(մշտադիտարկման հինգերորդ փուլ)
Ընդունվել է 2016թ. հունիսի 28-ին
Հրապարակվել է 2016թ. հոկտեմբերի 4-ին
ՆԱԽԱԲԱՆ
Եվրոպայի խորհրդի հիմնադրած՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) մարդու իրավունքներիմշտադիտարկման անկախ մարմին է, որը մասնագիտացված է ռասիզմի և անհանդուրժողականության հետ կապված հարցերում։ Այն կազմված է անկախ և անկողմնակալ անդամներից, ովքեր նշանակվում են իրենց բարոյական հեղինակության և ռասիզմի, այլատյացության, հակահրեականության և անհանդուրժողականության ոլորտում իրականացրած՝ հանրությանը հայտնի գործունեության հիմքով։
Իր կանոնադրական գործունեության շրջանակներում ՌԱԵՀ-ն իրականացնում է երկիր առ երկիր մշտադիտարկման աշխատանք՝ վերլուծելով ռասիզմի և անհանդուրժողականության հետ կապված իրավիճակը Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետությունում և առաջարկություններ ու առաջարկներ է մշակում բացահայտված խնդիրների կարգավորման նպատակով։
ՌԱԵՀ-ի երկիր առ երկիր մշտադիտարկումը վերաբերում է բոլոր անդամ պետություններին հավասար հիմքերով։ Աշխատանքն իրականացվում է հնգամյա շրջափուլերով՝ տարեկան ներառելով 9-10 երկիր։ Առաջին փուլի զեկույցներն ավարտվել են 1998թ.-ի վերջին, երկրորդ փուլինը՝ 2002թ.-ի վերջին, երրորդ փուլինը՝ 2007թ.-ի վերջին, իսկ չորրորդ փուլինը՝ 2014թ.-ի սկզբին։ Հինգերորդ փուլի զեկույցների ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են 2012թ.-ի նոյեմբերին։
Զեկույցների նախապատրաստման աշխատանքային մեթոդները ներառում են փաստագրական վերլուծություններ, այցելություն առնչվող երկիր և այնուհետև գաղտնի երկխոսություններ ներպետական իշխանությունների հետ։
ՌԱԵՀ-ի զեկույցները հարցումների կամ վկայության ցուցմունքների արդյունք չեն։ Դրանք բազմազան աղբյուրներից հավաքագրված մեծածավալ տեղեկատվության վրա հիմնված վերլուծություններ են։ Փաստագրական ուսումնասիրությունները հիմնված են մեծաթիվ ազգային և միջազգային գրավոր աղբյուրների վրա։ Տեղում այցելությունը հնարավորություն է ընձեռում հանդիպել անմիջապես ներգրավված կողմերի հետ (պետական և ոչ պետական )՝ մանրամասն տեղեկություններ հավաքագրելու նկատառումով։ Ներպետական իշխանությունների հետ գաղտնի երկխոսության գործընթացն վերջիններիսհնարավորություն է տալիս ,եթե նրանք նպատակահարմար են գտնում՝ նախնական զեկույցի վերաբերյալ մեկնաբանություններ տրամադրել՝ շտկելու զեկույցում տեղ գտած հնարավոր փաստական սխալները։ Երկխոսության ավարտին ներպետական իշխանությունները ցանկության դեպքում կարող են պահանջել, որ իրենց տեսակետները կցվեն ՌԱԵՀ-ի վերջնական զեկույցին։
Հինգերորդ փուլի երկիր առ երկիր զեկույցները կենտրոնացած են չորս թեմաների վրա, որոնք ընդհանուր են բոլոր անդամ պետությունների համար՝ (1) Օրենսդրական հարցեր, (2) Ատելություն սերմանող խոսք, (3) Բռնություն, (4) Ինտեգրման քաղաքականություններ, ինչպես նաև յուրաքանչյուր պետությանը բնորոշ մի շարք թեմաներ։ Այս կապակցությամբ ուշադրություն կդարձվի չորրորդ փուլի միջանկյալ առաջարկություններին, որոնք չեն կատարվել կամ մասամբ են կատարվել մշտադիտարկման չորրորդ փուլի ընթացքում։
Հինգերորդ փուլի շրջանակներում կրկին պահանջ է ներկայացվում երկու կոնկրետ առաջարկությունների առաջնահերթ իրականացման համար, որոնք ընտրվել են զեկույցում ներկայացվածների թվից։ ՌԱԵՀ-ն այս երկու առաջարկությունների իրականացման վերաբերյալ միջանկյալ գնահատում կիրականացնի սույն զեկույցի հրապարակումից հետո ոչ ուշ, քան երկու տարի անց։
Սույն զեկույցը կազմվել է ՌԱԵՀ-ի կողմից իր սեփական պատասխանատվությամբ։ Այն արտացոլում է իրադրությունն առ 2016 թվականի մարտի 17-ը,դրան հաջորդած զարգացումները ներառված չեն ստորև ներկայացվող վերլուծության մեջ և հաշվի չեն առնվել զեկույցում տեղ գտած եզրակացություններում և առաջարկներում։
http://www.coe.int/t/dghl/monitoring/ecri/Country-by-country/Armenia/ARM-CbC-V-2016-036-ARM.pdf