Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպս. Հակոբյանի եւ աշխատասիրությամբ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի լույս է տեսել Յովհաննես Գալփագեանի «Ռումինահայ Գաղութը» աշխատությունը: Սույն գիրքը նվիրված է Արեւելյան Եվրոպայի ամենահին` Ռումինիայի հայ համայնքի պատմությանը: Ռումինիայի հայ համայնքը սերում է Անիի կործանումից գաղթած հայության սերունդներից, ովքեր երկար դեգերումից հետո իրենց մնայուն բնակությունը բերեցին Մոլդովական հողերում եւ 1401 թ. Սուչավա քաղաքում հիմնեցին եպիսկոպոսական աթոռ, որը այսօր համարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հնագույն թեմը: Հատկանշական է, որ Ռումինիայի Բոտոշան քաղաքում է կառուցվել 1350 թ. Արեւելյան Եվրոպայի ամենառաջին քարեշեն Աստվածամոր անունը կրող հայ եկեղեցին:
800-տարվա համայնքը, անշուշտ թողել է շատ մեծ ժառանգություն, այս ժառանգությունը, ոչ միայն ռումինահայ համայնքի հպարտությունն է եւ պարծանքը, այլ նաեւ ողջ հայության:
Հովհաննես Գալփագյանը երկար ժամանակ աշխատել է Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանում, որպես թեմական քարտուղար եւ առաջնորդարանում աշխատելու ընթացքում ի մի է բերել Ռումինիահայ համայնքի ամբողջական պատմությունը մինչեւ նորընտիր առաջնորդ Տ. Տիրայր արք. Մարտիկյանի գահակալության շրջան: Տեր Հեթումի աշխատասիրությամբ, սույն հրատարակությամբ խմբագրվել, սրբագրվել, տեղանունների եւ անձնանունների ցանկն է տեղադրվել, ինչպես նաեւ ծանոթագրվել եւ նոր լուսանկարներ են ավելացվել:
Գիրքը նախատեսված է Հայ եկեղեցու, ռումինահայ համայնքի, հայ-ռումեն եկեղեցական հարաբերությունների, Ռումինիայում հայ կաթոլիկ համայնքի, հայ գաղթականության պատմության, եկեղեցական արվեստի առանձնահատկությունների ուսումնասիրմամբ զբաղվող անձանց համար:
Վերոնշյալ աշխատությունը հրատարակվել է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի մեկենասությամբ` ի հիշատակ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված հայ զինվորների: