարձային փոփոխություններ տեղի ուենային, մասնավորապես արժեքային համակարգում, սահմանդրության ու մի շարք օրենքներում փոփոխություններ կատարվեին և այլն: Մի խոսքով, բոլոր տեսակետներն էլ ունեն իրենց թույլ և ուժեղ կողմերը։ Սակայն մենք կանդրադառնանք միայն եկեղեցի-պետություն հարաբերություններին։
Իշխանափոխության առաջին իսկ օրից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ու նոր իշխանությունների հարաբերությունները բարդ ընթացք են ստացած։ «Հեղափոխական» զանգվածն, ում համար նախկին իշխանությունը ասոցացվում էր եկեղեցու հետ, քանի որ եկեղեցին այդ ժամանակ սատարում էր իշխանությանը, իսկ իշխանությունն, իր հերթին, փորձում էր իր հանրային լեգիտիմության աստիճանը բարձրացնել եկեղեցուն սատարելու միջոցով, եկեղեցուն ու մասնավորապես կաթողիկոսին ընկալում են որպես նախկին իշխանության պահպանված հատված։
Եթե նոր իշխանության ներկայացուցիչներն երբեմն շատ սուր են քննադատում կաթողիկոսին, անգամ անձնական վիրավորանքերով համեմված, ապա կաթողիկոսը պաշտպանվողի դերում է և փորձում է հնարավորինս քիչ երևալ հանրության տեսադաշտում։ Այսօր եկեղեցի-պետություն հարաբերությունները կարելի է բնորոշել «սառը պատերազմ», կամ «սառը խաղաղություն» տերմիններով։ Այսինքն, նրանցից յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով և միմյանց գործերին փորձում է չմիջամտել։
«Սառը խաղաղությունը» խաթարվեց օրերս, ապրիլի 14-ի, կաթողիկոսի հայտարարությամբ, որտեղ խոսելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին, ով բանտարկված է 2008 թվականին տեղի ունեցած զանգվածային բողոքների կապակցությամբ արտագարգ դրություն մտցնելու հրամանի օրինականության շուրջ ընթացող դատավարության կապակցությամբ․ «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։
Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը գործող իշխանության համար դարձել է քաղաքական նշանակության գործ։ Կաթողիկոսը կոչ անելով փոխել Քոչարյանի խափանման միջոցն, այսինքն նրան ազատ արձակել բանտարկությունից մինչև դատավարության ավարտը, գործող իշխանությունն ընդունեց որպես եկեղեցու կողմից քաղաքականությանը խառնվելու փորձ։
2018-ից առկախված եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունների բարդությունը նոր փուլ մտավ, համեմված փոխադարձ անձնական վիրավանքներով, որոնք միմյանց հասցեին արտահայտում են մի կողմից ԱԺ փոխնախագահը, Հանրային Խորհրդի նախագահը և «հեղափոխության» մյուս կողմնակիցները, հակառակ կողմից հոգևորականներն ու գործող իշխանության ընդդիմադիրներ։
Շիկացած մթնոլորտում բոլորը մոռացան եկեղեցի-պետություն հարաբերությունների սկզբունքների, դրանց ինստիտուցիոնալ հիմքերի մասին։
Հայ եկեղեցին բարենորոգման խնդիր ունի, դա ակնհայտ է: Առհասարակ բոլոր ժամանակակից եկեղեցիներն էլ նման խնդիր ունեն:Ժամանակակից կյանքն արագ է փոփոխվում, և քիչ ինստիտուտներ կան, որոնք կարողանում են նման արագությամբ արձագանքել այդ փոփոխություններին, հատկապես եկեղեցիների նման ավանդական ու պահպանողական կառույցները: Մյուս կողմից, նոր իշխանություններն, իրենց իշխանության երկու տարիների ընթացքում, այս հարցում որևէ կոնցեպտուալ լուծումներով հանդես չեն եկել։ Ավելին, դեռևս 1991-ին ընդունված ու ըստ էության արդեն չգործող «Խղճի ազատության մասին» օրենքի փոփոխության խնդիրն անգամ օրակարգում դրված չէ։
Փաստորեն «եկեղեցի-պետություն» հարաբերությունների ողջ խնդիրը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի շուրջ ընթացող բանավեճով է որոշվում։ Սա փաստում է, որ գործող կառավարությունը չունի որևէ հայեցակարգային մոտեցում այս հարցում, ինչպես նաև նման բազմաթիվ այլ հարցերում։
15/04/2020