Ինչու «հոտը» շրջվեց եկեղեցուց

  • 31/10/2018

Ապրիլյան իշխանափոխությունից հետո փոխվեց նաև եկեղեցու դերը պետության և հասարակության կյանքում, իսկ եթե փորձենք ավելի կոռեկտ ձևակերպել վիճակը, ապա եկեղեցու դերը դարձավ անորոշ։

ՀՀԿ-ի իշխանության տարիներին իշխանությունը փորձում էր օգտագործել եկեղեցու ավանդական հեղինակությունն իր լեգիտիմության աստիճանը բարձրացնելու համար։ Եկեղեցին օգտվում էր հարկային արտոնություններից, մասնակցում էր պետական արարողակարգներին, ուներ անսպառ հնարավորություններ հեռուստաընկերությունների եթերն իր քարոզչությանը ծառայեցնելու համար, բարձրաստիճան հոգևորականներն ունեին դիվանագիտական անձնագրեր, իսկ պատական բարձր պաշտոնյանները՝ վարչապետ, ՊՆ նախարարներ, դատախազ, ոստիկանապետ և այլոք եկեղեցու խորաններից, սարկավագի շորերով եկեղեցական ծիսակատարություններին էին մասնակցում։

Արտոնությունների այս շարքը կարելի է երկար թվարկել։ Եթե կարճ ձևակերպենք, ապա կարող ենք ասել, որ եկեղեցին և պետությունը սերտաճել էին, իսկ հոգևորականները փաստացի վերածվել էին պետական չինովնիկների և ունեին անձեռնմխելիություն։ Նման կարգավիճակը եկեղեցականների մոտ ստեղծել էր թյուր տպավորություն, որ հանրության շրջանում իրենք ունեն մեծ հեղինակության։ Իշխանափոխությունից հետո պարզվեց, որ որևէ հեղինակություն և հանրային ազդեցություն նրանք չունեն։

Երբ «Նոր Հայաստան, Նոր կաթողիկոս» շարժման մի քանի տասնյակ ակտիվստներ պաշարեցին Մայր Աթոռը, անգամ մուտք գործեցին Դիվանատուն, պարզվեց, որ եկեղեցին չունի պաշտպաններ, իսկ հավատացյալներն անտարբեր են իրենց հոգևոր առաջնորդների հանդեպ։ Դա անկեղծության պահն էր և իրականության հետ առերեսվելու բացառիկ հնարավորություն։

Ակնհայտ դարձավ, որ եթե պետությունը, և մասնավորապես իրավապահ մարմինները, չեն պաշտպանում եկեղեցին և եկեղեցականների անվտանգությունը, նրանք դառնում են անպաշտպան։ Պարզ է, որ եկեղեցու իրական պաշտպանները պետք է լինեն հավատացյալները՝ «հոտը»։ Սակայն «հոտն» անհաղորդ էր այդ դեպքերին։

Էջմիածնի միաբանները հաճախ էին իրենց մասնավոր զրուցներում նշում, որ սովետական սերունդը մեծացել է աթեիզմի ժամանակաշրջանում և ըստ էության եկեղեցու համար կորսված սերունդ է, սակայն իրենք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի, Հայորդյաց տների, հեռուստատեսային քարոզների միջոցով պատրաստում են նոր սերունդ, որը դաստիարակվելու է քրիստոնեական ու եկեղեցասիրական արժեքներով։ Ապրիլյան իշխանափոխությունից հետո նրանք ամենադաժան հարվածը ստացան հենց այն սերնդից, ովքեր դաստիարակվել են իրենց ասած արժեքներով։

Սա այն պահն է, երբ Էջմիածնի միաբանները պետք է իմաստավորեն իրենց անցած ճանապարհը, իրենց ներկան և փորձեն գտնել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ իրենց «հոտը» շրջվեց իրենցից ։

Photo:

analitik.am

shantnews.am

top-news.am

panorama.am

meganews.am

religions.am