Այսօր քչերն են խոսում «քաղաքական աստվածաբանության» մասին, որը 70-ական թվականներին մշակել էր գերմանացի առաջատար աստվածաբաններից մեկը՝ Յոհան Բապտիստ Մեցը» ։ Ժամանակին նրա տեսության ազդեցությունը չափազանց մեծ է եղել։ «Քաղաքական աստվածաբանությունը» զգալի ազդեցություն է թողել «ազատագրման աստվածաբանության» վրա, որը լայն տարածում է գտել հատկապես Լատինական Ամերիկայում:
Յոհան Բապտիստ Մեցը գերմանացի կաթոլիկ աստվածաբան է: Նա զբաղեցրել է Գերմանիայի Մյունստեր երկրամասի Վեստֆալյան Վիլհելմս համալսարանի Հիմնարար աստվածաբանության պրոֆեսորի պաշտոնը:
Երիտասարդ տարիքում ՝ 1944-ին, Մեցը մասնակցել է երկրորդ աշխարհամարտին, որի ժամանակ հայտնվել է ռազմագերիների ամերիկյան ճամբարում, ինչն իր վրա մեծ ազդեցություն է թողել: Պատերազմից հետո վերադարձել է Գերմանիա, ապա ուսանել ավստրիական Ինսբրուկ քաղաքաի համալսարանում։ Դոկտորական թեզը պաշտպանել է Մարտին Հայդեգերի փիլիսոփայության և Թոմաս Ակվինացու աստվածաբանության թեմայով։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երիտասարդ սերունդը, որը մուտք էր գործել նոր պատմական դարաշրջան, չէր ցանկանում հաշտվել քրիստոնեության անհատապաշտական-էկզիստենցիալ մեկնաբանության հետ,այն համարելով որպես «բուրժուական կրոն»: Պատերազմը հոգեբանական մեծ ցնցում էր այդ սերունդի համար և նրանք նոր արժեքային համակարգ էին որոնում։
Իհարկե, ոչ ոք չէր մտածում երկրի վրա Աստծո թագավորություն կառուցելու մասին, խոսքը գնում էր քրիստոնեական Հույսի վերաիմաստավորման մասին։ Նրանք ցանկանում էին անհատական Փրկությունը պայմանավորել հանրության Փրկության գաղափարի հետ։ Դա ինչ-որ առում ձախ աշխարհայացք էր։
Ահա այս միջավայրում ծնվեց քաղաքական աստվածաբանությունը: Այդ ուղղության նախաձեռնողները բողոքական աստվածաբաններ Յուրգեն Մոլտմանը, Դորոտեա Զյոլեն և կաթոլիկ աստվածաբան Յոհան Բապտիստ Մեցն էին, որոնք պատկանում էին այն սերնդին, որի մանկությունը համընկել է նացիստական ռեժիմի վերելքի, պատերազմի արհավիրքի և հետպատերազմյան դժվարությունների հետ: Դա մի սերունդ էր, որի համար քրիստոնեությունը իրականությունից տարանջատված չէր, մասնավորապես համակենտրոնացման ճամբարների անտանելի սարսափից:
Նրանց կողմից մշակված քաղաքական ուղղվածություն ունեցող քննադատական աստվածաբանությունը մերժում էր երրորդ աշխարհի «զարգացման» համար առաջարկվող լիբերալ կապիտալիստական մոդելը, «ապարտեիդի մշակույթը» և արժեքների բուրժուական համակարգի ջատագովությունը: Այդ նոր քաղաքական աստվածաբանությունը գաղափարական շատ ընդհանրություններ ունի հետագայում առաջացած աստվածաբանական ձախ շարժումների` «Ազատագրության Աստվածաբանության», «Ֆեմինիստական Աստվածաբանության», «Հեղափոխության Աստվածաբանության», «Սև Աստվածաբանության» և նմանատիկ նոր տեսությունների հետ:
Քաղաքական աստվածաբանության հիմնական նպատակներից մեկը «քրիստոնեական ուղերձին» (անձնական փրկությանը (Privatisierung) արդիական միտումներին) քննադատորեն հակազդելն էր: Հետևաբար, այն ձգտում է հակառակ ուղղությամբ գործել (Entprivatisierung), հաստատելով աստվածաբանության պատասխանատվությունը ողջ հասարակության առաջ: Այսինքն հանրության փրկության միջոցով է կարող ազատագրվել անհատը։
Քաղաքական աստվածաբանությունն իր գլխավոր խնդիրը տեսնում է քննադատական աստվածաբանական գիտակցության ձևավորման մեջ։ Գիտակցության, որը հաշվի է առնում տեսության և պրակտիկայի միջև առաջացած նոր հարաբերությունների ստեղծման պահանջը և ըստ որի ցանկացած աստվածաբանություն պետք է դառնա «գործնական»`կողմնորոշված գործողության վրա, որի կարիքը հանրությունն ունի։ Դա քրիստոնեության արդիականացման նպատակն է հետապնդում:
Քաղաքական աստվածաբանությունը կենտրոնանում է քրիստոնեության կենտրոնական՝ վախճանաբանության գաղափարի վրա և Աստծո Արքայության ավետումը կրկին դնում էր աստվածաբանական գիտակցության կենտրոնում: Աստծո: Այսպիսով, աստվածաբանական մտածողությունը հիմնվում է «ապագայի» կատեգորիայի վրա, և այդ ապագան սոցիալականացվում է:
Ժամանակակից աշխարհը հնարավորություն չի տալիս կենտրոնանալ Աստծո աստվածայնության ճշմարտության վրա: Արդի խնդիրները կարելի է հաղթահարել հաղթահարելով առկա սոցիալական և քաղաքական պայմանների կապանքները: Այսպիսով, աստվածաբանությունն անքակտելիորենց կապված է պրակտիկայի՝ սոցիալական և քաղաքական գործունեության հետ: Սոցիալական և քաղաքական գործնեության միջոցով Աստծո ներկայությունը դառնում է կոնկրետ, որի շնորհիվ ուրվագծվում է բաղձալի «Ապագան»:
Կարճ ասած, եթե ավանդական աստվածաբանությունը բացահայտում է մեր մեղավոր աշխարհը, ապա քաղաքական աստվածաբանությունը փորձում է այն վերափոխել: Այս մոտեցումը մեզ հիշեցնում է մարքսիզմը և մյուս ձախ տեսությունները։ Քաղաքական աստվածաբանությունը հատկապես ազդվել է Վալտեր Բենյամինի վախճանաբանական և մեսիանական մարքսիզմից: Վալտեր Բենյամինն իր «Պատմության հասկացության մասին» թեզիսներում գրում է, որ պատմական մատերիալիզմի «տիկնիկը» պատմության «շախմատում» հեշտությամբ կհաղթի բոլոր մրցակիցներին, եթե իրեն ծառայության վերցնի աստվածաբանության «գաճաճին», այսինքն՝ մարքսիզմն ունի իր միստիկական չափումը, իր անգիտակից և գաղտնի կողմը՝ փրկչական վախճանաբանությունը: Վալտեր Բենյամինը նկատի ունի այն բալագանային հնարքը, երբ մեխանիկական տիկնիկը շախմատ է խաղում, բայց իրականում նրան կառավարվում է արկղի մեջ թաքնված գաճաճը:
Կարելի է ասել, որ պատմության«շախմատում» աստվածաբանության «տիկնիկը» հեշտությամբ կհաղթի բոլորին, եթե իրեն ծառայության վերցնի մարքսիստական «գաճաճին», այսինքն՝ վախճանաբանական աստվածաբանությունն ունի իր նյութական՝ քաղաքական և սոցիալական արտահայտությունը: Վալտեր Բենյամինը «Պատմության հասկացության մասին» թեզիսներում մեջբերում է Հեգելի արտահայտությունը. «Առաջին հերթին ապահովեք սնունդն ու հագուստը և Աստծո արքայությունը կհաստատվի»:
Մարքսիզմի և վախճանաբանական աստվածաբանության փոխկապակցվածության մասին ավելի հստակ պատկերացում է տալիս Ջորջիո Ագամբենի «Երբ դրամի դաժան կրոնը խժռում է ապագան» ռադիոելույթի այս հատվածը. «Վալտեր Բենյամինի այն ենթադրությունը, որ կապիտալիզմը գոյություն ունեցած կրոններից ամենակոշտն է և ամենաանողոքը, քանի որ նա թողություն չգիտե, և դադար չի տալիս» պետք է բառացիորեն հասկանալ: Բանկերն իրենց գորշ գործակատարներով և փորձագետներով զբաղեցրել է Եկեղեցու և նրա սպասավորների տեղը, մանիպուլյացիաների ենթարկելով ու կառավարելով հավատը:
Ամեն ինչն այնպես է տեղի ունենում, որ ամենաանպատասխանատու և խղճից զուրկ մարդիկ շահույթ են փնտրում մոյւս մարդկանց վստահության և հույսերի հաշվին: …Այսպիսով, ով կառավարում է վարկը՝ credit-ը, կառավարում է ոչ միայն աշխարհը, այլ նաև՝ մարդկանց ապագան, ապագա, որը ֆինանսական ճգնաժամը դարձնում է ավելի կարճ և սահմանափակ: Եվ եթե այսօր քաղաքականությունն այլևս չի թվում զորավոր, ապա դա այն պատճառով, որ ֆինանսական հզորությունը զեղջել է հավատը և ապագան, ժամանակները և հույսը:
Քանի դեռ այս իրավիճակը շարունակվում է, մեր հասարակությունը, որ հավատում է (si crede), աշխարհիկ է ու կմնա մութ և տարրերային հավատալիքների ազդեցության տակ: Եվ լավ կլինի, որ յուրաքանչյուրը հետ վերցնի իր վստահությունն այդ Հավատից՝ credit-ից և իր ապագան այդ վստահությունը կորցրած (screditati) պսևդոքահանաների՝ բանկիրների, պրոֆեսորների և տարբեր վարկանիշային գործակալությունների գործակատարների սառը ձեռքերից»: