Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով, ապա ավարտական փախհրաձգությունը տեղի կունենար կաթոլիկ տաճարում՝ իտալական մաֆիայի մասնակցությամբ: Այսօր կարելի է երևակայել մի ֆիլմ, որտեղ փոհրաձգության տեսարանը տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցում` հայկական մաֆիայի մասնակցությամբ:
Հայաստանցիներից շատերը, հատկապես լիբերալ մտավորականները, համոզված են, որ մաֆիան և եկեղեցին միասնական են: Այն, որ եկեղեցաշինությամբ զբաղվում են մաֆիոզիները և մաֆիոզատիպ օլիգարխները, հանրահայտ է: Կարծիք կա, որ Հայ առաքելական եկեղեցին իր գոյատևման համար ստիպված է համագործակցել մաֆիայի հետ: Բայց դա միայն թվում է և ընդամենը տեսական փաստարկ է: Կարծում եմ, այսօրվա կաթոլիկ եկեղեցու օրինակը համոզիչ հակափաստարկ է կարող համարվել:
Ամենակարևոր հակափաստարկն այն է, որ հովանավորչության, կոռուպցիայի և առհասարակ մաֆիայի ակունքներն ընկած են հասարակական մտածողության մեջ: Էդվարդ Բենֆիլդն իր դասական դարձած «Հետամնաց հասարակության բարոյական հիմքերը» հետազոտության մեջ ցույց է տվել, որ կոռուպցիան, այդ թվում նաև քաղաքական, և մաֆիան հետևանք են մի երևույթի, որը նա անվանում է «անբարոյական ֆեմիլիզմ»: Նման հասարակություններում մարդը չունի այլ ինքնություն, քան ընտանիքը: Նա ինչ-որ մեկի ամուսինն է, հայրը, եղբայրը, քեռին և այլն: Բոլոր նրանք, ովքեր ընտանեկան կապերից դուրս են, թափթփուկներ են: Հիմնական սոցիալական զգացմունքը կասկածամտությունն է և նախանձը: Մյուս կողմից ամեն մի ընտանիքի ղեկավար գիտի, որ մյուս ընտանիքները նախանձում են իրենց հաջողություններին և ցանկանում են վնասել: Նա պետք է զգուշանա և ջանա իր հերթին վնասել մրցակից ընտանիքներին: Ծանոթ պատկեր է, չէ՞. ամեն օր այս սցենարը կրկնվում է հայկական հեռուստասերիալներում:
Հարավային Իտալիայում սիցիլիական մաֆիայի և կալաբրիական Կոմոռայի դարավոր հենարանը եղել է կաթոլիկ եկեղեցին: Սակայն անցյալ դարի 80-ական թվականներին եկեղեցին որոշեց պայքարել մաֆիայի դեմ, այդ երևույթը դիտարկելով որպես հավատքը այլասերող երևույթ: Պայքարը ղեկավարեց Հիսուսի ուխտը՝ ճիզվիտները, հանձինս միաբանության ամենահեղինակավոր ինտելեկտուալներից մեկի՝ հայր Սորջե Բարթուլեմեոյի: Ինչո՞ւ ճիզվիտները: Դարեր շարունակ ճիզվիտները զբաղվել են կրթությամբ և եկեղեցու քարոզչությամբ: Խնդիր էր դրված փոխել մտածողության մշակույթը՝ մենթալիտետը: Իսկ դա համակարգված եղանակով միայն նրանք էին կարող կազմակերպել:
Մաֆիայի հիմքը հանրության մենթալիտետն է: Այն հիմնված է ազգային, ընտանեկան, ընկերական, կրոնական բարեպաշտության, հեղինակությունների հարգանքի արժեքներն աղավաղելու սկզբունքի վրա: Օրինակ, ընկերությունը վերածվում է «ախպերության», քաղաքացիական արժեքները`կրիմինալ աշխարհի Ճշտի և այլն: Մաֆիան չի գնում ընդդեմ հանրային կարգի, այն պարտադրում է կոռումպացված կարգի իր մակնաբանությունը, իր խաղի կանոնները և մաֆիոզիներին պետք չէ շփոթել քրեական հեղինակությունների հետ: Մաֆիայի անդամներն առաջին հերթին իրենց հանդեպ հանրային հարգանքի պահանջն են զգում, միայն դրանից հետո են վախի մթնոլորտ ձևավորում:
Ո՞րն է մեր մտածողության առանցքը: Առաջինը՝ դպրոցը: Ոչ թե ուսուցիչները, չնայած դա էլ կարևոր հանգամանք է, այլ՝ դասագրքերը, նրանց մեջ ամփոփված գաղափարախոսությունը: Հայաստանում դասագրքերը քարոզում են ազգային, ընտանիքի, ընկերության, կրոնական բարեպաշտության, հեղինակությունների հարգանքի արժեքներ, բայդ դրանց աղավաղված, մաֆիոզ տարբերակը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ դասագրքերի կազմումը գտնվում է «դասագրքերի մաֆիայի» ձեռքում, ինչպես ինձ հավատացնում էր դասագրքերի մրցույթին մասնակցած իմ ընկերը: Դասագրքերը շատ շահույթաբեր բիզնես է, այստեղից էլ նրանց անորակությունը, գաղափարական այլասերվածությունը:
Մտածողության մշակույթի ձևավորման մյուս կարևոր աղբյուրը ԶԼՄ-ներն են, հատկապես՝ հեռուստատեսությունը: Ինչպիսի՞ն է այն, արդեն ակնարկել ենք: Երրորդ հիմնասյունը կրոնն է: Այն ինչ արեց կաթոլիկ եկեղեցին Լատինական Ամերիկայում ժողովուրդներին բռնապետությունից ազատագրելու համար, հանրահայտ է: Պադրե Սորջեն համոզված է, որ Ավետարանը ժողովրդի համար օփիում չէ, այլ պայթյունավտանգ մի զենք, որը պայքարելու համար արիություն է ներշնչում: Իսկ Հայ առաքելական եկեղեցու կղերականների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ եկեղեցին իշխող ռեժիմի հանդեպ պետք է հնազանդություն քարոզի: Դա էլ Ավետարանի մաֆիոզական աղավաղումն է:
Ինչո՞ւ է Հայ եկեղեցին անհանդուրժող այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ և ինչո՞ւ այս հարցում իշխանությունը սատարում է եկեղեցու: Եկեղեցին չի ցանկանում ունենալ մրցակիցներ, իսկ իշխանությունը վախենում է այլ մտածողության ծննդից և իրեն խորթ արժեքային համակարգից, որը կարող է խաթարել այն մենթալիտետը, որի վրա հիմնված է իր իշխանությունը:
Ճիզվիտների իդեան կայանում էր նրանում, որ Պալերմոյում` Սիցիլիայի մայրաքաղաքում, երիտասարդության համար անհրաժեշտ է հիմնել քաղաքական դպրոց, որ պետք է պատրաստի ապագա քաղաքական գործիչներ, որոնք կկարողանան պայքարել մաֆիայի դեմ: Այստեղից դպրոցի կիրառական և պրակտիկ ուղղությունը: Ոչ մի կրոնական առարկա չէր դասավանդվում, բացի կաթոլիկ եկեղեցու սոցիալական ուսմունքից: 12 տարվա ընթացքում տրվեց ընդհամենը 500 դիպլոմ, բայց այդ շրջանավարտները կարողացան փոխել մտածողության մշակույթը, իսկ նրանցից մեկը դարձավ Պալերմոյի քաղաքապետ:
Խոսքը գնում է մի շատ պարզ մտքի՝ քաղաքացիական հասարակություն ստեղծելու մասին: Դրանով Հայաստանում զբաղված են բազմաթիվ ՀԿ-ներ, բայց արդյունքը նկատելի չէ, ինչպես ճիզվիտների դեպքում:
Բայց միայն ճիզվիտների մի փոքր խումբը չէր պայքարում մաֆիայի դեմ, այլ՝ ողջ իտալական եկեղեցին: Կարևոր նշանակություն ունեին Պապի հովվական այցելությունները Սիցիլիա և Պալերմոյի կարդինալի կտրուկ ելույթները մաֆիայի դեմ: Եվ մոտ հազար մաֆիոզիներ Պալերմոյի տաճարի առջև օրերով սպասում էին, որ իրենց վրայից հանվի բանադրանքը: Ինչո՞ւ, որովհետև առանց ավանդական արժեքների յուրօրինակ մեկնաբանության, մաֆիան կորցնում էր իր հենքը և վերածվում սովորական բանդայի, իսկ այդ արժեքներից ամենահիմնականը եկեղեցին է: Իզոր չէ, որ մաֆիայի դեկավարին անվանում են կնքահայր: Դա Աստծո անունով օրհնված հարաբերություններ են և Աստծո անունով էլ պատժում են «դավաճաններին»: Պատահական չի, որ հատկապես վերջին տարիներին հայաստանյան վերնախավը միմյանց միջև ձևավորված հարաբերությունները օրհնում է եկեղեցու մասնակցությամբ և այդ կապերն ամրապնդվում են քավոր-սանիկական հարաբերություններով և այդ միջոցառումներին հաճախ է մասնակցում Սերժ Սարգսյանը:
Իտալիայում եկեղեցին հաղթեց ավանդական մաֆիային: Բայց մյուս մաֆիան` ժամանակակից և կրթված չինովնիկների մաֆիան, ինչպես նշում է պադրե Սորջեն, եկեղեցու համար անհասանելի է((Ավելի մանրամասն՝ http://polit.ru/article/2006/05/05/bartelomeo/1345893463000/:)): Ֆրանցիսկոս պապը բանադրել է մաֆիային և էլ ավելի մեծ եռանդով է պայքարում այդ երևույթի դեմ:
Եթե դպրոցը և ԲՈւՀ-ը չեն պատրաստում քաղաքացիներ, քաղաքացիական հասարակության համար պայքարողներ, ապա հեռուստատեսությունը բացահայտորեն քարոզում է «անբարոյական ֆեմիլիզմի» արժեքները; Եվ դա անում է ոչ միայն սերիալների միջոցով, այլ նաև՝ շոոու բիզնեսի: Եվ մաֆիան պարտքի տակ չի մնում: Խոսքը գնում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև պետական պարգևների մասին՝ կոչումներ, շքանշաններ, գովազդ և այլն:
Այստեղ կարելի է հիշել Ֆրանկլին Ռուզվելտի օլիգարխների և մաֆիայի դեմ պայքարի փորձը: Մեծ Դեպրեսիայից հետո, անցյալ դարի 30-ական թվականներին Իտալական մաֆիան հաղթեց և իրեն ենթարկեց ոչ միայն հրեական և իռլանդական մաֆիաներին, այլ նաև՝ Հոլիվուդը:
Կինոընկերությունները սկսեցին զանգվածաբար թողարկել ֆիլմեր, որոնք փառաբանում էին մաֆիան, քրեականներին, օլիգարխներին և վարկաբեկող լույսի տակ ներկայացնում իրավապահներին, դատավորներին, դատախազներին: Այս անգամ նույնպես Հիսուսականների ուխտը` ճիզվիտները, այս երևույթի դեմ կաթոլիկ և բողոքական եկեղեցիները դիմադրություն կազմակերպեցին: Նրանք անցկացրեցին հետազոտություն և այն ներկայացրեցին 1933 թ. նորընտիր նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին: Եկեղեցիներում հայտարարվեց, որ այդպիսի ֆիլմերը դեմ են ճշմարիտ հավատքին և հայրենասիրությանը, և որ այդպիսի ֆիլմերը հարկավոր է բոյկոտել: Տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ միացան այս շարժմանը: Նախագահն անձամբ հանդիպեց Հոլիվուդի ղեկավարներին և սպառնաց ֆինանսական, քաղաքական և այլ պատժամիջոցներ, եթե նրանք չփոխեն իրենց քաղաքականությունը: Հոլիվուդը ստիպված էր տեղի տալ հասարակական և քաղաքական ճնշմանը:
Հայաստանում առկա կրոնական անհանդուրժողականությունն առաջին հերթին մենթալիտետի խնդիր է և միայն առաջին հայացքից է թվում, որ այն պայմանավորված է հավատքի մասին տարբեր պատկերացումների բախումով: Իրականում պայքարը մաֆիայի գոյության համար է, որը ներկայացվում է որպես ազգային ավանդույթ և որի հիմքը, ըստ Էդվարդ Բելֆիլդի, անբարոյական ֆեմիլիզմն է` ընտանիքի մասին այլասերված պատկերացումներ, կրոնական անհանդուրժողականություն, կանաց ստորադասումը տղամարդկանց …: