«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
«Խղճի ազատության եվ կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության եվ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունման
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս գործող «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) ընդունումից առաջ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից դեռևս 1991 թվականին` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԽՍՀՄ օրենքը: Այդ առումով Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ և չի համապատասխանում ներկա իրավիճակին, երբ ՀՀ-ում իրականացվել են Սահմանադրական բարեփոխումներ, ՀՀ-ն միացել է միջազգային համաձայնագրերին և ստանձնել որոշակի պարտավորություններ, մասնավորապես`
Նախագծով սահմանվել են մտքի, խղճի և կրոնի ազատության ապահովման երաշխիքները: Այսպես, Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի համար երաշխավորվում է մտքի, խղճի, կրոնի ազատությունը: Այս իրավունքը ներառում է ցանկացած կրոն դավանելու կամ չդավանելու, համոզմունք ունենալու կամ չունենալու, կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը, կրոնը կամ համոզմունքը ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ հրապարակավ կամ մասնավոր կարգով ուսուցման, քարոզի, եկեղեցական արարողությունների կամ պաշտանմունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը, այդ թվում` առօրյա կյանքում սեփական կրոնին և համոզմունքներին համաձայն գործելու ազատությունը:
Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է ծնողների և խնամակալների ազատությունը` ապահովելու իրենց երեխաների կրոնական դաստիարակությունը իրենց համոզմունքներին համապատասխան:
Նախագծով սահմանվում են նաև խտրականության արգելքներ, մասնավորապես` սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից, կրոնական պատկանելությունից կամ համոզմունքներից հավասար են օրենքի առջև: Ցանկացած խտրականություն` պայմանավորված անձի կրոնական պատկանելությամբ կամ կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքով արգելվում է: Մտքի, խղճի, կրոնի ազատության ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, այդ թվում նաև պաշտամունքի անհատական կամ խմբային դրսևորումների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները` բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի, կրոնական հողի վրա հետապնդումները, կրոնական թշնամանքի հարուցումը կամ դավանափոխությանը հարկադրելը օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում են վարչական կամ քրեական պատասխանատվություն:
Նախագծի 5-րդ հոդվածով հստակեցվում են խղճի, կրոնի և համոզմունքի արտահայտման ազատության սահմանափակման հիմքերը: Այսպես, այդ ազատությունը կարող է սահմանափակվել, եթե այն ուղղված է սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, առկա են հավաստի տվյալներ, որ անձը կամ անձանց խումբը մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն կամ հարկադրել դավանափոխությանը, առանց ծնողների համաձայնության իրականացվում է կրոնական քարոզչություն կամ կրոնական քարոզչության փորձեր այն դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հաստատություններում, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառում են անչափահաս անձինք: Ընդ որում, այս հիմքերը կարող են կիրառվել, եթե դրանք անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Նախագծում տրվում է «կրոնական միավորում» և «կրոնական կազմակերպություն» հասկացությունների սահմանումները: Մասնավորապես, սահմանվում է, որ կրոնական կազմակերպությունը առնվազն 150 չափահաս անդամ ունեցող, օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրոնական միավորումն է: Ի տարբերություն գործող օրենքի, որը կազմակերպության գրանցման համար պահանջում է առնվազն 200 անդամներ ունենալու պահանջ, Նախագծով այդ թիվը նվազեցվել է: Ընդ որում, Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի կողմից 11.06.2004 թվականին մշակված կրոնական ազատության վերաբերյալ օրենքների վերանայման ուղեցույցի համաձայն՝ չպետք է թույլատրել իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու համար սահմանվող անդամների շատ բարձր շեմ: Տարբեր երկրների միջազգային փորձի ուսումնասիրությունից հետևում է, որ այս շեմը տատանվում է 5-300 անդամ: Շվեդիայում՝ 5, Լատվիա՝ 20, Չեխիա՝ 300, Սլովակիա՝ 200 անդամներ:
Առանձնացնելով կրոնական միավորումը և կրոնական կազմակերպությունը՝ Նախագծով տարբեր պահանջներ են առաջադրում դրանց: Մասնավորապես, դրանցից մեկը ենթակա է պետական գրանցման, մյուսը` ոչ, մեկը ունի իրավաբանական անձի կարգավիճակ, մյուսը` ոչ: Նախագծով սահմանվում են նաև կրոնական կազմակերպությունների պետական գրանցման կարգը, գրանցման պահանջները, գրանցման մարմին /Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կենտրոնական մարմին/ ներկայացվող փաստաթղթերը, կրոնական կազմակերպության կանոնադրությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև պետական գրացնման մերժման հիմքերը:
Նախագծով սահմանվել են կրոնական միավորումների գործունեության սկզբունքները՝ օրինականությունը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, անդամության կամավորությունը, ինքնավարությունը:
Նախագծով հստակեցվում են կրոնական միավորումների և կազմակերպությունների իրավունքները: Բացի կրոնական կազմակերպությունների իրավունքներից, Նախագիծը սահմանում է նաև կրոնական կազմակերպությունների պարտականությունները: Մասնավորապես ամրագրվում են կրոնական կազմակերպության այնպիսի պարտականություններ, ինչպիսիք են ՀՀ Սահմանադրության և օրենքների պահպանումը, այլ կրոնական կազմակերպություններին և խմբերին հարգելը և այլն: Բացի այդ, սահմանվում են նաև կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման որոշ արգելքներ, մասնավորապես, կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորել կուսակցություններին, օտարերկրյա պետություններին, դրանց իրավաբանական և ֆիզիկական անձանց և ֆինանսավորվել վերջիններիս կողմից:
Նախագծում առանձին հոդվածով իրենց կարգավորումն են ստանում պետության և կրոնական միավորումների հարաբերություները` ամրագրելով, որ վերջիններս անջատ են պետությունից և պետությունը չի միջամտում կրոնական միավորումների գործունեությանը: Նախագծով արգելվում է կրոնական միավորումների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործունեությունը, ինչպես նաև կրոնական միավորումների մասնակցությունը պետական կամ տեղական ինքնակառավարմանը:
Նախագիծն առաջին անգամ համապատասխան կարգավորում է նախատեսում կրոնական կազմակերպությունների գործունեության հաշվետվողականության վերաբերյալ: Մասնավորապես, Նախագիծը պարտավորեցնում է կրոնական կազմակերպությանը հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ որոշակի տեղեկություններ /տարեկան եկամուտների ընդհանուր գումարը, տարեկան ծախսերի ընդհանուր գումարը և այլն/:
Նախագծում սկզբունքորեն նոր հոդված է նվիրված կրոնական կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությանը: Կրոնական կազմակերպության գործունեությունը, ինչպես ցանկացած իրավաբանական անձի գործունեություն, կարիք ունի պատշաճ վերահսկողության, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի երաշխավորել կրոնական կազմակերպությունների կողմից օրենքների պահանջների պահպանումը, իսկ դրանք խախտողներին ենթարկել պատասխանատվության: Մասնավորապես, նախագիծը սահմանում է, որ այն դեպքում, երբ լիազոր մարմինը հայտնաբերում է կրոնական կազմակերպության կողմից օրենքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող են վերացվել կազմակերպության ձեռնարկած միջոցառումներով, ապա կազմակերպության առաջարկում է խախտումները վերացնելու կարգն ու ժամկետները: Արդյունքում, կրոնական կազմակերպությանը հնարավորություն է տրվում ինքնակամ և սեփական միջոցներով վերացնել խախտումները` խուսափելով կազմակերպության գործունեության կասեցումից կամ կազմակերպության լուծարումից:
Նախագծում առանձին հոդվածներ են նախատեսված կրոնական կազմակերպության գործունեության կասեցման և լուծարման մասին` սահմանելով դրանց հիմքերն ու կարգը: Ընդ որում, կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու դեպքում դատարանը որոշում է ընդունում կազմակերպության գործունեությունը վերսկսելու մասին:
Բռնության, խաբեության կամ սպառնալիքի միջոցով դավանափոխությանը հարկադրելու համար սահմանվել է քրեական պատասխանատվություն:
Նախագծով ապաքրեականացվել է մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտմանը խոչընդոտելը, դրա համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն:
Միաժամանակ, նախագծի անցումային դրույթներում սահմանվել է նաև, որ եթե մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացվել է կրոնական կազմակերպություն գրանցելու դիմում և մինչև օրենքի ուժի մեջ մտնելը չի ստացել պետական գրանցում, ապա դրա գրանցումն իրականացվում է նախագծի պահանջներին համապատասխան:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխանող օրենսդրություն, որը հնարավորություն կտա երաշխավորել մտքի, խղճի և կրոնի ազատության սահմանադրական իրավունքի իրացումը Հայաստանի Հանրապետությունում: