Հայոց կաթողիկոսների հունարեն եւ հայերեն ցուցակները

  • 29/08/2014
  • Նազենի Ղարիբյան

  • Փարիզի համալսարանի` արվեստի պատմության դոկտոր, հայագետ, ԵՊՀ դասախոս եւ ավագ գիտաշխատող, վաղմիջնադարյան արեւելաքրիստոնեական արվեստի, եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության մասնագետ:

Հայոց կաթողիկոսների հունարեն ցուցակը  Ժերար Գարիտի մեկնաբանությամբ եւ եզրակացությամբ, համառոտ խմբագրումը եւ հայերեն թարգմանությունը՝ Ն. Ղարիբյանի

Հայոց կաթողիկոսների ցուցակի քաղկեդոնական եւ ոչ քաղկեդոնական ընկալումը մինչեւ X դարը, Պատրիսիա Բուասոն-Շնորոքեան, հայերեն թարգմանությունը՝ Ն. Ղարիբյանի

Հայոց կաթողիկոսների հայերեն բնագիր երեք ցուցակները. ա) Եզնիկ, բ) Յովհաննէս Դրասխանակերտցի, գ) Անանուն, առաջին հրատարակությունը՝ Ա. Տէր-Միքելեանի, մուտքագրումը եւ խմբագրումը՝ Ն. Ղարիբյանի

Առաջաբան
 (Առաջաբանը` Ն. Ղարիբյանի)

Հայ միջնադարյան մատենագրությունը մեզ է ժառանգել հունարենից, ասորերենից, արաբերենից, վրացերենից եւ այլ լեզուներից բազմաթիվ թարգմանական գործեր, որոնք, շատ դեպքերում միայն հայերեն օրինակներով պահպանված լինելով, բնագրի արժեք ունեն: Հազվագյուտ են, սակայն, այն  դեպքերը, երբ հայերեն լեզվով գրված սկզբնաղբյուրները մեզ հասած լինեն օտար թարգմանությունների տեսքով: Այդպիսի օրինակ է Սուրբ Գրիգորի վարքը, որ արդեն հինգերորդ դարի կեսերին թարգմանված է եղել հունարեն, եւ որի մասին միայն հիշատակություն ունենք հայ պատմիչների մոտ, ինչպես,օրինակ, Ղազար Փարպեցու Պատմության մեջ: Այս Վարքը, որ հիմք է դարձել Ագաթանգեղոսի Հայոց պատմության համար, վերջինից տարբերվում է նշանակալի մանրամասներով, որոնք օգնում են ճիշտ վերականգնել հայոց դարձի պատմական հանգամանքները եւ չորրորդ դարասկզբի հայկական իրողությունները:
Մեկ այլ ոչ պակաս կարեւոր օրինակ է այսպես կոչված «Narratio de rebus Armeniae»-ն` «Պատմութիւն Հայոց իրաց»-ը1 (այսուհետ`  Իրք ), որ մեզ է հասել միայն հունարեն թարգմանությամբ: Այս աղբյուրի հեղինակը հայ քաղկեդոնական է, որ հարում է հայ եւ բյուզանդական եկեղեցիների միության կողմնակիցներին: Իրքը արժեքավոր բնագիր է, որովհետեւ հայ ավանդական աղբյուրներից մեզ հայտնի փաստերն ու դեպքերը ներկայացնում է այլ լույսի ներքո եւ, բացի այդ, պարունակում է բազմաթիվ փաստեր, որ հայ միջնադարյան մատենագրությունը չի արձանագրել:

Իրքն առաջին անգամ հրատարակել է դոմինիկյան միաբան, հունագետ Ֆրանսուա Կոմբըֆիսը (François Combefis) 1648 թ. իր Novum Auctorium աշխատության երկրորդ հատորում, որ նվիրված է մոնոթելիստական աղանդներին2: Ինքն էլ հունարեն աղբյուրին տվել է լատիներեն այս վերնագիրը գրքի անվանական ցանկում: Կոմբըֆիսը ճշտիվ չի տեղեկացրել, թե ինչ ձեռագրից է քաղել տեքստը, միայն նշել է, որ այն վերցրել է «Ex-Reg.», այսինքն` արքայական գրադարանից: Հետագա տեքստագիտական մանրամասն զննությունից պարզվել է, որ այն զետեղված է այժմյան ֆրանսիական Ազգային գրադարանի փարիզյան մատենագիտական ֆոնդի Paris.gr. 900 համարը կրող ձեռագրում: Այնուհետեւ եղել  է մի քանի այլ հրատարակություն3:

Իրքի բանասիրական ծավալուն եւ մեծարժեք ուսումնասիրությունը ¥քննական բնագրով, մեկնաբանություններով եւ ծանոթագրերով) իրականացրել է բելգիացի խոշոր հայագետ Ժերար Գարիտը4: Գարիտի ներկայացրած բնագիրը արեւելահայերեն է թարգմանել Հրաչ Բարթիկյանը (տե՛ս հղում 1), ֆրանսերեն` Ժան Պիեռ Մահեն5:

Իրքի հայերեն թարգմանությունը Գարիտի հետազոտության համառոտած թարգմանության հետ շարունակական կարգով կներկայացնենք այս հանդեսի հետագա համարներում : Նախքան այդ` ցանկանում ենք ընթերցողներին   ներկայացնել  ոչ այնքան հայտնի մեկ այլ աղբյուր, որ նույնպես գրվել է հայերեն եւ պահպանվել միայն հունարեն եւ վրացերեն թարգմանություններով: Այն կոչվում է «Հայոց կաթողիկոսների ցուցակ» (այսուհետ` Ցուցակ) եւ զետեղված է Գարիտի նշված աշխատության վերջում` «Հավելված» բաժնում:

Այս ժամանակագրական Ցուցակը սկզբնապես տեղ է գտել Կոմբըֆիսի նշված հրատարակության մեջ որպես Իրքի շարունակություն, վերջինից բաժանված լինելով միայն «Հայոց կաթողիկոսներ» գլխատառ վերնագրով, որոնց թվարկումից հետո գալիս է ութտողանոց հավելված` «Հայոց թագավորներ» վերտառությամբ: Կոմբըֆիսն այս գործն առանձին չի նշում իր անվանական ցանկում եւ չի հիշատակում ձեռագրական աղբյուրը: Սակայն, ըստ Գարիտի, դոմինիկյան հունագետն այն քաղել է նույն Paris.grec. 900 ձեռագրից¥ որտեղ տեքստն առկա է Իրքից անջատ, վերջինին հետեւող երեք այլ տարբեր գործերից հետո) եւ առանց բացատրության կցել իր հրատարակած տեքստին որպես մեկ ամբողջություն: Իրքի մյուս նշված հրատարակություններում եւս Ցուցակը ներկայացված է որպես այդ տեքստի անբաժանելի մաս: Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս բելգիացի հայագետը, այն միանգամայն տարբեր, առանձին աղբյուր է, որի ավանդույթը զարգացել է Իրքի ավանդույթից անկախ:

Ցուցակը, ինչպես եւ Իրքը, անանուն է եւ անթվագիր: Այն մեզ է հասել ոչ միայն հունարեն մեկ` փարիզյան ձեռագրի օրինակով, այլեւ վրացերեն երկու ձեռագրերի տարբերակով, որ առաջին անգամ հրատարակել է Թ. Ժորդանիան 1892 թ.6: Վրացերեն տեքստը միանգամայն անհայտ է մնացել արեւմտյան գիտական շրջանակներին, իսկ Արեւելքում միայն Լորիս Մելիքսեթ-Բեկն է ուսումնասիրել եւ ժամանակակից հայերեն թարգմանությունը զետեղել իր վրացական աղբյուրների մասին հրատարակության մեջ7: Մելիքսեթ-Բեկը վրացական տարբերակում ճանաչել է Կոմբըֆիսի հրատարակած հունարեն բնագիրը եւ հայերեն թարգմանությունը կատարել է ոչ թե անմիջականորեն Ժորդանիայի հրատարակությունից, այլ իր իսկ կազմած նոր տեքստից` համեմատելով վրացերեն եւ հունարեն օրինակները:
Վրաց ձեռագրերում Կաթողիկոսների ցուցակը լրացված է մի շարք միջարկություններով, որոնք թարգմանված են հունարեն Իրքից8: Գարիտի գրքում տրված են հերթականությամբ ` հունարեն տեքստը` ըստ Paris.gr. 900-ի, վրացերեն տեքստը եւ Իրքից քաղված միջարկությունները` ըստ Ժորդանիայի հրատարակության եւ Մելիքսեթ-Բեկի հայերեն տեքստը` ֆրանսերեն թարգմանությամբ:

Մենք նախ կներկայացնենք Ցուցակի հայերեն թարգմանությունը` հիմնվելով Մելիքսեթ-Բեկի հրատարակության (այսուհետ` Մ ), հունարեն բնագրի (այսուհետ` Հ) եւ Գարիտի վրացերեն տեքստի (այսուհետ` Վ) ֆրանսերեն թարգմանության վրա (տեքստի ամբողջական ընկալումը հեշտացնելու համար Գարիտի` հունարեն տեքստին վերաբերող մեկնաբանությունները դրել ենք  համապատասխան պարբերության տակ), ապա կից կշարադրենք Գարիտի եզրակացությունը: Այնուհետեւ կզետեղենք Ա. Տէր-Միքելեանի երեք Ցուցակները (Եզնիկի Նշանագիրը, Յովհաննէս Դրասխանակերտցու հեղինակածը եւ անանուն ցուցակը): Իսկ վերջում կներկայացնենք ֆրանսերեն գիտական մի հոդվածի թարգմանությունը, որտեղ համեմատվում են հունարեն Ցուցակը եւ Յովհաննէս Դրասխանակերտցու Ցուցակը:

Հունարեն  ցուցակ
Մեծ Հայքի կաթողիկոսները (Կաթողիկոսք Հայոց Մեծաց)9

1. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, 30 տարի:
– Հայոց առաքյալի «Լուսավորիչ» ավանդական անվանումը նշանակում է «մկրտիչ». իմաստային փոխառությունը վերցված է հունարենից (այսպիսով` ժամանակակից հայերենում ճիշտ ձեւը Գրիգոր Մկրտիչն է – Ն.Ղ.): Հ-ն նշում է 30 տարվա առաջնորդություն, Վ-ն` 31, իսկ Մ-ն` 21: Մովսէս Խորենացին նույնպես նշում է 30 տարի:

2. Սուրբ Ռստակէս, 2(0) տարի:
– Արիստակէսը Գրիգոր Լուսավորչի որդին է եւ հաջորդը : Անվան սովորական ձեւը հայոց աղբյուրներում Ռստակէս է կամ Ռըստակէս, որտեղից էլ հունարեն բնագրի միջոցով վրացերեն Ռոստակե տառադարձությունը: Հ-ն  նշում է երկու տարի, Վ-ն եւ Մ-ն` 20, բոլոր հայ աղբյուրներում այն 7 է:

3. Սուրբ Վարթանէս, 3 տարի:
– Սուրբ Գրիգորի մյուս որդին: Հայերենում նրա անունը Վրթանէս է, վրացերեն տեքստերում` Օրթան: «Սուրբ» մականունը բացակայում է Հ-ում, բայց կա Վ-Մ-ում: Հայոց աղբյուրներում Վրթանէսի եպիսկոպոսապետության տարիները տատանվում են 15-ի եւ 17-ի միջեւ:

4. Գրիգոր, 11 տարի:
– Վրթանէսի որդին եւ Յուսիկի երկվորյակ եղբայրը: Գրիգորը եղել է Վիրքի եւ Աղվանքի եպիսկոպոսը, բայց ոչ հայոց եպիսկոպոսապետ, սակայն նրա անունը պարբերաբար հայտնվում է կաթողիկոսների ցուցակում: Վ-ն եւ Մ-ն  նշում են 12 տարի, Եզնիկի Ցուցակը`1017:

5. ’Իուսիկ, 6 տարի:
– Վրթանէսի որդին, սուրբ Գրիգորի թոռը: Հայերեն անունն է Յուսիկ, Վ-Մ-ն ունեն Օսիկ ձեւը: Հայոց աղբյուրները նույնպես նշում են 6 տարվա առաջնորդություն, բացի Տէր-Միքելեանի երկու Ցուցակներից6, որտեղ այն 3 է:

6. Փարնեսեխ, Ասպրակունյաց երկրից, 4 տարի:
– Հ-ն եւ Վ-ն ունեն անվան այս ձեւը, Մ-ն ուղղում է Փառնեսեխ: Հայերենում այն Փառներսեհ է: Յուսիկին հաջորդած այս հայրապետը Գրիգորի տոհմից չէ, եւ հենց այդ պատճառով էլ Ցուցակը նշում է նրա հայրենիքը` Ասպրակոնների երկրից (Վ-ն` Ապրականելի, Մ-ն` Ապրականանեցւոց): Իրքում տեղեկությունն ավելի ընդարձակ է. Ասպրակոնից, Աստիսատ երկրից: Փառներսեհը Տարոնի Աշտիշատ գյուղաքաղաքից էր, բնակվել էր այնտեղի Հովհաննես-Մկրտիչ (Սուրբ Կարապետ) եկեղեցու ագարակում: Ասպրակոն/Ապրականելթա անվանումն անկասկած «ագարակ» նշանակող բառի աղավաղված ձեւն է : Հ-ն եւ Վ-Մ-ն նշում են 4 տարի, ինչպես հայոց աղբյուրների մեծ մասը:

7. Սուրբ Ներսէս,  որին թունավորելով սպանեցին, 34 տարի :
– Հ-ն ունի Նորսեսէս ձեւը, Վ-ն` Ներսե: Ներսէս Մեծը Յուսիկի թոռն է: Հ-ում եւ հայոց աղբյուրներում նրա հայրապետության տարիները 34-ն են, իսկ Վ-ում նշված է 4: «Ֆարմակո» (հայերեն` «դեղ») բառը Հ-ում կրճատ ձեւով է` «ֆարմկ», որ Կոմբըֆիսը ընթերցել է «Ֆարմէ» եւ հասկացել որպես անձնանուն:  Վ-ն միանգամայն համապատասխան է Հ-ին: Ներսէսին թունավորել է տվել Պապ թագավորը:

8. Հետո ’Իուսիկ, 3 տարի:
– Այս հայրապետի անունը բացակայում է Վ-ում: Հայոց աղբյուրների մեծ մասում Սուրբ Ներսէսի եւ Սուրբ Սահակի միջեւ հաջորդած հայրապետների անուններն են` Շահակ, Զաւ(ր)էն, Ասպուրակէս: Միայն Փավստոսի Բուզանդարանն է, որ հիշատակում է Ներսէսի հաջորդ ոմն Յուսիկին, առանց նշելու նրա տարիները: Ներսէս-Յուսիկ-Զաւէն-Շահակ-Ասպուրակէս` հայրապետների այսպիսի հաջորդականությունը հանդիպում է նաև  Միքայել Ասորուն վերագրված Յաղագս քահանայութեանն երկում զետեղված կաթողիկոսների  ցուցակում, սակայն այստեղ Յուսիկի տարիները 4 են:

9. Զագենէս (Զաւենէս), 4 տարի :
– Վ-ում այս հայրապետի փոխարեն դրված է` Սաակ: Հայոց աղբյուրներում նա հայտնի է Զաւէն, Զաւրէն ձեւով: Հարկավոր է, ուրեմն, ընթերցել Զավենէս եւ ոչ Զագենէս: Հայոց աղբյուրներում հայրապետության տարիները տատանվում են 3-ի եւ 4-ի միջեւ:

9.bis. Հետո Սահակ, 4 տարի:
– Հ-ն  չունի այս հայրապետի անունը: Հայերենում, ինչպես նշեցինք, այն հանդիպում է Շահակ ձեւով:

10. Ասպուրակէս, 7 տարի:
– Հայոց աղբյուրները սովորաբար  նշում են 5 տարի:

11. Այս երեքը (ե՛ւ Հ-ում ե՛ւ Վ-ում բացակայում է մեկ հայրապետի անուն, համապատասխանաբար` Սահակ եւ Յուսիկ) եպիսկոպոսներ էին Խարկ երկրից, որ կաթողիկոսի միայն անունն էին կրում, [12.] բայց նրանք չէին համարձակվում եպիսկոպոս ձեռնադրել, որովհետեւ Ներսէսի մահվան պատճառով Կեսարիայի արքեպիսկոպոսն արգելել էր Մեծ Հայքի եպիսկոպոսների ձեռնադրումը:
– Բուզանդարանում ընթերցում ենք գրեթե նույն տեղեկությունը. «Եւ իրքս այս մեծ զարմանալով ցասման եղեալ հայրապետին Կեսարու վասն բանիս այսորիկ (այսինքն` Ներսէսի մահվան եւ նրա փոխարեն Յուսիկի նստեցման պատճառով), եւ եղեւ ժողով եպիսկոպոսացն սիւնհոդոսին նահանգին Կեսարու առանց հայրապետին. եւ գրեցին թուղթ ցասմամբ մեծապէս: Եւ նույնպէս եւ գրեցին թուղթ առ թագաւորն Պապ, եւ լուծին զիշխանութիւնն կաթողիկոսութեանն. զի որ լիցին հայրապետ հայոց, նա Դրանն արքունի իշխեսցէ զհացն օրհնել. եւ մի իշխեսցէ ձեռնադրել եպիսկոպոսն Հայոց, որպէս սովորութիւն էր ի բնէ: Եւ յայնմ հետէ բարձաւ իշխանութիւնն Հայոց զեպիսկոպոսն ձեռնադրել. այլ որ լինէին եպիսկոպոսք ամենայն գաւառաց գաւառաց Հայոց եւ կողմանց կողմանց, այնուհետեւ յայնմ հետէ որ միանգամ լինէին եպիսկոպոսք սահմանացն Հայոց, երթային ի քաղաքն կեսարացւոց, եւ անդ լինէին եպիսկոպոսք: Վասն զի յայնմ հետէ բարձաւ իշխանութիւնն յերկրէն Հայոց, այնուհետեւ ոչ իշխէին եպիսկոպոսք ձեռնադրել. բայց որ լինէր աւագ եպիսկոպոսացն, ի վերոյ միայն նստէր, եւ հաց օրհնէր թագաւորացն»:
Այս երեք հայրապետների բնօրրանը Վ-ում տրված է «Խարկան» ձեւով: Ըստ հայոց աղբյուրների` նրանք Սուրբ Գրիգորի տոհմից չէին սերում, այլ նրա սերտ գործակից Աղբիանոսի, եւ նրանց գլխավոր սեպհական նստավայրը նշվում է Մանազկերտը: Մանազկերտ գյուղաքաղաքը գտնվում էր Տուրուբերան աշխարհի Հարք եւ Ապահունիք գավառների սահմանագծին: Հ-ում նշված Խարկն, ուրեմն, Հարքն է` ըստ Կոնստանտին Պորֆիրոգենետի:

13. Այնուհետեւ սուրբ Սահակը ստացավ իշխանություն` եպիսկոպոսներ ձեռնադրել Հայաստանում, որ հայրապետությունը վարեց քառասուն տարի:
– Հ-ում` ’Իսահակ: Սահակ Մեծը Սուրբ Ներսէսի որդին էր եւ Լուսավորչի տոհմի վերջին կաթողիկոսը: Հայոց աղբյուրները նշում են հայրապետության տարբեր տարիներ` 51, 50, 41, 47:

14. Մի քանի տարի անց նրանք Պարսից արքա Վռամշապուհին (Վռամշապո) մատնեցին իրենց արքա Արտասիրին եւ Սուրբ Սահակին, քանի որ վերջինս չէր միաբանել նրանց նպատակին, [15] եւ նրան աթոռանկ արեցին: [16] Սուրբ Սահակի աթոռանկությունից հետո նրանք Պարսից արքայի հրամանով եւ իրենց սեփական կամքով որպես կաթողիկոս հաստատեցին Սորմակ Արծակեցուն, Սուրբ Սահակի զրպարտչին:
– Հայոց աղբյուրները նույն տեղեկություններն են հաղորդում այս եւ ստորեւ բերված մի քանի այլ իրադարձության մասին: Հիշատակված Պարսից արքան Վահրամ V-ն է (420-438), որ հայոց աղբյուրներն անվանում են Վռամ: Արտասիրը (հմմտ. Ցուցակի § 52-ի Տասիրի հետ) հայոց աղբյուրներում հանդիպում է Արտաշիր կամ Արտաշէս ձեւերով: Սորմակ/Սուրմակի անունը Վ-ում Սաուրմագ է, որ ավելի մոտ է հարազատ հնչողությանը: Ըստ հայոց աղբյուրների` նա Արծկէ գյուղից էր, որ Վ-ում դարձել է «Ծակելի»:

17. Բայց նրան ատողները հեռացրին նրան եւ դիմեցին Պարսից արքային` ասելով. «Տուր մեզ ոմն քո երկրից, եւ թող կաթողիկոսն ազգությամբ հայ չլինի»: [18] Եւ արքան նրանց տվեց Պերկիսու (Բարքիշո) ասորուն:
– Ըստ Ղազար Փարպեցու` հայ նախարարները խնդրել են պարսից արքունիքից մեկին նշանակել կաթողիկոս. «Խնդրեցին յայնմհետէ նախարարքն Հայոց իւրեանց կաթուղիկոս յարքունուստ, եւ թագաւորն Վռամ ետ նոցա զայր Բրգիշոյ անուն, ասորի յազգէ այր»:
Հունարեն «Պերկիսու»-ն հայերենի Բարգիշոյ, Բարդքիշոյ կամ Բրքիշոյ ձեւի տառադարձումն է, որ Ասօղիկի մոտ փոխվել է Աբդիշոյի: Վ-ն գրում է. «Բարքիշո ասորին, որ կոչվում էր նաեւ Պերկիսո»: Պարզ է, որ վրացերենի թարգմանիչը հունարեն տեքստում ճանաչել է հայերեն Բրքիշոյ անունը եւ, համենայն դեպս, պահպանել է հունարեն տառադարձությունը:

19. Երեք տարի անց սրան նույնպես ատելով` հեռացրին,[ 20] եւ կրկին նա (Պարսից արքան) նրանց տվեց ասորի Սամուելին, եւ սա նույնպես, երկու տարի մեծագույն վշտի մեջ կառավարելով` ավարտեց կյանքը:
– Հ-ում անունը Մուսուլիոն է, որ հարկավոր է ընթերցել Սումուլիոն: Այն հեշտությամբ ճանաչվում է հայոց աղբյուրներում համապատասխան իրադարձության նկարագրության հետ համեմատելով. «Եւ Վռամայ արքայի… տայր նոցա կաթուղիկոս դարձեալ այլ ասորի, որում անուն Շամուէլ: Որ եկեալ յաշխարհս Հայոց … սակաւ ինչ ժամանակս կացեալ վախճանէր» (Ղազար Փարպեցի): Անվան աղավաղումն արդեն կար հունարեն օրինակում, որից օգտվում էր վրաց թարգմանիչը, ուստի գրում է «ասորի Սամոել Մուսլելի», ինչպես Բրքիշոյի պարագայում, այստեղ էլ նա վերականգնել է ճիշտ ձեւը` պահպանելով նաեւ հունական տեքստինը, որ մեկնաբանել է որպես բուն ածական: Փարպեցին չի ճշտում Շամուելի հայրապետության տարիները, իսկ Խորենացին դրանք հասցնում է հինգի:

21. Սակայն Կեսարիան արգելեց Արեւելքի ձեռնադրությունը` Սուրբ Սահակին աթոռանկ անելու պատճառով: [22] Այս (իրադարձություններից) հետո հայոց ազատները գնալով աղաչում էին Սուրբ Սահակին չհիշել իրենց չարությունները եւ վերադառնալ իր աթոռին , [23] բայց նա չլսեց , ահա թե ինչու նրանց պատմեց իր տեսիլքը, որ տեսել էր նրանց անցյալ եւ գալիք անկման մասին:
– Ըստ մեր Ցուցակի` Կեսարիան կրկին արգելում է «Արեւելքի» ձեռնադրությունը Սահակի գահընկեցության պատճառով : Հայոց ազգային աղբյուրները չեն նշում այս արգելքը :

24. Եվ իր փոխարեն Սահակը նրանց տվեց երանելի Մաստոցին, որ պահի իր աթոռը:
– Վ-ն եւս ունի «Մաստոց» ձեւը, եւ ոչ` հայերեն «Մաշտոցը». ապացույց, որ այն վերարտադրում է հունարեն տառադարձությունը:
Ցուցակը հայտնում է, որ Սահակը որպես կաթողիկոսի տեղապահ է թողել երանելի Մաշտոցին, որը ոչ մի հայերեն աղբյուր հստակ չի ասում. Կորյունը միայն նշում է, որ Մաշտոցը Սահակի մահից հետո «զվերակացութիւն սրբոյ Եկեղեցւոյ … տանէր», այսինքն` կատարում էր կառավարչի պաշտոնը: Հունարեն «որ պահի իր աթոռը» անկասկած հայերենի «տեղապահ աթոռոյ» արտահայտության փոխադրությունն է:

25. Նրա եւ Մաշտոցի մահվանից հետո նրանք քահանայապետական աթոռին հաստատեցին Կիտին, Աթմիսու գյուղից, 17 տարի:[ 26] Իսկ վերջինիս օրոք նրանք Պարսից արքայից հրաման ստացան Հայքի եպիսկոպոսներին կաթողիկոսներ ձեռնադրել եւ մինչեւ այսօր:
– Սահակի եւ Մաշտոցի մահվանից հետո կաթողիկոսական աթոռը վստահվել է Մաշտոցի աշակերտ քահանա Յովսեփին, որ սկզբում միայն տեղապահի պաշտոնն էր վարում: Ըստ Յովհաննէս Դրասխանակերտցու` այդ ժամանակ Պարսից արքան կրկին պարտադրեց Սուրմակին: Իրքը Սահակից անմիջապես հետո նշում է Յովսեփին: Մեր Ցուցակը չի հիշատակում ոչ Սուրմակին, ոչ Յովսեփին: Եզնիկի ցուցակում Սահակին հաջորդում է Գադը, իսկ Տէր-Միքելեանի երկու ցուցակները նշում են Սուրմակի վերադարձը եւ Յովսեփի քահանայապետությունը:
Կիտը (Կիւտոն) տառադարձում է հայերեն «Գիւտի»: Բացի Ղազար Փարպեցուց, մյուս բոլոր հայ աղբյուրները Գիւտին համարում են Յովսեփի անմիջական հաջորդը: Մինչդեռ Փարպեցին հիշատակում է երկու կաթողիկոսի` Մելիտե եւ Մովսէս, «Մանազկերտցիների ազգից», այսինքն` անշուշտ Աղբիանոսի տոհմից, ինչպես Յուսիկը, Զաւենը եւ Ասպուրակէսը:
«Աթմիսու» հունարեն ձեւը Վ-ում տառադարձված է «Աթմիսո»: Փարպեցու մոտ Գիւտը «էր ի գաւառէն Տայոց, ի գեղջէն Արահեզայ», սակայն մյուս աղբյուրներում նա Վանանդ գավառի Ոթմուս գյուղից է (հին հայերենում ե՛ւ բառասկզբում, ե՛ւ բառամիջում բոլոր «ո»-երը կարդացվում են «օ». գյուղի անունը հնչում է` «Օթմուս»,- Ն.Ղ.): Ամենայն հավանականությամբ, սխալմունքը Փարպեցունն է, քանի որ հետո, պատմելով Գիւտի մահը, նա նշում է. «…եդեալ ի դիրս հարց իւրոց … ի գեօղն որ կոչի Ոդմսու գեօղ, ի գաւառին Վանանդայ»:
Ցուցակում Գիւտը աթոռակալում է տասնյոթ տարի, իսկ հայոց աղբյուրները  սովորաբար  նշում են տասը, բացի Եզնիկի ցուցակից, որտեղ տարիների թիվը կրկին 17-ն է: Ցուցակը նշում է, որ այս կաթողիկոսի օրոք հայերը Պարսից արքայից հրաման ստացան ինքնուրույն ձեռնադրել կաթողիկոս եւ եպիսկոպոսներ: Ըստ Իրքի, Սահակի գահընկեցությունից հետո «ընդհանրական եկեղեցու զավակները ցրվեցին Պարսից արքայի հրամանով», այսինքն` համեմատելով Ցուցակի տեղեկության հետ, հասկանում ենք, որ Հայոց եւ Հունաց եկեղեցիները պառակտվեցին այն բանից հետո, երբ հայերը սկսեցին ինքնագլուխ եպիսկոպոսներ ձեռնադրել` հակառակ Կեսարիայի արգելքին: Հայոց եւ վրաց բաժանման մասին գրքի հեղինակ Արսեն Սափարելին (9-րդ դ.) գրում է, որ այս հրամանի իրագործումը դարձավ հայ-վրացական պառակտման պատճառներից մեկը: Ըստ Իրքի, ուրեմն, հայերը սկսել են ինքնուրույն ձեռնադրություն իրականացնել Սահակի գահընկեցությունից հետո, իսկ ըստ Ցուցակի` դա տեղի է ունեցել Գիւտ կաթողիկոսի օրոք:

27. Այնուհետեւ (կաթողիկոս) դարձավ Յովհան Մանդակունին, 6 տարի:
– Հայոց աղբյուրներում նույնպես տարիների թիվը 6-ն է, բացի Տէր-Միքելեանի մեկ եւ Եզնիկի ցուցակներից, որտեղ այն 12-ն է :

28. Այնուհետեւ Բաբկէնը (Պուպկենը), Միսու գյուղից, 5 տարի:
– Հ-ն ունի Պուպկենիս ձեւը, որ Վ-ն տառադարձում է «Պապկենի»: Ասօղիկը նշում է, որ Բաբկէնը Վանանդ գավառի Ութմուս գյուղից է : Մեր Ցուցակը վերը նշում է «Աթմիսու» ձեւը. այս պարբերության մեջ, ուրեմն , տեղանունը կրճատված է : Ըստ այդմ էլ, Վ-ն գրում է «Միսո»: Հայոց աղբյուրների մեծ մասը Բաբկէնին վերագրում է հայրապետության 5 տարի, մինչդեռ Ասօղիկը նշում է 3, իսկ Տէր-Միքելեանի ցուցակները` 6 :

29. Սամուելը, Արտասե գյուղից, 11(12) տարի:
– Վ-ն տալիս է «Արտաշե» ձեւը, որ Մ-ն ուղղում է` «Արտազ»: Ըստ Ասօղիկի` «Տէր Սամուէլ, ի գաւառէն Բզնունեաց, ի գեղջէն Արծկեոյ»: Հունարենում Արտասեի փոխարեն պետք է լիներ Արցակե, ինչպես կա մեր Ցուցակի §16 պարբերությունում: Աղավաղումն արդեն առկա էր վրաց թարգմանչի բնօրինակում: Հ-ն եւ Վ-ն  նշում են համապատասխանաբար` 12 եւ 13 տարի, մինչդեռ հայոց աղբյուրները սովորաբար  նշում են 10 տարի:

30. Մուսելիս, Ալպիրի գյուղից, 50 տարի:
– Ըստ Վ-ի` Մուսլի: Սամուէլի հաջորդը հայտնի է Մուշէ կամ Մուշէղ անունով, որ Կոտայք գավառի Այլաբերդք (կամ Այլաբերք) գյուղից էր («ի գեղջէ Այլաբերից», «ի գեղջէն Այլաբերդից»): Բոլոր հայ աղբյուրներում նրա կաթողիկոսության տարիները 8-ն են: Վրիպումը գալիս է հավանաբար հունարեն ή եւ ν՛ թվերի շփոթումից:

31. Իսահակ, Արկայից, 7 տարի:
– Հայոց աղբյուրներում Սահակը նշվում է որպես Տուրուբերան աշխարհի Հարք գավառից եկած` «ի գաւառեն Հարքայ». հունարեն տեքստն այստեղ վերարտադրում է հայերեն Հարքի սեռական հոլովը: Վերը, 11 պարբերության մեջ, Հարքը հանդիպում է Խարկ ձեւով: Վ-ն ունի «Աւկելի», որ պետք է ընթերցել «Արկելի», իսկ Մ-ն հասկանում եւ ուղղում է` «Ուղկեցի»(?): Հայոց աղբյուրներում հայրապետության տարիները տատանվում են 7, 5-ի եւ 10-ի միջեւ:

32. Քրիստոֆոր, Կուվարիցեից, 6 տարի:
– Վ-ում «Կուրավիթելի» է, որ պետք է ընթերցել «Կուվարիթելի» : Քրիստափորը Այրարատ աշխարհի Բագրեւանդ գավառի Տիրառիճ գյուղից էր : Հունարեն պետք է լիներ «Տիրարիցէ», որ ինչ- որ պահի խեղվել է: Հայոց աղբյուրների մեծ մասում տարիների թիվը համապատասխանում է, բացի Վարդան Արեւելցուց, որտեղ այն 7-ն է, եւ Կիրակոս Գանձակեցուց, որ նշում է 5-ը:

33. Լեոնտիոս Արետացի, 3 տարի:
– Ղեւոնդ Առեստացին է, Վ-ում` Լեոնտի Արեթելի, որ Մ-ն ուղղում է «Առեստացի»: Առեստ գյուղը Վասպուրական աշխարհի Առբերանի գավառում է, Վանա լճի ափին: Հայոց աղբյուրներում տարիների թիվը տատանվում է 2, 3 եւ 4-ի միջեւ:

34. Ներսէս Աստարակսեցի, 9 տարի:
– Ըստ Վ-ի` Արպարակելի, որ պետք է ընթերցել` «Ասպարակելի»: Ներսէս Բ Աշտարակացին է («ի գեղջէն Աշտարակաց»), որի ուղիղ ձեւն է  «Աշտարակք»:

35. Վերջինիս օրոք Դվինում ժողով գումարվեց, հակոբիկների աղանդից ասորի Աբդիշոյի (միջնորդությամբ): [36] Եվ չնայած նրանք ուրացել էին Սուրբ Գրիգորի եւ մյուս Հայրերի ավանդույթը, այնուամենայնիվ, Քաղկեդոնի ժողովի եւ Քրիստոսի երկու բնության մասին նրանք անվարան էին 103 տարի շարունակ` Քաղկեդոնի ժողովից մինչեւ Դվինի ժողովը. սրանից հետո միայն նրանք անջատվեցին հունաց միաբանությունից, [37] ուստի [ուղիղ] հավատն ու Քաղկեդոնի ժողովը [նզովեցին], եւ դավանելով Քրիստոսի աստվածային եւ մարդկային մեկ բնություն` [38] նրանք Երեքսրբեանի օրհնությանը` «Sancte Deus»ին ավելացրին «որ խաչեցար»,[ 39] եւ երդմամբ ու նզովքով, նաեւ իրենց իսկ ձեռքով գրված փոխադարձ գրությամբ հաստատեցին չհեռանալ այսօրինակ հավատից հավիտյանս: [40] Ապա հակոբիկ Եւտիքեսին եւ նրա երկու այլ համախոհներին, մեկը` հուլիանոսյան, մյուսը` մեկ ուրիշ հերձվածից, ձեռնադրեցին եպիսկոպոս եւ ուղարկեցին Միջագետք:
– Ներսէս Աշտարակացու անվանը հետեւող Դվինի ժողովի վերաբերյալ նկատառումն ամբողջովին վերցված է Իրքից: «Աբդիշոն» (ասորերեն նշանակում է «Յիսուսի ծառայ») սասունցի էր, Սարեբթա վանքից: Այս եպիսկոպոսը կարեւոր դեր է խաղացել վեցերորդ դարի առաջին կեսի հայոց եւ ասորի եկեղեցիների հարաբերության հարցում եւ հատկապես Դվինի ժողովում: Իրքը տեղեկացնում է, որ նա ժամանակի հայ ամենաազդեցիկ եպիսկոպոսներից մեկի` Ներշապուհ Տարոնացու մտերիմ ընկերն էր: Ըստ Իրքի` Տիմոթեոս Էլիուրի եւ Փիլոքսեն Մաբուգացու հակաքաղկեդոնական գրվածքները Աբդիշոն էր բերել Դվինի ժողովին, որտեղ հենց նրա վարդապետությունն էր, որ ընդունվեց, եւ նա էր, որ  ձեռնադրվեց եպիսկոպոս Հայոց կաթողիկոսի կողմից: Հայկական աղբյուրներից Գիրք Թղթոցը հայտնում է, իրոք, որ ասորիները Աբդիշոյին ներկայացրել են Հայոց եկեղեցու առաջնորդներին` եպիսկոպոս ձեռնադրելու համար :

41. Այնուհետեւ  Յովհան (Եվանեսէս) Կապելինեցին, 17 տարի:
– Յովհաննէս Գաբեղենացին է: Վ-ն նշում է «Հեանե», Մ-ն` «Հաենե» ձեւը: «Կապելինին» հայերեն Գաբեղեանք գավառի «Գաբեղենից» բացառական հոլովի տառադարձությունն է:

42. Մոսէս (Վ. Մոսե) Ելիվարդեցին, 30 տարի:
– Հայերեն` Մովսէս Եղվարդեցի:

43. Աբրահամ Արաստոնացին, 23 տարի:
– Աբրահամը Ռշտունիքի եպիսկոպոսն էր, Աղբաթանք գյուղից («ի գեղջէն Աղբաթանից»), որ կաթողիկոսական գահ է բարձրացել 607 թվականին : «Արաստոնի» (Վ-ում` Արաստոնելի) տեղանունը «ի Ռշտունեաց»-ի տառադարձությունն է: Ինչպես Ցուցակը, այնպես էլ հայոց աղբյուրները  նրան  հայրապետության  23 տարի են վերագրում, բայց այդ թիվն անհնար է. իրականում Աբրահամը գահակալել է մոտավորապես 607-610 թվականների միջեւ:

44. ’Իոաննէս Պակրանացին, 26 տարի:
– Ըստ Վ-ի` Իոանե Կապրանաելի, որ պետք է ընթերցել «Պակրանաելի»: Յովհան Բագարանցին է (592-610)` Մորիկ կայսեր կողմից Մովսէսին եւ Աբրահամին պարտադրված քաղկեդոնական հակաթոռ կաթողիկոսը: Հունարեն «Պակրանա» ձեւը հայերեն «Բագրանայ» սեռական հոլովի տառադարձությունն է: Բոլոր հայ աղբյուրներում հայրապետության տարիների թիվը 26-ն է, բացի Ստեփանոս Ասօղիկից, որ  նշում է ընդամենը 6 տարի:

45. Կոմիտաս Արակեցոցին, 8 տարի:
– Աբրահամի հաջորդ Կոմիտասը (610-628) Արագածոտն գավառի Աղցք գյուղից էր: Հ-ն նշում է` «Արակէցու Ելցիս գյուղից» (hին հայերենում «Ե» տառը հնչում էր որպէս կոշտ «է», իսկ «Է»ն` նուրբ «է», որ բառերի ճկման ժամանակ հնչյունափոխվում է «ի», այսպիսով համապատասխանելով հունարենի երկու «է» հնչյուններին եւ տառերին` «ε» եւ «η»: Այստեղ պետք է կարդալ` «Էլցիս» -Ն.Ղ.), որ Վ-ն տառադարձում է պարզապես «Արակացոելի»: Հ-ի «Արակեցու» անվանումը հայերեն «ոտն Արագածու» ձեւից է եւ պետք է ընթերցել «Արակացու», ինչպես Վ- ում է` «Արակացոելի», իսկ «Աղցքը»  պետք է ընթերցել «Ալցիս»` «Ելցիսի» փոխարեն:

46. Քրիստոֆոր Աբրամեցին, 3 տարի:
– Վ-ում` Քրիստեփորե Աբրամելի: Քրիստափոր Բ-ին (628-630) հայոց աղբյուրները առաջնորդության  2, 3, 4 կամ 6 տարի են վերագրում :  Վ-ն սխալմամբ նշում  է 13 : Սեբէոսը տեղեկացնում է, որ Քրիստափորը  « էր զոմն անապատական յԱբրահամեան տանէ», այսինքն` Աբրահամ կաթողիկոսի ընտանիքից էր (կամ էլ կաթողիկոսական տնից – Ն.Ղ.), որ  Հ-ն հասկացել է հավանաբար որպես տեղանուն:

47. Եզդրաս Նիկացին, 10 տարի:
– Եզր (կրկին ընթերցել` Էզր –Ն.Ղ.) Նիգացի կաթողիկոսի (631-642) անունն այստեղ հունացվել է, ինչպես եւ Իրքում: Բոլոր հայ աղբյուրները  նույնպես հայրապետության 10 տարի են նշում:

48. Ներսէս Իսխնացին, 20 տարի:
– Ներսէս Գ Շինարարը (642-662) Տայքի Իշխան գյուղից էր: Ըստ հայ աղբյուրների` նույնպես գահակալել է 20 տարի` վեցամյա ընդմիջումով (անկասկած` 653-659թթ. միջեւ), այդ ժամանակ ապաստանել է իր հարազատ Տայքում: Վ-ի նշած 8-ը  անկասկած սխալմունք է:

49. Անաստաս Ակորացին, 6 տարի:
– Անաստասը (662-668) Այրարատ աշխարհի Մասեաց ոտն գավառի Ակոռի գյուղից էր: Ի տարբերություն Վ-ի` «Ակորաելի», Հ-ն ունի կրճատ «Կորա» ձեւը, սակայն սա հավանաբար ոչ թե տեքստի աղավաղում է, այլ հայերենում էլ երբեմն հանդիպող` «ա» առաջին ձայնավորի սղման արդյունք` «ի գեղջէ Կռոյ», (որ օրինաչափ երեւույթ է հայոց տեղանունների կամ անձնանունների գրության մեջ. օր.` «Գռավ-Ագռավ» կղզի, կամ` «Ռստակէս-Արիստակես», «Սահակ-Իսահակ» եւն-Ն.Ղ.): Բոլոր աղբյուրները վերագրում են 6 տարի, ինչպես Ցուցակը:

50. Իսրայել Աթմիսոյեցին, 10 տարի:
– Ինչպես Գիւտը, Իսրայելը նույն Ոթմուս գյուղից էր: Հայոց աղբյուրները նույնպես նրան կաթողիկոսության 10 տարի են վերագրում:

50.bis. Իսահակ Մազակաստրիացի:
– Ցուցակի այս վերջին կաթողիկոսի` Սահակ Գ Ձորափորեցու (678-705 մոտ) անունը բացակայում է Վ-ում: Յովհաննէս Դրասխանակերտցին այսպես է ներկայացնում Սահակի ծագումը. «Սահակ … որ հայրենեօք էր ի Ձորափորոյ յԱրքունաշէն գեղջէ, եւ  մայրենեօք ի Մազազ գաւառէ ի գեղջէ Բերդկաց»: Մազազ գավառը գտնվում էր Այրարատ աշխարհում, իսկ «Բերդկացը» «բերդ» բառի  հոգնակի  «Բերդիկք» անվանման սեռական հոլովն է: Ակներեւաբար, հունարեն տեքստի հեղինակը միացրել է Մազազ անունը եւ Բերդիկի հունարեն թարգմանությունը` «կաստրիոն»: Ցուցակը զարմանալիորեն չի նշում Սահակի կաթողիկոսության տարիները:

Հայոց արքաները (Թագաւորք Հայոց)

51. Վաղարշից մինչեւ Արտաշիր` 21: Այնուհետեւ` մարզպանները:
– Հ-ն ունի հետեւյալ անունները. Վալարեուս եւ Տասիր, որոնք ճանաչելի են դառնում Վ-ում: Այս Վաղարշն, անկասկած, Վաղարշապատ քաղաքի հիմնադիրն է, Տրդատ Մեծի պապը: Այսպիսով, Ցուցակում ներկայացված է Հայոց քրիստոնյա Արշակունիների ժամանակահատվածը, որին հավելված են Տրդատին նախորդող երկու արքաները: Վերջին յուրահատկությունը կարող է բացատրվել այն բանով, որ Ցուցակի հիմքում եղել է քրիստոնյա Արշակունի թագավորների պատմությունը, որտեղ նշված են եղել նաեւ Տրդատի հոր եւ պապի անունները: Օրինակ, Մովսէս Խորենացու գրքում հայ քրիստոնյա արքաների պատմությունը սկսվում է հետեւյալ նախադասությամբ. «Որպէս ասացաք, ի Վաղարշայ առնու զթագաւորութիւն Խոսրով որդի նորա, հայր սրբոյ Մեծին Տրդատայ» : Հնարավոր է նաեւ, որ «Վալարեուս» անունով հեղինակը ցանկացել է նշել Արշակունիների հարստության հիմնադիր Վաղարշակին: Այս վարկածի դեպքում  Ցուցակը  պետք է ընդգրկեր Հայոց Արշակունիների ողջ ժամանակաշրջանը եւ այսպիսով պետք է ունենար միատարր շարք, իսկ 21 թիվը, որ Արտաշիրի անունից հետո նշված է Վ-ում, բայց բացակայում է Հ-ում, պետք է որ ցուցաներ այդ շարքի արքաների թիվը: Ըստ Մովսէս Խորենացու` նրանց թիվը 24  է, իսկ ըստ Սեբէոսի` 25: Արտաշիրը, որի անունն, իհարկե, աղճատված է Հ-ում, Արշակունիների վերջին թագավորն է, որ գահընկեց է արվել 427/28 թթ. Պարսից Վահրամ V-ի կողմից` վերացնելով այդպիսով Հայքում Արշակունիների թագավորությունը եւ երկրի կառավարումը հանձնելով մարզպանին: Սա է արտահայտում հունարեն տեքստի «հեգեմոնես» բառը, որն, անկասկած,  հայերեն բնագրում եղած «մարզպանի» թարգմանությունն է (որն էլ մենք վերականգնեցինք բուն տեքստում – Ն.Ղ.): Այսպիսով, «Վաղարշից մինչեւ Արտաշիր» արտահայտությունը ամենայն հավանականությամբ համառոտում է հայ Արշակունիների ամբողջական ցուցակը, որ հույն խմբագիրն անհրաժեշտ չի համարել վերարտադրել: «Հայոց արքաներ» վերնագիրը տրամաբանորեն ենթադրում է այդպիսի ցուցակի գոյությունը, քանի որ հակառակ դեպքում չի համապատասխանում Հ-ի տեքստին, որն իրականում թվարկում է միայն մարզպաններին:

52. Կինունի պատրիկ, 4 տարի:
– Այս անվան հայերեն տարբերակը Գնունին է, հայ մեծ իշխանական տոհմերից մեկը: Այստեղ նշված Գնունին անկասկած Մժեժն է, Դավիթ Սահառունու նախորդը, որ բյուզանդական կողմի Հայքի զորավարն էր: Գնունին ստանձնում է Հերակլ կայսեր կողմից պարսիկներից վերանվաճված Հայքի իշխանությունը, ինչպես նշում են Սեբէոսն ու Յովհաննէս Դրասխանակերտցին.
«Եկն ապա զաւրավարն յունաց Մժէժ Գնունին ի Հայաստան Երկրէն, եւ ինքն կալավ զամենայն երկիրն ըստ ասացելումն սահմանին»:
«Բայց Մաժէժ Գնունի զօրավարի ի Հերակլեայ եւ առաքի ի Հայս»:
Այս Մժեժին պետք է տարբերել մյուս Մժեժ Գնունուց, որ 30 տարի Հայոց մարզպանն էր Հուստինիանոս I-ի օրոք` ըստ Ստեփանոս Ասօղիկի: «Պատրիկ»` «իշխան» տիտղոսը Հ-ում տրված է սղագրված.  հնարավոր է, սակայն, որ հունարեն թարգմանիչը այն ընդունել է հատուկ անվան տեղ: Հայոց աղբյուրները չեն նշում Մժեժի կառավարման տարիները:

53. Դավիթ Սահառունի, 3 տարի:
– Դավիթ Սահառունին վերցնում է Հայքի զորավարությունն ու իշխանությունը` սպանելով Մժէժին, տեղեկացնում է Սեբէոսը. «Դավիթ Սահառունի … յարձակի ի վերայ Մժեժի Գնունւոյ զաւրավարի յունաց, հարեալ սատակէ զնա… Եւ առ ինքն զաւրավարութիւն կամակցութեամբ եւ սիրով ամենայն զաւրացն: Իսկ թագաւորն առնէ ըստ խնդրոյ իշխանացն զնա իշխան ամենայն աշխարհացն` եւ տայ նմա պատիւ կիւրապաղատութեանն: … Եւ կալեալ զիշխանութիւն ամս գ»: Ասօղիկը իշխանության  30 տարի է նշում :

54. Թոտրուս Օռուստունի, 10 տարի:
– Հաջորդ իշխանը Թեոդորոս Ռշտունին է, որ Կոնստանդ I կայսեր հրամանով ստանձնում է երկրի զորավարությունը եւ ստանում պատրիկի տիտղոս: Ըստ Դրասխանակերտցու` Թեոդորոսը նշանակվում է Ներսէս Գ կաթողիկոսի միջամտությամբ. «Բայց հայրապետն Մեծն Ներսէս հրաման հայցեալ ի կայսերէն Կոնստանդնէ, կացուցանէ զօրավար Հայոց զԹեոդորոս Ռշտունեաց տէրն»: Ստեփանոս Ասօղիկը նրան իշխանության  25 տարի  է վերագրում :

55. ’Ամազասպ Կուրոպալատ, 4 տարի:
– Համազասպը Մամիկոնյան տանուտերն էր, որ Հայոց իշխան է նշանակվում եւ կիւրոպալատի տիտղոս ստանում 655/656 թթ. (ըստ Ասօղիկի` Հայոց 104 թվականին) Կոստանդ II-ի կողմից, ինչպես նշում է Սեբէոսը. «Եւ արար արքայ Կոստանդին զՄամիկոնէից տէր զՀամազասպ կիւրապաղատ, եւ ետ նմա գահոյս արծաթիս եւ զիշխանութիւն աշխարհին Հայոց»: Ըստ Դրասխանակերտցու` նա վախճանվում է երեք տարի իշխելուց հետո:

56. Գրիգոր, նրա եղբայրը, 24 տարի:
– Ներսէս Մեծը եւ հայոց նախարարները  արաբ Մուավիյա ամիրապետին խնդրում են Համազասպի փոխարեն եղբորը կարգել Հայոց իշխան.  նա  դա կատարում է հաճությամբ: Մեր Ցուցակը Գրիգորին իշխանության  24 տարի է վերագրում, որ հաշվարկելով Համազասպի կառավարման տարիներից` համընկնում է 659/60 եւ 684 թթ.: Իրոք, Դրասխանակերտցին Գրիգորի մահը թվագրում է Սահակ Գ կաթողիկոսի (678-705) մահվան 7-րդ տարով` 684/685, իսկ Ասօղիկը` 5-րդ տարով եւ Հայոց թվականության 130-րդ տարով, այսինքն` 681-682 թթ:

57. Սոտիս Պակրատունի, 3 տարի:
– Ինչպես տեսնում ենք, Հ-ն Աշոտ անունը տալիս է առանց առաջին ձայնավորի եւ մեծատառ «Ս»-ով` «Սոտիս», սակայն Վ-ն վերականգնել է լրիվ ձեւը` Աշոտ: Աշոտ Բագրատունին իշխան է դառնում Հայոց թվականության 135-րդ տարում` 686/687թթ:

58. Ներսէխ(h) Կամսարական, 3 տարի:
– Ըստ Ստեփանոս Տարոնացու` Աշոտի մահվանից հետո Ներսեհը իշխան է դառնում Հուստինիանոս II-ի չորրոդ տարում` 688/689թթ. եւ գահակալում է 4 տարի: Նրա Ներսէհ անունը Հ-ն համարժեքորեն տառադարձում է «Ներսեխ», մինչդեռ Վ-ն ունի «Ներսե» ձեւը, որ Մ-ն  դարձրել է «Ներսես»:

59. Սիւմպատ Պակրատունի:
– Ըստ Ստեփանոս Տարոնացու` Սմբատ Բագրատունին ընդունում է իշխանի տիտղոսը Հայոց թվականության 140-րդ տարում` 691/692թթ. եւ կառավարում 20 տարի: Հ-ն չի հիշատակում տարիների թիվը, եւ շատ գիտնականներ այս լռությունը փաստարկել են ինչպես Ցուցակի, այնպես էլ Իրքի (որին վերջինս կցված էր) գրության թվականը որոշելու համար: Սակայն Վ-ն նշում է «12», որ անկասկած վրաց թարգմանչի հավելումն է, քանի որ նրա նշած թիվը չի համապատասխանում Սմբատի իշխանության ժամանակին` 691/2-711, եւ բացի այդ, չի հիշատակում Սահակ Գ կաթողիկոսի անունը, որ մահացել է Սմբատից առաջ` 705 թ.:

***

– Արդ, Դվինի ժողովից բազում օրեր անց ոմն Վարդան` պարսիկ առաջնորդ Սուրենին (Սվիրինի) սպանողը, փախավ Կոստանդնուպոլիս` հալածվելով հայերից, Խոսրովի 40-րդ եւ Հուստինիանոսի 30-րդ տարում, որ կառուցեց Սուրբ Սոֆիան: Եվ երբ կայսրն իմացավ, որ Վարդանը չի հաղորդվում (հույների հետ), հրաման արձակեց ժողով գումարել եւ կանչեց եպիսկոպոսներին ու վարդապետներին: Հայերը համոզվեցին եւ նզովեցին Որոգինեսին, Եվագրին եւ Դիդիւմոսին, նեստորականներին, հակոբիկներին, հուլիանականներին եւ գայանականներին, մի խոսքով` Եվտիքեսի աղանդի բոլոր հետեւորդներին: Սակայն երբ նրանք վերադարձան Հայք, ոմանք մնացին հաստատ, իսկ ոմանք խոտորվեցին  Յովհաննէս կաթողիկոսի օրոք: Եվ նամակներ գրեցին Աղվանքի կաթողիկոսին եւ Ստոլոսի (Սիւնեաց) եպիսկոպոս Վրթանեսին, իսկ վերջինս նրանց պատասխանեց այսպես. «Ինչպես մեզնից առաջ եղած եպիսկոպոսներ Պետրոսը եւ Գրիգորը ուսուցանեցին կրոնի մասին, ես «Սուրբ Աստուած»-ը ոչ կհավելեմ, ոչ կկրճատեմ, նրանք գրեցին նույնը նաեւ վրացիներին, բայց վերջիններս մեծ զայրույթով չընդունեցին (նրանց առաջարկները):

Կրկին, Մավրիկ կայսեր օրոք Հայոց Մուշեղը, գալով Կոստանդնուպոլիս, չհաղորդվեց հունաց հետ: Եվ կրկին նրանք քննեցին եւ կրկին գրով հաստատեցին եւ երդմամբ խոստացան չուրանալ (կնքված համաձայնագիրը): Բայց վերադառնալով Հայք, նրանց չընդունեցին  ոչ Մովսէս կաթողիկոսը, ոչ եւս Պարսից եւ Հայոց աշխարհի եպիսկոպոսները: Նրանք էլ իրենց համար կաթողիկոս ընտրեցին Թեոդոր Կոկուստեցուն (Կոգովիտեցուն)` Պապրանտյան (Բագարան) երկրից, եւ նրանց միջեւ մեծ հակառակություն եղավ Քրիստոսի երկու բնության ու Քաղկեդոնի ժողովի մասին, որ տեւեց 14 տարի, մինչեւ Մաւրիկ կայսեր մահը:

Իսկ Խոսրով արքան գրավեց Հայքը եւ Աբրահամին կաթողիկոս նշանակեց եւ ստիպեց կամ նզովել Քաղկեդոնի ժողովը  կամ հեռանալ այդտեղից, եւ նրանք նզովեցին:

Ապա Հերակլ կայսրը, իր գահակալության 23-րդ տարում գալով Մեծ Հայք, հրամայեց մեծ ժողով գումարել Թեոդոսիոպոլսում հայոց բոլոր եպիսկոպոսների ու վարդապետների մասնակցությամբ, կաթողիկոս Եզրի եւ բոլոր ազատների (ազնվականների) հետ: Երեսուն օր շարունակ նրանք քննություն անցկացրին  ¥Քրիստոսի-Ն.Ղ. )երկու բնության եւ Քաղկեդոնի շուրջ, եւ հայերին հավատացրին Սուրբ գրերով, եւ նրանք երդվեցին եւ իրենց ձեռքով իսկ գրեցին, որ այս հարցում այլեւս չեն հակառակվի: Եվ այսպես վերադարձան Դվին: Բայց Յովհանը (Մայրագոմեցին-Մ) հորդորում էր եպիսկոպոսներին, որ ներկա չէին եղել (ժողովին), չմիանալ Եզրի դավանանքին, բայց նրանք միացան: Ապա Յովհանը կշտամբում էր եւ թշնամանում էր նրանց եւ Եզրի մահվանից հետո համոզված էր, որ ինքը կստանա աթոռը` իշխանների աջակցությամբ: Բայց երբ աթոռները (sic) վիճակվեցին Ներսէսին եւ ոչ թե իրեն, ավելի շատ վրդովվեց ու սկսեց նրան էլ կշտամբել: Ապա (Ներսէսը) բերեց նրանց բազում եպիսկոպոսների ու վարդապետների առջեւ եւ քննության ենթարկեց նրա մեղադրանքները: Եվ այդպես  նրա ճակատին աղվեսադրոշմ խարանեցին եւ աքսորեցին Կովկաս իր համախոհների հետ: Եվ չընդունվելով նրանցից (կովկասցիներից)` վերադարձավ Հայք Անաստասի մահվանից հետո եւ մահացավ շատ ծեր հասակում: Իսկ նրա մոլորված աշակերտները բոլորին շեղում էին ճշմարտությունից, եւ նրանց աղանդը տարածվեց երկրով մեկ մինչեւ Յուստինիանոս կայսեր ժամանակները:
Ապա նա (Յուստինիանոսը) Իսակ (Սահակ) կաթողիկոսին եպիսկոպոսների հետ կանչեց Կոստանդնուպոլիս եւ միաբանեցրեց նրանց, որ դավանում էին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկու բնությունը` աստվածային եւ մարդկային, մեկ անձի մեջ անխառն եւ անբաժանելի, եւ սրա վերաբերյալ երդվեցին գրավոր, որ այս հարցում նրանց միջեւ այլեւս հակառակություն չի լինի: Բայց կրկին, երբ վերադարձան իրենց երկիրը, ովքեր մնացել էին Հայքում` վշտացել էին նրանց համար` հույների հսկողության պատճառով: Ուստի նրանք ընդդիմանում էին եւ քննության էին ենթարկում Իսահակին եւ նրա հետ մեկնածներին, ասելով. «Եթե դուք դարձի չգաք եւ նրանց չնզովեք, մենք ձեզ չենք ընդունի մեր երկրում»: Այդժամ նրանք, նախընտրելով մարդկանց փառքը Աստծո փառքից, կրկին նզովեցին այն, ինչ իրենք իսկ էին հաստատել, որով հաղորդվել էին հունաց հետ, այնուհետեւ` հույներին: Այդպիսով, նրանք դարձան չարիքներից  անբուժելի:

– Վրաց ձեռագրերում հունարեն Ցուցակի ավարտից անմիջապես հետո առանց ընդմիջման շարադրված այս տեքստը ներկայացնում է Հայոց եկեղեցու պատմությունից մի քանի դրվագ: Համեմատելով այս տեքստը հունարեն Իրքի հետ` պարզ է դառնում, որ այն քաղված է վերջինից: Չհաշված մի քանի պարբերություն, որ բավական համառոտած են, տեքստն ընդհանուր առմամբ հավատարմորեն հետեւում է իր բնագրին:

Եզրակացություն

Այսպիսով, ակնհայտ է, որ Paris.gr. 900 ձեռագրի ցուցակը եւ Ժորդանիայի վրացական ցուցակը միեւնույն տեքստն են. երկուսի միջեւ տեղ գտած տարբերությունները չնչին են: Պարզ է նաեւ, որ վրացական ցուցակը հունարենի թարգմանությունն է: Շատ հատուկ անուններ տրված են այնպիսի ձեւերով, որ երբեք չեն հանդիպում ոչ հայերեն, ոչ վրացերեն աղբյուրներում եւ բացատրվում են միայն միջանկյալ հունարեն տեքստի գոյությամբ, ինչպես, օրինակ, Ռոստակե – Ռոստակէս – հայերեն` Ռստակէս, Խարկ(ան) – Խարկ – հայ.` Հարք, Մաստոցի – Մաստոցէս – Մաշտոց,Կիտ – Կիւտոն – Գիւտ, Աթմիսո – Աթմիսու – Ոթմսոյ, Արտաշիսա – Արտասե – Արծկէ, Կապելինելի – ապո Կապելէնիս – Գաբեղենից, Ալպիրիսա – Ալպիրիս – Այլաբերից, Տոտրուսի – Թոտրուսիս – Թեոդորոս, Արաստոնելի – ապո Արաստունիս – (ը)Ռ(ը)շտունի եւ այլն:
§ 18-ում ասորի Բրքիշոյի անվան հունարեն «Պերկիսու» ձեւի փոխարեն Վ-ն վերականգնում է Բարքիշո ձեւը, որ համապատասխանում է հայերենին, բայց չցանկանալով ոչինչ դուրս թողնել իր հունարեն օրինակից` ավելացնում է` «որ անվանվում էր նաեւ Պերկիսո»: Հունարեն շարահյուսության ազդեցությունը հստակ զգացվում է վրացերեն տեքստում, մասնավորապես` դերբայների դեպքում:
Իսկ հունարեն Ցուցակը ակնհայտորեն թարգմանված է հայերենից: Այլապես անհնար է բացատրել, թե ինչու Յովհաննէս անունը կրող անձնավորությունը կոչվում է Եւանեսէս (Վ-ում` Հեանե) կամ Թեոդորոսը` Թոտրուսէս (Վ-ում` Տոտրուսի): Բազմաթիվ տեղանուններ հունարենում ներկայացված են հայերենի սեռական կամ բացառական հոլովով, որ կրկին  կարող է բացատրվել նրանով, որ դրանք հայերեն բնօրինակից ուղղակի տառադարձված են. օրինակ` Ատմիսու – Ոթմսու` Ոթմուս, Ալպերիս – Ալաբերից` Ալաբերք, Արկա – Հարքայ` Հարք, Պակրանա – Բագրանայ` Բագրան կամ Բագարան, Էլցիս – Աղցից` Աղցք  եւ այլն:

Ցուցակի տառադարձության համակարգը նույնն է, ինչ Իրքում, մասնավորապես բաղաձայնների հնչյունափոխության դեպքում` բ-պ, գ-կ, դ-տ:
Ցուցակին հետեւող հայոց պատմության համառոտ տեքստի քննությունը  հուշում է, որ այն նույնպես թարգմանված է հունարենից: Օրինակ, Սյունիքի եպիսկոպոս Վրթանէսի մասին հատվածում Իրքը գրում է` «տոն տու Ստոլու եպիսկոպոն», որին վրացերեն համապատասխանում է «ստոլոսի եբիսկոպոսիսա»-ն, որ հնարավոր է` միայն հունարենով անցնելով, քանի որ այն, իր հերթին, հայերեն «Սիւնիք»-ը «սյուն» հասկանալով` հունարեն ձեւափոխել է համարժեք «ստոլոս» բառով  կամ  հայերեն «Մուշեղ»-ի Վ-ում անվանված «Մուսլի» շեղումը, որ կարող է միայն հիմք ունենալ հունարեն «Մուսիլէս»-ը  կամ էլ Յովհաննէս Կոգովտացու դեպքում, որի անունը հունարենում տրված է  «ապո տու Կոկոստա Պակրան տիս Խորաս» ձեւով, իսկ վրացերենում` «կոկուստելի պապրանտիս քուէքնիսա»` «Կոկուստացի, Պապրանտիս գավառից», որտեղ «կոկուստա»-ն ակնհայտորեն վերարտադրում է Հ-ում տեղ գտած սխալ ձեւը (հայերեն` Կոգովիտ, Կոգովտի), իսկ «Պապրանտիսը» (ընթերցել «Պակրանտիս») հունարեն «Պակրան» (Բագարան) անվան եւ «տիս» նախդիրի միացումն է, որը հաջորդ` «խորաս», բառի նախդիրն է: Ի վերջո, ինչպես կաթողիկոսների բուն ցուցակի տեքստում, այս հավելվածում նույնպես հունարենի շարահյուսության ազդեցությունը զգալի է:

Այսպիսով, երկու տեքստերի համեմատական քննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ վրացերեն թարգմանությանը ծառայած հունարեն բնագիրը Paris.gr. 900 ձեռագրին շատ մոտ օրինակ է եղել, որտեղ սակայն բազմաթիվ աղավաղումներ ու բացթողումներ չեն եղել: Այդ է վկայում նաեւ վրացերեն ցուցակում Իրքից տեղ գտած քաղվածքը, քանի որ Paris.gr. 900 ձեռագիրը միակն է, որ, բացի Իրքից, պարունակում է նաեւ Կաթողիկոսների ցուցակը:

Արշակ Տէր-Միքելեանի հրատարակած կաթողիկոսական երեք ցուցակները

Նշանագիր կարգաց բանից Եզնկանն երիցու
Թէ ուստի± էին կամ  որպէ՞ս. Զիա՞րդ յաջորդութիւնք թագաւորացն Տրդատայ եւ քահանայապետիցն ի սրբոյ Գրիգորէ որ կացին մինչեւ առ մեզ: Վարումն փոքր ի շատէ դրոշմեալ վասն գիտութեան ի վերայ հասանելոյ:
Յետ Տրդատայ թագաւորեաց որդին իւր, որ կոչեցաւ Փոքր Խոսրով. Ի սորա աւուրս եկաց քահանայապետ երէց որդին Գրիգորի Վրթանէս: Յետ նորա Տիրան որդին Խոսրովու. Ի սորա աւուրս Յուսիկ որդի Վրթանիսի եկաց քահանայապետ: Յետ նորին թագաւոր յաւուրս Տիրանայ: Յետ մահուան Յուսկանն կալաւ զքահանայապետութիւն Հայոց Փառներսեհ ոմն, մի յագարակէն մատրանն Յովհաննու ի Տարօն գաւառէ ի Մեհենագեօղն, որ մայր է եկեղեցեացն Հայոց, այսինքն նախ անդ եկեղեցի զառաջինն շինեալ:
Յետ նորա թագաւորէ Արշակ որդին Տիրանայ: Ի սորա աւուրս Ներսէս` որդի Աթանագինէի եկաց յաթոռն Յուսկանն, թոռն Գրիգորի Մեծի, զորմէ ասեն համեմատեալ Գրիգորի ի գործս կարգաց վարուց գնացից իւրոց: Զկնի սորա Սահակ. սա եկաց կաթուղիկոս: Եւ ապա Շահակ, եւ Զաւրէն եւ Ասպուրակ կացին կաթուղիկոսք, որ էին ի զաւակէ Աղբիանոս եպիսկոպոսի:

Յետ նորա Պապ, որդին Արշակայ, յետ նորա Վարազդատ նմին թագաւորութեանն տոհմէ, որ ապա օտարակալութիւն: Ապա Խոսրով ոմն ի նմին տոհմէ թագաւորացն Հայոց: Առ սովաւ բաժանեցին զերկիրն Հայոց ընդ երկու` թագաւորն Յունաց եւ թագաւորն Պարսից: Պարսից կողմանն` Խոսրով թագաւորէ. մասինն Յունաց աշխարհին` Արշակ ոմն ի նմին տոհմէ ի թագաւորէ` հրամանաւ Յունաց թագաւորին: Յետ սորա կոմէսք կալան, յետ (որոց) Վրամշապուհ որ կողմանն Պարսից թագաւորեաց: Ապա ամս հարուստս մարզպանք Պարսից կալան մինչեւ առ մեզ: Իսկ ապա` Արտաշէս` որդի Վրամշապհոյ` թագաւորէ հրամանաւ Պարսից արքային: Եւ ապա մարզպանք Պարսից կալան մինչեւ առ մեզ: Առ որով Ասպուրակէս կաթուղիկոս: Եւ դարձեալ` առ որով ընտրեցաւ Սահակ անուն լինել կաթուղիկոս, որ է որդի Ներսիսի առաքինւոյ, թոռն Աթանագինէի, թոռն սրբոյն Գրիգորի: Առ սովաւ եւ դպրութիւնք Հայոց յաջորդեալ, եւ կտակարանք եկեղեցւոյ ի սմանէ յառաջ թարգմանեցան եւ կարգք գործոցն Գրիգորի նորոգեալ արամբ միով երանելեաւ Տարօնացւոյ, որում անուն Մեսրովպ ճանաչէր: Որ էառ զձեռնադրութիւն երիցութեան ի նմին Սահակայ կաթուղիկոսէ: Սա եգիտ նշանագիր դպրութեան հայերէն լեզուին վարելոյ ալափետացն հանգամանս, յորով ժամանակի լոյսն նոքօք կարգքն յառաջադիմութեան: Եւ նոցուն աշակերտ Ղեւոնդ, այր սուրբ եւ ընտրեալ եւ ճշմարիտ ի գործ մշակութեան Աստուծոյ, եւ Արձան եւ Կորիւն եւ Եզնիկ, եւ արբանեակք նոցուն լուսաւոր հանդիսիցն, ձեռնադրեալք ի սրբոյ կաթուղիկոսէ:

Եւ եղեւ հանումն եւ նորոգումն ոսկերացն սրբոցն Գայեանեայ եւ Հռիփսիմեայ եւ ընկերաց նոցին` ի Սահակայ կաթուղիկոսէ, զի եդածովն սուրբ Գրիգորի կային նոքա: Եւ շինեաց զվկայարանսն վիմատաշ, կոփածոյ քարամբք ի Վաղարշապատ քաղաքի: Եւ նորոգեաց զտուն Աստուծոյ` այսինքն զսուրբ եկեղեցին: Զի մեծին Գրիգորի եդեալ էր զհիմն զայն, որպէս եւ ցուցեալ էր տեսլեանն երեւեցելոյ: Բազում եւ այլ տեղիս նորոգեալ է սուրբ եւ ճշմարիտ կաթուղիկոսն Մեծ Սահակ: Եւ ապա շինեաց զսուրբ եկեղեցին, եւ զվկայարանս սրբոցն ընդ ամենայն տեղիս Հայոց Մեծաց: Եւ եղեւ այս ի յամս Աբդլայի վանաց երիցու սրբոյ ի Վաղարշապատ քաղաքի:

Մինչեւ յաւուրս Կոմիտասայ սրբոցն Հռիփսիմեանց սպասաւորի, որ արժանի եղեւ աթոռոյն սրբոյն Գրիգորի, որ ցանկացաւ նորոգել զեկեղեցիսն, որում եւ շնորհեցաւ մեզ ի Քրիստոսէ նախ նորոգել զսուրբ Կաթուղիկէն, եւ ապա զվկայարանսն սրբոյն Հռիփսիմէի, որ կայր նովին պատուիրանաւ սրբոյն Գրիգորի պատեալ իւրովք ձեռօքն, ողջ եւ անքակ խառնակք յօդիցն նովին հանդերձով: Որ արդեօք անհաւատալի թուեցի զկնի մեր եկելոց. այլ մերովք իսկ ձեռովք արժանի եղաք շոշափել յանդիման բազմամբոխ հրապարակաց: Զոր փոխեաց ի հանգիստ ի նոյն յարկս զոր շինեաց արաստոյ վիմօք յաւուրս Յոհանկան սրբոյն Կաթուղիկէի վանուց երիցու եւ Կամովեղի նորուն սրբոյ Հռիփսիմէի վանաց երիցու ի Վաղարշապատ քաղաքի, քսանեւիններորդ ամի Խոսրովոյ արքայից արքայի որդւոյ Որմըզդի: Եղիցի յիշատակ Եզնկանն ի թարգմանել զգիրս զայս:

Ժամանակք Հայրապետացն Հայոց.
1. Սուրբ Գրիգոր, ամս Լ(30) :
2. Ռստակէս, ամս Է(7):
3.Վրթանէս, ամս ԺԷ(17):
4. Սուրբ Գրիգորիս, ամս ԺԷ(17) :
5. Սուրբ Յուսիկ, ամս Զ(6) :
6. Սուրբ Ներսէս, ամս Գ(3) :
7. Տէր Փառներսես, ամս Դ(4) :
8. Տէր Շահակ, ամս Զ(6) :
9. Տէր Զօրէն, ամս Դ(4) :
10. Տէր Ասպուրակէս, ամս Է(7) :
11. Սուրբ Սահակ, ամս ԽԱ(41) :
12. Տէր Գադ, ամս ԺԷ(17) :
13. Տէր Յոհան Մանդակունի, ամս ԺԲ(12) :
14. Տէր Բաբգէն, ամս Ե(5) :
15. Տէր Սամուել, ամս Ժ(10) :
16. Տէր Մուշէ, ամս Ը(8) :
17. Տէր Սահակ, ամս Ժ(10) :
18. Տէր Քրիստափոր, ամս Զ(6) :
19. Տէր Ղեւոնդ, ամս Դ(4) :
20. Տէր Ներսէս, ամս Ի(20) :
21. Տէր Յովհաննէս, ամս ԺԷ(17) :
22. Տէր Մովսէս, ամս Լ(30) :
23. Տէր Աբրահամ, ամս ԻԳ(23) :
24. Տէր Յոհան, ամս ԻԶ(26) :
25. Տէր Կոմիտաս, —
26. Տէր Քրիստափոր, ամս Գ(3) :
27. Տէր Եզր, ամս Ժ(10) :
28. Տէր Ներսէս, ամս Ի(20) :
29. Տէր Անաստաս, ամս Զ(6) :
30. Տէր Իսրայել, ամս —
31. Տէր Սահակ, ամս ԻԶ(26) :
32. Տէր Եղիա, ամս ԺԳ(13) :
33. Տէր Դաւիթ, ամս ԺԳ(13) :
34. Տէր Տրդատ, ամս ԻԳ(23) :
35. Տէր Տրդատ, ամ Ա(1) :
36. Տէր Սիոն, ամս ԻԷ(27) :
37. Տէր Եսայի, ամս ԺԳ(13) :

Ինչպես նշում է Ա. Տէր-Միքելեանը, այս Ցուցակը կազմված է  երեք մասերից, որոնք ունեն երեք հեղինակ եւ երեք տարբեր թվագրություն: Առաջինն ավարտվում է սուրբ Սահակի եկեղեցաշինության նկարագրությամբ եւ Վաղարշապատի վանքի երեց Աբդլայի հիշատակումով, երկրորդն ամբողջովին նվիրված է Կոմիտաս կաթողիկոսի` վաղարշապատյան շինարարական նախաձեռնությանը եւ ավարտվում է հիշատակարանով, որտեղ նշված է հեղինակի անունը` Եզնիկ, եւ երրորդը, թվարկելով միայն կաթողիկոսների անուններն ու տարեթվերը, շարունակում է մինչեւ Եսայի կաթողիկոսը (VIII դ. վերջ):

Յովհաննէս Դրասխանակերտցի 
Շարից հայրապետացն Հայոց յայտարարութիւն

Երանելոյն Յովհաննիսի կաթողիկոսի Հայոց որ եւ դարձեալ Մաշեալ յորջորջի, թէ ոյք էին կամ ուստի եւ քանի ժամանակս կալան զաթոռ սուրբ առաքելոյն Թադէոսի:
Իրաւունս եւ զայս ես Յովհաննէս կաթողիկոս Հայոց համարիմ գրով դրոշմել զանուանս հայրապետացն Հայոց զարանց Աստուծոյ: Որք արժանի գտան աթոռոյ սրբոց առաքելոց Բարդողիմէոսի եւ Թադէոսի, ու նոցունց հետեւողի սրբոյն Գրիգորի, եւ որք զկնի նոցին կացին յաթոռ նոցին: Եթէ ո՞յք եւ ուստի՞, եւ որչափ կացին իւրաքանչիւր ոք յառաջնորդութեան իւրեանց:

Առաջին յետ առաքելոցն սրբոց, Բարդողիմէոսի եւ Թադէոսի, որք վիճակեցան ի Տեառնէ քարոզք եւ աւետարանիչք Ասքանազեան գրոհիս, եւ վարդապետք եղեն Քրիստոսի աստուածպաշտութեան:

Զկնի ՄԿԶ(266) ամաց անցելոց կատարման նոցա փոխանորդէ զաթոռ առաքելութեան նոցա երիցս երանեալն Լուսաւորիչն Գրիգորիս, Պարթեւն մեծ, Սուրեան Պահլաւ, Արշակունի յազգէ, երկնատեսակ փառօք զարդարեալ, լաւն եւ վեհն ի բնաւ իսկ ի դասս եպիսկոպոսապետաց, որ եւ ծնող մեր ըստ աւետարանին, եւ նախահայր արտադրիւր, որ եբաց զդուռն լուսոյ ճշմարիտ աստուածգիտութեան Հայաստանեայս ազգի: Սա յետ Է եւ Ժ(17) ամի թագաւորութեան Տրդատայ կացեալ յաթոռ հայրապետութեան, քաղաքավարէ զառաքելական տուչութիւն ամս Լ(30): Եւ էր ինքն յետ Բ առաքելոցն` երրորդ:

Չորրորդ. Յետ նորա տէր սուրբն Ռըստակէս որդի նորին, ամս Է(7):
Հինգերորդ. Տէր սուրբն Վրթանէս եղբայր Ռստակեսի եւ որդի սրբոյն Գրիգորի, ամս ԺԵ(25):
Վեցերորդ. Տէր ս. Գրիգորիս, որդի Վրթանէսի, ամս Գ(3):
Եօթներորդ. Տէր ս. Յուսիկ յեղբայր Գրիգորիսի, որդի Վրթանիսի եւ թոռն ս. Գրիգորի, ամս Գ(3):
Ութերորդ. Տէր ս. Փառներսեհ, ո՛չ ի Պահլաւեան ազգէ, այլ էր ոմն ի գաւառէ Տարօնոյ ի գեղջէ Աշտիշատից, ամս Գ(3):
Իններորդ. Տէր ս. Ներսէս, որդի Աթանագինէի, թոռն Յուսկանն թոռին ս. Գրիգորի, ամս ԼԴ(34):
Տասներորդ. ս. Սահակ եղբայր Աղբիանոսի Հարքայ եպիսկոպոսի, ի գեղաքաղաքէ Մանազկերտէ, ամս Զ(6):

11. Տէր Զաւէն, եղբայր նորին, ամս Գ(3):

12. Տէր Ասպուրակէս, եղբայր նոցին, ամս Ե(5):

13. Տէր ս. Սահակ ի Սուրէնն Պահլաւէ, որդի ս. Ներսէսի, թոռն Աթանագինէի, թոռին ս. Գրիգորի, ամս ԽԱ(41):
Աստանօր դադարումն առնու Հայոց հայրապետութիւն լինել ի տանէ եւ յազգէ ս. Գրիգորի:

14. Սուրմակ հակառակ աթոռոյն սրբոյն Սահակայ հրամանաւ Վռամայ Պարսից արքայի, որ էր ի գաւառէ Բզնունեաց, ի գեղջէ Արծկէոյ, որ զմի ամ կալաւ զաթոռս սրբոյն Սահակայ, ապա հալածի ի նախարարացն Հայոց: Իսկ զկնի կատարման սրբոյն դարձեալ ունի զաթոռ նորին, այլ եւ ամս Զ(6):

15. Տէր ս. Յովսէփ, ի գաւառէ Վայոյձորոյ, ի գեղջէ Հողոցմանց, յաշակերտութենէ ս. Մեսրոպայ, ամս Ը(8): Սա չարչարեալ Յազկերտէ անօրինէ` ընդ սրբոց Ղեւոնդեանցն պսակեցաւ ի Քրիստոսէ:

16. Տէր Գիւտ ի գաւառէ Վանանդայ, ի գեղջէ Օթմսոյ յաշակերտութենէ ս. Սահակայ, ամս Ժ(10): Սա կացեալ ընդ առաջ ամս Թ հաստատեաց զաթոռ հայրապետութեան ի Դուին քաղաքի, ի սադրելոյ ս. Վարդանայ եւ այլոց նախարարացն:

17. Տէր ս. Յոհան Մանդակունի յազատ տանէ, ամս Զ(6): Սա նախագիր գտաւ Հայաստանեայցս ժամակարգութեանց, սքանչելապէս յարդարեալ քարոզս եւ աղօթամատոյցս եւ երգս հոգեւորս ի փառս Աստուծոյ:

18. Տէր Բաբգէն ի գաւառէն Վանանդայ, ի գեղջէ յՕթմսոյ ամս Զ(6): Յաւուրս սորա ի սորին իսկ սադրելոյ, եւ ի հոգեւոր աշխատութեանց եւ ջանից, Յոյնք եւ ամենայն Յիտալիայ, եւ Ասորեստան եւ Հայք, եւ Վիրք եւ Աղուանք առհասարակ ի միասին նզովեալ զժողովն Քաղկեդոնի եւ զտոմարն Լեւոնի, եւ միակարգ միակամութեամբ խոստովանեցին զուղղափառ հաւատոյ դաւանութիւն առաքելական եկեղեցւոյ, ի ժամանակս Զենոնի եւ Անաստաս բարեպաշտ թագաւորացն Հռոմայեցոց:

19. Տէր Սամուէլ ի գաւառէ Բզնունեաց, ի գեղջէ Արծկէոյ` ամս Ժ(10):

20. Տէր Մուշէ ի գաւառէ Կոտայից, ի գեղջէ Ալաբերից` ամս Ը(8):

21. Տէր Սահակ ի գաւառէ Հարքայ, ի գեղջէ Ձակայ` ամս Է(7):

22. Տէր Քրիստափոր ի գաւառէ Բագրեւանդայ, ի գեղջէ Տիրառիճոյ, ամս Զ(6):

23. Տէր Ղեւոնդ ի գաւառէ Առբերանոյ, ի գեղջէ փոքր Առեստոյ, ամս Գ(3):

24. Տէր Ներսէս ի գաւառէ Բագրեւանդայ, ի գեղջէ Աշտարակոյ, ամս Թ(9):

25. Տէր Յոհաննէս ի գաւառէն Գաբեղէնից, ի գեղջէ Սինձեղեւան, ամս ԺԵ(15):

26. Տէր Մօսէս ի գաւառէ Արագածոտան, ի գեղջէ Եղիւարդայ, ամս Լ(30): Ի տասներորդ ամի աթոռակալութեան սորա, ի սորին իսկ հրամանէ եդաւ թուականութիւնս Թորգոմեան եւ պատճէն տոմարի ըստ Հայ ամսոց:

27. Տէր Աբրահամ ի գաւառէ Ռշտունեաց, ի գեղջէ Աղբիթանից, ամս ԻԳ(23): Ի յաւուրս սորա ի բաց կացին Վիրք ի միաբանութենէ Հայոց. եւ հաճեցան լինել կցորդ չար աղանդոյն Քաղկեդոնականաց. փոփոխել զսահման հարցն սրբոց, եւ մոռացան զաստուածեղէն ուխտն:

28. Տէր Յօհան ի գաւառէ Գոգովտէ, ի գեղջէ Բագարանէ, ամս ԻԶ(26): Զսա Մօրիկ կայսրն Հոռոմոց կացոյց կաթողիկոս Հայոց ի բաժնի Յունական կողմանն ի ժամանակս Աբրահամայ մեծի եւ կարգեաց զտուն հայրապետութեան Յօհան ի Կոտայս գաւառի գեղն Աւան:

29. Տէր Կոմիտաս ի գաւառէ Արագածոտանէ, ի գեղջէ Ախցից, շինող մեծի վկայարանի սրբոյն Հռիփսիմեայ, կացեալ ամս Ը(8):

30. Տէր Քրիստափոր յազատ տանէ յԱբրահամեան յանուանեալ տոհմէ, ամս Դ(4):

31. Տէր Եզր ի գաւառէն Գայի, ի գեղջէ Փառաժնկերտէ, սնեալ ի տան կաթողիկոսարանի, ամս Ժ(10):

32. Տէր Ներսէս ի գաւառէ Տայոց, ի գեղջէ Իշխանաց, ամս Ի(20): Սա աստուածայնով ջեռեալ նախանձու երկասիրաբար յարդարեալ շինէ զբազմապայծառ փարախ բանաւոր ոչխարաց ի Վաղարշապատ քաղաքին, այլ եւ վկայարան ս. Սարգսի ի Դուին քաղաքի. այլ եւ զքաւարան վիրապին սրբոյ ի Յարտաշատ քաղաքի:

33. Տէր Անաստաս ի գաւառէ Մասեացոտանէ, ի գեղջէ Կռոյ, ամս Զ(6):

34. Տէր Եղիայ ի գաւառէ Վանանդայ, ի գեղջէն Օթմսոյ` ամս Ժ(10):

35. Տէր Սահակ հայրենօք ի Ձորոփորոյ, ի գեղջէն Արքուաշինոյ, եւ մայրենօք ի Մազազայ, ի գեղջէ ի Բերդկանց յեպիսկոպոսութենէ Ռաստակաց` ամս ԺԷ(17): Սա գերեալ ի ժանդագործ ոստիկանէն Աբդլայէ ի Դամասկոս առաքի, եւ անտի փոխի ի Խառան, եւ վճարի ի կենաց աստի, եւ հրաշալի իմն նշանս ի մեռելութեան նորա տեսեալ Օկպային զօրավարին Տաճկաց, որ ոստիկան էր Հայոց, բազում այցելութիւն եւ ողորմութիւն ի ձեռն այնորիկ գտանէին աշխարհս Հայոց ի թշնամեաց իւրեանց:

36. Տէր Եղիայ ի գաւառէն Աղիովտայ, ի գեղջէն Արճիշոյ, յեպիսկոպոսութենէ Բզնունեաց, ամս Գ(3): Ի ՃԾԳ(153) թուականութեան (704  Ք.ծ.) կացեալ սորայ յաթոռ հայրապետութեան աշխարհիս Հայոց:

37. Տէր Յօհաննէս Իմաստասէր ի գաւառէ Տաշրայ, ի գեղջէ Ուձնայ, ամս ԺԱ(11):

38. Տէր Դաւիթ ի գաւառէ Կոտայից, ի գեղջէ Արամունից, ամս ԺԳ(13):

39. Տէր Տրդատ ի գաւառէն Վանանդայ, ի գեղջէ Օթմսոյ, ամս ԻԷ(27):

40. Տէր Տրդատ միւս, ի դասնաւորաց, ամս Գ(3):

41. Տէր Սիոն ի գաւառէ Արածայ, ի գեղջէ Բուաւնից, ի նմին կաթողիկոսարան սնեալ` յեպիսկոպոսութենէ Աղձնեաց, ամս Ը(8):

42. Տէր Եսայի ի գաւառէն Գայի, ի գեղջէ Եղիպատրուշոյ, ի տղայական հասակի ի կաթողիկոսարանի սնեալ, յեպիսկոպոսութենէ Գողթան, ամս ԺԳ(13):

43. Տէր Ստեփաննոս ի Դուին քաղաքի, ամս Բ(2):

44. Տէր Յովաբ ի յՈստանէն, ի Կորայ պաղինայ Ապարանիցն, ամս կէս:

45. Տէր Սողոմոն ի քաղաքէն Գառնոյ, մի ամ:

46. Տէր Գէորգ ի գաւառէ Արագածոտանէ, ի գեղջէ Բոյրականէ, ամս Գ(3):

47. Տէր Յովսէփ ի գաւառէ Արագածոտանէ, ի մայրաքաղաքէ յեկեղեցւոյն սրբոյն Գրիգորի, ամս ԺԱ(11):

48. Տէր Դաւիթ ի գաւառէ Մազազայ, ի գեղջէ Կակաղոյ, ամս ԻԷ(27):

49. Տէր Յովհաննէս ի գաւառէ Կոտայից, ի գեղջէ Ովայից, ամս ԻԲ(22):

50. Տէր Զաքարիայ ի գաւառէ Կոտայից, ի գեղջէ Ձագայ, ամս ԻԲ(22):

51. Տէր Գէորգ ի գեղաքաղաքէն Գառնոյ, ամս ԻԱ(21): Յաւուրս սորա կարգեալ կացուցանեն թագաւոր Հայաստանեայց զԱշոտ Բագրատունի զորդի Սմբատայ Բագրատունոյ սպարապետի Հայոց եւ ի վաղնջուց խափանեալ թագաւորութիւն կրկին նորոգումն առնոյր:

52. Տէր Մաշտոց, այրն Աստուծոյ յԱրագածոտանէ գաւառէ, հայրենօք ժառանգաւոր գոլով վկայարանի մեծի նահատակին Թէոդորոսի, որ է ի գեղն Եղիւարդ: Սա ի տղայական հասակէ կրօնաւորեալ ճգնողական հանդիսիւ, եւ խստամբեր վարուք, եւ խոտաբուտ ճաշակօք անցուցեալ զամենայն ժամանակս կենաց իւրոց: Եւ ի ծայրս բոլոր առաքինութեանց հասեալ առաւել պայծառանայր ի մէջ եղբարց բազմաց: Յետ որոյ եւ օծաւ իսկ ի քահանայապետութիւն Հայոց եւ ոչ աւելի քան զեօթն ամիս կալեալ փոխեցաւ յաշխարհէս ի հանդերձեալսն:

53. Եւ հուսկ յետոյ քան զամենեսեան զնոսա. ես հեքս եւ թշուառականս Յովհաննէս որ յաշակերտութենէ նորին երանելոյ Մաշտոցի, այլ եւ արեան հարազատ եւ մերձաւոր գոլով նմա. եւ հայրենօք ի մեծ դաստակերտ Դրասխկերտէ յետ սուղ ժամանակաց փոխադրութեան կենաց առն Աստուծոյ ընկալայ զաթոռ նորին, երանի՞ թէ եւ զօրինակն: Հանդիպիւր յայսմ ժամանակի թիւ Թորգոմեան շրջանիս ՅԽԶ(346) (897 Ք.ծ.). եւ այսպէս ինեւ հանդերձ լցեալ եղեւ թիւ յոբելեանին յիսներեկի համարոյ հայրապետութեանս Հայոց. որ սկիզբն առ յերջանիկ եւ սուրբ Լուսաւորչէն Գրիգորէ մինչ ցարդ եւս: Այս ստոյգ է եւ ճշմարիտ ի փառս Աստուծոյ:

Անանուն 
Քահանայապետք Հայոց Մեծաց

Յետ մատենի ժամանակագրութեանս թագաւորաց տէր տէրանց աշխարհիս` արանց Արշակունեացն` կամիմ յիշատակել եւ զամս Հայաստանեայց քահանայապետից սրբոց արանցն Աստուծոյ, թէ ո՞յք են, եւ ուստի՞ են, եւ կամ որչափ ամս աթոռակալեցին, թէպէտ եւ ոչ ոք յառաջնոցն հոգ յանձինն եբեր զթիւ ամաց աթոռակալութեան քահանայապետիցն մեզ աւանդել, այլ մեր բազում աշխատութեամբ ի խնդիր եղեալ գտաք ստուգապէս` զոր եւ կարգեցաք իսկ. եւ որք ի միջոցս կաթուղիկոսացս, քահանայք հոգաբարձուք կալեալ են ամս ինչ` ոչ համարեցայ պատշաճ զնոցայն ի կանոնս ընդունել զամս, այլ ընդտիկտիոնեան (բառարանայի՞ն-Ն.Ղ.) կարգաւ իբր զամսականս թագաւորաց ի թիւ ամաց աթոռակալացն հաւաքեցի: Արարից եւ փոքր ինչ նախապատում, եւ ապա ի կանոնին յանձնիւր ի տեղին դրոշմեցից:

1. Նախ եկաց քահանայապետ Հայոց աշխարհիս սուրբն Գրիգորիո ի ԺԷ(17) ամի թագաւորութեանն Տրդատայ, եւ եկաց ամս Լ(30): Սա է որդի Անակայ Պարթեւի, որ եւ Պահլաւիկ, եւ Արշակունիք, ի զաւակէն Աբրահամու ի Քետուրական ծննդոց: Եւ որդիք սրբոյն Գրիգորի` Արիստակէս եւ Վրդանէս: Եւ որդիք Վրդանիսի` Գրիգորիս եւ Յուսիկ: Եւ որդիք Յուսկանն` Պապ եւ Աթանագինէս: Եւ որդի Աթանագինի` սուրբ Ներսէս, եւ որդի սրբոյն Ներսէսի` սուրբն Իսահակ: Ի սմանէ բարձաւ ժառանգութիւն յազգականութենէ Գրիգորի:
Իսկ որք արժանի եղեն աթոռոյ մեծի եւ աստիճանի կաթուղիկոսութեան Հայաստան աշխարհի` այսոքիկ են եւ այսչափ ամ:

2. Սուրբն Արիստակէս, ամս եօթն:

3. Մեծն Վրդանէս, եղբայր Արիստակիսի, ամս ԺԷ(17):

4. Սուրբ Գրիգորիս, որդի Վրդանիսի, ամս երեք:

5. Սուրբ Յուսիկ, եղբայր նորին, ամս երեք:

6. Փառներսէ յայլումն ազգէ, ի Տարօն գաւառէն` յԱշտիշատ գեղջէ, ամս երեք:

7. Սուրբ Ներսէս, որդի Աթանագինէի, թոռն Յուսկանն, ամս ԼԴ(34) :

8. Շահակ Աղբիանոսի ի յԱրքայ ի Մանազկերտ գեղջէ, ամս Դ(4) :

9. Զաւեն, եղբայր նորին, ամս Դ(4) :

10. Ասպուրակէս, եղբայր նորին, ամս քսան:

11. Սուրբ Սահակ, որդի սուրբ Ներսէսի, ամս ԽԷ(Ե) (47 կամ 45) :
Աստանօր դադարէ հայրապետութիւն ի տանէ ս. Գրիգորի:

12. Սուրմակ հակառակ ս. Սահակայ ի գաւառէն Բզնունեաց, ի գեղջէն Արծկէոյ ի Վռամայ կացեալ հայրապետ ամ մի, հալածեցաւ ի նախարարացն Հայոց: Իսկ զկնի մահուանն Սահակայ դարձեալ յաջորդէ զամս վեց:

13. Յովսէփ, ի գեղջէն Հողոցմանց, յաշակերտացն ս. Մեսրոպայ, ամս Ը(8) : Սա չարչարեալ Յազկերտէ ընդ ս. Ղեւոնդեանցն պսակի ի Քրիստոս:

14. Գիւտ, ի գաւառէն Վանանդայ յՕդմսու գեղջէ, ամս տասն: Սա հաստատեաց զաթոռ հայրապետութեան ի Դուին, ի սադրելոյ սրբոյն Վարդանայ:

15. Ապա Յովհան ազատ, ի տանէ Մանդակունոյ` ԺԲ(12): Սա յարդարեալ քարոզս եւ զաղօթամատուցն եւ երգս հոգեւորս ի փառս Աստուծոյ :

16. Բաբգէն ի Վանանդայ, յՕթմսոյ գեղջէ, ամս վեց: Յաւուրս սորա, ի սադրելոյ սորին Յույնք եւ ամենայն յԻտալիա, եւ Հայք եւ Վիրք առհասարակ նզովեցին զժողովն Քաղկեդոնի, եւ զտումարն Լեւոնի, եւ միաբան խոստովանեցին զուղղափառ հաւատս առաքելական եկեղեցւոյ ի ժամանակս Զենոնի եւ Անաստասայ ուղղափառ թագաւորաց:

17. Ապա Սամուէլ ի Բզնունեաց` ի գեղջէ յԱրծրունեաց (Արծկէոյ), ամս տասն:

18. Մուշէղ ի Կուտայից` ի գեղջէն Այլաբերից, ամս ութն:

19. Սահակ ի Հարքայ, ի գեղջէն Զակայէ ամս Է(7):

20. Քրիստափոր ի գաւառէն Բագրեւանդեայ ի գեղջէ Տիրառոյ (Տիրառճոյ), ամս վեց:

21. Ղեւոնդ ի գաւառէն Բագրեւանդայ առ բերանոյ ի գեղջէ փոքր Առմիսոյ (Ռասմիոյ), ամս երեք:

22. Ներսէս ի գաւառէ Բագրեւանդայ ի գեղջէն Աշտարակաց, ամս ինն:

23. Յօհաննէս ի Գաբեղենից, ի գեղջէ Սինձեղու, ամս ԺԵ(15):

24. Մովսէս յԱրագածոտնէ, ի գեղջէ Արավարդայ, ամս երեսուն: Ի սորա ժամանակն ԺԴ(14) ամի եդաւ հայ թուականն հրամանաւ սորին :

25. Աբրահամ Ռշտունեաց, ի գեղջէ յԱղփաթանից, ամս ԻԴ(Գ) (24 կամ 23) : Յաւուրս սորին ի բաց կացին Վիրք ի Հայոց եւ միաբանեցին ընդ Հոռոմս ընկալեալ զտումարն Լեւոնի :

26. Յոհան ի Կոգովտէ ի գեղջէ Բագարանայ, ամս ԻԶ(26) : Զսա Մուրիկ կացուցանէր կաթուղիկոս ի Բաժնի Յունաց, ի ժամանակս Աբրահամու, եւ հաստատեաց զաթոռն ի Կոտայսն :

27. Կոմիտաս յԱրագածնօտէ, ի գեղջէն Աղցից, Շինող վկայարանի ս. Հռիփսիմեայ, ամս ութն:

28. Քրիստափոր յազատ տոհմէ, յԱբրահամեան ազգէ, ամս Դ(4) :

29. Եզր ի գաւառէն Նգայ, ի գեղջէն Փառազնակերտէ, ամս տասն:

30. Տէր Ներսէս ի Տայոց, ի գեղջէն Իշխանաց, ամս Ի(20) : Սա (յ)արդարեալ շինէ զփարախ բանաւոր հօտին ի Վաղարշապատ քաղաքին, այլ եւ զվկայարան ս. Սարգսի ի Դուին, եւ զքաւարան Վիրապին Արտաշատ քաղաքին:

31. Տէր Անաստաս ի Մասեացոտնէ, ի գեղջէ Ակուստոյ, ամս վեց:

32. Տէր Եղիշէ ի Վանանդայ, յՕթմսոյ գեղջէ, ամս տասն:

33. Տէր Սահակ հայրենեօք ի Ձորոյփորոյ յԱրքուշին գեղջէ, ամս ԺԷ(17): Սա գերեալ յԱբդլայէ ի Դամասկոս, եւ փոխեալ ի Խառան` վախճանի, եւ հրաշալի նշան ի մահուան օրն նորա տեսանի զօրապետին տաճկաց, որ Ոստիկան էր Հայոց, բազում բարիս եւ ողորմութիւնս առնէ Հայոց ազգին :

34. Տէր Եղիայ ի գաւառէն Ելիովտայ, ի գեղջէն Արճիշոյ եպիսկոպոսութեան Բզնունեաց ի ՃԺԲ(112) թուին Հայոց (663 Ք.ծ.) յաջորդեաց զաթոռ հայրապետութեան Հայոց ամս ԺԳ(13) :

35. Տէր Յոհան Իմաստասէրն ի Տարշեաց գաւառէն, ի գեղջէն Օձնոյ, ամս ԺԵ(35):

36. Տէր Դաւիթ ի Կոտայից, գեղջէն Երեմոնայ` ամս ԺԳ(13):

37. Տէր Տրդատ ի Վանանդայ յՕթմսու գեղջէ, ամս երեք:

38. Տէր Տրդատ ի տասնաւորացն, ամ մի եւ երեք ամիս:

39. Տէր Սիօն ի գաւառէ Արածի, ի գեղջէ Բիսովնից, ամս ութն:

40. Տէր Եսայի ի Նգայ յԵղապատրշոյ, ամս ԺԴ(12) :

41. Տէր Ստեփաննոս ի Դուին, ամս երկու:

42. Տէր Յովափիոս (Յովաբ) ի տանէն (կաթողիկոսակա՞ն – Ն.Ղ.), ամ մի :

43. Տէր Սողոմոն ի Գառնոյ, ամ մի:

44. Տէր Գէորգ յԱրակածոտնէ ի Բիւրականէ, ամս երեք:

45. Տէր Յովսէփ յԱրակածոտնէ յեկեղեցւոյ ս. Գրիգորի, ամս ԺԵ(15):

46. Տէր Դաւիթ ի Մաղազայ, ի գեղջէն Կաղաղոյ (Կազաղաղւոյ), ամս ԻԷ(27):

47. Տէր Յոհաննէս ի Կոտայիցն, ի գեղջէն Ձագայ, ամս ԻԲ(22) :

48. Տէր Գէորգ ի Գառնոյ, ամս ԻԱ(21) : Յաւուրս սորա կացուցանեն թագաւոր Հայոց զԱշոտն Բագրատունի, զորդին Սմբատայ Բագրատունի սպարապետին Հայոց, թուին ՅԺԳ(313) (864 Ք.ծ.):

49. Տէր Մաշտոց յԱրակածնոտնէ, ժառանգաւոր վկայարանին Թէոդորոսի ի գեղջէ Ընձեղիվարդ, ամիսս եօթն:

50. Տէր Յոհաննէս հարազատն նորին յաջորդէ զաթոռն, յորում ամ էր Հայ թուականն ՅԽԶ(346) (897 Ք.ծ.), ամս ԺԱ(12) :

51. Տէր Եղիսէ, տարիս երեք:

52. Տէր Անանիայ, ամս ԻԲ(22) :

53. Տէր Վահանիկ, ամս Բ(2) :

54. Տէր Ստեփաննոս Ընդակերն, ամս երեք:

55. Տէր Խաչիկն, ամս ԻԱ(21): Յետ սորա առանց վերադիտողի մնացեալ աշխարհս Հայոց: Իսկ Գագիկ շահանշահ ժողովեալ զամենայն եպիսկոպոսունս եւ զհարս` ձեռնադրեն զտէր Սարգիս հայրապետ յաթոռ ս. Գրիգորի որ էր Հայոց թուին ՆԽԱ (992 Ք.ծ.): Իսկ ի ծննդենէ Փրկչին ՋՂԷ(997) սա նմանեալ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին:

ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԿԵԴՈՆԱԿԱՆ ԵՒ ՈՉ ՔԱՂԿԵԴՈՆԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՄԻՆՉԵՒ X ԴԱՐԸ17

Պատրիսիա Բուասոն-Շնորոքեան
Փարիզ, հայագետ, բանասեր

Հոդվածում արծարծված թեման վերաբերում է հայոց կաթողիկոսների երկու ցուցակների: Առաջինը Ժերար Գարիտի հրատարակած Պատմութիւն Հայոց իրաց18 (այսուհետ` Իրք) աշխատության մեջ տեղ գտած հունարեն տեքստն է (այսուհետ` Հուն. Ցուցակ; տեքստի հայերեն թարգմանությունը տե՛ս «Կրոն և Հասարակություն» հանդեսի 13 համարում: Այս ցուցակն անանուն է, եւ գրության թվականը դեռեւս ճշտորեն հաստատված չէ: Ցուցակն սկսվում է առաջին հայրապետ եւ Հայոց եկեղեցու օրենսդիր  Գրիգոր Լուսավորիչով (III դ. վերջ-IV դ. սկիզբ) եւ ավարտվում Սահակ III կաթողիկոսով (678-705): Տեքստը տալիս է հայրապետների անունը, նրանց աշխարհագրական ծագումը, աթոռակալության տեւողությունը եւ ոմանց դեպքում` նաեւ այլ տեղեկություններ փոքր ծանուցումների տեսքով:
Հաջորդ ցուցակը հայերեն է, գրված X դարի հայոց կաթողիկոս Յովհաննէս Դրասխանակերտցու ձեռքով: Այս տեքստը հրատարակվել է երկիցս. առաջին անգամ Սամուել Անեցուն նվիրված` Ա. Տէր-Միքելեանի աշխատության մեջ19 (այսուհետ` Հայ. Ցուցակ), երկրորդ անգամ` Երուսաղեմի Սուրբ Յակոբեանց վանքի ձեռագրերի մայր ցուցակում20, բայց ոչ ամբողջական: Հայ. Ցուցակը նույնպես սկսվում է Գրիգոր Լուսավորիչով եւ շարունակվում Սահակ III-ից հետո մինչեւ նույն Յովհաննէս կաթողիկոսը (այսինքն` X դ.):
Հայոց Պատմություն հեղինակած Յովհաննէս Դրասխանակերտցին, որ հայտնի է նաեւ «Պատմիչ» եւ «Մաշեալ»21 անուններով, ծնվել է Այրարատ աշխարհի Դրասխանակերտում` 870-875 թթ. միջեւ, կաթողիկոսական գահ է բարձրացել 897 թվականին` հաջորդելով Մաշտոցին, որի տեղապահն էր, եւ մահացել է Վասպուրականում, 925-929 թթ. միջեւ: Նա վերջին հայրապետն էր, որ նստում էր Դվինում` V դարից հաստատված կաթողիկոսարանում22:
Յովհաննէսն իր ցուցակը գրում է քաղաքական եւ կրոնական բազմահոլով ու մրրկահույզ միջավայրում, Աշոտ Բ (913-928)` Բագրատունյաց տոհմի  երրորդ թագավորի օրոք: Հիմնվելով 884 թ. Աշոտ Ա-ի կողմից, Հայոց նոր թագավորությունն այսպիսով վերականգնում է Արշակունիների անկումից հետո V դ. սկզբին կորսված պետականությունը:
Այդուհանդերձ, չնայած թագավորության վերականգնմանը, մի կողմից` Հայքը  քաղաքականապես կախված է խալիֆաթից եւ շարունակում է մնալ արաբական Արմինիյա նահանգի (որ ընդգրկում էր Հայքը, Վիրքը եւ Աղվանքը) սահմաններում` միաժամանակ  ենթակա լինելով Կոստանդնուպոլսին23: Մյուս կողմից` նորաստեղծ պետականությունն ստիպված է անընդմեջ գոյատեւել սպառնալիքների ներքո. հայ մեծատուն նախարարների կողմից, ինչպես, օրինակ, Արծրունիները, հարեւան Կարինի, Թիֆլիսի, Մծբինի, Սալմաստի եւ Հերի արաբ իշխանների կողմից եւ հատկապես խալիֆի պաշտոնական ներկայացուցիչների` ոստիկաններ Աֆշհինի (889-901) եւ նրա եղբայր Աբուլ-Քասիմ Յուսուֆի (901-927) կողմից, որոնք չեն դադարում երկիրը հալածանքների ենթարկել: Նման քաղաքական իրադրության ուղղակի հետեւանքը հոգեւոր կյանքի վրա կաթողիկոսական տան երկարամյա դեգերումների փաստն է, քանի որ Դվին քաղաքը կրկին դարձել էր մուսուլմանական հենակայան: Սակայն կաթողիկոսը շարունակում է առիթի դեպքում խաղալ ե՛ւ միջնորդի դեր գահի հավակնորդ հակառակորդների միջեւ, ե՛ւ դեսպանի դեր խալիֆի ներկայացուցիչների կամ բյուզանդացիների մոտ: Նա այդպես բանակցել է, օրինակ, Բյուզանդիայի պատրիարք Նիկողայոս Միստիքոսի հետ` Աշոտ Բ-ի համար:
Բագրատունյաց ժամանակաշրջանի կրոնական իրադրությունը բնորոշվում է նաեւ մեկ այլ տեսակետից. դա քաղկեդոնականության խնդիրն է: Նույնիսկ եթե Հայքում դարերով գոյություն ունեցող քաղկեդոնականությունը Բագրատունիների շրջանում լիովին ու վերջնականապես արմատախիլ չէր արվել, հայերը հիմնականում հակառակ էին բյուզանդական քաղկեդոնականությանը: Որպես այս փաստարկի ապացույց` նշենք Յովհաննէս կաթողիկոսի որոշումը, երբ 914 թվականին հրաժարվում է ուղեկցել Աշոտ Բ-ին Կոստանդնուպոլիս` արքայական տիտղոսը հաստատելու համար: Նրա պահվածքը թելադրված էր Հայքում քաղկեդոնական խնդրի շուրջ բանավեճը կրկին աշխուժացնելու վախով:

Կաթողիկոսական երկու ցուցակները կազմված են միեւնույն ձեւով: Սակայն Հուն. Ցուցակն ի ցույց է դնում Հայոց եկեղեցու հարաբերությունները Բյուզանդական եկեղեցու հետ` քաղկեդոնականության տեսակետից, իսկ Հայ. Ցուցակը ներկայացնում է երկու եկեղեցիների հարաբերությունները ոչ քաղկեդոնական տեսակետից: Երկու ցուցակներն այսպիսով հակասական են:
Այսպես, Հայ. Ցուցակի § 18-ում զետեղված ծանուցման համաձայն` Բաբգէն հայրապետի (VI դ. սկիզբ) ջանքերի շնորհիվ Հունաստանը, Իտալիան, Սիրիան, Հայքը, Վիրքը եւ Աղվանքը նզովեցին Քաղկեդոնի ժողովը. «Նրա օրոք, նրա իսկ նախաձեռնությամբ եւ հոգեւոր աշխատության ու ջանքերի շնորհիվ, Հույները, ողջ Իտալիան, Ասորեստանը եւ Հայքը, Վիրքն ու Աղվանքն առհասարակ միասին նզովեցին Քաղկեդոնի ժողովը եւ Լեւոնի տոմարը եւ միակարգ միակամությամբ խոստովանեցին Առաքելական եկեղեցու ուղղափառ հավատի դավանությունը, հռոմայեցիների (իմա` բյուզանդացիների) Զենոն եւ Անաստաս բարեպաշտ կայսրերի ժամանակ»24: Այսինքն` այստեղ Հայոց եկեղեցին մյուս եկեղեցիների համար հանդես է գալիս առաջնորդողի դերում: Այն վճռականորեն հակաքաղկեդոնական է եւ դավանական կատարյալ միաբանության մեջ նույնիսկ  Հունաց եկեղեցու հետ: Իսկ ինչպե՞ս էր իրականում: Բանն այն է, որ VI դարասկզբին, Հայոց եւ Հունաց եկեղեցիները պառակտված չէին, ինչպես վկայում են Բաբգէնի գրած ժողովական նամակները, որ պահպանվել են Գիրք Թղթոցում25: Ինչպես ընթերցում ենք 505-506 թթ. ժողովով թվագրված եւ ասորիներին հասցեագրված թղթում. «…ծանուցանեմք ձեզ եթէ Հոռոմք (բյուզանդացիները) եւ մեք Հայք, եւ Վիրք, եւ Աղուանք, զհայհոյութիւնս զայս ոչ ընկալաք եւ ոչ ընդունիմք, եւ ոչ հաղորդիմք եւ ոչ հաւատամք, այլ եւ նզուեմք որ այսպէսն ասեն եւ ուսուցանեն»26: Ո՞ր հայհոյությունները: «…ի Քաղկեդոնին ստութիւն Նեստորի եւ այլոցն նմանից…»27:
Իրոք, Բաբգէնի օրոք Հայոց եւ Հունաց եկեղեցիները  դավանական միաբանության մեջ էին, սակայն այդ միաբանությունը վերաբերում էր միայն «նեստորականների պիղծ հերձվածին» եւ ոչ Քաղկեդոնի ժողովի ողջ դավանաբանությանը: Այդ ժամանակ հայերը պաշտոնապես չէին հակառակվել Քաղկեդոնի դավանաբանությանը: Միեւնույն ժամանակ, Անաստաս կայսեր (491-518) թագավորության երկրորդ կեսի ընթացքում բյուզանդական կրոնական քաղաքականությունը տարվում էր Քաղկեդոնի դավանաբանության ժխտման ուղղությամբ` խոստովանելով Քրիստոսի մեկ բնությունը28: Միայն 518 թ. Հուստին I-ի գահ բարձրանալուց հետո էր, որ Բյուզանդիայում քաղկեդոնական դավանանքը լիարժեք վերականգնվեց:
Հույն. Ցուցակը ոչ մի ակնարկ չի անում Անաստասի հակաքաղկեդոնական քաղաքականության մասին, դրա փոխարեն շարադրում է (§§ 35-40) Հայոց եւ Բյուզանդական եկեղեցիների պաշտոնական բաժանումը: Այսպես, §36-ում կարդում ենք.  «Եւ չնայած նրանք ուրացել էին Սուրբ Գրիգորի եւ մյուս Հայրերի ավանդույթը (այստեղ ակնարկվում է 427-428-ով թվագրվող` Կեսարիայի աթոռի իրավասությունից խզումը), այնուամենայնիվ, Քաղկեդոնի ժողովի եւ Քրիստոսի երկու բնության մասին նրանք անվարան էին 103 տարի շարունակ` Քաղկեդոնի ժողովից մինչեւ Դվինի ժողովը. սրանից հետո միայն նրանք անջատվեցին հունաց միաբանությունից»: Իրոք, 555 թ. Դվինի երկրորդ ժողովի ժամանակ էր, որ Հայոց եկեղեցին պաշտոնապես դիրքորոշվեց քաղկեդոնական դավանանքի դեմ եւ անջատվեց Բյուզանդական եկեղեցուց:
Յովհաննէս կաթողիկոսը հայոց կրոնական պատմության մեջ բաց է թողնում այս կարեւորագույն իրադարձությունը: Ինչո՞ւ: Նրա համար հայերը, ինչպես եւ բոլոր մյուս եկեղեցիները, միշտ եղել են հակաքաղկեդոնական, եւ սա` արդեն իսկ Բաբգէնի օրոք: Եվ եթե դավանական պառակտում է եղել, ապա դա բյուզանդացիների մեղքով է, որոնք դարձել են քաղկեդոնական: Պատմիչ հայրապետը ժխտում է բյուզանդական եկեղեցու որեւէ գերակայություն Հայոց եկեղեցու հետ հարաբերության մեջ ինչպես դավանաբանության, այնպես էլ իրավասության հարցերում:
Այսպես, Հուն. Ցուցակի 10, 11 եւ 12 պարբերություններում ներգրված ծանուցման մեջ նշված է, որ IV դ. վերջի երեք հայրապետները` Յուսիկը, Զաւենը եւ Ասպուրակէսը, եպիսկոպոս ձեռնադրելու թույլտվություն չունեին, քանի որ Կեսարիայի պատրիարքն արգելել էր այդ իրավունքը 374 թ.` Ներսէս Մեծի մահվանից հետո: Դրասխանակերտցին չի հիշատակում այս արգելքը. Հայոց եկեղեցու նկատմամբ Կեսարիայի իշխանությունը նրա համար գոյություն չունի: Հայոց եկեղեցին ինքնագլուխ է հենց սկզբից, ինչպես եւ նա այդ մասին երկար բացատրում է իր ցուցակի առաջաբանում. «Առաջինը, սուրբ առաքեալներ Թադեոսից եւ Բարդուղիմեոսից հետո, որոնց վիճակվեց Տիրոջից քարոզել եւ ավետարանել Ասքանազյան մեր ամբոխը (…) երիցս երանելի Գրիգոր Լուսավորիչը, մեծ Պարթեւը, Սուրենյան Պահլավ (տոհմից), Արշակունյաց ազգից, նրանց փոխարինեց առաքելական աթոռին (…) երկու առաքյալներից հետո նա եղավ երրորդը»29:
Հայ. եւ Հուն. Ցուցակների միջեւ եղած մեկնաբանական տարբերությունները առկա են նաեւ այլ ոլորտներում, ինչպես, օրինակ, Հայոց եկեղեցու եւ մեծատուն նախարարների միջեւ եղած հարաբերություններում: Այսպես, Հուն. Ցուցակի 14-21 պարբերություններից տեղեկանում ենք, որ Վահրամ V-ը (420-438) աթոռանկ է արել Սահակ Մեծին եւ  նշանակել Սուրմակին, որովհետեւ նա ընդդիմացել էր նախարարների ցանկությանը` ձերբազատվել հայոց արքայից: Բայց Սուրմակից դժգոհ` նախարարները շահնշահից խնդրեցին մեկ այլ հայրապետ, ասորի Բրքիշոն, որն իր հերթին աթոռանկ արվելով` նրա փոխարեն նստեց Սամուէլը, որն էլ մահացավ նշանակումից երկու տարի անց: Այս իրադարձություններից հետո Կեսարիայի պատրիարքը կրկին արգելք դրեց Արեւելքի եպիսկոպոսների ձեռնադրության վրա:
Հուն. Ցուցակի ներկայացրած իրադարձությունները հաստատում են հայոց այլ աղբյուրները, ինչպես Ղազար Փարպեցին30, Մովսէս Խորենացին31 եւ Ստեփանոս Ասօղիկը32: Հայ. Ցուցակի 13 եւ 14 պարբերությունները հայտնում են, որ Պարսից արքան Սուրմակին հակադրեց Սահակ Մեծին, սակայն նախարարները վռնդեցին Սուրմակին, որ նստել էր հայրապետական աթոռին Սահակ Մեծի մահվանից հետո: Նախարարներն այստեղ ներկայացված են որպես կաթողիկոսի պաշտպաններ, այնինչ շատ հաճախ կաթողիկոսը նրանց գործիքն էր:
Իր Հայոց պատմության33 մեջ Յովհաննէս Դրասխանակերտցին Սահակ Մեծի աթոռանկության դրվագը պատմում է նույն ձեւով, ինչ Հուն. Ցուցակը: Թվում է, թե պատասխանելով Հուն. Ցուցակին` կաթողիկոսը ցանկացել է նվազագույնի հասցնել իր հայրենակիցների երբեմն անփառունակ դերակատարությունը եւ ցուցանել Հայոց եկեղեցու կատարյալ վարկանիշը` որեւէ իշխանությունից անկախ, ոչ քաղկեդոնական եւ սատարված իր նախարարների կողմից:
Այն պահից, որտեղ վերջանում է Հուն. Ցուցակը, այսինքն` Սահակ III-ից (678-705) հետո, Հայ. Ցուցակը, բացի արաբներին վերաբերող ծանուցումից (§ 35), Գէորգ հայրապետի օրոք Բագրատունիների թագի ներքո պետականության վերականգնման մասին ճեպագիր հիշատակությունից (§ 51) եւ իր նախորդ` Մաշտոց կաթողիկոսի մասին դամբանական դրվատանքի խոսքից (§ 52), հայոց հոգեւոր-կրոնական կյանքին վերաբերող ոչ մի այլ տեղեկություն չի պարունակում: Արդյոք կարելի՞ է ասել, որ VI դ. վերջից մինչեւ X դարը հայոց կրոնական կյանքում հիշատակության արժանի ոչ մի իրադարձություն չի եղել: Իհարկե` ոչ: Առավել հավանական է, որ այլեւս պատճառ չունենալով պատասխանել Հուն. Ցուցակին (որ ավարտվում է VII դարավերջով)` Յովհաննէս Դրասխանակերտցին դադարում է ցուցակի մեջ ծանուցումներ ներմուծել եւ բավարարվում է լոկ հայրապետների թվարկումով մինչեւ իր գահակալությունը:
Այդուհանդերձ, այս երկու ցուցակների ճեպընթաց քննարկումից հետո  չպետք է անտեսել Դրասխանակերտցու հաղորդած բազմապիսի այլ տեղեկությունները, ինչպես , օրինակ` V դարի պարսկական հալածանքները (§ 15), VII դարում Հայոց եւ Վրաց եկեղեցիների պառակտումը (§ 27) եւ հատկապես Թորգոմա թվարկության եւ հայկական տոմարի հաստատումը` ըստ հայկական թվականության, որ տեղի ունեցավ Մովսէս կաթողիկոսի աթոռակալության տասներորդ տարում (26), այն է` 584 թվականին:
Այս երկու ցուցակներն ընթերցվում եւ հասկացվում են միայն միմյանց փոխհարաբերության մեջ: Եթե անգամ նրանք IV-X դդ. հայ կրոնական կյանքի պատմության դրվագներն ամենայն ճշգրտությամբ եւ ամբողջովին չեն վերարտադրում, այնուամենայնիվ, վկայում են երկու հակոտնյա տեսակետների մասին, որոնք խռովել են հայ-բյուզանդական հարաբերությունների` հավատի հարցերին վերաբերող պատմության մեծ հատվածը:
1. Հայտնի է նաեւ արեւելահայերեն թարգմանության մեջ նշված «Պատմություն հայոց հարցի մասին» վերնագրով, տե՛ս  Բարթիկյան, «Narratio de rebus Armeniae», հունարեն թարգմանությամբ մեզ հասած մի հայ քաղկեդոնական սկզբնաղբյուր, Բանբեր Մատենադարանի, n. 6, 1962, էջ 457-470:
2. Historia haeresis Monothelitarum, sanctaeque in eam sextae synodi actorum, vindiciae. Diversorum item antique, ac medii aevi, tum historiae sacrae, tum Dogmatica, Graeca Opuscula. Accedit etc.
3. André Gallandi, Bibliotheca Veterum Patrum, tome XIV, Venise 1781; Migne, Patrologie Grecque, vol. 127, col. 885-900 et vol. 132, col. 1237-1253, Paris 1864.
4. G. Garitte, La Narratio de rebus Armeniae, édition critique et commentaire. Corpus Scriptorum Christianorum Orientalium, vol. 132, Subsidia tome 4, Louvain 1952.
5. J-P. Mahé, La Narratio de rebus Armeniae, traduction française, Revue des Etudes Arméniennes, 25 (1994-1995), p. 429-438.
6. Քրոնիկեբի… (Ժամանակագրություններ…), II հատ., էջ 336-341, Թիֆլիս 1892: Գարիտը, հենվելով հավանաբար Մելիքսեթ-Բեկի տեղեկության վրա, նշում է, որ ձեռագրերը պատկանում էին թիֆլիսյան Վրաստանում գրագիտություն տարածող ընկերությանը եւ կրում էին 312 եւ 248 համարները:
7. Վրաց աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին, հ. Ա, Երեւան 1934, էջ 72-73, 77-86:
8. Ըստ Գարիտի, Ժորդանիայի հրատարակած տեքստը պարունակում է` Հայոց կաթողիկոսների ցուցակը մինչեւ VII դարի վերջի կաթողիկոս Իսրայելը, Հայոց արքաների եւ մարզպանների համառոտ ցուցակը մինչեւ Սմբատ Բագրատունին (մոտ 700թ.) եւ Հայոց եկեղեցու տարբեր դրվագները պատմող հատված, 572 թ. միությունից մինչեւ 690 թ. միությունը, որը քաղված է նույն հունարեն Իրքից:
9. Այս վերնագրի փոխարեն Վ-ն տալիս է «Քաղվածք Պատիմոթինից» (այսինքն` պատմությունից) անվանումը:
10. «Նշանագիր կարգաց բանից ի Եզնկանն երիցու», Ա. Տէր-Միքելեան, հրատ. Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, ծանոթագրություններ, էջ 266-268: Այս ցուցակը նաեւ հրատարակվել եւ ուսումնասիրվել է առանձին, տե՛ս Ն. Ակինեան, Հանդէս Ամսօրեայ, 61 (1937), էջ 517-532 եւ Ն. Ադոնց, Սիոն 1938, էջ 147-152 եւ 180-185:
11. Ա. Տէր-Միքելեան, հրատ. Սամուէլ Անեցի, ծանոթագրություններ, էջ 269-272 եւ 272-277:
12. De administrando imperio, hուն. տեքստի հրատ. G. Moravcsik, անգլ. թարգմ. R.G.H. Jenkins, Budapest 1949,   44, 1.41 եւ 1.87 :
13. Շեղագիր հատվածը բացակայում է Վ-ում. ինչպես Գարիտը, մեջբերում ենք Մ-ից` թեթեւակի խմբագրությամբ:
14. Սահակի կողմից Հռիփսիմյանների նշխարների գյուտի, Վաղարշապատում մատուռների կառուցման եւ Կաթողիկեի վերանորոգման մասին մանրամասն տե՛ս Nazénie Garibian de Vartavan, «L’aspect primitif de l’église-mère Ēĵmiacin», Revue des études arméniennes 29 (2003-2004), p. 403-501 եւ Nazénie Garibian de Vartavan, La Jérusalem Nouvelle et les premiers sanctuaires chrétiens de l’Arménie : méthode pour l’étude de l’église comme Temple de Dieu, Fribourg-Erévan 2009, p. 256-282 եւ IV մասը:
15. Ընկալման հարմարության համար հայերեն ավանդական թվագրի կողքին նշել ենք համապատասխան թվանշանը:
16. Լրիվ անունն է հավանաբար Տիրայառիճ, ինչպես` Բագայառիճ – Ն.Ղ.
17. Հոդվածը լույս է տեսել L’Arménie et Byzance, histoire et culture, publications de la Sorbonne, Paris 1996 ժողովածուում, էջ 37-41:
18. La Narratio de rebus Armeniae, éd : critique et commentaire, Louvain 1967, p. 402-405.
19. Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ 1893, էջ 272-277:
20. Ն. Պողարեան, Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Յակոբեանց, Երուսաղեմ 1974, VII, էջ 447-451:
21. Այս մականունը հայրապետն ինքն է իրեն տալիս Ցուցակի առաջաբանում. «Հայոց կաթողիկոս երանելի Յովհաննէսի (գիրը), որ նաեւ անվանվում է «Մաշեալ», այն մասին, թե ովքեր, որտեղից եւ որքան ժամանակ կալեցին սուրբ Թադէոս առաքյալի աթոռը»:
22. Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. III, Երեւան, 1946, էջ 558-559, Մ. Չամչեան, Պատմութիւն Հայոց ի սկզբանէ մինչեւ ցամ տեառն 1784, հ. II, Վենետիկ, 1785, էջ 717 եւ հետո; Ղ. Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, I, ս. 81, Մ. Օրմանեան, Ազգապատում, Կ.Պոլիս-Երուսաղեմ, 1912-1927, II, ս. 1018:
23. Հայոց թագավորը կրում է «արխոն տոն արխոնտոն» տիտղոսը:
24. Ա. Տէր- Միքելեան, էջ 274 :
25. Գիրք Թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 41-51:
26. Նույն տեղում, էջ 48-51:
27. Նույն տեղում:
28. Զենոն (474-491) եւ Անաստաս (491-518) կայսրերի օրոք Կոստանդնուպոլսի պաշտոնական դավանանքը ներկայացված էր Հենոտիկոնի տեքստով (482), որի արմատական մեկնաբանությունը համարժեք էր Քաղկեդոնի ժխտմանը :
29. Տե՛ս «Կրոն և հասարակություն» հանդեսր 13-րդ համարի 60-րդ էջում:
30. Պատմութիւն Հայոց, հրատ. Գ. Տէր- Մկրտչեան, Ստ. Մալխասեանց, Թիֆլիս ,1904, էջ 26 եւ հետո:
31. Պատմութիւն Հայոց, հրատ. Մ. Աբեղեան, Ստ. Յարութիւնեան, Թիֆլիս, 1913, էջ 348 եւ հետո:
32. Պատմութիւն տիեզերական, հրատ. Ստ. Մալխասեանց, Սանկտ Պետերբուրգ, 1885, էջ 76 եւ հետո:
33. Պատմութիւն Յովհաննու կաթողիկոսի, Երուսաղեմ ,1867, էջ 74 եւ հետո: