Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքում, 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ինչը ոմանք, չգիտես ինչու, հեղափոխություն էին անվանում, կրոնական խնդիրը մոռացության մատնվեց: Այս երևույթը պետք է փորձել հասկանալ։
Եթե մինչ 2018 թվականը Հայաստանում պարբերաբար կրոնական կրքերը թեժանում էին և, որպես կանոն, դետոնատարի դերում գործող իշխանությունների քայլերն էին հանդիսանում։ Այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցությունը դիրքավորվում էր որպես պահպանողական կուսակցություն և, որպես դրա ցուցադրություն, հաճախ շեշտը դնում էր Հայ Առաքելական եկեղեցու դերի կարևորման վրա, ի հաշից մյուս կազմակերպությունների իրավունքների։ Բարձր ամբիոններից պետական պաշտոնյանների ու կուսակցական ֆունկցիոնեների կողմից Հայ Առաքելական եկեղեցին հայտարարվում էր որպես «պետական եկեղեցի», իսկ մյուս կրոնական կազմակերպությունները կոչվում էին «աղանդներ»։ Բնականաբար, դա մյուս կազմակերպությունների մոտ դժգոհություններ էր առաջացնում։
Պահպանողական դիրքերից հանդես եկող կառավարող Հանապետական կուսակցությունը եկեղեցու միջոցով փորձում էր բարձրացնել իր հանրային լեգիտիմության աստիճանը, արդյունքում իշխանությունից դժգոհ քաղաքացիների մոտ առաջացնելով հակաեկեղեցական տրամադրություններ։
Ավելին, դեռևս 1991-ին, Սովետական Միության ժամանակաշրջանում ընդունված կրոնական կազմակերպությունների մասին օրենքի փոխարեն մինչ օրս չի հաջողվել ընդունել նոր օրենք։ 2001-ին Հայաստանը դարձել է Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ և պարտավորվել էր ընդունել նոր օրենք։ Նոր օրենքի ընդունման պարտավորությունների ժամկետը վաղուց անցել են։
Սա դեպքերի հաջորդականության սեղմ պատկերն էր, սակայն մեզ այլ հարց է հետաքրքրում, ինչպես փոխվեց հանրության վերաբերմունքը կրոնական խնդիրների հանդեպ։ Այս հարցում հետաքրքիր փոխակերպումներ են կատարվել։
2018-ից հետո իշխանության եկած «հեղափոխական» քաղաքական ղեկավարությունը, սկզբնական շրջանում, հակաեկեղեցական քաղաքականություն էր վարում, ավելին, անգամ վարչապետը վիրավորական արտահայտություններ էր օգտագործում հայ եկեղեցու հասցեին։ Նոր իշխանությունը փորձում էր դրանով լիբերալ երևալ։ Ինչպես տեսնում ենք, փոխվել էր քաղաքական գիծն, իրենց պահպանողական համարողների փոխարեն իշխանության էր եկել իրեն լիբերալ համարող ուժը։ Սակայն, հետագայում, երկրի առջը ծառացած ծանր խնդիրների պայմաններում, կրոնական խնդիրը առհասարակ մառացության մատնվեց։ Ավելին, կորցնելով հեղինակությունը, «հեղափոխական» իշխանությունը մի քանի անգամ փորձեց եկեղեցու հետ կարգավորել հարաբերությունները, սակայն, այս անգամ, արդեն Հայ եկեղեցին է հեռավորություն պահպանում Արցախի պատերազմում պարտված իշխանությունից։ Դրա ամենավառ ու սկանդալին դրսևորումներից մեկն այն էր, երբ վարչապետ Փաշինյանը դուրս հրավիրվեց եկեղեցուց Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներից մեկի կողմից, որտեղ պատերազմից ավարտից հետո մտել էր որպեսզի մոմ վառի։ Այս պատմության ամենահետաքրքիր կողմն այն էր, որ այդ ակցիայից հետո եկեղեցու հեղինակությունը սկսեց բարձրանալ։ Փաստորեն, երբ մինչ 2018-ը, երբ եկեղեցին փորձում էր ստանալ իշխանության աջակցությունը, դա հարվածում էր եկեղեցու հանրային հեղինակությանը, իսկ երբ եկեղեցին հեռավորություն է պահում իշխանությունից, հակառակ վերաբերմունքի է արժանանում։
Սա այն դեպքերից է, որ երբ մեծամասնության եկեղեցին զրկվելով իշխանության աջակցությունից, դառնալով անկախ ու չվախելանով արտահայտել իր ինքնուրույն կարծիքը, որը երբեմն հակառակվում է պաշտոնական տեսակետին, հանրության մոտ ավելի շահեկան դիրքերում է հայտնվում։
Նույնը դեռևս չի կարելի ասել մյուս կրոնական կազմակերպությունների մասին, որոնք, որպես կանոն, իրենց ինքնուրույն տեսակետները բարձրաձայն չեն արտահայտում և փորձում են չհակառակվել իշխող ուժին։ Նման պահելակերպի արդյունքում նրանք դառնում են մարգինալ համայնքներ։