Յուրաքանչյուր հայ, ով ծնվել է քրիստոնեական երկրում, մեծացել և դաստիարակվել է քրիստոնեական ավանդույթներով, տրամաբանական է համարում իր քրիստոնյա լինելը: Իհարկե, մենք ընդունում ենք մեր անձնական քրիստոնեության գոյաբանությունն իր եկեղեցական պատկերով, բայց, երբ ցանկանում ենք այն հասկացողության բերել կամ մեկնաբանալ, միշտ չէ, որ կարողանում ենք պատասխանել:
Արագ փոփոխվող և զարգացող աշխարհայացքների համատեքստում այն կորցրել է իր եզակիությունն ու կարևորությունը շատերի համար՝ մնալով չհասկացված, չարժեքավորված և ճիշտ չգնհատված: Որպեսզի կարողանանք տեսնել քրիստոնեության եզակիությունն ու կարևորությունը կամ պատասխան տալ ինքներս մեզ՝ արդարացնելու համար քրիստոնեությունն աշխարհայացքների համատեքստում, հարկ կա հասկացողության բերել կամ մեկնաբանել այն:
Ի՞նչ է քրիստոնեությունը՝ գաղափարախոսություն, մշակույթ, կրոն, էթիկա, ազգային ինքնություն, ոճ: Ինչու՞ ենք մենք քրիստոնյա, կամ ի՞նչն է մեզ քրիստոնյա դարձնում՝ զատելով մյուսներից, ի՞նչ առավելություն կամ օգուտ դրանից: Ի տարբերություն նախորդ դարերի, որտեղ քրիստոնեությունն ընդունվում էր անհերքելի իրականություն իր բոլոր կրոնաէթիկական հետաևանքներով, պայմանավորված որոշակի սոցիոլոգիական իրավիճակով, որն այն ժամանակ աջակցում էր անհատին, բայց այժմ վերացել է, կարիք կա կրկին վեըմբռնելու, վերագիտակցելու, վերադառնալու բուն արմատներին:
Ո՞րն է կարևորությունն այս փնտրտուքի, ինչ կապ ունի այն մեր իրավիճակի հետ: Քրիստոնեության վերըմբռնումն այն բանալին է, որ օգնում է վերագտնել մեզ, մեր գոյության իմաստը, գնահատել մեր իրական վիճակը, տեսնել հույսի դռները և վստահությամբ քայլել դեպի ապագան: Քրիստոնեության վերըմբռնումն օգնում է նաև վերարժեքավորել մեր նախնիների փոխանցած ավանդը, որ մեզ է հասել մեծ զոհերով և ցավերով: Գտնել այն, ինչը հանդիսանում էր «թաքնված գանձ» նրանց համար, որի համար պատրաստ էին ամեն ինչից հրաժարվել, միայն թե ձեռք բերեին:
Այսպիսով, ի՞նչ է քրիստոնեությունը: Եթե դա լոկ կրոն է, ապա ի՞նչ կարիք կար նոր կրոն ստեղծել բազմակրոն Հայաստանում, առավել ևս քրիստոնեության ծննդավայրում՝ Իսրայելում, երբ հուդայիզմն ինքնաբավ կրոն էր իր ժամանակում, որից ծնունդ առավ քրիստոնեությունը: Միթե՞ հրեաները դժգոհ էին իրենց կրոնից կամ անբավարար էին գտնում այն: Մյուս կողմից, միթէ՞ մարդկանց դժբախտությունը կրոնների պակասության մեջ էր, որը լրացվեց ժողովրդի կողմից, կամ Աստված փորձեց լրացնել:
Կարծում եմ ՝ոչ: Հրեաները, ինչպես նաև առաքյալները, պարծանքով էին խոսում իրենց հայրենական կրոնի մասին: Վաղ քրիստոնյաները նպատակ չունեին քրիստոնեությունը զատել հուդաիզմից և առանձին կրոն ստեղծել: Այն ձևավորվեց հենց հուդայիզմի մեջ, որի պատմությունը ներառում է նաև հուդայիզմի պատմությունը: Այդ դեպքում, ի՞նչ է այն:
Եթե այն դիտենք որպես սոսկ գաղափարախոսություն, ապա անհասկանալի է, թե ինչում է նրա եզակիությունը, միթե՞ հրեական Սուրբ Գրքերն իրենց սպառել էին որպես գաղափարախոսության աղբյուր: Երբեք: Մյուս կողմից, ինչ իմաստ ուներ վաղ քրիստոնյաների անձնազոհ նվիրվածությունը, որի համար պատրաստ էին մահանալ: Արդյո՞ք գաղափարախոսությունը թանկ էր կյանքից: Կարծում եմ՝ ոչ:
Այստեղ նաև հարց է ծագում, եթե այն որպես գաղափարախոսություն է ընդունվել Հայաստանում, ապա իբրև ինչ՝ Բարոյական պատվերների՞, Հիսուսի անձնազոհ և համեստ կյանքին նմանակելու՞ օրինակ, դրախտի մասին տեսությու՞ն: Բայց չէ որ բարոյական պատվերներ փիլիսոփայական դպրոցներն էլ էին սովորեցնում, հատկապես՝ ստոիկները: Բարոյական սկզբունքներ եղել են յուրաքանչյուր ազգային ավանդության մեջ, և հնարավոր չէր այդպես արմատականորեն փոխել բարոյական սկզբունքները, եթե այն լոկ գաղափարախոսություն լիներ:
Իսկ նմանակելու օրինակ կարելի էր վերցնել հերոսներին, ոչ թե խաչվածին: Անդրշիրիմյան կյանքի մասին շատ կրոններ և փիլիսոփաներ են խոսել ու գրել (բուդդիզմում, զրադաշտականությունում և այլն), հետևաբար ոչ մի եզակիություն չկա նման գաղափարախոսության մեջ: Ինչպես տեսնում ենք, գաղափարախոսությունը նույնպես հարմար չէ մեկնաբանելու քրիստոնեությունը:
Եթե այն դիտենք որպես մշակույթ, ապա ի՞նչ կարիք կար երկրպագության տարրեր մտցվեր և «եզակի» կրոնի սահմաններում պահվեր: Ինչու՞ այդ մշակույթը չհարստացվեց այլ կրոնների մշակութային տարրերով և նորամուծություններով,( թեև որոշ հեթանոսական արտաքին տարրեր և ավանդույթներ դարերի ընթացքում մուտք գործեցին քրիստոնեական եկեղեցի, բայց նրանք քրիստոնեականացվեցին): Ի՞նչ կարիք կա կրոնական երկրպագության և աղոթք-խնդրանքների, եթե այն պարզապես մշակույթ է: Կամ ինչու՞ էր դարեր շարունակ այն հալածվում որպես կրոն: Ինչպես երևում է, մշակույթը նույնպես չի կարող բացատրել քրիստոնեությունը:
Փորձելով տեսնել այն որպես կյանքի բարոյական ուղեցույց կամ էթիկա, այն իմաստազրկվում է ինքնագոհացման և շահաբերության համատեքստում: Հարց է առաջանում, ինչու՞ բարոյապես վարվել, եթե այն որոշ դեպքերում սահմանափակում է անձի եկամուտներն ու հաճույքները: Հանուն սոսկ բարոյականության արժե՞ զրկել մեզ այս աշխարհի վայելքներից, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կյանքից որպես մարտիրոս: Կարծում եմ էթիկան նույնպես հարմար չէ քրիստոնեությունը բնութագրելու համար:
Գուցե այն ազգային ինքնություն է: Այստեղ պետք է հարցնենք ինքներս մեզ, արդյո՞ք մեր ազգը կորցրել էր իր ինքնությունը, երբ ընդունեց քրիստոնեությունը: Արդյո՞ք մյուս ազգերը, որ քրիստոնյա չեն, ինքնություն չունեն: Եթե խոսենք ներկայիս մասին, արդյո՞ք իմ ողջ ազգը հետևում է քրիստոնեական պատգամներին: Եթե իմ ազգի ամենօրյա կյանքը տարբերվում է այդ պատգամներից, ապա ինչպե՞ս կարող է այն ազգային ինքնություն լինել: Ազգի ինչի՞ն էր պետք կրոնական տարրեր մտցնել իր ամենօրյա կյանքի մեջ, եթե չէր հետևելու: Գուցե՞ դա ուղղակի ոճ է, որով մենք տարբերվում ենք մյուս կրոններից, ավելի ազատ ոճով ապրելու համար: Այստեղ նույնպես հակասության ենք հանդիպում, քանի որ իմաստազրկվում են կրոնական տարրերը, բարձր առաքինության պահանջը, և Քրիստոսի խաչի իմաստը: Միթե՞ այս ամենը հնարավոր չէր առանց Քրիստոսի խաչի: Անշուշտ հնարավոր էր, բայց քրիստոնեությունն առանց Քրիստոսի խաչի դադարում է քրիստոնեություն կոչվելուց և բուն քրիստոնեությունից: Ուրեմն, ի՞նչ է քրիստոնեությունը:
Թե «քրիստոնեություն», թե «քրիստոնյա» բառերն առաջացել են Քրիստոս տիտղոսից, որ նշանակում է «օծյալ», ենթադրելով հրեական մշակույթում Թագավոր, որ Հին Կտակարանյան գրքերում վկայված է որպես երկրի թագավորների Թագավոր, որի գալուստը պետք է երկրին բերեր հավերժական խաղաղություն, թշնամիների հնազանդություն և Իսրայելին՝ փրկություն: Քրիստոսը Հիսուսն էր, որ ծնվել է Պաղեստինում մ.թ. 1 դարում: Հիսուս Քրիստոսի հրաշք ծնունդը, կյանքը և ուսուցումը, նաև խաչի մահը և փառավոր հարությունը հանդիսանում է այն հիմնաքարը, որից սկսվում է բուն քրիստոնեությունը: Հասկանալով Քրիստոսին և Նրա դերը մարդկության համար և մարդկանց մեջ, կարող ենք հասկանալ քրիստոնեությունը:
Քրիստոսը մարդկային պատմության ամենակարևոր իրադարձությունն է, որի գալուստով ժամանակը բաժանվեց երկու մասի՝ մինչև Նրա ծնունդը և Նրա ծնունդից հետո: Նրա մուտքն այս աշխարհ, իր հետ բերեց լույս, հույս և փրկություն մարդկությանը (Ղուկ.2:30-32): Օրինակ՝ Մարիամին դարձրեց «շնորհընկալ», «օրհնյալ» (Ղուկ.1:28, 42) և «երանելի» (Ղուկ.1:48): Նույնը փոխանցվում է դարեց դար յուրաքանչյուր Նրան ընդունողին (Հովհ.20:29, Ղուկ.24:50, Գաղ.3:9, Եփ.1:6 ): Հրեաների համար Նա մի նոր Մովսես էր, նեղության և գերության մեջ գտնվող Իսրայելի համար (2Օր.18:15-19, հմ. Հովհ.6:14): Հույսի և փրկության դուռ Հռոմեական լծից, միաժամանակ Զատիկի գառ, որի արյունը պաշտպանում է Աստծո դատաստանից: Նրա մահով սկսվեց մի նոր Ելք խավարի թագավորությունից, որով Նրան հավատացողները մտնում են լույսի թագավորություն:
Քրիստոսը նաև մի քահանա է, որ Աստծո առաջ բարեխոսում է Իրեն հավատացողների համար անհատապես: Նրա բարեխոսությունն Աստծո առատ օրհնությունների և հաճության պայմաններից է, որ քավում է անհատների մեղքերը, որոնք պատնեշ են Աստծո և մարդու միջև: Մեղքը և մարդկային դժբախտությունները փոխկապակցված են, որն ի վերջո կործանում է մեղավորին: Քրիստոսի առաջարկած քավությունը, մարդուն են վերադարձնում Աստծո օրհնությունները:
Քրիստոսը նաև Թագավոր է, որ եկել է հաղթելու մեր թշնամիներին և ազատելու գերությունից՝ ցավերից, հիվանդություններից, սուգից և մահից: Նա թագավոր է, Ով մարդկության թշնամուց՝ անեծքից, փրկեց մեզ իր կյանքի գնով, իր վրա բևեռելով այդ անեծքը, որպես ակնհայտ անիծված: Դրա համար Քրիստոսի խաչը մեզ հիշեցնում է մարդկության անեծքը, միաժամանակ նաև Նրան, ով իր մահով կանխեց այն, ինքը դառնալով անիծված Թագավոր:
Երկնքի և փառքի թագավորը, ծաղրված, ծեծված և մերկացված, վճարում էր մարդկության փրկության գինը: Քրիստոսի խաչը լավագույն ապացույցն է Աստծո գերագույն սիրո և փրկելու շահագռգռվածության: Այն օգնում է տեսնել մարդկանց փրկելու և օգնելու սահմանը, թե ինչի է պատրաստ Աստված հանուն մեր բարօրության: Քրիստոսի խաչը պարզապես մահ չէր՝ ընդունված առաջին դարում: Այն խայտառակության և նվաստացման միջոց էր, որով պետք է անցներ Աստծո Որդին, հանուն յուրաքանչյուր մեղավոր մարդու: Այժմ Նա երկնքում կիսում է Աստծո գահը, միաժամանակ օգնում և կառավարում հավատացյալների կյանքը: Քրիստոսի նպատակն է լուսավորել յուրաքանչյուր մարդու կյանքը, հավիտենական կյանքի պարգև առաջարկել մահկանացուներին, քանի որ Նրա միջոցով է կյանքը, և կենդանություն պարգևել Իրեն հավատացած մահացածներին իր Երկրորդ Գալստյան ժամանակ:
Քրիստոսի հարությունն ապացույցն է այն հարության, որ սպասվում է Իրեն հավատացողներին: Կա՞ արդյոք ավելի մեծ բան, քան՝ որ Քրիստոսն է առաջարկում՝ հավիտենական կյանք: Նրա փրկությունն ու օրհնությունները բոլորի համար են: Յուրաքանչյուր երեխա արտոնված է Նրա ներկայացուցիչը լինել՝ Մարկ.9:35, Աստծո Արքայություն մտնել առանց պայմանի՝ Մարկ.10:14 և օրհնություն գտնել Նրանից՝ Մարկ.10:14: Յուրաքանչյուր մահվան մոտեցող, կարող է հավիտենական կյանք ստանալ՝ Նրան խնդելով՝ Ղուկ.23:42-43: Յուրաքանչյուր սոված կարող է կերակուր ստանալ, իսկ մերկը՝ հագուստ ՝ Մաթ.6:31-34: Փորձանքի մեջ ընկած մարդը կարող է Նրանից օգնություն գտնել:
Աղքատը՝ թագավորություն, սգավորը՝ մխիթարություն, հալածվածն ու նախատվածը՝ երանություն, սուտ մեղադրվածն ու բամբասվածը՝ մեծ վարձք երկնքում: Այս բոլոր օրհնություններն Աստծո պարգևն է մարդկությանը, շնորհիվ Քրիստոսի խաչի: Նրանք, ովքեր ընդունում են Քրիստոսի մահը և ներում գտնում Նրանով, ազատվում են իրենց անեծքից (որը նաև իրեն դրսևորում է մարդկային դառնությունների և դժբախտությունների ձևով) և վայելում են Աստծո օրհնությունները (նաև պատասխաններն ու լուծումներն այդ դառնությունների) համարվում են քրիստոնյաներ, իսկ նոր կյանքն Աստծո օրհնություններով, կոչվում է քրիստոնեություն:
Ինչպես տեսնում ենք, քրիստոնեությունն ավելին է, քան կրոնը, այն մի իրականություն է, որտեղ անհատն ապրում է Աստծո հովանավորության տակ, Նրա հետ հաղորդակցության մեջ ներկայում, և գալիք հավիտենական կյանքի ակնկալիքով: Այն օգնում է անհատին չվախենալ մահից, գնահատել կյանքը և կյանքի գեղեցկությունները, լիարժեք ուրախանալ, ի սրտե սիրել, անկեղծ կարեկցել, անշահախնդիր օգնել , ընկերություն անել, և հոգում խաղաղություն գտնել: Քրիստոնեությունը կյանք է՝ հիմնված որոշակի պատմական իրադարձությունների վրա, պատմական աղբյուրներով վկայված, մտավոր և տրամաբանության մտորումների սահմաններում: Քրիստոնյա չեն ծնվում, այլ դառնում են: Նոր կյանքի որոշումը և տրամանբանությունից ինքնանվիրումը, հանդիսանում է մուտք քրիստոնեություն:
Քրիստոսի գալուստն այս աշխարհ իր հետ բերեց նաև բաժանում: Ոմանք, ընդունելով Նրան և նրա օրհնությունները, դարձան քրիստոնյաներ, մյուսները, մերժելով կամ անհոգ լինելով, մնացին անհավատության մեջ: Պատմությունը սովորեցնում է, որ մարդը, հանդիպելով Քրիստոսին, երբ դրական չի արձագանքում, անհավատությունն ու անտարբերությունը ժամանակի ընթացքում սովորաբար վերածվում են թշնամության: Ամբոխը, որ Քրիստոսի ծառայության սկզբում չեզոք էր, վերջում աղաղակում էր «խաչիր դրան»: Վաղ քրիստոնյաների սիրելի հարևաններն ու հայրենակիցները , որոնք անտարբեր էին մնացել ավետարանի կոչին, որոշ ժամանակ անց, դարձան նրանց առաջին թշնամիներն ու հալածողները:
Մենք ապրում ենք 21-րդ դարում, և պատմությունը կրկնվում է: Քրիստոնեական երկրներում աստիճանաբար քրիստոնեությունը վտարվում է զանազան կերպերով և պատճառներով, փոխարենը մեծանում է թշնամությունը քրիստոնյաների հանդեպ: Նոր սերունդները նման կեցվածքով նմանվում և միանում են քրիստոնեության թշնամիներին, որոնցից են նաև իսլամական ծայրահեղականները: Դադարում են եկեղեցի հաճախել, իսկ հաճախելուց սովորաբար տոն օրերին, ըստ ավանդության: Տարբեր որակավորումներով և պատճառաբանություններով քրիստոնեությունը մերժվում է հասարակության կյանքից, երբեմն այնպիսի «կարկառուն» կարգախոսերով, ինչպիսիք են՝ հումանաիզմ, ազատություն, ազատամտություն, ժամանակից, գիտակից, կրթված, որոնք էլ անհատին և հասարակությանը դարձնում են ավելի անմարդասեր, կապված, ստրկամիտ, հետամնաց, անգիտակից և տգետ: Մերժելով քրիստոնեությունը՝ հասարակության կյանքից հանում ենք «դրացուն սիրելու» յուրաքանչյուրի պատասխանատվությունը, որը հումանիզմից տանում է էգոիզմի:
Ազատվելով քրիստոնեությունից՝ դառնում ենք ստրուկ զանազան մեղքերին և չար կապվածություններին, որոնցից քրիստոնեությունը փորձում էր պաշտպանել, դառնում ենք ստրուկ՝ հասարակության և շրջապատի առաջարկած գաղափարներին: Ժամանակակից ազատությունը մեզ տանում է մինչքրիստոնեական հեթանոսության: Մեզ համարում ենք գիտակից և կիրթ, բայց չենք կարողանում տեսնել արարչության մեջ մեծ Արարչի ձեռքը, համարելով մեր գոյությունը պատահականության արդյունք: Աստծուն թաղելով՝ քրիստոնեությունը մնում է անաստված և որբ: Գրավիչ կարգախոսներով տարված՝ մարդկությունն իրեն տանում է կործանման: Մեղքը պրոգրեսիվ է: Այն քաղցկեղի պես տարածվում է: Այսօրվա անտարբերությունը քրիստոնեության հանդեպ կբերի վաղվա բացահայտ թշնամություն: Այդ պատճառով յուրաքանչյուր մարդ պետք է իր ուրույն որոշումն ընդունի՝ դառնալ քրիստոնյա, թե՝ ոչ:
Մենք՝ հայերս, ունենք մեր հայրերից ստացած քրիստոնեության գերազանց ավանդույթ, բայց դա պարզապես ավանդույթ չէ, այլ նոր կյանք՝ նոր որակներով և օրհնություններով: Ունե՞նք մենք այդ կյանքը, եթե քրիստոնյա ենք, ինչպիսի՞ն է մեր իրականությունը: Գուցե՞ կարոտ ունենք նման կյանքի: Եթե կարոտ ենք, քրիստոնեության դուռը բաց է բոլորի համար, բայց միայն մեր որոշումն է, որ մեզ թույլ կտա մտնել բուն քրիստոնեություն: