Հայաստանյայց առաքելական եկեղեցու արդի մարտահրավերները

  • 22/09/2022
  • Ստեփան Դանիելյան

XIX դարի վերջում եւ XX դարում կաթոլիկ եկեղեցին սուր քննադատության թիրախում էր, որի հիմնական կետերը սոցիալական ու ազգային խնդիրներն էին: Եթե, օրինակ, Իտալիայում եւ Գերմանիայում եկեղեցին դիտարկվում էր որպես վերազգային կառույց, որը խոչընդոտում էր այդ երկրների վերամիավորմանը, ապա բանվորական շարժումների ու սոցիալիստական ուսմունքի տարածմանը զուգընթաց՝ այն սկսեց ընկալվել որպես շահագործող դասակարգի գործիք: Կաթոլիկ եկեղեցին մեծ ջանքեր գործադրեց իրավիճակը փոխելու եւ եկեղեցու նոր սոցիալական ու քաղաքական հայեցակարգեր մշակելու համար:

Մոտավորապես նման իրավիճակում է հայտնվել Հայաստանյայց եկեղեցին: Երկրի քաղաքական ու սոցիալական կյանքի հանրային դիսկուրսի հիմնական առանցքը անարդարությունների մասին խոսակցություններն են՝ ընտրախախտումները, սոցիալական անարդարությունները, անվստահությունը դատական համակարգի ու առհասարակ արդարության հանդեպ եւ այլն: Այս պայմաններում եկեղեցու վերնախավը հանրային դիսկուրսում սկսել է դիտարկվել որպես հասարակական լեգիտիմություն չունեցող համակարգի սպասավոր: Առանձին բարձրաստիճան հոգեւորականներ կոռուպցիոն սկանդալների հիմնական հերոսներից((Հայ առաքելական եկեղեցին կդիմի՞ դատարան, Նյութի աղբյուրը ` hraparak.am, http://hraparak.am/?p=72867&l=am%2Fhay+araqelakan+ekexecin+kdimi+dataran )) են, ովքեր հայտվելով քննադատության կենտրոնում, այնուամենայնիվ, շարունակում են պաշտոնավարել:

Դրան նպաստում է նաեւ եկեղեցու բյուջեի փակ լինելն իր հետեւորդների համար, ինչի պատճառով հանրային անվստահություն կա եկեղեցու վերնախավի նկատմամբ: Եկեղեցին պետությունից ստանում է հարկային արտոնություններ եւ արդեն վերածվել է խոշոր հարկատուի((«Հայոց Աշխարհ», 27 հունիսի 2009 #121/292127)) ու նյութական մեծ ունեցվածքի սեփականատիրոջ, սակայն եկեղեցու բյուջեի եւ ֆինանսական գործունեության ոչ թափանցիկ լինելն իր հերթին հանրային կասկածների համար հարուստ ենթահող է հանդիսանում:

Մյուս կարեւորագույն խնդիրը կրոնական ազատությունների հանդեպ վերաբերմունքն է: ՀՀ սահմանադրության եւ օրենսդրության հիմնարար դրույթներից է խղճի ազատության սկզբունքը, սակայն, եկեղեցականների հրապարակային հռետորաբանության մեջ այդ սկզբունքը քննադատվում է: Ավելին՝ կրոնական ազատությունները դատապարտվում եւ ներկայացվում են իբրեւ հակազգային դրույթ, ինչը լուրջ խնդիր է առաջացնում սահմանադրականության եւ օրինականության մասին հանրային ընկալումներում: Կրոնական ազատությունների դեմ բացեիբաց հանդես գալով` եկեղեցին փորձում է օրենքից դուրս դնել մյուս կրոնական կազմակերպություններին՝ նրանց որակելով որպես «աղանդ» եւ ապազգային կառույցներ: Ուշագրավ ձեւակերպում է տվել Շիրակի թեմի պահպանողական առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանը. «Առաքելությունն ամեն մեկը պետք է իրականացնի իր հոտի, այլ ոչ թե ուրիշի հոտի սահմաններում, կամ պետք է իրականացնի այնտեղ, որտեղ չկա կրոն, անկրոնության մեջ: …Որեւէ մեկ այլ դավանական հավաքականության մեջ հավատի քարոզչությունը հոգեորսություն է, սա պարզ բան է, որ ցանկացած հոգեւորական՝ որ եկեղեցուց ուզում է լինել՝ առաքելական, կաթոլիկ կամ ավետարանական, հասկանում է, եւ ուրիշներին շփոթեցնել այս իմաստով՝ պետք չէ»((Можно ли называть еретиками и монофизитами Армянскую Апостольскую Церковь?, Radio Vatikan, 13/06/2016, ru.radiovaticana.va )): Փաստորեն Հայ եկեղեցին ընդունում է մյուս եկեղեցիներին, սակայն` ոչ հայկական էթնիկ շրջանակում: Հիմնական խնդիրներից մեկն էլ ազգային եւ կրոնական պատկանելության նույնականացման դրույթն է, որը միլեթական անցյալի կաղապարներից է եւ Հայ եկեղեցու քարոզչության հիմնական թեզը:

Այս համառոտ հոդվածում երկար չծավալվելու համար փորձենք կարճ ձեւակերպել այն հիմնական խնդիրները, որոնց պարտավոր է անդրադառնալ Հայ եկեղեցին ժամանակին համընթաց քայլելու եւ կուտակված հարցերին լուծում տալու համար: Սա անհրաժեշտ է ոչ միայն եկեղեցուն, այլեւ հայկական պետականության կայացման հրամայականին: Դրանք են.

ա/ Հրաժարվել ազգի եւ կրոնի նույնականացման դրույթից.

բ/ Ձեւակերպել եկեղեցու պաշտոնական վերաբերմունքը կրոնական ազատությունների իրավունքի առնչությամբ, որը կհամապատասխանի ՀՀ սահմանադրությանն ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին.

գ/ Սկսել երկխոսություն այլ կրոնների, հարանվանությունների ու կոնֆեսիաների պատկանող հայկական համայնքների հետ՝ ներազգային համերաշխության եւ փոխօգնության մթնոլորտ ձեւավորելու համար.

դ/ Պատրաստել իր սոցիալական հայեցակարգը՝ հստակ արտահայտելով սոցիալական արդարության, սեփականության իրավունքի, ընտանիքի, միայնակ մայրերի եւ հանրային օրակարգի հանգուցային այլ խնդիրների վերաբերյալ եկեղեցու տեսակետները.

ե/ Ձեւակերպել եկեղեցի-պետություն համագործակցության կանոնները.

զ/ Հրապարակել եւ իր հետեւորդներին ներկայացնել եկեղեցու բյուջեն, տարեկան ծախսերը, գույքի եւ ունեցվածքի, տնտեսվարող կառույցների ցանկերը, եկեղեցու բանկային հաշիվներն ու նվիրատվությունների մասին հանգամանալի հաշվետվությունները:

Անշուշտ, դժվար է փոքրիկ մի հոդվածում ներկայացնել եկեղեցու առջեւ կանգնած վիթխարի խնդիրների ողջ ներկապնակը, այդ թվում՝ դավանաբանական ձեւակերպումների հստակեցման հարցը, որի առաջին պատմական քայլը 1996թ. դեկտեմբերի 13-ին Վատիկանում կատարեց Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսը` Հովհաննես-Պողոս Երկրորդի հետ ստորագրելով Հիսուս Քրիստոսի հանդեպ միասնական հավատքի մասին հռչակագիրը: Աստվածաբանները քրիստոնեությունը հաճախ անվանում են ,կենդանի հավատքե, որն ի զորու է նոր իրողությունների պայմաններում արձագանքել ժամանակի մարտահրավերներին: Ցավոք, Հայաստանյայց առաքելական եկեղեցու միաբաններն իրենց հռետորաբանության մեջ միշտ ջանում են վերադառնալ անցյալի կաղապարներին, եւ վերափոխման անհրաժեշտության զգացողություն նրանց հրապարակային ելույթներում չի նշմարվում:

 

(2019թ.)