17-րդ դարն հատկապեսա հետաքրքիր է հայ ժողովրդի կրոնական պատմության տեսակետից: Նյութական և բարոյական տեսակետից անկման հասած Էջմիածնի կաթողիկոսությունը վերածնվում է, առաջանում է անապատականների բարենորոգչական շարժումը: Դրա հետ զուգահեռ մեծ տարածում են գտնում տարաբնույթ աղանդավորական շարժումները:
Այդ շարժումների մեջ առանձնահատուկ տեղ ունի Մեխլու վարդապետի աղանդը: Նրա մասին տեղեկություններ է հաղորդում Զաքարիա Քանաքեռցին և Գրիգոր Դարանաղեցին:
Մեխլու վարդապետի մասին է Զաքարիա Քանաքեռցու Պատմության առաջին հատորի 29- րդ գլուխը: Մեխլուն ծագումով ուտի էր, Գանձակ քաղաքից: Սովորել է Աղվանքի կաթողիկոսանիստ Գանձասարի վանքում, վայելել է Հովհաննես կաթողիկոսի հովանավորությունը: Այնտեղ ձեռնադրվել է, ստացել ավագ սարկավագի կոչում, փիլոն և վեղար կրելու իրավունք:
Վանքերի պետքերի համար կաթողիկոսը նրան ուղարկել է գավառները. «Իսկ նա գնացեալ ձեւացոյս զինքն վարդապետ, եւ քարոզէր թիւր եւ անուղիղ հայհոյանս եւ չարաբանութիւնս։ Եւ լցոյց զերկիրն ամենայն խաբէութեամբ եւ պատիր բանիւք», – գրում է Զաքարիան։ Վանքերի իրավունքները պաշտպանելու փոխարեն, նա համայնքների սեփականություն էր հռչակում վանքապատկան գյուղերի հողերը, քարոզում էր գույքի հավասարություն, ընչաքաղց կղերին հակադրում «քրձազգյան եւ խարազանազգեստ» վանականությունը: Ըստ պատմաբանի. «Եւ եղեւ թշնամի աբեղայից. եւ ուր տեսանէր աբեղայ, մերկացուցանէր, եւ բրածեծ առնէր: Եւ ասէր ցժողովուրդն, ո’վ ոք աբեղայի տայ ի’նչ, ինքն ՚ի դժողքն իջանէ: Քանզի ո’չ է արժանի աբեղայն առնել պատարագ. վասնզի շնացողք են եւ պիղծ»:(1)
Կաթողիկոսն իմանում է նրա «պատիր բանիւք»-ի մասին, կանչում է Գանձասար եւ կարգալույծ անում նրան ու ստիպում «որպէս անուսումն Մուղտեսի» ծառայել միաբաններին։ Մեխլուն կարողանում է ձեռք բերել Գանձակի Դաուդ խանի համակրանքն, որը ստիպում է Հովհաննես կաթողիկոսին վերադարձնելու Մեխլուի կոչումը:
Մեխլուի շարժման մեջ մասնակցում էին ինչպես քրիստոնեաներ, այնպես էլ՝ մուսուլմաններ, որն ենթադրում է երկու հ կրոնների սինթեզ: Հայերը նրան անվանում էին Մեխլու վարդապետ, մուսուլմանները՝ Մեխլու բաբա: Ազնիվ հանդերձ ունեցող աբեղաներից տարբերվելու համար նա կրել է երկու մեխով ամրացած այծի մազից հյուսված փալաս: Մուսուլմանական որոշ աղանդապետերի պես Մեխլուն եւս հանդես է եկել քողարկված դեմքով, շուռ տված վեղարով ծածկել է երեսը, իբր թե իրեն արժանի չհամարելով նայելու երկնքին:
Զաքարիա Քանաքեռցին գրում է, որ նրա շուրջ հավաքվեցին մոտ 500 համախոհներ, որոնց միջից ընտրեց 12 «կտրիճեւ զօրեղ մարդիկք, եւ ետի ձեռս նոցա լախտ` որ է թօփուզ, եւ կապեաց թուրս զմէջօքն նոցա, եւ անուանեաց զնոսա` առաքեալս. եւ հրամայէր նոցա առնել` զոր ինչ ինքն կամէր»(2), և բաժանում իր համախոհների միջև:
Նրան աջակցում էին ինչպես հասարակ մարդիկ, այնպես էլ` «տգէտք երիցունք, փարթամ եւ մեծազգի մարդիկք»: Գրիգոր Դարանեղեցին հատուկ նշում է ջուղայեցի խոջաներինին, որոնք, ըստ նրա, ամենուրեք տարածում էին աղանդապետի ուսմունքն և փառքը:
Ըստ Դարանաղեցու, ջուղայեցի խոջաները մեծ առհամարանքով էին վերաբերվում կղերին, չէին հետևում կրոնական տոներին և պասերին, չէին հարգում եկեղեցու խորհուրդները: Եթե այդ ամենն դիտարկենք խոջաների տեսակետից, ապա ակնհայտ էր նրանց դժգոհությունը եկեղեցիական վերնախավից, որ ակնհայտորեն անկարող էր բավարարել նրանց կրոնական պահանջմունքները: Նրանք աջակցել են անապատական շարժմանը, աջակցեցին նաև Մեխլուի շարժմանը:
Մեխլուն դուրս է գալիս Գանձակից, ուղևորվում Գեղարքունիք, ապա՝ Կոտայք: Մեխլուի քարոզն Երևանի խանությունում ևս ջերմ արձագանք է գտնում: Հավանաբար, համոզված լինելով իր քարոզի ազդեցությանը, Մեխլուն ուղևորվում է Ամիրգունա խանի ապարանքը: Ամիրգունա խանը նրան վատ է ընդունում և հրամայում է ջրախեղդ անել: Ավետիս կաթողիկոսի խնդրանքով նրանց բաց են թողնում: Երևանից նա ուղևորվում է Քանաքեռ, որտեղ Զաքարիա Քանաքեռցու վկայությամբ. «…տգէտ ռամիկքն Քանաքեռոյ` յորժամ լուան զգալուստ նորա, գրոհ տուեալ ելին ընդ առաջ նորա` մինչեւ տնարգել աղջկունքն եւս գնային ՚ի տես կախարդին այնորիկ. որք երթեալ քսէին զստորոտ հանդերձի նորա յերեսս իւրեանց: Եւ բազում ողջագուրելով ընդունէին զնա»: Մեխլուն վկայություններ էր բերում ինչ որ «ժողովածուից», որի հիման վրա վատաբանում էր վանականներին եւ հավաստիացնում, թե սեւագլուխներին սպանողներն արժանանալու են արքայության:
Քանաքեռից, Ավետիս կաթողիկոսն ու խանի զինվորները Մեխլուինվռնդել են իրենց տարածքներից, որից հետո նա գնացել է Էրզրում: Մեխլուն փորձում է իր շարժումը տարածել նաև Արևմտյան Հայաստանում, սակայն հանդիպում է կղերականների լուրջ դիմադրությանը:
Համարվում է, որ Մեխլու վարդապետը նպաստել է Նոր Ջուղայում աղանդավորական հայացքների տարածմանը: Նոր Ջուղայում XVII դարի կեսերին տարածում ստացավ դերձակ Թումիկի (Թովմաս) աղանդը։ Թումիկի հետևորդները ժխտում էին եկեղեցու բոլոր յոթ խորհուրդները, Քրիստոսի աստվածության, մեռելների հարության և վերջին դատաստանի առասպելները, մերժում էին եկեղեցական նվիրապետություն, նշավակելով նրա ներկայացուցիչներին, որպես խաբեբաների:(3)
Թումիկի աղանդին վերջ դնելու համար Նոր Ջուղայի առաջնորդ Խաչատուր Կեսարացին 1642 թ. Նոր Ջուղայում եկեղեցականների և աշխարհականների կրոնաժողով գումարեց, նախապես գոցելով եկեղեցիների դռները և ի վերջո բանադրելով «ժանտ և դժնաբարո Թումիկին»։ Թումիկն այդ բարձր հավաքույթի առաջ իսկ պաշտպանեց իր հայացքները, համոզված լինելով, որ իր կողմն է շատերի համակրանքը։
Թումիկի աղանդի հետ կապվում է նաև նույն կրոնաժողովի կողմից դատապարտված ոմն Սև Պետրոսը։ Նոր Ջուղայի կրոնաժողվն արձանագրում էր, որ Սև Պետրոսն և իր համախոհները հերձվածի մեջ էին ընկել իբրև «նոր մի Արիոս ու Նեստոր»։
Հիշատակելու արժանի է Սերկևիլ գյուղի աղանդը(4): Գրիգոր Դարանաղցին պատմում է, որ 1599 թ. սերկևիլցի մի գեղջկուհու տեսիլք է երևում՝ տնամերձ այգու կենտրոնում աճող ուռենու վրա տեսնում է Գաբրիել հրեշտակապետին(5):
Սերկևիլի աղանդավորուհին զարդարում է իրենց բակի ուռենին, քարոզում, թե Գաբրիել հրեշտակապետ, որը հանդիսանում է մահվան տերն, իրեն ընտրել է, եթե նա մեկի համար խնդրի, մահ չի տեսնի: Նրա մոտ մեծ թվով ուխտավորներ են գալիս՝ բազմապիսի նվերներով, զոհաբերվող կենդանիներով: Աղանդավորուհուն սպասավորում էին հուժկու երիտասարդներ, շատ ուխտավորներ, անգամ հոգևորականներ: Պատմիչ Գրիգոր Դարանաղցին, որ միակ աղբյուրն է, չի հայտնում այդ կնոջ անունը:
Աղանդն աննկատ մնալ չէր կարող: Նրա դեմ պայքարել ու աղանդավորներին հնազանդեղցրել է Սաղմոսավանքի առաջնորդ Սարգիս Արենցի ճգնավոր եպիսկոպոսը:
Սերկևիլի աղանդը հայ միջնադարյան իրականության մեջ մեզ հայտնի երկրորդ հերձվածն է, երբ պարագլուխը կին է: Առաջինի վերաբերյալ միակ աղբյուրը հայ ունիթոր պատմիչ Մխիթար վարդապետ Ապարաններցին (XIV դ. կես- XVդ. սկիզբ) է: Հեղինակը հիշատակում է «սատանայի մարգարե» մի կնոջ մասին՝ առանց անունը հայտնելու, ինչպես հետագայում Սերկևիլի աղանդի պարագայում Գրիգոր Դարանաղցին: Այդ աղանդավորուհին մի քանի ամիս գործել է Վասպուրականում՝ իր շուրջը համախմբելով ուրիշ կանանց, և գտնվել են մարդիկ, որոնք հետևել են նրանց «վասն նոցա սուտ և սատանայական սքանչելեացն»(6):
Գրիգոր Դարանաղցու «Ժամանակագրությունը» բաղկացած է երկու մասից. պատմաբանները անտեսել են հատկապես երկրորդ մասը: Այս հատվածում, քաղաքական ու ռազմական պատմությունների համեմատ, շատ կան կեղծ քահանաներին, մեղսավորներին ու հերձվածողներին վերաբերող պատումներ, ինչն էլ այդ հատվածները շրջանցելու պատճառ է դարձել(7):
Որպես օրինակ բերենք Հովանեսի մասին պատմությունը: Հովհաննեսը «գինամոլ եւ յոյլ եւ ծոյլ այր մի էր’ որդի մեծատան, եւ եղեւ անգործ եւ գինամոլ եւ անառակութեամբ շարժէր, նա’ հայրն վարեց ի տանէն, նա այժմ այդպէս կառնէ խաբէութիւն…»: Հովհաննեսը շրջում էր գյուղից գյուղ, խաբում ե’ւ հայ, ե’ւ թուրք գյուղացիներին՝ պատմելով իր հորինած հերետիկոսական պատմությունները. «Տեսի զՍուրբ Յովհաննէս Մկրտիչն եւ զԱստուածամայրն մօտ Աստուծոյ եւ տեսի զԼուսաւորչի հայրն ի մէջ դժոխոցն, եւ խնդրեցի յԱստուծոյ եւ ազատեցի, հանի ի դժոխոցն»:
Գյուղացիները ուշադրությամբ լսում էին այդ պատմությունները եւ հավանություն տալիս դրանց, առավելապես «կանայք բազումք շուրջ զնովաւ շեղջակուտեալք…»: Սակայն, երբ Գրիգոր Դարանաղցին հանդիպում է Հովհաննեսին, բնավ չի հանդուրժում նրա լկտի պահվածքը. «…եւ ես այլ յարեայ եւ առի բիր մի եւ շատ մի գանալից արարի զինքն եւ հազիւ կարացին առնուլ ի ձեռանէս եւ փախուցաք ի գեղջէն…»:
Դարանաղեցու ոչ բոլոր պատումներն են պատշաճ: Նրա «Ժամանակագրության» բնագիրը կազմող Մեսրոպ Նշանյանը տպագրված տարբերակում չի ներառել «Ժամանակագրության» բնօրինակ ձեռագրի երկու էջերը, որոնք մի հայ հերձվածողի մասին են. նա այս բացթողումը հետեւյալ կերպ է բացատրում. «…հատուածիս մէջէե մաս մը յապաւեցիեք կարի առասպելապատում պարունակութեաեը համար»: Այս էջերը, ըստ Հենրի Շապիրոյի, մահմեդական ավանդույթի նշանավոր «Սատանայական քառյակներն» են հիշեցնում:
Գրիգոր վարդապետը գրում է, որ «եղեւ այր մի դիւաբախ ի Սիլիսրայ քաղաքին’ ուսեալ զամենայն ուսումն մանկութեան»: Ի վերջո, նա ընտրում է ապաշխարհության և ճգնավորության ուղին և դառնում անապատական: Ճգնավորության ժամանակ նրան հայտնվում են «սուտ Յիսուսը» եւ «սուտ Տիրամայրը»: Առաջին անգամ հայտնվելուց հետո «սուտ Յիսուսը» այդ մարդուն ասում է. «…եկաք խրատել զքեզ եւ լինել քեզ զօրաւիգ եւ տաց քեզ շնորհս եւ իմաստութիւնս եւ սքանչելի արարից զքեզ ի վերայ երկրի: Եւ արդ’ ա՛ռ քարտէզ եւ գրեա՛ զոր ինչ ասելոց եւ ցուցանելոց եմք քեզ’ նշանս եւ արուեստս մեծամեծս եւ զբան պատուիրանապահութեանն, զոր ասելոց եմք քեզ, գրեա՛ եւ ընթերցի՛ր հանապազ յեկեղեցւոջ…»: Ի վերջո, այս մարդը «…ջանայր զԱւետարանն եւ զՃաշոցն արտաքս ձգել եւ զայն սուտ առասպել գիրքն ի տեղի Աւետարանին դնել եւ ընթեռնուլ ի լուր ամենեցուն իբրեւ զնոր Աւետարան»:
Տեսիլքների մեկի ժամանակ «սուտ Յիսուսը» «… խաղալիկ կամելով առնել զինքն եւ խայտառակութեամբ հրապարակել ի մէջ եկե[ղե]ցոյն ընդ մօրն եւ ընդ կնոջն, ասելով թէ. Արի՛ առ զմայր քո եւ զկին քո եւ բեր՛ ի մէջ եկեղեցոյն, եւ առ[ա]ջի իմ եւ առաջի մօրք լեր ընդ կնոջդ, եւ նախքան զայս յառաջասացէր թէ. Ախտահոսութիւն արա՛ եւ այն ախտիւն օ՛ծ զքեզ եւ զերեսդ քո, զի կարի առաւել հաճոյ է ինձ, եւ արարի այնպէս, որպէս ասացն: Եւ ապա զկինն եւ զմայրն խնդրեաց գալ յեկեղեցին եւ հանել մայրն եւ կինն զվարտիսն եւ ինքն եւ կանգնել ամեն յանկիւն մի եկեղեցոյն յանդիման միմիեանց, եւ այսպէս արարողութեամբ խառնակիլ ընդ կնոջն, եւ ապա յետ այսր գործոյ զքեզ եւ զմայր քո եւ զկինն քո յերկինս տարայց ընդ Ենովքայ եւ ընդ Եղիայի դասեցուցից» և այլն: Հասկանալի է, թե այս հատվածը ինչու է գրաքննության ենթարկվել:
Ամփոփում
Հայ եկեղեցին 17-րդ դարում ներքաշվեց աշխույժացող տնտեսական և առևտրային գործունեության մեջ: Գայթակղությունը մեծ էր, որպեսզի եկեղեցիական վերնախավի մի զգալի մասը չներքաշվի հարստության և ճոխության մրցավազքի մեջ: Եկեղեցին սկսում է փոխարինել հայկական պետությանը, բայց շատ յուրահատուկ իմաստով, այն ներառվում է իսլամական վերնախավի կազմի մեջ`կաթողիկոսները և եպիսկոպոսները դառնում են վեղարավոր խաներ և բեկեր, եթե օգտվենք Լեոյի պատկերավոր արտահայտությունից: Այս պահվածքը հասարակության տարբեր խավերում առաջացրեց դժգոհություն, որը հաճախ վերաճում էր դիմադրության:
Դիմադրության առաջին ճանապարհը եկեղեցիական բարքերը բարեփոխելու ճանապարհն էր: Այս ճանապարհը ընտրեցին անապատական շարժման մասնակիցները:
Այլ ճանապարհ ընտրեցին տարատեսակ ժողովրդական քարոզիչները, որոնք հանդես գալով իբրև Հայ եկեղեցու ներկայացուցիչներ, քարոզում էին նրա դոգմաներից տարբեր գաղափարներ, բայց որոնք մոտ էին քրիստոնեական հավատի ժողովրդական պատկերացումներին:
Կար էլ ավելի արմատական ճանապարհ, որn ընտրեցին Մեխլու վարդապետը, դերձակ Թումիկը և այլոք՝ աղանդավորական շարժման ճանապարհը:
17-րդ հայ ժողովուրդը ցրվեց իր հայրենիքից. Արևմտյան Հայաստանում ջալալիլների շարժման, Արևելյան Հայաստանում բռնագաղթի պատճառով: Այն առաջացրեց եկեղեցիական խառնաշփոթ, որը դարձավ աղանդավորական և օպորտունիստական շարժումների համար պարարտ հող: Բայց այդ պարարտ հողի վրա ոչինչ չէր աճի, եթե նոր ձևավորվող հայ մանր և խոշոր բուրժուազիան իրեն չհակադրեր ֆեոդալական եկեղեցուն:
21-րդ դարը որոշ նմանություններ ունի 17-րդ դարի հետ: Կրկին ձևավորվում է բուրժուական խավն, որն ի տարբերություն օլիգարխիայի, քննադատաբար է տրամադրված եկեղեցու հանդեպ:
(1) Զաքարիա Քանաքեռցի. Դիպուածք չարացի սորա ժամանակի /http://digilib.aua.am/book/367/373/8771/Պատմագրութիւն?term=մեխլու
(2) Նույն տեղում
(3) Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 4. :Խմբ. կոլ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1972 . էջ 118
(4) Սերկևիլը այժմ ավերակ գյուղ է, գտնվում էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտ, Քասախ գետի կիրճի աջ եզրին:
(5) Շարադրվում է ըստ՝ Աշոտ Մանուչարյան. Սերկևիլ գյուղի աղանդի մասին. Աստվածաբանության ֆակուլտետ – Տարեգիրք 2014; էջ 142-150
(6) Տե՛ս ՀԺՊ, IV, էջ 79:
(7) Այստեղ և հետագայում հիմնվել ենք Հենրի Շապիրոյի հետազոտության վրա: Հենրի Շապիրո. Գրիգոր Դարանաղցու «Ժամանակագրության» որոշ խնդիրների շուրջ. Էջմիածին, Բ. Էջ 57-68: