Կրոնական խնդիրը ժամանակակից արեւմտյան ժողովրդավարական համակարգերում

  • 29/04/2022
  • Ստեփան Դանիելյան

Արդի արեւմտյան ժողովրդավարական համակարգերում կրոնի ու հավատի ազատության իրավունքը եւ ազգային անվտանգության խնդիրները դարձել են ժամանակակից աշխարհի ամենահրատապ թեմաներից մեկը։ Իսլամական ծայրահեղականների գործունեությունը պատճառ է հանդիսացել, որ եվրոպական երկրներում արդեն քննարկվի կրոնական ազատության որոշ սահմանափակումների անհրաժեշտության հարցը։ Սակայն այդ սահմանափակումները կարող են վտանգի տակ դնել արեւմտյան քաղաքակրթության ողջ իրավական համակարգը։

Ներգաղթյալների պատճառով Արեւմուտքը դարձել է քաղաքակրթությունների բախման թատերաբեմ։ Դա ոչ թե իսլամի ու քրիստոնեության, այլ կրոնական՝ ի դեմս իսլամի, եւ հետկրոնական՝ աշխարհիկ քաղաքակրթությունների հակասություն է։ Արեւմուտքում հավատը յուրաքանչյուր անհատի մասնավոր գործն է՝ նրա անձնական ընտրությունն ու իրավունքը։ Իսլամական աշխարհում աշխարհիկ եւ կրոնական իրավունքը դժվարությամբ է տարանջատվում՝ մասնավոր կյանքն ու կրոնական նորմերով պայմանավորված սահմանափակումները միահյուսված են։ Արդյունքում իսլամի հետեւորդների թվաքանակի ավելացումը Եվրոպայում լուրջ իրավական խնդիրներ է առաջացնում։

Իսլամի ազդեցության տակ արեւմտյան քաղաքակրթությունը ենթարկվում է փոխակերպումների։ Ազգայնական հակաէմիգրանտական շարժումները Եվրոպայում լուրջ թափ են հավաքում` դառնալով քաղաքական գործոն, սակայն նրանց հնարավոր հաղթանակը ոչ թե կփոխի Եվրոպայի զարգացման ուղղությունը, այլ, առհասարակ, կարող է հարցականի տակ դնել արեւմտյան ներկայիս քաղաքակրթությունը, որը հիմնված է մարդու իրավունքների, հավասարության սկզբունքի, կրոնական ու մշակութային բազմազանության գաղափարների վրա։

Այսպիսով` առաջ է եկել մի անլուծելի իրավական հակասություն։ Մի կողմից մարդու իրավունքների պաշտպանները հանդես են գալիս հանուն կրոնական ազատության եւ մուլտիկուլտուրալիզմի, սակայն մյուս կողմից ներգաղթյալներից շատերն իրենք են հանդես գալիս ընդդեմ հրեաների ու ԼԳԲԹ հանրության։ Լրատվական հոսքերին հետևելու ժամանակ կարող եք հաճախ հանդիպել հրեական սինագոգների, կամ ԼԳԲՏ համայնքի անդամների վրա հարձակման դեպքերի մասին տեղեկություններին։ Օրինակ, Հիմնական իրավունքների եվրոպական միության գործակալության (European Union Agency for Fundamental Rights — FRA) հարցումների համաձայն, որը անց է կացվել 2018-ին Գերմանիայում, ցույց է տվել, որ Գերմանիայի հրեաների որ 41% իրենց վրա զգացել են անտիսեմիտիզմի դրսեւորումները, իսկ ԵՄ երկրներում ապրող հրեաների 38% տարվա ընթացքում գոնե մեկ անգամ նման դրսեւորման են հանդիպել։ Գերմանիայի հրեաների 75% որոշել են հրապակայնորեն չցուցադրոել իրենց հրեա լինելը։ Նման ուսումնասիրություններ կան նաև ԼԳԲԹ համայնքի անդամների վերաբերյալ։ Պարզ է, որ երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգը գնալով ձևափոխվում է։

Պատահական չէ, որ Եվրոպայի հրեաների ու ԼԳԲԹ հանրության որոշ հատված սկսել է հակվել դեպի ազգայնականները, որոնցից պաշտպանություն են ակնկալում այդ նոր մարտահրավերը հաղթահարելու համար։ Սա կարող է փլուզել այն ողջ իրավական եւ քաղաքակրթական դաշտը, որը ձեւավորվել է Երկրորդ աշխարհամարտից հետո։

Իսլամն Արեւմուտքի համար ուսումնասիրությունների ու մանիպուլյացիաների առարկա է, իսկ իսլամի համար Արեւմուտքը՝ քաղաքակրթական մարտահրավեր, որին պետք է դարձի բերել, այսինքն` Եվրոպայի աշխարհիկ հասարակությունը դարձնել կրոնական հասարակություն, դրանով «հարամ» Արեւմուտքին ազատագրելով «մեղքից»։ Այդ երկու քաղաքակրթությունները չեն կարողանում գտնել հատման կետեր։ Երկխոսության փորձերն արդյունավետ լուծումների չեն հանգեցնում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս ներգաղթյալների խնդիրը դարձրել է իր քաղաքականության անկյունաքարերից մեկը։ Առճակատման մեջ են հայտնվել պահպանողականներն ու ազատականները։ Սա, կարծես թե, համաշխարհային նոր միտում է, որը սկսել են գաղափարապես կիսել Միացյալ նահանգները եւ Եվրոպան։ Նման զարգացումները չեն կարող շրջանցել համաշխարհային կարգի սկզբունքները, ինչն ի զորու է փոխել ողջ քաղաքական, մշակութաբանական ու քաղաքակրթական ճարտարապետությունը՝ իր ազդեցությունը թողնելով նաեւ մեր կարգի երկրների անվտանգության վրա։

Երկրորդ աշխարհամարտից հետո ՄԱԿ-ը եւ Եվրախորհուրդը, հետագայում՝ Եվրոպական միությունը, կառուցվել են Մարդու իրավունքների համընդհանուր համաձայնագրերի հիման վրա։ Դրանք կասկածի տակ դնելն այդ քաղաքական կառույցներին թողնում է առանց գաղափարախոսության եւ իրավական հենարանի։ Վերը բերվածն ընդամենը մեկ օրինակ է` ցույց տալու համար, թե ինչ գործընթացներ, իրավական վեճեր են ընթանում այն քաղաքակրթական տարածքում, որի անդամն ենք։ Արեւմուտքում մշակութաբանները, իրավաբանները, քաղաքական փորձագետները մշտապես հետեւում են զարգացումներին ու փորձում են լուծումներ գտնել։

Հայաստանի իրավական համակարգը պայմանավորված է արեւմտյան քաղաքակրթության չափորոշիչներով։ Մենք միացել ենք Մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիային եւ դրանից բխող բազմաթիվ այլ համաձայնագրերի։ Մեր Սահմանադրությունն ու իրավակարգավորման մեխանիզմները համաձայեցվում են Եվրոպայի խորհրդի հետ, որի առջեւ մի շարք պարտավորություններ ենք ստանձնել, սակայն ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները, դիսկուրսները մեզ մոտ չեն ընթանում։ Փաստորեն կրոնական խնդրին վերաբերող քննարկումները Հայաստանում սառեցված են։ Հայաստանին բնորոշ կրոնական առանձնահատկությունները, ինչպես նաեւ համաշխարհային անցուդարձերը, որոնց ազդեցությունից չի կարող խուսափել Հայաստանը, քննարկումների առարկա չեն։ Քանի որ Հայաստանում զգալի թվով ներգաղթյալներ չկան` նման հարցադրումները մեզանում խիստ չեն, սակայն բացառված չէ, որ հետագայում մենք եւս ստիպված լինենք դրանց պատասխանները որոնել։ Սակայն, այդուամենայնիվ, կրոնական ազատության խնդիրը մեզ համար նույնպես մնում է հրատապ։ Կրոնական դիսկուրսը մեզանում ունի ազգայնական երանգ՝ Հայ եկեղեցին ներկայանում է որպես ազգայնական կառույց, իսկ մյուս կրոնական կազմակերպությունները հայտարարվում են իբրեւ ազգային միասնականության ու ազգային ավանդույթների սպառնալիք։

05/08/2019