Սահմանադրությունը բոլորին շնորհում է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Պաշտամունքի ազատության հետ մեկտեղ սահմանադրությունը սահմանում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Այն ճանաչում է Հայաստանյայց առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահպանող: Քրիստոնեական փոքրամասնական կրոնական խմբերն ունեն պաշտամունքի ազատության իրավունք, սակայն որոշ քրիստոնյա խմբեր նշել են, որ կարիք են զգացել իրենց հավատքին դավանել աննկատ: Վանաձորի ավագանու մի անդամ «Վերածնունդ» կուսակցությունից և նրա մի խումբ աջակիցներ ծեծի են ենթարկել Ավետարանական եկեղեցու հոգևոր հովվին, ով, ըստ հաղորդումների, հրաժարվել է սատարել իրենց կուսակցությանը: Ավետարանական քրիստոնյաների խմբերը հայտնում էին, որ իրենք հրաժարվել են բանտարկյալներին հոգևոր հովվի այցելության համար դիմումներ ներկայացնելուց, քանի որ իրավասու կառույցների կողմից այդ խնդրանքները մշտապես մերժվել են: Ըստ մի շարք կրոնական խմբերի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները շարունակել են խոչընդոտել պաշտամունքային կենտրոններ կառուցելու նրանց փորձերին: Իրավապաշտպան ակտիվիստները շարունակում էին մտահոգություն հայտնել Հայաստանյայց առաքելական եկեղեցու կողմից դպրոցներում տարածվող Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հարելը ազգային ինքնության հետ նույնացվող ուսմունքի տարածման հարցում պետության աջակցության կապակցությամբ: Ըստ փոքրամասնական կրոնական խմբերի և ՀԿ-ների՝ պետական հռետորաբանությունը, որով ազգային ինքնությունը նույնացվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հարելու հետ, շարունակել է լիցք հաղորդել խտրականությանը Հայաստանյայց առաքելական եկեղեցուց զատ մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ:
Եհովայի վկաները հայտնում էին, որ տարվա ընթացքում 2015թ. 33 դեպքի համեմատ գրանցել են ոտնձգության 17 դեպք (ֆիզիկական բռնություն կամ վիրավորական խոսքեր). նրանք նվազումը վերագրում են ոստիկանության կողմից նման միջադեպերը կանխելու նպատակով ձեռնարկվող օպերատիվ քայլերին: Ըստ քրիստոնեական փոքրամասնական խմբերի և հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ներ) լրատվամիջոցները նախորդ տարիների համեմատ ավելի քիչ են քննադատել փոքրամասնական կրոնական խմբերին, չնայած որոշ լրատվամիջոցներ շարունակել են հեռարձակել, այս խմբերի բնորոշմամբ, չստուգված ու կողմնակալ տեղեկություններ կրոնական փոքրամասնությունների մասին: Սեպտեմբերին մասնավոր մի հեռուստաընկերություն եթերում ներկայացրեց մի պատմություն, ըստ որի Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին (մորմոններ) կապ ուներ անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ:
ԱՄՆ դեսպանը և դեսպանության պաշտոնյաները շարունակել են խթանել կրոնական հանդուրժողականությունն ու միջդավանական երկխոսությունը պետական պաշտոնյաների հետ իրենց հանդիպումներում: Դեսպանության պաշտոնյաները հանդիպել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդների հետ՝ ներգրավելու Հայաստանյայց առաքելական եկեղեցուն կրոնական փոքրամասնությունների կողմից առանց սահմանափակումների իրենց հավատքին դավանելու իրավունքների պաշտպանության հարցերի մեջ: Դեսպանության պաշտոնյաները հանդիպել են փոքրամասնական կրոնական խմբերի հետ՝ քննարկելու պաշտամունքային վայրերի կառուցման թույլտվություն ստանալիս շարունակվող խնդիրները, ինչպես նաև նրանց շարունակվող մտահոգությունները հանրային ոլորտում զբաղվածության հարցում խտրականության, երկրի դպրոցներում կրոնի դասավանդման և հասարակության մեջ նկատվող անհավասար վերաբերմունքի ու խտրականության վերաբերյալ:
ԱՄՆ կառավարության գնահատմամբ ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 3.1 միլիոն (2016թ. հուլիսի դրությամբ): Ըստ 2011թ. մարդահամարի բնակչության 92 տոկոսն իրենց բնորոշում են որպես Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հարող: Մյուս կրոնական խմբերը, որոնցից որևէ մեկը չի գերազանցում բնակչության 1 տոկոսից ավելը, ներառում են. Հռոմեական կաթոլիկներ, Հայկական Մխիթարյան միաբանության անդամ կաթոլիկներ, ուղղափառ քրիստոնյաներ, ավետարանական քրիստոնյաներ, հիսունականներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, բապտիստներ, խարիզմատիկ քրիստոնյաներ, Եհովայի վկաներ, Մորմոններ, Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցու հետևորդներ, հեթանոսներ, քրիստոնյա-մոլոկաններ, եզդիներ, հրեաներ, սունի և շիա մահմեդականներ:
Եզդիները հիմնականում կենտրոնացված են Արագած լեռան շրջանում գտնվող գյուղական բնակավայրերում` մայրաքաղաք Երևանից դեպի հյուսիս-արևմուտք: Հայ կաթոլիկները հիմնականում բնակվում են հյուսիսում: Հրեաների մեծ մասը, մորմոններն ու ուղղափառ քրիստոնյաները, ինչպես նաև մահմեդականների փոքրիկ համայնքը` հիմնականում շիա մահմեդականներ` ներառյալ իրանցիներ և ժամանակավոր կացություն ունեցող անձինք Միջին Արևելքից, բնակվում են Երևանում:
Իրավական դաշտ
Սահմանադրությունը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով պաշտամունքի ծիսակատարություններով՝ օրինակ` քարոզ կամ եկեղեցական արարողություններ, արտահայտելու ազատությունը: Սահմանադրությունը թույլ է տալիս սահմանափակել այս իրավունքը միայն պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Սահմանադրությունը սահմանում է, որ «կրոնական կազմակերպություններն» անջատ են պետությունից: Այն ճանաչում է «Հայաստանյայց առաքելական եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Սահմանադրությամբ արգելվում է հիմնական իրավունքների և ազատությունների օգտագործումը կրոնական ատելություն բորբոքելու նպատակով: Այն թույլ է տալիս նրանց ում կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակաuում է զինվորական ծառայությունը, անցնել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:
Օրենքն արգելում է, սակայն չի սահմանում «հոգեորսություն» եզրույթը, որն օգտագործվում է բնութագրելու թե’ դավանափոխությունը, և թե’ հարկադիր կրոնափոխությունը:
Օրենքի համաձայն գրանցված կրոնական խմբերն ունեն հետևյալ իրավունքները. ապահովել իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական կարիքների ու պահանջմունքների բավարարումը, կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ, ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր, զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով, պատրաստել հոգևորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր, ձեռք բերել և օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր, օգտվել զանգվածային լրատվության միջոցներից, կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ և զբաղվել բարեգործությամբ: Օրենքը կրոնական խմբերի գրանցման պահանջ չի սահմանում, սակայն կրոնական խմբերը իրենց անունով գործարքներ կատարելու համար (օրինակ՝ սեփականություն ունենալ, վարձակալել գույք կամ բանկային հաշիվներ բացել) պետք է գրանցված լինեն: Օրենքը չի սահմանում չգրանցված խմբերի իրավունքները:
Որպես իրավաբանական անձ գրանցվելու համար կրոնական համայնքը պետք է Պետռեգիստր ներկայացնի փորձագիտական եզրակացություն Ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերով բաժնից առ այն, որ համայնքը համապատասխանում է օրենքի պահանջներին և հիմնված է «պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի» վրա, «զերծ է նյութապաշտությունից և ուղղված է հոգևոր ոլորտները» և ունի առնվազն 200 չափահաս անդամ և իր ուսմունքով մտնում «համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի» մեջ: Օրենքը չի սահմանում, թե ինչ է նկատի առնվում «զերծ է նյութապաշտությունից» ասելիս և չի հստակեցնում, թե կրոնական որ համայնքներն են համարվում «համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի» մաս: Օրենքը սահմանում է, որ այս գրանցման պահանջների ցանկը, որի մասով համապատասխանությունը հաստատվում է Ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերով բաժնի կողմից, չեն վերաբերվում այն կրոնական կազմակերպություններին, որոնք հիմնված են ազգային փոքրամասնություն ճանաչված որևէ խմբի կրոնի վրա: Պետռեգիստրի որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել:
Քրեական օրենսգրքով արգելվում է «կրոնի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը», որի համար սահմանվում է տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով (420 ԱՄՆ դոլար) կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը լիազորված է զբաղվել պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման պաշտոնյաների կողմից թույլ տրված մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, այդ թվում կոնական ազատության խախտումներով:
Օրենքն արգելում է ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական համակարգի, փրկարարական ծառայության կամ զինված ուժերի աշխատակիցներին լինել կրոնական կազմակերպության անդամ: Օրենքը չի սահմանում, թե ինչ է նշանակում «անդամակցությունը» կրոնական կազմակերպությանը: Օրենքն արգելում է ոստիկանության, զինված ուժերի և ազգային անվտանգության ծառայողներին, ինչպես նաև դատախազության աշխատակիցներին և պետական ու քաղաքացիական ծառայողներին օգտագործել իրենց ծառայողական դիրքը «կրոնական միավորումների» շահերի համար կամ նրանց օգտին քարոզչության համար: Օրենքով նաև արգելվում է ոստիկանների, դատախազների, այլ պետական ու քաղաքացիական ծառայողների կողմից ծառայողական պարտականությունները կատարելիս այլ կրոնական գործունեություն իրականացնելը: Օրենքը նաև արգելում է զինծառայողներին ձևավորել «կրոնական միավորումներ»: Թեպետ օրենքը սահմանում է «կրոնական կազմակերպությունը» որպես հավատի համատեղ դավանության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում, սակայն «կրոնական միավորման» սահմանում չի տրվում:
Օրենքը Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հիվանդանոցներում, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, զորամասերում, և ազատազրկման վայրերում ազատ մուտքի ու մշտական ներկայացուցիչ ունենալու իրավունք է վերապահում, մինչդեռ մյուս կրոնական խմբերը կարող են ներկայացուցիչ ապահովել հիշյալ կառույցներում միայն տվյալ հաստատության ղեկավարից թույլտվություն ստանալու դեպքում:
Օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է, և նշվում է, որ «կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»: Հայոց եկեղեցու պատմությունը ներառված է հանրային և մասնավոր դպրոցների ազգային կրթակարգի պարտադիր ուսուցման առարկայացանկում և դասավանդվում է 5-11 դասարաններում: Հայաստանյայց առաքելական եկեղեցին իրավունք ունի մասնակցել այդ առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքերի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը: Եկեղեցին կարող է առարկան դասավանդող ուսուցիչների թեկնածություններ առաջադրել, սակայն նրանք հանդիսանում են պետական աշխատողներ: Բոլոր աշակերտները պարտավոր են մասնակցել այս դասերին. առարկայից հրաժարվելու հնարավորություն սահմանված չէ: Օրենքը Հայաստանյայց առաքելական եկեղեցուն իրավունք է շնորհում կազմակերպել կրոնական ուսուցման կամավոր արտածրագրային դասընթացներ պետական կրթական հաստատություններում: Մյուս կրոնական խմբերը կարող են իրենց անդամներին կրոնական ուսուցում տրամադրել իրենց պատկանող հաստատություններում, սակայն ոչ հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում:
Աշխատանքային օրենսդրությամբ գործատուներին արգելվում է աշխատակիցների կրոնական հայացքների մասին տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը:
Այն անձանց համար, որոնց կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայություն անցնելը, օրենքը սահմանում է պարտադիր երկամյա զինվորական ծառայության երկու այլընտրանք՝ այլընտրանքային (զենքի հետ կապ չունեցող) զինվորական ծառայություն 30 ամիս տևողությամբ կամ այլընտրանքային աշխատանքային ծառայություն 36 ամիս տևողությամբ: Այլընտրանքային ծառայությունից խուսափելը շարունակում է համարվել քրեորեն պատժելի արարք, որի համար նախատեսված պատժամիջոցները պայմանավորված գործի հանգամանքներից կարող են լինել 2 ամսվա կալանքից մինչև 8 տարվա ազատազրկում:
Օրենքի համաձայն կրոնական հիմքի վրա ձևավորված խմբերը չեն ճանաչվում որպես քաղաքական կուսակցություն:
Քրեական օրենսգրքով արգելվում է կրոնական ատելության հրահրումը բռնության, հրապարակային հայտարարությունների կամ լրատվության միջոցով և դրա համար սահմանվում է տույժ 200.000-ից 500.000 ՀՀ դրամի սահմաններում (420-1.000 ԱՄՆ դոլար) կամ ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով:
Երկիրը Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի մասնակից պետություն է:
Կառավարության գործունեությունը
Հոկտեմբերի 4-ին լրատվամիջոցներում հաղորդում եղավ, որ Վանաձոր քաղաքի ավագանու անդամ Արկադի Փելեշյանը իր մի խումբ աջակիցների հետ մուտք էր գործել Վանաձորի Ավետարանական եկեղեցի և դաժան ծեծի ենթարկել Վանաձորի Ավետարանական եկեղեցու հովիվ և Հայաստանի Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանին: Քննչական կոմիտեն, որը մինչդատական քննության համար պատասխանու անկախ մարմին է, քննություն սկսեց՝ պարզելու արդյոք Փելեշյանին կարող է պաշտոնապես մեղադրանք ներկայացվել ծեծի ենթարկելու համար: Հովիվ Գրիգորյանի հրապարակային հայտարարությունների համաձայն, հարձակումը կիրակնօրյա պատարագի ընթացքում Փելեշյանի քաղաքական կուսակցության քարոզչական նյութերի բաժանումը թույլ չտալու պատճառով էր: Հոկտեմբերի 5-ին protestant.am կայքը, որը Ավետարանական հավատքի քրիստոնյաների մեդիա նախաձեռնություն է, հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ՝ դատապարտելով հարձակումն ու նշելով, որ դա «անպատժելիության, ավետարանական հավատքի քրիստոնյաների հանդեպ լրատվամիջոցներում տարածվող ատելության խոսքի ու անհանդուրժողականության» արդյունքն է: Նոյեմբերի 8-ին Քննչական կոմիտեն կարճեց գործը, այն բանից հետո, երբ Փելեշյանը հրապարակավ ներողություն խնդրեց հարձակման համար և Գրիգորյանն ու Փելեշյանը հաշտվեցին:
Որոշ փոքրամասնական քրիստոնյա խմբեր հաղորդում էին, որ ունեցել են պաշտամունքի ազատություն, եթե դա արել են աննկատ կերպով՝ սահմանափակվելով միայն իրենց շինություններով ու համայնքով: Նրանք նշել են, որ իրենց տիրույթներից դուրս գալու փորձերը կամ դավանափոխության ճանապարհով անդամների թիվն ավելացնելու ջանքերը կարող էին խնդիրներ առաջացնել: Արդյունքում, ինչպես նշում էին այդ խմբերը, նրանք աննկատ են գործել ու ինքնագրաքննություն են իրականացրել:
Եհովայի վկաները հայտնում էին, որ իրենք շարունակել են իրավական ճանապարհով հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը ու փորձել են երկխոսություն վարել կառավարության հետ: Նրանք հաղորդում էին, որ հրապարակային հոգևոր գործունեության ժամանակ ոստիկանության կողմից ավելի լավ պաշտպանություն է ապահովվել և իրենց անդամների հանդեպ պետական կառույցների կողմից ավելի լավ վերաբերմունք է դրսևորվել: Կրոնական խմբերի մեծ մասը սակայն նշում էին, որ իրենց խնդիրները փորձել են ոչ պաշտոնական կերպով լուծել՝ խուսափելու հնարավոր հետագա խնդիրների:
Ավետարանական քրիստոնյաների խմբերը հայտնում էին, որ իրենք հրաժարվել են բանտարկյալներին հոգևոր հովվի այցելության համար դիմումներ ներկայացնելուց, չնայած բանտարկյալների խնդրանքներին, քանի որ բանտերի վարչակազմի կողմից վերջին մի քանի տարիներին այդ խնդրանքները մշտապես մերժվել են:
Ըստ մի շարք կրոնական խմբերի՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչները շարունակել են խոչընդոտել կրոնական խմբերին պատկանող հողատարածքներում պաշտամունքային շինությունների հետ կապված կառուցապատման կամ ճարտարապետա-շինարարական նախագծման թույլտվությունների ձեռք բերման ջանքերին: Մի քանի փոքրամասնական դավանական խմբեր շարունակում էին հաղորդել, որ տեղական ինքնակառավարման մարմինները պաշտամունքի վայրերի կառուցելու շինարարական թույլտվությունը տվել են միայն Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդների ոչ պաշտոնական համաձայնությունը ստանալուց հետո: Որոշ կրոնական խմբեր փաստում էին, որ շինարարական թույլտվություններ ստանալու հարցում ավելի հեշտ է եղել, երբ դիմում է ներկայացվել անհատի կողմից կամ եթե դիմումում որպես նպատակ հիշատակվել է շինության որևէ այլ տիպ և ոչ թե պաշտամունքային կառույց: Մի շարք այլ խմբեր հաղորդում էին, որ պաշտամունքի վայրի համար նոր շենքեր կառուցելու փոխարեն իրենք ձեռք են բերել գոյություն ունեցող շինություններ և վերանորոգել դրանք՝ ծառայեցնելու այդ նպատակին:
Եզդիական խմբի հաղորդման համաձայն Ջրաշեն համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները մերժել են համայնքի հրապարակում եզդի առաջնորդին նվիրված հուշարձան կառուցելու առաջարկը: Եզդիական խմբի համաձայն, գրավոր մերժում չի ներկայացվել, սակայն մերժման պատճառը ապագայում այդ նույն հրապարակում Հայաստանյայց առաքելական եկեղեցի կառուցելու հնարավորությունն է և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ցանկությունը, որ իրենց եկեղեցու մոտակայքում չլինի կրոնական խորհրդանիշներ պարունակող եզդիական հուշարձան:
Իրավապաշտպան ակտիվիստները շարունակում էին մտահոգություն հայտնել այն մասին, որ կառավարության կողմից Հայաստանյայց առաքելական եկեղեցին ինտեգրվում է հանրակրթական համակարգի մեջ, և Հայաստանյայց առաքելական եկեղեցուն թույլատրվում է դպրոցներում տարածել այնպիսի նյութեր, որոնց հռետորաբանությամբ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հարելը նույնացվում է ազգային ինքնության հետ:
Տեղական «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի մարտին հրապարակած կրոնական ազատությունների մասին զեկույցի համաձայն հանրակրթական համակարգի առարկայական պլանը խթանում էր հայկական էթնիկ ինքնության նույնացումը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ, օրինակ՝ Հայոց եկեղեցու պատմության 10-րդ դասարանի դասագրքում նշված էր, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հավատքը դարձրել է ազգային ինքնության կարևորագույն բնութագրիչներից մեկը: Ըստ ՀԿ-ի՝ մյուս առարկաների՝ հայոց լեզվի, պատմության և գրականության ծրագրերում ևս ներառված են այնպիսի տարրեր, որոնցով ազգային ինքնությունը նույնացվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հարելու հետ: Ըստ զեկույցի Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հետ կապված կային նաև այլ խնդիրներ, այդ թվում ատելությունը Հայաստանյայց առաքելական եկեղեցուց զատ մյուս կրոնական կազմակերպությունների հանդեպ, դասերի ժամանակ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծեսերի կատարումը և այլ առարկա ընտրելու հնարավորության բացակայությունը:
Եզդիական համայնքի ներկայացուցիչները շարունակել են իրենց դժգոհությունը հայտնել Հայոց եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր լինելու վերաբերյալ, որը նրանք համարում են կրոնական դաստիարակություն: Նման մտահոգություններ հրապարակավ հնչեցնել են ՀԿ-ները, կրոնական կազմակերպությունները, աթեիստները, Հայաստանյայց առաքելական եկեղեցու ոչ-հավատացյալ անդամները:: Եղել են հաղորդումներ, որ առարկան դասավանդվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների կողմից և դասերի շրջանակում կազմակերպվել են այցելություններ դեպի եկեղեցի՝ առանց այլ հավատքներ քննարկելու կամ աշակերտների կողմից Հայաստանյայց առաքելական եկեղեցու կառույց չհանդիսացող կրոնական վայրեր այցելելու հնարավորությունների: Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևորականներն այցելել են նաև պետական ֆինանսավորմամբ գործող մանկապարտեզներ, այդ թվում եկեղեցական տոների ընթացքում, ինչպես նաև եղել են մանկապարտեզի սաների այցելություններ եկեղեցի:
Կրթության ոլորտում Հայաստանյայց առաքելական եկեղեցու ունեցած դերի վերաբերյալ հնչած հրապարակային քննադատությունից ու միջազգային հնչեղություն ստանալուց հետո եղան հաղորդումներ, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հրահանգել է Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչներին առավել հարգալից լինել աշակերտների կրոնական հայացքների հանդեպ: Դիտորդները փաստում էին, որ ուսուցիչները կարծես հետևում էին այս հրահանգներին և այլ կրոնների մասին ավելի քիչ էին բացասաբար արտահայտվում, սակայն Հայոց եկեղեցու պատմության դասերին աղոթելու պրակտիկան պահպանվում էր: Փոքրամասնական կրոնական խմբերի գերակշիռ մասը չեն ունեցել բողոքներ կապված Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների կողմից աշակերտների հանդեպ խտրականության դրսևորելու վերաբերյալ: Որոշ խմբեր նշում էին սակավաթիվ դեպքեր, երբ ուսուցիչը բացասաբար էր արտահայտվել աշակերտի կրոնական հայացքների վերաբերյալ: Նման դեպքերում, ըստ այդ խմբերի հաղորդումների, ծնողները սովորաբար կարողացել են կարգավորել խնդիրը՝ խոսելով ուսուցչի կամ դպրոցի տնօրենի հետ: Ըստ այդ խմբերի, նման դեպքերի հավանականությունն ավելի մեծ է գյուղական բնակավայրերում, քան Երևանում:
Medialab.am-ում փետրվարի 1-ին զետեղված հոդվածում կրոնական հարցերով կրթական փորձագետը նշում էր, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատմության պարտադիր դասավանդումը հակասում է կրոնի ազատությանը և ստիպում է, որ աշակերտներն ու ծնողները թաքցնեն իրենց կրոնական հայացքները՝ խուսափելու ծաղրից: Ըստ կայքի հաղորդման՝ դրան ի պատասխան այն ժամանակվա կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը արձագանքել էր, որ այդ առարկայի դասավանդման հիմքում սահմանադրության այն դրույթն է, որով Հայաստանյայց առաքելական եկեղեցին ճանաչվում է ազգային եկեղեցի ու ազգային ինքնության պահապան: Փետրվարի 19-ին «Իրատես» օրաթերթին այս պարտադիր դասընթացի վերաբերյալ հարցազրույց տալով կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, որ հայրենասիրությունը «հայրենիքին բնորոշ առանձնահատկությունները պահպանելն ու հատկապես` պաշտպանելն է», որն, ըստ նրա, որպես հայրենիքի՝ «մեր ազգի էության» մաս ներառում է Հայաստանյայց առաքելական հավատքը:
2012թ. Կրթության նախարարության կողմից մեկնարկած պիլոտային ծրագրի հիման վրա դպրոցների տնօրինությունները 2-ից 4-րդ դասարաններում կարող են ներառել մեկ այլ առարկա, որը կոչվում է Հայոց եկեղեցու պատմություն/քրիստոնեական դաստիարակություն: Երբ դպրոցն ընտրում է այդ տարբերակ, ապա այդ առարկան 2-4-րդ դասարանցիների համար դառնում է պարտադիր: Տարվա ընթացքում այս տարբերակով առաջնորդվել է 83 դպրոց:
Ըստ լրատվական հաղորդումների օգոստոսի 26-ին կրթության և գիտության նոր նախարար Լևոն Մկրտչյանը այցելեց Լուռու մարզ հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու տնօրենների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Գուգարաց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանի առաջարկով հանդիպումը սկսվեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատարագի աղոթքով:
Ըստ տարբեր կրոնական խմբերի ու ՀԿ-ների, որոնք հանդես են գալիս կրոնական հանդուրժողականության դիրքերից, կառավարության հռետորաբանությունը, որով Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետևորդ լինելը նույնացվում է ազգային ինքնության հետ, շարունակել է նպաստել Հայաստանյայց առաքելական եկեղեցուց զատ մնացած կրոնական կազմակերպությունների հանդեպ խտրականությանը:
Ազգային փոքրամասնություններին առնչվող կրոնական խմբերը, օրինակ՝ առաքելական ասորիները, շարունակել են հաղորդել, որ ավելի լավ հարաբերություններ ունեն պետական հաստատությունների հետ, քան այն փոքրամասնական կրոնական խմբերը, որոնց հարողները էթնիկ հայեր են:
Մարտի 9-ի իր զեկուցում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ը փաստում էր, որ պետական, հանրակրթական հաստատություններում ու զինվորական կառույցներում արձանագրվել են խտրականության ու աշխատանքից հեռացնելու դեպքեր՝ պայմանավորված կրոնական հայացքների հետ: Ըստ ՀԿ-ի իրավապահ կառույցների աշխատակիցների և այլ հանրային ծառայողների անդամակցությունը կրոնական կազմակերպություններին արգելող իրավական դրույթները կառավարության կողմից կիրառվել են այդ աշխատողների իրավունքները սահմանափակելու նպատակով: ՀԿ-ի դիտարկմամբ կրոնական կազմակերպություններին անդամակցելու այդ արգելքը կառավարությունը մեկնաբանում էր որպես Հայաստանյայց առաքելական եկեղեցուց զատ որևէ այլ կրոնական խմբի հարելու արգելք: Ըստ մի շարք կրոնական խմբերի՝ պետական սեկտորի աշխատողները և իրավապահ կառույցների աշխատակիցները կամ չէին մասնակցում կրոնական ծառայությունների, կամ դա գաղտնի էին պահում՝ վախենալով, որ կկորցնեն իրենց աշխատանքը: Մեկ այլ խմբի կողմից սակայն նշվում էր, որ ունեն անդամներ, որոնք պետական աշխատողներ են, ովքեր չեն թաքցնում իրենց կրոնական անդամակցությունը և դրա հետ կապված որևէ բացասական հետևանք չի եղել: Ըստ եզդիական խմբի՝ եզդիների նկատմամբ խտրականություն է դրսևորվել զինվորական ծառայության ընթացքում, մասնավորապես՝ թույլ չի տրվել ծառայել հետախուզական ուժերի կազմում իրենց կրոնական ու էթնիկ ինքնության համար: Ըստ այդ խմբի Հայաստանյայց առաքելական եկեղեցու զինվորական քահանաները եզդի զինծառայողներին ստիպել են պատարագների ժամանակ աղոթել:
Մի շարք փոքրամասնական կրոնական խմբեր հաղորդում էին, որ զինվորական ծառայության ընթացքում իրենց որոշ հետևորդներ նախընտրել են չհայտնել իրենց կրոնական պատկանելության մասին, չնայած զորակոչիկներից դեռևս պահանջվում էր ծառայության սկզբում նշել իրենց կրոնական պատկանելությունը: Կառավարությունը շարունակում էր բանակում զինվորական քահանաների ծրագրում թույլատրել միայն Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևորականների ծառայությունը:
«Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին հայտնում էր, որ սեպտեմբերին զինված ուժերի կողմից մերժվել է իրենց հետևորդներից մեկի դիմումը վերականգնելու ծառայությունը զինված ուժերում: Եկեղեցու հետևորդին 2015թ. նոյեմբերին պարտադրվել էր հրաժարական ներկայացնել զինվորական ծառայությունից իր կրոնական հայացքների համար: Դիմում-բողոքը մերժելիս ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար գեներալ-մայոր Արիս Բրուտյանը գրության մեջ նշել էր. «Զինվորական ծառայության անցնելու մասին ՀՀ օրենքի պահանջների համաձայն … զինծառայողին արգելվում է անդամակցել որևէ կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության»: Նամակի հետագա շարադրանքում ասվում էր. «Համաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշման «Կյանքի խոսքը» խարիզմատիկ շարժում է, որին բնորոշ են ամբողջատիրական և քայքայիչ հատկություններ, բացի այդ այն որպես քայքայիչ կրոնական շարժում, իրենից հասարակական և ազգային վտանգ է ներկայացնում»: Տարեվերջի դրությամբ «Կյանքի խոսք» եկեղեցին աշխատում էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ օգնելու այդ անձին վերականգնել իր պաշտոնը զինված ուժերում:
Եհովայի վկաները հայտնում էին, որ կրոնական դավանանքից կամ համոզմունքներից ելնելով զինվորական ծառայություն չանցնող իրենց հետևորդներից 17-ը տարեվերջի դրությամբ ավարտել էին այլընտրանքային աշխատանքային ծառայությունը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության ծրագրին 2013թ. իրավական բարեփոխումներից հետո ըստ նոյեմբերին առկա վերջին տվյալների մասնակցել են Եհովայի վկաների 207 հետևորդներ, ինչպես հայտնում են համայնքի առաջնորդները: Նրանք փաստում էին, որ այլընտրանքային ծառայության դիմումները քննության առնող ու համակարգող հանրապետական հանձնաժողովը շարունակել է լինել բարեհաճ ու պատրաստակամ, իսկ ծրագիրը նորմալ ընթացել է: Խումբը նաև փաստում էր, որ հասարակությունն ընդհանուր առմամբ դրական է վերաբերվել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն անցնող իրենց հետևորդներին:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ը նաև նշում էր, որ կառավարությունը հանդուրժել է ատելության խոսքը և փոքրամասնական կրոնական խմբերին հեղինակազրկող ու ոչ ճշգրիտ տեղեկությունների տարածումը մասնավոր ու հանրային հեռուստաեթերից՝ առանց ձեռնարկելու քայլեր կասեցնելու կամ պատժելու ուղղությամբ: ՀԿ-ը նաև հայտնում էր, որ կառավարությունը խոչընդոտել է փոքրամասնական կրոնական խմբերի բարեգործական աշխատանքներին, սակայն չեն նշվել մանրամասներ:
Սեպտեմբերի 23-ին մասնավոր ԱՏՎ հեռուստաընկերության կողմից եթեր հեռարձակվեց հաղորդում անչափահասի հանդեպ ենթադրյալ սեռական ոտնձգությունների վերաբերյալ, որի ընտանիքը Մորմոնական եկեղեցու հետևորդ էր: Հաղորդման ընթացքում հրավիրված մի ոմն փորձագետ, ով հայտնի է կրոնական փոքրամասնությունների դեմ ուղղված իր հռետորաբանությամբ, ներկայացրեց լրացուցիչ նյութեր, որոնք ըստ նրա հիմնավորում էին Մորմոնական եկեղեցու և ոտնձգությունների միջև կապը:
Ըստ Եհովայի վկաների ` տարվա ընթացքում քարոզչության ժամանակ 17 միջադեպ է արձանագրվել, երբ իրենց անդամների հանդեպ եղել են ֆիզիկական ոտնձգություններ և հնչեցվել են վիրավորական խոսքեր. Այստեղ նկատելի է միջադեպերի թվի նվազեցում նախորդ տարվա 33 միջադեպի համեմատ: Դեպքերից մեկի ժամանակ ինչ-որ անձինք շուռ են տվել Եհովայի վկաների գրքերի ստենդը՝ պատճառելով փոքր վնաս: Խմբի հաղորդմամբ, տարածքում հերթապահող ոստիկանների օպերատիվ արձագանքից հետո իրավախախտները այլևս չեն միջամտել խմբի գործունեությանը:
Ըստ փոքրամասնական քրիստոնյա խմբերի ու ՀԿ-ների հաղորդումների՝ լրատվամիջոցներում նախորդ տարիների համեմատ նվազել է փոքրամասնական կրոնական խմբերին ուղղված քննադատությունը, չնայած որոշ լրատվամիջոցներ շարունակել են փոքրամասնական կրոնական խմբերին պիտակել որպես «աղանդներ» և հեռարձակել են նրանց բնութագրմամբ կրոնական փոքրամասնությունների մասին չստուգված ու կողմնակալ տեղեկատվություն: Միաժամանակ, խմբերը նշում էին, որ լրատվամիջոցներում, հատկապես առցանց հարթակներում, հնարավոր էր գտնել հոդվածներ, որտեղ անկողմնակալ կերպով արծարծվում են կրոնական հարցերը և ներկայացվում տարբեր դիրքորոշումներ: Օրինակ՝ Եհովայի վկաները ողջունելի էին համարում իրենց ընկալմամբ պաշտոնյաների ու հանրության շրջանում նկատվող կրոնական հանդուրժողականության մթնոլորտի բարելավումը:
Փոքրամասնական քրիստոնեական խմբերից մեկի գնահատմամբ որոշ լրագրողներ խուսափում էին դրական լույսի ներքո ներկայացնել կրոնական փոքրամասնությունները, հատկապես՝ հեռուստաեթերից, քանի որ վախենում էին նկատողություն ստանալ հեռուստաընկերության սեփականատերերից:
Նոյեմբերի 9-ին Եվրասիա համագործակցության հիմնադրամ տեղական ՀԿ-ը անցկացրեց իր երկրորդ լրագրողական մրցանակաբաշխությունը՝ շնորհելով մրցանակ կրոնի ու համոզմունքի ազատությանն առնչվող հարցերի լավագույն լուսաբանման համար: Մրցանակաբաշխությունը կրոնական հանդուրժողականության խթանման ու խտրականության վերացմանն ուղղված Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագիրն էր, և իրականացվում էր Հոլանդիայի կառավարության աջակցությամբ: Մրցանակի համար առաջադրված էին 14 տպագիր հոդված, 12 ծաղրանկար և 3 տեսանյութ: Ըստ իրավապաշտպան ՀԿ-ների Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախաձեռնությունը դրական ազդեցություն ուներ կրոնական հիմնահարցերի լուսաբանման հարցում:
Հունիսին երկիր կատարած այցի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդիպում ունեցավ Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի և Հայաստանյայց առաքելական եկեղեցու այլ առաջնորդների հետ և գովասանքի արժանացրեց Հայաստանյայց առաքելական եկեղեցուն երկրում քրիստոնեական ինքնությունը պահպանելու համար:
Ակնալիճ ոչ մեծ համայնքում շարունակվում էին ըստ լրատվական հաղորդումների ամենամեծ եզդիական տաճարի շինարարական աշխատանքները՝ երկրում բնակվող եզդիների համար «հոգևոր կենտրոն» հիմնելու նպատակով:
Դեսպանը և դեսպանության ներկայացուցիչները շարունակել են պետական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում խթանել կրոնական հանդուրժողականությունն ու միջդավանական երկխոսությունը: Դեսպանության պաշտոնյաները հանդիպում են ունեցել Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ՝ քննարկելու կրոնական հանդուրժողականությունը բանակում և զինված ուժերի կազմում գտնվող փոքրամասնական խմբերի հետևորդների դեմ կիրառվող սահմանափակումները: Դեսպանը պարբերաբար մեկ հարկի տակ է հավաքել կառավարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ քննության առնելու կրոնական փոքրամասնությունների հանդեպ դրսևորվող խտրականության հարցերը, նպաստելու կառավարության ու կրոնական փոքրամասնությունների միջև երկխոսությանը և համատեղ դիտարկելու հիմնահարցերի լուծումները:
Դեսպանն հանդիպել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդների հետ՝ նրանց մասնակից դարձնելու կրոնական փոքրամասնությունների կողմից իրենց հավատքին առանց սահմանափակումների դավանելու իրավունքի իրացմանը աջակցելու գործին: Ապրիլի 1-ին Դեսպանը և Դեսպանության պաշտոնյաները կրոնական բազմազանությունն ու հանդուրժողականությունը խթանելու նպատակով Արարատի մարզի Վերին Դվին համայնքում մասնակցեցին առաքելական ասորիների ամանորյա տոնակատարությանը:
Դեսպանության պաշտոնյաները շարունակել են հանդիպել կրոնական և ազգային-կրոնական փոքրամասնությունների լայն շրջանակի ներկայացուցիչների հետ, այդ թվում կաթոլիկների, ավետարանականների և այլ բողոքականների, Եհովայի վկաների, մորմոնների, եզդիների, առաքելական ասորիների և հրեաների հետ՝ քննարկելու հավատքին դավանելու ճանապարհին առկա սահմանափակումները և պաշտամունքային վայրեր կառուցելու համար շինարարական թույլտվություններ ստանալիս ունեցած դժվարությունները: Հոկտեմբերի 20-ին Դեսպանության պաշտոնյաները հանդիպում ունեցան հովիվ Գրիգորյանի հետ և հանդես եկան նրա հանդեպ թույլ տրված բռնությունները դատապարտող հայտարարությամբ: Դեսպանության պաշտոնյաները նաև շարունակել են հանդիպել քաղաքացիական հասարակության խմբերի հետ՝ քննարկելու նրանց մտահոգությունները կապված դպրոցներում Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատմության դասավանդման ու հասարակության կողմից կրոնական փոքրամասնությունների հանդեպ դրսևորվող խտրականության հետ: Դեսպանության պաշտոնյաները ընդգրկված էին Եվրասիա համագործակցության հիմնադրամի ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության ժյուրիի կազմում և մասնակցել են լրատվամիջոցներում կրոնական հանդուրժողականությունը խթանող այդ մրցանակի հանձնման արարողությանը: