Տրանսիլվանիայի Հայ Համայնքի Պատմությունից

  • 10/03/2017
  • Տ․Հեթում քահանա Թարվերդյան

  • Ախթալայի Ս․Աստվածածին Վանքի Վանահայր

Պատմական փաստերը խոսում են այն մասին, որ Մոլդավիայի հայ համայնքը հալածանքներ կրելով ստիպված է եղել ապաստան փնտրել հարևան երկրներում` հիմնականում Տրանսիլվանիա: Պրպտելով Ռումինիայի հայկական հետքերը մենք իմանում ենք, որ 1497 թ. Լեհաստանի Ալբերտ թագավորը արշավում է Սուչավա, խուճապ տարածելով տեղական բնակչության շրջանում: Այդ խուճապի հետևանքով էր, որ մոտ 700 հայեր ստիպված են լինում լքել Սուչավան և ապաստան են փնտրում Հունգարիայում, Տրանսիլվանիայում և Գալիցիայում:

Իսկ ավելի վաղ, Շտեֆան Ռառեշ իշխանի օրոք, 1551 թ. սկսվեց հայերի դեմ հալածանքները: Այդ հալածանքի պատճառով շատ հայեր ստիպված եղան ճանապարհ բռնել դեպի Լեհաստան և Տրանսիլվանիա:

transylvania1

ԺԷ դ. կեսերից հետո, Մոլդավիայի հայերը երիցս անգամ մուտք են գործել Տրանսիլվանիա: Հավաքական առաջին գաղթը տեղի է ունեցել նույն այդ դարի կեսին: Առաջին անգամ 1654 թ. հայերի մի ստվար խումբ Մոլդավիայից Տրանսիլվանիա է գաղթում, առաջնորդությամբ Մարտիրոս Գանդրա անունով մի հայի և Ազբեյ եղբայրների: Շատ հետաքրքիր է այն փաստը, որ վերոնշյալ հայերի մեջ վեճ է առաջանում, որի պատճառով հայերի մեծ մասը կրկին վերադառնում է. «Յամի Տեառն 1654 եւ ի թուաբերութեան Արամեան ազգիս ՌՃԳ սկիզբն արար առնել զբնակութիւն աստանօր՝ Ազպեյն մականուամբ Հըրձ կոչեցեալն եւ եղբայր իւր Վարդիկ, եւ զկնի ոչ յոլով ամաց վասն խռովութեան եւ վրդովմանց երկրին Պուղտանաց որ ի Գազագաց, Թաթրաց եւ այլոց ազգաց վշտանայր զանազան վշտօք, հարկեցավ ազգն մեր իւրաքանչիւր քաղաքէ խոյս տալ եւ դիմել աստ ի Դրանսիլուանիայ, որք նախ աստանօր ի Ճուրճով արարին զբնակութիւն ընդ ամս յոլովս, ապա աստի՝ ցրուեցան ընդ այլ քաղաքս Դրանսիլուանիոյ, եւ ոմանք զկնի դադարման խռովութեանն, դարձան անդրեն յերկիրն Պուղտանաց. ոմանք մնացին աստ ի Ճուրճով մինչեւ ցայսօր»:

ԺԷ դ. կեսերին Մոլդավիայից Տրանսիլվանիա (Առտիալ) փախչող հայերի մի մասը մնում է երկրի զանազան շրջաններում, մասնավորաբար սահմանամերձ Ջուրջովի մեջ, որը պետք է կամուրջ դառնար Մոլդավիայից եկող նոր զանգվածների համար:

transylvania2

Երկրորդ գաղթը տեղի է ունենում 1672 թ.: Վերոնշյալ գաղթի պատճառը հանդիսանում էր Մոլդավիայի Գեորգե Դուքա (1669-1672 թթ.) իշխանի կողմից կազմակերպված հալածանքները, որով իշխանը ցանկացավ հաշվեհարդար տեսնել իր դեմ կազմակերպված դավադրությանն, որին մասնակցել էին հայ համայնքի ներկայացուցիչները:

Ռումին պատմաբան Ն. Յորգան կարծում է, որ Մոլդավիայից հայոց զանգվածային գաղթը պայմանավորված է առավելապես տնտեսական դժվարություններով: Նա պնդում է, որ պետք է դիտարկել նաև այն կարծիքը, որ վերոնշյալ հալածանքներին ենթարկվել են ոչ միայն հայերը: Արդարև, Լեհաստանի թագավոր Հովհաննես Գ Սոբիեսքի թագավորի ժամանակ, երբ պատերազմ սկսվեց թուրքերի դեմ, այդ ժամանակ Մոլդավիայի վրա իշխում էին Շտեֆան Պետրիչեյքու (1672-1674 թթ.), Դիմիտրաշքու Կանդակուզին (1674-1676 թթ.) և Կոստանդին Կանդեմիր (1685-1691 թթ.) իշխանները և շատերը պատերազմի պատճառով փախչում են երկրից:

transylvania3

Շատերի հետ հեռանում են նաև հայերը, հատկապես Սուչավայից: Վենետիկի մխիթարյանների մոտ պահվող Մաշտոցի հիշատակարանի մեջ, որ Յաշ քաղաքում գտել է Մինաս անունով մի եպիսկոպոս, վերջինս 1676 թ.ավելացրել է հիշատակարան, որտեղ նշում է, որ. «Այլ գրեցի զգիրս ի երկրին Մաճառաց, ի գիւղաքաղաքն Ճուրճով. իշխանութեան երկրիս Ըշտեֆան Լազարին. ի դառն ժամանակիս, որ Սուլթան Մեհըմէտն որդին Իպրահիմին՝ վասն ծովացեալ մեղաց մերոց եկաւ ի վերայ Լեհաց եւ Գազարաց երկրին վերայ, եւ Պուղտանաց երկիրն յերթեւեկողաց հեծելոց Տաճկաց եւ Լեհաց աւերեցավ-Տաճիկն Լեհաց երկիրն կավիրէր՝ ամառն, ձմեռն՝ Լեհն գայր Պուղտանաց երկիրն կավիրէր: Եւ ես տառապեալս վասն սիրոյ սուրբ եկեղեցեացն՝ վանիցն չէի հրաժարեր. մինչեւ երկիցս անգամ կողոպտեցին. ապա մերկիկ գլխիբաց՝ մորթի մի քամակս կապեալ՝ փախեայ ելայ երկիրս Մաճառաց. կես մի ժողովրդոցս աստ փախեալ էին»:

Պետք է նշել, որ մասնավորաբար 1672 թ. թուրքերի կողմից Կամենիցի գրավումը ճակատագրական դեր խաղաց ինչպես Արեւելյան Եվրոպայի տարբեր շրջանների, այնպես էլ Մոլդավիայի հայության համար: Այդ մասին վկայում են ժամանակակից աղբյուրները, ինչպես նաև այն հիշատակարանը. որ Տրանսիլվանիայի (Առտիալ) գաղթած հայության ներկայացուցիչները 1693 թ. հոկտեմբերի 10-ին Կլուժ քաղաքում խմբագրեցին, որպեսզի ներկայացնեն Լեոպոլդ կայսրին, որտեղ նաև բացատրություններ են տալիս այն պայմանների մասին, թե ինչու ստիպված եղան գաղթել Տրանսիլվանիա (Առտիալ):

transylvania3

Այդ հիշատակագրի մեջ նշված է. «Դարերով հառաջ Մոլդավիայի մեջ հիմնված եւ տասներկու ժողովրդապետության բաժանված ազգային եկեղեցին, մինչեւ Լեհաստանի Գամենից քաղաքին առնվիլը, Մոլդավիայի իշխաններուն տակ մեծ հանգստություն կվայելեր: Բայց հիշյալ քաղքին առնվելեն եւ պատերազմական շարժումները բորբոքելեն ետեւ, հայք, որպեսզի մահմեդական իշխանութենեն եւ մոլդավական անհանդուժելի տուրքերեն ազատին, իրենց տեղերեն դուրս ելլալու ստիպվեցան»:

Ժամանակակից աղբյուրներն էլ խոսում այն մասին, որ թուրքերի մուտքը Կամենից մահացու եղավ գաղութի համար: Նոր հայտնաբերված վավերագրերը ավելի հասկանալի են դարձնում այն պարագաները, որոնց մեջ տեղի ունեցավ Մոլդավիայի հայության մեծ գաղթը դեպի Տրանսիլվանիա՝ 1672 թ.:

Ուսումնասիրման ընթացքում մենք հանգեցինք այն եզրակացության, որ գաղթելով Տրանսիլվանիայի հայերը ժամանակավորապես ապաստան էին գտնում այլ վայրերում, հուսալով, որ իրենք դարձյալ ետ կվերադառնան իրենց օջախ, վկա է նաև այն փաստը, որ հայերը Մոլդավիայի սահմանամերձ շրջաններից շատ չհեռացան. «Ծանօթ բան է որ, Տրանսիլուանիա գաղթող ազգայնոց մեծագոյն մասը՝ Ջուրջով ու փոքրագոյն մասը՝ Չիք-Սիպվիզ գաղթած է: Ընդհակառակն ազնուականք Մինաս եպիսկոպոսին առաջադրութեամբն, քահանայից բազմութեամբ եւ պաշտօնատեարց խմբով մը Պիսդրից քաղաքը գնացած եւ հոն իրենց բնակութիւն դրած են»:

transylvania4

Խոսելով Տրանսիլվանիայի (Առտիալի) մեջ հայ գաղութի ստեղծման մասին Ստեֆանոս Ագոնցը գրում է.  «Զառաջինն ի Խրիմայ փոխադրեցան ի Պուղտան եւ յՈւլահ, ապա առ ի զերծանիլ ի հանապազորդ պատերազմաց եւ ի հարստահարութեանց ի ԺԷ դարուն անցին ի Տրանսիլվանիա: Զառաջինն բնակեցան ցրիւ աստ եւ անդ ի գեօղս եւ յաւանս խառն ընդ Մաճառս եւ ընդ Սիքոլացիս. ապա ոմանք ի նոցանէ միաբանեալ շինեցին երկու փոքրիկ քաղաքս, որոց մինն կոչի Հայաքաղաք, ռամկ. Կեռլա, իսկ երկրորդ Եղիսաբեթուպօլիս, ռամկ. Պաշֆալով»:

Նման է նաև Հ. Մինաս Բժշկյանի կարծիքը. «Հայկազուն Անեցիք փախուցեալք յերեսաց Թաթարաց՝ զառաջինն ական ի Պոնտոս, եւ անտի մտեալ ի նաւ անցին յԵւրոպիա եւ մինչեւ ի Մոլտավիա. անտի եւս յետ ժամանակաց փոխադրեցան ի Մաճառստան: Ի սկզբան անդ բնակէին խառն ընդ Մաճառաց ցրուեալք ի քաղաքս եւ ի գիւղօրէս. ապա տեսեալ զպտղաբերութիւն եւ զյարմարութիւն երկրին՝ բազումք միացան ազգասիրութեան ոգւով եւ շինեցին երկու քաղաքս, մին անուանեցաւ Հայաքաղաք կամ Կեռլա, եւ միւսն Եղիսաբէթուպոլիս կամ Պաշպալով. եւ մի մասն եւս նոցա բնակեցաւ ի քաղաքս Մաճառաց ի Ճուրճով եւ ի Սիբվիզ. եւ այլք մնացին ի տեղիս իւրեանց յայլ եւ այլ քաղաքս եւ ի գիւղօրէս՝ ըստ յարմարութեան տուրեւառութեան նոցա»: Այն Մաշտոցի մեջ, որ Մինաս եպիսկոպոսը 1676 թ. կցել է հիշատակարանը նշվում է, որ. «Միթէ Աստուած ողորմի երկրիս Պուղտանաց, որ խաղաղութիւն տայ թագաւորաց, զի մի օտարութեամբ մեռանիմք»: