Հայոց մասին Երեմիայի մարգարեության հետքերով

  • 18/12/2016
  • Գևորգ Ղազարյան

  • աստվածաբան, Հունաստան

Մարգարեությունները մի՛ արհամարհեք» (Ա Թես.5, 20)

Աստվածաշունչ մատյանում Հայաստանը հիշատակվում է ընդամենը մի քանի անգամ, և այդ եզակի հիշատակումներից մեկը հանդիպում է Երեմիայի գրքում: Սուրբ Երեմիան Հին Կտակարանի չորս մեծ մարգարեներից է, որի մարգարեական ծառայությունն սկսվել է Ք. ա. շուրջ 626 թ. և շարունակվել մինչև 580-70 թթ.: Իր գրքի 50-րդ և 51-րդ գլուխներում Երեմիան մարգարեաբար, պերճախոս ոճով ու սարսափազդու պատկերներով նկարագրում է Բաբելոնի գալիք անկումը, կործանումն ու ամայացումը: Ըստ մարգարեի` նրա կործանումը գալու է հյուսիսից` մարերի, հայոց թագավորների և հյուսիսային այլ ազգերի ձեռքով: Ահավասիկ այդ հատվածը` ըստ Աստվածաշնչի եբրայական (մասորեթական) բնագրի.

«Հարձակման նշա՛նը տվեք ընդդեմ Բաբելոնի: Շեփո՛ր հնչեցրեք, որ բոլոր ազգերը լսեն: Պատրաստեցե՛ք նրանց` պատերազմելու դրա դեմ: Ասացե՛ք Արարատի, Մինիի և Ասքանազի թագավորություններին, որ հարձակվեն դրա վրա» (Եր. 51, 27):

Բաբելոնի կործանման մասին Երեմիայի կանխասացությունն արվել է Երուսաղեմի տաճարի ավերումից (586 թ.) յոթ տարի առաջ` 593 թ.: Մարգարեության մեջ հիշված «Արարատը» նույն Ուրարտուն է, որն ապրում էր իր վերջին տարիները. 595-585 թթ. գահակալում էր Ուրարտուի վերջին` Ռուսա Դ թագավորը: «Մինի»-ն ըստ երևույթին նույնական է Ուրարտուի հին պարսկերեն «Արմինա» անվանմանը, այսինքն` Երեմիան կիրառել է երկու հոմանիշ եզրեր: Սա խիստ բնորոշ երևույթ է հրեական բանաստեղծության համար, իսկ Երեմիայի խոսքն աչքի է ընկնում հենց իր քնարական ոճով: Ինչ վերաբերում է «Ասքանազին», ապա Ծննդոց գրքի համաձայն` Ասքանազը Հաբեթի Գամեր որդու զավակն է և Թորգոմի եղբայրը (Ծն. 10, 2-3):

gg1

Հունարեն թարգմանությունը

 

Եգիպտոսի Պտղոմեոս Բ Ֆիլադելֆոս թագավորի օրոք (Ք. ա. 285-246 թթ.) սկսվեցին Հին Կտակարանի` հունարենի թարգմանելու աշխատանքները, որոնք ավարտվեցին ոչ ուշ քան Ք. ա. 130 թ.: Երեմիայի գրքի հունարեն թարգմանությունը եբրայական բնագրից 1/8-ով կարճ է, իսկ այլազգիների (այդ թվում նաև Բաբելոնի) դեմ ուղղված մարգարեությունները բերված են 25-րդ գլխի 13-րդ համարից մինչև 32-րդ գլխի 14-րդ համարը, մինչ եբրայական բնագրում դրանք կազմում են 46-51 գլուխները: Այսինքն` հունարէն թարգմանությունը որոշ իմաստով նաև խմբագրություն է: Ըստ այսմ` քննվող մարգարեությունը հունարենում ունի հետևյալ տեսքը.

«Երկրի վրա նշա՛ն բարձրացրեք, ազգերի մեջ շեփո՛ր հնչեցրեք, դրա [Բաբելոնի] դեմ ազգերին սրբացրէ՛ք, դրա դեմ Ինձանից պատվե՛ր տվեք Արարատի թագավորություններին ու ասքանազցիներին, դրա դեմ նետակալնե՛ր կանգնեցրեք, մարախի բազմության պես ձի բարձրացրեք» (Եր., 28, 27):

Ինչպես արդեն նշվեց, հունարեն թարգմանությունը կատարվել է Ք. ա. III-II դդ.` հելլենիստական շրջանում, երբ Բաբելոնն արդեն չկար, և պատմական ասպարեզում էր Երվանդունյաց Հայաստանը: «Յոթանասնից»-ի թարգմանիչներն այսպիսով, որոշակի խմբագրության են ենթարկել նախնական տեքստը` «Արարատն» ու «Մինին» միավորելով «Արարատի թագավորություններ»-ի մեջ` (հավանաբար հասկանալով, որ դրանք հոմանիշներ են), իսկ եբրայական տեքստի «Ասքանազի թագավորությունը» դարձրել են «ասքանազցիներ»:

Հայերեն թարգմանությունը

 

V դ. սկզբում, հայոց գրերի գյուտից հետո, սկզբնաբար ասորերենից և ապա վերջնականապես հունարենից խմբագրվելով` հայերենի թարգմանվեց Սբ. Գիրքը: Քննվող հատվածի գրաբար թարգմանությունը հետևյալն է.
«Առէք նշան ի վերայ երկրիդ, փող հարէք ընդ ազգս ամենայն, հրաւիրեցէք ի վերայ դորա գունդս, պատուէր տուք յինէն Այրարատեան թագաւորութեանցն եւ Ասքանազեան գնդին. կանգնեցէք զնովաւ նետակալս, ելէք ի վերայ … երիվարք իբրեւ զբազմութիւն մարախոյ» (Եր. 51, 27):
Թարգմանիչ վարդապետները հունարենի «Արարատը» թարգմանել են «Այրարատ», որը Մեծ Հայքի՝ Արշակունյաց տիրույթը հանդիսացող նահանգն էր: Նույն V դ. Կորյունը հայերին անվանում է «ասքանազեան ազգ», իսկ մեկ այլ թարգմանիչ վարդապետ` Մովսես Խորենացին, հայոց նահապետ Հայկին համարում է Ասքանազի եղբայր Թորգոմի որդի:

gg3

Պատմական ենթատեքստը

 

Մարգարեության տեքստային քննությունից հետո անցնենք դրա պատմական ենթատեքստին: Արդեն ասվեց, որ մարգարեությունն արվել է Ք. ա. 593 թ., իսկ Բաբելոնի անկումը տեղի ունեցավ դրանից 54 տարի հետո: Բաբելոնի վերջին թագավորը` Նաբոնիդը (555-539 թթ.), հասցրել էր վաստակել քրմերի ու հասարակ ժողովրդի հակակրանքը և լքել էր իր աթոռանիստը` կառավարումը թողնելով իր որդուն: Երբ Պարսից կայսրության հիմնադիր Կյուրոս Բ թագավորը (559-530 թթ.), Մարաց ու Լիւդիայի թագավորությունները հպատակեցնելուց հետո, 539 թ. հոկտեմբերին ուղղվեց դեպի Բաբելոն, նրա զորքերի մեջ էին Երվանդունյաց Հայաստանի հեծելազորն ու հետևակը: Քաղաքը Կյուրոսին հանձնվեց կարճատև դիմադրությունից հետո. բաբելացիները նրան դիմավորեցին որպես ազատարարի ու հանձնեցին քաղաքը: Դրա շնորհիվ Բաբելոնը զերծ մնաց կոտորածներից ու կործանումից: Այսպիսով, կարելի է ասել, որ Երեմիայի սարսափազդու մարգարեությունը չիրականացավ, կամ իրականացավ լոկ մասամբ: Սա առիթ է տալիս որոշ պատմաբանների կարծելու, թե Երեմիայի խոսքերը սոսկ պոետիկ չափազանցություն են:

Սակայն Երեմիայի կանխասացությունը ճիշտ գնահատելու համար նախևառաջ պետք է նկատի ունենալ, որ աստուածաշնչյան ընկալմամբ` մարգարեն Աստուծո պատգամախոսն է, որը գիտե անցյալը, ներկան և ապագան: Ուստի աստուածաշնչյան մարգարեություններն ունեն մի կարևոր հատկանիշ. դրանց մեջ կարող են միահյուսվել տարբեր ժամանակներին վերաբերող կանխասացություններ, որոնք բոլորովին հեշտ չե իրարից անջատել: Բացի դրանից, որոշ մեկնիչների կարծիքով՝ մարդկության պատմությունն ընթանում է շրջանաձև, ինչը թույլ է տալիս մարգարեության մեկնությունը չսահմանափակել միայն անցյալով:

Բաբելոնը՝ խորհրդանիշ

 

Բաբելոնն Աստվածաշնչի էջերին առաջին անգամ հայտնվում է Ծննդոց գրքի 11-րդ գլխի 1-9 համարներում` աշտարակաշինության պատմության մեջ, որտեղ «Բաբելոն» անունն ստուգաբանվում է որպես «խառնակություն»: Աշտարակաշինության պատճառով «Բաբելոնը» Ս. Գրքի էջերին դառնում է հպարտության և Աստուծո դեմ ընդվզումի, ընդհանուր առումով` մեղքի խորհրդանիշ: Որպես այդպիսին` Բաբելոնը վերջին անգամ հիշատակվում է Հայտնության գրքի 18-րդ գլխում, որտեղ նկարագրվում է նրա անկումը: Եվ ուշագրավ են այն ընդհանրությունները, որ կան Երեմիայի ու Հայտնության գրքի Բաբելոնների միջև: Այսպես, մարգարեն Աստուծո ժողովրդին (Հին Կտակարանում` հրեաները) կոչ է անում մինչև Բաբելոնի անկումը լքել քաղաքը. «Ելէք ի միջոյ նորա, ժողովուրդ իմ և ապրեցուցէք իւրաքանչիւր զանձինս ձեր ի սրտմտութենէ բարկութեան Տեառն» (Եր. 51, 45): Նույն կոչը Աստուծո ժողովրդին (Նոր Կտակարանում` քրիստոնյաները) ուղղում է երկնային ձայնը. «Ելէք ի միջոյ դորա, ժողովուրդ իմ, զի մի՛ հաղորդ լիցիք մեղաց դորա, եւ մի՛ զհարուածս դորա ընդունիցիք» (Յայտն. 18, 4):

Երեմիայի համաձայն` Բաբելոնն անմարդաբնակ է դառնալու. «Եւ եղիցի Բաբելոն ի բլուրս` բնակութիւն վիշապաց, յապականութիւն եւ ի շչիւն, եւ մի՛ բնակեսցի» (Եր. 51, 37): Նույնն է ասում նաև Հայտնության գիրքը. «Եւ լոյս ճրագի եւ ձայն երկանի այլ ոչ երեւեսցի ի քեզ, եւ ձայն փեսայի եւ ձայն հարսին այլ ոչ եւս լուիցի ի քեզ» (Յայտն. 18, 23):

Երեմիայի գրքի 50-րդ և 51-րդ գլուխները մարգարեն սուրհանդակի միջոցով ուղարկում է Բաբելոն` այնտեղ ընթերցվելու համար, և պատվիրում է նրան. «Եւ եղիցի յորժամ դադարեսցես յընթեռնելոյ մատեանդ զայդ, կապեսցես ի դմա քար եւ ընկեսցես ի մէջ Եփրատայ. եւ ասասցես, Այսպէս ընկղմեսցի Բաբելոն, եւ մի՛ կանգնեսցի ի չարեացն զոր ես ածից ի վերայ նորա» (Եր. 51, 63-64): Հայտնության գրքի համաձայն` «Եւ առ հրեշտակ հզօր քար մի իբրեւ զերկան մէծ, եւ ընկեց ի ծով ասելով, Այսպէս յարձակմամբ անկցի Բաբելոն քաղաք մեծ, եւ այլ ոչ եւս գտցի» (Յայտն. 18, 21):

Բաբելոնի անկման մասին Երեմիայի մարգարեության ու Հայտնության գրքի միջև այս և այլ ընդհանրությունները հիմք են հանդիսանում կարծելու, որ Երեմիայի մարգարեությունը նաև վերաբերում է հայտնութենական-վախճանաբանական Բաբելոնին:

gg2

Կոստանդնուպոլիսը՝ նոր Բաբելոն

 

Աստվածաշնչի վերջին` Հայտնության գիրքն ինչ խոսք, ամենախորհրդավորն է, և եկեղեցական մատենագրության մեջ համեմատաբար քիչ է մեկնվել: Հիմնական մեկնությունը հեղինակել է VI-VII դդ. մատենագիր, Կեսարիայի արքեպիսկոպոս Անդրեասը: Մեկնելով Հայտնության 16-րդ գլխի 19-րդ համարում յիշատակուած «մեծ Բաբելոնը»` Անդրեաս Կեսարացին կարծում է, որ դա Կոստանդնուպոլիսն է, որտեղ իր օրերում շատացել էր անօրենությունը, մինչդեռ 18-րդ գլխի Բաբելոնը համարում է նյութական և մեղսական այս աշխարհի խորհրդանիշ:

Պետք է նշել, որ Հայտնության «Բաբելոնը» կամ «Բաբելոնի պառնիկը» բնութագրվում է ոչ միայն բարոյական այլասերությամբ, այլև քրիստոնյաների հանդեպ հալածանքներով. «Եւ ի քեզ ամենայն արիւն մարգարէից եւ սրբոց գտաւ, եւ ամենայն գրելոց յերկրին կենդանեաց» (Յայտն. 18, 24): Վստահաբար, այս բնութագրականը ամենևին հարմար չէ Բյուզանդիոյ մայրաքաղաք Նոր Հռոմ-Կոստանդնուպոլսին (որն ինչպես և հայտնութենական Բաբելոնը, նավահանգիստ է՝ հիմնված յոթ բլուրների վրա), սակայն բավականին պատշաճ է հնչում «Ստամբուլի» վերածված Կոստանդնուպոլսի համար:

Պոլսի անկման (կամ ազատագրման) մասին մարգարեությունները զարգացել են հունական միջավայրում՝ օսմանցիների կողմից քաղաքի գրավումից հետոյ (1453 թ. մայիսի 29)` խոստանալով վերջիններիս տիրապետության տապալումը: Այդ կանխասացությունները՝ որպես քրիստոնեական վախճանաբանական գրականության մի տեսակ, ծաղկում են ապրել XVIII դ., ինչը պայմանավորված էր Օսմանյան կայսրության ներքին տկարացմամբ, քրիստոնյա հպատակների որոշ բարգավաճմամբ ու Ռուսական կայսրության հզորացմամբ: Այսպես, XVIII դ. վերջի հեղինակ Պանդազիս Լարիսացու մեկնաբանությամբ՝ թուրքերը «բաբելոնյան ցեղ» են, որ գրավել են յոթնաբլուր Կոսնանդնուպոլիսը, գերելով Նոր Իսրայելը՝ քրիստոնյաներին: Թուրքահպատակ Կոստանդնուպոլիսը նոր Բաբելոն է համարում նաև մեկ այլ մեկնաբան՝ Թեոդորետ Յանինացին, և այլք, սակայն Պոլսի անկման մասին ամենանշանավոր կանխասացությունները հայտնի են շրջիկ քարոզիչ, լուսավորիչ ու մարտիրոս սբ. Կոզմաս Էտոլիացու (1714-1779 թթ) անունով: Ըստ այդ մարգարեություններից մեկի՝ «Մեծ ճակատամարտ պիտի լինի Պոլսում: Այնտեղ պիտի կենտրոնանան բոլոր պետությունները, և այնքան արյուն պիտի հեղվի, որ հորթը պիտի լողա (դրա մեջ): Պիտի հաղթի շեկ ցեղը»: Պոլսի և ողջ Թուրքիայի անկման մասին այդ կանխասացությունները կրկնել է նաև վերջերս սրբադասված Պաիսիոս Աթոսացին (1924-1994 թթ.), համաձայն որի՝ Հայոց ցեղասպանության և բազմաթիվ այլ չարագործություններին ի հատուցում՝ Թուրքիան վերանալու է քարտեզից՝ բաժանվելով հույների, հայերի ու քրդերի միջև:

Այսպիսով՝ Երեմիայի քննվող մարգարեութեան «Բաբելոնը» դիտարկելով որպես խորհրդանշային հասկացություն, կարելի է հանգել այն եզրակացությանը, որ այն նույնական է Հայտնության գրքի Բաբելոնին: Եվ այս պարագային, հնարավոր չէ հաշուի չառնել այն մեկնիչների կարծիքը, որ Հայտնության Բաբելոնը «Ստամբուլի» վերածված Կոստանդնուպոլիսն է…